Հունիս
1 հունիսի, երկուշաբթի
Ո՛վ Եհովա, դու բարի ես ու ներողամիտ (Սաղ. 86։5)։
Մենք արդեն իսկ օգուտներ ենք ստանում Քրիստոսի քավիչ զոհից։ Օրինակ՝ այդ զոհի հիման վրա Եհովան ներում է մեր մեղքերը։ Իրականում Եհովան պարտավոր չէ մեզ ներել, բայց նա ուզում է այդպես վարվել (Սաղ. 103։3, 10-13)։ Ոմանք գուցե մտածեն, որ արժանի չեն Եհովայի ներմանը։ Փաստն այն է, որ ոչ մեկս էլ արժանի չէ դրան։ Պողոս առաքյալը հասկանում էր, որ «արժանի էլ չէ առաքյալ կոչվելու», սակայն ասաց. «Աստծու անզուգական բարության շնորհիվ ես այն եմ, ինչ կամ» (1 Կորնթ. 15։9, 10)։ Երբ մենք զղջում ենք մեր մեղքերի համար, Եհովան ներում է մեզ։ Նա ներում է ոչ թե այն պատճառով, որ արժանի ենք, այլ քանի որ սիրում է մեզ։ Եթե քեզ տանջում է անարժեքության զգացումը, հիշիր, որ Եհովան փրկագինը տվել է ոչ թե անմեղ մարդկանց համար, այլ զղջացող մեղավորների (Ղուկ. 5։32; 1 Տիմոթ. 1։15)։ w25.01, էջ 26-27, պրբ. 3-4
2 հունիսի, երեքշաբթի
Բարի մարդուն իր բարությունը օգուտ է բերում, բայց դաժան մարդը փորձանք է բերում իր վրա (Առակ. 11։17)։
Մենք չենք կարող վերահսկել ուրիշների խոսքերն ու գործերը, բայց կարող ենք վերահսկել դրանց հանդեպ մեր արձագանքը։ Հաճախ լավագույն արձագանքը ներելն է։ Քանի որ սիրում ենք Եհովային, իսկ նա ուզում է, որ ներողամիտ լինենք։ Եթե զայրացած մնանք և չներենք դիմացինին, հնարավոր է՝ անմտածված գործենք և նույնիսկ վնասենք մեր առողջությունը (Առակ. 14։17, 29, 30)։ Երբ ազատվում ենք վիրավորանքի զգացումից, թույլ չենք տալիս, որ դառնության զգացումը բույն դնի մեր սրտում։ Այդպես վարվելը օգտակար է, քանի որ շարունակում ենք առաջ շարժվել և կրկին վայելել կյանքը։ Հիշիր, որ ժամանակը կարող է բուժել վերքերը։ Դա վիրավորանքի զգացումից ազատվելու կերպերից մեկն է։ Ինչպես ֆիզիկական լուրջ վնասվածք ստացած մարդուն ժամանակ է պետք բուժում ստանալուց հետո ապաքինվելու համար, այնպես էլ զգացապես բուժվելու համար է ժամանակ պետք, որ պատրաստ լինենք սրտանց ներելու (Ժող. 3։3; 1 Պետ. 1։22)։ Աղոթիր Եհովային, որ օգնի քեզ ներողամիտ լինել։ w25.02, էջ 16-17, պրբ. 8-11
3 հունիսի, չորեքշաբթի
Պինդ կերակուրը հասուն մարդկանց համար է (Եբր. 5։14)։
Քրիստոնեության տարրական ուսմունքներից են՝ մեղքերի համար զղջումը, հավատը, մկրտությունը և հարությունը (Եբր. 6։1, 2)։ Նման ուսմունքները քրիստոնեության հիմքն են։ Դա էր պատճառը, որ Պենտեկոստեի ժամանակ հավաքված ամբոխին քարոզելիս Պետրոս առաքյալը խոսեց դրանց մասին (Գործ. 2։32-35, 38)։ Քրիստոսի աշակերտ դառնալու համար այդ ուսմունքներն ընդունելը պարտադիր պայման է։ Պողոսը հստակ ցույց տվեց, որ ով մերժում է հարության ուսմունքը, չի կարող ասել, որ ճշմարիտ քրիստոնյա է (1 Կորնթ. 15։12-14)։ Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է սահմանափակվենք ճշմարտության մասին տարրական գիտելիքներով։ Ի տարբերություն հիմնական ուսմունքների՝ հոգևոր պինդ կերակուրի մեջ մտնում են ոչ միայն Եհովայի տված օրենքները, այլ նաև սկզբունքները, որոնք օգնում են մեզ հասկանալ նրա մտածելակերպը։ Այդ կերակուրից օգուտներ ստանալու համար մենք պետք է ուսումնասիրենք Աստծու Խոսքը, խորհրդածենք դրա շուրջ և ամեն կերպ ձգտենք կիրառել մեր սովորածը։ Եթե այդպես վարվենք, կսովորենք կայացնել այնպիսի որոշումներ, որոնք հաճելի կլինեն Եհովային։ w24.04, էջ 5, պրբ. 12-13
4 հունիսի, հինգշաբթի
Նինվեցիները Դատաստանի ժամանակ հարություն կառնեն (Մատթ. 12։41)։
Եհովան Հովնանին հիշեցրեց, որ նինվեցիները «ճիշտը սխալից չեն տարբերում» (Հովն. 1։1, 2; 3։10; 4։9-11)։ Հետագայում Հիսուսն այս օրինակը օգտագործեց, որպեսզի սովորեցնի մարդկանց Եհովայի արդարության և ողորմածության մասին։ Ի՞նչ են նշանակում Հիսուսի խոսքերը։ Հիսուսը խոսում էր «դատաստանի հարության» մասին (Հովհ. 5։29)։ Դա լինելու է ապագայում՝ Հիսուսի Հազարամյա Իշխանության ընթացքում, երբ «թե՛ արդարների և թե՛ անարդարների» հարություն լինի (Գործ. 24։15)։ Անարդարները «դատաստանի հարություն» կստանան։ Այսինքն՝ Եհովան և Հիսուսը ուշադրություն կդարձնեն նրանց վարքին և կտեսնեն, թե նրանք ինչպես են կիրառում այն ամենը, ինչ սովորում են հարություն առնելուց հետո։ Եթե հարություն առած որևէ նինվեցի չցանկանա միանալ մաքուր երկրպագությանը, մահվան կդատապարտվի (Ես. 65։20)։ Բայց նրանք, ովքեր կորոշեն հավատարմորեն ծառայել Եհովային, հավիտյան ապրելու հնարավորություն կստանան (Դան. 12։2)։ w24.05, էջ 5, պրբ. 13-14
5 հունիսի, ուրբաթ
Մարդու Որդին եկել է կորածներին փնտրելու և փրկելու (Ղուկ. 19։10)։
Հիսուսը կատարելապես արտացոլում էր իր Հոր գթասրտությունը (Հովհ. 14։9)։ Նա խոսքով ու գործով ցույց էր տալիս, որ իր կարեկից ու գթառատ Հայրը սիրում է մարդկանց և ցանկանում է օգնել նրանց բոլորին, որ հաղթանակ տանեն մեղքի դեմ պայքարում։ Հիսուսը օգնում էր մեղավոր մարդկանց, որ մղվեն փոխելու իրենց կյանքը և հետևեն իրեն (Ղուկ. 5։27, 28)։ Նա գիտեր, թե իր հետ ինչ է լինելու ապագայում։ Իր հետևորդներին նա բազմիցս ասել էր, որ իրեն մատնելու էին և սյան վրա մահապատժի էին ենթարկելու (Մատթ. 17։22; 20։18, 19)։ Նա գիտեր, որ իր զոհագործությամբ վերացնելու է աշխարհի մեղքը։ Բացի այդ՝ Հիսուսը սովորեցնում էր, որ իր կյանքը զոհաբերելուց հետո «ամեն տեսակ մարդկանց դեպի իրեն էր ձգելու» (Հովհ. 12։32)։ Այդուհետ մեղավոր մարդիկ կարողանալու էին հաճեցնել Եհովային՝ Հիսուսին ընդունելով որպես իրենց Տիրոջ և հետևելով նրա հետքերին։ Այդպես վարվելով՝ նրանք ի վերջո «ազատվելու էին մեղքից» (Հռոմ. 6։14, 18, 22; Հովհ. 8։32)։ Դա էր պատճառը, որ Հիսուսը պատրաստակամորեն և քաջաբար զոհեց իր կյանքը՝ տանջալից մահ ճաշակելով (Հովհ. 10։17, 18)։ w24.08, էջ 5, պրբ. 11-12
6 հունիսի, շաբաթ
Բոլոր ազգերի մեջ նախ բարի լուրը պետք է քարոզվի (Մարկ. 13։10)։
Հիշիր, թե ինչ զգացիր, երբ Աստծու Խոսքից իմացար ճշմարտությունը։ Դու տեսար, որ քո երկնային Հայրը սիրում է քեզ, ուզում է, որ դառնաս իր ընտանիքի մի մասը, խոստանում է վերացնել ցավն ու տառապանքը, ինչպես նաև նոր աշխարհում հարություն տալ քո մահացած հարազատներին, և սա դեռ ամենը չէ (Մարկ. 10։29, 30; Հովհ. 5։28, 29; Հռոմ. 8։38, 39; Հայտն. 21։3, 4)։ Այս թանկ ճշմարտությունները քո սիրտը ջերմությամբ լցրին (Ղուկ. 24։32)։ Դու սիրեցիր դրանք և մղվեցիր պատմելու դրանց մասին ուրիշներին (համեմատիր Երեմիա 20։9)։ Երբ աստվածաշնչյան ճշմարտության հանդեպ սերը արմատներ է գցում մեր սրտում, մենք չենք կարողանում լուռ մնալ (Ղուկ. 6։45)։ Մենք նույն զգացումներն ենք ունենում, ինչ Հիսուսի աշակերտները, որոնք ասացին. «Մենք չենք կարող չխոսել մեր տեսածի ու լսածի մասին» (Գործ. 4։20)։ Ճշմարտության հանդեպ խոր սիրուց մղված՝ մենք ցանկանում ենք այն հայտնել հնարավորինս շատերին։ w24.05, էջ 15, պրբ. 5; էջ 16 պրբ. 7
7 հունիսի, կիրակի
Ծառայեք Եհովային ուրախությամբ (Սաղ. 100։2)։
Մենք քարոզում ենք բարի լուրը, քանի որ սիրում ենք մեր երկնային Հորը և ուզում ենք՝ ուրիշներն էլ իմանան նրա մասին։ Բայց ոմանք ուրախություն չեն ստանում քարոզչական գործից։ Թերևս պատճառն այն է, որ նրանք շատ ամաչկոտ են կամ անվստահ։ Ոմանք էլ անհարմար են զգում առանց հրավերի մարդկանց տուն գնալ կամ վատ են զգում այն մտքից, որ իրենց հայտնած լուրը կմերժեն։ Մյուսներն էլ գուցե փոքրուց սովորել են հեռու մնալ կոնֆլիկտային իրավիճակներից։ Անծանոթ մարդկանց բարի լուրը հայտնելը շատ դժվար է մեր այս հավատակիցների համար։ Եթե քեզ համար էլ է երբեմն դժվար ուրախությամբ մասնակցել ծառայությանը, մի՛ վհատվիր։ Ծառայության ժամանակ անվստահության զգացում ունենալը թերևս խոնարհության նշան է և ցույց է տալիս, որ չես ցանկանում հայտնվել ուշադրության կենտրոնում ու վիճաբանել մարդկանց հետ։ Մերժված լինելու զգացումը ոչ ոքի էլ հաճելի չէ, հատկապես երբ ուզում ես լավ բան անել ուրիշների համար, և նրանք չեն ընդունում դա։ Բայց հիշիր, որ քո երկնային Հայրը լիովին ապրումակցում է քեզ և ցանկանում է օգնել (Ես. 41։13)։ w24.04, էջ 14, պրբ. 1-2
8 հունիսի, երկուշաբթի
Իմաստությունը համեստների հետ է (Առակ. 11։2)։
Աստվածաշունչը կարդալիս բոլոր խորհուրդները միանգամից կիրառելու փոխարեն կենտրոնացիր դրանցից մի քանիսի վրա։ Փորձիր հետևյալը. նախ՝ գրի առ բոլոր այն բաները, որոնց վրա պետք է աշխատես, հետո՝ ընտրիր դրանցից մեկը կամ երկուսը, իսկ մնացածը թող հետագայի համար։ Տեսնենք, թե ինչից արժե սկսել։ Գուցե սկսես այն նպատակից, որին հասնելը հեշտ է, կամ էլ աշխատես այն ոլորտի վրա, որում ամենաշատն ես կաղում։ Երբ որոշես, թե որ նպատակից ես ուզում սկսել, փնտրտուքներ արա մեր հրատարակություններում։ Աղոթիր Եհովային՝ նրանից խնդրելով «գործելու թե՛ ցանկություն, թե՛ ուժ» (Փիլիպ. 2։13)։ Այնուհետև կիրառիր սովորածդ։ Առաջին նպատակիդ հասնելուց հետո դու թերևս ավելի շատ մղիչ ուժ կունենաս քո մյուս նպատակին հասնելու համար։ Երբ բարելավումներ ես անում քրիստոնեական կյանքին առնչվող որևէ ոլորտում կամ ինչ-որ հատկություն ես մշակում, ավելի հեշտ է լինում կատարել մյուս անհրաժեշտ փոփոխությունները։ w24.09, էջ 6, պրբ. 13-14
9 հունիսի, երեքշաբթի
Դուք ամեն բան պատշաճ կերպով արեցիք, որ լուծեք այդ հարցը (2 Կորնթ. 7։11)։
Ի՞նչ կարող ես անել, եթե քեզ անհանգստացնում է այն միտքը, որ քո սխալների պատճառով տուժել են ուրիշները։ Ամեն կերպ ձգտիր շտկել իրավիճակը, ինչպես նաև անկեղծորեն ներողություն խնդրիր։ Աղոթիր Եհովային, որ օգնության ձեռք մեկնի նրանց, ում ցավ ես պատճառել։ Նա կարող է օգնել ձեզ բոլորիդ, որ շարունակեք ծառայել իրեն և վերագտնեք ձեր մտքի խաղաղությունը։ Սովորիր քո սխալներից և թույլ տուր, որ Եհովան քո միջոցով իրագործի իր կամքը։ Երբ Եհովան Հովնան մարգարեին պատվիրեց գնալ Նինվե, նա փախուստի դիմեց և գնաց հակառակ ուղղությամբ։ Երբ Եհովան խրատեց Հովնանին, նա դասեր քաղեց իր սխալից (Հովն. 1։1-4, 15-17; 2։7-10)։ Եհովան հույսը չկտրեց իր ծառայից և նրան ևս մի հնարավորություն տվեց՝ կրկին ուղարկելով Նինվե։ Այս անգամ մարգարեն անմիջապես հնազանդվեց։ Հովնանը թույլ չտվեց, որ իր սխալը պատճառ դառնա, որ ինքը չկատարի Եհովայի տված հանձնարարությունը (Հովն. 3։1-3)։ w24.10, էջ 8-9, պրբ. 10-11
10 հունիսի, չորեքշաբթի
Ուրեմն զղջացե՛ք և դարձի՛ եկեք, որ ձեր մեղքերը ջնջվեն, որ Եհովան թարմություն տա ձեզ (Գործ. 3։19)։
Եհովան ոչ թե պարզապես չեղարկում է մեր պարտքերը, կամ՝ մեղքերը, այլ ջնջում է դրանք։ Պատկերացրու մի թուղթ, որի վրա նշված է քո պարտքի չափը։ Եթե այդ պարտքը չեղարկվի, խաչ կքաշվի թվի վրա, բայց այն կշարունակի երևալ։ Ջնջելը, սակայն, այլ բան է նշանակում։ Որպեսզի հասկանանք այս միտքը, հիշենք, թե հին ժամանակներում ինչ բաղադրություն ուներ թանաքը։ Այն մրի, խեժի և ջրի խառնուրդ էր, և դրանով գրվածը հեշտությամբ կարելի էր ջնջել թաց սպունգով։ Ուստի երբ պարտքերը չեղարկում էին, դրանք ամբողջությամբ ջնջում էին, և գրվածն այլևս չէր երևում, ասես պարտքը գոյություն չէր էլ ունեցել։ Մի՞թե սիրտդ չի ջերմանում այն մտքից, որ Եհովան ոչ միայն չեղարկում է մեր մեղքերը, այլև անհետք ջնջում է դրանք (Սաղ. 51։9)։ w25.02, էջ 10, պրբ. 11
11 հունիսի, հինգշաբթի
Մի՛ սրտնեղիր, որ չարիք չգործես (Սաղ. 37։8)։
Երբ ուրիշները մեզ հետ անարդար են վարվում, մենք վստահ ենք, որ Եհովան գիտի ճշմարտությունը։ Այդ միտքը օգնում է մեզ դիմանալու անարդարությանը, որովհետև գիտենք, որ Եհովան ամեն բան շտկելու է։ Ամեն ինչ Եհովայի ձեռքը հանձնելով՝ կխուսափենք բարկանալուց և թույլ չենք տա, որ ատելությունը բույն դնի մեր սրտում, քանի որ այդ զգացումները կարող են դրդել մեզ չափազանց բուռն արձագանքել, խլել մեր ուրախությունը և վնասել Եհովայի հետ մեր մտերմությունը։ Մենք չենք կարող կատարելապես հետևել Հիսուսին։ Երբեմն թերևս ասենք կամ անենք բաներ, որոնց համար հետո զղջանք (Հակ. 3։2)։ Անարդարությունը գուցե զգացական կամ ֆիզիկական այնպիսի վերքեր հասցնի մեզ, որոնց սպիերը մինչև նոր աշխարհ այդպես էլ չանհետանան։ Եթե դու էլ ես անարդարության զոհ դարձել, համոզված եղիր, որ Եհովան գիտի, թե ինչի միջով ես անցնում։ Հիսուսը, ով նույնպես անարդարության պատճառով տառապել է, կարող է ապրումակցել քեզ (Եբր. 4։15, 16)։ Անչափ ուրախ ենք, որ Եհովան մեզ խորհուրդներ է տալիս, որոնք օգնում են չկոտրվել անարդարության ճնշման տակ։ w24.11, էջ 6, պրբ. 12-13
12 հունիսի, ուրբաթ
Աստծու հավանությանն արժանանալու համար դուք պետք է հավատ դրսևորեք նրա հանդեպ, ում Նա ուղարկեց (Հովհ. 6։29)։
Հիսուսի հանդեպ հավատ դրսևորելը անհրաժեշտ է «հավիտենական կյանք ունենալու» համար (Հովհ. 3։16-18, 36; 17։3)։ Հրեաներից շատերը չընդունեցին, որ պետք է հավատ դրսևորեն Հիսուսի հանդեպ։ Նրանք հարցրին. «Ի՞նչ հրաշք կանես, որ մենք տեսնենք ու հավատանք քեզ» (Հովհ. 6։30)։ Ապա նշեցին, որ իրենց նախահայրերը Մովսեսի օրերում երկնքից մանանա էին ստացել, որը նրանց հանապազօրյա հացն էր (Նեեմ. 9։15; Սաղ. 78։24, 25)։ Ակնհայտ է, որ այդ մարդկանց ուշքն ու միտքը բառացի հացով կշտանալն էր։ Իսկ երբ Հիսուսը խոսեց երկնքից տրված «ճշմարիտ հացի» մասին, որն, ի տարբերություն մանանայի, կարող էր հավիտենական կյանք տալ, նրանք նույնիսկ չհարցրին, թե նա ինչ նկատի ունի (Հովհ. 6։32)։ Հրեաներն այնքան կենտրոնացած էին իրենց ֆիզիկական կարիքների վրա, որ արհամարհեցին այն ճշմարտությունները, որոնք Հիսուսն ուսուցանում էր։ w24.12, էջ 5-6, պրբ.10-11
13 հունիսի, շաբաթ
Ամեն բան ստեղծողն Աստված է (Եբր. 3։4)։
Երեխադ դպրոցում բնագիտական առարկաներ անցնելիս կսովորի, որ բնության մեջ հանդիպող բազմաթիվ բաների կառուցվածքներ որոշակի օրինաչափություն ունեն։ Օրինակ՝ ձյան յուրաքանչյուր փաթիլ ունի ֆրակտալ երկրաչափական կառուցվածք։ Ֆրակտալ պատկերներ կարելի է տեսնել նաև այլ տեղերում։ Բայց ո՞վ է ստեղծել այդ օրենքները, որոնց արդյունքում այդքան գեղեցիկ նախշեր են ձևավորվել։ Ո՞վ է այդ զարմանահրաշ նախագծման հեղինակը։ Որքան շատ երեխադ մտածի այս հարցերի շուրջ, այնքան ավելի հավանական է, որ նա խորապես համոզված կլինի, որ ամեն ինչ Աստված է ստեղծել։ Կարող ես նրան այս հարցը տալ. «Եթե Աստված է մեզ ստեղծել, մի՞թե տրամաբանական չէ եզրակացնել, որ նա նաև տվել է բարոյականության վերաբերյալ չափանիշներ, որոնք օգնում են երջանիկ լինել»։ Այնուհետև կարող ես նշել, որ այդ արժեքավոր չափանիշները գրված են Աստվածաշնչում։ w24.12, էջ 16, պրբ. 8
14 հունիսի, կիրակի
Ձեր մեջ կա մեկը, ով իր հոր կնոջ հետ է կենակցում։ Դա մի այնպիսի անբարոյականություն է, որ նույնիսկ անհավատների մեջ չկա (1 Կորնթ. 5։1)։
Աստծու ներշնչմամբ Պողոս առաքյալը իր նամակում գրեց, որ չզղջացող մարդուն հեռացնեն ժողովից (1 Կորնթ. 5։13)։ Հավատարիմ քրիստոնյաները ինչպե՞ս պետք է վերաբերվեին այդ մարդուն։ Պողոսն ասաց, որ նրանք «այլևս որևէ շփում չունենան» նրա հետ։ Ի՞նչ էին նշանակում առաքյալի այս խոսքերը։ Նա բացատրեց, որ այդ պատվերին հնազանդվողները պետք է «այդպիսի մարդու հետ նույնիսկ հաց չուտեին» (1 Կորնթ. 5։11)։ Սովորաբար որևէ մեկի հետ ճաշելը շփվելու լավ առիթ է։ Հստակ է ուրեմն, որ Պողոսն ուզում էր ասել, որ քրիստոնյաները չպետք է ժամանակ անցկացնեին այդ անհատի հետ։ Այդպես վարվելը կպաշտպաներ ժողովը մեղք գործողի վատ ազդեցությունից (1 Կորնթ. 5։5-7)։ Բացի դրանից՝ այդ անհատի հետ սերտ շփում չունենալով՝ ժողովը թերևս օգներ, որ նա հասկանար, թե որքան է հեռացել Եհովայի չափանիշներից, ամաչեր դրա համար և մղվեր զղջալու։ w24.08, էջ 15, պրբ. 4-5
15 հունիսի, երկուշաբթի
Աստված այնքան շատ սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց (Հովհ. 3։16)։
Իսրայելացիները պետք է ամեն տարի մի հատուկ տոն նշեին, որը կոչվում էր Քավության օր։ Այդ օրը քահանայապետը կենդանական զոհեր էր մատուցում ժողովրդի անունից։ Ինչ խոսք, կենդանական զոհերը չէին կարող ամբողջությամբ քավել մարդկանց մեղքերը, քանի որ կենդանիները ստորադաս են մարդկանցից։ Բայց քանի դեռ զղջացող իսրայելացիները մատուցում էին Եհովայի պահանջած կենդանական զոհերը, նա պատրաստ էր ներելու նրանց (Եբր. 10։1-4)։ Քավության օրը իսրայելացիներին հիշեցնում էր իրենց մեղավոր վիճակի մասին։ Իսկ ի՞նչ է արել Եհովան, որ մարդկության մեղքերը մեկընդմիշտ ներվեն։ Աստված ուղարկել է իր սիրելի Որդուն, և նա «ինքն իրեն զոհաբերել է մեկ անգամ և ընդմիշտ» (Եբր. 9։28)։ Հիսուսը «իր կյանքը որպես փրկագին է տվել շատերի համար» (Մատթ. 20։28)։ w25.02, էջ 4, պրբ. 9-10
16 հունիսի, երեքշաբթի
Արթուն մնացեք և շարունակ աղոթեք, որ փորձության մեջ չընկնեք (Մատթ. 26։41)։
Մի առիթով Հիսուսն ասաց. «Մարդը ոգով պատրաստակամ է, բայց մարմնով՝ տկար» (Մատթ. 26։41բ)։ Այդպես նա ցույց տվեց, որ հասկանում է, որ մարդիկ անկատար են և հակված են սխալներ գործելու։ Այդպիսով նա նաև զգուշացրեց, որ հարկավոր է խուսափել չափազանց ինքնավստահ լինելուց։ Հիսուսի այդ խոսքերից մի քանի ժամ առաջ նրա աշակերտները վստահությամբ ասում էին, որ երբեք չեն լքի իրենց Տիրոջը (Մատթ. 26։35)։ Ինչ խոսք, նրանք լավ մղումներ ունեին, բայց չէին հասկանում, որ ճնշումների ներքո հեշտությամբ կարող էին տրվել գայթակղությանը։ Ուստի Հիսուսը որպես զգուշացում նրանց ասաց այն խոսքերը, որ կարդացինք այսօրվա խոսքում։ Ցավոք, աշակերտները չկարողացան արթուն մնալ։ Իսկ երբ Հիսուսին ձերբակալեցին, արդյո՞ք նրանք մնացին նրա կողքին, թե՞ տրվեցին վախին ու փախան։ Զգոն չլինելու պատճառով աշակերտները արեցին մի բան, ինչը ասում էին, որ երբեք չեն անի. նրանք լքեցին Հիսուսին (Մատթ. 26։56)։ w24.07, էջ 14, պրբ. 1-2
17 հունիսի, չորեքշաբթի
Աստծու.... Որդու մահով հաշտվեցինք նրա հետ (Հռոմ. 5։10)։
Ադամն ու Եվան կորցրին իրենց Հոր՝ Եհովայի հետ թանկ մտերմությունը։ Սկզբում Ադամն ու Եվան Եհովայի ընտանիքի անդամներ էին (Ղուկ. 3։38)։ Բայց երբ նրանք չհնազանդվեցին Աստծուն, հեռացվեցին նրա ընտանիքից։ Նախքան մեղք գործելը նրանք երեխաներ չունեին (Ծննդ. 3։23, 24; 4։1)։ Ուստի մենք, լինելով նրանց անկատար սերունդները, կարիք ունենք հաշտվելու Եհովայի հետ, այլ կերպ ասած՝ նրա հետ լավ հարաբերություններ զարգացնելու (Հռոմ. 5։10, 11)։ Ըստ մի աշխատության՝ «հաշտվել» թարգմանված հունարեն բառը կարող է նշանակել «թշնամուն ընկեր դարձնել»։ Ուշագրավ է, որ Եհովան է նախաձեռնություն վերցրել, որպեսզի մեզ իր հետ հաշտվելու հնարավորություն տա։ Տեսնենք, թե ինչպես։ Քավության միջոցով Եհովան մեղավոր մարդկանց հնարավորություն է տվել նորից մտերիմ լինելու իր հետ։ Քավություն անելու համար հարկավոր է մի բանը փոխարինել համարժեք մեկ այլ բանով։ Այդպես կարելի է կորածը նորից ձեռք բերել կամ վնասվածը փոխարինել։ w25.02, էջ 3-4, պրբ. 7-8
18 հունիսի, հինգշաբթի
Աստծուն հաճելի տխրությունը մղում է զղջալու, ինչն էլ տանում է փրկության (2 Կորնթ. 7։10)։
Պողոսը առաքյալը նշեց, որ «մեծամասնության կողմից այդ մարդուն տրված խիստ խրատը բավական է» (2 Կորնթ. 2։5-8)։ Այլ կերպ ասած՝ նախկինում իր խորթ մոր հետ կենակցող մարդու առնչությամբ տրված խրատը ծառայել էր իր նպատակին (1 Կորնթ. 5։1)։ Իսկ նպատակը մեղք գործածին զղջման մղելն էր (Եբր. 12։11)։ Այնուհետև Պողոսը ժողովին պատվիրեց, որ «սրտանց ներեն ու մխիթարեն» իրենց մոլորված եղբորը և «հավաստիացնեն նրան, որ սիրում են»։ Պողոսն ուզում էր, որ ժողովը այդ մարդուն պարզապես հետ ընդունելուց ավելին աներ։ Նրանք պետք է իրենց խոսքով, գործով ու վարվեցողությամբ հավաստիացնեին, որ իսկապես ներել են նրան ու սիրում են։ Արդյունքում այդ եղբայրը կզգար, որ ժողովը իսկապես ուրախ է իր վերադարձի համար։ w24.08, էջ 15, պրբ. 4; էջ 16-17, պրբ. 6-8
19 հունիսի, ուրբաթ
Հանրորեն անարգանքի ու հալածանքների եք ենթարկվել (Եբր. 10։33)։
Պողոսը հասկանում էր, թե ինչ է պետք փորձություններին դիմանալու համար։ Նա քրիստոնյաներին հիշեցրեց, որ փորձությունների բախվելիս պետք է Եհովային ապավինեն, ոչ թե իրենք իրենց։ Դա էր պատճառը, որ նա քաջությամբ կարող էր ասել. «Եհովան է ինձ օգնողը, ես չեմ վախենա» (Եբր. 13։6)։ Մեր հավատակիցներից ոմանք հենց այս պահին հալածանքների միջով են անցնում։ Մենք կարող ենք հավատարմորեն աջակցել նրանց՝ աղոթելով նրանց համար և որոշ դեպքերում գործնական օգնություն ցուցաբերելով։ Բայց Աստվածաշնչում հստակ ասվում է, որ «բոլոր նրանք, ովքեր, լինելով Քրիստոս Հիսուսի հետևորդներ, ցանկանում են ապրել աստվածանվեր կյանքով, նույնպես հալածանքներ կկրեն» (2 Տիմոթ. 3։12)։ Ուստի բոլորս պետք է պատրաստվենք ապագայում սպասվող դժվար ժամանակներին։ Եկեք շարունակենք լիովին վստահել Եհովային՝ համոզված լինելով, որ նա կօգնի մեզ և նշանակված ժամանակին թեթևացում կբերի իր բոլոր հավատարիմ ծառաներին (2 Թեսաղ. 1։7, 8)։ w24.09, էջ 12-13, պրբ. 17-18
20 հունիսի, շաբաթ
Կորնթացիներից շատերն էլ, լսելով բարի լուրը, հավատացին ու մկրտվեցին (Գործ. 18։8)։
Կորնթացիներին ի՞նչն օգնեց, որ մկրտվեն (2 Կորնթ. 10։4, 5)։ Աստծու Խոսքն ու նրա հզոր ոգին օգնեցին նրանց էական փոփոխություններ անել կյանքում (Եբր. 4։12)։ Այն կորնթացիները, ովքեր ընդունեցին Քրիստոսի մասին բարի լուրը, կարողացան հրաժարվել այնպիսի սովորություններից ու գործերից, ինչպիսիք էին հարբեցողությունը, գողությունը և համասեռամոլությունը (1 Կորնթ. 6։9-11)։ Նկատի առ, որ թեև որոշ կորնթացիներ խորը արմատացած սովորություններ պետք է հաղթահարեին, սակայն նրանք չէին կարծում, որ քրիստոնյա դառնալը չափազանց դժվար է։ Այդ մարդիկ մեծ ջանքեր գործադրեցին, որ կանգնեն դժվարանցանելի ուղու վրա, որը դեպի հավիտենական կյանք է տանում (Մատթ. 7։13, 14)։ Դու է՞լ ես պայքարում վատ սովորության դեմ, որ կարողանաս մկրտվել։ Երբեք չհանձնվես։ Աղաչիր Եհովային, որ իր սուրբ ոգու միջոցով օգնի քեզ հաղթահարել սխալ բան անելու ցանկությունը։ w25.03, էջ 6, պրբ. 15-17
21 հունիսի, կիրակի
Եթե ձեզանից որևէ մեկը իմաստության պակաս ունի, թող շարունակ խնդրի Աստծուն (Հակ. 1։5)։
Եհովան խոստանում է մեզ իմաստություն տալ, որ կարողանանք իրեն հաճելի որոշումներ կայացնել։ Այդպիսի իմաստություն նա տալիս է «բոլորին.... առատաձեռնորեն ու առանց նախատելու»։ Եհովայից առաջնորդություն խնդրելուց հետո ուշադիր եղիր, որ տեսնես պատասխանը։ Պատկերացրու՝ ճանապարհորդելիս մոլորվել ես և օգնության համար դիմել ես տեղացիներից մեկին. մի՞թե կհեռանաս առանց նրա պատասխանը լսելու։ Իհարկե ո՛չ։ Դու ուշադիր կլսես՝ ինչպես է նա բացատրում, թե որ ճանապարհով պիտի գնաս։ Նմանապես՝ Եհովայից իմաստություն խնդրելուց հետո փորձիր տեսնել նրա պատասխանը՝ փնտրելով տվյալ իրավիճակին համապատասխան աստվածաշնչյան օրենքներ ու սկզբունքներ։ Օրինակ՝ երբ որոշում ես մասնակցել որևէ հավաքույթի, թե ոչ, լավ կլինի՝ մտածես, թե Աստվածաշունչը ինչ է ասում անկառավարելի խրախճանքների, վատ ընկերակցության, ինչպես նաև Թագավորության շահերը անձնական նախասիրություններից վեր դասելու մասին (Մատթ. 6։33; Հռոմ. 13։13; 1 Կորնթ. 15։33)։ w25.01, էջ 15-16, պրբ. 6-7
22 հունիսի, երկուշաբթի
Իմ ծառաները կուտեն, իսկ դուք սոված կմնաք (Ես. 65։13)։
Ըստ Եսայիայի մարգարեության՝ հոգևոր դրախտում լինողների և դրանից դուրս ապրողների միջև ակնհայտ տարբերություն էր լինելու։ Եհովան լիարժեքորեն հոգ է տանում իր ծառաների հոգևոր կարիքների մասին՝ նրանց տալով իր սուրբ ոգին, գրավոր Խոսքը և առատ հոգևոր սնունդ, որ «ուտեն.... խմեն.... [և] ուրախանան» (համեմատիր Հայտնություն 22։17)։ Իսկ նրանք, ովքեր այդ դրախտում չեն, հոգևոր առումով սոված են, ծարավ և ամոթահար։ Նրանց հոգևոր կարիքները չեն բավարարվում (Ամոս 8։11)։ Եհովան իր ժողովրդին առատաձեռնորեն ապահովում է ամեն անհրաժեշտ բանով։ Դա ներառում է նաև հոգևոր սնունդը (Հովել 2։21-24)։ Եհովան մեզ հոգևորապես սնում է Աստվածաշնչի և դրա վրա հիմնված հրատարակությունների, jw.org կայքի, ինչպես նաև ժողովի հանդիպումների ու համաժողովների միջոցով։ Մենք ամեն օր կարող ենք օգտվել այս միջոցներից։ Եթե այդպես վարվենք, հոգևորապես ավելի առողջ ու թարմացած կլինենք։ w24.04, էջ 21, պրբ. 5-6
23 հունիսի, երեքշաբթի
Թող ձեր խոսքերը միշտ վայելուչ լինեն (Կող. 4։6)։
Եթե ցանկանում ես մտերմություն անել ինչ-որ մեկի հետ, նրա հետ հանդիպիր հանրային ինչ-որ վայրում կամ խոսիր հեռախոսով։ Հստակ ասա, թե ինչ մտադրություն ունես (1 Կորնթ. 14։9)։ Եթե կարիք կա, ժամանակ տուր, որ նա մտածի քո առաջարկի մասին (Առակ. 15։28)։ Եվ եթե նրա պատասխանը դրական չէ, հարգիր նրա որոշումը։ Այժմ խոսենք այն մասին, երբ քեզ են մտերմության առաջարկ անում։ Թերևս այդ անհատից մեծ քաջություն է պահանջվել քեզ մոտենալու համար, ուստի եղիր բարի և հարգալից։ Եթե քեզ մտածելու ժամանակ է պետք, ասա այդ մասին, սակայն փորձիր հնարավորինս շուտ պատասխանել նրան (Առակ. 13։12)։ Իսկ եթե հետաքրքրված չես այդ անհատով, հստակ ասա այդ մասին, սակայն դա արա բարությամբ։ Եթե ցանկանում ես այդ անհատի հետ մտերմություն սկսել, ապա նրան ասա, թե մտերմության շրջանի հետ կապված ինչ զգացումներ և ակնկալիքներ ունես։ Ձեր ակնկալիքները գուցե տարբերվեն։ w24.05, էջ 23-24, պրբ. 12-13
24 հունիսի, չորեքշաբթի
Ես քեզ վրա գալիս եմ Զորքերի տեր Եհովայի անունով (1 Սամ. 17։45)։
Երբ Դավիթը դեռ 20 տարեկան էլ չկար, գնաց իսրայելացիների բանակատեղի։ Նա տեսավ, որ զինվորները սարսափահար վիճակում են, քանի որ Գողիաթ անունով մի փղշտացի հսկա «մարտահրավեր էր նետում Իսրայելի զորքին» (1 Սամ. 17։10, 11)։ Զինվորները սարսափած էին, քանի որ կենտրոնացել էին այդ հսկայի և նրա ասածների վրա (1 Սամ. 17։24, 25)։ Բայց Դավիթը իրավիճակին այլ տեսանկյունից էր նայում։ Նա Գողիաթի ասածները ընկալում էր ոչ թե որպես մարտահրավեր՝ ուղղված միայն իսրայելացիների բանակի դեմ, այլև «կենդանի Աստծու զորքի» (1 Սամ. 17։26)։ Դավիթը նախևառաջ Եհովայի մասին էր մտածում։ Նա համոզված էր, որ այն Աստվածը, որն օգնել է իրեն, երբ նա դեռ հովիվ էր, կօգնի նաև այս իրավիճակում։ Ուստի Դավիթը գնաց Գողիաթի դեմ և իհարկե հաղթեց նրան (1 Սամ. 17։45-51)։ w24.06, էջ 21, պրբ. 7
25 հունիսի, հինգշաբթի
Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ, մի՛ մտահոգվիր, որովհետև ես քո Աստվածն եմ։ Ես կզորացնեմ ու կօգնեմ քեզ, արդարություն հաստատող իմ աջ ձեռքով ամուր կբռնեմ քեզ (Ես. 41։10)։
Մտածիր՝ ինչպիսի՞ն կլիներ մեր կյանքը, եթե չծառայեինք Աստծուն։ Այս հարցի շուրջ մտածելը նույնպես կօգնի, որ չթողնենք մեր հավատարիմ ընթացքը և սաղմոսերգուի նման ասենք. «Ինձ համար լավ է Աստծուն մոտենալը» (Սաղ. 73։28)։ Մենք կարող ենք հաղթահարել ցանկացած դժվարություն, որ գուցե ունենանք այս վերջին օրերում, քանի որ ծառայում ենք «կենդանի ու ճշմարիտ Աստծուն» (1 Թեսաղ. 1։9)։ Նա իրական Անձնավորություն է և գործում է հօգուտ նրանց, ովքեր պաշտում են իրեն։ Նա իր ծառաների կողքին է եղել անցյալում և այսօր էլ մեզ հետ է։ Շուտով երկրի վրա նախադեպը չունեցող մեծ նեղություն է լինելու։ Բայց մենք այդ ժամանակ մենակ չենք լինի։ Ուստի թող որ բոլորս, քաջությամբ լցված, ասենք. «Եհովան է ինձ օգնողը, ես չեմ վախենա» (Եբր. 13։5, 6)։ w24.06, էջ 25, պրբ. 17-18
26 հունիսի, ուրբաթ
Դուք.... կտեսնեք արդարի ու չարագործի տարբերությունը (Մաղ. 3։18)։
Աստվածաշունչը Իսրայելի ավելի քան 40 թագավորի անուն է հիշատակում։ Լավ թագավորները երբեմն վատ բաներ են արել։ Նրանցից էր Դավիթը։ Եհովան նրա մասին ասաց. «Իմ ծառա Դավիթը.... ամբողջ սրտով հնազանդվեց ինձ՝անելով միայն այն, ինչը ճիշտ է իմ աչքում» (1 Թագ. 14։8)։ Եհովան Դավթի մասին այսպիսի կարծիք ուներ, չնայած վերջինս անբարոյություն էր գործել ամուսնացած մի կնոջ հետ և հետո կազմակերպել էր նրա ամուսնու սպանությունը (2 Սամ. 11։4, 14, 15)։ Աստվածաշնչում նաև նշվում է, որ անհավատարիմ շատ թագավորներ որոշ լավ բաներ են արել։ Նրանցից էր Ռոբովամը։ Եհովայի աչքում, նա «արեց այն, ինչը չար էր» (2 Տար. 12։14)։ Սակայն նա լավ բաներ էլ արեց։ Օրինակ՝ Եհովային հնազանդվելով՝ չպատերազմեց Իսրայելի տասցեղ թագավորության դեմ և թույլ տվեց, որ այնտեղ այլ թագավոր ընտրվի։ Ռոբովամը նաև պաշտպանեց իր ազգին՝ ամրացնելով Իսրայելի քաղաքները (1 Թագ. 12։21-24; 2 Տար. 11։5-12)։ Ինչի՞ հիման վրա է Եհովան նրանց հավատարիմ կամ անհավատարիմ համարել։ Ակնհայտ է, որ նա հաշվի է առել նրանց սրտի վիճակը, նրանց զղջումը և ճշմարիտ երկրպագության հանդեպ նվիրվածությունը։ w24.07, էջ 20, պրբ. 1-3
27 հունիսի, շաբաթ
Դաստիարակեք նրանց՝ խրատելով ու կրթելով այնպես, ինչպես Եհովան է ուզում (Եփես. 6։4)։
Ի՞նչ կարող ենք ասել 18 տարին չբոլորած մկրտված անչափահասների մասին, ովքեր լուրջ մեղք են գործել։ Երեցների խորհուրդը կնշանակի երկու երեցի, որ վերջիններս հանդիպեն անչափահասի և նրա Վկա ծնողների հետ։ Երեցները ծնողներից կտեղեկանան, թե նրանք ինչ քայլեր են արդեն իսկ ձեռնարկել, որպեսզի օգնեն իրենց երեխային զղջալ։ Եթե երեխան ընդունում է ծնողների խորհուրդը և իր մտածելակերպի և վարքի մեջ անհրաժեշտ փոփոխություններ է անում, երեցները թերևս որոշեն, որ հավելյալ քայլեր ձեռնարկելու կարիք չկա։ Ի վերջո Աստված ծնողներին է տվել իրենց երեխաներին սիրով խրատելու պարտականությունը (2 Օրենք 6։6, 7; Առակ. 6։20; 22։6; Եփես. 6։2-4)։ Այնուհետև երեցները ծնողներից պարբերաբար կտեղեկանան, թե արդյոք երեխան ստանում է անհրաժեշտ օգնությունը։ Սակայն եթե մկրտված անչափահասը չի զղջում և շարունակում է իր սխալ ընթացքը, ապա նրա և նրա Վկա ծնողների հետ կհանդիպի երեցներից կազմված կոմիտեն։ w24.08, էջ 24, պրբ. 18
28 հունիսի, կիրակի
Ավելի շատ երջանկություն է բերում տալը, քան ստանալը (Գործ. 20։35)։
Բոլորս էլ ուրախանում ենք, երբ մեզ ինչ-որ բան են նվիրում։ Բայց երբ մենք ենք տալիս, դա մեզ ավելի մեծ ուրախություն է պատճառում։ Այդպիսով նա հնարավորություն է տվել մեզ նպաստելու մեր երջանկությանը։ Մենք կարող ենք ավելացնել մեր ուրախությունը, եթե տալու առիթներ փնտրենք։ Մի՞թե հրաշալի չէ, որ Եհովան մեզ նման կերպ է ստեղծել (Սաղ. 139։14)։ Աստվածաշունչը մեզ հավաստիացնում է, որ տալը երջանկություն է բերում։ Ուստի զարմանալի չէ, որ Եհովան նկարագրվում է որպես «երջանիկ Աստված» (1 Տիմոթ. 1։11)։ Նա է առաջին և մեծագույն Տվողը։ Ինչպես Պողոս առաքյալն է ասել, «նրա շնորհիվ է, որ մենք ապրում ենք, շարժվում և գոյություն ունենք» (Գործ. 17։28)։ Իսկապես, «ցանկացած լավ պարգև ու կատարյալ նվեր» Եհովայից է (Հակ. 1։17)։ Թերևս բոլորս էլ ցանկանում ենք զգալ տալու երջանկությունը։ Դրա համար կարող ենք ընդօրինակել Եհովայի առատաձեռնությունը (Եփես. 5։1)։ w24.09, էջ 26, պրբ. 1-4
29 հունիսի, երկուշաբթի
Ինչպես որ առաջադիմել ենք մինչև հիմա, եկեք նույն ձևով շարունակենք առաջ ընթանալ այդ ուղով (Փիլիպ. 3։16)։
Երեց դառնալու պահանջներին ծանոթանալուց հետո որոշ ծառայող օգնականներ գուցե մտածեն, որ երբեք չեն համապատասխանի այդ չափանիշներին։ Սակայն հիշիր, որ ո՛չ Եհովան, ո՛չ էլ նրա կազմակերպությունը չեն ակնկալում, որ կատարելապես կդրսևորես այս հատկությունները (1 Պետ. 2։21)։ Բացի այդ՝ Եհովայի հզոր ոգին է օգնում մշակել այդ հատկությունները (Փիլիպ. 2։13)։ Կոնկրետ ո՞ր հարցում կցանկանայիր բարելավվել։ Աղոթիր այդ մասին Եհովային, փնտրտուքներ արա և երեցներից մեկին խնդրիր, որ օգնի քեզ։ Շարունակիր ձգտել երեց ծառայելու նպատակիդ։ Խնդրիր Եհովային, որ կրթի ու հղկի քեզ, որպեսզի նրա և ժողովի համար ավելին անես (Ես. 64։8)։ Թող որ Եհովան առատորեն օրհնի քո ջանքերը, որ գործադրում ես նպատակիդ հասնելու համար։ w24.11, էջ 25, պրբ. 17-18
30 հունիսի, երեքշաբթի
Աստված անարդար չէ, որ մոռանա ձեր գործերը և իր անվան հանդեպ ձեր սերը, որը ցուցաբերել եք՝ ծառայելով սրբերին ու շարունակելով ծառայել մինչև հիմա (Եբր. 6։10)։
Մեզնից ոչ ոք չպետք է մտածի, թե արժանի է Եհովայի գթասրտությանը, նույնիսկ եթե երկար տարիներ է, ինչ ծառայում է նրան։ Ինչ խոսք, Եհովան թանկ է գնահատում մեր երկար տարիների ծառայությունը, որ հավատարմորեն կատարում ենք։ Բայց նա իր Որդուն տվել է որպես ձրի պարգև, ոչ թե վարձատրություն մեր ծառայության դիմաց։ Եթե պնդենք, թե արժանի ենք գթասրտության կամ հատուկ վերաբերմունքի, ըստ էության՝ ասած կլինենք, որ Քրիստոսի մահը անիմաստ էր (համեմատիր Գաղատացիներ 2։21)։ Պողոս առաքյալը գիտեր, որ չի կարող «վաստակել» Եհովայի հավանությունը։ Այդ դեպքում ինչո՞ւ էր նա այդքան եռանդորեն ծառայում Եհովային։ Նա դա անում էր ոչ թե ապացուցելու համար, որ արժանի է նրա հավանությանը, այլ որպեսզի իր երախտագիտությունը ցույց տար Եհովային նրա անզուգական բարության համար (Եփես. 3։7)։ Պողոսի նման մենք շարունակում ենք ժրաջանորեն ծառայել Եհովային ոչ թե նրա գթասրտությունը «վաստակելու», այլ մեր երախտագիտությունն արտահայտելու համար։ w25.01, էջ 27, պրբ. 5-6