Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • es26 էջ 17–26
  • Փետրվար

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Փետրվար
  • Աստվածաշունչը քննենք ամեն օր 2026
  • Ենթավերնագրեր
  • 1 փետրվարի, կիրակի
  • 2 փետրվարի, երկուշաբթի
  • 3 փետրվարի, երեքշաբթի
  • 4 փետրվարի, չորեքշաբթի
  • 5 փետրվարի, հինգշաբթի
  • 6 փետրվարի, ուրբաթ
  • 7 փետրվարի, շաբաթ
  • 8 փետրվարի, կիրակի
  • 9 փետրվարի, երկուշաբթի
  • 10 փետրվարի, երեքշաբթի
  • 11 փետրվարի, չորեքշաբթի
  • 12 փետրվարի, հինգշաբթի
  • 13 փետրվարի, ուրբաթ
  • 14 փետրվարի, շաբաթ
  • 15 փետրվարի, կիրակի
  • 16 փետրվարի, երկուշաբթի
  • 17 փետրվարի, երեքշաբթի
  • 18 փետրվարի, չորեքշաբթի
  • 19 փետրվարի, հինգշաբթի
  • 20 փետրվարի, ուրբաթ
  • 21 փետրվարի, շաբաթ
  • 22 փետրվարի, կիրակի
  • 23 փետրվարի, երկուշաբթի
  • 24 փետրվարի, երեքշաբթի
  • 25 փետրվարի, չորեքշաբթի
  • 26 փետրվարի, հինգշաբթի
  • 27 փետրվարի, ուրբաթ
  • 28 փետրվարի, շաբաթ
Աստվածաշունչը քննենք ամեն օր 2026
es26 էջ 17–26

Փետրվար

1 փետրվարի, կիրակի

Վեճից հեռու մնալը պատիվ է բերում մարդուն, բայց հիմարը դրա մեջ է ներքաշվում (Առակ. 20։3)։

Լավ հատկություններ դրսևորող եղբայրները մեծ օգուտ են տալիս ժողովին։ Խոհեմ եղբայրը նպաստում է խաղաղությանը։ Եթե ուզում ես հայտնի լինել քո խոհեմությամբ, լսիր ուրիշներին ու պատրաստ եղիր հասկանալու և ընդունելու նրանց տեսակետը։ Պատկերացրու՝ երեց ես։ Երեցների խորհրդի հանդիպմանը թիկունք կկանգնե՞ս մեծամասնության որոշմանը, եթե իհարկե աստվածաշնչյան օրենք կամ սկզբունք չի խախտվում։ Մի՛ պնդիր, որ ինչ-որ բան քո ուզած ձևով արվի։ Գիտակցիր շատ խորհրդատուների կարևորությունը (Ծննդ. 13։8, 9; Առակ. 15։22)։ Կոպիտ լինելու և վիճաբանելու փոխարեն մեղմորեն ու նրբանկատորեն վարվիր։ Լինելով խաղաղարար՝ նույնիսկ լարված իրավիճակներում այնպես կանես, որ խաղաղություն լինի (Հակ. 3։17, 18)։ Բարի խոսքերով դու կմեղմես ուրիշների, այդ թվում՝ հակառակվողների բարկությունը (Դատ. 8։1-3; Առակ. 25։15; Մատթ. 5։23, 24)։ w24.11, էջ 23, պրբ. 13

2 փետրվարի, երկուշաբթի

Նա կուղարկի իր հրեշտակներին, որ հավաքեն իր ընտրածներին աշխարհի չորս կողմերից՝ երկրի ծայրից մինչև երկնքի ծայրը (Մարկ. 13։27)։

Թեև Հիսուսը «մահացավ.... ու էլ երբեք չի մահանա», նա շարունակում է, այսպես ասած, զոհեր մատուցել մեզ համար (Հռոմ. 6։10)։ Որո՞նք են այդ զոհերը։ Նա այսօր էլ մեզ համար անում է շատ բաներ, որոնցից մենք օգտվում ենք փրկագնի շնորհիվ։ Նա Թագավոր է, Քահանայապետ և ժողովի գլուխը (1 Կորնթ. 15։25; Եփես. 5։23; Եբր. 2։17)։ Հիսուսը պատասխանատու է օծյալների և մեծ բազմությանը հավաքելու գործի համար, գործ, որը կավարտվի մինչև մեծ նեղության վերջը (Մատթ. 25։32)։ Նա նաև հոգ է տանում, որ այս վերջին օրերում իր հավատարիմ ծառաները հոգևորապես կուշտ լինեն (Մատթ. 24։45)։ Եվ իր հազարամյա իշխանության ընթացքում նա դեռ շատ բաներ է անելու մեզ համար։ Իսկապես, Հիսուսը Եհովայի կողմից մեզ տրված թանկ նվեր է։ w25.01, էջ 24, պրբ. 12

3 փետրվարի, երեքշաբթի

Այն, որ Քրիստոս Հիսուսի վճարած փրկագնի հիման վրա նրանք կարող են ազատվել մեղքից և արդար հայտարարվել, ձրի պարգև է, որ Աստված տվել է նրանց իր անզուգական բարությամբ (Հռոմ. 3։24)։

Եհովան ներում է ամբողջությամբ և ընդմիշտ։ Դրա շնորհիվ մենք լավ հարաբերություններ ունենք մեր երկնային Հոր հետ։ Բայց չպետք է մոռանանք, որ Եհովայի՝ մեր հանդեպ դրսևորած ներողամտությունը պարգև է։ Դրա հիմքում ընկած են նրա սերն ու անզուգական բարությունը, որ նա դրսևորում է մեղավոր մարդկության հանդեպ։ Մարդիկ չեն կարող պահանջելով ներողամտություն ստանալ։ Որքա՜ն երախտապարտ ենք Եհովային այն բանի համար, որ նա «իսկապես ներում» է մեզ (Սաղ. 130։4; Հռոմ. 4։8)։ Սակայն մեզանից մի կարևոր բան է պահանջվում։ Տեսնենք, թե ինչ ասաց Հիսուսը. «Եթե չներեք մարդկանց սխալները, ձեր Հայրն էլ ձեր սխալները չի ների» (Մատթ. 6։14, 15)։ Հետևաբար անչափ կարևոր է ընդօրինակել Եհովայի ներողամտությունը։ w25.02, էջ 13, պրբ. 18-19

4 փետրվարի, չորեքշաբթի

Աստված հարություն է տալու թե՛ արդարներին և թե՛ անարդարներին (Գործ. 24։15)։

Սոդոմում ապրում էր Ղովտ անունով մի արդար մարդ։ Բայց արդյո՞ք նա քարոզել է այնտեղ ապրող բոլոր մարդկանց։ Մենք չունենք նման տեղեկություն։ Անկասկած, նրանք չար էին, բայց արդյո՞ք կարողանում էին տարբերել ճիշտը սխալից։ Աստվածաշնչում ասվում է, որ Սոդոմի տղամարդիկ՝ «փոքրից մինչև ծեր», ամբոխ կազմած, շրջապատել էին Ղովտի տունը և ուզում էին բռնաբարել նրա հյուրերին (Ծննդ. 19։4; 2 Պետ. 2։7)։ Բայց մի՞թե համոզվածությամբ կարող ենք ասել, որ գթառատ Աստված Եհովան նրանց բոլորին մահվան է դատապարտել՝ առանց հարության հույսի։ Մենք գիտենք, որ Եհովան Աբրահամին հավաստիացրել էր, որ Սոդոմում անգամ տասը արդար մարդ չկար (Ծննդ. 18։32)։ Ուստի Սոդոմի և Գոմորի բնակիչները իրոք անարդար էին, և նրանց ոչնչացնելու Եհովայի որոշումը արդարացի էր։ Այդ դեպքում կարո՞ղ ենք վստահաբար ասել, որ անարդարների հարության ժամանակ նրանցից ոչ ոք հարություն չի առնելու։ Ո՛չ, չենք կարող։ w24.05, էջ 2, պրբ. 3; էջ 3, պրբ. 8

5 փետրվարի, հինգշաբթի

Միշտ առաջին տեղում դրեք Աստծու թագավորությունը և նրա արդար չափանիշները, և այդ բոլոր բաները կտրվեն ձեզ (Մատթ. 6։33)։

Տնտեսական անկայունության պատճառով ոմանց մեջ ցանկություն է առաջանում ընտրելու այնպիսի աշխատանք, որի պատճառով նրանք թերևս ստիպված են լինելու իրենց ընտանիքից հեռու ապրել։ Սակայն հաճախ փորձը ցույց է տալիս, որ դա իմաստուն որոշում չէ։ Նախքան նոր գործի անցնելը հաշվի առ ոչ միայն ֆինանսական առավելությունները, այլև հոգևոր գործունեության վրա այդ աշխատանքի թողած ազդեցությունը (Ղուկ. 14։28)։ Մտածիր հետևյալ հարցերի մասին. «Եթե աշխատանքի պատճառով հեռու լինեմ իմ կողակցից, ինչպե՞ս դա կազդի մեր ամուսնության վրա։ Կկարողանա՞մ մասնակցել ժողովներին և քարոզչական գործին, ինչպես նաև շփվել հավատակիցներիս հետ»։ Եթե երեխաներ ունես, լավ կլինի՝ նաև մտածես. «Եթե երեխաներիս կողքին չլինեմ, կկարողանա՞մ մեծացնել նրանց՝ «խրատելով ու կրթելով այնպես, ինչպես Եհովան է ուզում»» (Եփես. 6։4)։ Առաջնորդվիր Աստծու մտածելակերպով, ոչ թե այն հարազատների ու ընկերների, ովքեր չեն հարգում աստվածաշնչյան սկզբունքները։ w25.03, էջ 29, պրբ. 12

6 փետրվարի, ուրբաթ

Այլևս չլինենք երեխաներ (Եփես. 4։14)։

Ոչ հասուն քրիստոնյան հեշտությամբ կարող է խաբվել հավատուրացների և դավադրության տեսություններ ստեղծողների «խորամանկ խաբեություններով» և նրանց «հորինած ուսմունքներով»։ Այդպիսի մարդը հակված է նախանձելու, կոնֆլիկտներ ստեղծելու, հեշտությամբ վիրավորվելու և գայթակղության բախվելիս տրվելու դրան (1 Կորնթ. 3։3)։ Աստվածաշունչը հոգևոր հասունության հասնելու պրոցեսը համեմատում է երեխայի աճի հետ (Եփես. 4։15)։ Երեխան չի կարող խորությամբ մտածել և առաջնորդության կարիք ունի։ Պատկերացնենք օրինակով։ Մայրը իր փոքր աղջկա հետ փողոցն անցնելիս բռնում է նրա ձեռքը։ Հետագայում, երբ երեխան մեծանում է, մայրը թույլ է տալիս նրան ինքնուրույն անցնել փողոցը, սակայն հիշեցնում է, որ նայի ճանապարհի երկու կողմերին։ Իսկ երբ աղջիկը դառնում է չափահաս, ինքնուրույն է կողմնորոշվում, թե ինչպես վարվի նման վտանգավոր իրավիճակում։ Նմանապես հասուն քրիստոնյաները նախքան որոշում կայացնելը տրամաբանում են աստվածաշնչյան սկզբունքների շուրջ, որ հասկանան, թե որն է տվյալ հարցում Եհովայի տեսակետը, և վարվում են համապատասխանաբար։ w24.04, էջ 3, պրբ. 5-6

7 փետրվարի, շաբաթ

Եհո՛վա, ո՞վ կարող է քո վրանում հյուր լինել (Սաղ. 15։1)։

Բազմաթիվ տարիներ Աստծու ընկերները ոգեղեն արածներն էին, որոնք ապրում էին նրա բնակության վայրում։ Հետագայում նա ստեղծեց նաև մարդկանց և նրանց էլ հնարավորություն տվեց լինելու իր հյուրերը։ Աստծու հյուրերի թվում էին Ենոքը, Նոյը, Աբրահամն ու Հոբը։ Աստվածաշնչում այս հավատարիմների մասին խոսվում է որպես Աստծու ընկերների կամ ասվում է, որ նրանք քայլել են «ճշմարիտ Աստծու հետ» (Ծննդ. 5։24; 6։9; Հոբ 29։4; Ես. 41։8)։ Դարեր շարունակ Աստված իր ընկերներին հրավիրել է հյուր լինելու իր վրանում (Եզեկ. 37։26, 27)։ Եզեկիելի մարգարեությունից տեսնում ենք, որ Եհովան իսկապես ուզում է, որ իր հավատարիմ ծառաները մտերիմ լինեն իր հետ։ Նա խոստանում է խաղաղության ուխտ կապել նրանց հետ։ Այս մարգարեությունը այն ժամանակների մասին է, երբ երկնային հույս ունեցողներն ու երկրային հույս ունեցողները միավորվելու էին այլաբանական վրանում որպես «մեկ հոտ» (Հովհ. 10։16)։ Իրականում, այդ ժամանակները արդեն եկել են։ w24.06, էջ 2, պրբ. 2; էջ 3, պրբ. 4-5

8 փետրվարի, կիրակի

Աստծու օգնությամբ համարձակությամբ լցվեցինք (1 Թեսաղ. 2։2)։

Որպես Աստծու ժողովուրդ՝ մենք ամբողջ սրտով թիկունք ենք կանգնում նրա Թագավորությանը, բայց հաճախ այդպես վարվելու համար քաջություն է հարկավոր (Մատթ. 6։33)։ Այս ապականված աշխարհում քաջություն է պետք Եհովայի չափանիշներով ապրելու և Թագավորության մասին բարի լուրը քարոզելու համար։ Եվ քանի որ այս համակարգը գնալով պառակտվում է, հաճախ նաև քաջություն է անհրաժեշտ քաղաքական հարցերում չեզոք մնալու կամ զինվորական ծառայությունից հրաժարվելու համար (Հովհ. 18։36)։ Եհովայի ծառաներից շատերը դրա պատճառով ֆինանսապես տուժել են, բռնության ենթարկվել կամ ազատազրկվել։ Մենք նույնպես զորանում և քաջությամբ ենք լցվում, երբ խորհում ենք այնպիսի մարդկանց օրինակների շուրջ, ովքեր քաջաբար թիկունք են կանգնում Եհովայի իշխանությանը։ Մեր Թագավորը՝ Քրիստոս Հիսուսը, հաստատակամորեն հրաժարվեց Սատանայի քաղաքական համակարգում որևէ դիրք զբաղեցնել (Մատթ. 4։8-11; Հովհ. 6։14, 15)։ Զորություն ստանալու հարցում նա միշտ Եհովային էր ապավինում։ w24.07, էջ 2, պրբ. 4; էջ 4, պրբ. 7

9 փետրվարի, երկուշաբթի

Ծառից պտուղ քաղեց ու սկսեց ուտել։ Իսկ հետո, երբ ամուսինն իր հետ էր, նրան էլ տվեց, և նա կերավ (Ծննդ. 3։6)։

Եհովան հոգ է տարել, որ այս տխուր պատմության մասին գրվի Աստվածաշնչում, որպեսզի հասկանանք, թե ինչու է նա այդքան ատում մեղքը։ Այն բաժանում է մեզ մեր Հորից և մահվան տանում (Ես. 59։2)։ Ահա թե ինչու է ստեղծված իրավիճակի մեղավորը՝ Սատանան, սիրում մեղքը և մարդկանց մեղքի դրդում։ Այդ ըմբոստ ոգեղեն արարածը թերևս կարծում էր, թե մեծ հաղթանակ է տարել Եդեմի պարտեզում։ Բայց նա չէր էլ կարող պատկերացնել, թե որքան սիրառատ է Եհովան։ Աստված չփոխեց Ադամի ու Եվայի սերունդների հետ կապված իր նպատակը և մարդկանց հանդեպ սիրուց մղած՝ անմիջապես հույս տվեց նրանց (Հռոմ. 8։20, 21)։ Նա գիտեր, որ կլինեին մարդիկ, ովքեր կսիրեին իրեն և կպայքարեին մեղք գործելու դեմ։ Որպես հոգատար Հայր և Ստեղծիչ՝ Եհովան նրանց հնարավորություն տվեց ազատվելու մեղքից ու մտերմանալու իր հետ։ w24.08, էջ 3, պրբ. 3-4

10 փետրվարի, երեքշաբթի

Միշտ ընտրեք այն, ինչն ավելի կարևոր է (Փիլիպ. 1։10)։

Եհովայի ծառաների մեծ մասը զբաղված կյանքով է ապրում։ Մենք աշխատում ենք, որ հոգանք մեր և մեր ընտանիքի կարիքները (1 Տիմոթ. 5։8)։ Շատ քրիստոնյաներ խնամում են իրենց տարեց կամ առողջական խնդիրներ ունեցող հարազատներին։ Ժամանակ է պետք նաև մեր իսկ առողջության մասին հոգ տանելու համար։ Բացի այդ՝ մենք բազմաթիվ պատասխանատվություններ ունենք ժողովում։ Մեր կարևոր հանձնարարություններից է նաև քարոզչական գործին մասնակցելը։ Աստվածաշունչը կանոնավորաբար կարդալը այն «ավելի կարևոր» բաներից է, որոնց քրիստոնյաները պետք է առաջնահերթություն տան։ Սաղմոսերգուն ասում է, որ երջանիկ է այն մարդը, ով «Եհովայի օրենքից է ուրախություն ստանում, գիշեր-ցերեկ նրա օրենքն է կիսաձայն կարդում» (Սաղ. 1։1, 2)։ Այս խոսքերը հստակ ցույց են տալիս, որ Աստվածաշնչի ընթերցանությանը հարկավոր է ժամանակ տրամադրել։ Օրվա մեջ Աստվածաշունչը կարդալու լավագույն ժամանակը յուրաքանչյուրիս պարագայում կարող է տարբեր լինել, բայց կարևոր է այնպիսի ժամ ընտրել, որ ընթերցանությունը կանոնավոր լինի։ w24.09, էջ 3, պրբ. 5-6

11 փետրվարի, չորեքշաբթի

Յուրաքանչյուր մարդ իր բեռը պետք է կրի (Գաղ. 6։5)։

Հասուն քրիստոնյաներն արդյոք ունենո՞ւմ են ուրիշների օգնության կարիքը։ Այո՛, երբեմն նրանք օգնության են դիմում։ Ի տարբերություն ոչ հասուն քրիստոնյայի, ով գուցե ակնկալի, որ ուրիշներն իրեն ասեն, թե ինչ անի, կամ իր փոխարեն որոշում կայացնեն, հասուն քրիստոնյան օգտվում է ուրիշների իմաստությունից և փորձից՝ միևնույն ժամանակ գիտակցելով, որ ինքն է պատասխանատու իր որոշումների համար, և պետք է կրի «իր բեռը»։ Ինչպես չափահաս մարդիկ են արտաքնապես տարբերվում իրարից, այնպես էլ հասուն քրիստոնյաներն են տարբերվում իրենց հատկություններով։ Օրինակ՝ ոմանք ավելի իմաստուն են, մյուսները՝ ավելի քաջ, ոմանք ավելի առատաձեռն են, իսկ մյուսները՝ ավելի կարեկից։ Բացի այդ՝ հասուն քրիստոնյաները նույն հարցի հետ կապված կարող են տարբեր կարծիքներ ունենալ, որոնք Աստվածաշնչի տեսանկյունից ճիշտ են։ Այդպես հաճախ լինում է խղճին թողնված հարցերի դեպքում։ Այս բանի գիտակցումը օգնում է, որ չդատենք միմյանց, երբ տարբեր որոշումներ ենք կայացնում, այլ նպաստենք միասնությանը (Հռոմ. 14։10; 1 Կորնթ. 1։10)։ w24.04, էջ 4, պրբ. 7-8

12 փետրվարի, հինգշաբթի

Երբ անհանգստացնող մտքերը ինձ հանգիստ չէին տալիս, դու ինձ մխիթարում էիր և թեթևացնում հոգիս (Սաղ. 94։19)։

Եթե թերարժեքության զգացում ունես, կարդա ու խորհրդածիր այնպիսի աստվածաշնչյան համարների շուրջ, որոնք կհավաստիացնեն քեզ Եհովայի սիրո մեջ։ Խիստ մի՛ դատիր ինքդ քեզ, եթե չես կարողանում հասնել նպատակիդ կամ անել այնքան, որքան ուրիշները։ Հիշիր, որ Եհովան ողջամիտ ակնկալիքներ ունի իր ծառաներից (Սաղ. 103։13, 14)։ Իսկ եթե քեզ անցյալում բռնության են ենթարկել, տեղի ունեցածի համար մի՛ մեղադրիր ինքդ քեզ. դու արժանի չես եղել նման վերաբերմունքի։ Եհովան պատասխանատվության է կանչելու մեղսագործներին, ոչ թե նրանց զոհը դարձածներին (1 Պետ. 3։12)։ Անկասկած, Եհովան կարող է քո միջոցով օգնել ուրիշներին։ Նա քեզ պատվի է արժանացրել՝ թույլ տալով քարոզչական գործում լինել իր համագործակիցը (1 Կորնթ. 3։9)։ Այն, ինչի միջով անցել ես, թերևս կօգնի քեզ ապրումակցելու ուրիշներին և ավելի լավ հասկանալու, թե ինչ է կատարվում նրանց ներսում։ Դու շատ բան կարող ես անել նման մարդկանց համար։ w24.10, էջ 7-8, պրբ. 6-7

13 փետրվարի, ուրբաթ

Մի՞թե Աստված այնպես չի անի, որ արդարություն հաստատվի իր ընտրածների համար, որոնք օր ու գիշեր օգնության են կանչում իրեն, մինչ նա համբերատարություն է դրսևորում հանուն նրանց։ Ասում եմ ձեզ. նա այնպես կանի, որ շատ արագ արդարություն հաստատվի նրանց համար (Ղուկ. 18։7, 8)։

Եհովային խորապես հետաքրքրում է այն, թե մեզ ինչպես են վերաբերվում։ Աստվածաշունչն ասում է. «Արդարություն է սիրում Եհովան» (Սաղ. 37։28)։ Բացի այդ՝ Հիսուսի խոսքերը վստահեցնում են մեզ, որ Եհովան ճիշտ ժամանակին «այնպես կանի, որ շատ արագ արդարություն հաստատվի»։ Շուտով Աստված վերջ կդնի մեր տառապանքին ու այլևս թույլ չի տա, որ անարդարության բախվենք (Սաղ. 72։1, 2)։ Մինչ սպասում ենք այն ժամանակվան, երբ արդարությունը հաղթանակ կտանի, Եհովան օգնում է մեզ դիմանալ անարդարությանը (2 Պետ. 3։13)։ Նա սովորեցնում է, թե անարդարության բախվելիս ինչպես կարող ենք խուսափել անխոհեմ վարվելուց։ Եհովան իր Որդու կատարյալ օրինակով ցույց է տալիս, թե ինչպես է հարկավոր արձագանքել նման իրավիճակներում։ Բացի այդ՝ նա մեզ բազմաթիվ խորհուրդներ է տալիս այդ առնչությամբ։ w24.11, էջ 2-3, պրբ. 3-4

14 փետրվարի, շաբաթ

Նրանց ուտելու բան տվեք (Մատթ. 14։16)։

Բազմությանը կերակրելու Հիսուսի պատվերը կատարելը անհնար էր թվում, քանի որ այնտեղ մոտ 5 000 տղամարդ կար, կանանց ու երեխաներին էլ հաշված՝ մոտ 15 000 քաղցած մարդ (Մատթ. 14։21)։ Անդրեասն ասաց. «Այստեղ մի փոքրիկ տղա կա, որը հինգ գարեհաց և երկու փոքր ձուկ ունի։ Բայց դա ի՞նչ է այսքան շատ մարդկանց համար» (Հովհ. 6։9)։ Գարեհացը շատ տարածված ուտելիք էր աղքատների և այլ մարդկանց շրջանում։ Փոքր ձկները հավանաբար աղ դրված և չորացված էին։ Սակայն տղայի ունեցածը չափազանց քիչ էր այդ բազմաքանակ ժողովրդին կերակրելու համար։ Հիսուսը ցանկանում էր հյուրասիրություն դրսևորել, ուստի ասաց ժողովրդին, որ խմբերով նստեն խոտերին (Մարկ. 6։39, 40; Հովհ. 6։11-13)։ Ապա նա հացի և ձկան համար շնորհակալություն հայտնեց իր Հորը՝ դրանով ցույց տալով, որ Աստված է այդ կերակուրի Աղբյուրը, և որ ինքը երախտագետ է իր Հոր տվածի համար։ Աստծու Որդու լավ օրինակը հրաշալի հիշեցում է մեզ համար, որ ուտելուց առաջ աղոթենք։ Հետո Հիսուսն իր առաքյալների միջոցով բաժանեց սնունդը, և մարդիկ կերան ու կշտացան։ w24.12, էջ 3, պրբ. 3-4

15 փետրվարի, կիրակի

Գովաբանե՛ք ձեր Աստված Եհովային (1 Տար. 29։20)։

Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը փառավորեց Հորը՝ ցույց տալով, որ նա է իր կատարած հրաշքների Աղբյուրը (Մարկ. 5։18-20)։ Իր Հոր մասին Հիսուսի ասած խոսքերը և ուրիշների հանդեպ նրա վերաբերմունքը նույնպես փառք էին բերում Եհովային։ Մի անգամ, երբ Հիսուսը սովորեցնում էր ժողովարանում, իր ունկնդիրների մեջ նկատեց մի կնոջ, որը 18 տարի դիվահար էր։ Չար ոգու ազդեցության պատճառով նրա մեջքը կորացել էր, և նա չէր կարողանում ուղիղ քայլել։ Կարելի է պատկերացնել, թե այդ կինը ինչ լուրջ դժվարություններ էր ունենում դրա պատճառով։ Կարեկցանքից մղված՝ Հիսուսը մոտեցավ նրան և ջերմորեն ասաց. «Ո՛վ կին, քո հիվանդությունը բուժված է»։ Այնուհետև ձեռքերը կնոջ վրա դրեց, և նա անմիջապես ուղղվեց ու «սկսեց փառաբանել Աստծուն»։ Նա անչափ երախտապարտ էր, որ իր արժանապատվությունն ու առողջությունը վերականգնվել են (Ղուկ. 13։10-13)։ Այդ կինը հիմնավոր պատճառ ուներ փառք տալու Աստծուն, մենք՝ նույնպես։ w25.01, էջ 2-3, պրբ. 3-4

16 փետրվարի, երկուշաբթի

Ներիր մեր մեղքերը (Ղուկ. 11։4)։

Իսկ հնարավո՞ր է Ադամի ու Եվայի կորցրածը վերադարձնել։ Հնարավոր է, բայց ոչ մեր ուժերով (Սաղ. 49։7-9)։ Առանց օգնության մենք հավիտենական կյանքի կամ հարության հույս չէինք ունենա, և մահով ամեն բան կավարտվեր, ինչպես կենդանիների պարագայում է (Ժող. 3։19; 2 Պետ. 2։12)։ Մեր սիրառատ Հայրը՝ Եհովան, մեզ մի նվեր է տվել, որով վճարվում է մեր պարտքը՝ ներվում է Ադամից ժառանգած մեղքը։ Դրա վերաբերյալ Հիսուսը հետևյալն ասաց. «Աստված այնքան շատ սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհ. 3։16)։ Այս հրաշալի նվերի շնորհիվ մենք Եհովայի հետ լավ հարաբերություններ զարգացնելու հնարավորություն ունենք։ Դրա շնորհիվ նաև ներվում են մեր մեղքերը, կամ՝ «պարտքերը»։ w25.02, էջ 3, պրբ. 3-6

17 փետրվարի, երեքշաբթի

[Սողոսը] մկրտվեց (Գործ. 9։18)։

Սողոսին ի՞նչը մղեց մկրտվելու։ Երբ փառավորված Տեր Հիսուսը երևաց Սողոսին, վերջինս կուրացավ (Գործ. 9։3-9)։ Երեք օր նա ծոմ պահեց և անկասկած խորհեց իր հետ պատահածի շուրջ։ Սողոսը համոզվեց, որ Հիսուսը Մեսիան է, և որ նրա հետևորդները ճիշտ կրոնն են դավանում։ Սողոսից շատ բան ունենք սովորելու։ Նա կարող էր թույլ տալ, որ հպարտությունն ու մարդավախությունը խանգարեն իրեն մկրտվել, բայց թույլ չտվեց։ Նա պատրաստ էր քրիստոնյա դառնալ, թեպետ գիտեր, որ հալածվելու է (Գործ. 9։15, 16; 20։22, 23)։ Իր մկրտությունից հետո Սողոսը շարունակեց ապավինել Եհովային՝ համոզված լինելով, որ նա կօգնի իրեն դիմանալ տարատեսակ փորձությունների (2 Կորնթ. 4։7-10)։ Դու էլ, մկրտվելով և դառնալով Եհովայի վկա, հնարավոր է՝ բախվես հակառակության, կամ գուցե հավատդ փորձվի։ Բայց համոզված եղիր, որ երբեք անօգնական չես լինի. Եհովան ու Հիսուսը միշտ կզորացնեն քեզ (Փիլիպ. 4։13)։ w25.03, էջ 4, պրբ. 8-9

18 փետրվարի, չորեքշաբթի

Ես աննպատակ չեմ վազում (1 Կորնթ. 9։26)։

Աստվածաշունչ ընթերցելը գովելի նպատակ է։ Սակայն եթե ուզում ես լիարժեքորեն օգուտներ քաղել Աստծու Խոսքից, հարկավոր է ավելին անել։ Մտածիր հետևյալ օրինակի շուրջ։ Անձրևը կենսական է բույսերի համար։ Երբ կարճ ժամանակում առատ տեղումներ են լինում, հողը ոռոգվում է։ Բայց եթե դրանից հետո տեղումները շարունակվում են, բուսականությանը ոչ մի օգուտ չեն տալիս։ Իսկ երբ անձրևը դանդաղ է գալիս, ջուրը հասցնում է ներծծվել հողի մեջ և սնուցել բուսականությունը։ Նմանապես մենք չպետք է շտապելով կարդանք Աստվածաշունչը, այսինքն՝ այնքան արագ, որ չհասցնենք յուրացնել նյութը և հիշել ու կիրառել այն (Հակ. 1։24)։ Եթե նկատում ես, որ շատ արագ ես կարդում Աստվածաշունչը, դանդաղեցրու տեմպդ և փորձիր խորհրդածել կարդացածիդ շուրջ։ Գուցե որոշես ավելացնել ուսումնասիրությանը տրամադրվող ժամանակը, որ հասցնես նաև խորհրդածել։ w24.09, էջ 4, պրբ. 7-9

19 փետրվարի, հինգշաբթի

Հնազանդվեք ու հպատակվեք ձեզ առաջնորդողներին (Եբր. 13։17)։

Առաջնորդություն ստանալիս կարևոր է, որ երեցները ուշադրությամբ կարդան այն և ամեն կերպ փորձեն հետևել դրան։ Նրանք առաջնորդություն են ստանում, թե ինչպես անցկացնեն ժողովի հանդիպումները, ինչպես աղոթեն ժողովում և հոգ տանեն Քրիստոսի գառներին։ Կազմակերպությունից եկող առաջնորդությանը հետևող երեցները նպաստում են այն բանին, որ իրենց հոգածության տակ լինողները ապահով ու սիրված զգան իրենց։ Երբ երեցները առաջնորդություն են տալիս, մենք պետք է ձգտենք պատրաստակամորեն հետևել դրան։ Այդպես վարվելով՝ կհեշտացնենք նրանց գործը։ Աստվածաշունչը հորդորում է հնազանդվել և հպատակվել նրանց, ովքեր առաջնորդում են մեզ (Եբր. 13։7, 17)։ Երբեմն այդպես վարվելը կարող է դժվար լինել, քանի որ երեցները նույնպես անկատար են։ Եթե կենտրոնանանք նրանց բացասական և ոչ թե դրական կողմերի վրա, մեր թշնամիների ջրաղացին ջուր կլցնենք՝ կթուլացնենք մեր վստահությունը Աստծու կազմակերպության հանդեպ։ w24.04, էջ 10, պրբ. 11-12

20 փետրվարի, ուրբաթ

Նա մարդկանց կզատի իրարից (Մատթ. 25։32)։

Արդյո՞ք բոլոր նրանք, ովքեր կմահանան մեծ նեղության ընթացքում, կննջեն հավիտենական քնով և հարություն չեն առնի։ Աստվածաշնչում հստակ ասվում է, որ հարություն չեն առնելու այն հակառակորդները, ում Եհովան և նրա զորքերը Արմագեդոնի ժամանակ կոչնչացնեն (2 Թեսաղ. 1։6-10)։ Իսկ ի՞նչ կլինի այն մարդկանց, ովքեր կմահանան այլ պատճառներով, այդ թվում՝ հիվանդության, ծերության, դժբախտ պատահարի հետևանքով կամ էլ կսպանվեն այլ մարդկանց ձեռքով (Ժող. 9։11; Զաք. 14։13)։ Հնարավո՞ր է, որ նրանցից ոմանք լինեն այն անարդարների թվում, ովքեր նոր աշխարհում հարություն կառնեն (Գործ. 24։15)։ Այս հարցի պատասխանը մենք չգիտենք։ Բայց ապագա իրադարձությունների հետ կապված կան բաներ, որ մենք գիտենք։ Օրինակ՝ գիտենք, որ Արմագեդոնի ժամանակ մարդիկ դատվելու են այն բանի հիման վրա, թե ինչպես են վերաբերվել Քրիստոսի եղբայրներին (Մատթ. 25։40)։ Նրանք, ովքեր աջակցած կլինեն օծյալներին և Քրիստոսին, կդատվեն որպես ոչխարներ (Հայտն. 12։17)։ w24.05, էջ 10-11, պրբ. 9-11

21 փետրվարի, շաբաթ

Կենդանի Աստված է Եհովան։ Իմ Վեմը թող գովաբանվի, ինձ փրկող Աստվածը թող մեծարվի (Սաղ. 18։46)։

«Չափազանց դժվար ժամանակներ». Աստվածաշունչը այսպես է նկարագրում մեր օրերը (2 Տիմոթ. 3։1)։ Բացի այն խնդիրներից, որոնց ուրիշ մարդիկ էլ են բախվում՝ Եհովայի ժողովուրդը բախվում է նաև հակառակության և հալածանքի։ Ի՞նչն է օգնում մեզ, որ, չնայած այդ դժվարություններին, շարունակենք պաշտել մեր Աստծուն։ Գլխավորապես այն, որ մեր կյանքում զգացել ենք Եհովայի ձեռքը և համոզվել, որ նա «կենդանի Աստված է» (Երեմ. 10։10; 2 Տիմոթ. 1։12)։ Եհովան իրական Անձնավորություն է. նա տեսնում է, թե ինչ դժվարությունների ենք բախվում, և միշտ պատրաստ է օգնելու մեզ (2 Տար. 16։9; Սաղ. 23։4)։ Եթե հիշենք, որ Եհովան կենդանի Աստված է և հոգ է տանում մեր մասին, բավականաչափ ուժ կունենանք դիմանալու ցանկացած փորձության։ w24.06, էջ 20, պրբ. 1-2

22 փետրվարի, կիրակի

Արդարների ճանապարհը լուսաբացի պայծառ լույսի պես է, որն ավելի ու ավելի է պայծառանում, մինչև որ կեսօր է լինում (Առակ. 4։18)։

Մենք պետք է միշտ վստահենք Եհովայի կազմակերպությանը։ Երբ կարիք է առաջանում փոփոխություն անելու սուրբգրային որևէ ճշմարտության բացատրության կամ Թագավորության գործը կազմակերպելու հետ կապված, առաջնորդող եղբայրները չեն վարանում այդպես վարվել։ Նրանք դա անում են, քանի որ ամեն բանից առավել ուզում են Եհովային հաճեցնել։ Բացի այդ՝ նրանք ամեն ջանք ներդնում են, որպեսզի իրենց որոշումները Աստվածաշնչի վրա հիմնեն։ Պողոս առաքյալը հորդորել է. «Ճիշտ ուսմունքները շարունակիր չափանիշ համարել» (2 Տիմոթ. 1։13)։ Այս խոսքերը վերաբերում են Աստվածաշնչում գրված քրիստոնեական ուսմունքներին (Հովհ. 17։17)։ Այդպիսի ուսմունքները մեր հավատի հիմքն են։ Եհովայի կազմակերպությունը սովորեցնում է կառչած մնալ դրանց։ Քանի դեռ այդպես ենք վարվում, հոգևորապես պաշտպանված կլինենք։ w24.07, էջ 11-12, պրբ. 12-13

23 փետրվարի, երկուշաբթի

Եհովան.... համբերատար է ձեր հանդեպ, որովհետև չի ցանկանում, որ որևէ մեկը կործանվի, այլ ցանկանում է, որ բոլորը զղջան (2 Պետ. 3։9)։

Պետրոս առաքյալը անձամբ զգաց, թե ինչ է նշանակում զղջալ և ներում ստանալ, ուստի կարող էր ուրիշներին սովորեցնել այդ մասին։ Պենտեկոստեի տոնից որոշ ժամանակ անց Պետրոսը անհավատ հրեաների մի մեծ բազմության առջև ելույթ ներկայացրեց՝ բացատրելով, որ նրանք Մեսիային են մահվան մատնել։ Բայց նա նաև սիրառատ կերպով հորդորեց նրանց. «Ուրեմն զղջացե՛ք և դարձի՛ եկեք, որ ձեր մեղքերը ջնջվեն, որ Եհովան թարմություն տա ձեզ» (Գործ. 3։14, 15, 17, 19)։ Այդպիսով Պետրոսը ցույց տվեց, որ զղջումը մղում է մեղսագործին դարձի գալու, այսինքն՝ փոխելու սխալ մտածելակերպն ու վարվելակերպը, և այդուհետ ապրելու Աստծուն հաճելի կյանքով։ Նա նաև ընդգծեց, որ Եհովան ամբողջությամբ է ներելու նրանց մեղքերը, ասես ջնջելու է, որ դրանց հետքն անգամ չմնա։ Անչափ մխիթարական է իմանալ, որ երբ զղջում ենք մեր մեղքերի համար, նույնիսկ եթե դրանք շատ լուրջ են, Եհովան ամբողջությամբ ներում է մեզ։ w24.08, էջ 12, պրբ. 14

24 փետրվարի, երեքշաբթի

Ձեր կյանքում փողասիրությունը թող տեղ չունենա (Եբր. 13։5)։

Եթե ամուր հավատ ունենանք, որ այս չար համակարգի վախճանը շատ մոտ է, նյութապաշտության ծուղակը չենք ընկնի։ Մեծ նեղության ընթացքում փողը ոչ մի արժեք չի ունենա։ Աստվածաշնչում ասվում է, որ մարդիկ «իրենց արծաթը փողոց կշպրտեն», քանի որ կհասկանան, որ «ո՛չ արծաթը, ո՛չ էլ ոսկին չեն կարողանա նրանց փրկել Եհովայի ցասման օրը» (Եզեկ. 7։19)։ Ուստի փոխանակ կենտրոնանալու հնարավորինս շատ գումար վաստակելու վրա՝ ճիշտ կլինի՝ այնպիսի որոշումներ կայացնենք, որոնք կօգնեն մեզ ապրել պարզ, բայց հավասարակշռված կյանքով։ Սա նշանակում է, որ անտեղի պարտքեր չենք վերցնի և նյութական իրեր չենք կուտակի, որոնց մասին հոգ տանելը շատ ժամանակ կպահանջի։ Բացի այդ՝ մենք չափից շատ չենք կապվի այն ունեցվածքի հետ, որ արդեն ունենք (Մատթ. 6։19, 24)։ Որքան այս համակարգի վերջը մոտենա, այնքան ավելի շատ առիթներ կստեղծվեն ցույց տալու՝ վստահում ենք Եհովայի՞ն, թե՞ մեր ունեցվածքին։ w24.09, էջ 11, պրբ. 13-14

25 փետրվարի, չորեքշաբթի

Ով կարծում է, թե հաստատուն կանգնած է, թող զգույշ լինի, որ չընկնի (1 Կորնթ. 10։12)։

Մեզ գուցե հաջողվի ամբողջությամբ ձերբազատվել որոշ անկատար հակումներից, բայց հնարավոր է՝ լինեն թուլություններ, որոնց դեմ մենք պետք է շարունակ պայքարենք։ Ինչպես գիտենք, Պետրոս առաքյալը մարդավախության պատճառով երեք անգամ ուրացավ Հիսուսին (Մատթ. 26։69-75)։ Հետագայում, երբ նա քաջությամբ խոսեց Սինեդրիոնի առաջ, հավանաբար հաղթահարել էր մարդավախությունը (Գործ. 5։27-29)։ Բայց մի քանի տարի անց նա, վախենալով թլփատվածներից, որոշ ժամանակ հաց չկերավ այլազգի քրիստոնյաների հետ (Գաղ. 2։11, 12)։ Մարդավախությունը կրկին գլուխ էր բարձրացրել։ Թերևս Պետրոսը երբեք էլ ամբողջությամբ չհաղթահարեց այն։ Մենք էլ գուցե հայտնվենք նմանատիպ իրավիճակում։ Սակայն որպեսզի չտրվենք սխալ հակմանը, լավ կլինի՝ ուշադրություն դարձնենք Հիսուսի հետևյալ խորհրդին. «Արթո՛ւն մնացեք» (Մատթ. 26։41)։ Նույնիսկ այն պահերին, երբ քեզ ուժեղ ես զգում, շարունակիր հեռու մնալ այնպիսի իրավիճակներից, որոնք կարող են քեզ գայթակղության առաջ կանգնեցնել։ Շարունակ կիրառիր այն մեթոդները, որոնց օգնությամբ հաջողության ես հասել այդ պայքարում (2 Պետ. 3։14)։ w24.07, էջ 18-19, պրբ. 17-19

26 փետրվարի, հինգշաբթի

Նա.... մարդկանց տվեց որպես պարգևներ (Եփես. 4։8)։

Մարդկանցից ոչ ոք երբեք այնքան առատաձեռն չի եղել, որքան Հիսուսը։ Երբ նա երկրի վրա էր, օգտագործում էր հրաշքներ անելու իր զորությունը, որ օգներ մարդկանց (Ղուկ. 9։12-17)։ Հանուն մեզ՝ նա զոհեց իր կյանքը, ինչը երբևէ տրված մեծագույն նվերն է (Հովհ. 15։13)։ Հարություն առնելուց հետո էլ Հիսուսը շարունակում է առատաձեռն լինել։ Իր խոստման համաձայն՝ նա խնդրել է Եհովային, որ տա իր սուրբ ոգին՝ մեզ սովորեցնելու և մխիթարելու համար (Հովհ. 14։16, 17, ծնթ.; 16։13)։ Իսկ ժողովի հանդիպումների միջոցով Հիսուսը շարունակում է մեզ տալ այն ամենը, ինչ անհրաժեշտ է, որ կարողանանք օգնել մարդկանց աշակերտներ դառնալ (Մատթ. 28։18-20)։ Պողոս առաքյալը գրեց, որ երկինք բարձրանալուց հետո նա «մարդկանց տվեց որպես պարգևներ» (Եփես. 4։7, 8)։ Պողոսը նաև բացատրեց, որ Հիսուսը նրանց տվել է, որ նրանք տարբեր կերպերով աջակցեն ժողովին (Եփես. 1։22, 23; 4։11-13)։ Իհարկե, նրանք կատարյալ չեն, ուստի սխալներ են թույլ տալիս (Հակ. 3։2)։ Բայց մեր Տեր Հիսուս Քրիստոսը նրանց միջոցով օգնում է մեզ. նրանք Հիսուսի կողմից մեզ տրված «պարգևներ» են։ w24.10, էջ 18, պրբ. 1-2

27 փետրվարի, ուրբաթ

Խորաթափանցությունը կպաշտպանի (Առակ. 2։11)։

Դավիթն իր որդի Սողոմոնին ասաց, որ նա հաջողության կհասներ միայն այն դեպքում, երբ հնազանդվեր Եհովային։ Ցավոք, հետագայում նա սկսեց ուրիշ աստվածների պաշտել ու զրկվեց Եհովայի բարեհաճությունից։ Արդյունքում Սողոմոնը կորցրեց արդարությամբ առաջնորդելու համար անհրաժեշտ իմաստությունը (1 Թագ. 11։9, 10; 12։4)։ Եթե հնազանդվենք, հաջողության կհասնենք (Սաղ. 1։1-3)։ Ճիշտ է, Եհովան մեզ չի խոստացել պարգևել այն նույն փառքն ու հարստությունը, ինչ Սողոմոնն ուներ, բայց եթե հնազանդվենք նրան, նա մեզ կօժտի իմաստությամբ, որ կարողանանք ողջամիտ որոշումներ կայացնել (Առակ. 2։6, 7; Հակ. 1։5)։ Եհովայի սահմանած սկզբունքները կօգնեն մեզ ճիշտ որոշումներ կայացնել աշխատանքի, զվարճությունների, կրթության և գումարը տնօրինելու հետ կապված հարցերում։ Աստծու տված իմաստությամբ առաջնորդվելը կպաշտպանի մեզ անդառնալի վնասներից (Առակ. 2։10, 11)։ Մենք նաև լավ ընկերներ կունենանք, ու մեր ընտանիքը երջանիկ կլինի։ w24.11, էջ 10-11, պրբ. 11-12

28 փետրվարի, շաբաթ

Ստուգեք ամեն ինչ, տեսեք՝ ինչն է ճիշտ, և ամուր բռնեք այն (1 Թեսաղ. 5։21)։

Ծնողները իրենց երեխաների հետ Աստվածաշնչի և Աստծու հանդեպ հավատի մասին հետաքրքիր զրույցներ վարելու տարբեր առիթներ են ունենում։ Այդպիսի առիթներ գուցե ստեղծվեն, երբ այցելեք թանգարան։ Կարող ես երեխայիդ ուշադրությունը հրավիրել պատմական իրադարձությունների կամ արտեֆակտների վրա, որոնք կամրացնեն Աստվածաշնչի ճշգրտության վերաբերյալ նրա համոզվածությունը։ Երեխադ գիտի՞, որ Աստծու անունը փորագրված է 3 000 տարվա հնություն ունեցող քարի վրա, որը հայտնի է «Մովաբի քար» անվանումով։ Դրա կրկնօրինակը ցուցադրված է Եհովայի վկաների գլխավոր վարչության «Աստվածաշունչը և Աստծու անունը» ցուցահանդեսում (Ուորվիք, Նյու Յորք)։ Քարի գրվածքից իմանում ենք, որ Մովաբի թագավոր Մեսան ապստամբել է Իսրայելի դեմ, ինչը համահունչ է Աստվածաշնչում գրվածին (2 Թագ. 3։4, 5)։ Երբ երեխադ իր աչքով տեսնի Աստվածաշնչի ճշգրտության և հավաստի լինելու վերաբերյալ փաստերը, նրա հավատը ավելի կամրանա։ w24.12, էջ 14, պրբ. 4; էջ 15, պրբ. 6

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը