Հուլիս
1 հուլիսի, չորեքշաբթի
Ես երբևէ չեմ տեսել արդարին լքված (Սաղ. 37։25)։
Եհովայի ծառաներից ոմանք բախվում են ծերության բերած դժվարություններին, վատառողջ են կամ հաշմանդամ։ Դրա հետևանքով գուցե իրենց անարժեք զգան ու մտածեն. «Արդյո՞ք դեռ պիտանի եմ Եհովային»։ 71-րդ սաղմոսը գրողը նման միտք արտահայտեց իր աղոթքում՝ ասելով. «Երբ ուժս պակասի, ինձ մի՛ լքիր» (Սաղ. 71։9, 18)։ Այդուհանդերձ, նա չկորցրեց համոզվածությունը այն բանում, որ եթե հավատարմորեն ծառայի Աստծուն, վերջինս կշարունակի առաջնորդել և աջակցել իրեն։ Սաղմոսերգուն հասկացել էր, որ Եհովան հավանում է նրանց, ովքեր, չնայած սահմանափակ կարողություններին, իրենց լավագույնն են անում իրեն ծառայելու համար (Սաղ. 37։23-25)։ Սիրելի՛ տարեցներ, ձեր իրավիճակին Եհովայի տեսանկյունից նայեք։ Նրա օգնությամբ դուք կարող եք հոգևորապես բարգավաճել, անգամ եթե ֆիզիկական տկարություններ ունեք (Սաղ. 92։12-15)։ Կենտրոնացեք ոչ թե այն բանի վրա, ինչ այլևս չեք կարողանում անել, այլ այն բանի, ինչ կարողանում եք։ w24.10, էջ 28, պրբ. 14-16
2 հուլիսի, հինգշաբթի
Կարելի՞ է կուռքերին զոհաբերված կերակուր ուտել։ Մենք գիտենք, որ կուռքը ոչինչ է (1 Կորնթ. 8։4)։
Ոչ հասուն քրիստոնյան հաճախ դժվարանում է ճիշտ որոշում կայացնել, երբ հայտնվում է այնպիսի իրավիճակում, որի վերաբերյալ աստվածաշնչյան կոնկրետ օրենք չկա, և հարկավոր է տրամաբանել աստվածաշնչյան սկզբունքների շուրջ։ Ոմանք գուցե մտածեն, որ եթե չկա աստվածաշնչյան կոնկրետ օրենք, կարող են անել այն, ինչ ուզում են։ Ոմանք էլ գուցե օրենք փնտրեն, անգամ երբ դրա կարիքը չկա։ Օրինակ՝ Կորնթոսում ապրող քրիստոնյաները թերևս ուզում էին, որ Պողոս առաքյալը օրենք սահմաներ կուռքերին զոհաբերված կերակուրը ուտելու հետ կապված։ Բայց Պողոսը նրանց չասաց՝ ինչպես վարվեն, փոխարենը՝ ընդգծեց խղճի դերը և այն փաստը, որ յուրաքանչյուր անհատ ընտրության իրավունք ունի։ Պողոսը այնպիսի սկզբունքների մասին խոսեց, որոնք կօգնեին նրանց, որ ունենային մաքուր խիղճ և ուրիշներին սայթաքելու առիթ չտային (1 Կորնթ. 8։7-9)։ Նա օգնեց կորնթացիներին հոգևորապես աճել, որ ուրիշներից կախում ունենալու կամ պարզապես օրենքներ փնտրելու փոխարեն գործի դնեին իրենց ըմբռնողականությունը։ w24.04, էջ 5, պրբ. 14
3 հուլիսի, ուրբաթ
Ես՝ Եհովաս, քննում եմ սրտերը.... որպեսզի ամեն մեկին հատուցեմ՝ ըստ իր արածի (Երեմ. 17։10)։
Հովնանի օրերում նինվեցիները զղջալու հնարավորություն ունեցան։ Բացի այդ՝ հիշենք, թե ինչ ասաց Հիսուսը «դատաստանի հարության» մասին։ «Դատաստանի հարություն» ստացած մարդկանց թվում լինելու են նրանք, «ովքեր չար գործեր են արել» (Հովհ. 5։29)։ Ինչպես երևում է, Սոդոմի և Գոմորի բնակիչների համար նույնպես ամեն բան կորած չէ։ Հնարավոր է՝ նրանցից ոմանք հարություն առնեն, և մենք առիթ ունենանք սովորեցնելու նրանց Եհովայի և Հիսուսի մասին։ Եհովան «քննում է սրտերը և զննում է խորունկ մտքերը»։ Ուստի ապագայում՝ մարդկանց հարություն տալիս, Եհովան «ամեն մեկին կհատուցի՝ ըստ իր արածի»։ Նա հաստատակամ կլինի, երբ անհրաժեշտ է, և գթասրտություն կդրսևորի, երբ հնարավոր է։ Ուստի մենք չպետք է պնդենք, թե որևէ մեկի համար հարության հույս չկա, եթե հաստատ չգիտենք, որ դա այդպես է, այսինքն՝ եթե Աստվածաշնչում կոնկրետ չի ասվում այդ մասին։ w24.05, էջ 5-6, պրբ. 15-16
4 հուլիսի, շաբաթ
Մի՛ վախեցիր, ես կօգնեմ քեզ (Ես. 41։13)։
Դարեր շարունակ Աստծու ծառաները դժվար հանձնարարություններ կատարելիս զորացել են Նրա խոսքով։ Նրանցից էր Երեմիա մարգարեն։ Երբ նա Աստծուց քարոզելու հանձնարարություն ստացավ, մտածում էր, որ չի կարողանա կատարել այն։ Նա ասաց. «Ախր ես խոսել չգիտեմ, դեռ պատանի եմ» (Երեմ. 1։6)։ Իսկ ինչպե՞ս մարգարեն վստահությամբ լցվեց, որ քարոզի։ Աստծու խոսքերը նրան ուժ տվեցին։ Երեմիան գրել է. «Այն ասես ոսկորներիս մեջ կողպված հուր լիներ» (Երեմ. 20։8, 9)։ Թեև Երեմիայի համար դժվար էր իրեն նշանակված տարածքում քարոզել, սակայն այն լուրը, որ նա պետք է հռչակեր, ուժ տվեց նրան, որ կատարի իր հանձնարարությունը։ Աստվածաշունչը զորացնում է քրիստոնյաներին։ Պողոս առաքյալը նշեց, որ ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերելը կմղի իր եղբայրներին «վարվել Եհովայի ծառաներին վայել կերպով» և «շարունակել պտուղ բերել» (Կող. 1։9, 10)։ w24.04, էջ 14-15, պրբ. 2-4
5 հուլիսի, կիրակի
Սադոկ քահանան.... օծեց Սողոմոնին (1 Թագ. 1։39)։
Սադոկը նվիրված մնաց Եհովային՝ չնայած քահանայապետ Աբիաթարը որոշել էր աջակցել Դավթի որդի Ադոնիային, ով ծրագրել էր զավթել գահը։ Դավիթը գիտեր, որ միշտ կարող է հույսը Սադոկի վրա դնել։ Երբ Ադոնիայի նենգ ծրագիրը բացահայտվեց, Դավիթը Սադոկին, Նաթանին և Բանեային խնդրեց, որ Սողոմոնին թագավոր օծեն (1 Թագ. 1։32-34)։ Սադոկի համար պետք է որ շատ քաջալերական լիներ իր աչքի առաջ ունենալ Նաթանի և Դավթի մյուս աջակիցների պես հավատարիմ մարդկանց օրինակներ։ Երբ Սողոմոնը թագավոր դարձավ, նա Աբիաթարի փոխարեն նշանակեց Սադոկ քահանային (1 Թագ. 2։35)։ Եթե մտերիմներիցդ մեկը որոշի թողնել Եհովային, հստակ արտահայտիր քո դիրքորոշումը (Հեսու 24։15)։ Այդպես վարվելու համար Եհովան կտա քեզ անհրաժեշտ ուժ և քաջություն։ Ապավինիր Եհովային՝ աղոթելով նրան և մտերիմ մնալով հավատակիցներիդ հետ։ Եհովան գնահատում է քո նվիրվածությունը և կվարձատրի քեզ դրա համար (2 Սամ. 22։26)։ w24.07, էջ 6-7, պրբ. 16-17
6 հուլիսի, երկուշաբթի
Չհանձնվենք ու շարունակենք ճիշտն անել (Գաղ. 6։9)։
Սաղմոս 15։2-ում ասվում է, որ Աստծու ընկերը «անարատությամբ է ընթանում [և] անում է այն, ինչ ճիշտ է»։ «Ընթանալ» և «անել» բայերը այստեղ շարունակական գործողություն են ցույց տալիս։ Իսկապես հնարավոր է անարատությամբ ընթանալ։ Թեև մենք անկատար ենք, բայց երբ մեր լավագույնն ենք անում Եհովային հնազանդվելու համար, նա մեզ անարատ է համարում։ Նվիրումն ու մկրտությունը Աստծու հետ ճամփորդության սկիզբն են միայն։ Աստվածաշնչյան ժամանակներում պարզապես իսրայելացի լինելը դեռ չէր նշանակում, որ անհատը Եհովայի հյուրն է։ Ոմանք կանչում էին Իսրայելի Աստծուն, բայց դա չէին անում «անկեղծությամբ և անարատությամբ» (Ես. 48։1)։ Մինչդեռ անկեղծ սիրտ ունեցող իսրայելացիները սովորում էին Եհովայի պահանջները և կատարում դրանք։ Նմանապես այսօր Աստծու հավանությունն ունենալու համար նվիրված լինելը և քրիստոնեական ժողովի հետ ընկերակցելը բավական չէ։ Հարկավոր է շարունակ «անել այն, ինչ ճիշտ է»։ w24.06, էջ 9, պրբ. 4; էջ 10, պրբ. 6
7 հուլիսի, երեքշաբթի
Ընդօրինակեք Աստծուն (Եփես. 5։1)։
Տեսնենք, թե ինչ կերպերով է Եհովան առատաձեռնություն դրսևորում։ Օրինակ՝ նա մեզ տալիս է նյութական բաներ։ Գուցե մենք ճոխ կյանքով չապրենք, բայց Եհովան հոգ է տանում, որ միշտ ունենանք այն, ինչ մեզ պետք է։ Օրինակ՝ նա մեզ ապահովում է սննդով, հագուստով և կացարանով (Սաղ. 4։8; Մատթ. 6։31-33; 1 Տիմոթ. 6։6-8)։ Արդյո՞ք Եհովան զուտ պարտավորության զգացումից ելնելով է հոգ տանում մեր ֆիզիկական կարիքների մասին։ Ամենևի՛ն։ Ուշադրություն դարձնենք Մատթեոս 6։25, 26 համարներում գրված Հիսուսի խոսքերին։ Նա թռչունների հետ կապված հետևյալն է ասում. «Նրանք ո՛չ ցանում են, ո՛չ հնձում, ո՛չ էլ ամբարում»։ Նկատի առնենք, թե ինչ է նա ասում հետո. «Բայց ձեր երկնային Հայրը կերակրում է նրանց»։ Այնուհետև Հիսուսն ավելացնում է. «Չէ՞ որ դուք նրանցից թանկ եք»։ Եթե նա հոգ է տանում կենդանիների մասին, կարող ենք համոզված լինել, որ հոգ կտանի նաև մեր մասին։ Սիրառատ հոր պես Եհովան հոգում է իր ընտանիքի կարիքները սիրուց մղված (Սաղ. 145։16; Մատթ. 6։32)։ w24.09, էջ 26-27, պրբ. 4-6
8 հուլիսի, չորեքշաբթի
Պատշաճ ձևով ծառայող տղամարդիկ լավ համբավ են ձեռք բերում և կարող են մեծ ազատությամբ խոսել.... իրենց հավատի մասին (1 Տիմոթ. 3։13)։
Ծառայող օգնականները մկրտված եղբայրներ են, որոնք նշանակվում են սուրբ ոգով, որպեսզի ժողովի հետ կապված տարբեր կարևոր գործերում աջակցեն երեցներին։ Այս եղբայրները առաջին հերթին հոգևոր մարդիկ են, ովքեր սիրում են Եհովային և ապրում են նրա արդար չափանիշներով։ Նրանք շատ են սիրում նաև իրենց եղբայրներին ու քույրերին (Մատթ. 22։37-39)։ Տեսնենք, թե եղբայրն ինչպես կարող է հասնել ծառայող օգնական դառնալու նպատակին։ Աստվածաշնչում գրված են այն պահանջները, որոնց պետք է համապատասխանեն ծառայող օգնական դառնալ ցանկացող եղբայրները (1 Տիմոթ. 3։8-10, 12)։ Եթե դու էլ ես ձգտում այս նպատակին, կարող ես ուսումնասիրել այդ սուրբգրային պահանջները և ջանքեր գործադրել, որ համապատասխանես դրանց։ Բայց մինչ այդ խորությամբ մտածիր, թե որն է ծառայող օգնական դառնալու քո շարժառիթը։ w24.11, էջ 14-15, պրբ. 4-5
9 հուլիսի, հինգշաբթի
Դուք.... ընդունել եք այն ոչ թե որպես մարդկանց խոսք, այլ որպես Աստծու խոսք (1 Թեսաղ. 2։13)։
Շատ մարդիկ են բազմիցս կարդացել Աստվածաշունչը։ Բայց արդյո՞ք նրանք հավատում են այն ամենին, ինչ գրված է այնտեղ։ Կիրառո՞ւմ են Աստվածաշնչի խորհուրդները կամ թույլ տալի՞ս են, որ դրանք փոխեն իրենց կյանքը։ Ցավոք, շատերն այդպես չեն վարվում։ Որքա՜ն է Եհովայի ժողովուրդը տարբերվում նրանցից։ Մենք ձգտում ենք աստվածաշնչյան խորհուրդները կիրառել մեր կյանքում։ Անշուշտ, Աստծու Խոսքը կարդալը և կիրառելը միշտ չէ, որ հեշտ է։ Գուցե դժվար լինի ժամանակ գտնել ընթերցանության համար կամ էլ հակված լինենք արագ ընթերցելու և չկարողանանք յուրացնել կարդացածը։ Հնարավոր է՝ վհատվենք այն մտքից, որ շատ փոփոխություններ անելու կարիք ունենք։ Սակայն այս բոլոր դժվարությունները հաղթահարելի են։ Եհովայի օգնությամբ մենք հաջողության կհասնենք։ Ուրեմն եկեք վճռենք լինել Խոսքը կատարողներ։ Անկասկած, որքան շատ կարդանք Աստծու Խոսքը և մեր սովորածը կիրառենք կյանքում, այնքան երջանիկ կլինենք (Հակ. 1։25)։ w24.09, էջ 7, պրբ. 15-16
10 հուլիսի, ուրբաթ
Շարունակեք խնդրել, և կտրվի ձեզ (Ղուկ. 11։9)։
Երբ մեր կյանքում ողբերգություն է լինում, Եհովան իր սուրբ ոգու միջոցով մխիթարում է մեզ։ Եթե դու էլ ես ծանր փորձության միջով անցնում, խոսիր Եհովայի հետ քո զգացումների մասին, և դա արա այնքան հաճախ և այնքան երկար, որքան ուզում ես (Սաղ. 86։3; 88։1)։ Շարունակ խնդրիր նրան, որ տա քեզ իր սուրբ ոգին, և համոզված եղիր, որ նա երբեք չի անտեսի քո խնդրանքները։ Ծանր փորձության միջով անցնելուց հետո քեզ ուժասպա՞ռ ես զգում։ Եթե այո, ապա սուրբ ոգին կարող է զորացնել քեզ, որ շարունակես հավատարմորեն պաշտել Եհովային (Եփես. 3։16)։ Եհովայից սուրբ ոգին խնդրելուց հետո ինչպե՞ս կարող ես խնդրանքիդ համաձայն վարվել։ Զբաղված եղիր այնպիսի գործերով, որոնց շնորհիվ Աստծու ոգին կգործի քեզ վրա։ Դրանց թվում են քարոզելն ու ժողովի հանդիպումներին հաճախելը։ Բացի այդ՝ միտքդ սնիր Եհովայի մտքերով՝ ամեն օր կարդալով նրա Խոսքը (Փիլիպ. 4։8, 9)։ Ընթերցելիս ուշադրություն դարձրու աստվածաշնչյան այն կերպարներին, որոնք փորձություններ են ունեցել, և մտածիր, թե ինչպես է Եհովան օգնել նրանց դիմանալ։ w24.10, էջ 9, պրբ. 12-14
11 հուլիսի, շաբաթ
Աստված այնքան շատ սիրեց աշխարհը (Հովհ. 3։16)։
Եհովայի և նրա Որդու պես մենք սիրում ենք մարդկանց (Առակ. 8։31)։ Մենք խոր կարեկցանք ենք զգում նրանց հանդեպ, ովքեր «առանց Աստծու» են և «առանց հույս» (Եփես. 2։12)։ Այդ մարդիկ խորտակվում են այս կյանքի հոգսերի խոր ջրերի մեջ։ Մենք կարող ենք նրանց օգնության ձեռք մեկնել՝ հայտնելով նրանց Աստծու Թագավորության մասին բարի լուրը, որն ասես փրկարարական բաճկոն լինի։ Այդ մարդկանց հանդեպ սերն ու կարեկցանքը մղում են մեզ, որ ամեն կերպ ձգտենք պատմել նրանց բարի լուրի մասին։ Այդ անգին լուրը կարող է նրանց հույսով լցնել, օգնել, որ կարողանան այսօրվա դրությամբ լավագույն կյանքով ապրել, և «իսկական կյանքի» հեռանկար տալ՝ Աստծու նոր աշխարհում հավիտյան ապրելու հեռանկար (1 Տիմոթ. 6։19)։ Մարդկանց հանդեպ սերը մղում է մեզ նաև նախազգուշացնել նրանց այս չար աշխարհի մոտալուտ կործանման մասին (Եզեկ. 33։7, 8)։ Մենք ուզում ենք, որ նրանք իմանան, թե ինչ է լինելու մեծ նեղության ժամանակ։ Կործանվելու է կեղծ կրոնը, որից հետո՝ Արմագեդոն պատերազմի ժամանակ, մնացած չար հասարակությունը (Հայտն. 16։14, 16; 17։16, 17; 19։11, 19, 20)։ w24.05, էջ 16, պրբ. 8-9
12 հուլիսի, կիրակի
Վրեժխնդիր մի՛ եղեք ձեր անձերի համար, սիրելինե՛ր, այլ թողեք, որ ձեր փոխարեն Աստված արտահայտի իր ցասումը, որովհետև գրված է. ««Ե՛ս եմ վրեժ առնողը։ Ե՛ս կհատուցեմ»,– ասում է Եհովան» (Հռոմ. 12։19)։
Պողոս առաքյալը քրիստոնյաներին հորդորեց «թողնել, որ [իրենց] փոխարեն Աստված արտահայտի իր ցասումը»։ Մենք կհետևենք այդ հորդորին, եթե թողնենք, որ նա՛ որոշի՝ երբ և ինչպես արդարություն հաստատել։ Ջոն անունով մի եղբայր, ով անարդար վերաբերմունքի է բախվել, ասում է. «Ես պայքարում էի, որ հանկարծ իմ ձևով չլուծեի խնդիրը։ Հռոմեացիներ 12։19-ը օգնեց ինձ սպասել Եհովային»։ Մենք միայն շահում ենք, երբ սպասում ենք Եհովային՝ թողնելով, որ նա՛ լուծում տա հարցին։ Այդպես վարվելով՝ ազատվում ենք խնդիրն ինքնուրույն լուծելու ծանր բեռից ու մեծ հոգսից։ Եհովան օգնության ձեռք է մեկնում մեզ։ Ըստ էության՝ նա ասում է. «Դա թող ինձ, ես ամեն բան կշտկեմ»։ Եթե վստահենք Եհովայի այս խոստմանը՝ «Ե՛ս կհատուցեմ», խնդիրը կհանձնենք նրան՝ համոզված լինելով, որ նա լավագույնս կլուծի այն։ w24.11, էջ 6, պրբ. 14-15
13 հուլիսի, երկուշաբթի
Տուր մեզ մեր օրվա համար անհրաժեշտ հացը (Ղուկ. 11։3)։
Նյութական բաները չպետք է մեր կյանքում ամենակարևոր տեղը զբաղեցնեն։ Պողոս առաքյալը հիշեցրեց այդ մասին քրիստոնյաներին, որոնք ապրում էին հրեական համակարգի կործանումից առաջ։ Նա հիշատակեց իսրայելացիների անցյալից որոշ իրադարձություններ, այդ թվում՝ Սինա լեռան մոտ տեղի ունեցած դեպքերը, և քրիստոնյաներին զգուշացրեց, որ «վատ բաներ չցանկանան, ինչպես [իսրայելացիները] ցանկացան» (1 Կորնթ. 10։6, 7, 11)։ Եհովան հրաշքով կերակուր էր տվել իսրայելացիներին, բայց նրանց ագահության պատճառով այն «վատ բան» դարձավ նրանց համար (Թվեր 11։4-6, 31-34)։ Իսկ Սինա լեռան մոտ, երբ ոսկե հորթին երկրպագություն էին մատուցում, նրանք տարվել էին կերուխում անելով և զվարճանալով, ինչից երևում է, որ նրանց ավելի շատ հետաքրքրում էին նման բաները, քան Եհովային հնազանդվելը (Ելք 32։4-6)։ Պողոսը, հնում ապրած հրեաների օրինակը բերելով, ուզում էր, որ այն նախազգուշացում լիներ քրիստոնյաների համար, որոնք ապրում էին 70 թ.-ին հրեական համակարգի կործանումից առաջ։ Այսօր մենք այս համակարգի կործանման շեմին ենք, ուստի անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Պողոսի տված խորհրդին։ w24.12, էջ 6, պրբ. 13
14 հուլիսի, երեքշաբթի
Ուրախացիր այն կնոջ հետ, ում հետ երիտասարդ տարիքում ես ամուսնացել (Առակ. 5։18)։
Եհովան «երջանիկ Աստված» է և ուզում է, որ մենք էլ երջանիկ լինենք (1 Տիմոթ. 1։11)։ Նա բազմաթիվ պարգևեր է տվել, որ հաճույք ստանանք կյանքից (Հակ. 1։17)։ Այդ պարգևներից մեկը ամուսնությունն է։ Ամուսնանալիս տղամարդն ու կինը խոստանում են սիրել, հարգել և փայփայել միմյանց։ Այդ ամուր կապը պահպանելը նրանց մեծ ուրախություն է բերում։ Ցավոք, այսօր աշխարհում շատ զույգեր անտեսում են հարսանիքի օրը տված իրենց խոստումը, ինչի պատճառով էլ երջանիկ չեն։ Սակայն ո՞րն է Եհովայի տեսակետն այն հարցի հետ կապված, թե ամուսինն ինչպես պետք է վերաբերվի իր կնոջը։ Եհովան ամուսիններին պատվիրել է պատիվ տալ իրենց կանանց։ Երբ ամուսինը բարությամբ ու սիրով է վերաբերվում իր կնոջը, պատիվ է տալիս նրան (1 Պետ. 3։7)։ w25.01, էջ 8, պրբ. 1-2; էջ 9, պրբ. 4-5
15 հուլիսի, չորեքշաբթի
Եհովան է ինձ օգնողը, ես չեմ վախենա (Եբր. 13։6)։
Անկասկած, Պողոս առաքյալի գրած նամակը օգնեց առաջին դարի քրիստոնյաներին պատրաստվել գալիք դժվարություններին։ Առաքյալը հորդորեց իր հավատակիցներին խորությամբ ուսումնասիրել Աստծու Խոսքը և ավելի լավ հասկանալ այն։ Այդպես վարվելը կօգներ նրանց տարբերել ճիշտը սխալից և մերժել այն ուսմունքները, որոնք կարող էին քայքայել իրենց հավատը։ Պողոսը նաև օգնեց նրանց ամրացնել իրենց հավատը, որպեսզի կարողանային առանց հապաղելու հետևել այն հրահանգներին, որ տալիս էին Հիսուսը և ժողովին առաջնորդող եղբայրները։ Բացի այդ՝ նա օգնեց նրանց դիմացկունություն զարգացնել՝ հորդորելով ճիշտ վերաբերմունք ունենալ փորձությունների հանդեպ և դրանք համարել մեր երկնային Հոր կողմից ուսուցանվելու լավ առիթ։ Եկեք մենք էլ կիրառենք այս սուրբգրային խորհուրդները։ Այդ դեպքում կկարողանանք հավատարմորեն դիմանալ մինչև վերջ (Եբր. 3։14)։ w24.09, էջ 12, պրբ. 17; էջ 13, պրբ. 19
16 հուլիսի, հինգշաբթի
Մենք սրբագործվեցինք շնորհիվ այն բանի, որ Հիսուս Քրիստոսը զոհաբերեց իր մարմինը մեկ անգամ և ընդմիշտ (Եբր. 10։10)։
Աստվածաշնչից իմանում ենք, որ փրկագինը այն գինն է, որը վճարվել է քավության և հաշտության համար։ Եհովայի տեսանկյունից՝ փրկագինը Ադամի կորցրածը վերականգնելու հիմք է տալիս։ Հիշենք, որ Ադամն ու Եվան կորցրին իրենց կատարյալ կյանքը, ինչպես նաև հավիտյան ապրելու հեռանկարը։ Ուստի փրկագինը պետք է համարժեք լիներ նրանց կորցրածին (1 Տիմոթ. 2։6)։ Այն կարող էր տրվել միայն չափահաս մարդու կողմից, ով 1) կլիներ կատարյալ, 2) կարող էր երկրի վրա հավիտյան ապրել և 3) պատրաստ կլիներ իր կյանքը տալու մեզ համար։ Իսկ ինչո՞ւ ենք ասում, որ Հիսուսը համապատասխանում էր փրկագինը տալու պահանջներին։ 1) Նա կատարյալ էր և «ոչ մի մեղք չգործեց» (1 Պետ. 2։22)։ 2) Դրա շնորհիվ նա կարող էր երկրի վրա հավիտյան ապրել։ 3) Նա պատրաստ էր իր կյանքը տալու մեզ համար (Եբր. 10։9)։ w25.02, էջ 4-5, պրբ. 11-12
17 հուլիսի, ուրբաթ
Աստված իր ոգին խնայելով չի տալիս (Հովհ. 3։34)։
Եհովան սիրում է քեզ և ուզում է, որ լինես նրա ընտանիքի անդամը՝ անկախ նրանից, թե մկրտության ճանապարհին ինչ խոչընդոտների ես բախվում։ Հիսուսն իր աշակերտներից ոմանց ասաց. «Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, այս սարին կասեք՝ «Այստեղից այնտեղ տեղափոխվիր», ու կտեղափոխվի, և ոչինչ անկարելի չի լինի ձեզ համար» (Մատթ. 17։20)։ Այս խոսքերը լսողները ընդամենը մի քանի տարի էր, ինչ Հիսուսի հետ էին, ուստի նրանց հավատը դեռ պետք է ամրանար։ Բայց Հիսուսը նրանց հավաստիացրեց, որ եթե բավականաչափ հավատ զարգացնեն, Եհովան կօգնի նրանց վերացնել իրենց ճանապարհին հանդիպած սարանման խոչընդոտները։ Եհովան քեզ էլ կօգնի նույնն անել։ Եթե տեսնում ես, որ ինչ-որ բան քեզ խանգարում է մկրտվել, անհապաղ քայլեր ձեռնարկիր, որ վերացնես այն։ Նվիրվիր Եհովային ու մկրտվիր։ Դա լավագույն որոշումն է, որ երբևէ կարող ես կայացնել։ w25.03, էջ 7, պրբ. 18-20
18 հուլիսի, շաբաթ
Եհովան իմ կողքին է, ես չեմ վախենա (Սաղ. 118։6)։
Մենք կարող ենք հաջողությամբ դիմագրավել մեր դժվարությունները, եթե հիշենք, որ կենդանի Աստված Եհովան պատրաստ է օգնելու մեզ։ Այս հարցում մեր վստահությունն ամրացնելու համար լավ կլինի՝ խորհրդածենք, թե ինչեր է նա արել անցյալում (Ես. 37։17, 33-37)։ Բացի այդ՝ jw.org կայքում կարող ես կարդալ կամ դիտել այնպիսի նյութեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է Եհովան աջակցում իր ծառաներին մեր օրերում։ Նաև հիշիր, թե ինչպես է Եհովան օգնել անձամբ քեզ։ Գուցե մտածես, թե նա առանձնահատուկ ոչինչ չի արել քեզ համար։ Բայց իրականությունն այն է, որ Եհովան շատ բաներ է արել քեզ համար։ Նա քեզ ձգել է դեպի իրեն և հնարավորություն է տվել դառնալու իր ընկերը (Հովհ. 6։44)։ Ուստի խնդրիր Եհովային, որ օգնի քեզ հիշել այն պահերը, երբ պատասխանել է քո աղոթքներին, երբ ճիշտ ժամանակին օգնության է հասել կամ հանել է քեզ դժվար իրավիճակից։ Այդպիսի դեպքերի մասին խորհրդածելը կամրացնի վստահությունդ այն բանում, որ Եհովան կշարունակի գործել հօգուտ քեզ։ w24.06, էջ 21, պրբ. 8
19 հուլիսի, կիրակի
Քանի որ բոլոր մարդիկ մեղավոր դարձան, մահը տարածվեց բոլորի վրա (Հռոմ. 5։12)։
Հնարավոր է՝ վճռել ենք չանել այնպիսի բան, ինչը կհեռացնի մեզ Եհովայից, բայց մենք անկատար ենք և հեշտությամբ կարող ենք տրվել գայթակղությանը (Հռոմ. 7։21-23)։ Անսպասելիորեն գուցե որևէ սխալ բան անելու գայթակղության առաջ կանգնենք։ Եթե ուզում ենք նվիրված մնալ Եհովային և նրա Որդուն, պետք է հետևենք զգոն մնալու վերաբերյալ Հիսուսի տված խորհրդին։ Մեղք գործելու գայթակղությանը բոլորս ենք բախվում, բայց մեզանից ամեն մեկը ունի իր թուլությունները։ Ուստի կան բաներ, որ հատկապես մեր դեպքում կարող են մեզ սխալ արարքների դրդել։ Օրինակ՝ որևէ մեկը գուցե պայքարում է սեռական անբարոյություն գործելու գայթակղության դեմ։ Մեկ ուրիշը խիստ հակվածություն ունի տրվելու անմաքուր սովորություններին, ինչպիսիք են ձեռնաշարժությունը կամ պոռնկագրություն դիտելը։ Ուրիշներն էլ գուցե պայքարում են մարդավախության, հպարտության, բռնկուն բնավորության կամ որևէ այլ բանի դեմ։ w24.07, էջ 14, պրբ. 3; էջ 15, պրբ. 5
20 հուլիսի, երկուշաբթի
Սրտանց ներեք ու մխիթարեք նրան, որ ծայրահեղ տխրությամբ չհամակվի ու չվհատվի (2 Կորնթ. 2։7)։
Պատկերացրու՝ ինչ կլիներ, եթե երեցները իսկապես զղջացող մարդուն թույլ չտային վերադառնալ ժողով, կամ եթե նրա վերադառնալուց հետո ժողովը սեր չցուցաբերեր նրա հանդեպ։ Այդ մարդը գուցե «ծայրահեղ տխրությամբ համակվեր» և մտածեր, որ անհույս վիճակում է։ Հնարավոր է՝ նա նույնիսկ հիասթափվեր և չփորձեր վերականգնել Աստծու հետ իր հարաբերությունները։ Դեռ ավելին, եթե հավատակիցները չցանկանային ներել զղջացող եղբորը, Եհովայի հետ իրենց իսկ հարաբերությունները կվտանգեին։ Ինչո՞ւ։ Քանի որ այդ դեպքում կընդօրինակեին ոչ թե Եհովային, ով ներողամիտ է, այլ Սատանային, ով դաժան է և անգութ։ Այդպիսով նրանք Սատանայի ձեռքում զենք կդառնային, որը նա կօգտագործեր այդ մարդուն հոգևորապես կործանելու համար (2 Կորնթ. 2։10, 11; Եփես. 4։27)։ w24.08, էջ 17, պրբ. 7, 10-11
21 հուլիսի, երեքշաբթի
Երբ նա վեր ելավ բարձունքը.... մարդկանց տվեց որպես պարգևներ (Եփես. 4։8)։
Հիսուս Քրիստոսը որոշ տղամարդկանց տվել էր «որպես պարգև»՝ ժողովին մեկ այլ կերպով ծառայելու համար։ Նրա առաջնորդությամբ Երուսաղեմում գտնվող երեցները Պողոսին, Բառնաբասին և այլ եղբայրների որպես շրջագայող վերակացուներ ուղարկեցին ժողովներ (Գործ. 11։22)։ Նրանք նշանակվել էին այն նույն նպատակով, ինչ երեցներն ու ծառայող օգնականները՝ ժողովները ամրացնելու համար (Գործ. 15։40, 41)։ Շրջանային վերակացուները անընդհատ տեղափոխվում են։ Ոմանք մի ժողովից մյուսը գնալու համար հարյուրավոր կիլոմետրեր են անցնում։ Շրջանային վերակացուն ամեն շաբաթ մի քանի ելույթ է ներկայացնում, հովվական այցեր է անում, հանդիպում է ռահվիրաների ու երեցների հետ, ինչպես նաև քարոզչական հանդիպումներ անցկացնում։ Նա ելույթներ է պատրաստում և կազմակերպում է շրջանային ու տարածաշրջանային համաժողովները։ Բացի այդ՝ դասավանդում է ռահվիրայական դպրոցներում, հատուկ հանդիպում է կազմակերպում շրջանի ռահվիրաների հետ և մասնաճյուղի կողմից նշանակված կարևոր, երբեմն նաև հրատապ հարցերով է զբաղվում։ w24.10, էջ 21, պրբ. 12-13
22 հուլիսի, չորեքշաբթի
Ես կներեմ նրանց անօրենությունը և նրանց մեղքն այլևս չեմ հիշի (Երեմ. 31։34)։
Այսօրվա խոսքում մեջբերված է Եհովայի խոսքերը, որ գրեց Երեմիա մարգարեն։ Իսկ Պողոսը մեջբերել է այս խոսքերը՝ գրելով. «Ես.... այլևս չեմ հիշի նրանց մեղքերը» (Եբր. 8։12)։ Ի՞նչ են այս խոսքերը նշանակում։ Աստվածաշնչում միշտ չէ, որ «հիշել» բառը օգտագործվում է անցյալում տեղի ունեցած որևէ բան մտաբերելու կամ դրա շուրջ մտածելու իմաստով։ Այն կարող է ունենալ նաև որևէ բան անելու իմաստ։ Օրինակ՝ Հիսուսի կողքին իր մահապատիժը կրող հանցագործը խնդրեց նրան՝ ասելով. «Հիսո՛ւս, հիշիր ինձ, երբ թագավոր դառնաս» (Ղուկ. 23։42, 43)։ Այս մարդը չէր խնդրում, որ Հիսուսը ապագայում պարզապես մտածեր իր մասին։ Հիսուսի պատասխանից տեսնում ենք, որ նա պատրաստվում էր որոշակի գործողություն անել՝ հարություն տալ այդ հանցագործին։ Ուստի երբ Եհովան ասում է, որ այլևս չի հիշելու մեր մեղքերը, նկատի ունի, որ որևէ քայլ չի ձեռնարկելու մեր դեմ։ Ապագայում նա չի պատժելու մեզ այն մեղքերի համար, որոնք արդեն ներել է։ w25.02, էջ 10-11, պրբ. 14-15
23 հուլիսի, հինգշաբթի
Ամենասուրբի մասին գիտելիքները հասկացողություն են տալիս (Առակ. 9։10)։
Մենք կարող ենք իսկական հասկացողություն ձեռք բերել՝ իմանալով Եհովայի հատկությունների, նպատակի, ինչպես նաև այն մասին, թե նա ինչ է սիրում և ինչ է ատում։ Հարցրու ինքդ քեզ. «Եհովայի մասին ունեցած գիտելիքներիս հիման վրա ինչպե՞ս կարող եմ նրան հաճելի որոշում կայացնել» (Եփես. 5։17)։ Եհովային հաճեցնելու համար երբեմն ստիպված ենք հիասթափեցնել մեր մտերիմներին։ Օրինակ՝ որոշ ծնողներ, լավ միտումներից ելնելով, գուցե իրենց աղջկան ստիպեն ամուսնանալ մեկի հետ, ով ունևոր է, նույնիսկ եթե վերջինս հոգևորապես ամուր չէ։ Ճիշտ է, նրանք թերևս ուզում են, որ իրենց աղջիկը ֆինանսապես ապահովված լինի, բայց այդ դեպքում ո՞վ կօգնի նրան շարունակել հոգևորապես առաջադիմել։ Ո՞րն է Եհովայի տեսակետը այս իրավիճակի վերաբերյալ։ Մատթեոս 6։33-ում քրիստոնյաներին հորդոր է տրվում «առաջին տեղում դնել Աստծու թագավորությունը»։ Մենք անշուշտ պատվում ենք մեր ծնողներին և հարգում ենք մեր շրջապատի մարդկանց, բայց մեզ համար ամենակարևորը Եհովային ուրախացնելն է։ w25.01, էջ 17, պրբ. 9-10
24 հուլիսի, ուրբաթ
Տերն իմ կողքին էր և զորություն տվեց (2 Տիմոթ. 4։17)։
Հալածանքների ներքո եռանդով քարոզելու համար մենք Եհովայի օգնության կարիքն ունենք (Հայտն. 12։17)։ Ուշադրություն դարձնենք Հովհաննես 17-րդ գլխում գրված Հիսուսի աղոթքին։ Նա Եհովային խնդրեց հոգ տանել իր առաքյալների համար, ու Եհովան պատասխանեց նրա աղոթքին։ «Գործեր» գրքում կարդում ենք, թե ինչպես նա օգնեց առաքյալներին նախանձախնդրորեն քարոզել՝ չնայած հակառակությանը։ Իր աղոթքում Հիսուսը Եհովային խնդրեց օգնել նաև այն մարդկանց, ովքեր կհավատային առաքյալների հայտնած լուրին։ Դու նույնպես նրանց թվում ես։ Եհովան շարունակում է պատասխանել Հիսուսի աղոթքին. վստահ եղիր, որ Եհովան քեզ էլ կօգնի, ճիշտ ինչպես օգնեց առաքյալներին (Հովհ. 17։11, 15, 20)։ Նույնիսկ եթե բարի լուրը եռանդով քարոզելը գնալով ավելի դժվարանա, միևնույն է, մենք կստանանք անհրաժեշտ օգնությունը (Ղուկ. 21։12-15)։ w25.03, էջ 18, պրբ. 13-14
25 հուլիսի, շաբաթ
Իմ ծառաները.... ուրախ կբացականչեն (Ես. 65։14)։
Աստծու ծառաները «ուրախ բացականչում են», քանի որ նրանց սիրտը լցված է երախտագիտությամբ։ Աստվածաշնչում գրված հավատ զորացնող ճշմարտությունները, մխիթարական խոստումները և քավիչ զոհի վրա հիմնված մեր ամուր հույսը մեզ բերկրանքով են լցնում։ Իսկ երբ այս ամենի մասին խոսում ենք, մեր ուրախությունը կրկնապատկվում է (Սաղ. 34։8; 133։1-3)։ Եհովայի ժողովրդի մեջ տիրող սերն ու միասնությունը հոգևոր դրախտը բնորոշող երկու հիմնական առանձնահատկություններն են։ Տեսնելով այդ միասնությունը՝ մենք պատկերացում ենք կազմում, թե ինչպիսին է լինելու կյանքը նոր աշխարհում, որտեղ Եհովայի ծառաները ավելի մեծ սեր ու միասնություն են վայելելու (Կող. 3։14)։ Ցանկացած մեկը, ով ուզում է երջանիկ ու բավարարված կյանք ունենալ, պետք է Եհովայի ժողովրդի հետ լինի՝ հոգևոր դրախտում։ Եվ չնայած այս աշխարհը բացասական կարծիք ունի Եհովայի ծառաների մասին՝ կարևորն այն է, որ նրանք լավ համբավ ունեն Եհովայի մոտ և նրա տիեզերական ընտանիքում (Ես. 65։15)։ w24.04, էջ 21, պրբ. 7-8
26 հուլիսի, կիրակի
Շարունակեք.... զորացնել միմյանց (1 Թեսաղ. 5։11)։
Ինչպե՞ս կարող ենք աջակցել այն ամուրիներին, ովքեր ուզում են ամուսնանալ։ Կերպերից մեկը մեր խոսքերում զգույշ լինելն է (Եփես. 4։29)։ Լավ կլինի՝ մտածենք հետևյալ հարցերի շուրջ. «Արդյո՞ք զգույշ եմ, որ չանեմ այնպիսի հումորներ, որոնք ցավ կպատճառեն ամուսնանալ ցանկացողներին կամ ճնշում կբանեցնեն նրանց վրա։ Երբ տեսնում եմ, որ հակառակ սեռի երկու ամուրի զրուցում են, արդյո՞ք եզրակացնում եմ, որ նրանց մեջ ինչ-որ բան կա» (1 Տիմոթ. 5։13)։ Բացի այդ՝ ամուրի քրիստոնյաների հետ շփվելիս պետք է զգույշ լինենք, որ հանկարծ այնպիսի տպավորություն չստեղծենք, թե նրանք ինչ-որ առումով թերի են։ Շատ ավելի լավ կլինի, որ դրա փոխարեն ամուրի քրիստոնյաներին գովելու առիթներ փնտրենք։ Իսկ ի՞նչ կարող ենք անել, երբ կարծում ենք, որ որևէ եղբայր ու քույր համապատասխան զույգ կլինեն։ Աստվածաշունչը հորդորում է մեզ հաշվի առնել ուրիշների զգացմունքները (Հռոմ. 15։2)։ Շատ ամուրիներ չեն ուզում, որ ինչ-որ մեկը իրենց ծանոթացնի հավանական թեկնածուի հետ, և մենք պետք է հարգենք նրանց ցանկությունը (2 Թեսաղ. 3։11)։ Ուրիշներն էլ գուցե ցանկանան, որ իրենց օգնենք, բայց մենք չպետք է խառնվենք, քանի դեռ մեզ չեն խնդրել (Առակ. 3։27)։ w24.05, էջ 24-25, պրբ. 14-15
27 հուլիսի, երկուշաբթի
Թշնամու վեմը նման չէ Իսրայելի Վեմին (2 Օրենք 32։31)։
Այս աշխարհում մենք բախվում ենք անսպասելի դժվարությունների, որոնք կարող են խաթարել մեր կյանքի բնականոն ռիթմը և նույնիսկ ամբողջությամբ տակնուվրա անել մեր կյանքը։ Մենք անչափ շնորհակալ ենք Եհովա Աստծուն, որ օգնության համար կարող ենք դիմել իրեն։ Ամեն անգամ, երբ տեսնում ենք, որ նա աջակցում է մեզ, հավաստիանում ենք Դավթի հետևյալ խոսքերի ճշմարտացիության մեջ. «Կենդանի.... է Եհովան» (Սաղ. 18։46)։ Սակայն այս խոսքերից անմիջապես հետո Դավիթն Աստծուն կոչում է «իմ Վեմ»։ Բայց ինչո՞ւ է նա Եհովային՝ կենդանի Աստծուն, նմանեցնում անշունչ ժայռի։ Աստվածաշնչում Եհովան նկարագրվում է որպես վեմ։ Այս համեմատությունը օգնում է մեզ ավելի լավ հասկանալ նրա հատկությունները։ Այն հաճախ հանդիպում է այնպիսի հատվածներում, որտեղ Եհովան փառաբանվում է որպես հավասարը չունեցող Աստված։ Առաջին անգամ Եհովան «Վեմ» է կոչվում 2 Օրենք 32։4-ում։ Աստվածաշնչյան մեկ այլ արձանագրության մեջ կարդում ենք Աննայի աղոթքը, որտեղ նա ասում է. «Մեր Աստծու նման վեմ չկա» (1 Սամ. 2։2)։ Ամբակումը Եհովային դիմում է՝ ասելով. «Իմ Վեմ» (Ամբ. 1։12)։ Իսկ 73-րդ սաղմոսը գրողը Աստծուն կոչում է «ժայռ իմ սրտի համար» (Սաղ. 73։26)։ Նույնիսկ Եհովան է ինքն իրեն կոչում վեմ (Ես. 44։8)։ w24.06, էջ 26, պրբ. 1, 3
28 հուլիսի, երեքշաբթի
Հովսափատը.... ամբողջ սրտով Եհովային էր ծառայում (2 Տար. 22։9)։
Եհովայի հաճությունը վայելող Իսրայելի թագավորները պաշտում էին նրան ամբողջ սրտով։ Հովսիայի մասին Աստվածաշունչը հետևյալն է ասում. «Հովսիայից առաջ նրա նման թագավոր չէր եղել, որ վերադառնար Եհովայի մոտ.... իր ամբողջ սրտով» (2 Թագ. 23։25)։ Իսկ ի՞նչ կարող ենք ասել Սողոմոնի մասին, ով իր կյանքի վերջում վատ գործեր արեց։ «Նրա սիրտն այլևս ամբողջությամբ իր Աստված Եհովայի հետ չէր» (1 Թագ. 11։4)։ Մեկ այլ անհավատարիմ թագավորի՝ Աբիամի մասին Աստվածաշունչն ասում է. «Նրա սիրտը ամբողջությամբ իր Աստված Եհովայի հետ չէր» (1 Թագ. 15։3)։ Աստվածաշնչում «սիրտ» բառը հաճախ վերաբերում է մարդու ներքին էությանը։ Այն ընդգրկում է նրա ցանկությունները, մտքերը, տրամադրվածությունը, մտածելակերպը, ունակությունները, մղումներն ու նպատակները։ Այդ դեպքում ի՞նչ է նշանակում ծառայել Եհովային ամբողջ սրտով։ Այն անհատը, ում սիրտը ամբողջությամբ Եհովայի հետ է, նրան մեխանիկորեն չի պաշտում։ Նա ծառայում է Աստծուն՝ սիրուց և նվիրվածությունից մղված։ w24.07, էջ 21, պրբ. 4-5
29 հուլիսի, չորեքշաբթի
Իմ բոլոր սխալները ջնջիր (Սաղ. 51։9)։
Եհովան պատկերավոր կերպով նկարագրում է, թե ինչպես է ջնջում մեր մեղքերը։ Նա ասում է. «Ես կջնջեմ քո օրինազանցությունները, դրանք ամպով կծածկեմ, քո մեղքերը խիտ մշուշով կպատեմ» (Ես. 44։22)։ Երբ Եհովան ներում է մեզ, ասես խիտ մշուշով ծածկում է մեր սխալ արարքները, որպեսզի ո՛չ ինքը տեսնի դրանք, ո՛չ էլ՝ մենք։ Երբ Եհովան ներում է մեր մեղքերը, մենք այլևս չպետք է մեզ մեղավոր զգանք։ Հիսուս Քրիստոսի արյան միջոցով մեր «պարտքերը» ամբողջությամբ չեղարկվում են, և ջնջվում է անգամ դրանց վերաբերյալ արձանագրությունը։ Ահա այսպիսին է իսկական ներողամտությունը, որը Եհովան դրսևորում է նրանց հանդեպ, ովքեր զղջում են իրենց մեղքերի համար։ Իր գթասրտության շնորհիվ Եհովան վերականգնում է մեզ հետ մտերմությունը, ինչն էլ օգնում է շարունակ մեղքի զգացում չունենալ։ w25.02, էջ 10, պրբ. 11-14
30 հուլիսի, հինգշաբթի
Իր բարությամբ [Աստված] օգնում է քեզ զղջալ (Հռոմ. 2։4)։
Երեցներից կազմված կոմիտեներում ծառայող եղբայրները Եհովայի առաջ պատասխանատվություն ունեն մաքուր պահելու ժողովը (1 Կորնթ. 5։7)։ Միևնույն ժամանակ, սակայն, երեցները ցանկանում են մեղք գործած քրիստոնյային մղել զղջալու, եթե դա հնարավոր է։ Ուստի այդ մարդու հետ հանդիպումների ժամանակ նրանք դրական տրամադրվածություն են պահպանում և լիահույս են, որ նա կփոխվի։ Նրանք այդպես են վարվում, քանի որ ցանկանում են ընդօրինակել Եհովային, ով «անչափ գորովալից է ու գթառատ» (Հակ. 5։11)։ Ուշադրություն դարձնենք, թե ինչպես տարեց Հովհաննես առաքյալը նման ոգի դրսևորեց։ Նա գրեց. «Սիրելի՛ զավակներ, գրում եմ ձեզ այս բաները, որպեսզի դուք մեղք չգործեք։ Սակայն եթե մեկը մեղք գործի, Հոր մոտ օգնական ունենք. դա Հիսուս Քրիստոսն է՝ արդարը» (1 Հովհ. 2։1)։ Ցավոք, երբեմն որոշ քրիստոնյաներ չեն զղջում։ Այդ դեպքում նրանք պետք է հեռացվեն ժողովից։ w24.08, էջ 25, պրբ. 19-20
31 հուլիսի, ուրբաթ
Հավատի մեջ հաստատուն եղեք (1 Կորնթ. 16։13)։
Գուցե սկսես համեմատել քո արածը ուրիշների արածի հետ։ Բայց պետք չէ այդպես վարվել, քանի որ Եհովան նման համեմատություններ չի անում (Գաղ. 6։4)։ Հիշենք, որ Մարիամը Հիսուսին թանկարժեք անուշահոտ յուղով օծեց (Հովհ. 12։3-5)։ Մինչդեռ կարիքավոր այրին չնչին արժողության երկու փոքր մետաղադրամ զոհաբերեց տաճարում (Ղուկ. 21։1-4)։ Բայց Հիսուսը այդ երկու նվերներն էլ հավատի դրսևորում համարեց։ Նրա Հայրը՝ Եհովան, թանկ է գնահատում ցանկացած բան, որ անում ես նրա հանդեպ սիրուց ու նվիրվածությունից մղված՝ անկախ նրանից, թե որքան չնչին գուցե թվա քեզ քո արածը։ Բոլորս էլ երբեմն կասկածներ ունենում ենք։ Բայց Աստծու Խոսքը, որում գրվածը ճշմարտություն է, կարող է օգնել մեզ փարատել դրանք։ Թող վհատությունդ փոխարինվի վստահությամբ։ Եհովան, անշուշտ, նկատում է քեզ և լավ է ճանաչում։ Նա թանկ է համարում քո արած զոհողությունները և անպայման կվարձատրի քեզ։ Եհովան սիրում է իր նվիրված ծառաներից յուրաքանչյուրին և հոգ է տանում նրանց մասին։ w24.10, էջ 25, պրբ. 3; էջ 29, պրբ. 17-18