Քրիստոնյաները մեկը մյուսի կարիքն ունեն
«[Մենք] իրար անդամ ենք» (ԵՓԵՍԱՑԻՍ 4։25)։
1. Մարդկային մարմնի վերաբերյալ ի՞նչ է ասվում մի հանրագիտարանում։
ՄԱՐԴԿԱՅԻՆ մարմինը արարչագործության հրաշքներից է։ «Ուորլդ բուք» հանրագիտարանում գրված է. «Մարդիկ երբեմն ասում են, որ մարդկային մարմինը երբևէ ստեղծված մեքենաներից ամենահիասքանչն է։ Իհարկե, մարդու մարմինը մեքենա չէ։ Բայց այն կարելի է համեմատել մեքենայի հետ՝ ելնելով շատ պատճառներից։ Ինչպես մեքենան է կազմված բազմաթիվ մասերից, այնպես էլ մարմինը կազմված է ամենատարբեր անդամներից։ Ինչպես մեքենայի յուրաքանչյուր մաս, մարմնի ամեն մի անդամ առանձին ֆունկցիաներ է կատարում։ Սակայն թե՛ մեքենայի մասերը և թե՛ մարմնի անդամները՝ բոլորն էլ գործում են միասին ու իրար ներդաշնակ»։
2. Ինչո՞վ են իրար նման մարդկային մարմինը և քրիստոնեական ժողովը։
2 Այո՛, մարդկային մարմինը տարբեր անդամներ ունի, և դրանցից յուրաքանչյուրը անհրաժեշտ ֆունկցիաներ է կատարում։ Չկա մի երակ, մկան կամ այլ օրգան, որն ավելորդ լինի։ Նմանապես, քրիստոնեական ժողովի յուրաքանչյուր անդամ կարող է մի ինչ–որ օգտակար բան անել ժողովի հոգևոր բարօրության ու գեղեցկության համար (Ա Կորնթացիս 12։14–26)։ Թեև ժողովի անդամներից ոչ մեկը չպետք է իրեն բարձր դասի մյուսներից, այնուամենայնիվ նա նաև չպետք է այնպիսի զգացում ունենա, թե ոչ մեկին պետք չէ (Հռովմայեցիս 12։3)։
3. Ինչպե՞ս է Եփեսացիս 4։25–ը ցույց տալիս, որ քրիստոնյաները մեկը մյուսի կարիքն ունեն։
3 Ինչպես որ մարմնի անդամները կախում ունեն միմյանցից, այնպես էլ քրիստոնյաները մեկը մյուսի կարիքն ունեն։ Պողոս առաքյալը գրեց սուրբ ոգով օծված իր հավատակիցներին. «Դէն գցելով ստութիւնը՝ խօսեցէք ճշմարտութիւնն ամեն մարդ իր ընկերի հետ, վասնզի իրար անդամ ենք» (Եփեսացիս 4։25)։ Հոգևոր Իսրայելի՝ «Քրիստոսի մարմնի», անդամները «իրար անդամ են», ուստի նրանց միջև ազատ հաղորդակցություն և լիակատար համագործակցություն գոյություն ունի։ Այո՛, նրանցից յուրաքանչյուրը պատկանում է մյուսներին (Եփեսացիս 4։11–13)։ Նրանց հետ միասնության մեջ են նաև երկրային կյանքի հույս ունեցող այն քրիստոնյաները, որոնք ուրախությամբ և հավատարիմ կերպով համագործակցում են նրանց հետ։
4. Ինչպե՞ս կարելի է օգնել նորերին։
4 Ամեն տարի մկրտվում են հազարավոր մարդիկ, որոնք երկրային դրախտում ապրելու հույս են փայփայում։ Ժողովի մյուս անդամները հաճույքով օգնում են նրանց՝ ‘գալու չափահասներին հատուկ գիտելիքներին’ (ԱՆԹ) (Եբրայեցիս 6։1–3)։ Այդ օգնության մեջ մտնում է նաև Աստվածաշնչի վերաբերյալ հարցերին պատասխանելը կամ էլ քարոզչական ծառայության մեջ ինչ–որ ձևով օգնելը։ Մենք կարող ենք նորերին օգնել՝ լավ օրինակ թողնելով քրիստոնեական հանդիպումներին կանոնավոր մասնակցություն ունենալու մեջ։ Իսկ երբ մեր հավատակիցը առանձնահատուկ դժվարություններ է դիմագրավում, կարող ենք մխիթարել ու քաջալերել նրան (Ա Թեսաղոնիկեցիս 5։14, 15)։ Պետք է միջոցներ փնտրենք՝ օգնելու մեր եղբայրներին ու քույրերին, որ ‘ճշմարտության մեջ գնան’ (Գ Յովհաննէս 4)։ Անկախ այն բանից, երիտասարդ ենք թե տարեց, վերջերս ենք սկսել գնալ ճշմարտության մեջ թե տարիներ առաջ՝ մենք կարող ենք քայլեր ձեռնարկել, որ մեր հավատակիցները հոգևորապես է՛լ ավելի բարգավաճեն. այո՛, նրանք իսկապես մեր կարիքն ունեն։
Նրանք օգնություն ցույց տվեցին
5. Ինչպե՞ս Ակյուղասն ու Պրիսկիղան օգնեցին Պողոսին։
5 Քրիստոնյա ամուսինները մեծ բավականություն են ստանում՝ օգնելով իրենց հավատակիցներին։ Օրինակ՝ Ակյուղասն ու իր կին Պրիսկիղան օգնություն ցույց տվեցին Պողոսին։ Նրանք վերջինիս ընդունեցին իրենց տուն, հնարավորություն տվեցին, որ իրենց հետ աշխատի որպես վրանագործ, ինչպես նաև օգնեցին, որ Կորնթոսում ժողով հիմնի (Գործք 18։1–4)։ Ինչ–որ անհայտ առիթով նրանք նույնիսկ իրենց կյանքը վտանգեցին հանուն Պողոսի։ Ակյուղասն ու Պրիսկիղան Հռոմում էին ապրում, երբ Պողոսը նամակ գրեց այս քաղաքի քրիստոնյաներին։ Այդ նամակում նա ասում էր. «Բարեւ տուէք Պրիսկիղային եւ Ակիւղասին՝ իմ գործընկերներին Քրիստոս Յիսուսումը. որ իմ անձի տեղ իրանց վիզն առաջարկեցին, որոնցից ոչ միայն ես եմ շնորհակալ՝ այլ եւ հեթանոսների բոլոր եկեղեցիները» (Հռովմայեցիս 16։3, 4)։ Ժամանակակից քրիստոնյաներից շատերը Ակյուղասի ու Պրիսկիղայի պես մասնակցություն են ունենում ժողովների հիմնադրման գործին և իրենց հավատակիցներին օգնում են տարբեր ձևերով՝ երբեմն նույնիսկ վտանգի ենթարկելով իրենց կյանքը, որպեսզի իրենց եղբայրներն ու քույրերը ազատվեն դաժան հետապնդումից և մահից։
6. Ինչպիսի՞ օգնություն ստացավ Ապողոսը։
6 Ակյուղասն ու Պրիսկիղան օգնություն ցույց տվեցին նաև քրիստոնյա Ապողոսին, որն աչքի էր ընկնում պերճախոսությամբ։ Նա Եփեսոսի բնակիչներին սովորեցնում էր Հիսուս Քրիստոսի մասին։ Սակայն այդ ժամանակ Ապողոսը տեղյակ էր միայն Հովհաննեսի կատարած մկրտությանը. մարդիկ մկրտվում էին ի նշան զղջման Օրենքի ուխտի դեմ կատարած մեղքերի։ Նկատելով, որ Ապողոսը օգնության կարիք ունի՝ Ակյուղասն ու Պրիսկիղան «աւելի ստոյգ Աստուծոյ ճանապարհը բացատրեցին նորան»։ Ամենայն հավանականությամբ, նրանք ասացին, որ քրիստոնեական մկրտությունը տեղի է ունենում ջրի մեջ ամբողջությամբ ընկղմվելով և սուրբ ոգին ստանալով։ Ապողոսն ամեն ինչ լավ էր հասկացել։ Երբ նա ավելի ուշ գտնվում էր Աքայիայում, «հաւատացեալներին շատ օգնութիւն էր տալիս շնորհքի ձեռովը։ Որովհետեւ խիստ սաստիկ յանդիմանում էր Հրէաներին հրապարակաւ Գրքերիցը ցոյց տալով, թէ Քրիստոսը Յիսուսն է» (Գործք 18։24–28)։ Մեր հավատակիցների տված բացատրությունները հաճախ կարող են օգնել մեզ, որ ավելի խորացնենք մեր հասկացողությունը Աստծո Խոսքից։ Այո՛, այս առումով ևս մեկս մյուսի կարիքն ունենք։
Նյութական օգնություն
7. Ինչպե՞ս փիլիպպեցիները արձագանքեցին՝ իմանալով, որ իրենց հավատակիցները նյութական օգնության կարիք են զգում։
7 Փիլիպպեի ժողովի անդամները սրտանց սիրում էին Պողոսին և նրա համար նյութական օգնություն ուղարկեցին, երբ նա գտնվում էր Թեսաղոնիկեում (Փիլիպպեցիս 4։15, 16)։ Իսկ երբ Երուսաղեմում ապրող եղբայրները նյութական օգնության կարիք զգացին, փիլիպպեցիները դրսևորեցին իրենց պատրաստակամությունը՝ օգնելու նրանց՝ չնայած այն բանին, որ իրենց միջոցները շատ սուղ էին։ Պողոսն այնքան երախտապարտ էր փիլիպպեցի եղբայրներին ու քույրերին նման ոգի ցուցաբերելու համար, որ նրանց մասին հիշատակեց իր նամակում, որպեսզի մյուսները օրինակ վերցնեին նրանցից (Բ Կորնթացիս 8։1–6)։
8. Ինչպիսի՞ անձնավորություն էր Եպափրոդիտոսը։
8 Երբ Պողոսը բանտում էր, փիլիպպեցիները ոչ միայն նյութապես նրան օգնեցին, այլև նրա մոտ ուղարկեցին իրենց ներկայացուցչին՝ Եպափրոդիտոսին։ Պողոսը գրում է. «[Եպափրոդիտոսը] Քրիստոսի գործի համար մինչեւ մահի մօտեցաւ. իր անձը վտանգի մէջ գցելով, որ ձեր ինձ ծառայելու պակասութիւնը լրացնէ» (Փիլիպպեցիս 2։25–30; 4։18)։ Մենք չգիտենք՝ Եպափրոդիտոսը երեց էր, թե ծառայող օգնական։ Բայց նա մի անձնազոհ անձնավորություն էր, որը պատրաստ էր օգնել իր հավատակիցներին. Պողոսն իսկապես նրա կարիքը զգում էր։ Իսկ ձեր ժողովում կա՞ մեկը, որը նման է Եպափրոդիտոսին։
Նրանք զորավիգ եղան
9. Ինչպիսի՞ օրինակ է մեզ համար Արիստարքոսը։
9 Ակյուղասի, Պրիսկիղայի և Եպափրոդիտոսի պես եղբայրներն ու քույրերը մեծ գնահատանքի են արժանանում ցանկացած ժողովում։ Մեր հավատակիցներից ոմանք շատ բանով հիշեցնում են առաջին դարի քրիստոնյա Արիստարքոսին։ Նա և ուրիշներ «զորավիգ եղան» (ՆԱ) Պողոսին՝ հավանաբար մխիթարելով նրան կամ օգնելով մի քանի կարևոր հարցերում (Կողոսացիս 4։10, 11)։ Պողոսին աջակցություն ցույց տալով՝ Արիստարքոսը իրեն դրսևորեց որպես իսկական ընկեր՝ նեղության ժամին։ Նրա պես անձնավորությունների մասին Առակաց 17։17–ում ասվում է. «Ամեն ժամանակ սիրող է բարեկամը, եւ եղբայրը նեղ օրուան համար է ծնուած»։ Չպե՞տք է բոլորս ձգտենք զորավիգ լինել մեր եղբայրներին ու քույրերին։ Մենք առանձնապես պետք է օգնության ձեռք մեկնենք ծանր հանգամանքներում գտնվողներին։
10. Ի՞նչ օրինակ է թողել Պետրոսը քրիստոնյա երեցներին։
10 Հավատակիցներին պետք է զորավիգ լինեն հատկապես քրիստոնյա երեցները։ Քրիստոսը Պետրոս առաքյալին պատվիրեց. «Եղբայրներիդ հաստատիր» (Ղուկաս 22։32)։ Պետրոսը կարող էր դա անել, քանի որ ուժեղ, ժայռանման հատկություններ ուներ, որոնք Հիսուսի հարությունից հետո ավելի ցայտուն ձևով դրսևորվեցին։ Երեցնե՛ր, ամեն ինչ արեք, որպեսզի ձեր հավատակիցներին ‘հաստատեք’ պատրաստակամորեն ու քնքշությամբ, քանզի նրանք ձեր կարիքն ունեն (Գործք 20։28–30; Ա Պետրոս 5։2, 3)։
11. Խորհրդածելով Տիմոթեոսի տրամադրվածության մասին՝ ի՞նչ օգուտներ կարող ենք քաղել։
11 Պողոսի հետ շրջագայող Տիմոթեոսը երեց էր։ Տիմոթեոսը խորապես անհանգստանում էր իր հավատակիցների համար։ Չնայած իր առողջական պրոբլեմներին՝ նա անբեկանելի հավատ ցուցաբերեց և ‘Պողոսի հետ ծառայեց ավետարանին’։ Ուստի առաքյալը կարող էր փիլիպպեցիներին ասել. «Ոչ ոք չունեմ նրա նման սրտակից, որ հարազատի պէս հոգայ ձեր մասին» (Փիլիպպեցիս 2։20 ԷԹ, 22; Ա Տիմոթէոս 5։23; Բ Տիմոթէոս 1։5)։ Դրսևորելով այնպիսի ոգի, ինչպիսին որ Տիմոթեոսը՝ կարող ենք մեր հավատակիցներին աջակցություն ցույց տալ։ Ճիշտ է, մի կողմից՝ մենք ստիպված ենք պայքարել մեր թուլությունների ու տարբեր փորձությունների դեմ, բայց մյուս կողմից՝ կարող ենք և պետք է ամուր հավատ ունենանք ու սիրալիր հոգատարություն ցուցաբերենք մեր հոգևոր եղբայրների ու քույրերի հանդեպ։ Մենք պետք է միշտ հիշենք, որ նրանք մեր կարիքն ունեն։
Կանայք, որոնք հոգ տարան ուրիշների մասին
12. Ի՞նչ կարող ենք սովորել Այծեմնիկի օրինակից։
12 Ուրիշների մասին հոգ տանող աստվածապաշտ կանանցից էր Այծեմնիկը։ Երբ նա մահացավ, աշակերտները կանչեցին Պետրոսին ու նրան վերնատուն առաջնորդեցին։ «Որբեւայրիները նորա չորս կողմովը կանգնեցին, լաց էին լինում եւ ցոյց էին տալիս այն հագուստները եւ այն հանդերձները որ Այծեմնիկը շինում էր, քանի [դեռ] նորանց հետ էր»։ Այծեմնիկը կյանքի ետ բերվեց և, անկասկած, շարունակեց ‘լի մնալ բարի գործերով եւ ողորմություններով’։ Մերօրյա քրիստոնեական ժողովում Այծեմնիկի պես կանայք կան, որոնք գուցե հագուստներ են կարում կամ ուրիշ՝ սիրով լի գործեր անում կարիքավորների համար։ Իհարկե, նրանց կատարած բարի գործերը գլխավորապես կապված են Թագավորության շահերի առաջխաղացման ու աշակերտներ պատրաստելու գործի հետ (Գործք 9։36–42; Մատթէոս 6։33; 28։19, 20)։
13. Ինչպե՞ս Լիդիան ցույց տվեց, որ հետաքրքրվում է ուրիշների բարօրությամբ։
13 Լիդիա անունով մեկ ուրիշ աստվածավախ կին նույնպես հոգ էր տանում ուրիշների մասին։ Նա ծնվել էր Թիատիր քաղաքում, բայց մոտ 50 թ.–ին ապրում էր Փիլիպպեում, և այդ ժամանակ էր, որ Պողոսը քարոզում էր այս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ, Լիդիան պրոզելիտ էր, բայց իրենց քաղաքում երևի թե քիչ հրեաներ կային, իսկ ժողովարան ընդհանրապես չկար։ Նա և ուրիշ աստվածապաշտ կանայք Աստծուն երկրպագելու համար հավաքվել էին գետի մոտ, որտեղ էլ Պողոսը նրանց հետ խոսեց բարի լուրի մասին։ Աստվածաշունչն ասում է. «[Լիդիայի] սիրտը Տէրը բացաւ, որ Պողոսի խօսածներին մտիկ անէ։ Եւ երբոր նա եւ իր տունը մկրտուեցաւ, աղաչեց ասելով. Եթէ ինձ Տիրոջը հաւատացած համարէք, մտէք իմ տունը՝ մնացէք. եւ բռնադատեց [«ստիպելով», Արևմտ. Աստ.] տարաւ նորանց» (Գործք 16։12–15)։ Քանի որ Լիդիան ցանկանում էր ուրիշներին բարիք անել, նա կարողացավ համոզել Պողոսին ու նրա ընկերներին հյուրընկալվելու իր տանը։ Որքա՜ն հաճելի է, երբ մեր օրերում էլ քրիստոնյաները նման ջերմ հյուրասիրություն են ցուցաբերում (Հռովմայեցիս 12։13; Ա Պետրոս 4։9)։
Երեխանե՛ր, մենք նաև ձեր կարիքն ունենք
14. Ինչպե՞ս էր Հիսուսը վերաբերվում երեխաներին։
14 Քրիստոնեական ժողովը հիմնադրեց Աստծո Որդին՝ Հիսուս Քրիստոսը։ Նա բարի ու ջերմ սիրտ ուներ։ Մարդիկ նրա կողքին իրենց լավ էին զգում, քանի որ նա սեր և կարեկցանք էր ցուցաբերում։ Մի անգամ, երբ մի քանի հոգի ցանկանում էին իրենց երեխաներին Հիսուսի մոտ բերել, նրա աշակերտները փորձեցին նրանց արգելել։ Բայց Հիսուսն ասաց. «Թոյլ տուէք երեխաներին ինձ մօտ գան, եւ մի արգիլէք դորանց. որ այդպիսիներին է Աստուծոյ արքայութիւնը։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, Ով որ Աստուծոյ արքայութիւնը չ’ընդունի ինչպէս երեխայ, նա չի մտնիլ նորա մէջ» (Մարկոս 10։13–15)։ Որպեսզի վայելենք Թագավորության օրհնությունները, մենք պետք է լինենք երեխաների պես խոնարհ և սովորելու պատրաստ։ Երեխաներին առնելով իր գրկի մեջ և օրհնելով՝ Հիսուսը ցույց տվեց, որ սիրում է փոքրիկներին (Մարկոս 10։16)։ Իսկ ի՞նչ վերաբերմունքի են արժանանում երեխաները մերօրյա քրիստոնեական ժողովում։ Երեխանե՛ր, կարող եք վստահ լինել, որ ժողովի անդամները սիրում են ձեզ, և ձեր կարիքը զգում են։
15. Հիսուսի կյանքի վերաբերյալ ի՞նչ փաստեր են արձանագրված Ղուկաս 2։40–52-ում, և ի՞նչ օրինակ է նա թողել երեխաների համար։
15 Հիսուսը մանկության տարիներին Աստծո և Գրությունների հանդեպ սեր ուներ։ Երբ 12 տարեկան էր, ծնողների՝ Հովսեփի ու Մարիամի հետ իր հայրենի քաղաք Նազարեթից գնաց Երուսաղեմ՝ մասնակցելու Պասեքի տոնին։ Տունդարձի ճանապարհին նրա ծնողները հանկարծ հայտնաբերեցին, որ Հիսուսը ճամփորդակիցների խմբում չէր։ Նրան ի վերջո գտան տաճարի սրահներից մեկում, որտեղ նա ունկնդրում էր հրեական ուսուցիչներին ու հարցեր էր տալիս նրանց։ Հիսուսը, զարմանալով, որ իր ծնողները չգիտեին, թե որտեղ կարող էր ինքը լինել, հարցրեց. «Դուք չ’գիտէի՞ք թէ պէտք է, որ ես իմ Հօր տանը լինեմ»։ Նա Հովսեփի ու Մարիամի հետ վերադարձավ տուն, շարունակեց մնալ որպես հնազանդ որդի և «զարգանում էր իմաստութիւնով եւ հասակով» (Ղուկաս 2։40–52)։ Ի՜նչ հրաշալի օրինակ է թողել Հիսուսը մեր երեխաներին։ Անշուշտ, երեխաները պետք է հնազանդվեն իրենց ծնողներին ու հետաքրքրություն ցուցաբերեն հոգևոր բաների հանդեպ (Բ Օրինաց 5։16; Եփեսացիս 6։1–3)։
16. ա) Ի՞նչ բացականչեցին մի քանի երեխաներ, երբ Հիսուսը վկայություն էր տալիս տաճարում։ բ) Ի՞նչ առանձնաշնորհում ունեն պատանի քրիստոնյաներն այսօր։
16 Երեխաները կարող են Եհովայի մասին վկայություն տալ դպրոցում կամ էլ ծնողների հետ տնետուն ծառայություն կատարելիս (Եսայիա 43։10–12; Գործք 20։20, 21)։ Երբ Հիսուսի մահվանը քիչ ժամանակ էր մնացել, ու նա վկայություն էր տալիս և բժշկություններ էր անում տաճարում, այնտեղ գտնվող երեխաներից մի քանիսը բացականչեցին. «Ովսաննա Դաւիթի Որդուն»։ Բարկանալով նրանց բացականչությունների վրա՝ քահանայապետներն ու դպիրները բողոքեցին. «Լսո՞ւմ ես, դորանք ի՞նչ են ասում»։ «Այո, — պատասխանեց Հիսուսը։ — Դուք երբէք չէ՞ք կարդացել թէ Մանուկների եւ կաթնակերների բերանից օրհնություն [«գովեստ», ԱՆԹ] կատարեցիր» (Մատթէոս 21։15–17)։ Երեխանե՛ր, դուք մեծ առանձնաշնորհում ունեք, այս երեխաների պես, փառաբանելու Աստծուն և իր Որդուն։ Մենք ուզում ենք, որ դուք մեզ հետ միասին հռչակեք Թագավորությունը, և մենք ձեր կարիքը զգում ենք։
Դժվարությունների ժամանակ
17, 18. ա) Ինչո՞ւ Պողոսը հանգանակություն կազմակերպեց Հուդայի քրիստոնյաների համար։ բ) Այն, որ հրեա հավատակիցներին նյութական օգնություն ցույց տրվեց, ինչպիսի՞ ներգործություն թողեց և՛ հրեա, և՛ ոչ հրեա քրիստոնյաների վրա։
17 Անկախ այն բանից, թե ինչպիսին են մեր հանգամանքները՝ սերը մղում է մեզ օգնելու մեր՝ կարիքի մեջ գտնվող հավատակիցներին (Յովհաննէս 13։34, 35; Յակոբոս 2։14–17)։ Հուդայում ապրող հավատակիցների հանդեպ սերն էր, որ մղեց Պողոսին հանգանակություն կազմակերպել Աքայիայի, Գաղատիայի, Մակեդոնիայի և Ասիայի ժողովների շրջանում։ Երուսաղեմում անհանգիստ ժամանակներ էին աշակերտների համար՝ հալածանք, քաղաքացիական հուզումներ, սով. հավանաբար, դա էր պատճառը, որ Պողոսը խոսեց «չարչարանքների», «նեղութիւնների» և ‘նրանց ստացվածքների հափշտակության’ մասին (Եբրայեցիս 10։32–34; Գործք 11։27–12։1)։ Ուստի նա միջոցներ ձեռնարկեց Հուդայի աղքատ քրիստոնյաներին օգնելու համար (Ա Կորնթացիս 16։1–3; Բ Կորնթացիս 8։1–4, 13–15; 9։1, 2, 7)։
18 Հուդայի սրբերի համար արված կամավոր նվիրատվությունները վկայությունն էին այն բանի, որ Եհովայի հրեա ու ոչ հրեա երկրպագուները եղբայրական սիրով են միմյանց կապված։ Նյութական օգնություն տրամադրելով՝ ոչ հրեա քրիստոնյաները նաև ցույց տվեցին, որ գնահատում են հրեա եղբայրներից ստացած հոգևոր առատ բարիքները։ Հետևաբար բոլորն էլ օգուտներ ստացան՝ ոմանք՝ նյութական, ոմանք էլ՝ հոգևոր (Հռովմայեցիս 15։26, 27)։ Այսօր նույնպես կարիքավոր հավատակիցներին տրամադրվող նյութական օգնությունը արվում է կամավորապես և սիրո թելադրանքով (Մարկոս 12։28–31)։ Այս հարցում էլ մենք միմյանց կարիքն ունենք, այնպես որ տեղի է ունենում յուրատեսակ հավասարեցում, և «քիչ [ունեցողինը] չի պակասում» (Բ Կորնթացիս 8։15)։
19, 20. Օրինակով բացատրեք, թե ինչպես են Եհովայի ծառաները միմյանց օգնում, երբ աղետներ են պատահում։
19 Գիտակցելով, որ որպես հավատակիցներ, մեկմեկու կարիքն ունենք՝ մենք արագորեն արձագանքում ենք, երբ հարկավոր է լինում օգնություն ցույց տալ։ 2001 թ.–ի սկզբին Սալվադորում տեղի ունեցան երկրաշարժեր ու սողանքներ, որոնք մեծ ավերածություններ առաջ բերեցին։ Եղբայրներից ստացվեց հետևյալ հաղորդագրությունը. «Սալվադորի բոլոր ծայրերից մեր հավատակիցները օգնության ձեռք մեկնեցին։ Օգնության եկան եղբայրներ նաև Գվատեմալայից, ԱՄՆ–ից և Կանադայից.... Կարճ ժամանակահատվածում կառուցվեց ավելի քան 500 տուն և 3 գեղեցիկ Թագավորության սրահ։ Մեր անձնազոհ եղբայրները իրենց համերաշխ ու ժրաջան աշխատանքով մեծ վկայություն տվեցին»։
20 Իսկ Հարավային Աֆրիկայից ստացված հաղորդագրության մեջ ասվում է. «Մոզամբիկում տեղի ունեցած սարսափելի ջրհեղեղը, որ ամայացրեց երկրի բավական ընդարձակ շրջաններ, վնաս հասցրեց նաև մեր քրիստոնյա եղբայրներից շատերին։ Մոզամբիկի մասնաճյուղը քայլեր ձեռնարկեց նրանց հիմնական կարիքները հոգալու համար։ Բայց մասնաճյուղի եղբայրները մեզ խնդրեցին, որ լավ վիճակում գտնվող հագուստներ ուղարկենք կարիքավորներին։ Մենք հավաքեցինք բավականաչափ հագուստեղեն, տեղավորեցինք 12 մետրանոց կոնտեյներում և այն ուղարկեցինք մոզամբիկցի եղբայրներին»։ Այո՛, մենք միմյանց օգնում ենք նաև այսպես։
21. Ինչի՞ մասին է քննարկվելու հաջորդ հոդվածում։
21 Ինչպես հոդվածի սկզբում նշվեց, մարդկային մարմնի բոլոր անդամներն էլ կարևոր են։ Նույնը անշուշտ կարելի է ասել քրիստոնեական ժողովի մասին։ Նրա բոլոր անդամները միմյանց կարիքն ունեն։ Նրանք նաև կարիք ունեն միասնաբար ծառայելու։ Հաջորդ հոդվածում կքննարկվեն մի քանի գործոններ, որոնք դա հնարավոր են դարձնում։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Ի՞նչ նմանություն կա մարդկային մարմնի և քրիստոնեական ժողովի միջև։
• Ինչպե՞ս վաղ քրիստոնյաներն արձագանքեցին, երբ իրենց հավատակիցները օգնության կարիք էին զգում։
• Սուրբգրային ի՞նչ օրինակներ կան, որոնք վկայում են, որ քրիստոնյաները միմյանց կարիքն ունեն և օգնում են իրար։
[նկար 10–րդ էջի վրա]
Ակյուղասն ու Պրիսկիղան հոգ տարան ուրիշների մասին
[նկարներ 12–րդ էջի վրա]
Դժվարությունների ժամանակ Եհովայի ծառաները օգնում են միմյանց և ուրիշների