Ապրիլ
1 ապրիլի, չորեքշաբթի
Սա է իմ Հոր կամքը. ամեն ոք, ով ընդունում է Որդուն և հավատում է նրան, հավիտենական կյանք կունենա (Հովհ. 6։40)։
Հավիտենական կյանք ունենալու համար պետք է հավատանք Հիսուսի զոհագործությանը (Եփես. 1։7)։ Նրանք, ում Հիսուսը կոչեց «ուրիշ ոչխարներ», ամեն տարի անցկացվող Տիրոջ ընթրիքին չեն օգտվում և չպետք է օգտվեն հացից ու գինուց (Հովհ. 10։16)։ Սակայն նրանք մեծ օգուտ են քաղում Հիսուս Քրիստոսի «մարմնից ու արյունից»։ Նրանք փոխաբերական իմաստով են դա անում՝ հավատ դրսևորելով Հիսուսի քավիչ զոհի հանդեպ և արժևորելով դրա բերած օրհնությունները (Հովհ. 6։53)։ Ի տարբերություն նրանց՝ այդ մարդիկ, այդպիսով ցույց են տալիս, որ նոր ուխտի մեջ են և հույս ունեն ժառանգելու երկնային Թագավորությունը։ Հետևաբար անկախ նրանից՝ օծյալ ենք, թե «ուրիշ ոչխարների» խմբին ենք պատկանում, հավիտենական կյանք ստանալու համար հավատ դրսևորելը պարտադիր պայման է։ w24.12, էջ 12, պրբ. 14; էջ 13, պրբ. 16
Աստվածաշնչի ընթերցանություն Հիշատակի երեկոյի շրջանում (նիսանի 12-ի ցերեկվա դեպքերը) Մատթեոս 26։1-5, 14-16; Ղուկաս 22։1-6
ՀԻՇԱՏԱԿԻ ԵՐԵԿՈ
(մայրամուտից հետո)
2 ապրիլի, հինգշաբթի
Մի՛ վախեցիր, փո՛քր հոտ, որովհետև ձեր Հայրը ցանկանում է Թագավորությունը ձեզ տալ (Ղուկ. 12։32)։
Տիրոջ ընթրիքի ընթացքում Հիսուսն իր առաքյալներին անթթխմոր հացեր տվեց և ասաց, որ դրանք խորհրդանշում են իր մարմինը։ Հետո նրանց գինի տվեց և ասաց, որ այն խորհրդանշում է իր արյունը, որով «վավերացվելու էր ուխտը» (Մարկ. 14։22-25; Ղուկ. 22։20; 1 Կորնթ. 11։24)։ Նոր ուխտը կապվել է «[հոգևոր] Իսրայելի» հետ՝ այն մարդկանց, ովքեր իշխելու են «Աստծու թագավորության մեջ» (Եբր. 8։6, 10; 9։15)։ Նկատենք, որ Տիրոջ ընթրիքի ժամանակ Հիսուսը կենտրոնացավ «փոքր հոտի» վրա։ Այդ խմբի առաջին անդամները նրա առաքյալներն էին, ովքեր այդ պահին իր հետ էին։ Նրանք Հիսուսի հետ լինելու էին երկնքում։ w24.12, էջ 11, պրբ. 9-10
Աստվածաշնչի ընթերցանություն Հիշատակի երեկոյի շրջանում (նիսանի 13-ի ցերեկվա դեպքերը) Մատթեոս 26։17-19; Մարկոս 14։12-16; Ղուկաս 22։7-13 (նիսանի 14-ի դեպքերը՝ մայրամուտից հետո) Հովհաննես 13։1-5; 14։1-3
3 ապրիլի, ուրբաթ
Աստված այնքան շատ սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա (Հովհ. 3։16)։
Հիսուսին դավաճանեցին, ձերբակալեցին, վիրավորեցին, զրպարտեցին, մեղավոր ճանաչեցին և տանջանքների ենթարկեցին։ Այդ ամենից հետո նրան գամեցին սյանը։ Մինչ նա հավատարմորեն անցնում էր այդ մղձավանջի միջով, կար Մեկը, ով ավելի մեծ ցավ էր ապրում։ Դա Եհովա Աստված էր։ Նա ի զորու էր միջամտելու և վերջ դնելու իր Որդու տառապանքներին, բայց այդպես չվարվեց։ Ինչո՞ւ։ Քանի որ շատ է սիրում քեզ։ Հիսուսի զոհագործությունը Եհովայի սիրո մեծագույն ապացույցն է։ Նա իր լավագույնն է զոհել և անասելի ցավ է ապրել, որպեսզի փրկի քեզ մեղքից ու մահից (1 Հովհ. 4։9, 10)։ Անկասկած, Եհովան ուզում է օգնել յուրաքանչյուրիս, որ պայքարենք մեղքի դեմ և հաղթանակ տանենք։ w24.08, էջ 6, պրբ. 13-14
Աստվածաշնչի ընթերցանություն Հիշատակի երեկոյի շրջանում (նիսանի 14-ի ցերեկվա դեպքերը) Հովհաննես 19։1-42
4 ապրիլի, շաբաթ
Քրիստոսը.... տառապեց հանուն ձեզ (1 Պետ. 2։21)։
Մենք կարող ենք ավելի լավ հասկանալ, թե Եհովան որքան շատ է սիրում մեզ, եթե գիտակցենք, թե նա ինչ մեծ գին վճարեց՝ տալով փրկագինը։ Սատանան պնդում է, որ Աստծու ոչ մի ծառա, երբ նեղն ընկնի, նվիրված չի մնա նրան։ Հակառակը փաստելու համար Եհովան թույլ տվեց, որ Հիսուսը մահանալուց առաջ տառապի (Հոբ 2։1-5)։ Եհովայի աչքի առաջ մարդիկ ծաղրեցին Հիսուսին, զինվորները խարազանեցին նրան ու հետո գամեցին սյանը։ Այնուհետև Եհովան տեսավ, թե ինչպես է իր թանկագին Որդին, տանջալից ցավ կրելով, տալիս իր վերջին շունչը (Մատթ. 27։28-31, 39)։ Եհովան ի զորու էր ցանկացած պահի վերջ դնել այդ ամենին (Մատթ. 27։42, 43)։ Բայց չէ՞ որ եթե Աստված այդ պահին միջամտեր, փրկագինը չէր տրվի, և մենք էլ ոչ մի հույս չէինք ունենա։ Ուստի Եհովան թույլ տվեց, որ իր Որդին չարչարվի մինչև իր կյանքի վերջին վայրկյանը։ w25.01, էջ 22, պրբ. 7
Աստվածաշնչի ընթերցանություն Հիշատակի երեկոյի շրջանում (նիսանի 15-ի ցերեկվա դեպքերը) Մատթեոս 27։62-66 (նիսանի 16-ի դեպքերը՝ մայրամուտից հետո) Հովհաննես 20։1
5 ապրիլի, կիրակի
Նա 40 օրերի ընթացքում երևաց նրանց (Գործ. 1։3)։
33 թվականի նիսանի 16-ն է։ Հիսուսի աշակերտները խոր վշտի մեջ են ու վախեցած։ Նրանցից երկուսը դուրս են եկել Երուսաղեմից և գնում են Էմմաուս։ Ճանապարհին նրանց է միանում մի անծանոթ։ Երկու աշակերտները նրան պատմում են, թե ինչ սարսափելի բաներ են տեղի ունեցել Հիսուսի հետ։ Այնուհետև անծանոթը աշակերտների հետ զրույցի է բռնվում, ինչը շրջադարձային էր լինելու նրանց կյանքում։ «Սկսելով Մովսեսի ու մարգարեների գրածներից»՝ նա բացատրում է, թե ինչու Մեսիան պետք է տառապեր ու մահանար։ Իսկ երբ նրանք հասնում են Էմմաուս, անծանոթը բացահայտում է, որ ինքը հարություն առած Հիսուսն է (Ղուկ. 24։13-35)։ Երկրի վրա անցկացրած վերջին 40 օրերի ընթացքում Հիսուսը բազմիցս հայտնվեց իր աշակերտներին։ Այդ հանդիպումների շնորհիվ նրանք, որ վշտահար էին ու վախեցած, քաջալերվեցին և դարձան ուրախ ու քաջ մարտիկներից բաղկացած մի բանակ՝ պատրաստ քարոզելու և ուսուցանելու Թագավորության մասին բարի լուրը։ w24.10, էջ 12, պրբ. 1-3
Աստվածաշնչի ընթերցանություն Հիշատակի երեկոյի շրջանում (նիսանի 16-ի ցերեկվա դեպքերը) Հովհաննես 20։2-18
6 ապրիլի, երկուշաբթի
Ամրացեք ձեր սրբագույն հավատով (Հուդա 20)։
Մարդու ֆիզիկական աճը ինքնաբերաբար է լինում, բայց պարագան այլ է հոգևոր աճի դեպքում։ Օրինակ՝ կորնթացիները ընդունեցին ճշմարտությունը, մկրտվեցին, ստացան սուրբ ոգին և մեծ օգուտներ քաղեցին Պողոսի սովորեցրածներից (Գործ. 18։8-11)։ Սակայն մկրտությունից տարիներ անց նրանցից շատերը դեռ հոգևոր մանուկ էին (1 Կորնթ. 3։2)։ Հոգևորապես հասունանալու համար նախ ցանկություն է պետք։ Նրանք, ովքեր «սիրում են միամտությունը», նախընտրում են մնալ հոգևոր մանուկներ և չեն առաջադիմում (Առակ. 1։22)։ Մենք չենք ուզում լինել այն մարդկանց նման, ովքեր ֆիզիկապես հասունացել են, բայց դեռ ուզում են, որ ծնողները որոշումներ կայացնեն իրենց փոխարեն։ Մեր հոգևոր աճի համար մենք ենք պատասխանատու։ Եթե ձգտում ես հոգևորապես առաջադիմել, աղոթիր Եհովային, որ դու «թե՛ ցանկություն, թե՛ ուժ» ունենաս (Փիլիպ. 2։13)։ w24.04, էջ 4, պրբ. 9-10
7 ապրիլի, երեքշաբթի
Եհովան.... չի ցանկանում, որ որևէ մեկը կործանվի (2 Պետ. 3։9)։
Եհովան հայտնում է մեզ, թե ինչ է զգում մարդկանց դատելու առնչությամբ (Եզեկ. 33։11)։ Առանց հիմնավոր պատճառի՝ նա մեկընդմիշտ չի կործանի որևէ մեկին։ Եհովան անչափ գթասիրտ է և, երբ հնարավոր է, ողորմածաբար է վարվում։ Ի՞նչ գիտենք այն մասին, թե ովքեր հարություն չեն առնելու։ Աստվածաշնչում ընդամենը մի քանի հոգու մասին է հիշատակվում։ Օրինակ՝ Հիսուսի խոսքերից պարզ է դառնում, որ Հուդա Իսկարիովտացին հարություն չի առնելու (Մարկ. 14։21; տես նաև Հովհաննես 17։12)։ Նա գիտակցաբար և ինքնակամ Եհովա Աստծու և Նրա Որդու դեմ գործեց (տես Մարկոս 3։29)։ Հիսուսի խոսքերից նաև հասկանում ենք, որ հարություն չեն առնելու նաև իր դեմ դուրս եկած կրոնական առաջնորդները (Մատթ. 23։33; տես Հովհաննես 19։11)։ Իսկ Պողոս առաքյալը նախազգուշացրեց, որ չզղջացող հավատուրացները նույնպես հարություն չեն առնելու (Եբր. 6։4-8; 10։29)։ w24.05, էջ 4, պրբ. 10-11
8 ապրիլի, չորեքշաբթի
Եհովան հավատարիմներին պահպանում է (Սաղ. 31։23)։
Եթե մտերիմ մնանք Եհովային, Սատանան չի կարողանա անդառնալի վնաս հասցնել մեզ (1 Հովհ. 3։8)։ Իսկ նոր աշխարհում Աստված իր հավատարիմ ընկերներին կպաշտպանի ոչ միայն հոգևոր վտանգներից, այլ նաև մահից (Հայտն. 21։4)։ Իրոք որ, մեծ պատիվ է հյուր լինել Եհովայի վրանում, այսինքն՝ մտերիմ և հարատև ընկերություն վայելել նրա հետ (Եզեկ. 37։27)։ Բայց ինչպիսի՞ն պետք է լինի մեր վարքը, եթե ուզում ենք միշտ նրա հյուրերը լինել։ Երբ քեզ հյուր են կանչում, սովորաբար ուզում ես իմանալ, թե տան տերը ինչ է ակնկալում իր հյուրերից։ Նմանապես մենք ուզում ենք իմանալ, թե Եհովան ինչ է պահանջում նրանցից, ովքեր ուզում են միշտ հյուրընկալվել իրեն։ Եհովայի հանդեպ սերը մղում է մեզ, որ մեր ձեռքից եկածն անենք, «որպեսզի ամեն հարցում հաճեցնեք նրան» (Կող. 1։10)։ Մենք պետք է ակնածանք զգանք նրա հանդեպ և երբեք չմոռանանք, թե ով է նա։ Խոր հարգանքը կօգնի մեզ «համեստորեն քայլել» մեր Աստծու հետ և խուսափել այնպիսի վարքից, որը կարող է վիրավորել նրան (Միք. 6։8)։ w24.06, էջ 4, պրբ. 8-9
9 ապրիլի, հինգշաբթի
Օրինազանցների համար միջնորդեց (Ես. 53։12)։
Եհովան Աբրահամին մի շատ դժվար պատվեր տվեց՝ զոհել սեփական որդուն՝ Իսահակին։ Անկասկած, սա Աբրահամի կյանքում ամենածանր հանձնարարությունն էր։ Այնուամենայնիվ, նա պատրաստ էր հնազանդվել Եհովային։ Սակայն վերջին պահին Աստված կանգնեցրեց նրան։ Աբրահամի օրինակով Եհովան մի կարևոր բան էր ուզում սովորեցնել մեզ։ Նա ուզում էր ցույց տալ, որ պատրաստվում էր մեզ համար զոհաբերել իր սիրելի Որդուն։ Այո՛, մարդիկ շատ թանկ են Եհովայի համար (Ծննդ. 22։1-18)։ Դարեր անց Իսրայել ազգին տրված Օրենքով պահանջվում էր բազմաթիվ զոհեր մատուցել Աստծու ժողովրդի մեղքերը քավելու համար (Ղևտ. 4։27-29; 17։11)։ Նման զոհերը մատնանշում էին ավելի մեծ զոհ, որն ամբողջությամբ քավելու էր մարդկանց մեղքը։ Մարգարեները Աստծու ներշնչմամբ բացատրել են, որ խոստացված սերունդը, որը, ինչպես հետագայում պարզ դարձավ, Աստծու միածին Որդին է, տառապելու էր և մահվան էր մատնվելու ողջ մարդկությանը, այդ թվում՝ քեզ մեղքից ու մահից ազատելու համար (Ես. 53։1-12)։ w24.08, էջ 4 պրբ. 7-8
10 ապրիլի, ուրբաթ
Օրենքդ այնքա՜ն շատ եմ սիրում, ամբողջ օրը դրա մասին եմ խորհրդածում (Սաղ. 119։97)։
Երբ կարդում ես Աստվածաշունչը, մտածիր, թե ինչպես կարող ես կիրառել սովորածդ։ Աստծու Խոսքից որևէ հատված ընթերցելիս հարցրու ինքդ քեզ. «Ինչպե՞ս կարող եմ կիրառել այս տեղեկությունը հիմա կամ մոտ ապագայում»։ Պատկերացրու՝ կարդում ես 1 Թեսաղոնիկեցիներ 5։17, 18 համարները։ Դրանք ընթերցելուց հետո կարող ես դադար տալ ու մտածել, թե ինչքան հաճախ ես աղոթում և որքան խորն են քո աղոթքները։ Կարող ես նաև մտածել, թե ինչերի համար ես երախտապարտ Եհովային։ Օրինակ՝ գուցե որոշես կոնկրետ երեք բանի համար շնորհակալություն հայտնել նրան։ Նման խորհրդածության համար անգամ մի քանի րոպե տրամադրելը կօգնի քեզ լինել Աստծու Խոսքը լսող և կատարող։ Միայն պատկերացրու, թե ինչ օգուտներ կքաղես, եթե ամեն օր այսպես վարվես աստվածաշնչյան այլ հատվածներ ընթերցելիս։ Այո՛, դու կբարելավվես Աստծու Խոսքը կատարելու հարցում։ w24.09, էջ 4-5, պրբ. 9-10
11 ապրիլի, շաբաթ
Զգույշ եղեք, որ մեր աշխատանքի արդյունքը ջուրը չգցեք, այլ որ ստանաք ամբողջ վարձատրությունը (2 Հովհ. 8)։
Եհովան մեզ յուրահատուկ հնարավորությամբ է ստեղծել։ Մենք ուրախանում ենք, երբ ինչ-որ բան ենք ստանում ուրիշներից, բայց մեզ ավելի մեծ ուրախություն է պատճառում այն, երբ մենք ենք ինչ-որ բան անում ուրիշների համար։ Մենք լավ ենք զգում, երբ կարողանում ենք օգնել հավատակիցներին և մեզ հաճելի է, երբ նրանք արտահայտում են իրենց գնահատանքը։ Սակայն եթե նույնիսկ մեզ գնահատանքի խոսքեր չեն ասում, կարող ենք ուրախ լինել այն մտքից, որ ճիշտ ենք վարվում։ Միշտ հիշիր՝ ինչ էլ որ տաս ուրիշներին, «Եհովան քեզ դրանից ավելին կարող է տալ» (2 Տար. 25։9)։ Հետևաբար քո վարձատրությունը միշտ քո տվածից ավելին է լինելու։ Բացի այդ՝ չկա ավելի մեծ ուրախություն, քան անձամբ Եհովայի կողմից վարձատրվելն է։ Ուստի թող որ շարունակենք ընդօրինակել մեր առատաձեռն երկնային Հորը։ w24.09, էջ 31, պրբ. 20-21
12 ապրիլի, կիրակի
Ամբողջ սրտով գովաբանում եմ քեզ, ո՛վ իմ Աստված Եհովա, ես կփառաբանեմ քո անունը հավիտյան (Սաղ. 86։12)։
Եհովան գթասիրտ է և կարեկից (Սաղ. 103։13; Ես. 49։15)։ Մեր երկնային Հայրն ապրումակցում է մեզ. երբ մենք ցավ ենք զգում, նա նույնպես ցավ է զգում (Զաք. 2։8)։ Նա հնարավորություն է ստեղծել մտերմանալու իր հետ և դառնալու իր ընկերը (Սաղ. 25։14; Գործ. 17։27)։ Եհովան խոնարհ է՝ «խոնարհվում է, որ նայի երկնքին ու երկրին, հողից բարձրացնում է խեղճին» (Սաղ. 113։6, 7)։ Մենք փառավորում ենք Եհովային, քանի որ ուզում ենք՝ ուրիշները ճանաչեն նրան։ Շատերը չգիտեն Եհովայի մասին ճշմարտությունը։ Որովհետև Սատանան նրա մասին սարսափելի ստեր է տարածել և կուրացրել է մարդկանց միտքը (2 Կորնթ. 4։4)։ Սատանան համոզել է նրանց, որ Եհովան վրեժխնդիր է ու անհոգի, և որ նա է աշխարհում տիրող տառապանքի հիմնական պատճառը։ Բայց մենք գիտենք Աստծու մասին ճշմարտությունը և հնարավորություն ունենք մարդկանց հայտնելու, թե իրականում ինչպիսին է նա, ու այդպիսով փառք բերելու նրան (Ես. 43։10)։ w25.01, էջ 3, պրբ. 6-7
13 ապրիլի, երկուշաբթի
Սատանա[ն].... մոլորեցնում է ողջ աշխարհը (Հայտն. 12։9)։
Թեև Աստծու Որդին՝ Հիսուսը, կատարյալ էր և հրաշքներ էր գործում, Սատանան որոշ մարդկանց միջոցով բազմաթիվ ստեր էր տարածում նրա մասին։ Կրոնական առաջնորդները ասում էին, թե դևեր հանելու զորությունը Հիսուսը «դևերի իշխանից» է ստացել (Մարկ. 3։22)։ Իսկ Հիսուսի դատավարության ժամանակ նրանք մեղադրեցին նրան Աստծուն հայհոյելու մեջ և ամբոխին դրդեցին պահանջել նրա մահը (Մատթ. 27։20)։ Ավելի ուշ, երբ Քրիստոսի հետևորդները քարոզում էին բարի լուրը, նրանց հակառակորդները «այլազգիների մեջ ատելություն սերմանելով՝ նրանց եղբայրների դեմ տրամադրեցին» (Գործ. 14։2, 19)։ Գործեր 14։2-ի վերաբերյալ «Դիտարանի» 1998 թ. դեկտեմբերի 1-ի համարում հետևյալն է գրված. «Չբավարարվելով նրանով, որ չընդունեցին լուրը՝ հրեա հակառակորդները սկսեցին ստեր տարածել և հեթանոսներին տրամադրել քրիստոնյաների դեմ»։ Սատանան այսօր էլ է շարունակում «մոլորեցնել ողջ աշխարհը»։ w24.04, էջ 11, պրբ. 15-16
14 ապրիլի, երեքշաբթի
Մի՞թե ողջ երկրի Դատավորը անարդար կվարվի (Ծննդ. 18։25)։
Մարդու հավիտենական ապագան կախված չէ նրանից, թե նա երբ կմահանա։ Եհովան արդար Դատավոր է. նա ճիշտ և արդար որոշումներ է կայացնում (Սաղ. 33։4, 5)։ Կարող ենք վստահ լինել, որ «ողջ երկրի Դատավորը» միշտ ճիշտ կվարվի։ Տրամաբանական է նաև եզրակացնել, որ մարդու հավիտենական ապագան կախված չէ նրանից, թե նա որտեղ է ապրում։ Անհնար է, որ Եհովան մեխանիկորեն որպես «այծ» որակի միլիոնավոր մարդկանց, ովքեր այնպիսի երկրներում են ապրում, որտեղ հնարավորություն չունեն լսելու Թագավորության մասին բարի լուրը (Մատթ. 25։46)։ Ողջ երկրի արդար Դատավորը մեզնից շատ է մտածում այդպիսի մարդկանց մասին։ Մենք չգիտենք, թե մեծ նեղության ժամանակ նա դեպքերին ինչ ընթացք կտա։ Թերևս այդ մարդկանցից ոմանք հնարավորություն ունենան սովորելու նրա մասին, հավատալու նրան և նրա կողմը բռնելու, երբ նա բոլոր ազգերի առաջ սրբացնի ինքն իրեն (Եզեկ. 38։16)։ w24.05, էջ 12, պրբ. 14-15
15 ապրիլի, չորեքշաբթի
Սիրեք իրար (Հովհ. 15։12)։
Եհովայի ծառաները սիրով աջակցում են միմյանց (2 Կորնթ. 8։4)։ Բայց այդպես վարվելու համար երբեմն քաջություն է պահանջվում։ Օրինակ՝ երբ պատերազմ է բռնկվում, տեղի երեցները քայլեր են ձեռնարկում իրենց հավատակիցներին քաջալերելու, նրանց հանդեպ ուշադրություն ցույց տալու, ինչպես նաև նրանց հոգևոր և ֆիզիկական կարիքները հոգալու համար։ Եհովայի գառների հանդեպ սիրուց մղված՝ երեցները նույնիսկ վտանգում են իրենց կյանքը նրանց անհրաժեշտ իրեր հասցնելու համար։ Նման հանգամանքներում կարևոր է միասնական լինել և հետևել տեղի մասնաճյուղի տված ցուցումներին (Եբր. 13։17)։ Երեցները կանոնավորաբար պետք է աչքի անցկացնեն աղետներին պատրաստված լինելու հետ կապված տեղի իշխանությունների տված հրահանգները, ինչպես նաև հետևեն վերահաս աղետի վերաբերյալ մեր կազմակերպության տված առաջնորդությանը (1 Կորնթ. 14։33, 40)։ Եղիր քաջ, բայց նաև զգուշավոր (Առակ. 22։3)։ Գործի դիր առողջ դատողությունդ և անտեղի ռիսկի մի՛ դիմիր։ Ապավինիր Եհովային։ Նա կարող է օգնել քեզ, որ աջակցես հավատակիցներիդ և դա անես անվտանգ կերպով։ w24.07, էջ 4, պրբ. 8; էջ 5, պրբ. 11
16 ապրիլի, հինգշաբթի
Իմ նեղության մեջ ես Եհովային կանչեցի.... նրա ականջին հասավ օգնության իմ կանչը (Սաղ. 18։6)։
Դավիթ թագավորը ճանաչում էր Եհովային և իր հույսը նրա վրա էր դնում։ Երբ Սավուղ թագավորը և մյուսները հետապնդում էին Դավթին, նա օգնության համար Եհովային դիմեց։ Երբ Աստված պատասխանեց նրա աղոթքին և փրկեց նրան, Դավիթն ասաց. «Կենդանի.... է Եհովան» (Սաղ. 18։46)։ Այս խոսքերն ասելով՝ նա պարզապես նկատի չուներ, որ Աստված գոյություն ունի։ Մի աշխատության մեջ ասվում է, որ Դավիթը այդ խոսքերով իր վստահությունն էր արտահայտում այն բանում, որ Եհովան, «լինելով կենդանի Աստված, շարունակ գործում է հօգուտ իր ժողովրդի»։ Այո՛, Դավիթը իր անձնական փորձից գիտեր, որ Եհովան կենդանի Աստված է։ Այդ բանի գիտակցումը ամրացնում էր նրա վճռականությունը ծառայելու Եհովային և գովաբանելու նրան (Սաղ. 18։28, 29, 49)։ Եթե համոզված լինենք, որ Եհովան կենդանի Աստված է, ավելի մեծ եռանդով կծառայենք նրան։ Մենք ուժ կունենանք դիմանալու փորձություններին և չենք դադարի ջանասեր լինել ծառայության մեջ։ Բացի այդ՝ կավելանա Եհովայի հետ մտերիմ մնալու մեր վճռականությունը։ w24.06, էջ 20-21, պրբ. 3-4
17 ապրիլի, ուրբաթ
Թույլ մի՛ տվեք՝ որևէ մեկը մոլորեցնի ձեզ (2 Թեսաղ. 2։3)։
Ի՞նչ կարող ենք սովորել թեսաղոնիկեցիներին գրած Պողոսի խոսքերից։ Մենք պետք է խորաթափանցություն դրսևորենք, երբ ցնցող պատմություններ ենք լսում կամ այնպիսի մի բան, ինչը չի համապատասխանում Աստվածաշնչից մեր սովորածին։ Նախկին Սովետական Միությունում մեր թշնամիները մի նամակ էին շրջանառում, որը իբրև թե գլխավոր վարչությունից էր։ Նամակում որոշ եղբայրների հորդոր էր տրվում, որ առանձին, անկախ կազմակերպություն հիմնեն։ Թեև այդ գրությունը Կառավարիչ մարմնի կողմից ուղարկված նամակի տեսք ուներ, բայց հավատարիմ եղբայրները չխաբվեցին։ Նրանք հասկացան, որ նամակի բովանդակությունը չի համապատասխանում այն ամենին, ինչ նրանք սովորել էին։ Այսօր ճշմարտության թշնամիները երբեմն ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով փորձում են շփոթության մեջ գցել և պառակտել մեզ։ Մենք կկարողանանք պաշտպանվել, եթե թույլ չտանք, որ մեր առողջ դատողությունը հեշտությամբ մթագնի, և խորությամբ մտածենք, թե արդյոք մեր լսածն ու կարդացածը ներդաշնակ են մեր սովորած ճշմարտություններին (2 Թեսաղ. 2։2; 1 Հովհ. 4։1)։ w24.07, էջ 12, պրբ. 14-15
18 ապրիլի, շաբաթ
Եթե մեկը մեղք գործի, Հոր մոտ օգնական ունենք (1 Հովհ. 2։1)։
Ամենակարևոր որոշումը, որ անհատը կարող է կայացնել, Եհովային նվիրվելու և նրան երկրպագողների ընտանիքի մի մասը դառնալու որոշումն է։ Եհովան ցանկանում է, որ բոլորն այդպես վարվեն։ Նա ուզում է, որ մարդիկ վայելեն իր հետ մտերմությունը և ապրեն հավիտյան (2 Օրենք 30։19, 20; Գաղ. 6։7, 8)։ Սակայն Եհովան ոչ ոքի չի ստիպում ծառայել իրեն։ Նա թույլ է տալիս, որ յուրաքանչյուր մարդ ինքը որոշի՝ ինչպես վարվել։ Բայց երբ մկրտված քրիստոնյան խախտում է Աստծու օրենքը՝ լուրջ մեղք գործելով, ու չի զղջում դրա համար, պետք է հեռացվի ժողովից (1 Կորնթ. 5։13)։ Սակայն անգամ այդ դեպքում Եհովան անձկությամբ սպասում է, որ մեղսագործը վերադառնա իր մոտ։ Հենց դա է կարևոր պատճառներից մեկը, թե ինչու է նա տվել փրկագինը։ Եհովան դա արել է, որ զղջացող մարդիկ ներման հնարավորություն ունենան։ Մեր սիրառատ Հայրը հորդորում է մեղսագործներին զղջալ (Զաք. 1։3; Հռոմ. 2։4; Հակ. 4։8)։ w24.08, էջ 14, պրբ. 1-2
19 ապրիլի, կիրակի
Եթե սիրտդ իմաստուն դառնա, իմ սիրտը կուրախանա (Առակ. 23։15)։
Երբ Հովհաննեսը գրեց իր երրորդ նամակը, ոմանք կեղծ ուսմունքներ էին տարածում և փորձում պառակտել ժողովը։ Սակայն կային մարդիկ, ովքեր «շարունակում էին քայլել ճշմարտության ուղով»։ Նրանք հնազանդվում էին Եհովային և ապրում էին «նրա պատվիրանների համաձայն» (2 Հովհ. 4, 6)։ Այդ հավատարիմ քրիստոնյաները ուրախացնում էին ոչ միայն Հովհաննեսին, այլև հենց Եհովային (Առակ. 27։11)։ Հավատարմությունը ուրախություն է բերում (1 Հովհ. 5։3)։ Մենք ուրախ ենք, քանի որ գիտենք, որ ուրախացնում ենք Եհովային։ Նա ցնծում է, երբ մերժում ենք աշխարհի գայթակղիչ առաջարկները և հնազանդվում ենք նրա Խոսքին։ Հրեշտակները նույնպես ուրախանում են (Ղուկ. 15։10)։ Մենք էլ ենք ուրախանում՝ տեսնելով, որ մեր եղբայրներն ու քույրերը հավատարիմ են մնում Եհովային (2 Թեսաղ. 1։4)։ Իսկ երբ Սատանայի այս չար աշխարհը կործանվի, մեր սիրտը բերկրանքով կլցվի, քանի որ հավատարիմ ենք մնացել Եհովային։ w24.11, էջ 12, պրբ. 17-18
20 ապրիլի, երկուշաբթի
Թող ամեն մեկը ոչ թե իր օգտի մասին մտածի, այլ դիմացինի օգտի (1 Կորնթ. 10։24)։
Իսկ որքա՞ն ժամանակ պետք է անցնի, որ անհատին ասես՝ հետաքրքրված ես իրենով։ Եթե ժամանակից շուտ մոտենաս, գուցե իմպուլսիվ մարդու տպավորություն թողնես (Առակ. 29։20)։ Մյուս կողմից, սակայն, եթե շատ ձգձգես, գուցե անվճռական մարդու տպավորություն թողնես, հատկապես եթե նա գլխի է ընկել, որ հետաքրքրված ես իրենով (Ժող. 11։4)։ Հիշիր՝ պարտադիր չէ՝ համոզված լինես, որ կամուսնանաս այդ անհատի հետ, և հետո նոր մոտենաս նրան։ Բայց դու պետք է համոզված լինես, որ պատրաստ ես ամուսնության, և որ նա կարող է համապատասխան կողակից լինել քեզ համար։ Իսկ ինչպե՞ս վարվել, եթե զգում ես, որ ինչ-որ մեկը քեզանով է հետաքրքրված։ Եթե նրա հետ մտերմություն սկսելու նպատակ չունես, քո գործերով հստակ ցույց տուր դա։ Նրան անտեղի հույս տալը բարության դրսևորում չի լինի (Եփես. 4։25)։ w24.05, էջ 23, պրբ. 9-10
21 ապրիլի, երեքշաբթի
Կվերադառնամ և ձեզ ինձ մոտ կտանեմ (Հովհ. 14։3)։
Միայն անկեղծ և հավատարիմ օծյալները Հիսուսի կողմից «կվերցվեն» երկնային թագավորություն։ Ցանկացած օծյալ քրիստոնյա, ով հոգևորապես արթուն չի մնա, չի լինի Հիսուսի «ընտրածների» թվում (Մատթ. 24։31)։ Ավելի լայն իմաստով՝ Աստծու բոլոր ծառաները, անկախ իրենց ունեցած հույսից, պետք է Հիսուսի խոսքերը ընդունեն որպես նախազգուշացում և արթուն ու հավատարիմ մնան։ Մենք լավ ենք ճանաչում Եհովային և վստահ ենք, որ նրա կայացրած որոշումները արդար են։ Ուստի չենք մտահոգվում, որ նա որոշել է մեր ժամանակներում օծել որոշ հավատարիմ քրիստոնյաների։ Չէ՞ որ հիշում ենք, թե ինչ ասաց Հիսուսը այն մարդկանց մասին, ովքեր երեկոյան ժամը հինգին էին վարձվել խաղողի այգում աշխատելու (Մատթ. 20։1-16)։ Այդ վերջին հրավիրվածները նույն աշխատավարձը ստացան, ինչ ավելի շուտ եկածները։ Նմանապես օծյալ քրիստոնյաները, անկախ նրանից, թե երբ են ընտրվել, կստանան իրենց երկնային վարձատրությունը, եթե հավատարիմ մնան։ w24.09, էջ 24, պրբ. 15-17
22 ապրիլի, չորեքշաբթի
Քրիստոսն էլ տառապեց հանուն ձեզ՝ օրինակ թողնելով, որ ձգտեք անշեղորեն նրա հետքերով գնալ (1 Պետ. 2։21)։
Հիսուսը կատարյալ օրինակ է մեզ համար այն հարցում, թե ինչպես դիմանանք անարդարությանը։ Տեսնենք, թե նա ինչ անարդար վերաբերմունքի արժանացավ իր ընտանիքի և այլ մարդկանց կողմից։ Նրա հարազատները ասում էին, թե նա ցնորվել է, կրոնական առաջնորդները մեղադրում էին՝ ասելով, թե դևերի հետ է համագործակցում, իսկ հռոմեացի զինվորները ծաղրում էին։ Նրանք տանջեցին Հիսուսին և ի վերջո սպանեցին (Մարկ. 3։21, 22; 14։55; 15։16-20, 35-37)։ Չնայած այդ ամենին՝ Հիսուսը դիմացավ անարդարությանը։ Ավելին՝ նա հաշվեհարդար չտեսավ (1 Պետ. 2։21-23)։ Հիսուսը կատարյալ օրինակ է այն հարցում, թե ինչպես է հարկավոր արձագանքել անարդարությանը։ Նա գիտեր՝ երբ լռել ու երբ խոսել (Մատթ. 26։62-64)։ Նա իր մասին ասված ամեն մի սուտ խոսքի պատասխան չէր տալիս (Մատթ. 11։19)։ Իսկ երբ խոսում էր, իրեն հալածողներին չէր վիրավորում կամ սպառնում։ w24.11, էջ 4-5, պրբ. 9-10
23 ապրիլի, հինգշաբթի
Քրիստոս Հիսուսը եկավ աշխարհ՝ մեղավորներին փրկելու (1 Տիմոթ. 1։15)։
Պատկերացրու՝ քեզ սիրելի մեկին յուրահատուկ նվեր ես տալիս, որը և՛ գեղեցիկ է, և՛ օգտակար, իսկ նա այն դնում է դարակում և չի էլ հիշում դրա մասին։ Որքա՜ն կսրտնեղես։ Բայց քեզ համար հաստատ շատ հաճելի կլինի, եթե նա շնորհակալություն հայտնի քեզ տվածդ նվերի համար և օգտագործի այն։ Ի՞նչ ենք ուզում ասել։ Եհովան մեզ համար զոհել է իր Որդուն։ Նա անչափ ուրախ կլինի, երբ մենք մեր երախտագիտությունը ցույց տանք նրա տված անգին նվերի և այն սիրո համար, որից մղված՝ նա վճարել է փրկագինը (Հովհ. 3։16; Հռոմ. 5։7, 8)։ Սակայն ժամանակի ընթացքում փրկագինը հնարավոր է՝ սկսենք սովորական բան համարել։ Դա նույնն է, ինչ Աստծու նվերը դարակում դնենք։ Գուցե ուրախ ենք, որ ունենք այն, բայց աչքից հեռու ենք պահում։ Որպեսզի նման բան չպատահի, պետք է շարունակ խորացնենք մեր երախտագիտությունը Աստծու և Քրիստոսի նկատմամբ նրանց արած բոլոր բաների համար։ w25.01, էջ 26, պրբ. 1-2
24 ապրիլի, ուրբաթ
Խորհրդածիր այս ամենի մասին, կլանված եղիր դրանցով։ Այդ դեպքում քո առաջադիմությունը բոլորի համար ակնհայտ կլինի (1 Տիմոթ. 4։15)։
Երեց լինելու պահանջներին համապատասխանող եղբայրը չպետք է նորահավատ լինի։ Թեև կարիք չկա, որ դու երկար տարիների մկրտված քրիստոնյա լինես, այնուամենայնիվ, ժամանակ է պետք, որ հոգևորապես հասունանաս։ Նախքան երեց նշանակվելը դու պետք է փաստես, որ Հիսուսի նման խոնարհ ես և պատրաստ ես սպասելու, որ Եհովան քեզ ավելի շատ հանձնարարություններ վստահի (Մատթ. 20։23; Փիլիպ. 2։5-8)։ Դու կփաստես, որ նվիրված ես, եթե կառչած մնաս Եհովային ու նրա արդար չափանիշներին, ինչպես նաև հնազանդվես նրա կազմակերպությունից եկող առաջնորդությանը։ Աստվածաշնչում հստակ նշվում է, որ վերակացուն պետք է ուսուցանելու ունակ լինի։ Բայց արդյո՞ք սա նշանակում է, որ դու պիտի հիանալի հռետոր լինես։ Ո՛չ։ Բոլոր երեցները չէ, որ փայլուն ելույթներ են ներկայացնում, բայց քարոզելիս և հովվական այցեր անելիս նրանք պետք է հմտորեն օգտվեն Աստվածաշնչից՝ ուսուցանելու և հավատակիցներին քաջալերելու համար։ w24.11, էջ 23-24, պրբ. 14-15
25 ապրիլի, շաբաթ
Սիրում եմ պատվիրաններդ՝ ոսկուց, զտված ոսկուց էլ առավել (Սաղ. 119։127)։
Երբ Աստվածաշնչից որևէ հատված քեզ համար այնքան էլ հասկանալի չէ, փնտրտուքներ արա։ Հետո օրվա ընթացքում մտորիր այն մասին, թե ինչ նոր բան ես իմացել, և թե այդ տեղեկությունը ինչ է բացահայտում Եհովայի, նրա Որդու և քո հանդեպ նրանց դրսևորած սիրո մասին (Սաղ. 119։97, ծնթ.)։ Մի՛ վհատվիր, եթե ամեն անգամ որևէ նյութ ընթերցելիս կամ փնտրտուքներ անելիս նոր կամ ոգևորիչ բան չես գտնում։ Ինչ որ առումով դու նման ես ոսկի որոնողի։ Ոսկի որոնողները ոսկու անգամ փոքր կտոր գտնելու համար համբերությամբ ժամեր կամ օրեր են տրամադրում։ Սակայն նրանք չեն հանձնվում, որովհետև ոսկու յուրաքանչյուր կտոր արժեքավոր է իրենց համար։ Աստվածաշնչում պարփակված ամեն մի գանձն անհամեմատ ավելի մեծ արժեք ունի (Առակ. 8։10)։ Ուստի համբերատար եղիր և կառչած մնա Աստվածաշնչի ընթերցանության քո գրաֆիկին (Սաղ. 1։2)։ w25.01, էջ 24-25, պրբ. 14-15
26 ապրիլի, կիրակի
Ինչպես Եհովան մեծահոգաբար ներեց ձեզ, այդպես էլ դուք վարվեք (Կող. 3։13)։
Եհովան ակնկալում է, որ պատրաստակամորեն ներենք մեզ վիրավորողներին (Սաղ. 86։5; Ղուկ. 17։4; Եփես. 4։32)։ Մեզ գուցե խորապես վիրավորեն ուրիշների, հատկապես մեր ընկերների կամ ընտանիքի անդամների խոսքերն ու գործերը (Սաղ. 55։12-14)։ Երբեմն էմոցիոնալ ցավը կարող է այնքան խոր լինել, որ կարծես մեզ դանակով խոցած լինեն (Առակ. 12։18)։ Այդպիսի իրավիճակում գուցե փորձենք ճնշել կամ անտեսել մեր զգացմունքները։ Բայց դա նույնն է, ինչ վերքի մեջ թողնենք այն դանակը, որով մեզ խոցել են։ Ուստի մենք չենք կարող ակնկալել, որ մեր խոցված զգացմունքները կհանդարտվեն, եթե պարզապես անտեսենք դրանք։ Երբ ինչ-որ մեկը վիրավորում է մեզ, մեր բնական արձագանքը գուցե բարկանալը լինի։ Աստվածաշունչն ասում է, որ հնարավոր է՝ զայրանանք, բայց նաև զգուշացնում է, որ թույլ չտանք՝ մեր զգացմունքները իշխեն մեզ վրա (Սաղ. 4։4; Եփես. 4։26)։ Զայրույթը հազիվ թե լավ արդյունք բերի (Հակ. 1։20)։ Հիշենք, որ զայրանալը արձագանք է, բայց զայրացած մնալը՝ որոշում։ w25.02, էջ 15, պրբ. 4-6
27 ապրիլի, երկուշաբթի
Գիտելիքների և իմաստության առավելությունն այն է, որ դրանք պահպանում են իրենց ունեցողների կյանքը (Ժող. 7։12)։
Հիսուսը մի պատմության միջոցով ցույց տվեց, որ անմտություն կլինի գումար կուտակել, բայց «հարուստ չլինել Աստծու աչքին» (Ղուկ. 12։16-21)։ Ոչ ոք չգիտի, թե վաղվա օրը ինչ կբերի (Առակ. 23։4, 5; Հակ. 4։13-15)։ Լինելով Քրիստոսի հետևորդներ՝ մենք երբեմն կանգնում ենք յուրօրինակ դժվարության առաջ։ Հիսուսն ասաց, որ իր աշակերտը լինելու համար պետք է պատրաստ լինենք «հրաժարվել մեր ողջ ունեցվածքից» (Ղուկ. 14։33)։ Հրեաստանում ապրող առաջին դարի քրիստոնյաները չկորցրին ուրախությունը, երբ նրանցից խլեցին իրենց ունեցվածքը (Եբր. 10։34)։ Մեր օրերում շատ եղբայրներ նյութական կորուստներ են ունեցել, քանի որ հրաժարվել են որևէ քաղաքական ուժի այս կամ այն կերպ աջակցելուց (Հայտն. 13։16, 17)։ Նրանց օգնել է Եհովայի հետևյալ խոստման հանդեպ լիակատար վստահությունը. «Ես երբեք ձեզ մենակ չեմ թողնի ու երբեք ձեզ չեմ լքի» (Եբր. 13։5)։ Մենք հնարավորինս ամեն բան անում ենք, որ որոշակի գումար ունենանք տարեց հասակում մեր կարիքները հոգալու համար, բայց երբ անսպասելի իրավիճակներ են առաջանում, լիովին ապավինում ենք Եհովային։ w25.03, էջ 29, պրբ. 13-14
28 ապրիլի, երեքշաբթի
Քանի որ արդեն սովորել-վերջացրել ենք Քրիստոսի մասին տարրական ուսմունքները, եկեք ջանադրաբար հասունության ձգտենք, ոչ թե նորից գցենք հիմքը (Եբր. 6։1)։
Եհովան տարբեր կերպերով օգնում է մեզ հոգևորապես հասունանալ, օրինակ՝ նրանց միջոցով, ովքեր ժողովում ծառայում են որպես հովիվներ և ուսուցիչներ։ Այս եղբայրները օգնում են մեզ հոգևորապես «հասունանալ՝ դառնալով Քրիստոսի պես լիովին հասուն» (Եփես. 4։11-13)։ Եհովան նաև տալիս է մեզ իր սուրբ ոգին, որ ունենանք «Քրիստոսի միտքը» (1 Կորնթ. 2։14-16)։ Բացի այդ՝ նա մեզ տվել է չորս Ավետարանները, որոնցից իմանում ենք, թե ինչպես է Հիսուսը իր երկրային ծառայության ընթացքում մտածել, խոսել և գործել։ Հիսուսի մտածելակերպն ու գործելակերպը որդեգրելով՝ դու հոգևորապես կհասունանաս։ Սակայն հոգևորապես հասունանալու համար մենք պետք է «Քրիստոսի մասին տարրական ուսմունքներից» ավելին իմանանք։ w24.04, էջ 4-5, պրբ. 11-12
29 ապրիլի, չորեքշաբթի
Խորհելու կարողությունը քեզ կպահպանի, և խորաթափանցությունը կպաշտպանի (Առակ. 2։11)։
Ամեն օր մենք պետք է որոշումներ կայացնենք։ Դրանցից որոշները համեմատաբար հեշտ է կայացնել, օրինակ՝ ինչ ուտել նախաճաշին կամ երբ քնել։ Սակայն կան հարցեր, որոնց վերաբերյալ որոշումներ կայացնելը դժվար է։ Դրանք գուցե կապված լինեն մեր առողջության, երջանկության, մեզ մտերիմ մարդկանց կամ երկրպագության հետ։ Իհարկե, մենք ուզում ենք, որ մեր որոշումները օգուտ բերեն մեզ և մեր ընտանիքին։ Սակայն նախ և առաջ հույս ունենք, որ մեր որոշումները հաճելի կլինեն Եհովային (Հռոմ. 12։1, 2)։ Ճիշտ որոշում կայացնելու համար կարևոր քայլ է փաստերին ծանոթանալը։ Պատկերացրու՝ պացիենտը առողջական լուրջ խնդրով դիմում է բժշկին։ Արդյո՞ք բժիշկը առանց նրան զննելու կամ հարցեր տալու որոշում կկայացնի նրա բուժման մեթոդի վերաբերյալ։ Պարզ է, որ ոչ։ Լավ բժշկի պես դու ճիշտ որոշումներ կկայացնես, եթե նախ քննես այն փաստերը, որոնք առնչվում են քո իրավիճակին։ w25.01, էջ 14, պրբ. 1-3
30 ապրիլի, հինգշաբթի
Եհովան ներում է քո մեղքը։ Դու չես մեռնի (2 Սամ. 12։13)։
Եհովան գթառատ է և «չի ցանկանում, որ որևէ մեկը կործանվի» (2 Պետ. 3։9)։ Տեսնենք, թե ինչպես է նա գթառատություն ցուցաբերել լուրջ մեղքեր գործած որոշ անհատների հանդեպ։ Դավիթ թագավորը շատ ծանր մեղքեր գործեց, այդ թվում՝ անբարոյականություն և սպանություն։ Բայց քանի որ Դավիթը զղջաց, Եհովան, գթասրտություն դրսևորելով, ներեց նրան (2 Սամ. 12։1-12)։ Իսկ Մանասե թագավորը իր կյանքի մեծ մասի ընթացքում սարսափելի չար գործեր արեց։ Սակայն նույնիսկ այս դեպքում Եհովան, տեսնելով նրա զղջումը, ողորմածաբար ներեց նրան (2 Տար. 33։9-16)։ Այս օրինակները փաստում են, որ Եհովան ողորմածություն է դրսևորում, երբ այդպես վարվելու համար հիմք ունի։ Նա հարություն կտա նման մարդկանց, որովհետև վերջիններս հասկացել են, որ լուրջ մեղքեր են գործել և զղջացել են։ w24.05, էջ 4, պրբ. 12