Պողոսը հանգանակություն է կազմակերպում սրբերի համար
Ճշմարիտ քրիստոնյաները մեծ կարևորություն են տալիս հոգևոր հետաքրքրություններին։ Այնուհանդերձ, ուրիշների ֆիզիկական բարօրության մասին հոգալը նույնպես կարևոր է նրանց համար։ Քրիստոնյաները հաճախ են օգնել դժվարության մեջ գտնվողներին։ Եղբայրական սիրո զգացումը դրդում է նրանց օգնել կարիքավոր հավատակիցներին (Յովհաննէս 13։34, 35)։
Սերը հոգևոր եղբայրների ու քույրերի հանդեպ մղեց Պողոս առաքյալին հանգանակություն կազմակերպել Աքայիայի, Գաղատիայի, Մակեդոնիայի և Ասիայի ժողովներում։ Ինչո՞ւ էր դա անհրաժեշտ։ Ինչպե՞ս կազմակերպվեց այդ գործը։ Ի՞նչ արձագանք գտավ այն։ Եվ ինչո՞ւ մեզ պետք է հետաքրքրի, թե ինչ տեղի ունեցավ այն ժամանակ։
Իրավիճակը Երուսաղեմի ժողովում
Մ.թ. 33–ի Պենտեկոստեից հետո տարբեր վայրերից եկած այն հրեաներն ու պրոզելիտները, որոնք աշակերտներ դարձան Պենտեկոստեին, որոշ ժամանակ մնացին Երուսաղեմում, որպեսզի ավելի շատ իմանային ճշմարիտ հավատի մասին։ Անհրաժեշտության դեպքում հավատակիցները ուրախությամբ օգնում էին նրանց՝ թեթևացնելով մնալու հետ կապված հոգսերը (Գործք 2։7–11, 41–44; 4։32–37)։ Քաղաքացիական անկարգությունների պատճառով, հավանաբար, նույնպես օգնություն ցույց տալու կարիք առաջացավ, քանի որ հրեա ազգայնականները ապստամբության և բռնության կոչեր էին անում։ Կարիքավոր այրիներին ամենօրյա նպաստներ էին տրամադրվում, այնպես որ Քրիստոսի հետևորդներից ոչ մեկը քաղցած չէր մնում (Գործք 6։1–6)։ Հերովդեսը մեծ հալածանք էր բերում ժողովի վրա, իսկ մ.թ. 40–ականների կեսերը ծանր սովի տարիներ էին Հուդայի համար։ Հիսուսի հետևորդներն այս ամենից անմասն չմնացին, և, ինչպես Պողոսն է ասում, նրանց բաժին ընկան «չարչարանքներ», «նեղութիւններ» և «ունեցուածքի յափշտակում» (Եբրայեցիս 10։32–34; Գործք 11։27–12։1)։
Մոտավորապես 49 թ.–ին իրավիճակը դեռևս լուրջ էր։ Ուստի, երբ արդեն որոշվել էր, որ Պողոսը պետք է քարոզեր մյուս ազգերին, Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը կոչ արեցին նրան ‘հիշել աղքատներին’։ Հենց այս էր, որ Պողոսը ջանում էր իրագործել (Գաղատացիս 2։7–10)։
Ինչպես կազմակերպվեց հանգանակությունը
Պողոսն էր, որ կազմակերպեց Հուդայում ապրող աղքատ քրիստոնյաներին տրվող օգնությունը։ Մոտավորապես 55 թ.–ին նա գրեց կորնթացիներին. «Ինչ վերաբերում է սրբերին տրուող նպաստին, դուք եւս այնպէս արէք, ինչպէս պատուիրեցի Գաղատիայի եկեղեցիներին։ Շաբաթուայ իւրաքանչիւր առաջին օրը, ձեզանից իւրաքանչիւր ոք իր համար թող հաւաքի, ինչքան որ յաջողուի իրեն.... [Այնուհետև] ում որ արդէն յարմար էք համարել, գրութիւններով դրանց կ’ուղարկեմ՝ ձեր ընծաները տանելու Երուսաղէմ» (Ա Կորնթացիս 16։1–3)։ Մեկ տարի անց Պողոսը գրեց, որ Մակեդոնիան և Աքայիան մասնակցել էին այդ օգնությանը։ Եվ երբ հավաքված գումարն ուղարկվեց Երուսաղեմ, Ասիայից եկած պատվիրակների ներկայությունը, հավանաբար, վկայում էր այն մասին, որ այդ տարածաշրջանի ժողովները նույնպես ներդրում էին ունեցել այդ գործում (Գործք 20։4; Բ Կորնթացիս 8։1–4; 9։1, 2)։
Ոչ մեկին կոչ չէր արվում հնարավորից ավելին տալ։ Ընդհակառակը, դա հավասարության հնարավորություն էր տալիս, այնպես որ նրանց առատությունը կլցներ Երուսաղեմի և Հուդայի սրբերի պակասությունը (Բ Կորնթացիս 8։13–15)։ «Իւրաքանչիւրը թող տայ, ինչպէս յօժար է սրտով եւ ոչ թէ հարկադրաբար եւ տրտմութեամբ. որովհետեւ Աստուած սիրում է զուարթառատ տուրքը» (Բ Կորնթացիս 9։7)։
Առաքյալը հիմնավոր պատճառներ ուներ կորնթացիներին կոչ անելու առատաձեռն լինել։ Հիսուսն ‘աղքատացավ նրանց համար, որպեսզի նրանք հարստանային’ հոգևորապես (Բ Կորնթացիս 8։9)։ Վստահաբար, նրանք ցանկանում էին տալու մեջ ընդօրինակել Հիսուսին։ Ավելին, քանի որ Աստված հարստացրեց նրանց, ‘որպեսզի միշտ առատաձեռն լինեին’ (ՆԿ–ի ՆԱԹ), ապա տեղին էր, որ նրանք օգնություն ցույց տային սրբերին (Բ Կորնթացիս 9։10–12)։
Մասնակիցների վերաբերմունքը
Մենք կարող ենք շատ բան սովորել կամավորապես տալու մասին, եթե նկատի առնենք, թե ինչպիսի վերաբերմունք էին դրսևորում առաջին դարում սրբերի համար կազմակերպված օգնության ծրագրի մասնակիցները։ Այդ ծրագիրը չէր սահմանափակվում միայն Եհովայի կարիքավոր երկրպագուներին օգնություն տրամադրելով։ Ավելին, դա նշանակում էր, որ եղբայրական կապ գոյություն ուներ հրեա և ոչ հրեա քրիստոնյաների միջև։ Օգնություն ուղարկելն ու ստանալը խոսում էր նրանց միջև գոյություն ունեցող միասնության և բարեկամության մասին։ Նրանք օգնության ձեռք մեկնեցին ոչ միայն նյութապես, այլ նաև՝ հոգևորապես (Հռովմայեցիս 15։26, 27)։
Սկզբում Պողոսը գուցե չէր դիմել մակեդոնացի քրիստոնյաներին՝ օժանդակություն ցույց տալու համար, քանի որ նրանք առանց այդ էլ «ծանր աղքատութեան» մեջ էին։ Սակայն նրանք «աղաչում էին», որ իրենց տալու հնարավորություն ընձեռվի։ Եվ նրանք, հակառակ «կրած նեղութեանն ու մեծ փորձութեանը», ուրախությամբ տվեցին «իրենց կարողութիւնից էլ աւելի» (Բ Կորնթացիս 8։1–4)։ Նրանց մեծ փորձությունը, հավանաբար, այն էր, որ մեղադրվում էին հռոմեացիների համար ապօրինի հանդիսացող կրոն դավանելու մեջ։ Ուստի, հասկանալի է, որ նրանք կկարեկցեին Հրեաստանի իրենց եղբայրներին, որոնք նույնանման դժվարություններ էին կրում (Գործք 16։20, 21; 17։5–9; Ա Թեսաղոնիկեցիս 2։14)։
Չնայած Պողոսը մակեդոնացիներին խրախուսելու համար հիշատակել էր հանգանակության մեջ կորնթացիների ունեցած սկզբնական նախանձախնդրության մասին, վերջիններիս խանդավառությունը թուլացել էր։ Իսկ հիմա առաքյալը նշում է մակեդոնացիների առատաձեռնության մասին՝ կորնթացիների խանդավառությունը բորբոքելու համար։ Նա անհրաժեշտ համարեց հիշեցնել նրանց, որ ժամանակն է ավարտել մեկ տարի առաջ սկսածը։ Ի՞նչ էր պատահել (Բ Կորնթացիս 8։10, 11; 9։1–5)։
Տիտոսն էր, որ նախաձեռնեց հանգանակությունը Կորնթոսում, սակայն, ըստ երևույթին, որոշ խնդիրների պատճառով նրա ջանքերն ապարդյուն անցան։ Մակեդոնիայում Պողոսի հետ խորհրդակցելուց հետո Տիտոսը երկու եղբայրների հետ վերադարձավ Կորնթոս՝ քաջալերելու ժողովին ավարտել հանգանակությունը։ Ոմանք գուցե ակնարկներ էին անում, իբր թե Պողոսը փորձել է շահագործել կորնթացիներին։ Հավանաբար դա նկատի ունենալով՝ նա երեք հոգու ուղարկեց՝ գործն ավարտելու և յուրաքանչյուրի համար հանձնարարականներ տվեց։ «Այս բանում զգուշանում էլ էինք, որ չլինի, թէ մէկը արատաւորի այն ծառայութիւնը, որ մատուցւում է մեր կողմից,— ասաց Պողոսը։— Քանզի բարին ենք մտածում գործել ոչ միայն Տիրոջ առաջ, այլեւ մարդկանց առաջ» (Բ Կորնթացիս 8։6, 18–23; 12։18)։
Նվիրատվությունն ուղարկվում է
Մ.թ. 56–ի գարնանը նվիրաբերված գումարը պատրաստ էր Երուսաղեմ ուղարկվելու։ Պողոսը մեկնելու էր նվիրատուների կողմից ընտրված պատվիրակության հետ միասին։ Գործք 20։4–ում կարդում ենք. «Նրա հետ էին գնում Պիւռոսի որդի Սոսիպատրոս Բերիացին, թեսաղոնիկեցիներից՝ Արիստարքոսը եւ Սեկունդոսը, Գայիոս Դերբացին ու Տիմոթէոսը եւ ասիացիներ Տիւքիկոսն ու Տրոփիմոսը»։ Ակներևաբար, նրանց մեջ էր նաև Ղուկասը, որը, ըստ երևույթին, ներկայացնում էր Փիլիպպեի քրիստոնյաներին։ Այսպիսով՝ ամենաքիչը ինը մարդ կար այդ պատվիրակության կազմում։
«Հավաքված դրամի ընդհանուր գումարը պետք է որ բավական մեծ թիվ կազմեր,— ասում է գիտնական Դիտեր Գեորգին,— քանի որ հակառակ դեպքում Պողոսի և պատվիրակների գործադրած ջանքերը չէին արժենա այդ բոլոր դժվարություններին և կատարված ծախսերին»։ Նրանք խմբով էին գնում ոչ միայն ապահովության, այլև Պողոսին անազնվության մեջ որևէ մեղադրանքից պաշտպանելու համար։ Այդ եղբայրները ոչ հրեաներից կազմված ժողովները ներկայացնելու էին Երուսաղեմում գտնվող սրբերին։
Պատվիրակությունը, նավարկելով Կորնթոսից դեպի Սիրիա, Երուսաղեմ էր ժամանելու Պասեքին։ Սակայն նրանք, իմանալով Պողոսի դեմ կազմակերպվող դավադրության մասին, փոխեցին իրենց պլանները (Գործք 20։3)։ Հավանաբար, նրա թշնամիները մտադիր էին ծովում սպանել նրան։
Պողոսն ուրիշ հոգսեր էլ ուներ։ Նախքան մեկնելը, նա գրեց Հռոմի քրիստոնյաներին, որպեսզի աղոթք անեն իր համար, որ ‘ինքն ազատվի հավատի դեմ ապստամբներից, և Երուսաղեմի իր ծառայությունն ընդունելի լինի սրբերին’ (Հռովմայեցիս 15։30, 31)։ Թեև սրբերն, անկասկած, մեծ երախտագիտությամբ էին ընդունելու այդ նվիրատվությունը, այնուամենայնիվ, Պողոսին, ըստ երևույթին, մտահոգում էր այն, որ իր ժամանումը կարող էր ժողովրդի մեջ անախորժություններ առաջացնել։
Անշուշտ, առաքյալը հիշում էր աղքատներին։ Թեպետ Գրությունները չեն հաղորդում, թե այդ նվիրատվությունը երբ հանձնվեց եղբայրներին, սակայն այն, որ դա առաքվեց, խոսում է միասնության մասին։ Դա նաև խոսում է այն մասին, որ ոչ հրեա քրիստոնյաներին հնարավորություն տրվեց ցույց տալու հրեա հավատակիցներին իրենց երախտագիտությունը՝ նրանցից ստացված հոգևոր հարստության համար։ Երուսաղեմ գալուց կարճ ժամանակ անց Պողոսի հայտնվելը տաճարում հասարակական կարգի խանգարման պատճառ դարձավ և, արդյունքում, նա բանտարկվեց։ Սակայն դա, վերջիվերջո, հնարավորություն տվեց նրան քարոզել կառավարիչներին ու թագավորներին (Գործք 9։15; 21։17–36; 23։11; 24։1–26։32)։
Մեր նվիրատվություններն այսօր
Առաջին դարից այս կողմ շատ բան է փոխվել, բայց ոչ՝ հիմնական սկզբունքները։ Քրիստոնյաներին հարկ եղած ձևով տեղյակ է պահվում ֆինանսական կարիքների մասին։ Կարիքավորների օգտին կատարված ցանկացած նվիրատվություն պետք է կամավոր լինի՝ հիմնված Աստծո և մարդկանց հանդեպ սիրո վրա (Մարկոս 12։28–31)։
Այն, թե ինչպես կազմակերպվեց առաջին դարում սրբերին օգնություն ցույց տալու գործը, խոսում է այն մասին, որ այդպիսի գործը պետք է լավ կազմակերպված լինի, իսկ դրանով զբաղվողները՝ անբասիր մարդիկ լինեն։ Անտարակույս, Եհովա Աստծուն հայտնի է, թե ով ինչի կարիք ունի, և նա միջոցներ է ձեռնարկում, որպեսզի իր ծառաները կարողանան շարունակել Թագավորության բարի լուրի քարոզչության գործը՝ չնայած դժվարություններին (Մատթէոս 6։25–34)։ Այնուհանդերձ, բոլորս էլ կարող ենք մեր բաժինը բերել՝ անկախ տնտեսական վիճակից։ Ինչպես գրված է Բ Կորնթացիս 8։15–ում, ‘ով շատ հավաքեց, ոչինչ ավելի չի ունենա, իսկ ով՝ քիչ, նրանը չի պակասի’։