Եհովան ճշմարիտ արդարության և իրավունքի աղբյուրն է
«Աստուծոյ գործը կատարեալ է. Որովհետեւ նորա ամեն ճանապարհները իրաւունք են. Աստուած հաւատարիմ է եւ անիրաւութիւն չ’ունի» (Բ Օրինաց 32։4)։
1. Ինչո՞ւ ենք արդարության բնածին անհրաժեշտություն զգում։
ՃԻՇՏ ինչպես որ բոլորս էլ ի ծնե սիրո կարիք ենք զգում, այնպես էլ փափագում ենք, որ մեզ հետ արդարությամբ վարվեն։ Ամերիկացի քաղաքական գործիչ Թոմաս Ջեֆերսոնը գրել է, որ «[արդարությունը] բնազդային է և բնածին՝ որպես մեր կառուցվածքի մի մաս, ճիշտ ինչպես զգացողությունը, տեսողությունը կամ լսողությունը»։ Սա զարմանալի չէ, քանի որ Եհովան մեզ իր պատկերի պես է ստեղծել (Ծննդոց 1։26)։ Նա մեզ օժտել է այնպիսի հատկություններով, որոնք արտացոլում են նրա անձնավորությունը. այդ հատկություններից մեկն էլ արդարությունն է։ Ահա թե ինչու ենք արդարության բնածին անհրաժեշտություն զգում, և թե ինչու ենք ցանկանում ապրել ճշմարիտ արդարության ու իրավունքի աշխարհում։
2. Եհովան ինչպե՞ս է նկատում արդարությունը, և աստվածային արդարության իմաստն ըմբռնելու կարիքն ինչո՞ւ ունենք։
2 Եհովայի մասին Աստվածաշունչը հավաստիացնում է մեզ. «Անոր բոլոր ճամբաները արդար են» (Բ Օրինաց 32։4, Արևմտահայերեն թարգմանություն)։ Բայց անիրավությամբ լի այս աշխարհում հեշտ չէ աստվածային արդարության իմաստն ըմբռնելը։ Այնուամենայնիվ, Աստծո Խոսքի էջերում կարող ենք կարդալ, թե Աստված ինչպես է արդարություն գործադրում, և, դա իմանալով, ավելի կգնահատենք նրա հիանալի ճանապարհները (Հռովմայեցիս 11։33)։ Շատ կարևոր է իմանալ արդարության մասին Աստվածաշնչի տեսակետը, որովհետև մարդկային հասկացողությունները կարող են ազդել այդ առումով մեր ունեցած պատկերացման վրա։ Մարդկային տեսակետից արդարությունը կարող է պարզապես օրենքի սկզբունքի անաչառ գործադրում համարվել։ Կամ, ինչպես գրում է փիլիսոփա Ֆրենսիս Բեկոնը, «արդարությունը յուրաքանչյուրին ըստ արժանվույն հատուցելն է»։ Սակայն Եհովայի գործադրած արդարությունն ավելի խոր իմաստ է կրում։
Եհովայի արդարությունը ջերմացնում է սրտերը
3. Ի՞նչ կարելի է սովորել՝ Աստվածաշնչում բնագիր լեզուներով գործածված բառերը քննարկելով։
3 Աստծո արդարությունն ավելի լայն իմաստով հասկանալու համար մեզ կօգնի Աստվածաշնչի բնագիր լեզուներով այդ բառերի ճիշտ գործածության քննարկումը։a Հետաքրքրականն այն է, որ Սուրբ գրություններում արդարություն և իրավունք բառերի միջև էական տարբերություն գոյություն չունի։ Փաստորեն, եբրայերենում այդ բառերը երբեմն զուգահեռաբար են գործածվում, ինչպես երևում է Ամովս 5։24 համարից, որտեղ Եհովան իր ժողովրդին հորդորում է. «Թող իրաւունքը յորդէ ջրի պէս, եւ արդարութիւնը վարար գետի պէս»։ Բացի այդ, երբեմն «արդարութիւն եւ իրաւունք» տերմինները միասին են գրվել միտքը շեշտելու համար (Սաղմոս 33։5; Եսայիա 33։5; Երեմիա 33։15; Եզեկիէլ 18։21; 45։9)։
4. Ի՞նչ է նշանակում արդարություն գործադրել, և ո՞րն է արդարության ամենաբարձր չափանիշը։
4 Ի՞նչ իմաստով են գործածվում եբրայերեն և հունարեն այս բառերը. Գրությունների համաձայն՝ արդարություն ցուցաբերելը նշանակում է անել այն, ինչը ճիշտ է և անաչառ։ Քանի որ բարոյական օրենքների և սկզբունքների, կամ ճշտի և անաչառության գաղափարի միակ սահմանողը Եհովան է, ուստի նա արդարության ամենաբարձր չափանիշով է գործում։ Մի բառարան բացատրում է, որ իրավունք («ցե՛դեք») թարգմանված եբրայերեն բառը «էթիկայի, բարոյականության չափանիշն է մատնանշում, և, իհարկե, Հ[ին] Կ[տակարանում] այդ չափանիշը Եհովայի էությունն ու կամքն է ներկայացնում» («Հին կտակարանի աստվածաբանական բառարան» — «Theological Wordbook of the Old Testament»)։ Այսպիսով՝ Աստծո վարվելակերպի մեջ իր սկզբունքների կիրառումը և հատկապես անկատար մարդկանց հետ նրա վերաբերմունքի կերպը բացահայտում է ճշմարիտ արդարության և իրավունքի բուն նշանակությունը։
5. Աստծո արդարության հետ ո՞ր հատկություններն են կապված։
5 Աստվածաշունչը հստակորեն ցույց է տալիս, որ, հակառակ անգթությանն ու անզիջողությանը, աստվածային արդարությունը սիրտ է ջերմացնում։ Դավիթն ասաց. «Տէրն իրաւունք է սիրում եւ իր սուրբերին չէ թողում» (Սաղմոս 37։28)։ Աստծո արդարությունը մղում է նրան, որպեսզի հավատարմություն և գութ ցուցաբերի իր ծառաների հանդեպ։ Արդարությունը գիտակցում է մեր կարիքները և ընդունում, որ անկատար ենք (Սաղմոս 103։14)։ Բայց դա չի նշանակում, որ Աստված աչք է փակում անօրինության վրա, քանի որ նման դիրքորոշումը անիրավություն կխրախուսեր (Ա Թագաւորաց 3։12, 13; Ժողովող 8։11)։ Եհովան Մովսեսին բացատրեց, որ նա «ողորմած եւ գթած [է]՝ երկայնամիտ եւ առատ ողորմութիւնով եւ ճշմարտութիւնով»։ Մեղքն ու հանցանքը ներելու հետ միաժամանակ՝ Աստված պատժի արժանի հանցավորներին անպարտ չի թողնի (Ելից 34։6, 7)։
6. Եհովան ինչպե՞ս է վերաբերվում իր երկրային զավակների հետ։
6 Եհովայի գործադրած արդարության մասին խորհելիս՝ չպետք է կարծենք, թե նա անողոք դատավոր է և կենտրոնանում է սոսկ մեղավորների դեմ վճիռներ կայացնելու վրա։ Ընդհակառակը, նրա մասին պետք է մտածել որպես սիրող մի հոր, որն իր վճիռներում հաստատուն է և իր զավակների հետ միշտ հնարավոր լավագույն ձևով է վարվում։ «Ով Տէր, դու ես մեր հայրը»,— ասաց Եսայիա մարգարեն (Եսայիա 64։8)։ Լինելով իրավացի և արդար Հայր՝ Եհովան, իր երկրային զավակների հետ վերաբերվելիս, որոնք ծանր պայմանների կամ մարմնական տկարությունների պատճառով օգնության և ներողամտության կարիքն են զգում, իր տեղին վճռականությունը հակակշռում է գթառատ ողորմության հետ (Սաղմոս 103։6, 10, 13)։
Արդարություն հայտարարել
7. ա) Ի՞նչ ենք սովորում աստվածային արդարության մասին Եսայիայի մարգարեությունից։ բ) Ժողովուրդներին արդարություն սովորեցնելու մեջ ի՞նչ դեր խաղաց Հիսուսը։
7 Եհովայի արդարության մեջ ողորմության ցուցաբերումը պարզ երևաց Մեսիայի հայտնվելով։ Հիսուսն աստվածային արդարություն ուսուցանեց և դրա հետ ներդաշնակ ապրեց, որի մասին մարգարեացել էր Եսայիա մարգարեն։ Հստակ է, որ Աստծո արդարությունն իր մեջ ներառում է ընկճված անհատների հետ փափկությամբ վերաբերվելը, որպեսզի նրանք չընկնեն ավելի վատթար, անելանելի վիճակի մեջ։ Հիսուսը՝ Աստծո «ծառան», եկավ երկիր, որպեսզի արդարությունը «հեթանոսներին.... հայտարարի»։ Նա այդպես վարվեց՝ աստվածային արդարության գործադրման կենդանի օրինակ հանդիսանալով։ Որպես Դավիթ թագավորի «արդարութեան շառաւիղ»՝ Հիսուսը եռանդուն էր ‘իրավունք որոնելու և արդարությունը շուտով գործադրելու’ մեջ (Եսայիա 16։5; Մատթէոս 12։18—21; Երեմիա 33։14, 15)։
8. Առաջին դարում ճշմարիտ արդարությունն ու իրավունքն ինչո՞ւ աղավաղվեցին։
8 Մ.թ. առաջին դարում ևս Եհովայի արդարությունը հստակեցնելու խիստ անհրաժեշտություն էր զգացվում։ Հրեա երեցներն ու կրոնական առաջնորդները՝ դպիրները, փարիսեցիները և ուրիշները, աղավաղված իրավունք և արդարություն էին քարոզում, ու իրենք էլ իրենց քարոզածի համաձայն գործում։ Արդյունքում՝ տեսնելով, որ հնարավոր չէ դպիրների և փարիսեցիների առաջադրած պահանջներին համապատասխան ապրելը՝ ժողովուրդը, հավանաբար, այն կարծիքին էր, թե անհնար է հասնել Աստծո արդարությանը (Մատթէոս 23։4; Ղուկաս 11։46)։ Հիսուսը հակառակը ցույց տվեց։ Նա իր աշակերտներին այդ հասարակ ժողովրդի միջից ընտրեց և նրանց Աստծո արդարության չափանիշներն ուսուցանեց (Մատթէոս 9։36; 11։28—30)։
9, 10. ա) Դպիրներն ու փարիսեցիներն ինչպե՞ս էին փորձում ցուցադրել իրենց արդարությունը։ բ) Հիսուսն ինչպե՞ս ցույց տվեց, որ դպիրների և փարիսեցիների վարվելակերպն անիմաստ էր։
9 Մյուս կողմից, փարիսեցիներն առիթներ էին որոնում իրենց «արդարությունը» (ՆԱ) ցուցադրելու համար՝ հրապարակայնորեն աղոթելով և նվիրատվություններ անելով (Մատթէոս 6։1—6)։ Նրանք փորձում էին իրենց արդարությունն ի ցույց հանել՝ ամուր կառչելով անհամար օրենքներից և կանոններից, որոնցից շատերն իրենք էին սահմանել։ Այսպիսի փորձերը նրանց առաջնորդեցին «Աստծու արդարութիւնն ու սէրը» զանց անելուն (Ղուկաս 11։42)։ Արտաքուստ փարիսեցիները կարող էին արդար երևալ, բայց ներքուստ անարդարությամբ կամ ‘անօրինությամբ լի» էին (Մատթէոս 23։28)։ Պարզապես, իրականում նրանք Աստծո արդարության մասին քիչ բան գիտեին։
10 Այդ պատճառով Հիսուսը զգուշացրեց իր հետևորդներին. «Եթէ ձեր արդարութիւնը աւելի չլինի, քան օրէնսգէտներինը [դպիրներինը] եւ փարիսեցիներինը, երկնքի արքայութիւնը չէք մտնի» (Մատթէոս 5։20)։ Հիսուսի ցուցաբերած աստվածային արդարության և դպիրների ու փարիսեցիների սահմանած արդարության սահմանափակ հասկացողության միջև գոյություն ունեցող խիստ հակադրությունը նրանց միջև հաճախակի տեղի ունեցող վիճաբանությունների պատճառ էր դառնում։
Աստվածային արդարությունն ընդդեմ աղավաղված արդարության
11. ա) Ինչո՞ւ փարիսեցիները Շաբաթ օրը բժշկելու վերաբերյալ հարց տվեցին Հիսուսին։ բ) Ի՞նչ ցույց տվեց Հիսուսի պատասխանը։
11 Մ.թ. 31 թ. գարնանը, Գալիլեայում ծառայելու ժամանակ Հիսուսը ժողովարանում բժշկեց ձեռքը չորացած մի մարդու։ Քանի որ օրը Շաբաթ էր, փարիսեցիները հարցրին նրան. «Շաբաթ օրը թոյլատրելի՞ է բժշկել»։ Այդ աղքատ մարդու տառապանքին անկեղծորեն կարեկցելու փոխարեն՝ նրանք Հիսուսին դատապարտելու պատրվակ էին որոնում, որը պարզ երևում էր նրանց տված հարցից։ Զարմանալի չէ, որ Հիսուսին վշտացրեց նրանց սրտերի անզգամությունը։ Այնուհետև, որպես պատասխան՝ նա հարցին հարցով պատասխանեց. «Արժա՞ն է շաբաթ օրը բարի գործել» (ԱԹ)։ Մինչ փարիսեցիները լուռ էին, Հիսուսն իր իսկ ուղղած հարցի պատասխանը տվեց՝ նրանց դիմելով, թե չէին փրկի արդյոք փոսն ընկած ոչխարին Շաբաթ օրը։b «Մարդը ոչխարից որքա՜ն եւս առաւել է»։ Հիսուսն անհերքելի, տրամաբանական հիմնավորում ներկայացրեց։ «Ուրեմն, պէտք է [կամ՝ ճիշտ է] շաբաթ օրը բարիք գործել»,— եզրափակեց նա։ Աստծո արդարությունը երբեք չպետք է կաշկանդել մարդկային ավանդույթներով։ Պարզաբանելով այդ հարցը՝ Հիսուսը մոտեցավ հիվանդ մարդուն և նրա ձեռքը բուժեց (Մատթէոս 12։9—13; Մարկոս 3։1—5)։
12, 13. ա) Հակառակ դպիրներին և փարիսեցիներին՝ Հիսուսն ինչպե՞ս ցույց տվեց իր հետաքրքրվածությունը մեղավորների հանդեպ։ բ) Ո՞րն է աստվածային արդարության և սեփական արդարության միջև եղած տարբերությունը։
12 Եթե փարիսեցիները ֆիզիկական տկարությունների մասին քիչ էին հոգ տանում, ապա, բնականաբար, հոգևոր առումով աղքատների մասին ավելի քիչ կհոգային։ Արդարության վերաբերյալ իրենց ունեցած աղավաղված տեսակետը հանգեցրել էր այն բանին, որ նրանք անտեսում ու արհամարհում էին մաքսավորներին ու մեղավորներին (Յովհաննէս 7։49)։ Այնուհանդերձ, այդ անհատներից շատերն ուշադրություն ընծայեցին Հիսուսի ուսուցմանը՝ ըստ երևույթին հասկանալով, որ նա ավելի շուտ ցանկանում է օգնել, քան դատավճիռ կայացնել (Մատթէոս 21։31; Ղուկաս 15։1)։ Սակայն փարիսեցիներն արժեզրկում էին հոգևոր առումով հիվանդին բուժելու Հիսուսի ջանքերը։ «Սա ընդունում [է] մեղաւորներին եւ ուտում նրանց հետ»,— տրտնջում էին նրանք հանդիմանությամբ (Ղուկաս 15։2)։ Ի պատասխան նրանց մեղադրանքին՝ Հիսուսը դարձյալ հովվի հետ կապված նկարագրությունը բերեց։ Ինչպես որ հովիվն է ուրախանում կորցրած ոչխարը գտնելիս, այնպես էլ հրեշտակներն են ուրախանում երկնքում, երբ մեղավոր անհատն ապաշխարում է (Ղուկաս 15։3—7)։ Հիսուսն անձամբ ուրախացավ, երբ օգնեց Զակքեոսին՝ իր նախկին մեղավոր ընթացքից ետ դառնալու։ «Մարդու Որդին եկաւ փնտռելու եւ փրկելու կորածին»,— ասաց նա (Ղուկաս 19։8—10)։
13 Այս համեմատությունները պարզ կերպով բացահայտում են Աստծո արդարության և մարդկային արդարության միջև եղած տարբերությունը, որովհետև Աստծո արդարությունը ջանում է բուժել և փրկել, իսկ մարդու սահմանած արդարությունը ձգտում է մեծարել քչերին և դատապարտել շատերին։ Անբովանդակ ծիսակատարությունները և մարդաստեղծ ավանդույթները դպիրներին ու փարիսեցիներին առաջնորդել էին գոռոզության և ինքնագոհության, բայց Հիսուսն ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ նրանք թողել էին «օրէնքի ամենից կարեւորները՝ արդարադատութիւնը, ողորմութիւնը եւ հաւատը» (Մատթէոս 23։23)։ Մենք կարո՞ղ ենք մեր բոլոր գործերում ընդօրինակել Հիսուսի գործադրած ճշմարիտ արդարությունը, նաև զգոն լինել սեփական արդարության թակարդը չընկնելու համար։
14. Հիսուսի գործած հրաշքներից մեկն ինչպե՞ս է ցույց տալիս, որ աստվածային արդարությունը հաշվի է առնում անհատի վիճակը։
14 Չնայած Հիսուսը մերժեց փարիսեցիների բռնապետական օրենքները, բայց նա կատարեց Մովսիսական օրենքը (Մատթէոս 5։17, 18)։ Այսպես վարվելով՝ նա թույլ չտվեց, որ այդ արդար Օրենքի մի տառն անգամ ոտնահարի նրա հիմքում ընկած սկզբունքները։ Երբ տասներկու տարի արնահոսությամբ տառապող մի կին դիպավ Հիսուսի հագուստին և բժշկվեց, նա ասաց այդ կնոջը. «Դո՛ւստր, քո հաւատը փրկեց քեզ, գնա՛ խաղաղութեամբ» (Ղուկաս 8։43—48)։ Հիսուսի կարեկցական խոսքերը հաստատեցին, որ Աստծո արդարությունը հաշվի էր առել նրա վիճակը։ Թեև վերջինս օրենքի համաձայն անմաքուր էր համարվում և, բազմության մեջ գտնվելով, խախտել էր Մովսիսական օրենքը, բայց նրա հավատը արժանի էր պարգևատրման (Ղեւտացոց 15։25—27; համեմատեք Հռովմայեցիս 9։30—33)։
Իրավունքը բոլորի համար է
15, 16. ա) Սամարացի ընկերոջ մասին Հիսուսի օրինակը մեզ ի՞նչ է սովորեցնում արդարության մասին։ բ) Ինչո՞ւ պետք է խուսափենք «խիստ շատ արդար» լինելուց։
15 Աստվածային արդարության ցավակցելու հատկությունը շեշտելուց բացի՝ Հիսուսն իր աշակերտներին սովորեցրեց նաև, որ Աստծո արդարությունը պետք է ընդգրկի բոլոր մարդկանց, ինչը Եհովայի կամքն էր, որպեսզի ինքը Հիսուսը «իրաւունքը.... հանէ ազգերի համար» (Եսայիա 42։1)։ Սա էր Հիսուսի ամենահայտնի օրինակներից մեկի՝ սամարացի ընկերոջ մասին պատմության բուն էությունը։ Այդ օրինակը Հիսուսը բերեց որպես պատասխան մեկի տված հարցին, որը, Օրենքին լավատեղյակ լինելով, կամենում էր «ինքն իրեն արդարացնել»։ «Ո՞վ է իմ ընկերը»,— հարցրեց նա՝ անշուշտ ցանկանալով ընկերական պատասխանատվությունները սահմանափակել միայն հրեաներով։ Հիսուսի բերած օրինակում սամարացին աստվածային արդարություն ցուցաբերեց, քանի որ պատրաստ էր իր ժամանակն ու դրամը վատնել օտարազգի անծանոթին օգնելու համար։ Հիսուսն իր օրինակը եզրափակեց այդ մարդուն ուղղած խորհրդով. «Գնա՛ եւ դու նո՛յն ձեւով արա» (Ղուկաս 10։25—37)։ Եթե մենք նույնպես բոլորի հետ բարությամբ վերաբերվենք, անկախ նրանց ռասայից կամ էթնիկական ծագումից, Եհովայի արդարությունը կընդօրինակենք (Գործք 10։34, 35)։
16 Մեկ ուրիշ կողմից, դպիրների և փարիսեցիների օրինակը մեզ հիշեցնում է, որ աստվածային արդարություն ցուցաբերելիս «խիստ շատ արդար» չպետք է լինել (Ժողովող 7։16)։ Արդարության չափազանցացված ցուցադրություններով մարդկանց վրա ազդեցություն թողնելը կամ մարդկային կանոններին չափից ավելի նշանակություն տալը Աստծո հավանությունը չունի (Մատթէոս 6։1)։
17. Ինչո՞ւ է մեզ համար այդքան կարևոր աստվածային արդարություն ցուցաբերելը։
17 Պատճառներից մեկը, թե ինչու Հիսուսը ազգերին հայտարարեց Աստծո արդարությունը, այն էր, որ իր բոլոր աշակերտները կարողանային սովորել այդ հատկությունը ցուցաբերելու կերպը։ Ինչո՞ւ է դա այդքան կարևոր։ Սուրբ գրությունները մեզ հորդորում են ‘նմանվել Աստծուն’, իսկ Աստծո բոլոր ճանապարհներն արդար են (Եփեսացիս 5։1)։ Նմանապես, Միքիա 6։8–ն է բացատրում, որ Եհովայի պահանջներից մեկը նրա հետ քայլելիս «իրաւունք անելն» է։ Բացի այդ, Սոփոնիա 2։2, 3 խոսքերը հիշեցնում են մեզ, որ, եթե ցանկանում ենք փրկվել Եհովայի բարկության օրը, պետք է ‘արդարություն որոնենք’ մինչ այդ օրվա գալը։
18. Հաջորդ հոդվածը ո՞ր հարցերի պատասխանը կտա։
18 Հետևաբար, այս ճգնաժամային վերջին օրերում արդարություն գործադրելու «ընդունելի ժամանակ» է (Բ Կորնթացիս 6։2)։ Կարող ենք վստահ լինել, որ Եհովան կօրհնի մեզ, եթե Հոբի նման ‘արդարությունը հագնենք’ և իրավունքը մեր «պատմուճանը» դարձնենք (Յոբ 29։14)։ Եհովայի արդարության հանդեպ ունեցած հավատն ինչպե՞ս է օգնում մեզ, որպեսզի ապագային վստահությամբ նայենք։ Աստվածային արդարությունն ինչպե՞ս է մեզ հոգևորապես պաշտպանում, երբ արդար «նոր երկիրն» ենք ակնկալում (Բ Պետրոս 3։13)։ Հաջորդ հոդվածը կպատասխանի այս հարցերին։
[ծանոթագրություններ]
a Եբրայերեն գրություններում միմյանց հետ կապ ունեցող երեք հիմնական բառեր կան։ Դրանցից մեկը («միշփա՛թ») հաճախ թարգմանվում է «արդարություն»։ Մյուս երկուսը («ցե՛դեք» և վերջինիս հետ կապակցված «ցեդաքա՛») շատ դեպքերում ներկայացվում են որպես «իրավունք»։ «Իրավունք» («դիքայոսի՛ն») թարգմանված հունարեն բառը սահմանվում է որպես «արդար կամ իրավացի լինելու առանձնահատկություն»։
b Հիսուսը տեղին օրինակ բերեց, որովհետև հրեաների բանավոր օրենքը որոշ դեպքերում թույլ էր տալիս նրանց օգնել Շաբաթ օրը աղետի ենթարկված կենդանուն։ Մի քանի այլ դեպքերում այդ նույն հարցի վերաբերյալ երկպառակություններ կային, թե, արդյոք, օրինական համարվում էր Շաբաթ օրը բժշկելը (Ղուկաս 13։10—17; 14։1—6; Յովհաննէս 9։13—16)։
Կարո՞ղ եք բացատրել
◻ Ո՞րն է աստվածային արդարության իմաստը
◻ Հիսուսը ժողովուրդներին ինչպե՞ս արդարություն սովորեցրեց
◻ Փարիսեցիների արդարությունն ինչո՞ւ էր աղավաղված
◻ Ինչո՞ւ պետք է արդարություն գործադրենք