Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • es26 էջ 26–36
  • Մարտ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մարտ
  • Աստվածաշունչը քննենք ամեն օր 2026
  • Ենթավերնագրեր
  • 1 մարտի, կիրակի
  • 2 մարտի, երկուշաբթի
  • 3 մարտի, երեքշաբթի
  • 4 մարտի, չորեքշաբթի
  • 5 մարտի, հինգշաբթի
  • 6 մարտի, ուրբաթ
  • 7 մարտի, շաբաթ
  • 8 մարտի, կիրակի
  • 9 մարտի, երկուշաբթի
  • 10 մարտի, երեքշաբթի
  • 11 մարտի, չորեքշաբթի
  • 12 մարտի, հինգշաբթի
  • 13 մարտի, ուրբաթ
  • 14 մարտի, շաբաթ
  • 15 մարտի, կիրակի
  • 16 մարտի, երկուշաբթի
  • 17 մարտի, երեքշաբթի
  • 18 մարտի, չորեքշաբթի
  • 19 մարտի, հինգշաբթի
  • 20 մարտի, ուրբաթ
  • 21 մարտի, շաբաթ
  • 22 մարտի, կիրակի
  • 23 մարտի, երկուշաբթի
  • 24 մարտի, երեքշաբթի
  • 25 մարտի, չորեքշաբթի
  • 26 մարտի, հինգշաբթի
  • 27 մարտի, ուրբաթ
  • 28 մարտի, շաբաթ
  • 29 մարտի, կիրակի
  • 30 մարտի, երկուշաբթի
  • 31 մարտի, երեքշաբթի
Աստվածաշունչը քննենք ամեն օր 2026
es26 էջ 26–36

Մարտ

1 մարտի, կիրակի

Նա, ով մահանում է, ազատվում է մեղքից (Հռոմ. 6։7)։

Աստվածաշնչում խոսվում է այնպիսի մարդկանց մասին, ովքեր արդար են եղել, բայց դարձել են անարդար։ Հիշենք Սողոմոն թագավորին։ Նա գիտեր Եհովային ու շատ լավ ծանոթ էր նրա չափանիշներին, և Եհովան առատապես օրհնում էր նրան։ Սակայն հետագայում Սողոմոնը սկսեց կեղծ աստվածների պաշտել։ Նրա գործած մեղքերի պատճառով Եհովան շատ բարկացավ, և Իսրայել ազգը դարեր շարունակ կրեց այդ մեղքերի հետևանքները։ Սողոմոնի մասին Աստվածաշնչում ասվում է, որ նա «հանգչեց իր նախահայրերի հետ», որոնց թվում էին այնպիսի հավատարիմ տղամարդիկ, ինչպիսին Դավիթ թագավորն էր (1 Թագ. 11։5-9, 43; 2 Թագ. 23։13)։ Բայց արդյո՞ք այս խոսքերը երաշխիք են, որ Սողոմոնը հարություն կառնի։ Աստվածաշունչը չի պատասխանում այս հարցին։ Իրականում հարությունը պարգև է մեր սիրառատ Աստծուց։ Նա այդ պարգևը տալիս է նրանց, ում ցանկանում է հնարավորություն տալ հավիտյան ծառայելու իրեն (Հոբ 14։13, 14; Հովհ. 6։44)։ Իսկ Սողոմոնը կստանա՞ այդ պարգևը։ Չգիտենք, դա միայն Եհովան գիտի։ Բայց գիտենք, որ Եհովան կանի այն, ինչը ճիշտ է։ w24.05, էջ 4, պրբ. 9

2 մարտի, երկուշաբթի

Ես առհավետ քո վրանում կհյուրընկալվեմ (Սաղ. 61։4)։

Երբ մեր կյանքը նվիրում ենք Եհովային, նրա այլաբանական վրանի հյուրն ենք դառնում։ Այնտեղ մենք վայելում ենք առատ հոգևոր կերակուր, ինչպես նաև Աստծու մյուս հյուրերի ընկերակցությունը։ Իսկ որտե՞ղ է Եհովայի այլաբանական վրանը։ Այն տեղակայված չէ որևէ կոնկրետ վայրում։ Եհովայի վրանը այնտեղ է, որտեղ նրա հավատարիմ ծառաներն են (Հայտն. 21։3)։ Իսկ ի՞նչ կարող ենք ասել Եհովայի այն հավատարիմ ծառաների մասին, ովքեր մահացել են։ Արդյո՞ք նրանք նույնպես Եհովայի վրանում են։ Այո՛։ Քանի որ նրանք Եհովայի հիշողության մեջ են և նրա համար ասես ողջ լինեն։ Այս առնչությամբ Հիսուսն ասել է. «Մահացածները հարություն են առնելու, դա Մովսեսն էլ է ցույց տվել՝ այրվող փշաթփի պատմության մեջ Եհովային կոչելով «Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը»։ Նա ոչ թե մահացածների Աստվածն է, այլ ողջերի. նրանք բոլորն էլ ողջ են նրա համար» (Ղուկ. 20։37, 38)։ w24.06, էջ 3-4, պրբ. 6-7

3 մարտի, երեքշաբթի

Եհովան իմ զորությունն ու իմ վահանն է (Սաղ. 28։7)։

Սադոկը գնացել էր զինված և կռվելու պատրաստ (1 Տար. 12։38)։ Նա պատրաստ էր Դավթի հետ ռազմի դաշտ դուրս գալ և հաղթել Իսրայելի թշնամիներին։ Իհարկե, հնարավոր է՝ որպես ռազմիկ՝ նա մեծ փորձ չուներ, սակայն շատ քաջ երիտասարդ էր։ Իսկ ինչպե՞ս էր Սադոկը, քահանա լինելով, նման քաջություն զարգացրել։ Նա շրջապատված էր զորեղ ու քաջ մարդկանցով և, անկասկած, շատ բան էր սովորում նրանցից։ Այդ մարդկանցից էր Դավիթ թագավորը։ Նա քաջաբար «Իսրայելին առաջնորդում էր ռազմարշավների», ինչն էլ մղում էր ամբողջ ազգին սրտանց աջակցելու իրեն (1 Տար. 11։1, 2)։ Բացի այդ՝ թշնամիների դեմ պատերազմելիս Դավիթը միշտ Եհովային էր ապավինում (Սաղ. 138։3)։ Սադոկին ոգեշնչում էին նաև այնպիսի խիզախ տղամարդիկ, ինչպիսիք էին Հովիադան, վերջինիս ռազմիկ որդի Բանեան և 22 իշխաններ, որոնք համախմբվել էին Դավթի շուրջ (1 Տար. 11։22-25; 12։26-28)։ w24.07, էջ 3, պրբ. 5-6

4 մարտի, չորեքշաբթի

Իր բարությամբ [Աստված] օգնում է քեզ զղջալ (Հռոմ. 2։4)։

Տարսոնացի Սողոսը կատաղի կերպով հալածում էր Քրիստոսի հետևորդներին։ Քրիստոնյաների մեծ մասը թերևս նրան անուղղելի մարդ էր համարում, մեկը, ով ունակ չէ զղջալու։ Բայց Հիսուսը անկատար մարդկանց պես չէր մտածում։ Նա և նրա Հայրը տեսնում էին Սողոսի լավ հատկությունները։ Հիսուսը նրա մասին ասաց. «Ես ընտրել եմ այդ մարդուն» (Գործ. 9։15)։ Նա նույնիսկ հրաշք գործեց, որ Սողոսին օգնի զղջալ (Գործ. 7։58-8։3; 9։1-9, 17-20)։ Քրիստոնյա դառնալուց հետո Սողոսը, ով հետագայում հայտնի դարձավ որպես Պողոս առաքյալ, հաճախ էր գնահատանքով արտահայտվում այն մասին, թե ինչպես են Եհովան ու Հիսուսը իր հանդեպ բարություն և ողորմածություն դրսևորել (1 Տիմոթ. 1։12-15)։ Իսկ ինչպե՞ս վարվեց Պողոսը, երբ իմացավ Կորնթոսի ժողովում ծագած մի լուրջ խնդրի մասին։ Անբարոյություն գործող մի անհատ չէր հեռացվել ժողովից։ Պողոսի արձագանքից շատ բան կարող ենք սովորել այն մասին, թե ինչպես է Եհովան իր ծառաներին խրատելիս սիրով վարվում և գթասրտություն դրսևորում զղջացողների հանդեպ։ w24.08, էջ 13, պրբ. 15-16

5 մարտի, հինգշաբթի

Աստծու Որդին եկավ, որպեսզի քանդի Բանսարկուի գործերը (1 Հովհ. 3։8)։

Դարերի ընթացքում Եհովան աստիճանաբար բացահայտել է, թե ինչպես կարող են մեղավոր մարդիկ մտերմանալ իր հետ։ Եդեմում բարձրացված ըմբոստությունից հետո Ադամի ու Եվայի երկրորդ որդին՝ Աբելը, առաջին մարդն էր, ով հավատ դրսևորեց Եհովայի հանդեպ։ Նա սիրում էր Եհովային, ուզում էր հաճեցնել նրան և մտերմանալ նրա հետ, ուստի զոհ մատուցեց նրան։ Քանի որ Աբելը հովիվ էր, իր հոտից մի քանի մատղաշ գառ վերցրեց, մորթեց և զոհաբերեց Աստծուն։ Աստվածաշնչում կարդում ենք, որ Եհովան «հավանություն տվեց Աբելին ու նրա ընծային» (Ծննդ. 4։4)։ Եհովան հավանություն էր տալիս նաև իրեն վստահող ու սիրող այլ մարդկանց զոհերին։ Այդ մարդկանցից էր Նոյը (Ծննդ. 8։20, 21)։ Այդպես վարվելով՝ Եհովան ցույց էր տալիս, որ մեղավոր մարդիկ կարող են արժանանալ իր հավանությանն ու մտերմանալ իր հետ։ w24.08, էջ 3, պրբ. 5-6

6 մարտի, ուրբաթ

Ճիշտ ուղուց գրեթե շեղվել էի, քիչ էր մնում՝ ոտքերս սայթաքեին (Սաղ. 73։2)։

Անարդարությունը կարող է խորապես ցավեցնել և վհատեցնել մեզ (Ժող. 7։7)։ Եհովայի հավատարիմ ծառաները, որոնցից էին Հոբն ու Ամբակումը, նույն զգացումներն ունեին (Հոբ 6։2, 3; Ամբ. 1։1-3)։ Բնական է նման զգացումներ ունենալը, բայց պետք է ուշադիր լինենք, որ հանկարծ անմիտ ձևով չարձագանքենք անարդար վերաբերմունքին և իրավիճակն ավելի չբարդացնենք։ Երբ թվում է, թե անարդարություն գործողներն անպատիժ են մնում, թերևս մտածում ենք. «Մի՞թե արժե ճիշտ վարվել»։ Սաղմոսերգուն, ում թվում էր, թե անօրենները, արդարներին ճնշելով, բարգավաճում են, ասաց. «Ահա այսպիսին են անօրենները, միշտ էլ հեշտ է նրանց կյանքը» (Սաղ. 73։12)։ Նա այնքան վհատված էր իր տեսած անարդարության պատճառով, որ գրեթե կորցրեց վստահությունն այն բանի հանդեպ, որ արժե ծառայել Եհովային։ Սաղմոսերգուն ասաց. «Ես փորձում էի հասկանալ այդ ամենը և դրա պատճառով կորցրել էի մտքիս անդորրը» (Սաղ. 73։14, 16)։ w24.11, էջ 3, պրբ. 5-7

7 մարտի, շաբաթ

Տվեք Եհովային իրեն արժանի պատիվը, երկրի բոլո՛ր տոհմեր, տվեք Եհովային իրեն արժանի պատիվը, քանի որ զորեղ է նա ու փառահեղ (Սաղ. 96։7)։

Մենք փառավորում ենք Եհովային, քանի որ խոր հարգանք ունենք նրա հանդեպ։ Մենք շատ պատճառներ ունենք հարգանք դրսևորելու մեր երկնային Հոր հանդեպ։ Նա ամենակարող է և անսահման զորություն ունի (Սաղ. 96։4-7)։ Աստծու ձեռքի բոլոր գործերում ակնհայտ երևում է նրա անհուն իմաստությունը։ Եհովան է մեզ կյանք պարգևել ու տվել այն ամենը, ինչ անհրաժեշտ է ապրելու համար (Հայտն. 4։11)։ Նա նվիրված է (Հայտն. 15։4)։ Ինչ-որ մեր Հայրն անում է, հաջողում է, և նա միշտ պահում է իր խոստումները (Հեսու 23։14)։ Ուստի զարմանալի չէ, որ Երեմիա մարգարեն Եհովայի մասին ասաց. «Ազգերի և թագավորությունների իմաստունների մեջ քեզ նման մեկը չկա» (Երեմ. 10։6, 7)։ Անկասկած, մենք Աստծու հանդեպ հարգանք ցուցաբերելու բազմաթիվ պատճառներ ունենք։ Սակայն հարգանք ունենալուց բացի՝ մենք նաև սիրում ենք Եհովային։ Իրականում, Եհովային փառավորելու գլխավոր պատճառը հենց խոր սերն է նրա հանդեպ։ w25.01, էջ 3, պրբ. 5-6

8 մարտի, կիրակի

Հեռացրեք չար մարդուն ձեր միջից (1 Կորնթ. 5։13)։

Աստծու թշնամիները փորձում են բացասական լույսի ներքո ներկայացնել նրա կազմակերպության դրական կողմերը։ Օրինակ՝ Եհովան իր ծառաներից ակնկալում է լինել ֆիզիկապես, բարոյապես ու հոգևորապես մաքուր և պահանջում է, որ ժողովից հեռացվի ցանկացած մեկը, ով ոտնահարում է մաքրության վերաբերյալ իր պահանջները ու չի զղջում (1 Կորնթ. 5։11, 12; 6։9, 10)։ Մենք հնազանդվում ենք այս պատվերին, մինչդեռ մեր թշնամիները այդ փաստն օգտագործում են մեր դեմ և մեղադրում են մեզ՝ ասելով, թե մենք չենք սիրում մարդկանց, դատապարտում ենք նրանց և անհանդուրժող ենք։ Աստծու կազմակերպության դեմ ուղղված այս հարձակումների հետևում կանգնած է «ստության հայրը»՝ Բանսարկու Սատանան (Հովհ. 8։44; Ծննդ. 3։1-5)։ Ուստի զարմանալի չէ, որ նա իր համախոհների միջոցով կազմակերպության մասին կեղծ պատմություններ է տարածում։ w24.04, էջ 10, պրբ. 13-14

9 մարտի, երկուշաբթի

Դրանք կկատարվեն (Եզեկ. 33։33)։

Գուցե մեծ նեղության սկսվելուց հետո ոմանք, տեսնելով «Մեծ Բաբելոնի» կործանումը, հիշեն, որ Եհովայի վկաները տարիներ շարունակ հայտնում էին, որ նման բան է լինելու։ Հնարավո՞ր է, որ այդ ժամանակ որոշ մարդկանց սրտի տրամադրվածությունը փոխվի (Հայտն. 17։5)։ Եթե այդպիսի բան տեղի ունենա, դա նման կլինի Մովսեսի օրերում Եգիպտոսում տեղի ունեցածին։ Երբ իսրայելացիները դուրս էին գալիս Եգիպտոսից, մի «բազմազգ ժողովուրդ» միացավ նրանց։ Այդ մարդկանցից ոմանք թերևս սկսել էին հավատալ Եհովային այն բանից հետո, երբ տեսել էին, որ Մովսեսի ասած տասը պատուհասները հերթով կատարվում են (Ելք 12։38)։ Եթե Մեծ Բաբելոնի կործանումից հետո նման զարգացում լինի, մի՞թե մեզ կհիասթափեցնի այն միտքը, որ վերջից կարճ ժամանակ առաջ մարդկանց հնարավորություն է ընձեռվում միանալու մեզ։ Իհարկե ո՛չ։ Մենք ուզում ենք ընդօրինակել մեր երկնային Հորը, ով «գթառատ ու կարեկից Աստված [է], շուտ չի բարկանում, լի է հավատարիմ սիրով, և նրա ամեն խոսքը ճշմարիտ է» (Ելք 34։6)։ w24.05, էջ 11, պրբ. 12-13

10 մարտի, երեքշաբթի

Ճիշտ ուսմունքները շարունակիր չափանիշ համարել (2 Տիմոթ. 1։13)։

Ի՞նչ կարող է լինել, եթե շեղվենք «ճիշտ ուսմունքներից»։ Առաջին դարում որոշ քրիստոնյաներ, ըստ երևույթին, կեղծ տեղեկություններ էին տարածում, թե Եհովայի օրը արդեն եկել է։ Թերևս այդ պնդմանը թիկունք կանգնող մի նամակ կար, որը մարդկանց կարծիքով՝ Պողոս առաքյալն էր գրել։ Առանց փաստերը ստուգելու Թեսաղոնիկեում ապրող որոշ քրիստոնյաներ հավատացին այդ կեղծ լուրին և նույնիսկ սկսեցին տարածել այն։ Նրանք չէին խաբվի, եթե հիշեին այն ամենը, ինչ սովորեցրել էր Պողոսը, երբ նրանց հետ էր (2 Թեսաղ. 2։1-5)։ Պողոսը խորհուրդ էր տվել ամեն լսած բանի չհավատալ։ Դեռ ավելին, որպեսզի թեսաղոնիկեցիները ապագայում էլ չխաբվեին, Պողոսը նրանց ուղղած իր երկրորդ նամակը ավարտել էր հետևյալ խոսքերով. «Այս ողջույնը ես՝ Պողոսս, գրում եմ իմ ձեռքով. այս ձեռագրից կարող եք ճանաչել իմ բոլոր նամակները» (2 Թեսաղ. 3։17)։ w24.07, էջ 12, պրբ. 13-14

11 մարտի, չորեքշաբթի

Դուք պետք է դիմանաք դժվարություններին (Եբր. 10։36)։

Հրեաստանում իրավիճակը վատթարանում էր, ուստի եբրայեցի քրիստոնյաները պետք է դիմանային հավատի տարբեր փորձությունների։ Ճիշտ է, նրանցից ոմանք անցել էին կատաղի հալածանքների միջով, բայց շատերը քրիստոնեությունը ընդունել էին համեմատաբար խաղաղ ժամանակներում։ Պողոս առաքյալը նշեց, որ թեև նրանք դիմացել են հավատի ծանր փորձությունների, բայց Հիսուսի պես կյանքի գնով չեն արել դա (Եբր. 12։4)։ Սակայն քրիստոնեության տարածումը զայրացնում էր հրեա հակառակորդներին, ու նրանք գնալով ավելի մեծ ատելությամբ ու դաժանությամբ էին լցվում։ Եբրայեցիներին ուղղված նամակը գրելուց մի քանի տարի առաջ ավելի քան 40 հրեա «երդվել էին, որ չեն ուտի ու չեն խմի, մինչև Պողոսին չսպանեն» (Գործ. 22։22; 23։12-14)։ Կրոնական ֆանատիզմի և ատելության այդպիսի մթնոլորտում քրիստոնյաները պետք է շարունակեին միասին հավաքվել, քարոզել բարի լուրը և իրենց հավատը ամուր պահել։ w24.09, էջ 12, պրբ. 15

12 մարտի, հինգշաբթի

Հիսուսը.... իր մորն ասաց. «Ո՛վ կին, ահա՛ քո որդին» (Հովհ. 19։26)։

Հովհաննեսը Հիսուսի սիրելի առաքյալն էր (Մատթ. 10։2)։ Նա ուղեկցել էր Հիսուսին նրա ծառայության ողջ ընթացքում, ականատես էր եղել նրա կատարած հրաշքներին և դժվար պահերին նրա կողքին էր եղել։ Նա ներկա էր եղել Հիսուսի մահապատժին և տեսել էր նրան հարությունից հետո։ Նա ականատես էր եղել քրիստոնեության տարածմանը առաջին դարում. հավատարիմների փոքր խումբը այնքան էր մեծացել, որ բարի լուրն արդեն սկսել էր «քարոզվել ողջ աշխարհում» (Կող. 1։23)։ Իր կյանքի վերջում Հովհաննեսը պատիվ ունեցավ գրելու Աստվածաշնչի որոշ հատվածներ, որոնց թվում էր ակնածանք ներշնչող «Հայտնություն» գիրքը (Հայտն. 1։1)։ Հովհաննեսը գրել է նաև իր անունը կրող Ավետարանը և երեք նամակներ։ Իր երրորդ նամակը Հովհաննեսը հասցեագրել է Գայոս անունով մի հավատարիմ քրիստոնյայի, ում նա համարում էր իր հոգևոր սիրելի զավակը (3 Հովհ. 1)։ Այն, ինչ գրել է այս հավատարիմ տարեց մարդը, մինչև հիմա քաջալերում է Հիսուսի բոլոր հետևորդներին։ w24.11, էջ 12, պրբ. 15-16

13 մարտի, ուրբաթ

Ամուսիննե՛ր.... նրանց պատիվ տվեք (1 Պետ. 3։7)։

Իր կնոջը սիրող ամուսինը գնահատում ու փայփայում է նրան։ Նրա համար իր կինը Եհովայից տրված անգին գանձ է (Առակ. 18։22; 31։10)։ Նա իր կողակցին բարությամբ և հարգանքով է վերաբերվում, այդ թվում՝ սեքսին առնչվող հարցերում։ Ամուսինը կնոջը չի ստիպի սեռական հարաբերություններում անել բաներ, որոնք անհարմար դրության մեջ կդնեն ու կնվաստացնեն նրան, կամ որոնց պատճառով նրա խիղճը կսկսի տանջել։ Ամուսինն ինքն էլ չի անի մի բան, որի պատճառով իր խիղճը մաքուր չի լինի Եհովայի առաջ (Գործ. 24։16)։ Ամուսիննե՛ր, վստահ եղեք, որ Եհովան տեսնում է, թե ինչպես եք ձգտում խոսքով ու գործով պատվել ձեր կնոջը, և գնահատում է ձեր ջանքերը։ Վճռեք պատվել ձեր կողակցին՝ նաև չանելով այնպիսի բան, ինչը կցավեցնի նրան, և եղեք բարի, հարգալից ու ջերմ։ Այդպես վարվելով՝ ցույց կտաք, որ սիրում ու հարգում եք նրան։ Պատվեք ձեր կնոջը և այդպիսով կպահպանեք ձեր ամենաթանկ հարաբերությունները՝ Եհովայի հետ մտերմությունը (Սաղ. 25։14)։ w25.01, էջ 13, պրբ. 17-18

14 մարտի, շաբաթ

[Նա] իր կյանքը տվեց մեզ համար, որ ազատի.... և մեզ մաքրելով՝ դարձնի իր հատուկ սեփականությունը՝ մի ժողովուրդ, որը եռանդով է լցված բարին գործելու համար (Տիտոս 2։14)։

Մեր՝ Եհովայի ծառաներիս և կեղծ քրիստոնյաների միջև մի շարք տարբերություններ կան, որոնցից մեկը քարոզչական ծառայության հանդեպ ունեցած մեր եռանդն է։ Ի՞նչը կարող է օգնել, որ չկորցնենք և նույնիսկ բոցավառենք այն։ Եռանդորեն քարոզելու վերաբերյալ շատ բան ունենք սովորելու Հիսուսի օրինակից։ Իր ծառայության ողջ ընթացքում Հիսուսը երբեք չկորցրեց եռանդը։ Իրականում նա օրեցօր ավելի ջանասիրաբար էր ծառայում։ Իր պատմած առակի այգեգործի պես, ով երեք տարի շարունակ մշակում էր անպտուղ թզենին, Հիսուսը ավելի քան երեք տարի քարոզեց հրեաներին, որոնցից շատերը այդպես էլ չդարձան նրա աշակերտները։ Եվ ինչպես որ այգեգործը ձեռք չէր քաշում թզենուց, այնպես էլ Հիսուսը երբեք հույսը չէր կտրում մարդկանցից (Ղուկ. 13։6-9)։ Նրա սովորեցրածներին ականջ դնելն ու նրա օրինակին հետևելը կօգնի, որ պահպանենք մեր եռանդը։ w25.03, էջ 14-15, պրբ. 1-4

15 մարտի, կիրակի

Խորագետ մարդը խելքով է գործում (Առակ. 13։16)։

Ենթադրենք՝ հանդիպել ես մեկին, ով կարծում ես՝ լավ կողակից կարող է լինել քեզ համար։ Պե՞տք է արդյոք անմիջապես ցույց տաս, որ հետաքրքրված ես նրանով։ Աստվածաշունչն ասում է, որ իմաստուն մարդը իմացությամբ է վարվում՝ նախքան գործի անցնելը տեղեկություններ է հավաքում։ Ուստի իմաստուն վարված կլինես, եթե մի որոշ ժամանակ կողքից նայես նրան՝ առանց ցույց տալու, որ հետաքրքրված ես նրանով։ Իսկ ինչպե՞ս կարող ես, այսպես ասած, կողքից նայել անհատին։ Ժողովի հանդիպումների կամ ընկերական հավաքույթների ժամանակ կարող ես ուշադրություն դարձնել նրա հոգևոր վիճակին, բնավորությանը և վարքին։ Տես, թե ովքեր են նրա ընկերները, և ինչի մասին է նա սիրում խոսել (Ղուկ. 6։45)։ Ի՞նչ նպատակներ նա ունի. արդյո՞ք ձեր նպատակները համընկնում են։ Գուցե հարմար գտնես խոսել նրա ժողովի երեցների կամ նրան լավ ճանաչող այլ հասուն քրիստոնյաների հետ (Առակ. 20։18)։ Կարող ես հարցնել, թե ինչ հատկություններ և համբավ ունի նա (Հռութ 2։11)։ Եվ մինչ փորձում ես ավելին իմանալ այդ անհատի մասին, զգույշ եղիր, որ նրան անհարմար դրության մեջ չդնես։ Հարգիր նրա զգացմունքները և անձնական կյանքի ու ազատության իրավունքը։ w24.05, էջ 22, պրբ. 7-8

16 մարտի, երկուշաբթի

Ի վերջո մեղքս քեզ խոստովանեցի (Սաղ. 32։5)։

Երեցները հապճեպորեն չեն եզրակացնում, թե մեղք գործած անհատը չի զղջա։ Ոմանք գուցե զղջան երեցներից կազմված կոմիտեի հետ առաջին իսկ հանդիպման ժամանակ, սակայն մյուսներին թերևս ավելի երկար ժամանակ պետք լինի։ Ուստի երեցները գուցե մեկից ավելի անգամ հանդիպեն մեղք գործած քրիստոնյայի հետ։ Հնարավոր է՝ առաջին հանդիպումից հետո նա լրջորեն մտածի իրեն տրված խորհրդի մասին և, խոնարհություն դրսևորելով, աղոթքով Եհովայից ներում խնդրի (Սաղ. 38։18)։ Թերևս հաջորդ հանդիպման ժամանակ անհատի տրամադրվածությունը էապես փոխված լինի։ Որպեսզի անհատը մղվի զղջալու, երեցները կարեկցանք ու բարություն են դրսևորում նրա հանդեպ։ Նրանք լիահույս են և աղոթում են, որ Եհովան օրհնի իրենց ջանքերը, և որ մոլորված քրիստոնյան խելքի գա ու զղջա (2 Տիմոթ. 2։25, 26)։ w24.08, էջ 22-23, պրբ. 12-13

17 մարտի, երեքշաբթի

Ոչ մեկի մահը ինձ չի ուրախացնում,– ասում է Գերիշխան Տեր Եհովան։–Ուստի դարձի՛ եկեք և ապրե՛ք (Եզեկ. 18։32)։

Եհովան չի ցանկանում, որ որևէ մեկը կործանվի։ Նա ուզում է, որ մեղսագործները հաշտվեն իր հետ (2 Կորնթ. 5։20)։ Դա է պատճառը, որ մարդկության պատմության ողջ ընթացքում Եհովան ճիշտ ուղուց շեղված իր ժողովրդին, ինչպես նաև առանձին անհատների բազմիցս հորդորել է զղջալ և վերադառնալ իր մոտ։ Երեցները պատիվ ունեն համագործակցելու Եհովայի հետ՝ օգնելով լուրջ մեղք գործած անհատներին, որ զղջան (Հռոմ. 2։4; 1 Կորնթ. 3։9)։ Պատկերացրու՝ ինչ մեծ ուրախություն է տիրում երկնքում, երբ մեղսագործները զղջում են։ Յուրաքանչյուր կորած գառնուկի վերադարձը մեծ ուրախություն է պատճառում մեր երկնային Հորը՝ Եհովային։ Նրա հանդեպ մեր սերը շարունակում է աճել, երբ խորհրդածում ենք նրա կարեկցանքի, գթասրտության և անզուգական բարության մասին (Ղուկ. 1։78)։ w24.08, էջ 31, պրբ. 16-17

18 մարտի, չորեքշաբթի

Հիսուսը, իմանալով, որ շուտով գալու են՝ իրեն բռնեն, որպեսզի թագավոր դարձնեն, նորից լեռը գնաց, այս անգամ մենակ (Հովհ. 6։15)։

Եթե Հիսուսը թույլ տար մարդկանց, որ մարդիկ իրեն թագավոր դարձնեն, նա մասնակցած կլիներ Հռոմի իշխանության տակ գտնվող հրեաների քաղաքական գործերին։ Հիսուսը, խորագիտություն դրսևորելով, «լեռը գնաց»։ Նա, չնայած մարդկանց ճնշմանը, չներքաշվեց քաղաքականության մեջ։ Սա շատ կարևոր դաս է մեզ համար։ Մեզ իհարկե չեն խնդրի շատացնել հացը, հրաշքով հիվանդություններ բուժել կամ երկրի ղեկավար դառնալ։ Բայց գուցե դրդեն մասնակցել քաղաքական հարցերի՝ քվեարկելով որևէ թեկնածուի օգտին կամ թիկունք կանգնելով մի ղեկավարի, ով իրենց կարծիքով՝ կարող է բարեփոխումներ անել։ Սակայն Հիսուսի թողած օրինակը պարզ է։ Նա չցանկացավ առնչվել քաղաքական ոչ մի հարցի և հետագայում անգամ ասաց. «Իմ թագավորությունը այս աշխարհի մաս չի կազմում» (Հովհ. 17։14; 18։36)։ Այսօր մենք՝ քրիստոնյաներս, ջանում ենք Հիսուսի պես մտածել և գործել։ Մենք հավատարիմ ենք մնում Աստծու թագավորությանը, ուրիշներին պատմում ենք դրա մասին և աղոթում, որ այն գա (Մատթ. 6։10)։ w24.12, էջ 4, պրբ. 5-6

19 մարտի, հինգշաբթի

Ով ընդունում է իմ պատվիրաններն ու պահում է դրանք, նա է սիրում ինձ։ Իսկ ով սիրում է ինձ, սիրված կլինի իմ Հոր կողմից, և ես կսիրեմ նրան ու կբացահայտեմ, թե ով եմ ես (Հովհ. 14։21)։

Ուսումնասիրություն անելիս միջոցներ փնտրիր, որ սովորածդ կիրառես։ Ընդօրինակիր Եհովային արդար լինելու հարցում և ուրիշների հետ անկողմնակալությամբ վարվիր։ Ընդօրինակիր Հիսուսին՝ սիրելով նրա Հորը և մարդկանց, ու պատրաստ եղիր տառապել հանուն Եհովայի անվան և անձնազոհաբար օգնել հավատակիցներիդ։ Հիսուսին ընդօրինակիր նաև՝ ուրիշներին քարոզելով, որ նրանք էլ հնարավորություն ունենան ընդունելու Եհովայի տված անգին պարգևը։ Որքան շատ բան ենք սովորում փրկագնի մասին, այնքան ավելի շատ ենք հասկանում դրա արժեքը, ու Եհովայի և նրա Որդու հանդեպ սերը ավելի խոր արմատներ է գցում մեր սրտում։ Նրանք էլ, ի պատասխան, ավելի շատ են սիրում մեզ (Հակ. 4։8)։ Ուստի եկեք արդյունավետորեն օգտվենք Եհովայի տրամադրած միջոցներից, որ շարունակենք սովորել փրկագնի մասին։ w25.01, էջ 25, պրբ. 16-17

20 մարտի, ուրբաթ

Իմ բոլոր մեղքերը մեջքիդ հետևը գցեցիր (Ես. 38։17)։

Այսօրվա խոսքը կարելի է հետևյալ կերպ ձևակերպել. «Իմ բոլոր մեղքերը հեռացրիր աչքիդ առաջից»։ Այստեղից երևում է, որ Եհովան զղջացող մարդկանց մեղքերը հեռացնում է իր տեսադաշտից։ Եզեկիայի խոսքերը կարելի է նաև այսպես ձևակերպել. «Դու այնպես ես արել, որ [իմ մեղքերը] ասես չեն էլ եղել»։ Միքիա 7։18, 19 համարներում մեկ այլ պատկերավոր խոսքի ենք հանդիպում, որը նույնպես ընդգծում է այս միտքը։ Այստեղից էլ տեսնում ենք, որ Եհովան մեր մեղքերը նետում է ծովի խորքերը։ Իսկ հին ժամանակներում ծովի խորքից որևէ բան դուրս բերելը պարզապես անհնար էր։ Աստվածաշնչում տեղ գտած այս պատկերավոր խոսքերը քննելով՝ իմացանք, որ երբ Եհովան ներում է, ազատում է մեզ մեր մեղքերի ծանրությունից։ Իրոք որ ճշմարիտ են Դավթի հետևյալ խոսքերը. «Երջանիկ են նրանք, ում անօրեն գործերը ներվել են, ում մեղքերը ջնջվել են» (Հռոմ. 4։7)։ Ահա այսպիսին է իսկական ներողամտությունը։ w25.02, էջ 9, պրբ. 7-8

21 մարտի, շաբաթ

Ցնծացեք ու առհավետ ուրախացեք այն ամենով, ինչ արարում եմ (Ես. 65։18)։

Մեր օրերում երկրի վրա գոյություն ունի մի դրախտ, որում կյանքը եռում է։ Այն լի է միլիոնավոր մարդկանցով, ովքեր իրական խաղաղություն են վայելում։ Նրանք վճռել են երբեք չլքել այն։ Դեռ ավելին՝ ուզում են հնարավորինս շատերին օգնել, որ վայելեն այդ յուրահատուկ միջավայրը։ Ինչի՞ մասին է խոսքը։ Հոգևոր դրախտի։ Ապշեցուցիչ է տեսնել, թե ինչպես է Եհովան նման երանելի միջավայր ստեղծել մի աշխարհում, որը Սատանան վերածել է ատելությամբ և չարությամբ լի վտանգավոր վայրի (1 Հովհ. 5։19; Հայտն. 12։12)։ Տեսնելով, թե ինչ կործանարար ազդեցություն է թողնում այս աշխարհը մարդկանց վրա՝ մեր սիրառատ Աստվածը ապահով պայմաններ է ստեղծել, որ իր ծառաները կարողանան հոգևորապես բարգավաճել։ Իզուր չէ, որ նրա Խոսքում հոգևոր դրախտը նկարագրվում է որպես ապահով «ապաստարան» և «ոռոգվող պարտեզ» (Ես. 4։6; 58։11)։ Եհովան օրհնում է հոգևոր դրախտում բնակվողներին, ինչի շնորհիվ այս վերջին դժվար օրերում նրանք երջանիկ են և իրենց ապահով են զգում (Ես. 54։14; 2 Տիմոթ. 3։1)։ w24.04, էջ 20, պրբ. 1-2

22 մարտի, կիրակի

Ձեր խնդրանքները հայտնեք [Աստծուն] (Փիլիպ. 4։6)։

Եթե ամուսնանալու ցանկություն ունես, անկասկած աղոթել ես այդ մասին։ Ճիշտ է, Եհովան ոչ ոքի կողակից չի խոստանում, բայց նա հոգ է տանում քո մասին, կարևոր է համարում քո զգացմունքները և կարող է օգնել քեզ, մինչ դու կողակից ես փնտրում։ Ուստի շարունակիր պատմել նրան քո ցանկությունների և զգացմունքների մասին (Սաղ. 62։8)։ Նրանից համբերություն և իմաստություն խնդրիր (Հակ. 1։5)։ Անգամ եթե այս պահին չես կարողանում գտնել համապատասխան կողակից, հիշիր, որ Եհովան խոստանում է հոգ տանել քո ֆիզիկական և էմոցիոնալ կարիքների մասին (Սաղ. 55։22)։ Սակայն զգույշ եղիր, որ կողակից փնտրելը չդառնա քո կյանքի ամենակարևոր բանը (Փիլիպ. 1։10)։ Իսկական երջանկությունը կախված է ոչ թե ամուսնական կարգավիճակից, այլ Եհովայի հետ մտերմությունից (Մատթ. 5։3)։ Հիշիր, որ ամուրի լինելով՝ դու ավելի շատ ազատություն ունես ընդլայնելու քո ծառայությունը (1 Կորնթ. 7։32, 33)։ Լավագույնս օգտագործիր այդ ժամանակը։ w24.05, էջ 21, պրբ. 4; էջ 22, պրբ. 6

23 մարտի, երկուշաբթի

Մի՛ մտածեք միայն ձեր մասին, մտածեք նաև ուրիշների մասին (Փիլիպ. 2։4)։

Որքա՞ն պետք է տևի մտերմության շրջանը։ Հապճեպորեն կայացված որոշումները հաճախ վատ հետևանքների են հանգեցնում (Առակ. 21։5)։ Ուստի մտերմության շրջանը պետք է տևի այնքան, որքան անհրաժեշտ է տվյալ անհատին ինչպես հարկն է ճանաչելու համար։ Սակայն այդ շրջանը չպետք է անտեղի երկարաձգվի։ Աստվածաշունչն ասում է. «Ձգձգվող ակնկալիքը հիվանդացնում է սիրտը» (Առակ. 13։12)։ Իսկ ինչպե՞ս կարող են ուրիշները օգնել մտերմություն անող զույգին։ Կարող ենք նրանց հրավիրել ճաշի, մեր ընտանեկան երկրպագությանը կամ ժամանցի առիթներ ստեղծել (Հռոմ. 12։13)։ Նրանք գուցե կարիք ունենան, որ ինչ-որ մեկը ուղեկցի իրենց որպես երրորդ անձ, նրանց հետ լինի մեքենայի մեջ կամ հրավիրի իր տուն, որտեղ նրանք առանձին խոսելու հնարավորություն կունենան։ Եթե կարող ես, առաջարկիր քո օգնությունը (Գաղ. 6։10)։ Եթե զույգը քեզ խնդրում է որպես երրորդ անձ ուղեկցել իրենց, պատիվ համարիր դա։ Ուշադիր եղիր, որ նրանց լրիվ մենակ չթողնես, բայց նաև նկատիր, թե նրանք երբ առանձին զրուցելու կարիք ունեն, և համապատասխան պայմաններ ստեղծիր։ w24.05, էջ 30, պրբ. 13-14

24 մարտի, երեքշաբթի

Ես ժամանակ տվեցի նրան, որ զղջա (Հայտն. 2։21)։

Երեցները փորձում են հասկանալ, թե ինչն է պատճառ դարձել, որ անհատը մեղք գործի։ Օրինակ՝ գուցե նա աստիճանաբար հոգևորապես թուլացել է, քանի որ անտեսել է անձնական ուսումնասիրությունը կամ ծառայությունը, կամ էլ նրա աղոթքները հազվադեպ ու մակերեսային են դարձել։ Թերևս նա թույլ է տվել, որ սխալ ցանկությունները գլուխ բարձրացնեն, կամ սխալ ընկերներ ու ժամանցի ձևեր է ընտրել։ Ինչպե՞ս են նրա այդ որոշումները ազդել նրա սրտի վրա։ Հասկանո՞ւմ է արդյոք, թե ինչ է զգում Եհովան՝ տեսնելով իր բռնած ընթացքը։ Իմաստալից հարցեր տալով, բայց միևնույն ժամանակ դիմացինին անհարմար դրության մեջ չդնելով՝ երեցները բարությամբ օգնում են նրան արտահայտվել և մտածել, թե ինչն է թուլացրել Եհովայի հետ իր փոխհարաբերությունները ու իրեն մեղքի դրդել (Առակ. 20։5)։ Բացի այդ՝ նրանք կարող են օրինակների միջոցով օգնել դիմացինին տրամաբանել և տեսնել իր սխալը։ Հնարավոր է՝ հենց առաջին հանդիպման ժամանակ անհատը սկսի ափսոսալ իր բռնած ընթացքի համար և նույնիսկ զղջա։ w24.08, էջ 22, պրբ. 9-11

25 մարտի, չորեքշաբթի

Աստծու թագավորության մասին բարի լուրը ուրիշ քաղաքներում էլ պետք է քարոզեմ, որովհետև հենց դրա համար եմ ուղարկվել (Ղուկ. 4։43)։

Հիսուսը եռանդորեն քարոզում էր «թագավորության մասին բարի լուրը», քանի որ գիտեր՝ դա Աստծու կամքն է։ Հիսուսի համար քարոզչությունը կյանքում ամենակարևոր գործն էր։ Անգամ իր ծառայության վերջին ամիսների ընթացքում նա «անցնում էր քաղաքներով ու գյուղերով և ուսուցանում էր մարդկանց» (Ղուկ. 13։22)։ Բացի այդ՝ նա կրթում էր շատ աշակերտների, որ քարոզեն իր հետ (Ղուկ. 10։1)։ Այսօր նույնպես բարի լուրը քարոզելը Եհովայի և Հիսուսի հանձնարարած առաջնային կարևորության գործն է (Մատթ. 24։14; 28։19, 20)։ Մենք կարող ենք բոցավառել ծառայության հանդեպ մեր եռանդը, եթե մարդկանց հանդեպ ունենանք այն նույն տեսակետը, ինչ Եհովան (1 Տիմոթ. 2։3, 4)։ Դրա համար նա կրթում է մեզ, որ ավելի արդյունավետորեն քարոզենք կյանքեր փրկող լուրը։ Անգամ եթե հիմա մարդիկ դրական չարձագանքեն մեր հայտնած լուրին, հնարավորություն կունենան դա անելու նախքան մեծ նեղության ավարտը։ w25.03, էջ 15-16, պրբ. 5-7

26 մարտի, հինգշաբթի

Ով նրան բարև տա, մասնակից կլինի նրա չար գործերին (2 Հովհ. 11)։

Ժողովից հեռացված անհատի հետ առնչվելիս յուրաքանչյուր քրիստոնյա պետք է վարվի Աստվածաշնչով կրթված իր խղճի համաձայն։ Ոմանց խիղճը գուցե թույլ տա ժողովում բարևել կամ ողջույնի խոսքեր ասել նրան, բայց մենք ծավալուն զրույցներ չենք ունենա և չենք շփվի այդ անհատի հետ։ Ոմանք գուցե ասեն. «Մի՞թե Աստվածաշնչում չի ասվում, որ ժողովից հեռացված անհատին բարևելով՝ մասնակից ենք դառնում նրա չար գործերին» (2 Հովհ. 9-11)։ Այս համարների համատեքստը ցույց է տալիս, որ խոսքը հավատուրացների և նրանց մասին է, ովքեր ակտիվորեն սխալ վարք են խրախուսում (Հայտն. 2։20)։ Ուստի եթե անհատը ակտիվորեն հավատուրացական գաղափարներ է տարածում կամ սխալ վարք է խրախուսում, երեցները նրա հետ չեն հանդիպի։ Ինչ խոսք, հույս կա, որ մի օր նա կզղջա։ Բայց մինչ այդ մենք ո՛չ բարև կտանք նման մարդու, ո՛չ էլ կհրավիրենք նրան ժողովի հանդիպման։ w24.08, էջ 30-31, պրբ. 14-15

27 մարտի, ուրբաթ

Նրանց մտքում դեռևս ամեն բան պարզ չէր (Մարկ. 6։52)։

Մարդկանց կերակրելուց հետո Հիսուսը պատվիրեց իր առաքյալներին նավակով վերադառնալ Կափառնայում, իսկ ինքը գնաց լեռը՝ հեռանալով ամբոխից, որը ցանկանում էր իրեն թագավոր դարձնել (Հովհ. 6։16-20)։ Երբ առաքյալները ծովում էին, հուժկու փոթորիկ բարձրացավ, և ուժգին քամին սկսեց ալեկոծել ջուրը։ Այդ ժամանակ Հիսուսը, ծովի վրայով քայլելով, մոտեցավ նրանց։ Նա նույնիսկ այնպես արեց, որ Պետրոս առաքյալն էլ ջրի վրայով քայլի (Մատթ. 14։22-31)։ Երբ Հիսուսը նավ մտավ, քամին դադարեց։ Առաքյալները ապշահար ասացին. «Դու իրոք Աստծու Որդին ես» (Մատթ. 14։33)։ Բայց նրանք չհասկացան այդ հրաշքի և հացերը շատացնելու հրաշքի միջև եղած կապը։ Մարկոսը պարզաբանում է. «Աշակերտներն ապշել էին. նրանք դեռ եզրակացություն չէին արել հացերի դեպքից» (Մարկ. 6։50-52)։ Աշակերտները չէին հասկանում, որ մարդկանց կերակրելու կարողությունը ընդամենը մի նշույլն էր այն ահռելի զորության, որը Եհովան տվել էր Հիսուսին։ w24.12, էջ 5, պրբ. 7

28 մարտի, շաբաթ

[Աստված] կամենում է, որ ամեն տեսակ մարդիկ ճշմարտության մասին ճշգրիտ գիտելիքներ ստանան ու փրկվեն (1 Տիմոթ. 2։4)։

Հիշատակի երեկոյի շրջանը կարող ենք առիթ համարել ցույց տալու մեր երախտագիտությունը Եհովայի սիրո՝ նրա տված փրկագնի համար։ Բացի Հիշատակի երեկոյին անձամբ ներկա լինելուց՝ մենք կարող ենք նաև ուրիշներին հրավիրել։ Երբ ինչ-որ մեկին հրավիրում ես, նրան բացատրիր, թե ինչ է տեղի ունենում Հիշատակի երեկոյի ժամանակ։ Գուցե օգտակար համարես նրան ցույց տալ jw.org կայքի «Ինչո՞ւ Հիսուսը մահացավ» և «Հիշիր Հիսուսի մահը» տեսանյութերը։ Իսկ երեցները չպետք է մոռանան հրավիրել բոլոր ոչ ակտիվ քարոզիչներին։ Պատկերացրու, թե երկնքում և երկրի վրա ինչ մեծ ցնծություն է տիրում, երբ Եհովայի մոլորված գառնուկներից ոմանք մղվում են վերադառնալ իր հոտ (Ղուկ. 15։4-7)։ Եկեք նպատակ դնենք Հիշատակի երեկոյին ողջունել ոչ միայն միմյանց, այլև հատկապես նրանց, ովքեր առաջին անգամ են եկել կամ վաղուց չեն մասնակցել դրան։ Մենք ուզում ենք, որ նրանք իրենց սպասված զգան (Հռոմ. 12։13)։ w25.01, էջ 29, պրբ. 15

29 մարտի, կիրակի

[Աստված] սիրեց մեզ և իր Որդուն ուղարկեց որպես հաշտության զոհ մեր մեղքերի համար (1 Հովհ. 4։10)։

Փրկագինը օգնում է մեզ հասկանալու, որ Եհովան արդար է։ Ավելին՝ այն առանձնահատուկ կերպով օգնում է գիտակցելու նրա սիրո խորությունը (Հովհ. 3։16; 1 Հովհ. 4։9, 10)։ Փրկագնի մասին ուսմունքը բացահայտում է, որ Եհովան ուզում է՝ մենք ոչ միայն հավերժ ապրենք, այլև լինենք նրա ընտանիքի մի մասը։ Երբ Ադամը մեղք գործեց, Եհովան նրան վտարեց իրեն երկրպագողներից կազմված իր ընտանիքից։ Ուստի երբ մենք ծնվում ենք, ինքնաբերաբար նրա ընտանիքի մաս չենք կազմում։ Բայց Եհովան փրկագնի հիման վրա ներում է մեր մեղքերը և ի վերջո իր ընտանիք կընդունի բոլոր նրանց, ովքեր կհավատան իրեն ու կհնազանդվեն։ Սակայն նույնիսկ հիմա մենք կարող ենք ջերմ հարաբերություններ ունենալ Եհովայի ու մեր հավատակիցների հետ։ Մենք իսկապես զգում ենք Եհովայի քնքուշ սերը (Հռոմ. 5։10, 11)։ w25.01, էջ 21, պրբ. 6

Աստվածաշնչի ընթերցանություն Հիշատակի երեկոյի շրջանում (նիսանի 9-ի ցերեկվա դեպքերը) Հովհաննես 12։12-19; Մարկոս 11։1-11

30 մարտի, երկուշաբթի

Աստված իր սերը մեր հանդեպ այսպես դրսևորեց (1 Հովհ. 4։9)։

Անկասկած համաձայն ես, որ փրկագինը մեծ արժեք ունեցող պարգև է (2 Կորնթ. 9։15)։ Շնորհիվ այն բանի, որ Հիսուսը զոհեց իր մարդկային կյանքը, դու կարող ես Եհովայի մտերիմ ընկերը լինել և հավիտյան ապրելու հեռանկար ունենալ։ Մենք անթիվ-անհամար պատճառներ ունենք շնորհակալ լինելու մեր Աստծուն, ով, մեր հանդեպ խոր սիրուց մղված, տվեց փրկագինը (Հռոմ. 5։8)։ Հիսուսը պատվիրեց ամեն տարի նշել իր մահվան հիշատակի երեկոն, որ օգնի մեզ չկորցնել փրկագնի համար մեր երախտագիտությունը և այն սովորական բան չհամարել (Ղուկ. 22։19, 20)։ Այս տարի՝ 2026 թ.-ին, Հիշատակի երեկոն կնշենք ապրիլի 2-ին՝ հինգշաբթի։ Անշուշտ, բոլորս ծրագրում ենք ներկա լինել։ Մեծ օգուտ կստանանք, եթե այդ օրերին խորհենք այն մասին, թե Եհովան ու նրա Որդին ինչ են արել մեզ համար։ w25.01, էջ 20, պրբ. 1-2

Աստվածաշնչի ընթերցանություն Հիշատակի երեկոյի շրջանում (նիսանի 10-ի ցերեկվա դեպքերը) Հովհաննես 12։20-50

31 մարտի, երեքշաբթի

Արծաթի փոխարեն իմ խրատն ընդունեք, և ընտիր ոսկու փոխարեն՝ գիտելիքներ (Առակ. 8։10)։

Եթե շարունակ խորհրդածես այն սիրո մասին, որը Եհովա Աստված և Հիսուս Քրիստոսն ունեն մեր հանդեպ, շարունակ նոր բաներ կհասկանաս։ Այս տարվա Հիշատակի երեկոյի շրջանում ուշադրությամբ ընթերցիր Ավետարաններից մեկը կամ մի քանիսը։ Մի՛ փորձիր միանգամից մի քանի գլուխ ընթերցել, ձգտիր խորհել կարդացածիդ շուրջ։ Մտածիր, թե Եհովային ու Հիսուսին սիրելու էլ ինչ պատճառներ կան։ Եթե երկար տարիներ է, ինչ գիտես ճշմարտությունը, գուցե մտածում ես, թե հնարավոր է արդյոք նոր բաներ բացահայտել այնպիսի քաջածանոթ թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են Աստծու արդարությունը, նրա սերը և փրկագինը։ Ճշմարտությունն այն է, որ այդ և նման թեմաների մասին կարելի է անվերջ սովորել։ Ուստի, լիարժեքորեն օգտվիր մեր հրատարակություններում տեղ գտած բազմաբովանդակ նյութերից։ w25.01, էջ 24-25, պրբ. 13-15

Աստվածաշնչի ընթերցանություն Հիշատակի երեկոյի շրջանում (նիսանի 11-ի ցերեկվա դեպքերը) Ղուկաս 21։1-36

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը