Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • es26 էջ 77–87
  • Օգոստոս

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Օգոստոս
  • Աստվածաշունչը քննենք ամեն օր 2026
  • Ենթավերնագրեր
  • 1 օգոստոսի, շաբաթ
  • 2 օգոստոսի, կիրակի
  • 3 օգոստոսի, երկուշաբթի
  • 4 օգոստոսի, երեքշաբթի
  • 5 օգոստոսի, չորեքշաբթի
  • 6 օգոստոսի, հինգշաբթի
  • 7 օգոստոսի, ուրբաթ
  • 8 օգոստոսի, շաբաթ
  • 9 օգոստոսի, կիրակի
  • 10 օգոստոսի, երկուշաբթի
  • 11 օգոստոսի, երեքշաբթի
  • 12 օգոստոսի, չորեքշաբթի
  • 13 օգոստոսի, հինգշաբթի
  • 14 օգոստոսի, ուրբաթ
  • 15 օգոստոսի, շաբաթ
  • 16 օգոստոսի, կիրակի
  • 17 օգոստոսի, երկուշաբթի
  • 18 օգոստոսի, երեքշաբթի
  • 19 օգոստոսի, չորեքշաբթի
  • 20 օգոստոսի, հինգշաբթի
  • 21 օգոստոսի, ուրբաթ
  • 22 օգոստոսի, շաբաթ
  • 23 օգոստոսի, կիրակի
  • 24 օգոստոսի, երկուշաբթի
  • 25 օգոստոսի, երեքշաբթի
  • 26 օգոստոսի, չորեքշաբթի
  • 27 օգոստոսի, հինգշաբթի
  • 28 օգոստոսի, ուրբաթ
  • 29 օգոստոսի, շաբաթ
  • 30 օգոստոսի, կիրակի
  • 31 օգոստոսի, երկուշաբթի
Աստվածաշունչը քննենք ամեն օր 2026
es26 էջ 77–87

Օգոստոս

1 օգոստոսի, շաբաթ

Մեծ նեղություն է վրա հասնելու, որի նմանը չի եղել աշխարհի սկզբից մինչև հիմա (Մատթ. 24։21)։

Մենք աղոթում ենք, որ հնարավորինս շատերը արձագանքեն այս նախազգուշացմանը և մեզ հետ Աստծուն մաքուր երկրպագություն մատուցեն։ Իսկ ի՞նչ կարող ենք ասել այն մարդկանց մասին, ովքեր ուշադրություն չեն դարձնում Եհովայի նախազգուշացմանը։ Եհովան գուցե որոշի փրկել այն մարդկանց, ովքեր Մեծ Բաբելոնի կործանումը տեսնելուց հետո իր կողմը կբռնեն։ Ուստի այսօր առավել, քան երբևէ, հրատապ է, մարդկանց նախազգուշացնել այդ մոտալուտ կործանման մասին։ Այն, ինչ հիմա ասում ենք մարդկանց, հետո նրանք գուցե հիշեն (համեմատիր Եզեկիել 33։33)։ Թերևս մտաբերելով մեզանից լսած նախազգուշացումները՝ նրանք հասցնեն միանալ մաքուր երկրպագությանը։ Հիշենք, որ Փիլիպպեում ապրող բանտապահը հավատ դրսևորեց միայն այն բանից հետո, երբ «ուժեղ երկրաշարժ եղավ»։ Նմանապես այն մարդկանցից ոմանք, ովքեր այսօր չեն լսում մեր հայտնած լուրը, տեսնելով Մեծ Բաբելոնի կործանումը, ինչը աշխարհացունց իրադարձություն է լինելու, հնարավոր է՝ միանան մեզ (Գործ. 16։25-34)։ w24.05, էջ 16-17, պրբ. 9-10

2 օգոստոսի, կիրակի

Քրիստոսով Օրենքը հասավ իր վերջնակետին (Հռոմ. 10։4)։

Մենք արժեքավոր դաս ենք սովորում եբրայեցի քրիստոնյաներին գրած Պողոս առաքյալի նամակից։ Նրանցից ոմանք հոգևորապես այլևս չէին աճում. նրանք նորից «կաթի կարիք ունեին, ոչ թե պինդ կերակուրի» (Եբր. 5։12)։ Նրանք թերանում էին համաքայլ ընթանալ ճշմարտությանը, որը Եհովան աստիճանաբար բացահայտում էր ժողովի միջոցով (Առակ. 4։18)։ Օրինակ՝ շատ հրեա քրիստոնյաներ կառչած էին Մովսիսական օրենքին՝ չնայած արդեն մոտ 30 տարի էր, ինչ Քրիստոսի զոհի հիման վրա այն չեղյալ էր համարվել (Տիտոս 1։10)։ Պողոսը եբրայեցիներին գրած իր նամակով փորձում էր օգնել նրանց հասկանալ իր սովորեցրած ճշմարտությունների խորությունը։ Դա հենց այն էր, ինչ պետք էր այդ քրիստոնյաներին, որպեսզի համոզվեին, որ Եհովային պաշտելու նոր կարգը շատ ավելի լավն է։ Դա նրանց քաջությամբ կլցներ, որ շարունակեին քարոզել (Եբր. 10։19-23)։ w24.04, էջ 6, պրբ. 15

3 օգոստոսի, երկուշաբթի

Աստված հարություն է տալու թե՛ արդարներին և թե՛ անարդարներին (Գործ. 24։15)։

Սկսած այն պահից, երբ Ադամն ու Եվան միացան Աստծու դեմ Սատանայի ըմբոստությանը՝ միլիարդավոր մարդիկ են մահացել։ Ի՞նչ է սպասվում այդ բոլոր մարդկանց։ Եհովան Քրիստոսի հավատարիմ հետևորդներից ոմանց, ընդհանուր հաշվով՝ 144 000 հոգու, հարություն է տալու երկնքում և անմահություն է շնորհելու (Հայտն. 14։1)։ Իսկ հսկայական թվով տղամարդիկ ու կանայք, ովքեր մինչև մահանալը հավատարիմ են եղել Եհովային, արդարների հարություն կստանան։ Եվ եթե Քրիստոսի Հազարամյա Իշխանության և վերջնական փորձության ընթացքում նրանք պահեն իրենց անարատությունը, ապա հավիտյան կապրեն երկրի վրա (Դան. 12։13; Եբր. 12։1)։ Հազարամյակի ընթացքում հարություն կառնեն նաև անարդարները, այդ թվում՝ նրանք, ովքեր երբեք Եհովային չեն ծառայել և նույնիսկ չար «գործեր են արել»։ Նրանց հնարավորություն կտրվի փոխվելու և դառնալու Եհովայի հավատարիմ ծառաները (Հովհ. 5։29; Ղուկ. 23։42, 43)։ Բայց որոշ մարդկանց Եհովան հարություն չի տալու, քանի որ նրանք շատ չար են եղել (Ղուկ. 12։4, 5)։ w24.05, էջ 2, պրբ. 3; էջ 5, պրբ. 15; էջ 6, պրբ. 17

4 օգոստոսի, երեքշաբթի

Միայն իրենց շուրթերով են պատվում ինձ, իսկ նրանց սիրտը հեռացած է ինձանից (Ես. 29։13)։

Նա, ով ցանկանում է ունենալ Եհովայի հավանությունը, պետք է «իր սրտում ճշմարտությունն» ասի (Սաղ. 15։2)։ Դա սուտ չխոսելուց ավելին է. Եհովան ցանկանում է, որ ազնիվ լինենք մեր բոլոր խոսքերում և գործերում (Եբր. 13։18)։ Սա կարևոր է, «որովհետև խաբեբա մարդը գարշելի է Եհովայի համար, բայց ուղղամիտ մարդու հետ նա մտերմություն է անում» (Առակ. 3։32)։ Նրանք, ովքեր «ճշմարտությունն են խոսում իրենց սրտում», ուրիշների ներկայությամբ չեն ձևացնում, թե պահում են Աստծու օրենքը, մինչդեռ խախտում են այն, երբ մենակ են։ Նրանք խարդախորեն չեն վարվում։ Խարդախ մարդը գուցե սկսի մտածել, թե Եհովայի օրենքներին հնազանդվելը միշտ չէ, որ լավ է (Հակ. 1։5-8)։ Նա թերևս սկսի Եհովային չհնազանդվել այնպիսի հարցերում, որոնք իր կարծիքով՝ այնքան էլ կարևոր չեն։ Եվ եթե այդ մարդուն թվա, թե իր անհնազանդությունը վատ հետևանքներ չի ունենում, հնարավոր է՝ սկսի ավելի վատ բաներ անել, ինչի արդյունքում Աստծուն մատուցվող նրա երկրպագությունը կեղծավոր կդառնա (Ժող. 8։11)։ Բայց մենք ուզում ենք ազնիվ լինել ամեն ինչում։ w24.06, էջ 10, պրբ. 7-8

5 օգոստոսի, չորեքշաբթի

Ամուր կանգնեք՝ ճշմարտության գոտին ձեր մեջքին կապած (Եփես. 6։14)։

Եհովայի ժողովուրդը սիրում է Աստծու Խոսքում գրված ճշմարտությունը. չէ՞ որ մեր հավատը դրա վրա է հիմնված (Հռոմ. 10։17)։ Մենք համոզվել ենք, որ Եհովան քրիստոնեական ժողովը կազմավորել է որպես «ճշմարտության սյուն ու հենարան» (1 Տիմոթ. 3։15)։ Սատանայի ուզածն այն է, որ կորցնենք մեր վստահությունը Աստվածաշնչի կամ Աստծու կազմակերպությունից եկող առաջնորդության հանդեպ (Եփես. 4։14)։ Շուտով Սատանան համոզիչ ստերի միջոցով կփորձի մոլորեցնել բոլոր ազգերին և Եհովայի դեմ հանել նրանց (Հայտն. 16։13, 14)։ Կարող ենք ակնկալել նաև, որ Սատանան ավելի մեծ ջանքեր կգործադրի Եհովայի ժողովրդին մոլորեցնելու համար (Հայտն. 12։9)։ Ուստի կարևոր է, որ սովորենք տարբերել ճշմարտությունը ստից և հավատարմորեն կառչած մնալ ճշմարտությանը (Հռոմ. 6։17; 1 Պետ. 1։22)։ Մեծ նեղության ժամանակ մեր փրկությունը դրանից է կախված լինելու։ w24.07, էջ 8, պրբ. 1-3

6 օգոստոսի, հինգշաբթի

Այս պատվիրանը, որ այսօր փոխանցում եմ ձեզ, դժվար չէ պահել, և անհասանելի չէ ձեզ համար (2 Օրենք 30։11)։

Երբ Եհովան կազմավորեց Իսրայել ազգը, նրանց հետ ուխտ կապեց։ Եթե նրանք պահեին դրանում նշված օրենքները, Աստված կպաշտպաներ ու կօրհներ նրանց։ Իսկ եթե նրանք ըմբոստանային նրա դեմ, օրինակ, որոշեին ուրիշ աստվածների պաշտել, Եհովան կզրկեր նրանց իր օրհնությունից, և նրանք կտառապեին։ Բայց դա չէր նշանակում, որ իսրայելացիները այլևս չէին կարող ձեռք բերել Եհովայի հավանությունը։ Նրանք հնարավորություն ունեին «հետ դառնալու դեպի իրենց Աստված Եհովան.... [և] հնազանդվելու նրան» (2 Օրենք 30։1-3, 17-20)։ Եթե իսրայելացիները զղջային, Եհովան կմտերմանար նրանց հետ և նորից կօրհներ։ Եհովայի ընտրյալ ազգը անընդհատ ըմբոստանում էր նրա դեմ։ Նրանք արդյունքում տառապում էին։ Բայց Եհովան երես չէր թեքում իր անհնազանդ ժողովրդից։ Նա իր մարգարեների միջոցով շարունակ հորդորում էր իսրայելացիներին զղջալ ու վերադառնալ իր մոտ (2 Թագ. 17։13, 14)։ w24.08, էջ 9, պրբ. 4-5

7 օգոստոսի, ուրբաթ

Երուսաղեմի ժողովի դեմ մեծ հալածանք սկսվեց (Գործ. 8։1)։

Հիսուսի մահից հետո Երուսաղեմում և Հրեաստանում ապրող եբրայեցի քրիստոնյաների համար ծանր ժամանակներ սկսվեցին։ Քրիստոնեական ժողովի կազմավորումից շատ չանցած՝ հակառակության մեծ ալիք բարձրացավ։ Իսկ դրանից մոտ 20 տարի հետո Քրիստոսի հետևորդները երկրում եղած մեծ սովի հետևանքով տնտեսական լուրջ դժվարությունների բախվեցին (Գործ. 11։27-30)։ Այնուամենայնիվ, 61 թ.-ին քրիստոնյաների համար հարաբերական խաղաղ ժամանակներ սկսվեցին։ Հենց այդ խաղաղ ժամանակաշրջանում էր, որ Պողոս առաքյալը Աստծու ներշնչմամբ մի նամակ գրեց եբրայեցի քրիստոնյաներին։ Այդ նամակը հենց այն էր, ինչ նրանց պետք էր ապագա իրադարձություններին պատրաստվելու համար։ Եբրայեցիներին ուղղված նամակը շատ ժամանակահարմար էր, քանի որ խաղաղ ժամանակները երկար չէին տևելու։ Պողոսը դրա միջոցով գործնական խորհուրդներ տվեց, որոնք օգնելու էին նրանց դիմանալու այն նեղությանը, որին շուտով բախվելու էին։ w24.09, էջ 8, պրբ. 1-2

8 օգոստոսի, շաբաթ

Ինձ համար մեծ մխիթարության աղբյուր են (Կող. 4։11)։

Երբ ծանր դրության մեջ ենք, մեր եղբայրներն ու քույրերը կենդանի ապացույցն են այն բանի, որ Եհովան սիրում է մեզ։ Մեր հավատակիցները մեզ մխիթարում են տարբեր կերպերով։ Օրինակ՝ կարեկցանքով լսում են մեզ, մեր կողքին են լինում, երբ դրա կարիքն ենք ունենում, Աստվածաշնչից քաջալերական համար են կարդում կամ մեզ հետ աղոթում են (Հռոմ. 15։4)։ Երբեմն էլ հնարավոր է՝ մեր եղբայրը կամ քույրը հիշեցնի մեզ Եհովայի մտածելակերպը և այդպիսով օգնի, որ պահպանենք մեր հավասարակշռությունը։ Նրանք օգնում են նաև գործնական կերպերով, օրինակ՝ գուցե ուտելիք պատրաստեն մեզ համար, երբ վհատված ենք։ Եթե ուզում ենք, որ մեզ օգնեն, պետք է օգնության դիմենք (Առակ. 17։17)։ Նրանք գուցե չիմանան, թե մենք ինչ ենք զգում և ինչի կարիք ունենք (Առակ. 14։10)։ Ուստի խոսիր հոգևորապես հասուն ընկերներիդ հետ և ասա, թե ինչի կարիք ունես։ Գուցե որոշես այդ մասին պատմել մեկ կամ երկու երեցի, ում հետ քեզ ազատ ես զգում։ Որոշ քույրեր հարմար են գտնում խոսել հոգևորապես հասուն որևէ քրոջ հետ։ w24.10, էջ 10, պրբ. 15-16

9 օգոստոսի, կիրակի

Ամեն ոք, ով ընդունում է Որդուն և հավատում է նրան, հավիտենական կյանք կունենա (Հովհ. 6։40)։

Շատ մարդիկ առողջ մնալու համար հետևում են իրենց սննդակարգին և կանոնավորաբար մարզվում են։ Սակայն նրանք չեն ակնկալում, որ հավիտյան կապրեն։ Նրանք անիրական են համարում հավիտենական կյանքը և ծերության բերած տառապանքի պատճառով չեն էլ ցանկանում հավիտյան ապրել։ Սակայն, ինչպես իմանում ենք Հովհաննես 3։16 և 5։24 համարներում արձանագրված Հիսուսի խոսքերից, հավիտենական կյանքը իրական է։ Մի անգամ Հիսուսը հրաշք գործեց և հացով ու ձկով կերակրեց հազարավորների։ Դա, ինչ խոսք, զարմանալի էր, բայց այն, ինչ նա ասաց հաջորդ օրը հավաքված մարդկանց, ավելի շատ զարմացրեց նրանց։ Նրանք Հիսուսի հետևից գնացել էին Կափառնայում՝ Գալիլեայի ափի մոտ։ Այնտեղ նա խոսեց այն մասին, որ մարդիկ կարող են հարություն առնել և վայելել կյանքը հավիտյան (Հովհ. 6։39, 40)։ Հիսուսի խոսքերը վստահեցնում են, որ մահացածներից շատերը կյանքի կկոչվեն, և դու նրանց հետ կկարողանաս երջանիկ ապրել հավիտյան։ w24.12, էջ 8, պրբ. 1-2

10 օգոստոսի, երկուշաբթի

Ամուսիննե՛ր.... նրանց պատիվ տվեք՝ վերաբերվելով որպես ավելի փխրուն անոթի (1 Պետ. 3։7)։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին հաշվետվությունն ընդգծում է, որ շատ տղամարդիկ ֆիզիկական և էմոցիոնալ բռնության են ենթարկում իրենց կանանց ու խոսքերով վիրավորում են։ Այսպիսի ամուսինները թերևս ուրիշների ներկայությամբ հարգալից են իրենց կողակիցների հանդեպ, մինչդեռ տանը վատ են վերաբերվում նրանց։ Գուցե նրանց հայրը բռնի մարդ է եղել, ուստի նրանք մտածում են, որ նման վերաբերմունքը նորմալ է։ Մյուսների վրա մեծ ազդեցություն է ունեցել մշակույթը, ըստ որի՝ իսկական տղամարդը պետք է բռունցքներով իր կնոջը ցույց տա, թե ով է տան տերը։ Շատ տղամարդկանց չեն սովորեցրել կառավարել իրենց զգացմունքները, այդ թվում՝ զայրույթը։ Որոշ տղամարդիկ էլ կանոնավոր պոռնկագրություն են դիտում, ինչի պատճառով աղավաղված տեսակետ ունեն կանանց և սեքսի մասին։ Մասնագետներն ասում են, որ COVID-19 համավարակի ընթացքում վերոնշյալ խնդիրներն ավելի լայն տարածում գտան։ Սակայն նման պատճառներից և ոչ մեկը չի արդարացնում տղամարդկանց բռնի և վատ վերաբերմունքը։ w25.01, էջ 8, պրբ. 2-3

11 օգոստոսի, երեքշաբթի

Քանի որ Քրիստոսը որպես մարդ տառապանքներ կրեց, դուք էլ զինվեք նրա մտածելակերպով (1 Պետ. 4։1)։

«Սիրեք ձեր Աստված Եհովային ձեր ամբողջ սրտով, ձեր ամբողջ հոգով, ձեր ամբողջ ուժով և ձեր ամբողջ մտքով» (Ղուկ. 10։27)։ Հիսուսը հստակ նշեց, որ սա Մովսիսական օրենքի ամենակարևոր պատվիրանն է։ Նկատենք, որ Եհովայի հանդեպ մեր սերը դրսևորվում է սրտով, այսինքն՝ ցանկություններով, զգացմունքներով և հույզերով։ Այն դրսևորում ենք նաև՝ մեր ողջ էությամբ նվիրված լինելով և մեր ուժը՝ էներգիան, ներդնելով։ Եհովային սիրում ենք նաև մեր մտքով, ինչը ներառում է մեր մտածելակերպը։ Ճիշտ է, մենք երբևէ չենք կարող ամբողջությամբ հասկանալ Եհովայի մտածելակերպը, բայց կարող ենք համեմատաբար ավելի լավ ըմբռնել այն՝ ուսումնասիրելով «Քրիստոսի միտքը», քանի որ Քրիստոսը մտածում էր ճիշտ այնպես, ինչպես իր Հայրը (1 Կորնթ. 2։16)։ w25.03, էջ 8, պրբ. 1

12 օգոստոսի, չորեքշաբթի

Որդու միջոցով՝ նրա արյամբ վճարված փրկագնով, մենք ազատագրվեցինք, այո՛, մեղքերի ներում ստացանք։ Եվ այս ամենը Աստծու անզուգական բարության շնորհիվ է, ինչով հարուստ է նա (Եփես. 1։7)։

Քանի որ Հիսուսը կատարյալ էր, նրա կյանքը համարժեք էր առաջին մարդու՝ Ադամի կյանքին նախքան վերջինիս մեղք գործելը (1 Կորնթ. 15։45)։ Ուստի իր մահով Հիսուսը կարողացավ քավել Ադամի մեղքը, այսինքն՝ փոխհատուցել Ադամի կորցրածը (Հռոմ. 5։19)։ Այդպիսով նա դարձավ «վերջին Ադամը»։ Հետևաբար կարիք չկա, որ մեկ ուրիշ կատարյալ մարդ գա ու նույնն անի։ Հիսուսն արեց դա «մեկ անգամ և ընդմիշտ» (Եբր. 7։27; 10։12)։ Ո՞րն է քավության և փրկագնի տարբերությունը։ Քավությունը այն քայլն է, որը Եհովան ձեռնարկել է, որ վերականգնի իր լավ հարաբերությունները մարդկության հետ։ Իսկ փրկագինը այն գինն է, որը վճարվել է մարդկության մեղքերի քավությունը հնարավոր դարձնելու համար։ Այդ գինը Հիսուսի թանկ արյունն է, որը թափվել է հանուն մեզ (Եբր. 9։14)։ w25.02, էջ 5, պրբ. 12-13

13 օգոստոսի, հինգշաբթի

Հավատարիմ է Աստված. նա թույլ չի տա, որ ձեր կարողությունից վեր փորձվեք, փորձության ժամանակ նաև ելք կբացի ձեր առաջ ու կօգնի դիմանալ (1 Կորնթ. 10։13)։

Եթե Եհովան իրական Անձնավորություն լինի մեզ համար, մեր դժվարություններին ճիշտ տեսանկյունից կնայենք։ Այսինքն՝ մեր փորձությունները կդիտենք որպես ավելի մեծ հարցի մի մաս, հարց, որը ծագել է Եհովայի ու Սատանայի միջև։ Սատանան պնդում է, որ երբ դժվարությունների բախվենք, կհեռանանք Աստծուց (Հոբ 1։10, 11; Առակ. 27։11)։ Բայց երբ, չնայած դժվարություններին, հավատարիմ ենք մնում Եհովային, փաստում ենք, որ սիրում ենք նրան, և որ Սատանան ստախոս է։ Հնարավոր է՝ կառավարության կողմից հալածանքի ես բախվում կամ տնտեսական խնդիրներ ունես, գուցե մարդիկ դրականորեն չեն արձագանքում քարոզչական գործին, կամ էլ այլ դժվարությունների միջով ես անցնում։ Եթե այդպես է, հիշիր, որ դա շատ լավ հնարավորություն է քեզ համար ուրախացնելու Եհովայի սիրտը, և մի՛ մոռացիր, որ նա երբեք թույլ չի տա, որ քո կարողությունից վեր փորձվես։ Նա քեզ ուժ կտա, որ դիմանաս։ w24.06, էջ 22, պրբ. 9

14 օգոստոսի, ուրբաթ

Ամեն մեկը փորձվում է իր ցանկություններով տարվելու և հրապուրվելու պատճառով (Հակ. 1։14)։

Գիտե՞ս, թե որոնք են քո թույլ կողմերը։ Իմաստուն չի լինի խաբել ինքներս մեզ՝ անտեսելով մեր թերությունները կամ եզրակացնելով, թե այնքան ուժեղ ենք, որ մեղք չենք գործի (1 Հովհ. 1։8)։ Պողոսն ասաց, որ նույնիսկ նրանք, ովքեր «հոգևոր որակներ» ունեն, զգոն չլինելու պատճառով կարող են տրվել գայթակղությանը (Գաղ. 6։1)։ Մենք պետք է անկեղծ լինենք ինքներս մեզ հետ և լավ իմանանք, թե որ ոլորտներում ենք խոցելի (2 Կորնթ. 13։5)։ Իսկ ինչպե՞ս վարվենք, երբ իմանում ենք, թե որ ոլորտներում ենք հատկապես հակված տրվելու գայթակղությանը։ Մենք պետք է ամրացնենք գայթակղությանը դիմադրելու մեր կարողությունը։ Աստվածաշնչյան ժամանակներում ամենաշատը ուշադրություն էր դարձվում քաղաքի պարսպի դարպասների հսկողությանը, քանի որ այդ հատվածը ամենախոցելին էր։ Նմանապես մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք այն ոլորտներին, որոնցում հատկապես խոցելի ենք (1 Կորնթ. 9։27)։ w24.07, էջ 15, պրբ. 5-7

15 օգոստոսի, շաբաթ

Շարունակե[ք] լավ պտուղներ բերել և ավելացնել նրա մասին ճշգրիտ գիտելիքները (Կող. 1։10)։

Մենք լավ պտուղներ ենք բերում, երբ մասնակցում ենք Թագավորության մասին բարի լուրի քարոզչությանը։ Կարդալով Աստծու Խոսքը և խորհրդածելով դրա շուրջ՝ մենք ամրացնում ենք Եհովայի հանդեպ մեր հավատը և ավելի լավ ենք գիտակցում Թագավորության մասին լուրը քարոզելու կարևորությունը։ Ուստի Աստծու Խոսքից լիարժեք օգուտներ քաղելու համար բավականաչափ ժամանակ տրամադրիր, որ առանց շտապելու այն կարդաս, ուսումնասիրես և խորհրդածես դրա շուրջ։ Երբ անհասկանալի մտքի ես հանդիպում, պարզապես առաջ մի՛ անցիր, այլ դադար տուր և փորձիր գտնել այդ մտքի բացատրությունը՝ օգտվելով փնտրտուքների համար նախատեսված մեր գործիքներից, որոնցից է «Փնտրտուքների ուղեցույց Եհովայի վկաների համար» ձեռնարկը։ Եթե առանց շտապելու ուսումնասիրես Աստծու Խոսքը, ավելի կհամոզվես, որ դրանում գրվածը ճշմարտություն է (1 Թեսաղ. 5։21)։ Եվ որքան համոզված լինես դրանում, այնքան ավելի մեծ հաճույքով քո սովորածը կպատմես ուրիշներին։ w24.04, էջ 15, պրբ. 4-5

16 օգոստոսի, կիրակի

Ձեզ գրել էի.... որ տեսնեմ, թե արդյոք ամեն հարցում հնազանդ կլինեք, թե ոչ (2 Կորնթ. 2։9)։

Դավիթն ասել է, որ Եհովան «բարի է ու ներողամիտ» (Սաղ. 86։5)։ Միքիան գրել է. «Չկա՛ քեզ նման Աստված, որ ներում է հանցանքն ու այլևս չի հիշում.... մեղքը» (Միք. 7։18)։ Իսկ Եսայիան հետևյալն է գրել. «Թող անօրենը թողնի իր ճանապարհը, չար մարդը՝ իր մտքերը։ Թող նա վերադառնա դեպի Եհովան, ով կգթա նրան, դեպի մեր Աստվածը, քանի որ նա մեծահոգաբար կների նրան» (Ես. 55։7)։ Կորնթոսի ժողովի քրիստոնյաներին ասվել էր, որ, Եհովային ընդօրինակելով, ուրախությամբ հետ ընդունեին զղջացող եղբորը և հավաստիացնեին նրան իրենց սիրո մեջ։ Այդ առաջնորդությանը հետևելով՝ նրանք ցույց կտային, որ «ամեն հարցում հնազանդ են»։ Ճիշտ է, այդ մարդուն ժողովից հեռացնելուց հետո ընդամենը ամիսներ էին անցել, բայց տրված խրատը մղել էր նրան զղջալու։ Ուստի նրա վերականգնումը հետաձգելու ոչ մի պատճառ չկար։ w24.08, էջ 17-18, պրբ. 12-13

17 օգոստոսի, երկուշաբթի

Մեկը կվերցվի, մյուսը կթողնվի (Մատթ. 24։40)։

Մենք ապրում ենք վճռորոշ ժամանակներում։ Շուտով Հիսուսը դատելու է բոլորին։ Դրան նախորդող ժամանակաշրջանը նկարագրելիս Հիսուսը աշակերտներին տվեց իր անտեսանելի ներկայության և «այս աշխարհի վախճանի» վերաբերյալ մարգարեական նշան (Մատթ. 24։3)։ Այն գրված է Մատթեոս 24-րդ և 25-րդ գլուխներում և դրանց զուգահեռ արձանագրություններում՝ Մարկոս 13-րդ և Ղուկաս 21-րդ գլուխներում։ Հիսուսը երեք առակ պատմեց, որոնք կօգնեն մեզ պատրաստված լինել։ Այդ առակները ասես նախազգուշացում լինեն մեզ համար։ Դրանք ոչխարների ու այծերի, իմաստուն և հիմար կույսերի, ինչպես նաև տաղանդների մասին առակներն են։ Յուրաքանչյուր առակ կօգնի մեզ հասկանալ, թե մարդու գործերը ինչպես կազդեն դատաստանի ժամանակ Հիսուսի կայացրած որոշման վրա։ w24.09, էջ 20, պրբ. 1-2

18 օգոստոսի, երեքշաբթի

Թող ձեր բոլոր գործերի մեջ սեր լինի (1 Կորնթ. 16։14)։

Հիսուս Քրիստոսին իր Հոր և մարդկանց հանդեպ սերն էր մղում ջանասեր լինել և խոնարհաբար ծառայել ուրիշներին (Մատթ. 20։28; Հովհ. 13։5, 14, 15)։ Եղբայրներ, եթե ձեր շարժառիթը նույնպես սերն է, Եհովան կօրհնի ձեզ և կօգնի, որ համապատասխանեք ծառայող օգնական լինելու պահանջներին (1 Պետ. 5։5)։ Աշխարհում հաճախ հիանում են այն մարդկանցով, ովքեր փորձում են կարևոր երևալ ուրիշների աչքում։ Բայց Եհովայի կազմակերպությունում այդպես չէ։ Այն եղբայրը, ով Հիսուսի պես սիրում է մարդկանց, չի տենչում իշխանության, հեղինակության և դիրքի։ Եթե փառատենչ անհատը նշանակվի ծառայող օգնական, ամենայն հավանականությամբ, նա կհրաժարվի անել խոնարհություն պահանջող գործեր, որոնք անհրաժեշտ են Եհովայի թանկ գառներին հոգ տանելու համար։ Նման գործեր անելը նա գուցե իր պատվից վեր համարի (Հովհ. 10։12)։ w24.11, էջ 15, պրբ. 6-7

19 օգոստոսի, չորեքշաբթի

Սուրբ ոգին ձեզ վերակացուներ է նշանակել (Գործ. 20։28)։

Գնալով մեծանում է այն եղբայրների կարիքը, ովքեր կարող են ծառայել «որպես պարգևներ» (Եփես. 4։8)։ Եթե մկրտված եղբայր ես, «ի զորո՞ւ ես օգնելու» (Առակ. 3։27)։ Ձգտո՞ւմ ես համապատասխանել ծառայող օգնական լինելու պահանջներին։ Իսկ եթե ծառայող օգնական ես, նպատակ ունե՞ս ծառայելու որպես երեց և ջանքեր թափո՞ւմ ես այդ ուղղությամբ։ Փոփոխություններ անո՞ւմ ես, որ կարողանաս դիմել Թագավորության քարոզիչների դպրոցում սովորելու համար։ Երբ ստանաս այդ կրթությունը, Հիսուսը ավելի շատ բան կիրագործի քո միջոցով։ Բայց եթե կարծում ես, որ դեռ չես համապատասխանում որոշ պահանջների, աղոթիր Եհովային։ Նրանից խնդրիր իր սուրբ ոգին, որ կարողանաս անել քեզ տրված ցանկացած հանձնարարություն (Ղուկ. 11։13)։ Այն, որ Հիսուսը որոշ եղբայրների «որպես պարգև» է տվել, փաստում է, որ նա այս վերջին օրերում առաջնորդում է մեզ (Մատթ. 28։20)։ Մի՞թե երախտապարտ չես, որ ունենք սիրառատ և առատաձեռն Թագավոր, ով գիտի, թե մեզ ինչ է պետք, և տվել է համապատասխան որակներ ունեցող եղբայրներ, որ նրանք հոգան մեր կարիքները։ w24.10, էջ 23, պրբ. 16-17

20 օգոստոսի, հինգշաբթի

Նախկին բաներն այլևս մտքում չեն լինի (Ես. 65։17)։

Ի՞նչ է լինելու այն ամենին, ինչը Աստծու ժողովրդին ցավ ու տառապանք է պատճառում։ Ի վերջո այդ նեղությունները «մոռացվելու են և [Աստծու] աչքերից ծածկված են լինելու» (Ես. 65։16)։ Եհովան վերացնելու է մեր տառապանքի պատճառները, և ժամանակի ընթացքում դրանց հետ կապված մեր դառը հիշողությունները մոռացվելու են։ Ներկա լինելով հանդիպումներին՝ մենք կտրվում ենք այս չար աշխարհի հոգսերից և այս դժվար ժամանակներում մեզ հանգիստ ու հանդարտ ենք զգում։ Այդ հանգիստ միջավայրին նպաստելու համար մենք դրսևորում ենք սեր, ուրախություն, խաղաղություն, բարություն և մեղմություն՝ հատկություններ, որոնք Աստծու սուրբ ոգու պտղի բաղկացուցիչ մասն են (Գաղ. 5։22, 23)։ Մեծ պատիվ ունենք լինելու Աստծու կազմակերպության մեջ։ Նրանք, ովքեր կմնան հոգևոր դրախտում, կտեսնեն «նոր երկնքի և նոր երկրի» վերաբերյալ Աստծու խոստման լիարժեք կատարումը։ w24.04, էջ 22, պրբ. 9-10

21 օգոստոսի, ուրբաթ

Ծուղակ է մարդու համար, երբ նա հապճեպորեն բացականչում է՝ սո՛ւրբ է, և միայն հետո է ծանրութեթև անում իր տված երդումը (Առակ. 20։25)։

Մտերմություն անելը ոչ միայն հաճելի է, այլև շատ լուրջ քայլ է, որի արդյունքում զույգը կարող է ամուսնանալու որոշում կայացնել։ Հարսանիքի օրը ամուսինն ու կինը երդվում են սիրել ու հարգել միմյանց, քանի դեռ երկուսն էլ ողջ են։ Սակայն նախքան որևէ երդում տալը հարկավոր է լուրջ մտածել այդ մասին։ Սա հատկապես կարևոր է ամուսնական երդման դեպքում։ Մտերմության շրջանը հնարավորություն է տալիս, որ մտերմություն անողները լավ ճանաչեն իրար և ճիշտ որոշում կայացնեն։ Երբեմն ճիշտ որոշումը ամուսնանալը կարող է լինել, երբեմն էլ՝ մտերմությանը վերջ դնելը։ Եթե զույգը որոշում է վերջ դնել մտերմությանը, դա չի նշանակում, որ այդ շրջանը ձախողվել է։ Ընդհակառակը՝ այն ծառայել է իր նպատակին, այսինքն՝ օգնել է, որ զույգը ճիշտ որոշում կայացնի։ Շատ կարևոր է, որ ամուրի քրիստոնյան մտերմության շրջանի հետ կապված ճիշտ տեսակետ ունենա։ Այդ դեպքում, եթե նա ամուսնանալու նպատակ չունի, երբեք ոչ ոքի հետ մտերմություն չի սկսի։ w24.05, էջ 26-27, պրբ. 3-4

22 օգոստոսի, շաբաթ

Երբեք ամոթ չզգաս.... մեր Տիրոջ մասին վկայություն տալու համար (2 Տիմոթ. 1։8)։

Պատանի քրիստոնյաները երբեմն գուցե համարձակություն չունենան պաշտպանելու իրենց հավատալիքները։ Հնարավոր է՝ նրանք վախենան դասարանի առաջ բացատրել, թե ինչու չեն հավատում էվոլյուցիային։ Պատճառը թերևս լինի այն, որ ուսուցիչներն այդ տեսությունը ներկայացնեն որպես հաստատված փաստ։ Լինելով ծնող՝ ինչպե՞ս կարող ես օգնել երեխայիդ, որ համոզվածությամբ պաշտպանի իր հավատալիքները։ Երեխայիդ հավաստիացրու, որ չպետք է ամաչի Արարչին հավատալու համար։ Փաստն այն է, որ շատ գիտնականներ նույնպես այն կարծիքին են, որ կյանքը հանկարծակի կամ պատահմամբ չի առաջացել։ Նրանք գիտակցում են, որ բնության մեջ օրգանիզմների բարդ կառուցվածքը պետք է որ խելացի մեկը ստեղծած լինի։ Արդյունքում նրանք չեն ընդունում էվոլյուցիոն տեսությունը։ Երեխադ կարող է ավելի վստահ լինել իր համոզմունքներում, եթե մտածի այն փաստերի մասին, որոնք շատ եղբայրների ու քույրերի համոզել են, որ կյանքը ստեղծագործության արդյունք է։ w24.12, էջ 18, պրբ. 14-15

23 օգոստոսի, կիրակի

Սուրբ ոգուց ուրախությամբ [լցվեց] (Ղուկ. 10։21)։

Հիսուսը քարոզելիս դրական տրամադրվածություն ուներ։ Դա նրան օգնում էր չկորցնել եռանդը։ 30 թ.-ին, երբ Հիսուսը քարոզում էր, տեսավ, որ շատերը պատրաստ են լսելու իրեն, և նա այդ մարդկանց նմանեցրեց արտերի, որոնք պատրաստ են հնձի (Հովհ. 4։35)։ Մոտ մեկ տարի անց նա իր աշակերտներին ասաց. «Հունձը շատ է» (Մատթ. 9։37, 38)։ Իսկ հետագայում նորից ընդգծեց դա՝ ասելով. «Հունձը շատ է.... Աղերսեք հնձի Տիրոջը, որ աշխատողներ ուղարկի հնձի համար» (Ղուկ. 10։2)։ Հիսուսը վստահ էր, որ կլինեն մարդիկ, ովքեր կհավատան իր քարոզած բարի լուրին, և ուրախանում էր, երբ հանդիպում էր այդպիսի մարդկանց։ Հիսուսն իր աշակերտներին սովորեցնում էր քարոզչության հանդեպ դրական տրամադրվածություն պահպանել, ինչի շնորհիվ նրանք կկարողանային եռանդուն մնալ։ w25.03, էջ 18-19, պրբ. 15-16

24 օգոստոսի, երկուշաբթի

Իմ Աստվածը իմ ժայռն է, իմ ապավենը (Սաղ. 94։22)։

Եհովան ապաստան է։ Ինչպես հսկա լեռը կարող է ապաստան լինել փոթորկի ժամանակ, այնպես էլ Եհովան կարող է մեր ապաստանը լինել, երբ հայտնվում ենք դժվար իրավիճակում։ Նա պաշտպանում է մեզ և թույլ չի տալիս, որ հարատև վնաս կրենք։ Դեռ ավելին՝ նա խոստանում է, որ կվերացնի ցանկացած բան, ինչը սպառնում է մեր խաղաղությանն ու անվտանգությանը (Եզեկ. 34։25, 26)։ Մենք Եհովային կարող ենք մեր Ապաստանը դարձնել, եթե, օրինակ, աղոթենք նրան։ Երբ աղոթում ենք, ստանում ենք Աստծու խաղաղությունը, որը պաշտպանում է մեր սիրտն ու միտքը (Փիլիպ. 4։6, 7)։ Եհովան միշտ մեր թիկունքին է։ Մենք կարող ենք վստահել նրան, քանի որ նա «հավիտենական Ժայռ է» (Ես. 26։3, 4)։ Նա միշտ կլինի, ուստի կարող է կատարել իր խոստումները, լսել մեր աղոթքները և աջակցել մեզ, երբ դրա կարիքն ունենանք։ Մենք կարող ենք ապավինել Եհովային, քանի որ նա նվիրված է իր բոլոր ծառաներին (2 Սամ. 22։26)։ Նա երբեք չի մոռանա մեր արածը և միշտ կվարձատրի մեզ (Եբր. 6։10; 11։6)։ w24.06, էջ 27, պրբ. 4-6

25 օգոստոսի, երեքշաբթի

Քո սիրտը պահպանիր, որովհետև դրանից են բխում կյանքի աղբյուրները (Առակ. 4։23)։

Մեր սիրտը կարող է կիսվել վնասակար ժամանցի, վատ ընկերակցության կամ նյութապաշտության հետևանքով։ Եթե նկատում ենք, որ Եհովայի հանդեպ մեր սերը սկսել է թուլանալ, պետք է անհապաղ քայլեր ձեռնարկենք (Մատթ. 5։29, 30)։ Չպետք է թույլ տանք, որ մեր սիրտը կիսվի։ Գուցե խաբենք ինքներս մեզ՝ մտածելով, որ եթե ավելի շատ հոգևոր գործերով զբաղվենք, կարիք չի լինի մերժելու այն բաները, որոնք կարող են վատ ազդեցություն ունենալ մեզ վրա։ Բայց պատկերացրու դու դրսում ես, և շատ ցուրտ ու քամոտ եղանակ է։ Տուն հասնելուն պես դու միացնում ես ջեռուցումը, բայց ի՞նչ ես կարծում՝ որքա՞ն օգուտ կտա քեզ այդ ջեռուցումը, եթե տան դուռը բաց թողնես։ Սառը օդը արագորեն կներթափանցի տուն։ Մենք չպետք է սահմանափակվենք միայն հոգևորապես սնվելով, ինչը ջերմացնում է Եհովայի հետ մեր հարաբերությունները։ Մենք պետք է նաև փակենք մեր սրտի դուռը այն ամենի առջև, ինչը կարող է վնասակար ազդեցություն ունենալ մեզ վրա, որ այս աշխարհի սառը օդը, կամ՝ Աստծուն տհաճ մտածելակերպը չներթափանցի ներս և չկիսի մեր սիրտը (Եփես. 2։2)։ w24.07, էջ 21, պրբ. 6-7

26 օգոստոսի, չորեքշաբթի

Սիրեք ձեր թշնամիներին և աղոթեք ձեզ հալածողների համար (Մատթ. 5։44)։

Մենք միայն կարող ենք պատկերացնել, թե Հիսուսը ինչ անասելի ցավ ապրեց, ինչպիսի անպատվություն կրեց և ինչ անարդար վերաբերմունքի արժանացավ։ Չնայած որ նա տառապանքներ կրեց անարդար վերաբերմունքի պատճառով, սակայն աննկուն մնաց։ Իրեն ցցին գամած հռոմեացի զինվորներին անիծելու փոխարեն նա աղոթեց. «Հա՛յր, ներիր նրանց. նրանք չգիտեն՝ ինչ են անում» (Ղուկ. 23։34)։ Երբ աղոթում ենք նրանց համար, ովքեր վատ են վերաբերվում մեզ, բարկության ու վրդովմունքի զգացումը մեղմվում է մեր մեջ, անգամ հնարավոր է՝ սկսենք ուրիշ աչքով նայել մեզ վիրավորած մարդուն։ Մինչ կգա այս աշխարհի վերջը, չենք կարող ասել, թե անարդարության ինչ դրսևորումների կբախվենք։ Թող որ երբեք չդադարենք Եհովայից աղոթքով օգնություն խնդրելուց։ Բացի այդ՝ անարդարության բախվելիս եկեք Հիսուսի պես արձագանքենք և շարունակենք կիրառել աստվածաշնչյան սկզբունքները։ Այդ դեպքում կարող ենք կասկած անգամ չունենալ, որ Եհովայից լիուլի կօրհնվենք (1 Պետ. 3։8, 9)։ w24.11, էջ 6, պրբ. 16; էջ 7, պրբ. 17, 19

27 օգոստոսի, հինգշաբթի

Դու անօրենությանը հավանություն տվող Աստված չես, վատ բան անող ոչ մի մարդ չի կարող մտերիմ լինել քեզ հետ (Սաղ. 5։4)։

Եհովան ամենաթող Աստված չէ. նա ատում է մեղքը (Սաղ. 5։4-6)։ Նա պահանջում է, որ հարգենք իր արդար չափանիշները, որոնք գրել է տվել իր Խոսքում։ Ինչ խոսք, Եհովան անկատար մարդկանցից կատարելություն չի ակնկալում (Սաղ. 130։3, 4)։ Բայց միևնույն ժամանակ չի հանդուրժում «աստվածավախություն չունեցող մարդկանց, որոնք օգտվում են [իր] անզուգական բարությունից՝ իրենց լկտի վարքը արդարացնելու համար» (Հուդա 4)։ Աստվածաշնչում ասվում է, որ «անարդար մարդիկ կկործանվեն» Աստծու պատերազմի՝ Արմագեդոնի ժամանակ (2 Պետ. 3։7; Հայտն. 16։16)։ Սակայն Եհովան չի ցանկանում, որ որևէ մեկը կործանվի։ Աստվածաշունչը հստակ ցույց է տալիս, որ նա «ցանկանում է, որ բոլորը զղջան» (2 Պետ. 3։9)։ Եհովային ընդօրինակելով՝ երեցները համբերատար կերպով փորձում են օգնել լուրջ մեղք գործած անհատներին փոխվել և վերագտնել Աստծու հավանությունը։ w24.08, էջ 26, պրբ. 1-2

28 օգոստոսի, ուրբաթ

Դու ձեռքդ բաց ես անում և ամեն կենդանի արարածի փափագը գոհացնում (Սաղ. 145։16)։

Մենք էլ Եհովայի նման կարող ենք, սիրուց մղված, նյութապես օգնել ուրիշներին։ Ճանաչո՞ւմ ես այնպիսի հավատակցի, ով սննդի կամ հագուստի կարիք ունի։ Եհովան կարող է նրա այդ կարիքը բավարարել քո միջոցով։ Աստծու ժողովուրդը հայտնի է իր առատաձեռնությամբ հատկապես աղետների ժամանակ։ Օրինակ՝ COVID-19 համավարակի ընթացքում եղբայրներն ու քույրերը կարիքի մեջ եղողներին ապահովում էին ուտելիքով, հագուստով և այլ անհրաժեշտ իրերով։ Բացի այդ՝ շատերը առատ նվիրատվություններ էին անում համաշխարհային գործի համար։ Դրա շնորհիվ հնարավոր եղավ ողջ աշխարհում կազմակերպել աղետից տուժածներին օգնելու աշխատանքները։ Այդ առատաձեռն եղբայրներն ու քույրերը հետևեցին Եբրայեցիներ 13։16-ում գրված հորդորին. «Մի՛ մոռացեք բարիք անել և ձեր ունեցածից բաժին հանել ուրիշներին, որովհետև Աստծուն հաճելի են այսպիսի զոհերը»։ w24.09, էջ 27, պրբ. 6-7

29 օգոստոսի, շաբաթ

Միշտ ընտրեք այն, ինչն ավելի կարևոր է (Փիլիպ. 1։10)։

Պատկերացնենք դու աշխատանք ես փնտրում, որ հոգ տանես ընտանիքիդ համար։ Աշխատանքի հնարավորության երկու տարբերակ ունես։ Դու քննում ես բոլոր փաստերը, հաշվի ես առնում, թե ինչպիսի աշխատանք է, ինչ գրաֆիկով ես աշխատելու, որքան ժամանակ ես ծախսելու ճանապարհի վրա և այլն։ Երկու տարբերակներն էլ չեն հակասում աստվածաշնչյան սկզբունքներին։ Գուցե դրանցից մեկը նախընտրելի է քեզ համար, քանի որ սիրում ես նման աշխատանք կատարել, կամ էլ աշխատավարձն է ավելի բարձր։ Սակայն որոշ գործոններ էլ կան, որ արժե հաշվի առնել նախքան որոշում կայացնելը։ Մտածիր՝ արդյո՞ք այդ աշխատանքը կխանգարի ներկա լինել ժողովներին։ Ժամանակ կմնա՞ ընտանիքիդ էմոցիոնալ և հոգևոր կարիքները հոգալու համար։ Նմանատիպ հարցերի շուրջ խորհելը կօգնի, որ «ավելի կարևոր» բաները՝ հոգևոր գործերը և ընտանիքդ, նյութական բարեկեցությունից առավել դասես։ Արդյունքում դու այնպիսի որոշում կկայացնես, որը Եհովան կօրհնի։ w25.01, էջ 17, պրբ. 11-13

30 օգոստոսի, կիրակի

Եհովան մոտ է նրանց, ում սիրտը կոտրված է (Սաղ. 34։18)։

Նույնիսկ եթե ուրիշները քեզ վատ են վերաբերվել, համոզված եղիր, որ Եհովան սիրում է քեզ և թանկ է համարում։ Ընկճված պահերին հիշիր, որ Եհովան քո սրտում լավ բաներ է տեսել և ձգել է քեզ դեպի իրեն (Հովհ. 6։44)։ Նա միշտ պատրաստ է օգնել քեզ, քանի որ դու թանկ ես նրա համար։ Եհովայի զգացումները ավելի լավ պատկերացնելու համար կարող ենք ուշադրություն դարձնել Հիսուսի օրինակին։ Իր երկրային ծառայության ընթացքում Հիսուսը նկատում էր անտեսված մարդկանց և կարեկցում էր նրանց (Մատթ. 9։9-12)։ Երբ տանջալի հիվանդություն ունեցող մի կին դիպավ նրա վերնահագուստին՝ հույս ունենալով, որ կբուժվի, Հիսուսը նրան մխիթարեց և գովեց հավատ ունենալու համար (Մարկ. 5։25-34)։ Հիսուսը իր Հոր կատարյալ արտացոլանքն է (Հովհ. 14։9)։ Ուստի համոզված եղիր, որ դու մեծ արժեք ունես Եհովայի աչքում, և նա գնահատում է քո լավ հատկությունները, ինչպես նաև իր հանդեպ ունեցած քո սերն ու հավատը։ w24.10, էջ 7, պրբ. 4-5

31 օգոստոսի, երկուշաբթի

Քո տկի մեջ հավաքիր իմ արցունքները (Սաղ. 56։8)։

Իր կյանքի ընթացքում Դավիթը տարբեր դժվարությունների էր բախվել, որոնց պատճառով աղի արցունք էր թափել։ Շատերն ատում էին Դավթին, ոմանք էլ, ում նա վստահում էր, դավաճանեցին նրան (1 Սամ. 19։10, 11; 2 Սամ. 15։10-14, 30)։ Իր կյանքի ծանր ժամանակներում նա գրեց. «Հառաչանքներիցս հալումաշ եմ լինում, ողջ գիշեր անկողինս արտասուքով եմ ողողում և այն իմ արցունքներով թրջում» (Սաղ. 6։6)։ Թեև Դավիթը շատ դժվարությունների էր բախվում, բայց համոզված էր, որ Եհովան սիրում է իրեն։ Նա գրեց. «Եհովան կլսի իմ հեկեկանքը» (Սաղ. 6։8)։ Իսկ այսօրվա խոսքում Դավիթը բանաստեղծական լեզվով նկարագրում է Եհովայի քնքուշ հոգատարությունը՝ ասելով, որ նա տկի մեջ է հավաքում իր արցունքները և գրքի մեջ գրում դրանց թիվը։ Դավիթը վստահ էր, որ Եհովան տեսնում է իր ցավը և անտարբեր չի մնում։ Նա համոզված էր, որ իր սիրառատ Հայրը տեսնում է ոչ միայն այն, թե ինչի միջով է ինքն անցնում, այլև թե դա ինչ ազդեցություն է ունենում իր վրա։ w24.12, էջ 22, պրբ. 11-12

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը