Եհովային նմանվելով՝ իրավունք և արդարություն գործադրեք
«Ես եմ Տէրը, որ երկրի վերայ ողորմութիւն, իրաւունք եւ արդարութիւն եմ անում, որ ես սորանց եմ հաւանում» (ԵՐԵՄԻԱ 9։24)։
1. Ի՞նչ հրաշալի հեռանկար է ներկայացնում Եհովան։
ԵՀՈՎԱՆ խոստացել է, որ կգա օրը, երբ ամեն ոք կճանաչի իրեն։ Իր Եսայիա մարգարեի միջոցով նա ասում է. «Նորանք չեն վնասիլ եւ չեն ապականիլ իմ բոլոր սուրբ սարի վերայ. որովհետեւ երկիրը լիքն է լինելու Տիրոջ գիտութիւնովը, ինչպէս որ ջուրերը ծածկում են ծովը» (Եսայիա 11։9)։ Ի՜նչ հրաշալի հեռանկար։
2. Եհովային ճանաչելն ի՞նչ է ընդգրկում իր մեջ և ինչո՞ւ։
2 Իսկ ի՞նչ է նշանակում ճանաչել Եհովային։ Աստված Երեմիա մարգարեին հայտնեց դրա հիմնական նշանակությունը՝ ասելով. «Ով.... հասկանում եւ ճանաչում է ինձ, որ ես եմ Տէրը, որ երկրի վերայ ողորմութիւն, իրաւունք եւ արդարութիւն եմ անում, որ ես սորանց եմ հաւանում» (Երեմիա 9։24)։ Հետևաբար, Եհովային ճանաչելն իր մեջ ընդգրկում է իմանալ, թե Աստված ինչպես է իրավունք և արդարություն գործադրում։ Եվ եթե մենք էլ ցուցաբերենք այդ հատկությունները, նրա հավանությանը կարժանանանք։ Իսկ ինչպե՞ս կարող ենք դա անել։ Իր Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով Եհովան ցույց է տալիս, թե դարեր շարունակ անկատար մարդկանց հանդեպ ինչպիսի վերաբերմունք է ցուցաբերել։ Ուսումնասիրելով այդ գրությունները՝ կարող ենք ճանաչել իրավունք և արդարություն գործադրելու Եհովայի կերպը և այդպիսով նրան նմանվել (Հռովմայեցիս 15։4)։
Արդար, բայց նաև ողորմած
3, 4. Սոդոմն ու Գոմորը կործանելու հարցում ինչո՞ւ էր Եհովան արդար։
3 Սոդոմի և Գոմորի վրա գործադրված Աստծո դատաստանը Եհովայի արդարության մի քանի կողմերը նկարագրող գերազանց օրինակ է։ Եհովան ոչ միայն պատժեց նրանց, ովքեր արժանի էին պատժվելու, այլև փրկության արժանի անհատներին ազատեց։ Այդ քաղաքները ոչնչացնելն իրո՞ք արդարացի էր։ Աբրահամը, հավանաբար, քիչ բան գիտեր Սոդոմում տիրող ծայրաստիճան անբարոյության մասին և սկզբում այդպես չէր կարծում։ Եհովան նրան վստահեցրեց, որ եթե գեթ տասը արդար էլ գտնվեր այնտեղ, կխնայեր այդ քաղաքը։ Հստակ է, որ Եհովայի արդարությունը ամենևին էլ անկշռադատ ու անգութ չէ (Ծննդոց 18։20—32)։
4 Այդ քաղաքում երկու հրեշտակների այցելության ժամանակ պատահած դեպքը կենդանի վկայությունն էր այն բանի, որ Սոդոմը բարոյապես անկում էր ապրում։ Երբ քաղաքի բնակիչները՝ «երիտասարդներից մինչեւ ծերերը», տեղեկացան, որ երկու տղամարդ են իջևանել Ղովտի տանը, գրոհեցին վերջինիս տուն՝ իջևանած հյուրերի հետ բռնի ուժով միասեռական հարաբերությունների մեջ մտնելու դիտավորությամբ։ Այդ քաղաքի բնակիչների բարոյականությունն անչափ ցածր մակարդակի վրա էր գտնվում։ Սոդոմի վրա գործադրած Եհովայի դատաստանն, ինչ խոսք, արդար էր (Ծննդոց 19։1—5, 24, 25)։
5. Աստված Ղովտին և նրա ընտանիքին ինչպե՞ս փրկեց Սոդոմից։
5 Սոդոմի և Գոմորի կործանումը որպես նախազգուշացնող օրինակ հիշատակելուց հետո Պետրոսը գրում է. «Տէրը գիտէ աստուածապաշտներին փրկել փորձութիւնից» (Բ Պետրոս 2։6—9)։ Եթե արդար Ղովտն իր ընտանիքով ոչնչանար Սոդոմի ամբարիշտ բնակիչների հետ, դա արդարության վկայություն չէր լինի։ Ուստի, Եհովայի հրեշտակները վերահաս կործանման մասին նախազգուշացրին Ղովտին։ Մինչ Ղովտը դանդաղում էր, այդ հրեշտակները, ‘Եհովայի ողորմությամբ’ բռնելով Ղովտի, նրա կնոջ ու աղջիկների ձեռքից, քաղաքից դուրս հանեցին նրանց (Ծննդոց 19։12—16)։ Կարող ենք վստահ լինել, որ մեր օրերում տիրող իրերի այս չար համակարգի վրա գալիք ոչնչացման ժամանակ Եհովան արդար անհատների նկատմամբ նույնանման մոտեցում ցույց կտա։
6. Ինչո՞ւ մենք չպետք է չափազանց մտահոգված լինենք իրերի այս չար համակարգի վրա գալիք ոչնչացման համար։
6 Թեև այս համակարգի վերջը «վրէժխնդրութեան» ժամանակ է լինելու, այնուամենայնիվ, այդ մասին չափազանց մտահոգվելու ոչ մի պատճառ չունենք (Ղուկաս 21։22)։ Արմագեդոն պատերազմի ժամանակ Աստծո գործադրած դատաստանը «բոլորովին արդար» է լինելու (Սաղմոս 19։9)։ Աբրահամի նման, մենք ևս կարող ենք ամբողջությամբ վստահել Եհովայի արդարությանը, որն ավելի բարձր մակարդակի վրա է, քան մերը։ Աբրահամը հարցրեց. «Մի՞թէ բոլոր երկրի դատաւորը արդարութիւն չի անիլ» (Ծննդոց 18։25; համեմատեք Յոբ 34։10)։ Կամ ինչպես Եսայիան արտահայտեց նույն միտքը, թե՝ ‘ո՞վ է նրան սովորեցնում իրավունքի ճանապարհը’ (Եսայիա 40։14)։
Մարդկությանը փրկելու արդար քայլ
7. Ի՞նչ կապ գոյություն ունի Աստծո արդարության և նրա ողորմության միջև։
7 Աստծո արդարությունը միայն մեղավորներին պատժելու մեջ չի դրսևորվում։ Եհովան անձամբ իրեն ներկայացնում է որպես «արդար և փրկող Աստուած» (Եսայիա 45։21, ԷԹ)։ Բացահայտ է, որ Աստծո արդարության կամ իրավունքի և մարդկությանը մեղքի ազդեցությունից ազատելու ցանկության միջև սերտ կապ գոյություն ունի։ Այս թեմայի շուրջը մեկնաբանություններ անելով՝ մի հանրագիտարան նշում է, որ «աստվածային արդարությունը ջանում է ճիշտ գործադրել Աստծո ողորմությունը և ի կատար ածել Նրա ծրագրած փրկությունը» («The International Standard Bible Encyclopedia», հրատարակությունը՝ 1982 թ.)։ Սակայն դա չի նշանակում, որ Աստծո արդարությունը ողորմության շնորհիվ մեղմացվելու կարիք ունի, ընդհակառակը, ողորմությունը Եհովայի արդարությունն արտահայտելու կերպերից մեկն է։ Մարդկության փրկության համար փրկանքի հայթայթումը Աստծո արդարության ամենամեծ օրինակն է։
8, 9. ա) Ի՞նչ էր բովանդակում իր մեջ Հիսուսի ‘արդար’ արարքը։ բ) Եհովան մեզանից ի՞նչ է պահանջում։
8 Փրկագինը՝ Աստծո միածին Որդու թանկարժեք կյանքը, ինքնին բարձր արժեք ուներ, որովհետև Եհովայի չափանիշները կիրառելի են բոլորի համար, և ինքն անձամբ հավատարիմ է մնում դրանց (Մատթէոս 20։28)։ Քանի որ Ադամի կորցրած կյանքը կատարյալ էր, հետևաբար, մեկ ուրիշ կատարյալ կյանք էր անհրաժեշտ նրա ժառանգներին կյանքի ետ վերադարձնելու համար (Հռովմայեցիս 5։19—21)։ Պողոս առաքյալը Հիսուսի ուղղամտությունը, այդ թվում նաև փրկանքի վճարումը ներկայացրեց որպես ‘արդար’ արարք (Հռովմայեցիս 5։18)։ Ինչո՞ւ. պատճառն այն էր, որ Աստծո տեսակետից մարդկության փրկությունը արդար և իրավացի արարք էր, նույնիսկ եթե դրա համար Աստծուց մեծ արժեք էր պահանջվում։ Ադամի ժառանգները նման էին «ջախջախուած եղէգի», որն Աստված չէր ուզում փշրել, կամ «առկայծ պատրոյգի», որ նա չէր ցանկանում հանգցնել (Մատթէոս 12։20)։ Եհովան վստահ էր, որ Ադամի ժառանգների միջից բազում հավատարիմ տղամարդիկ ու կանայք կգտնվեին (համեմատեք Մատթէոս 25։34)։
9 Ի՞նչ արձագանք պետք է տանք սիրո և արդարության այս մեծագույն քայլին։ Եհովայի պահանջներից մեկն «իրաւունք անելն» է (Միքիա 6։8)։ Ինչո՞ւմն է դա կայանում։
Իրավունք որոնեք և արդարությանը հետևեք
10. ա) Արդարություն գործադրելու կերպերից մեկը ո՞րն է։ բ) Ինչպե՞ս կարող ենք նախ Աստծո արդարությունը փնտրել։
10 Նախ և առաջ, մեր վարքը պետք է Աստծո բարոյական չափանիշների հետ ներդաշնակ լինի։ Եվ քանի որ նրա չափանիշներն արդար են ու իրավացի, դրանց համաձայն ապրելով, արդարություն ենք գործադրում։ Ահա թե ինչ է ակնկալում Եհովան իր ժողովրդից. «Սովորեցէք բարութիւն անել, որոնեցէք իրաւունք»։ Նա այս խոսքերն ուղղեց իսրայելացիներին (Եսայիա 1։17)։ Լեռան քարոզում իր ունկնդիրներին այսպիսի խորհուրդ տվեց նաև Հիսուսը՝ պատվիրելով նրանց ‘նախ խնդրել [«փնտրել», ՆԱ] Աստծու արքայությունը եւ նրա արդարությունը’ (Մատթէոս 6։33)։ Պողոսը հորդորեց Տիմոթեոսին ‘արդարությանը հետևել’ (Ա Տիմոթէոս 6։11, ԱԹ)։ Վարքի աստվածային չափանիշների հետ ներդաշնակ ապրելով և նոր մարդը հագնելով՝ հետևում ենք ճշմարիտ իրավունքին և արդարությանը (Եփեսացիս 4։23, 24)։ Այլ կերպ ասած՝ Աստծո նման վարվելիս արդարություն ենք որոնում։
11. Ինչո՞ւ և ինչպե՞ս պետք է պայքարենք մեղքի իշխանության դեմ։
11 Մեզ հայտնի է, որ անկատար մարդկանց համար միշտ հեշտ չէ անել այն, ինչն իրավացի ու արդար է (Հռովմայեցիս 7։14—20)։ Պողոսը հռոմեացի քրիստոնյաներին խրախուսեց պայքարել մեղքի իշխանության դեմ՝ իրենց նվիրված մարմինները՝ որպես «արդարութեան գործիքներ» Աստծուն ներկայացնելով, որպեսզի Աստծո նպատակն իրագործելու մեջ պիտանի լինեն (Հռովմայեցիս 6։12—14)։ Նաև, կանոնավորաբար ուսումնասիրելով և կիրառելով Աստծո Խոսքը՝ կարող ենք ‘Տիրոջ ուսումն’ ունենալ և ‘արդարության մեջ խրատվել’ (Եփեսացիս 6։4; Բ Տիմոթէոս 3։16, 17)։
12. Ինչի՞ց պետք է խուսափենք, երբ մարդկանց հետ վարվում ենք այնպես, ինչպես կցանկանայինք, որ Եհովան վարվեր մեզ հետ։
12 Երկրորդ՝ արդարությունը կգործադրենք այն դեպքում, երբ մարդկանց հետ վերաբերվենք այնպես, ինչպես կցանկանայինք, որ Եհովան վարվեր մեզ հետ։ Երկիմաստ չափանիշ ունենալը հեշտ է, այսինքն՝ մեր անձի հանդեպ ներողամիտ, բայց ուրիշների նկատմամբ խստապահանջ լինելը։ Մեր սեփական թերությունները հեշտությամբ արդարացնում ենք, մինչդեռ ուրիշների կատարած սխալներն արագությամբ ենք դատում, որոնք, հնարավոր է, որ մեր սխալների հետ համեմատած աննշան լինեն։ Հիսուսը դա շեշտեց՝ ասելով. «Ինչո՞ւ քո եղբօր աչքի մէջ շիւղը տեսնում ես, իսկ քո աչքի մէջ գերանը չես տեսնում» (Մատթէոս 7։1—3)։ Երբեք չպետք է մոռանանք, որ, եթե Եհովան քններ մեր անօրինությունները, մեզանից ոչ մեկը չէր կարող արդարանալ (Սաղմոս 130։3, 4)։ Քանի որ Եհովայի արդարությունը թույլ է տալիս իրեն ներողամիտ լինել մեր եղբայրների տկարությունների հանդեպ, ո՞վ ենք մենք, որ նրանց ի վնաս դատ վարենք (Հռովմայեցիս 14։4, 10)։
13. Արդար անհատն ինչո՞ւ է իրեն պարտավորված զգում Թագավորության բարի լուրը քարոզելու։
13 Երրորդ՝ աստվածային արդարություն դրսևորում ենք՝ քարոզչական գործունեության մեջ եռանդուն մասնակցություն բերելով։ «Բարութիւնը մի խնայիր որին որ կ’վայելէ, երբոր ձեռքումդ զօրութիւն կայ անելու»,— խորհուրդ է տալիս Եհովան (Առակաց 3։27)։ Արդար չէր լինի մեր մեջ պահել այն կենսատու գիտությունը, որն Աստված այսպես առատությամբ շնորհել է մեզ։ Ճիշտ է, շատերը կարող են մերժել բարի լուրը, բայց քանի դեռ Աստված նրանց հանդեպ ողորմածություն է ցուցաբերում, չպետք է դադարենք պատրաստակամորեն ‘ապաշխարության հասնելու’ հնարավորությունը մարդկանց ներկայացնել (Բ Պետրոս 3։9)։ Եվ ինչպես Հիսուսը, մենք ևս բավականություն ենք ստանում, երբ կարողանում ենք օգնել որևէ մեկին՝ արդարությանն ու իրավունքին դառնալու (Ղուկաս 15։7)։ Այսօր մեզ համար ‘արդարությամբ սերմելու’ հարմար ժամանակ է (Ովսէէ 10։12)։
«Իրաւունքով են իշխելու»
14. Արդարություն գործադրելու հարցում երեցներն ի՞նչ դեր են խաղում։
14 Մեզանից յուրաքանչյուրը պիտի արդարության ճանապարհով ընթանա, բայց այս հարցում հատուկ պատասխանատվություն են կրում քրիստոնեական ժողովի երեցները։ Հիսուսի իշխանությունը ‘պնդացված է իրավունքով և արդարությամբ’։ Ուստի, երեցների համար աստվածային արդարությունը չափանիշ է (Եսայիա 9։7)։ Նրանք իրենց հիշողության մեջ վառ են պահում Եսայիա 32։1–ում նկարագրված մարգարեությունը. «Ահա մի թագաւոր արդարութեամբ է թագաւորելու, եւ իշխանները իրաւունքով են իշխելու»։ Որպես սուրբ հոգով կարգված վերակացուներ կամ ‘Աստծու տնտեսներ’՝ երեցներն ամեն բան պետք է Աստծո գործելակեպի համաձայն անեն (Տիտոս 1։7)։
15, 16. ա) Երեցներն ինչպե՞ս են ընդօրինակում Հիսուսի նկարագրած հավատարիմ հովվին։ բ) Հոգևոր առումով մոլորված անհատների հետ կապված երեցներն ի՞նչ զգացումներ են ունենում։
15 Հիսուսը ցույց տվեց, որ Եհովայի արդարությունը կարեկցող, բարեգութ և ողջամիտ է։ Նա փորձեց օգնել դժվար կացության մեջ գտնվող անհատներին, իսկ ‘կորածին փնտրել ու փրկել’ (Ղուկաս 19։10)։ Հիսուսը բերեց այն հովվի օրինակը, որն անխոնջ փնտրում էր կորած ոչխարին, մինչև որ գտավ նրան։ Այդ հովվի նման, երեցները փնտրում են հոգևոր առումով մոլորվածներին և ջանում նրանց դեպի հոտն առաջնորդել (Մատթէոս 18։12, 13)։
16 Լուրջ մեղքեր գործած անհատներին դատապարտելու փոխարեն՝ երեցները ջանում են բուժել նրանց և հնարավոր դեպքերում զղջման առաջնորդել։ Նրանց ուրախություն է պատճառում մոլորության ճանապարհին գտնվող որևէ մեկին օգնելը։ Սակայն, երեցների համար ցավալի է, երբ մեղավոր անհատը չի ուզում զղջալ։ Այդպիսի դեպքերում, Աստծո արդար չափանիշների համաձայն, չզղջացող անհատին պետք է զրկել ընկերակցությունից։ Նույնիսկ այս պարագայում, ինչպես անառակ որդու մասին առակի հայրը, նրանք ևս հույս ունեն, որ մի օր մոլորված անհատը ‘խելքի կգա’ (Ղուկաս 15։17, 18)։ Երեցները ընկերակցությունից զրկված անհատներին այցելելու նախաձեռնությունն իրենց ձեռքն են վերցնում և հարկ եղած դեպքում հիշեցնում նրանց, թե ինչպես կարող են Եհովայի կազմակերպություն վերադառնալ։a
17. Կատարված մեղքը բացահայտելիս՝ երեցների նպատակը ո՞րն է, և ո՞ր հատկությունը կօգնի նրանց հասնել այդ նպատակին։
17 Երեցները Եհովայի արդարությունն ընդօրինակելու կարիքն ունեն՝ հատկապես կատարված մեղքը բացահայտելիս։ Հիսուսի օրերում «մեղավորները նրա մօտն էին» գալիս, քանի որ զգում էին, որ Աստծո որդին կհասկանա ու կօգնի իրենց (Ղուկաս 15։1; Մատթէոս 9։12, 13)։ Անշուշտ, նա մեղքին թեթևամտորեն չէր վերաբերվում։ Բոլորին քաջ հայտնի մաքսապետ Զակքեոսը Հիսուսի հետ ընդամենը մեկ անգամ ճաշելուց հետո զղջաց և ցանկություն հայտնեց ուրիշներին պատճառած բոլոր տառապանքների դիմաց հատուցել (Ղուկաս 19։8—10)։ Այսօր էլ երեցների՝ գործը քննելու նպատակը մոլորվածին զղջման առաջնորդելն է։ Եթե երեցները ջանան Հիսուսի պես մատչելի լինել, շատ մեղսագործների ավելի հեշտ կլինի օգնության համար նրանց դիմելը։
18. Ի՞նչը հնարավորություն կտա երեցներին «քամիի դէմ եղող պատսպարանի պէս» լինել։
18 Նրբազգաց սիրտ ունենալը երեցներին կօգնի աստվածային արդարություն ցուցաբերել, որը ո՛չ կոպիտ է, ո՛չ էլ՝ անկարեկից։ Հետաքրքրական է, որ Եզրասը իսրայելացիներին արդարություն սովորեցնելու համար ոչ միայն իր միտքը նախապատրաստեց, այլև՝ սիրտը (Եզրաս 7։10)։ Նրբազգաց սիրտը հնարավորություն կտա երեցներին համապատասխան Սուրբ գրային սկզբունքները կիրառել և հաշվի առնել յուրաքանչյուր անհատի հանգամանքները։ Երբ Հիսուսը բուժեց արնահոսությամբ տառապող կնոջը, դրանով իսկ ցույց տվեց, որ Եհովայի արդարությունը հաշվի է առնում ոչ միայն օրենքի տառը, այլ նաև օրենքի ոգին (Ղուկաս 8։43—48)։ Կարեկցությամբ արդարություն գործադրելով՝ երեցները «քամիի դէմ եղող պատսպարանի» կնմանվեն նրանց համար, ովքեր զրկանք են կրել անձնական թերությունների պատճառով կամ այս չար համակարգի, որում մենք ապրում ենք (Եսայիա 32։2)։
19. Մի քույր ինչպե՞ս արձագանքեց աստվածային արդարություն գործադրելուն։
19 Մի քրիստոնյա քույր, որը լուրջ մեղք էր գործել, անձնական փորձից ելնելով, բարձր գնահատեց աստվածային արդարությունը։ «Անկեղծ ասած՝ ես երեցներին դիմելուց վախենում էի,— խոստովանում է նա,— բայց նրանք ինձ վերաբերվեցին կարեկցությամբ՝ միևնույն ժամանակ հաշվի առնելով արժանապատվությանս զգացումը։ Նրանք ավելի շուտ հոր դեր էին կատարում, քան թե խիստ դատավորների և օգնեցին ինձ հասկանալ, որ Եհովան ինձ չի մերժի, եթե վճռեմ ուղղել ընթացքս։ Իմ փորձից հասկացա, թե ինչպես է նա դաստիարակում մեզ՝ որպես սիրալիր Հայր։ Ես կարող էի բաց անել սիրտս Եհովայի առաջ՝ վստահ լինելով, որ նա կլսի աղերսանքս։ Անցյալին ետ նայելով՝ կարող եմ համոզվածությամբ ասել, որ երեցների հետ յոթ տարի առաջ տեղի ունեցած հանդիպումը Եհովայի օրհնությունն էր, որից հետո Աստծո հետ ունեցած փոխհարաբերությունս ավելի ու ավելի ամրացավ»։
Արդարություն արեք և իրավունք պահեք
20. Արդարությունն ու իրավունքը հասկանալը և գործադրելը ի՞նչ օրհնություններ կբերեն։
20 Աստվածային արդարությունը ամեն մարդուն իրեն արժանվույնը հատուցելուց շատ ավելին է բովանդակում։ Եհովայի արդարությունը մղում է իրեն հավատ ցուցաբերող անհատներին հավիտենական կյանք ընծայել (Սաղմոս 103։10; Հռովմայեցիս 5։15, 18)։ Նա մեզ շնորհում է այդ կյանքը, քանի որ նրա արդարությունը հաշվի է առնում մեր հանգամանքները և որոնում փրկելու, և ոչ թե դատապարտելու համար։ Իրոք, Եհովայի արդարությունն ավելի լավ հասկանալը մեզ ավելի է մերձեցնում նրան։ Եվ քանի որ մենք ձգտում ենք ընդօրինակել նրա հատկությունները, մեր և ուրիշների կյանքը առատապես կօրհնվի։ Եթե ձգտենք արդարություն գործադրել, մեր երկնային Հոր համար աննկատ չենք մնա։ Եհովան խոստանում է. «Իրաւունք պահեցէք, եւ արդարութիւն արէք. որովհետեւ իմ փրկութիւնը մօտ է որ գայ, եւ իմ արդարութիւնը՝ որ յայտնուի։ Երանի այն մարդին, որ կ‘անէ այս» (Եսայիա 56։1, 2)։
[ծանոթագրություն]
a Տեսեք «Դիտարան», հուլիս 1, 1991 թ., էջեր 22, 23։
Հիշո՞ւմ եք
◻ Սոդոմի ու Գոմորի կործանումը ի՞նչ է սովորեցնում մեզ Եհովայի արդարության մասին
◻ Ինչո՞ւ է փրկանքը Աստծո արդարության ու սիրո ակնառու արտահայտություն համարվում
◻ Որո՞նք են այն երեք կերպերը, որոնցով կարող ենք արդարություն գործադրել
◻ Ի՞նչ հատուկ կերպով երեցները կարող են ընդօրինակել աստվածային արդարությունը
[նկարներ 25–րդ էջի վրա]
Քարոզչական գործունեության մեջ բաժին բերելով՝ աստվածային արդարություն ենք գործադրում։