Մայիս
1 մայիսի, ուրբաթ
Աստված անկողմնակալ է (Հռոմ. 2։11)։
Այն բանից հետո, երբ Եհովան իսրայելացիներին ազատագրեց Եգիպտոսի ստրկությունից, քահանաներ նշանակեց, որ նրանք ծառայեին խորանում։ Այդ սուրբ վրանի հետ կապված պարտականությունները նա ղևտացիներին հանձնարարեց։ Բայց արդյո՞ք Եհովան ավելի լավ էր հոգ տանում նրանց մասին, ովքեր խորանում էին ծառայում կամ դրան ավելի մոտ էին ապրում։ Ո՛չ։ Մեր Աստվածը կողմնակալ չէ։ Ճամբարում յուրաքանչյուր մարդ հավասարապես հնարավորություն ուներ Եհովայի հետ մտերիմ լինելու։ Եհովան այնպես էր արել, որ ամբողջ ազգը կարողանար տեսնել խորանի վերևում գտնվող ամպի սյունն ու կրակի սյունը (Ելք 40։38)։ Երբ ամպը սկսում էր շարժվել նոր ուղղությամբ, նույնիսկ խորանից ամենահեռու գտնվողները կարող էին տեսնել դա, հավաքել իրենց իրերն ու վրանները և մյուսների հետ ճանապարհ ընկնել (Թվեր 9։15-23)։ Նմանապես այսօր, անկախ նրանից, թե երկրագնդի որ մասում ենք ապրում, կարող ենք վստահ լինել, որ Եհովան սիրում է մեզ, հոգ է տանում մեր մասին և պաշտպանում է։ w24.06, էջ 4, պրբ. 10-12
2 մայիսի, շաբաթ
Վե՛ր կացեք՝ փախչենք, որովհետև մեզնից ոչ ոք չի ազատվի Աբիսողոմից (2 Սամ. 15։14)։
Դավթի որդի Աբիսողոմը վճռել էր զավթել թագավորությունը (2 Սամ. 15։12, 13)։ Դավթի կյանքին վտանգ էր սպառնում. նա պետք է անմիջապես հեռանար Երուսաղեմից։ Բայց Դավիթը հասկանում էր, որ ինչ-որ մեկը պետք է մնար քաղաքում, որպեսզի Աբիսողոմի ծրագրերի մասին իրեն տեղեկություններ փոխանցեր։ Դրա համար նա Սադոկին և այլ քահանաների որպես լրտեսներ ուղարկեց Երուսաղեմ (2 Սամ. 15։27-29)։ Նրանք պետք է շատ զգույշ լինեին։ Դավիթը մի ծրագիր էր մշակել, որը պետք է իրականացնեին Սադոկն ու Քուսին։ Նրանք Դավթի հավատարիմ ընկերներն էին (2 Սամ. 15։32-37)։ Հետևելով այդ ծրագրին՝ Քուսին շահեց Աբիսողոմի վստահությունը և այնպիսի մարտավարություն առաջարկեց, որը Դավթին ժամանակ կտար պատրաստվելու Աբիսողոմի հարձակմանը։ Այնուհետև Քուսին Սադոկին և Աբիաթարին տեղեկացրեց այդ մասին (2 Սամ. 17։8-16)։ Վերջիններս էլ Դավթին հայտնեցին այդ լուրը, որը կարևոր դեր խաղաց Դավթի կյանքը փրկելու հարցում (2 Սամ. 17։21, 22)։ w24.07, էջ 4-5, պրբ. 9-10
3 մայիսի, կիրակի
Եհովան.... ասում է. «Եկեք մեր միջև ամեն ինչ պարզենք» (Ես. 1։18)։
Եհովայի ծառաներից ոմանք մեղավորության ծանր զգացում ունեն այն սխալների պատճառով, որ թույլ են տվել մկրտությունից առաջ կամ նույնիսկ դրանից հետո։ Բայց լավ կլինի հիշել, որ Եհովան մեր հանդեպ խոր սիրուց մղած է տվել փրկագինը։ Մենք կարող ենք համոզված լինել, որ նա ուզում է՝ ընդունենք իր այդ նվերը։ Եհովան հավաստիացնում է, որ այն բանից հետո, երբ իր հետ «ամեն ինչ պարզում ենք», նա լիովին ներում է մեզ։ Սիրո ինչպիսի՜ դրսևորում. Եհովան մոռանում է անցյալում գործած մեր մեղքերը, սակայն միշտ հիշում է մեր արած լավ բաները (Սաղ. 103։9, 12; Եբր. 6։10)։ Եթե դու էլ ես տանջվում անցյալում գործած սխալներիդ պատճառով, ամեն բան արա, որ կենտրոնանաս ներկայի և ապագայի վրա, ոչ թե անցյալի։ Դու չես կարող փոխել անցյալը, բայց քո ներկայիս հանգամանքներում կարող ես փառք բերել Եհովային և մտքումդ վառ պահել նրա խոստացած հրաշալի ապագան։ w24.10, էջ 8, պրբ. 8-9
4 մայիսի, երկուշաբթի
Հագեք նոր անձնավորությունը (Կող. 3։10)։
Աստվածաշունչն ընթերցելիս երբեմն գուցե վհատվես՝ տեսնելով, թե որքան բանի վրա պետք է աշխատես։ Պատկերացնենք մի օր Աստվածաշնչում կարդում ես, որ ճիշտ չէ մարդկանց միջև խտրականություն դնել (Հակ. 2։1-8)։ Տեսնում ես, որ կարիք ունես բարելավվելու այն հարցում, թե ինչպես ես վերաբերվում ուրիշներին, ուստի որոշում ես փոփոխություններ անել։ Հաջորդ օրը կարդում ես լեզուն հսկելու կարևորության մասին (Հակ. 3։1-12)։ Նկատում ես, որ երբեմն խոսքերդ վհատեցնող ու բացասական են։ Ուստի որոշում ես աշխատել, որ զրույցներդ դրական ու թարմացնող լինեն։ Մյուս օրը աշխարհի ընկերը չլինելու վերաբերյալ նախազգուշացում ես կարդում (Հակ. 4։4-12)։ Հասկանում ես, որ զվարճությունների ընտրության հարցում ավելի զգույշ պետք է լինես։ Չորրորդ օրն արդեն վհատության մեջ ես ընկնում՝ գիտակցելով, թե որքան աշխատելու տեղ ունես։ Սակայն թևաթափ մի՛ եղիր։ Հիշիր, որ «նոր անձնավորությունը» հագնելը շարունակական գործողություն է։ w24.09, էջ 5-6, պրբ. 11-12
5 մայիսի, երեքշաբթի
Ձեր սրտերում ընդունեք, որ Քրիստոսը Տեր է, և որ նա սուրբ է։ Միշտ պատրաստ եղեք ի պաշտպանություն ձեր հույսի խոսելու յուրաքանչյուր մարդու առաջ, ով կպահանջի բացատրել, թե ինչի վրա է այն հիմնված։ Սակայն դա արեք մեղմությամբ ու խոր հարգանքով (1 Պետ. 3։15)։
Հիսուսը գիտեր. ամենակարևորն այն է, որ Եհովան տեսնում է ամեն բան։ Նա վստահ էր, որ իր Հայրը ճիշտ ժամանակին վերջ կդնի անարդարությանը։ Երբ անարդարության բախվենք, Հիսուսին ընդօրինակած կլինենք, եթե վերահսկենք մեր խոսքը։ Անարդարության որոշ դրսևորումներ լուրջ չեն, և պարզապես կարող ենք անտեսել դրանք։ Սակայն լինում են դեպքեր, երբ որոշում ենք լռել, որ իրավիճակն ավելի չբարդացնենք (Ժող. 3։7; Հակ. 1։19, 20)։ Երբեմն էլ թերևս հարկավոր է խոսել, օրինակ՝ երբ տեսնում ենք, որ ինչ-որ մեկի հանդեպ անարդարություն է դրսևորվում կամ ճշմարտությունը պաշտպանելու կարիք կա (Գործ. 6։1, 2)։ Նման դեպքերում պետք է ձգտենք խոսել հանդարտությամբ ու հարգանքով։ Մենք կարող ենք Հիսուսին ընդօրինակել նաև՝ հանձնելով մեզ «Նրա ձեռքը, ով արդարությամբ է դատում» (1 Պետ. 2։23)։ w24.11, էջ 5-6, պրբ. 10-12
6 մայիսի, չորեքշաբթի
Աստծու հրեշտակներն ուրախանում են մեկ զղջացող մեղսագործի համար (Ղուկ. 15։10)։
Մենք անչափ ուրախանում ենք, երբ լուրջ մեղք գործած հավատակիցը զղջում է (Ղուկ. 15։7)։ Իսկ ո՞ւմ շնորհիվ է նա զղջում։ Արդյո՞ք երեցների։ Հիշենք, թե ինչ գրեց Պողոս առաքյալը մեղք գործած քրիստոնյաների հետ կապված. «Թերևս Աստված հնարավորություն ընձեռի նրանց, որ զղջան» (2 Տիմոթ. 2։25)։ Տեսնում ենք, որ Եհովան է օգնում անհատին փոխել իր մտածելակերպն ու վերաբերմունքը, ոչ թե որևէ մարդ։ Այնուհետև Պողոսը նկարագրում է, թե ինչ կլինի, երբ անհատը զղջա։ Նա կարող է ավելի ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերել ճշմարտության մասին, խելքի գալ, և ազատվել Բանսարկուի թակարդից (2 Տիմոթ. 2։26)։ Երբ անհատը զղջա, կոմիտեն հովվական այցելություններ կկազմակերպի, որ նա շարունակի անհրաժեշտ օգնություն ստանալ, ինչի շնորհիվ կկարողանա խուսափել Սատանայի թակարդներից և «ուղիղ ճանապարհով գնալ» (Եբր. 12։12, 13)։ w24.08, էջ 23, պրբ. 14-15
7 մայիսի, հինգշաբթի
Դուք ինձ փնտրում եք ոչ թե նրա համար, որ հրաշքներ տեսաք, այլ որ կերաք այն հացերից ու կշտացաք (Հովհ. 6։26)։
Հիսուսի հրաշքին ականատես եղած մարդկանց հետագա քայլերը ցույց տվեցին, որ նրանք կենտրոնացած են իրենց ֆիզիկական կարիքներն ու ցանկությունները բավարարելու վրա։ Երբ հաջորդ օրը նրանք նկատեցին, որ Հիսուսն ու առաքյալները հեռացել են, նավակներ նստեցին ու գնացին Կափառնայում՝ Հիսուսին փնտրելու (Հովհ. 6։22-24)։ Արդյո՞ք նրանք ցանկանում էին ավելին սովորել Թագավորության մասին։ Ո՛չ։ Նրանց գլխավոր մտահոգությունը իրենց քաղցը բավարարելն էր։ Ուշադրություն դարձնենք, թե ինչ եղավ, երբ մարդիկ գտան Հիսուսին։ Հիսուսը պարզ ասաց, որ նրանք եկել են իր հետևից՝ լոկ իրենց կարիքները բավարարելու համար։ Նա նշեց, որ նրանք կերան ու «կշտացան.... փչացող ուտելիքով», և հորդորեց աշխատել «մնայուն ուտելիքի [համար], որը հավիտենական կյանքի է տանում» (Հովհ. 6։26, 27)։ Հիսուսն ասաց, որ իր Հայրը անշուշտ կտա այդ ուտելիքը։ w24.12, էջ 5, պրբ. 8-9
8 մայիսի, ուրբաթ
Իմաստունը ծանրութեթև անելով է ընտրում իր խոսքերը, և նրա ասածը համոզիչ է հնչում (Առակ. 16։23)։
Սիրելի՛ եղբայր, հմուտ ուսուցիչ լինելու համար ուսուցանելիս և խորհուրդ տալիս հիմնվիր Աստվածաշնչի վրա։ Ջանասիրաբար ուսումնասիրիր Աստծու Խոսքն ու մեր հրատարակությունները (Առակ. 15։28)։ Ուշադրություն դարձրու, թե մեր հրատարակություններն ինչպես են բացատրում սուրբգրային համարները, որ ճիշտ կիրառես դրանք։ Ուսուցանելիս ձգտիր օգնել մարդկանց, որ սիրեն Եհովային և մղվեն կիրառելու իրենց իմացածը։ Սովորեցնելու հմտությունդ բարելավելու համար խորհուրդ հարցրու փորձառու երեցներից և կիրառիր նրանց առաջարկները (1 Տիմոթ. 5։17)։ Երեցները պետք է կարողանան քաջալերել իրենց եղբայրներին ու քույրերին, երբեմն էլ՝ խորհուրդ տալ կամ նույնիսկ ուղղել։ Բոլոր դեպքերում էլ նրանք պետք է բարությամբ վարվեն։ Եթե նրբանկատ ու ջերմ լինես, ինչպես նաև սովորեցրածդ հիմնես Աստվածաշնչի վրա, լավ արդյունքների կհասնես, քանի որ այդպիսով ընդօրինակած կլինես Մեծ Ուսուցչին՝ Հիսուսին (Մատթ. 11։28-30; 2 Տիմոթ. 2։24)։ w24.11, էջ 24, պրբ. 16
9 մայիսի, շաբաթ
Նրա փառահեղության մասին հայտնեք ազգերին (Սաղ. 96։3)։
Մենք կարող ենք փառաբանել Եհովային մեր խոսքերով։ Եհովայի ժողովրդին կոչ է արվում «երգ երգել Եհովայի պատվին», «փառաբանել նրա անունը», «պատմել նրանից եկող փրկության բարի լուրը», «նրա փառահեղության մասին հայտնել ազգերին» (Սաղ. 96։1-3)։ Սրանք բոլորը կերպեր են, որոնցով կարող ենք փառաբանել մեր երկնային Հորը (Գործ. 4։29)։ Մենք նաև կարող ենք փառավորել Եհովային մեր արժեքավոր բաներով։ Եհովայի ծառաները միշտ այդ կերպ պատվել են նրան (Առակ. 3։9)։ Օրինակ՝ իսրայելացիները աջակցել են տաճարի շինարարությանն ու սպասարկմանը (2 Թագ. 12։4, 5; 1 Տար. 29։3-9)։ Քրիստոսի հոգատար աշակերտները «իրենց միջոցներով» ծառայել են նրան ու նրա առաքյալներին (Ղուկ. 8։1-3)։ Առաջին դարի քրիստոնյաները օգնել են աղետից տուժած իրենց հոգևոր եղբայրներին ու քույրերին (Գործ. 11։27-29)։ Այսօր մենք էլ կարող ենք փառավորել Եհովային մեր կամավոր նվիրատվություններով։ w25.01, էջ 4, պրբ. 8; էջ 5, պրբ. 11
10 մայիսի, կիրակի
Ո՞վ կարող է արգելել, որ այս մարդիկ.... ջրում մկրտվեն (Գործ. 10։47)։
Ի՞նչն օգնեց Կոռնելիոսին մկրտվել։ Աստվածաշնչում կարդում ենք, որ «[Կոռնելիոսը] և իր տան բոլոր անդամները.... աստվածավախ մարդիկ էին», և որ նա միշտ աղոթում էր Աստծուն (Գործ. 10։2)։ Երբ Պետրոսը Կոռնելիոսին հայտնեց բարի լուրը, նա և իր ընտանիքը հավատացին Քրիստոսին ու անմիջապես մկրտվեցին (Գործ. 10։47, 48)։ Կոռնելիոսն անկասկած պատրաստ էր անելու ցանկացած անհրաժեշտ փոփոխություն, որ իր ընտանիքի հետ պաշտեր Եհովային (Հեսու 24։15; Գործ. 10։24, 33)։ Նա թույլ չտվեց, որ իր դիրքը հետ պահի իրեն քրիստոնյա դառնալուց։ Եթե Եհովային նվիրվելու համար դու էլ պետք է լուրջ փոփոխություններ անես կյանքում, վստահ եղիր, որ նա կօգնի քեզ։ Վճռիր Աստծու ծառան դառնալու համար քո կյանքում կիրառել աստվածաշնչյան սկզբունքները և կտեսնես, թե նա ինչպես է օրհնում քեզ։ w25.03, էջ 5, պրբ. 12-13
11 մայիսի, երկուշաբթի
Մերժիր աստվածանարգ սուտ պատմությունները (1 Տիմոթ. 4։7)։
Եթե կազմակերպության կամ առաջնորդող եղբայրների մասին բացասական պատմություններ լսես, հիշիր, որ Աստծու թշնամիները Հիսուսի և նրա աշակերտների հետ էլ էին նման կերպ վարվում։ Ինչպես մարգարեացվել էր, այսօր Եհովայի ժողովրդին հալածում են ու զրպարտում (Մատթ. 5։11, 12)։ Որպեսզի կեղծ պատմությունները մեզ չմոլորեցնեն, մենք պետք է հասկանանք, թե ով է կանգնած դրանց հետևում, և անմիջապես քայլեր ձեռնարկենք։ Մերժիր կեղծ պատմությունները։ Պողոսը հստակ հրահանգներ է տվել, թե ինչ է հարկավոր անել կեղծ պատմություններ լսելիս։ Նա Տիմոթեոսին ասաց, որ «պատվիրի ոմանց.... ուշադրություն չդարձնել հորինված պատմություններին», ինչպես նաև «մերժել աստվածանարգ սուտ պատմությունները» (1 Տիմոթ. 1։3, 4)։ Մենք մերժում ենք սուտ պատմությունները, քանի որ հասկանում ենք, թե որտեղից են դրանք, և ուզում ենք ականջ դնել միայն ճշմարտության առողջ խոսքերին (2 Տիմոթ. 1։13)։ w24.04, էջ 11, պրբ. 16; էջ 13, պրբ. 17
12 մայիսի, երեքշաբթի
Նրանք իրենց ճարտար լեզվով ու շողոքորթությամբ մոլորեցնում են պարզահոգի մարդկանց (Հռոմ. 16։18)։
Շարունակիր միասնական լինել նրանց հետ, ովքեր նվիրված են Եհովային։ Աստված ուզում է, որ միասնական կերպով պաշտենք իրեն։ Քանի դեռ կառչած ենք ճշմարտությանը, մեզ կհաջողվի միասնական լինել։ Բոլոր նրանք, ովքեր շեղվում են ճշմարտությունից, պառակտումներ են մտցնում ժողովում։ Ուստի Եհովան զգուշացնում է, որ «հեռո՛ւ մնանք» նրանցից։ Հակառակ դեպքում մենք ինքներս կշեղվենք ճշմարտությունից (Հռոմ. 16։17)։ Եթե ճանաչենք ճշմարտությունը և կառչած մնանք դրան, հոգևորապես պաշտպանված և առողջ կլինենք (Եփես. 4։15, 16)։ Մենք չենք խաբվի՝ հավատալով Սատանայի տարածած կեղծ ուսմունքներին և մոլորեցնող քարոզչությանը, իսկ մեծ նեղության ընթացքում Եհովայի հոգատար ձեռքերում կլինենք։ Ուստի շարունակիր կառչած մնալ ճշմարտությանը, և «խաղաղություն տվող Աստվածը քեզ հետ կլինի» (Փիլիպ. 4։8, 9)։ w24.07, էջ 13, պրբ. 16-17
13 մայիսի, չորեքշաբթի
Քրիստոսը մեկ զոհ մատուցեց, որ մեկընդմիշտ վերացնի մեղքերը (Եբր. 10։12)։
Հիսուսը հատուկ ուշադրություն էր դարձնում նրանց, ովքեր մեղքի պատճառով վհատված էին, և հրավիրում էր նրանց դառնալ իր հետևորդները։ Նա գիտեր, որ մարդկության տառապանքի բուն պատճառը մեղքն է։ Ուստի օգնում էր հատկապես այն մարդկանց, ովքեր հայտնի էին որպես մեղսագործներ։ Հիսուսը բացատրեց. «Ոչ թե առողջները բժշկի կարիք ունեն, այլ հիվանդները.... Ես եկել եմ ոչ թե արդարներին կանչելու, այլ մեղսագործներին» (Մատթ. 9։12, 13)։ Հիսուսը հենց այդպես էլ վարվում էր։ Երբ մի մեղավոր կին իր արցունքներով լվաց Հիսուսի ոտքերը, վերջինս ջերմորեն խոսեց նրա հետ և ներեց նրա մեղքերը (Ղուկ. 7։37-50)։ Իսկ մեկ ուրիշ առիթով նա ջրհորի մոտ կարևոր ճշմարտություններ սովորեցրեց սամարացի մի կնոջ, թեև այդ կինը անբարո կյանքով էր ապրում (Հովհ. 4։7, 17-19, 25, 26)։ Աստված Հիսուսին նույնիսկ իշխանություն է տվել վերացնելու մեղքի ամենավատ հետևանքը՝ մահը։ Հիսուսը դա կանի՝ հարություն տալով թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց և թե՛ երեխաներին (Մատթ. 11։5)։ w24.08, էջ 4, պրբ. 9-10
14 մայիսի, հինգշաբթի
Նա երկիրը կդատի արդարությամբ և ժողովուրդներին՝ հավատարմությամբ (Սաղ. 96։13)։
Եհովան ինչպե՞ս է մոտ ապագայում փառավորելու իր անունը. իր դատավճիռներով։ Շուտով նա կործանելու է Մեծ Բաբելոնը, քանի որ վերջինս արատավորում է նրա անունը (Հայտն. 17։5, 16; 19։1, 2)։ Մեծ Բաբելոնի կործանմանը ականատես լինողներից ոմանք գուցե որոշեն պաշտել Եհովային։ Արմագեդոնի ժամանակ Եհովան վերացնելու է Սատանայի ողջ համակարգը՝ կործանելով նրանց, ովքեր հակառակվում են իրեն և հայհոյում են իր անունը։ Սակայն նա փրկելու է բոլոր նրանց, ովքեր սիրում, հնազանդվում և հպարտությամբ փառաբանում են իրեն (Մարկ. 8։38; 2 Թեսաղ. 1։6-10)։ Քրիստոսի հազարամյա իշխանությունից հետո, երբ մարդկությունը անցնի վերջին փորձությունը, Եհովան ամբողջությամբ սրբացնելու է իր անունը (Հայտն. 20։7-10)։ Այդ ժամանակ «երկիրը լիքն է լինելու Եհովայի փառքի մասին գիտելիքներով, ինչպես որ ջրերն են ծածկում ծովը» (Ամբ. 2։14)։ Որքա՜ն ուրախալի կլինեն այն ժամանակները, երբ ամեն մարդ Եհովային նրա անվանը վայել փառք կտա։ w25.01, էջ 7, պրբ. 15-16
15 մայիսի, ուրբաթ
Անհրաժեշտ է, որ դիմանաք դժվարություններին, քանի որ դա ձեր ուսուցման մի մասն է (Եբր. 12։7)։
Ինչպե՞ս կարող էին եբրայեցի քրիստոնյաները դիմանալ հակառակությանը։ Պողոս առաքյալը ուզում էր օգնել նրանց, որ ճիշտ վերաբերմունք ունենային իրենց փորձությունների հանդեպ։ Ուստի բացատրեց, որ Աստված գուցե թույլ տա՝ քրիստոնյան հավատի փորձություններ ունենա, որ ինչ-որ բան սովորեցնի նրան։ Նման ուսուցման շնորհիվ անհատը կարող է քրիստոնեական հատկություններ զարգացնել կամ բարելավել դրանք։ Եթե եբրայեցի քրիստոնյաները կենտրոնանային իրենց փորձությունների բերած լավ արդյունքների վրա, նրանց համար ավելի հեշտ կլիներ դիմանալ դրանց (Եբր. 12։11)։ Պողոսը հորդորեց նրանց փորձությունների բախվելիս քաջ լինել և չհանձնվել։ Նախկինում հենց ինքն էր հալածել քրիստոնյաներին, ուստի լավ գիտեր, թե որքան դաժան են նրանց հակառակորդները։ Իսկ քրիստոնյա դառնալուց հետո նա հակառակության տարբեր ձևերի էր բախվել (2 Կորնթ. 11։23-25)։ w24.09, էջ 12, պրբ. 16-17
16 մայիսի, շաբաթ
Զգո՛ն եղեք (Մատթ. 25։13)։
Օրեցօր մեր ծառայությունը ավելի հրատապ է դառնում։ Քանի որ ժամանակը սպառվում է։ Հիշենք, թե վերջին օրերի քարոզչական գործի վերաբերյալ ինչ էր մարգարեացել Հիսուսը Մարկոս 13։10-ում։ Իսկ ըստ զուգահեռ արձանագրության՝ Հիսուսն ասել էր, որ բարի լուրը քարոզվելու էր ամբողջ երկրով մեկ, նախքան կգար «վերջը» (Մատթ. 24։14)։ «Վերջ» բառը այստեղ վերաբերում է Սատանայի չար համակարգի վերջնական կործանմանը։ Եհովան կոնկրետ «օր ու ժամ» է սահմանել այն իրադարձությունների համար, որոնք շուտով պիտի կատարվեն (Մատթ. 24։36; Գործ. 1։7)։ Ամեն օր մենք ավելի ենք մոտենում այդ օրվան (Հռոմ. 13։11)։ Բայց մինչ այդ մենք պետք է շարունակենք քարոզել։ Մտածենք հետևյալ կարևոր հարցի շուրջ. «Ինչո՞ւ ենք քարոզում բարի լուրը»։ Պարզ ասած՝ սերն է մղում մեզ, որ այդպես վարվենք։ Քարոզելով՝ մենք սեր ենք դրսևորում բարի լուրի, մարդկանց և, որ ավելի կարևոր է, Եհովայի և նրա անվան հանդեպ։ w24.05, էջ 14-15, պրբ. 2-3
17 մայիսի, կիրակի
Աստված նայեց իր արած բոլոր բաներին ու տեսավ, որ այդ ամենը շատ լավ է (Ծննդ. 1։31)։
Սիրելի՛ ծնող, երեխայիդ խրախուսիր խորհել բնաշխարհի մասին։ Երբ երեխայիդ հետ բնության գրկում ես կամ այգում աշխատում ես, նրա ուշադրությունը հրավիրիր այն բանի վրա, թե ինչ կառուցվածք ունեն որոշ ստեղծագործություններ։ Դրանք փաստում են, որ ստեղծված են բացառիկ իմաստություն ունեցող մեկի կողմից։ Օրինակ՝ գիտնականները տարիներ շարունակ ուսումնասիրում են ստեղծագործությունների պարուրաձև կառուցվածքը։ Կենսաֆիզիկոս Նիկոլա Ֆամելին բացատրում է, որ երբ հաշվում ենք բնության մեջ հանդիպող ստեղծագործությունների պարույրների քանակը, նկատում ենք, որ ստացված թվերի մեջ կա որոշակի օրինաչափություն։ Այն հայտնի է որպես Ֆիբոնաչչիի թվային հաջորդականություն։ Պարուրաձև պատկերները հանդիպում են բազմաթիվ ստեղծագործություններում, որոնցից են գալակտիկաները, նաուտիլուսի խեցին, տարբեր բույսերի տերևներն ու արևածաղիկը։ w24.12, էջ 16, պրբ. 7
18 մայիսի, երկուշաբթի
Եհովայից է կախված ձեր կյանքը (2 Օրենք 30։20)։
Մովսեսը, Դավիթը և Հովհաննեսը ապրել են այնպիսի ժամանակներում և հանգամանքներում, որոնք շատ են տարբերվում մեր օրերից ու հանգամանքներից։ Բայց մենք ընդհանուր շատ բան ունենք նրանց հետ։ Նրանց պես մենք ծառայում ենք ճշմարիտ Աստծուն, աղոթում և ապավինում ենք նրան ու հետևում նրա առաջնորդությանը։ Նրանց պես մենք էլ ենք համոզված, որ Եհովան առատապես օրհնում է իրեն հնազանդ մարդկանց։ Եկեք ականջ դնենք այդ տարեց մարդկանց խորհուրդներին և հնազանդվենք Եհովայի պատվերներին։ Այդ դեպքում ինչ էլ որ անենք, հաջողություն կունենանք։ Մենք «երկար կապրենք», կապրենք հավիտյան։ Եվ ուրախ կլինենք, քանի որ հաճեցնում ենք մեր երկնային սիրառատ Հորը, ով իրագործում է իր բոլոր խոստումները՝ անելով շատ ավելին, քան մենք ակնկալում կամ պատկերացնում ենք (Եփես. 3։20)։ w24.11, էջ 13, պրբ. 20-21
19 մայիսի, երեքշաբթի
Աստված տարբեր անդամների իրենց տեղն է հատկացրել ժողովում (1 Կորնթ. 12։28)։
Առաջին դարում որոշ եղբայրներ նշանակվում էին ծառայող օգնականներ (1 Տիմոթ. 3։8)։ Հավանաբար, Պողոս առաքյալը նրանց նկատի ուներ, երբ խոսեց «օգնություն ցույց տվողների» մասին։ Ծառայող օգնականները, ըստ ամենայնի, բազմաթիվ կարևոր աշխատանքներ էին կատարում, որ երեցները կարողանային կենտրոնանալ սովորեցնելու և հովվելու գործի վրա։ Օրինակ՝ թերևս նրանք արտագրում էին սուրբ գրվածքները կամ նյութեր գնում այդ գործն անելու համար։ Ժողովում ի՞նչ կարևոր գործեր են անում ծառայող օգնականները (1 Պետ. 4։10)։ Նրանք գուցե նշանակված լինեն զբաղվելու ժողովի հաշվապահությամբ կամ քարոզչական տարածքներով։ Թերևս նրանց հանձնարարվի գրականության պատվերներ տալ և հոգ տանել, որ քարոզիչները գրականություն ստանան, կառավարել աուդիո և վիդեո սարքավորումները, ծառայել որպես սպասարկու կամ օգնել Թագավորության սրահի տեխսպասարկման աշխատանքներում։ Այս ամենը անհրաժեշտ է ժողովի գործունեությունը ինչպես հարկն է կազմակերպելու համար (1 Կորնթ. 14։40)։ w24.10, էջ 19, պրբ. 4-5
20 մայիսի, չորեքշաբթի
Ինձ զորացնողի շնորհիվ ես ի զորու եմ անելու ամեն ինչ (Փիլիպ. 4։13)։
Եթե միշտ հիշենք, որ Եհովան իրական Աստված է և պատրաստ է օգնելու մեզ, կկարողանանք դիմանալ ցանկացած փորձության՝ մեծ, թե փոքր։ Չէ՞ որ նա Ամենազոր է և կարող է ուժ տալ, որ դիմանանք։ Ուստի մենք բոլոր հիմքերն ունենք չվախենալու փորձություններից։ Թեթև փորձությունների ժամանակ Եհովայի ձեռքը մեր կյանքում տեսնելը օգնում է վստահ լինել, որ նա կօգնի մեզ նաև, երբ ծանր փորձությունների բախվենք։ Դավիթը պատանեկան տարիքում հովվում էր իր հոր ոչխարներին։ Մի անգամ արջը, իսկ մեկ ուրիշ անգամ առյուծը ոչխար էին փախցրել նրա մոտից։ Երկու դեպքում էլ Դավիթը քաջաբար հետապնդել էր գազաններին և փրկել էր ոչխարներին։ Սակայն նա այդ հաղթանակները իրեն չէր վերագրում։ Նա գիտեր, որ Եհովայի օգնությամբ է կարողացել անել դա (1 Սամ. 17։34-37)։ Այս դեպքերի շուրջ խորհրդածելու շնորհիվ նա վստահությամբ էր լցվում, որ Աստված ապագայում էլ կզորացնի իրեն։ w24.06, էջ 21, պրբ. 5-6
21 մայիսի, հինգշաբթի
Առանց լսելու պատասխան տալը անմիտ է և նվաստացուցիչ (Առակ. 18։13)։
Ենթադրենք՝ քեզ հրավիրել են ընկերական հավաքույթի։ Եթե ծանոթ չես հրավիրողի հետ կամ չգիտես, թե ինչ է ծրագրված հավաքույթին, կարող ես նրան նման հարցեր տալ. «Որտե՞ղ և ե՞րբ է լինելու հավաքույթը։ Որքա՞ն մեծ է այն լինելու։ Ո՞վ է այն վերահսկելու։ Ովքե՞ր են ներկա լինելու։ Ի՞նչ են հրավիրվածներն անելու։ Ոգելից խմիչքներ լինելո՞ւ են»։ Այս հարցերի պատասխաններն իմանալը կօգնի քեզ իմաստուն որոշում կայացնել։ Այնուհետև ձեռքի տակ ունենալով փաստերը՝ փորձիր տեսնել ամբողջական պատկերը։ Օրինակ՝ ի՞նչ կանես, եթե իմանաս, որ հավաքույթին մասնակցելու են այնպիսի մարդիկ, ովքեր անտեսում են աստվածաշնչյան սկզբունքները, կամ ոգելից խմիչքի քանակը չի վերահսկվելու։ Հավանականություն կա՞, որ հավաքույթը կվերածվի անկառավարելի խրախճանքի (1 Պետ. 4։3)։ Երբ տեսնես ողջ պատկերը, ավելի հեշտությամբ կկարողանաս իմաստուն որոշում կայացնել։ w25.01, էջ 14-15, պրբ. 4-5
22 մայիսի, ուրբաթ
Նույնիսկ եթե ձեր մեղքերը ալ կարմիր լինեն, ձյան պես սպիտակ կդառնան (Ես. 1։18)։
Եհովան օգնում է մեզ պատկերացնել, թե նա ինչպես է քավիչ զոհի միջոցով ջնջում զղջացող մարդկանց մեղքերը։ Ալ կամ մուգ կարմիր բծերը հագուստի վրայից մաքրելը չափազանց դժվար է։ Բայց այս նկարագրության միջոցով Եհովան մեզ հավաստիացնում է, որ մեր մեղքերը կարող են այնպես մաքրվել, որ դրանց հետքն անգամ չմնա։ Մեղքերը կարելի է նմանեցնել նաև պարտքերի (Մատթ. 6։12; Ղուկ. 11։4)։ Ուստի ամեն անգամ Եհովայի դեմ մեղք գործելով՝ մենք ասես ավելի ու ավելի ենք խրվում պարտքերի մեջ։ Իրականում մեր պարտքը շատ մեծ է, բայց երբ Եհովան ներում է մեզ, չեղարկում է այն։ Հակառակ դեպքում այդ պարտքը մեզանից պետք է գանձեր։ Նա չի պահանջում, որ հատուցենք այն մեղքերի դիմաց, որոնք արդեն ներել է։ Այս միտքը հիանալի կերպով նկարագրում է այն թեթևության զգացումը, որն ունենում ենք, երբ Եհովան ներում է մեզ։ w25.02, էջ 10, պրբ. 9-10
23 մայիսի, շաբաթ
Ոչ թե երեխաները պետք է կուտակեն իրենց ծնողների համար, այլ ծնողները՝ երեխաների (2 Կորնթ. 12։14)։
Ծնողները տարիքն առնելուն զուգընթաց իրենք են գործնական օգնության կարիք ունենում, և շատ զավակներ ուրախությամբ աջակցում են նրանց (1 Տիմոթ. 5։4)։ Սակայն քրիստոնյա ծնողները հասկանում են, որ իսկապես երջանիկ կլինեն, եթե իրենց երեխաներին օգնեն դառնալ Եհովայի ծառաներ, ոչ թե միջոց իրենց բարեկեցիկ ծերությունն ապահովելու համար (3 Հովհ. 4)։ Երբ ձեր երեխաներին նախապատրաստում եք ինքնուրույն կյանքի, որ իրենք հոգան իրենց ֆինանսական կարիքները, ձեր օրինակով նրանց օգնեք վստահել Եհովային։ Փոքր տարիքից նրանց ցույց տվեք աշխատասեր լինելու կարևորությունը (Առակ. 29։21; Եփես. 4։28)։ Նաև հորդորեք, որ ձգտեն լավ սովորել դպրոցում։ Լավ կլինի՝ քրիստոնյա ծնողները փնտրեն ու կիրառեն աստվածաշնչյան այն սկզբունքները, որոնք իրենց երեխաներին կօգնեն կրթության վերաբերյալ իմաստուն որոշումներ կայացնել, որպեսզի նրանք հետագայում կարողանան հոգալ իրենց կարիքները և միևնույն ժամանակ լիարժեքորեն մասնակցել քարոզչական ծառայությանը։ w25.03, էջ 30-31, պրբ. 15-16
24 մայիսի, կիրակի
[Հագեք] նոր անձնավորությունը (Եփես. 4։24)։
Եսայիա 65-րդ գլխում Եհովան նկարագրել է, թե ինչպիսին է լինելու կյանքը հոգևոր դրախտում։ Մարգարեության առաջին կատարումը եղել է մ.թ.ա. 537 թ.-ին։ Այդ ժամանակ այն հրեաները, ովքեր զղջացել էին իրենց մեղքերի համար, ազատ արձակվեցին Բաբելոնի գերությունից և վերադարձան հայրենիք։ Եհովան օրհնեց իր ժողովրդին և օգնեց նրանց, որ ամայացած Երուսաղեմը կրկին գեղեցիկ քաղաք դարձնեն և վերակառուցեն ճշմարիտ երկրպագության կենտրոնը՝ Երուսաղեմի տաճարը (Ես. 51։11; Զաք. 8։3)։ Եսայիայի մարգարեության երկրորդ կատարումը սկսվել է 1919 թ.-ին։ Այդ ժամանակ Եհովայի ծառաները ազատ արձակվեցին Մեծ Բաբելոնի գերությունից, և ամբողջ երկրով մեկ աստիճանաբար սկսեց ձևավորվել հոգևոր դրախտը։ Շատ ժողովներ կազմավորվեցին, և Թագավորության եռանդուն քարոզիչները սկսեցին դրսևորել ոգու պտղի հատկությունները։ Այդպիսով՝ բազմաթիվ տղամարդիկ ու կանայք, ովքեր մի ժամանակ դաժան էին և առաջնորդվում էին կենդանական բնազդներով, փոխվեցին ու «հագան նոր անձնավորությունը, որը համապատասխան է Աստծու ուզածին»։ w24.04, էջ 20-21, պրբ. 3-4
25 մայիսի, երկուշաբթի
Յուրաքանչյուր մարդ իր բեռը պետք է կրի (Գաղ. 6։5)։
Որոշ երկրներում ծնողները կամ ուրիշներն են կողակից ընտրում ամուրիների համար։ Որոշ երկրներում էլ ընտանիքի անդամները կամ ընկերները գուցե հավանական թեկնածու գտնեն և հետո կազմակերպեն, որ նրանք հանդիպեն ու տեսնեն, թե արդյոք համապատասխան են իրար։ Եթե քեզ խնդրում են կազմակերպել, որ երկու ամուրի մտերմություն սկսեն կամ ամուսնանան, ապա հաշվի առ երկու կողմերի նախընտրություններն ու կարիքները։ Եվ երբ որևէ մեկի համար հավանական թեկնածու գտնես, փորձիր հնարավորինս շատ բան իմանալ նրա անհատականության, հատկությունների և, որ ավելի կարևոր է, հոգևոր վիճակի մասին։ Եհովայի հետ մտերիմ փոխհարաբերություններ ունենալը շատ ավելի կարևոր է, քան փողը, կրթությունը և հասարակության մեջ ունեցած դիրքը։ Սակայն հիշիր, որ վերջնական որոշումը ամուրիներն են կայացնելու։ w24.05, էջ 23, պրբ. 11
26 մայիսի, երեքշաբթի
Իսկական ընկերը սիրում է ամեն ժամանակ (Առակ. 17։17)։
Այն, թե ինչ ենք ասում, շատ կարևոր է մտերմություն անող զույգին աջակցելու հարցում։ Երբեմն պետք է կարողանանք զսպել ինքներս մեզ (Առակ. 12։18)։ Օրինակ՝ գուցե ցանկանանք պատմել ուրիշներին, որ զույգը սկսել է մտերմություն անել, սակայն հնարավոր է՝ նրանք ցանկանում են անձամբ հայտնել այդ մասին։ Բացի այդ՝ մենք չպետք է բամբասենք մտերմություն անող զույգի մասին կամ քննադատենք նրանց անձնական որոշմանը թողնված հարցերում (Առակ. 20։19; Հռոմ. 14։10; 1 Թեսաղ. 4։11)։ Հարկավոր է նաև զգույշ լինել, որ զույգին անհարմար դրության մեջ չդնենք՝ ակնարկներ անելով, որ նրանք պետք է ամուսնանան, կամ հարցնելով, թե երբ են ամուսնանալու։ Հնարավոր է նաև՝ զույգը վերջ դնի մտերմությանը։ Այդ դեպքում մենք չպետք է անձնական հարցեր տանք կամ նրանցից մեկի կողմը բռնենք (1 Պետ. 4։15)։ Երբ զույգը որոշում է վերջ դնել մտերմությանը, դա չի նշանակում, որ նրանք սխալ որոշում են կայացրել։ Այդ շրջանը իր նպատակին է ծառայել։ Դրա շնորհիվ նրանք կարողացել են ճիշտ որոշում կայացնել, ինչը գուցե էմոցիոնալ ցավ է պատճառել։ Ուստի լավ կլինի՝ նրանց օգնելու կերպեր փնտրենք։ w24.05, էջ 31, պրբ. 15-16
27 մայիսի, չորեքշաբթի
Եթե դժվար պահին վհատվես, ուժդ խղճուկ կլինի (Առակ. 24։10)։
Թերևս մեզ համար ամենածանր դժվարություններից մեկն այն է, երբ մեր ընտանիքի անդամը կամ մտերիմ ընկերը թողնում է Եհովային (Սաղ. 78։40)։ Որքան մտերիմ ենք այդ անհատի հետ, այնքան դժվար է իրավիճակին հարմարվելը։ Եթե նման փորձության միջով ես անցնում, Սադոկի հավատարմության օրինակը կարող է զորացնել քեզ։ Նա նվիրված մնաց Եհովային այն ժամանակ, երբ իր մտերիմ ընկերը՝ Աբիաթարը, հավատարիմ չմնաց Աստծուն։ Դա տեղի ունեցավ, երբ Դավիթը արդեն մահամերձ էր։ Նրա որդին՝ Ադոնիան, փորձում էր խլել գահը, որը Եհովան Սողոմոնին էր խոստացել (1 Տար. 22։9, 10)։ Աբիաթարը որոշեց աջակցել Ադոնիային (1 Թագ. 1։5-8)։ Այդպիսով Աբիաթարը անհավատարմորեն վարվեց ոչ միայն Դավթի ու Սադոկի, այլ նաև Եհովայի հետ։ Տասնամյակներ շարունակ Սադոկը և Աբիաթարը միասին ծառայել էին որպես քահանաներ (2 Սամ. 8։17; 15։29; 19։11-14)։ w24.07, էջ 6, պրբ. 14-15
28 մայիսի, հինգշաբթի
Երջանիկ է այն մարդը, ով միշտ զգույշ է, որ սխալ բան չանի (Առակ. 28։14)։
Գայթակղություններից հեռու մնալու համար անկասկած արժե ջանքեր թափել։ Մեղք գործելը գուցե մեզ «ժամանակավոր հաճույք» պատճառի, մինչդեռ Եհովայի չափանիշներով ապրելը իսկական երջանկություն կբերի (Եբր. 11։25; Սաղ. 19։8)։ Չէ՞ որ Եհովան մեզ այնպես է ստեղծել, որ իր սահմանած չափանիշներով ապրենք (Ծննդ. 1։27)։ Եթե այդպես վարվենք, մաքուր խիղճ կունենանք և չենք կորցնի հավիտենական կյանքի հեռանկարը (1 Տիմոթ. 6։12; 2 Տիմոթ. 1։3; Հուդա 20, 21)։ Ճիշտ է, մարմինը տկար է, բայց դա չի նշանակում, որ մենք անհույս վիճակում ենք (Մատթ. 26։41)։ Եհովան պատրաստ է մեզ տալ անհրաժեշտ զորությունը (2 Կորնթ. 4։7)։ Նկատի առնենք, սակայն, որ նա սովորականին գերազանցող ուժ է տալիս։ Իսկ մեր սովորական ուժի սահմաններում ամեն բան անելը՝ գայթակղությանը դիմադրելու համար ամեն օր ջանքեր թափելը, մեր պատասխանատվությունն է։ Կարող ենք վստահ լինել, որ երբ հավելյալ ուժի կարիք ունենանք, Եհովան կտա մեզ անհրաժեշտ զորությունը, երբ խնդրենք նրանից (1 Կորնթ. 10։13)։ Այո՛, Եհովայի օգնությամբ մենք կարող ենք շարունակ զգոն լինել և դիմակայել գայթակղություններին։ w24.07, էջ 19, պրբ. 19-21
29 մայիսի, ուրբաթ
Նրանց, ովքեր մեղք են գործում, նկատողություն արա բոլորի առաջ (1 Տիմոթ. 5։20)։
Իր համագործակից Տիմոթեոսին Պողոս առաքյալը գրեց այսօրվա համարի խոսքերը նրանց մասին, «ովքեր մեղք են գործում»։ Արդյո՞ք նա նկատի ուներ, որ անհատին պետք է նկատողություն անել ողջ ժողովի առաջ։ Պարտադիր չէ։ Նա նկատի ուներ այն մարդկանց առաջ, ովքեր տեղյակ էին կատարվածից։ Հնարավոր է՝ նրանք ականատեսներ էին, կամ մեղք գործողն էր նրանց պատմել իր մեղքի մասին։ Երեցները նրանց կտեղեկացնեն, որ ձեռնարկել են անհրաժեշտ քայլերը, և անհատը զղջացել է ու ընդունել տրված խրատը։ Որոշ դեպքերում ժողովում շատերն են իմանում, որ ինչ-որ մեկը մեղք է գործել, կամ էլ հավանականություն կա, որ կիմանան։ Այդ պարագայում «բոլորի առաջ» արտահայտությունը կներառի ողջ ժողովը։ Երեցներից մեկը ժողովում հայտարարություն կանի, որ եղբայրը կամ քույրը նկատողություն է ստացել։ Պողոսի խոսքերից երևում է, որ դա արվում է, որպեսզի «նախազգուշացում լինի» մյուսների համար, որ մեղքի մեջ չընկնեն։ w24.08, էջ 23-24, պրբ. 16-17
30 մայիսի, շաբաթ
Սրանք Աստծու վստահարժան խոսքերն են (Հայտն. 19։9)։
Մենք պետք է մինչև վերջ ակտիվորեն ծառայենք Եհովային։ Օծյալ քրիստոնյաները պետք է արթուն մնան, որպեսզի Հիսուսի կողմից «վերցվեն» և երկնքում ստանան իրենց վարձատրությունը (Մատթ. 24։40)։ Այդ մարդիկ մեծ փափագով սպասում են, որ Հիսուսի մոտ «միասին հավաքվեն» երկնքում։ Արմագեդոն պատերազմից հետո, երբ լինի «Գառան հարսանիքը», նրանք կլինեն նրա հարսը (2 Թեսաղ. 2։1)։ Դատաստանի ժամանակը արագորեն մոտենում է, բայց մենք վախենալու ոչ մի պատճառ չունենք։ Եթե հավատարիմ մնանք, մեր երկնային սիրառատ Հայրը մեզ կտա «մարդկային ուժից վեր զորություն», որ «կարողանանք.... կանգնել մարդու Որդու առաջ» (2 Կորնթ. 4։7; Ղուկ. 21։36)։ Թե՛ երկնային, թե՛ երկրային հույս ունեցող բոլոր քրիստոնյաներս կհաճեցնենք մեր Հորը, եթե ուշադրություն դարձնենք Հիսուսի առակների մարգարեական նշանակությանը։ Եհովայի անզուգական բարության շնորհիվ մեր անունները գրված կլինեն «կյանքի գրքում» (Դան. 12։1; Հայտն. 3։5)։ w24.09, էջ 24-25, պրբ. 19-20
31 մայիսի, կիրակի
Ինձ համար լավ է Աստծուն մոտենալը (Սաղ. 73։28)։
Աստծու Խոսքի օգնությամբ դու կարող ես մտքի խաղաղություն ձեռք բերել։ Մտածիր քո ունեցած արժեքավոր բաների, այդ թվում՝ երկնքում դիզած գանձերիդ մասին, և այդ ամենը համեմատիր նրա հետ, ինչ ունեն Եհովային չծառայող մարդիկ, որոնց հաջողությունները կապված են միայն այս աշխարհի առաջարկած բաների հետ։ Նրանք ապագայի հույս չունեն, ուստի կենտրոնացած են այս կյանքում որոշակի ձեռքբերումներ ունենալու վրա։ Ի տարբերություն նրանց՝ դու այսօր իսկ վայելում ես Եհովայի օրհնությունները, իսկ ապագայում, ինչպես խոստացել է Եհովան, կունենաս շատ ավելի մեծ օրհնություններ, որոնք չես էլ կարող պատկերացնել (Սաղ. 145։16)։ Բացի այդ՝ ոչ ոք հստակ չի կարող ասել, թե ինչպիսին կլիներ իր կյանքը, եթե նա անցյալում այլ որոշումներ կայացներ։ Սակայն մի բան հստակ է. նրանք, ովքեր որոշումներ են կայացնում Աստծու և դրացու հանդեպ սիրուց մղված, երբեք չեն զրկվում իսկապես լավ բաներից։ w24.10, էջ 27, պրբ. 12-13