Կրոնը կարո՞ղ է բերել աշխարհին խաղաղություն
Սկսած 2000 թ. օգոստոսի 28–ից մինչև 31–ը ներառյալ, աշխարհի 73 երկրներից դեպի Նյու Յորք էին ուղևորվում ավելի քան 500 պատվիրակներ։ Միմյանց հետ նրանք հանդիպեցին Միավորված ազգերի կազմակերպության շենքում՝ մասնակցելու «Կրոնական ու հոգևոր առաջնորդների խաղաղության հազարամյակին նվիրված համաշխարհային վեհաժողովին»։ Առաջնորդները՝ շատերը գլխի հատուկ փաթթոցներով, ծիրանի հագած, փետրազարդ գլխակապերով կամ երկար, սև հանդերձանքով, ներկայացնում էին բազմաթիվ հավատալիքներ։ Նրանց թվում կային բահայականներ, բուդդայականներ, դաոսականներ, զրադաշտականներ, իսլամականներ, հնդուականներ, հուդայականներ, ջայնականներ, սինտոյականներ, սիկհականներ և քրիստոնեական կրոնների ներկայացուցիչներ։
Պատվիրակներն իրենց քառօրյա կոնֆերանսի առաջին երկու օրվա հանդիպումներն անցկացրին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի շենքում։ Սակայն, պետք է ասել, որ այն կազմակերպված էր ոչ թե ՄԱԿ–ի նախաձեռնությամբ կամ հովանավորությամբ, այլ՝ ուրիշ կազմակերպությունների։ Այնուամենայնիվ, ՄԱԿ–ը և կրոնական առաջնորդները միասին խոսեցին այն մասին, թե որքան կարևոր է համատեղ ջանքեր ներդնել, որպեսզի վերջ տրվի աղքատությանը, ռասայական խտրականությանը, շրջակա միջավայրի աղտոտմանը, պատերազմներին ու մասսայական ոչնչացման միջոցներին։
Պատվիրակները ստորագրեցին «Համընդհանուր խաղաղության պարտավորագիր» անվանումը կրող մի փաստաթուղթ։ Միաժամանակ խոստովանելով, որ բռնությունն ու պատերազմը «երբեմն հրահրվում են կրոնի անունից»՝ փաստաթղթում հայտարարվում էր, որ իրենց ստորագրությամբ հանդես եկած անձինք պատրաստ են «ՄԱԿ–ի հետ համագործակցել... խաղաղություն հաստատելու ճանապարհին»։ Թեև՝ բացակայում էին դրան կից օժանդակ պարզաբանումներն այն մասին, թե ինչպես են նրանք մտադիր իրագործել դա։
Հաջորդ օրը գագաթնաժողովի գլխավոր քարտուղար Բավա Ջայնը իր բացման խոսքը եզրափակեց տարիներ առաջ ՄԱԿ–ի շենքի վրա պատկերված մի նկարի մասին իր վերլուծական նկարագրությամբ։ Նկարում պատկերված էր մի մարդ, որն իր հասակով գերազանցում էր Միավորված Ազգերի քարտուղարության շենքը։ Իր կեցվածքով նա հիշեցնում էր դուռը թակող անձնավորություն։ Նկարի ներքևում գրված էր՝ «Խաղաղության իշխան»։ Պրն. Ջայնն ասաց. «Առաջին իսկ պահից [նկարը] շատ խոր տպավորություն գործեց ինձ վրա։ Ես զանազան մարդկանց հարցուփորձ էի անում, թե որն է [նրա] նշանակությունը։ Այսօր ահա, ես կարծում եմ, որ գտել եմ դրա պատասխանը. Ձեր՝ համայն աշխարհի հոգևոր ու կրոնական առաջնորդներիդ հավաքվելն այստեղ, իմ մեջ այնպիսի զգացում է առաջացնում, կարծես թե խաղաղության իշխանն է թակում Միավորված Ազգերի դուռը»։
Սակայն այլ բան է ասում այդ մասին Աստվածաշունչը, որը Խաղաղության իշխան է կոչում Հիսուս Քրիստոսին։ Նա համատարած խաղաղություն է բերելու ոչ թե այս աշխարհի քաղաքական ու կրոնական առաջնորդների ջանքերով, այլ՝ Աստծո Թագավորության միջոցով։ Այդ Թագավորությունը Աստծո երկնային կառավարությունն է, որը հաջողությամբ կհամախմբի հնազանդ մարդկությանը և երկրի վրա կիրագործի Աստծո կամքը (Եսայիա 9։6; Մատթէոս 6։9, 10)։