Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • es26 էջ 7–17
  • Հունվար

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հունվար
  • Աստվածաշունչը քննենք ամեն օր 2026
  • Ենթավերնագրեր
  • 1 հունվարի, հինգշաբթի
  • 2 հունվարի, ուրբաթ
  • 3 հունվարի, շաբաթ
  • 4 հունվարի, կիրակի
  • 5 հունվարի, երկուշաբթի
  • 6 հունվարի, երեքշաբթի
  • 7 հունվարի, չորեքշաբթի
  • 8 հունվարի, հինգշաբթի
  • 9 հունվարի, ուրբաթ
  • 10 հունվարի, շաբաթ
  • 11 հունվարի, կիրակի
  • 12 հունվարի, երկուշաբթի
  • 13 հունվարի, երեքշաբթի
  • 14 հունվարի, չորեքշաբթի
  • 15 հունվարի, հինգշաբթի
  • 16 հունվարի, ուրբաթ
  • 17 հունվարի, շաբաթ
  • 18 հունվարի, կիրակի
  • 19 հունվարի, երկուշաբթի
  • 20 հունվարի, երեքշաբթի
  • 21 հունվարի, չորեքշաբթի
  • 22 հունվարի, հինգշաբթի
  • 23 հունվարի, ուրբաթ
  • 24 հունվարի, շաբաթ
  • 25 հունվարի, կիրակի
  • 26 հունվարի, երկուշաբթի
  • 27 հունվարի, երեքշաբթի
  • 28 հունվարի, չորեքշաբթի
  • 29 հունվարի, հինգշաբթի
  • 30 հունվարի, ուրբաթ
  • 31 հունվարի, շաբաթ
Աստվածաշունչը քննենք ամեն օր 2026
es26 էջ 7–17

Հունվար

1 հունվարի, հինգշաբթի

Հասկացողության հարցում.... եղեք չափահաս (1 Կորնթ. 14։20)։

Ամուսինների կյանքում երեխայի լույս աշխարհ գալը շատ ուրախալի իրադարձություն է։ Ինչ խոսք, նրանք շատ են սիրում իրենց փոքրիկին, բայց ոչ մի ծնող չի ցանկանում, որ իր երեխան մանուկ մնա։ Եթե երեխան ֆիզիկապես նորմալ չի զարգանում, դա լուրջ անհանգստության պատճառ է ծնողների համար։ Նմանապես Եհովան շատ է ուրախանում, երբ դառնալով Քրիստոսի հետևորդներ՝ մեր առաջին քայլերն ենք անում։ Բայց նա չի ցանկանում, որ մենք միշտ հոգևոր մանուկ մնանք (1 Կորնթ. 3։1)։ Ուստի հորդորում է մեզ, որ հոգևոր առումով դառնանք «չափահաս»։ Աստվածաշնչում «չափահաս» թարգմանված հունարեն բառը կարող է նաև նշանակել «հասուն», «կատարյալ» և «ամբողջական» (1 Կորնթ. 2։6)։ Ուստի ինչպես երեխան է մեծանալով դառնում չափահաս մարդ, այնպես էլ մենք, հոգևորապես աճելով, դառնում ենք հասուն քրիստոնյա։ Ինչ խոսք, հոգևորապես հասուն դառնալուց հետո էլ մենք պետք է առաջադիմենք (1 Տիմոթ. 4։15)։ w24.04, էջ 2, պրբ. 1, 3

2 հունվարի, ուրբաթ

Իմ խորանը նրանց հետ կլինի, ես կլինեմ նրանց Աստվածը (Եզեկ. 37։27)։

Ի՞նչ դեր ունի Եհովան քո կյանքում։ Գուցե ասես. «Նա իմ Հայրն է, իմ Աստվածը և իմ Ընկերը»։ Թերևս մտքովդ այլ տիտղոսներ էլ անցնեն։ Բայց երբևէ մտածե՞լ ես, որ նա կարող է լինել քո Հյուրընկալը։ Դավիթ թագավորը Եհովային համեմատեց հյուրընկալի, իսկ նրա հավատարիմ ծառաներին՝ հյուրերի հետ։ Նա ասաց. «Եհո՛վա, ո՞վ կարող է քո վրանում հյուր լինել։ Ո՞վ կարող է քո սուրբ լեռան վրա բնակվել» (Սաղ. 15։1)։ Աստծու ներշնչմամբ գրված այս խոսքերից տեսնում ենք, որ մենք կարող ենք լինել Եհովայի հյուրերը՝ նրա ընկերները։ Նախքան արարելը Եհովան մենակ էր։ Բայց եկավ մի պահ, երբ նա ստեղծեց իր առաջնեկ Որդուն և հյուրընկալեց նրան իր այլաբանական վրանում։ Հյուրընկալի նոր դերը Եհովային մեծ ուրախություն էր պատճառում։ Աստվածաշնչում ասվում է, որ նա «ուրախանում» էր իր անդրանիկ Որդով։ Եհովայի առաջին հյուրն էլ իր հերթին «միշտ ուրախանում էր նրա առաջ» (Առակ. 8։30)։ w24.06, էջ 2, պրբ. 1-3

3 հունվարի, շաբաթ

Սադոկը.... զորեղ ու քաջ երիտասարդ էր (1 Տար. 12։28)։

Պատկերացրու հետևյալ տեսարանը. ավելի քան 340 000 տղամարդ հավաքվել են, որ Դավթին ողջ Իսրայելի թագավորը դարձնեն։ Երեք օր շարունակ Քեբրոնի մոտակայքում գտնվող լեռներում աշխույժ զրույցների ձայներ, և ուրախ փառաբանական երգեր են լսվում (1 Տար. 12։39)։ Այնտեղ է նաև Սադոկ անունով մի երիտասարդ, ով այդ մեծ բազմության մեջ հազիվ թե նկատվի։ Բայց Եհովան այնպես է արել, որ մենք իմանանք, որ նա այնտեղ է եղել (1 Տար. 12։22, 26-28)։ Սադոկը քահանա էր և սերտ համագործակցում էր Աբիաթար քահանայապետի հետ։ Նա նաև տեսանող էր, այսինքն՝ Աստված նրան օժտել էր մեծ իմաստությամբ և իր կամքը հասկանալու կարողությամբ (2 Սամ. 15։27)։ Նա աչքի էր ընկնում իր քաջությամբ։ Այս վերջին օրերում Սատանան սաստկացնում է Աստծու ժողովրդի դեմ իր հարձակումները (1 Պետ. 5։8)։ Ուստի մենք քաջության կարիք ունենք, մինչ սպասում ենք, որ Եհովան կործանի Սատանային և նրա չար համակարգը (Սաղ. 31։24)։ Եթե այդպես վարվենք, կընդօրինակենք Սադոկին քաջություն դրսևորելու հարցում։ w24.07, էջ 2, պրբ. 1-3

4 հունվարի, կիրակի

Ադամն ապրեց 930 տարի ու մահացավ (Ծննդ. 5։5)։

Երբ Եհովան ստեղծեց առաջին տղամարդուն և կնոջը, ուզում էր, որ նրանք երջանիկ լինեին։ Նա նրանց տվել էր հրաշալի բնակավայր և ամուսնության պարգևը։ Նրանք նաև մի իմաստալից հանձնարարություն ունեին. պետք է երկիրը լցնեին իրենց սերունդներով և ամբողջ մոլորակը վերածեին դրախտավայրի, ինչպիսին Եդեմի պարտեզն էր։ Ընդամենը մի բան կար, որ Եհովան նրանց պատվիրել էր չանել։ Եթե նրանք չհնազանդվեին այդ պատվերին՝ գիտակցաբար ըմբոստանալով իր դեմ, ապա կմահանային։ Մի անտեսանելի ոգեղեն արարած ի հայտ եկավ, որը ո՛չ Աստծուն էր սիրում, ո՛չ էլ նրանց, և մեղքի դրդեց նրանց։ Ադամը և Եվան նրա վատ ազդեցության տակ ընկան և, չվստահելով իրենց սիրառատ Հորը, մեղք գործեցին։ Ինչպես գիտենք, Եհովայի ասածը իրականություն դարձավ։ Այդ օրվանից ի վեր՝ առաջին մարդկային զույգը սկսեց կրել մեղքի հետևանքները. նրանք սկսեցին ծերանալ և ի վերջո մահացան (Ծննդ. 1։28, 29; 2։8, 9, 16-18; 3։1-6, 17-19, 24)։ w24.08, էջ 3, պրբ. 3

5 հունվարի, երկուշաբթի

Խոսքը կատարողներ եղեք, ոչ թե միայն լսողներ (Հակ. 1։22)։

Եհովան և նրա սիրելի Որդին ցանկանում են, որ մենք երջանիկ լինենք։ Սաղմոս 119։2-ում կարդում ենք. «Երջանիկ են նրանք, ովքեր նրա հիշեցումներին ուշադրություն են դարձնում, ովքեր ամբողջ սրտով նրա առաջնորդությունն են փնտրում»։ Հիսուսը նույնպես նմանատիպ միտք է արտահայտել՝ ասելով. «Աստծու խոսքը լսողներն ու կատարողներն են երջանիկ» (Ղուկ. 11։28)։ Լինելով Եհովայի ժողովուրդը՝ մենք երջանիկ ենք, քանի որ կանոնավորաբար կարդում ենք Աստծու Խոսքը և ձգտում ենք կիրառել մեր սովորածը (Հակ. 1։22-25)։ Այդպես վարվելով հաճեցնում ենք Եհովային (Ժող. 12։13)։ Նաև բարելավում ենք մեր ընտանեկան կյանքը և ամրացնում հավատակիցների հետ հարաբերությունները։ Բացի այդ՝ մենք խուսափում ենք բազմաթիվ խնդիրներից, որոնց բախվում են Եհովայի չափանիշներով չապրող մարդիկ։ Դավիթ թագավորը իր երգերից մեկում Եհովայի օրենքի, պատվերների և դատավճիռների մասին հիշատակելիս հետևյալ եզրակացությունն արեց. «Դրանք պահողները մեծ վարձատրություն են ստանում» (Սաղ. 19։7-11)։ Անշուշտ, մենք համաձայն ենք այս խոսքերին։ w24.09, էջ 2, պրբ. 1-3

6 հունվարի, երեքշաբթի

Բուժում է նրանց, ում սիրտը կոտրված է, և նրանց վերքերը կապում է (Սաղ. 147։3)։

Եհովան տեսնում է այն ամենը, ինչ կատարվում է իր ծառաների հետ։ Նա տեղյակ է նրանց թե՛ ուրախ, թե՛ տխուր պահերից (Սաղ. 37։18)։ Միայն պատկերացրու՝ որքան է Եհովան ուրախանում, երբ տեսնում է, որ մեր ձեռքից եկածն անում ենք, որպեսզի ծառայենք իրեն՝ հաղթահարելով մեր զգացական դժվարությունները։ Դեռ ավելին՝ նա մեծ ցանկություն ունի մեզ աջակցելու և մխիթարելու։ Սաղմոս 147։3-ում ասվում է, որ Եհովան կոտրված սիրտ ունեցողների «վերքերը կապում է»։ Տեսնում ենք, որ Եհովան քնքշորեն հոգ է տանում նրանց մասին, ովքեր զգացական վերքեր ունեն։ Իսկ ի՞նչ պետք է անենք, որ մենք էլ զգանք Եհովայի հոգատարությունը։ Պատկերացնենք օրինակով։ Փորձառու բժիշկը վնասվածք ստացած մարդուն օգնելու համար շատ բան կարող է անել։ Սակայն որպեսզի բժշկի նշանակած բուժումը արդյունք տա, այդ մարդը պետք է մանրամասնորեն հետևի տրված ցուցումներին։ Եհովան իր Խոսքի միջոցով սիրառատ խորհուրդներ է տալիս նրանց, ովքեր զգացական ծանր ապրումներ ունեն։ w24.10, էջ 6, պրբ. 1-2

7 հունվարի, չորեքշաբթի

Բոլորն էլ վերացան երկրի երեսից (Ծննդ. 7։23)։

Նախկինում մեր հրատարակություններում բացատրվում էր, որ այն մարդիկ, ովքեր, ըստ Եհովայի դատավճիռների, անարդար են համարվում, հարության հույս չունեն։ Աստվածաշնչյան շատ արձանագրություններ կան, որոնք մեզ հայտնում են, թե ինչ դատավճիռներ է Եհովան կայացրել անարդար մարդկանց վերաբերյալ։ Օրինակ՝ Ջրհեղեղի ժամանակ Եհովան կործանեց բոլորին՝ բացի Նոյից և նրա ընտանիքից։ Իսրայելացիների միջոցով նա ոչնչացրեց այն յոթ ազգերին, որոնք ապրում էին Ավետյաց երկրի տարածքում։ Իսկ մեկ հրեշտակի ձեռքով նա մի գիշերում 185 000 ասորեստանցի զինվոր սպանեց (2 Օրենք 7։1-3; Ես. 37։36, 37)։ Արդյո՞ք բավարար սուրբգրային հիմքեր ունենք եզրակացնելու, որ այս բոլոր մարդկանց Եհովան մեկընդմիշտ կործանել է, և նրանք հարության հույս չունեն։ Ո՛չ։ Մենք չգիտենք, թե Եհովան ինչպես է դատել այդ մարդկանցից յուրաքանչյուրին։ Չգիտենք նաև, թե արդյոք նրանք հնարավորություն ունեցել են սովորելու Եհովայի մասին և զղջալու։ w24.05, էջ 3, պրբ. 5-7

8 հունվարի, հինգշաբթի

Միշտ բարիով հաղթիր չարին (Հռոմ. 12։21)։

Հիսուսը մի առակ պատմեց այրի կնոջ մասին, ով շարունակ խնդրում էր դատավորին, որ արդար վճիռ կայացնի իր համար։ Անկասկած, Հիսուսի աշակերտները լավ հասկանում էին այրի կնոջ զգացումները, որովհետև այդ ժամանակներում մարդիկ հաճախ անարդարության զոհ էին դառնում (Ղուկ. 18։1-5)։ Մեզ համար այդ կնոջ զգացումները նույնպես հոգեհարազատ են, քանի որ բոլորս էլ բախվել ենք անարդարության։ Մեր օրերում նախապաշարումը, անհավասարությունն ու մարդկանց վրա ճնշում գործադրելը սովորական բան են դարձել, ուստի չենք զարմանում, երբ անարդարության ենք բախվում (Ժող. 5։8)։ Մեր հավատակցից, սակայն, անարդար վերաբերմունք չենք ակնկալում։ Սակայն նման բան կարող է պատահել։ Ինչ խոսք, մեր եղբայրներն ու քույրերը գիտակցաբար ցավ չեն պատճառում մեզ։ Նրանք պարզապես անկատար են։ Մենք շատ դասեր կարող ենք քաղել՝ քննելով այն, թե Հիսուսն ինչպես էր արձագանքում, երբ չար մարդիկ անարդարացիորեն էին վարվում իր հետ։ Եթե կարողանում ենք համբերել հակառակորդների անարդար վերաբերմունքին, ուրեմն որքան ավելի համբերատար պետք է լինենք մեր հավատակիցների նկատմամբ։ w24.11, էջ 2, պրբ. 1-2

9 հունվարի, ուրբաթ

Որտեղի՞ց հաց գնենք այս մարդկանց համար (Հովհ. 6։5)։

Հացը աստվածաշնչյան ժամանակներում մարդկանց հիմնական կերակուրն էր (Ծննդ. 14։18; Ղուկ. 4։4)։ Հացն այնքան կարևոր էր, որ Աստվածաշնչում «հաց» բառը երբեմն օգտագործվում է առհասարակ կերակուր մատնանշելու համար (Մատթ. 6։11)։ Հիսուսն իր հայտնի երկու հրաշքները գործելիս հաց օգտագործեց (Մատթ. 16։9, 10)։ Այդ արձանագրություններից մեկը կարդում ենք Հովհաննես 6-րդ գլխում։ Երբ Հիսուսի առաքյալները քարոզչությունից հետո վերադարձան, Հիսուսը նրանց հետ նավակով անցավ Գալիլեայի ծովը, որ փոքր-ինչ հանգիստ առնեն (Մարկ. 6։7, 30-32; Ղուկ. 9։10)։ Նրանք գնացին Բեթսայիդայի տարածքում գտնվող մի մեկուսի վայր։ Սակայն շուտով հազարավոր մարդիկ հավաքվեցին այնտեղ։ Հիսուսը չանտեսեց նրանց։ Նա, բարություն դրսևորելով, ժամանակ հատկացրեց, որ նրանց սովորեցնի Թագավորության մասին և բուժի տարբեր հիվանդություններից։ Երբ արդեն ուշ էր, աշակերտները սկսեցին անհանգստանալ, որ այդ մարդիկ ուտելու բան չունեն։ Ոմանք թերևս մի քիչ կերակուր ունեին, բայց նրանց մեծ մասը պետք է գնար գյուղեր և սնունդ գներ (Մատթ. 14։15)։ w24.12, էջ 2, պրբ. 1-2

10 հունվարի, շաբաթ

Աստված մեզ որպես պարգև հավիտենական կյանք է տալիս մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով (Հռոմ. 6։23)։

Մեր նախածնողները՝ Ադամն ու Եվան, կատարյալ էին և ապրում էին գեղեցիկ դրախտում (Ծննդ. 1։27; 2։7-9)։ Նրանք երջանիկ ու անվերջ կյանքով ապրելու հեռանկար ունեին։ Բայց մի օր ամեն ինչ փոխվեց։ Նրանք զրկվեցին իրենց դրախտային բնակավայրից և կորցրին հավիտյան ապրելու հեռանկարը։ Իսկ ի՞նչ ժառանգություն թողեցին իրենց սերունդներին։ Աստվածաշունչն ասում է. «Մեկ մարդու [Ադամի] միջոցով աշխարհ մտավ մեղքը, մեղքի միջոցով էլ՝ մահը, և քանի որ բոլոր մարդիկ մեղավոր դարձան, մահը տարածվեց բոլորի վրա» (Հռոմ. 5։12)։ Ադամը որպես ժառանգություն թողեց մեղքը, որի հետևանքը մահն է։ Մեր ժառանգած մեղքը նման է հսկայական պարտքի, որը մարդկանցից ոչ ոք չի կարող վճարել (Սաղ. 49։8)։ Հիսուսը մեղքերը նմանեցրեց «պարտքերի» (Մատթ. 6։12; Ղուկ. 11։4, ծնթ.)։ Երբ մեղք ենք գործում, ասես պարտք ենք կուտակում, որը Եհովայի՛ն պետք է վճարենք։ Եթե այն մնար չվճարված, կչեղարկվեր միայն մեր մահով (Հռոմ. 6։7)։ w25.02, էջ 2-3, պրբ. 2-3

11 հունվարի, կիրակի

Ես ճանաչեցրի.... քո անունը (Հովհ. 17։26)։

Աստծու Թագավորության մասին ճշմարտությունը մարդկանց պատմելը մեծ պատիվ է մեզ համար։ Ոչ բոլորն են արժանանում այս պատվին։ Հիշենք այն դեպքը, երբ Հիսուսը երկրի վրա էր և թույլ չտվեց, որ չար ոգիները խոսեն իր մասին (Ղուկ. 4։41)։ Նախքան Եհովայի ժողովրդի հետ քարոզչական գործին պաշտոնապես մասնակցելը անհատը պետք է համապատասխանի որոշակի չափանիշների։ Երբ քարոզելու առիթը բաց չենք թողնում, ցույց ենք տալիս, թե ինչ մեծ պատիվ է դա մեզ համար։ Հիսուսի պես մեր նպատակն է Թագավորության ճշմարտության սերմերը ցանել մարդկանց սրտերում և ջրել դրանք (Մատթ. 13։3, 23; 1 Կորնթ. 3։6)։ Եհովայի կազմակերպությունը, Հիսուսին ընդօրինակելով, հնարավոր ամեն բան անում է, որ օգնի մարդկանց իմանալ Աստծու անունը։ Այդ հարցում մեծ դեր է խաղացել Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանությունը, որում Աստծու անունը վերականգնվել է բոլոր այն տեղերում, որտեղ ըստ բնագրի՝ պետք է լիներ։ Այսօր այդ թարգմանությունը մասամբ կամ ամբողջությամբ առկա է ավելի քան 270 լեզուներով։ w24.04, էջ 9, պրբ. 8-9

12 հունվարի, երկուշաբթի

Նրա ամուսինը վեր է կենում ու նրան գովեստի խոսքեր ասում (Առակ. 31։28)։

Երջանիկ ընտանիք ունեցող որոշ եղբայրներ սովորություն են դարձրել ամեն օր ինչ-որ բան անել իրենց կնոջ համար, որպեսզի փաստեն իրենց սերը (1 Հովհ. 3։18)։ Ամուսինը կարող է քնքշանք դրսևորել փոքր բաներով, օրինակ՝ ձեռքը բռնելով կամ ջերմորեն գրկելով։ Կարող է նաև հաղորդագրություն ուղարկել և գրել՝ «Կարոտել եմ քեզ», կամ հարցնել՝ «Օրդ ո՞նց է անցնում»։ Ժամանակ առ ժամանակ նա կարող է արտահայտել իր սերը, եթե փոքր անակնկալներ անի կամ ծաղիկներ նվիրի։ Այդպիսով ամուսինը կպատվի իր կնոջը և կամրացնի իրենց ամուսնությունը։ Իր կնոջը պատվող ամուսինը ոգևորում է նրան ու թև է տալիս։ Օրինակ՝ նա չի մոռանում շնորհակալություն հայտնել այն ամենի համար, ինչ կինն անում է, որպեսզի աջակցի իրեն (Կող. 3։15)։ Երբ ամուսինը անկեղծորեն գովում է իր կնոջը, ջերմությամբ է լցնում նրա սիրտը։ Այդպիսի ամուսնու կողքին կինը իրեն ապահով, սիրված և գնահատված է զգում։ w25.01, էջ 11, պրբ. 15; էջ 13, պրբ. 16

13 հունվարի, երեքշաբթի

Ես՝ Եհովաս, ձեր Աստվածն եմ, Նա, ով.... առաջնորդում է այն ճանապարհով, որով պետք է գնաք (Ես. 48։17)։

15-րդ սաղմոսը ավարտվում է հետևյալ խոստումով. «Այսպես վարվողը երբեք չի սասանվի»։ Այստեղ սաղմոսերգուն ցույց է տալիս, թե Աստված գլխավորապես ինչու է ուզում, որ հնազանդվենք իր պահանջներին։ Նա ուզում է, որ երջանիկ լինենք։ Ուստի առաջնորդություն է տալիս, որին հետևելով՝ կունենանք նրա օրհնությունն ու պաշտպանությունը։ Եհովայի հյուրերին պայծառ ապագա է սպասում։ Հավատարիմ օծյալ քրիստոնյաները կապրեն երկնքում, որտեղ Հիսուսը նրանց համար «բնակվելու շատ տեղեր» է պատրաստել (Հովհ. 14։2)։ Երկրի վրա ապրելու հույս ունեցողներն էլ անհամբերությամբ սպասում են Հայտնություն 21։3-ում գրված խոստման կատարմանը։ Անկասկած, բոլորիս համար մեծ պատիվ է ընդունել Եհովայի ընկերը լինելու ջերմ հրավերը և հավիտյան հյուր լինել նրա վրանում (Սաղ. 15։1-5)։ w24.06, էջ 13, պրբ. 19-20

14 հունվարի, չորեքշաբթի

Եհովային իր անվանը վայել փառք տվեք (Սաղ. 96։8)։

Ի՞նչ է փառքը։ Աստվածաշնչում «փառք» բառը կարող է վերաբերել ցանկացած բանի, ինչը անձնավորությանը մեծարելի է դարձնում կամ պատիվ բերում։ Իսրայելի ազգին Եգիպտոսի ստրկությունից ազատագրելուց կարճ ժամանակ հետո Եհովան փայլուն կերպով ցույց տվեց իր փառքը։ Միայն պատկերացրու. միլիոնավոր իսրայելացիներ հավաքվել են Սինա լեռան մոտ, որ լսեն իրենց Աստծուն։ Թանձր ամպերը ծածկել են լեռը։ Հանկարծ ուժգին երկրաշարժ է լինում՝ ակներևաբար ուղեկցվելով հրաբխային ակտիվությամբ։ Գետինը ցնցվում է նրանց ոտքերի տակ, կայծակ է փայլատակում, և ամենուրեք որոտի ու եղջերափողի ձայներ են տարածվում (Ելք 19։16-18; 24։17; Սաղ. 68։8)։ Եհովայի փառքի այդ ահազդու դրսևորումը տեսնելով՝ հավաքված իսրայելացիները ապշահար կանգնած են։ Իսկ այսօր մենք փառավորում ենք Աստծուն նրա անգերազանցելի զորության և սքանչելի հատկությունների մասին պատմելով, ինչպես նաև փառքը նրան վերագրելով այն ամենի համար, ինչը անում ենք նրա զորության շնորհիվ (Ես. 26։12)։ w25.01, էջ 2-3, պրբ. 2-3

15 հունվարի, հինգշաբթի

Եհովան է ուղարկել ինձ (Թվեր 16։28)։

Երբ իսրայելացիները Խոստացված երկրի ճանապարհին էին, հեղինակություն ունեցող որոշ մարդիկ դուրս եկան Մովսեսի դեմ և կասկածի տակ դրեցին առաջնորդ լինելու նրա դերը, որը նա ստացել էր Եհովայից։ Նրանք ասացին. «Բոլորն էլ սուրբ են՝ [ոչ միայն Մովսեսը], և Եհովան նրանց մեջ է» (Թվեր 16։1-3)։ Իհարկե, ճիշտ էր այն միտքը, որ Աստծու աչքում «ամբողջ ժողովուրդը» սուրբ էր, սակայն Եհովան Մովսեսին էր ընտրել իր ժողովրդին առաջնորդելու համար։ Մովսեսին քննադատելով՝ այդ ըմբոստները իրականում Եհովային քննադատեցին։ Նրանց համար կարևոր չէր, թե ինչ էր ուզում Եհովան, այլ կարևոր էր, թե ինչ էին ուզում իրենք. ունենալ ավելի շատ իշխանություն և ճանաչում։ Աստված ոչնչացրեց ըմբոստության հեղինակներին, ինչպես նաև նրանց հազարավոր աջակիցներին (Թվեր 16։30-35, 41, 49)։ Այսօր նույնպես կարող ենք համոզված լինել, որ Եհովան հավանություն չի տալիս նրանց, ովքեր անհարգալից վերաբերմունք ունեն կազմակերպությունից եկող առաջնորդության հանդեպ։ w24.07, էջ 11, պրբ. 11

16 հունվարի, ուրբաթ

Տեսիլքը սահմանված ժամանակին է կատարվելու (Ամբ. 2։3)։

Մեր օրերում մարդկանց մեծամասնությունը չի հավատում աշխարհի վերջի վերաբերյալ Աստվածաշնչի նախազգուշացմանը և անգամ ծաղրանքով է վերաբերվում դրան (2 Պետ. 3։3, 4)։ Չնայած շատ բաներ կան, որ չգիտենք, մեզ ամուր հավատ է պետք համոզված լինելու համար, որ այս համակարգի վերջը կգա ճիշտ ժամանակին, և որ Եհովան հոգ կտանի մեր մասին։ Մենք պետք է ամրացնենք մեր հավատը այն բանում, որ Եհովան այսօր «հավատարիմ և իմաստուն ծառայի» միջոցով է առաջնորդում մեզ (Մատթ. 24։45)։ Երբ մեծ նեղությունը սկսվի, փրկվելու համար մենք գուցե կոնկրետ հրահանգներ ստանանք։ Հիմա է ժամանակը, որ ամրացնենք մեր վստահությունը այն առաջնորդության հանդեպ, որ ստանում ենք Եհովայի կազմակերպությունից առաջնորդող եղբայրների միջոցով։ Եթե այսօր դժվարանում ենք հետևել նրանց տված հրահանգներին, ապա մեծ նեղության ընթացքում հազիվ թե կարողանանք այդպես վարվել։ w24.09, էջ 11, պրբ. 11-12

17 հունվարի, շաբաթ

Դուք անձամբ կհավաստիանաք, թե որն է Աստծու կամքը, և որ այն լավագույնն է, ընդունելի է և ամենաճիշտն է (Հռոմ. 12։2)։

Քրիստոնյա ծնողները գիտակցում են, որ Աստծու հանդեպ հավատը ժառանգաբար չի փոխանցվում երեխային։ Ժամանակի ընթացքում երեխան գուցե նմանատիպ հարցեր տա. «Որտեղի՞ց իմանամ, որ Աստված կա։ Աստվածաշնչում գրվածները ճի՞շտ են»։ Աստվածաշունչը հորդորում է մեզ գործի դնել մեր «բանականությունը» և «տեսնել՝ ինչն է ճիշտ» (Հռոմ. 12։1; 1 Թեսաղ. 5։21)։ Ինչպե՞ս կարող ես օգնել երեխայիդ ամրացնել իր հավատը։ Խրախուսիր երեխայիդ համոզվել, որ Աստվածաշնչում գրվածը ճշմարտություն է։ Երբ երեխադ հարցեր է տալիս, ցույց տուր նրան, թե ինչպես կարող է գտնել իր հարցերի պատասխանները՝ օգտվելով փնտրտուքների համար նախատեսված գործիքներից, որոնցից է «Փնտրտուքների ուղեցույց Եհովայի վկաների համար» ձեռնարկը։ Այնտեղ «Աստվածաշունչ» թեմայի «Ներշնչված է Աստծուց» վերնագրի տակ նա կարող է գտնել ապացույցներ այն մասին, որ Աստվածաշունչը ոչ թե պարզապես մարդկանց կողմից գրված լավ գիրք է, այլ «Աստծու խոսքը» (1 Թեսաղ. 2։13)։ w24.12, էջ 14-15, պրբ. 4-5

18 հունվարի, կիրակի

Ուսուցանիր վստահելի մարդկանց, ովքեր համապատասխան որակներ ունեն իրենց հերթին ուրիշներին ուսուցանելու համար (2 Տիմոթ. 2։2)։

Երեցները ինչպե՞ս կարող են ընդօրինակել Հիսուսին։ Նրանք պետք է ուսուցանեն և աջակցեն եղբայրներին, այդ թվում՝ նրանց, ովքեր համեմատաբար երիտասարդ են, որ նրանք պատրաստ լինեն ավելի շատ պատասխանատվություններ ստանձնելու ժողովում։ Երեցները եղբայրներից կատարելություն չեն ակնկալում։ Նրանք պետք է սիրով լի խորհուրդներ տան երիտասարդներին, որ վերջիններս փորձ ձեռք բերեն և սովորեն լինել խոնարհ, հավատարիմ և ուրիշներին ծառայելու պատրաստ (1 Տիմոթ. 3։1; 1 Պետ. 5։5)։ Հիսուսը իր աշակերտներին ոչ միայն քարոզելու, այլև սովորեցնելու հանձնարարություն տվեց։ Աշակերտները գուցե կարծում էին, որ չեն կարող կատարել այդ գործը։ Սակայն Հիսուսը վստահ էր, որ նրանք կարող են, և նրանց հանդեպ իր վստահությունը արտահայտեց հետևյալ խոսքերով. «Ինչպես Հայրը ինձ ուղարկեց, այնպես էլ ես եմ ձեզ ուղարկում» (Հովհ. 20։21)։ w24.10, էջ 16, պրբ. 15; էջ 17, պրբ. 17

19 հունվարի, երկուշաբթի

[Դավիթը] իմ սրտին հաճելի մարդ է (Գործ. 13։22)։

Դավիթը Աստծուն հավատարիմ թագավոր էր։ Նա նաև երաժիշտ էր, պոետ, ռազմիկ և մարգարե։ Նա իր կյանքում շատ դժվարություններ է տեսել։ Տարիներ շարունակ Դավիթը փախուստի մեջ է եղել, քանի որ նախանձ թագավոր Սավուղը հետապնդում էր նրան։ Իսկ գահակալելուց հետո իր կյանքը փրկելու համար նա ստիպված եղավ նորից փախչել, քանի որ իր որդի Աբիսողոմը փորձում էր խլել նրա գահը։ Սակայն, չնայած այդ դժվարություններին և իր գործած լուրջ սխալներին, նա մինչև իր կյանքի վերջ հավատարիմ մնաց Աստծուն։ Եհովան Դավթի մասին ասաց. «Իմ սրտին հաճելի մարդ է»։ Տեսնենք, թե Դավիթը ուշադրության արժանի ինչ խորհուրդ տվեց (1 Թագ. 15։5)։ Դավիթը իր որդի և թագաժառանգ Սողոմոնին մի խորհուրդ տվեց։ Եհովան ընտրել էր Սողոմոնին, որ այդ երիտասարդը շարունակեր առաջ տանել մաքուր երկրպագությունը և մի տաճար կառուցեր նրա պատվին (1 Տար. 22։5)։ Բայց Սողոմոնի ճանապարհին խոչընդոտներ էին լինելու։ Դավիթն իր որդուն ասաց, որ եթե նա հնազանդվի Եհովային, կյանքում հաջողության կհասնի (1 Թագ. 2։2, 3)։ w24.11, էջ 10, պրբ. 9-11

20 հունվարի, երեքշաբթի

Ամեն ինչ Եհովայի ձեռքը հանձնիր, նրան ապավինիր. նա գործի կանցնի ու քեզ կօգնի (Սաղ. 37։5)։

Այն ամուսինը, ով ֆիզիկական բռնություն է գործադրում կնոջ նկատմամբ կամ խոսքերով վիրավորում է նրան, իր կնոջ ու Եհովայի հետ ունեցած հարաբերությունները վերականգնելու համար պետք է ձեռնարկի հետևյալ քայլերը։ Առաջին՝ նա պետք է գիտակցի, որ լուրջ խնդիր ունի։ Ոչինչ չի վրիպում Եհովայի աչքից (Սաղ. 44։21; Ժող. 12։14; Եբր. 4։13)։ Երկրորդ՝ պետք է դադարի վատ վերաբերվել իր կնոջը և փոխի իր վարքը (Առակ. 28։13)։ Երրորդ՝ պետք է Եհովային ու իր կնոջն ասի, որ ընդունում է իր սխալը, և ներողություն խնդրի նրանցից (Գործ. 3։19)։ Նաև պետք է աղերսի Եհովային, որ իրեն ցանկություն տա փոխվելու և օգնի կառավարել իր մտքերը, գործերն ու լեզուն (Սաղ. 51։10-12; 2 Կորնթ. 10։5; Փիլիպ. 2։13)։ Չորրորդ՝ պետք է իր աղոթքներին համապատասխան վարվի՝ սովորելով ատել բռնությունն ու վիրավորական խոսքը (Սաղ. 97։10)։ Հինգերորդ՝ օգնության համար պետք է անմիջապես դիմի ժողովի սիրառատ հովիվներին (Հակ. 5։14-16)։ Վեցերորդ՝ պետք է գործողությունների պլան մշակի, որը կօգնի իրեն ապագայում խուսափել նման արարքներից։ w25.01, էջ 11, պրբ. 14

21 հունվարի, չորեքշաբթի

Ինչո՞ւ ես հապաղում։ Վեր կաց, մկրտվիր (Գործ. 22։16)։

Սիրո՞ւմ ես Եհովա Աստծուն, ով քեզ տվել է բոլոր լավ բաները, այդ թվում՝ կյանքը։ Իսկ ուզո՞ւմ ես արտահայտել այդ սերը։ Դա անելու լավագույն կերպը կյանքդ նրան նվիրելն ու մկրտվելն է։ Այդ քայլերն անելով՝ դու նրա ընտանիքի անդամը կդառնաս։ Արդյունքում Եհովան՝ քո Հայրն ու Ընկերը, կառաջնորդի քեզ ու հոգ կտանի քեզ համար, քանի որ դու արդեն նրան կպատկանես (Սաղ. 73։24; Ես. 43։1, 2)։ Նվիրման ու մկրտության շնորհիվ դու նաև հավիտյան ապրելու հեռանկար ձեռք կբերես (1 Պետ. 3։21)։ Կա՞ ինչ-որ բան, որ քեզ հետ է պահում մկրտվելուց։ Միլիոնավոր մարդիկ փոխել են իրենց վարքը և մտածելակերպը, որպեսզի համապատասխանեն մկրտության համար սահմանված պահանջներին։ Այժմ նրանք ուրախությամբ ու եռանդով ծառայում են Եհովային։ w25.03, էջ 2, պրբ. 1-2

22 հունվարի, հինգշաբթի

Դու իսկապես ներում ես մարդկանց (Սաղ. 130։4)։

Աստվածաշնչում մեղքը հաճախ նմանեցվում է ծանր բեռի։ Դավիթ թագավորը իր մեղքերի մասին հետևյալն ասաց. «Մեղքերս կիտվել են իմ գլխավերևում, այնպիսի ծանր բեռ են դարձել, որ կրել չեմ կարողանում» (Սաղ. 38։4)։ Բայց մխիթարական է իմանալ, որ Եհովան ներում է բոլոր այն մարդկանց մեղքերը, ովքեր զղջում են (Սաղ. 25։18; 32։5)։ «Ներել» թարգմանված եբրայերեն բառը հիմնականում նշանակում է «բարձրացնել» կամ «տանել»։ Երբ Եհովան ներում է մեզ, ասես զորեղ մարդու պես մեր ուսերից վերցնում է մեղքի ծանր բեռը և այն հեռու տանում։ Մեկ այլ պատկերավոր խոսք քննելով՝ իմանում ենք, թե որքան հեռու է Եհովան տանում մեր մեղքերը։ Սաղմոս 103։12-ում կարդում ենք. «Որքան հեռու է արևելքը արևմուտքից, այնքան նա հեռացրել է մեր հանցանքները մեզնից»։ Արևելքը արևմուտքից անչափ հեռու է. այս երկու կողմերը երբեք չեն հատվում։ Այլ կերպ ասած՝ Եհովան այնքան է հեռացնում մեր մեղքերը, որ այդ հեռավորությունը հազիվ թե կարողանանք պատկերացնել։ Սա իսկապես մխիթարական է։ w25.02, էջ 9, պրբ. 5-6

23 հունվարի, ուրբաթ

Երբ օգնում եք չունևորներին, շեփոր մի՛ հնչեցրեք (Մատթ. 6։2)։

Հիսուսի՝ երկինք գնալուց հետո Պետրոս առաքյալը հրաշք գործեց՝ բուժելով ի ծնե կաղ մի մարդու (Գործ. 1։8, 9; 3։2, 6-8)։ Բնականաբար այս տպավորիչ արարքը աննկատ չմնաց, և մի մեծ ամբոխ հավաքվեց (Գործ. 3։11)։ Արդյո՞ք Պետրոսը տրվեց փառքի վայելքին, հատկապես, որ նրա մշակույթում հեղինակությունն ու դիրքը մեծ կարևորություն ունեին։ Ո՛չ, նա խոնարհաբար փառքն ուղղեց Եհովային ու Հիսուսին՝ ասելով. «Հիսուսի հանդեպ մեր հավատի շնորհի՛վ այս մարդը, որին դուք տեսնում ու ճանաչում եք, առողջացավ ձեր աչքի առաջ» (Գործ. 3։12-16)։ Խոնարհություն զարգացնելու հարցում մենք կարող ենք ընդօրինակել Պետրոսին։ Մենք բարի գործեր ենք անում ուրիշների համար ոչ թե նրանց հիացնելու նպատակով, այլ քանի որ սիրում ենք Եհովային և մարդկանց։ Եթե ուրախությամբ մեր ձեռքից եկածն անում ենք Եհովային և մեր եղբայրներին ծառայելու համար, անկախ նրանից՝ մեր ջանքերը նկատվում են, թե ոչ, իսկական խոնարհություն ենք դրսևորում (Մատթ. 6։1-4)։ w25.03, էջ 10, պրբ. 11-12

24 հունվարի, շաբաթ

Շարունակ ուշադրություն դարձրու քո անձին և քո ուսուցանելուն (1 Տիմոթ. 4։16)։

Մենք ավելի մեծ եռանդով կմասնակցենք քարոզչական գործին, եթե միշտ հիշենք, որ այդպես մեր սերն ենք արտահայտում Եհովայի և մարդկանց հանդեպ (Մատթ. 22։37-39)։ Միայն պատկերացրու, թե որքան է ուրախանում Եհովան՝ տեսնելով, որ մասնակցում ենք քարոզչական գործին, և թե ինչ ուրախություն կզգան այն մարդիկ, ովքեր կսկսեն Աստվածաշունչ ուսումնասիրել։ Հիշիր նաև, որ ովքեր լսում են բարի լուրը և որոշում են ծառայել Եհովային, կարող են ապրել հավիտյան (Հովհ. 6։40)։ Եթե ինչ-ինչ պատճառներով չես կարողանում տնից դուրս գալ, մտածիր, թե քո հանգամանքներում ինչպես կարող ես արտահայտել սերդ Եհովայի և մարդկանց հանդեպ։ COVID-19 համավարակի ընթացքում Սեմյուելն ու Դանիան ստիպված էին տանը մնալ։ Այդ դժվար ժամանակներում նրանք կանոնավորաբար քարոզում էին հեռախոսով, նամակներ էին գրում և Zoom-ով Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնում։ Թեև Սեմյուելի և Դանիայի հանգամանքները սահմանափակ էին, սակայն նրանք իրենց լավագույնն էին անում և ուրախություն էին ստանում դրանից։ w24.04, էջ 18, պրբ. 15-16

25 հունվարի, կիրակի

Առաքինի կին ո՞վ կարող է գտնել։ Նրա արժեքը մարջանների արժեքից շատ ավելին է (Առակ. 31։10)։

Ճիշտ է, ամուսնությունը երջանկության գրավական չէ, բայց շատ ամուրի քրիստոնյաներ՝ երիտասարդ թե տարեց, ցանկանում են կողակից ունենալ։ Ինչ խոսք, նախքան մտերմություն անելը դու պետք է ֆինանսապես, հոգևորապես և զգացապես պատրաստ լինես ամուսնության (1 Կորնթ. 7։36)։ Նախքան որևէ մեկի հետ մտերմություն սկսելը մտածիր, թե ինչ հատկություններ ես ուզում տեսնել քո ապագա կողակցի մեջ։ Հակառակ դեպքում՝ գուցե չնկատես մեկին, ով լավ կողակից կարող էր լինել քեզ համար, կամ էլ ընկերություն անես մեկի հետ, ով համապատասխան չէ քեզ։ Ինչ խոսք, այդ անհատը պետք է մկրտված լինի, բայց դա չի նշանակում, որ ցանկացած մկրտված քրիստոնյա կարող է համապատասխան լինել քեզ (1 Կորնթ. 7։39)։ Ուստի մտածիր. «Ի՞նչ նպատակներ ունեմ կյանքում։ Հատկապես ո՞ր հատկությունները կուզեմ, որ իմ կողակիցը ունենա։ Արդյո՞ք իմ ակնկալիքները ողջամիտ են»։ w24.05, էջ 20, պրբ. 1; էջ 21, պրբ. 3

26 հունվարի, երկուշաբթի

Իրար հանդեպ բարի.... եղեք (Եփես. 4։32)։

Որպես մտերմություն անող զույգ՝ ինչպե՞ս կարող եք հարթել խնդիրներն ու տարաձայնությունները, որ գուցե ժամանակ առ ժամանակ ունենաք։ Մի՞թե դա նշան է, որ դուք իրար համար չեք։ Պարտադիր չէ։ Բոլոր զույգերն էլ տարաձայնություններ ունենում են։ Ամուր ամուսնությունը երկու իրար հարմարվող մարդկանց միություն է։ Ուստի երջանիկ ամուսիններ կլինեք, թե ոչ, կախված է այն բանից, թե ինչպես եք լուծում ձեր խնդիրներն այսօր։ Միասին մտածեք հետևյալի շուրջ. «Կարողանո՞ւմ ենք խնդրահարույց թեմաների մասին խոսել հանդարտորեն և հարգալից։ Ընդունո՞ւմ ենք մեր սխալները և փորձո՞ւմ ենք շտկվել։ Հեշտությա՞մբ ենք զիջում, ներողություն խնդրում և ներում» (Եփես. 4։31)։ Սակայն եթե մտերմության շրջանում շարունակ անհամաձայնություններ և վեճեր եք ունենում, հավանականությունը մեծ է, որ ամուսնությունից հետո իրավիճակը չի բարելավվի։ Եթե եկել ես այն եզրակացության, որ տվյալ անհատը համապատասխան չէ քեզ, ապա մտերմությունը դադարեցնելը երկուսիդ համար էլ լավագույն որոշումը կլինի։ w24.05, էջ 29, պրբ. 12

27 հունվարի, երեքշաբթի

Փա՜ռք Եհովային՝ իմ Ժայռին, ով ինձ մարտնչել է սովորեցնում (Սաղ. 144։1)։

Մենք կարող ենք լավ ազդեցություն ունենալ ուրիշների վրա, եթե վճռական լինենք անելու այն, ինչ ճիշտ է, և մեր որոշումները միշտ հիմնենք աստվածաշնչյան սկզբունքների վրա։ Որքան ամրացնենք մեր հավատը և ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերենք, այնքան ավելի հաստատված կլինենք ճշմարտության մեջ։ Մենք չենք լինի անվճռական ու անհաստատ և չենք սասանվի սխալ ուսմունքներից և այս աշխարհի մտածելակերպից (Եփես. 4։14; Հակ. 1։6-8)։ Բացի այդ՝ մենք կկարողանանք օգնել նրանց, ովքեր դժվարությունների միջով են անցնում (1 Թեսաղ. 3։2, 3)։ Երեցները պետք է լինեն իրենց սովորությունների մեջ չափավոր, ողջամիտ, կարգապահ և խոհեմ։ Նրանք կայունացնող ազդեցություն են ունենում ուրիշների վրա՝ «կառչած լինելով.... վստահարժան խոսքերի» (Տիտոս 1։9; 1 Տիմոթ. 3։1-3)։ Իրենց օրինակով և ժողովը հովվելով՝ նրանք օգնում են քարոզիչներին կանոնավորաբար հաճախել ժողովի հանդիպումներին, մասնակցել քարոզչական ծառայությանը և անձնական ուսումնասիրություն անել։ Երբ եղբայրներն ու քույրերը լուրջ խնդիրների են բախվում, երեցները կարող են շատ բան անել՝ օգնելու նրանց, որ կենտրոնացած մնան Եհովայի և նրա նպատակների վրա։ w24.06, էջ 31, պրբ. 16-18

28 հունվարի, չորեքշաբթի

Զղջացե՛ք, որովհետև մոտեցել է երկնքի թագավորությունը (Մատթ. 4։17)։

Հիսուսը սովորեցնում էր, որ իր Հայրը անչափ ներողամիտ է։ Քննենք կորած որդու մասին առակը։ Այնտեղ նշված երիտասարդը տնից հեռանում է և սխալ ընթացք է բռնում։ Բայց որոշ ժամանակ հետո նա «խելքի է գալիս» և վերադառնում տուն։ Իսկ ինչպե՞ս է արձագանքում նրա հայրը։ Հիսուսն ասում է. «Հայրը դեռ հեռվից տեսավ նրան, ու.... վազելով որդուն ընդառաջ՝ գրկեց նրան ու համբուրեց»։ Որդին որոշել էր հորը հարցնել, թե կարող է արդյոք դառնալ նրա ծառաներից մեկը, բայց հայրը նրան «որդիս» կոչեց և հետ ընդունեց ընտանիք։ Հայրն ասաց. «Որդիս.... կորած էր, բայց գտնվել է» (Ղուկ. 15։11-32)։ Նախքան երկիր գալը Հիսուսն, անկասկած, բազմիցս ականատես էր եղել, թե ինչպես է իր Հայրը նման կարեկցանք դրսևորում զղջացող մեղավորների հանդեպ։ Մեր սրտերը ջերմությամբ են լցվում, և մենք անչափ մխիթարվում ենք՝ կարդալով մեր երկնային Հոր՝ Եհովայի գթառատությունը նկարագրող այս ազդեցիկ պատմությունը։ w24.08, էջ 11, պրբ. 11-12

29 հունվարի, հինգշաբթի

Ողջամիտ եղեք (1 Պետ. 4։7)։

Ողջամիտ քրիստոնյան ձգտում է ճիշտ որոշումներ կայացնել, որոնք ներդաշնակ են Եհովայի մտածելակերպին։ Այդպիսի քրիստոնյան գիտի, որ կյանքում Եհովայի հետ լավ հարաբերություններ ունենալուց ավելի կարևոր բան չկա։ Նա հավասարակշռված տեսակետ ունի իր մասին՝ գիտակցելով, որ չունի բոլոր հարցերի պատասխանները։ Նա լիովին ապավինում է Աստծուն՝ հաճախակի խոնարհաբար նրանից առաջնորդություն խնդրելով։ Մենք գիտակցում ենք, որ անկախ մեր բնածին ունակություններից՝ պետք է միշտ աղոթենք Եհովային։ Ուստի հատկապես այն ժամանակ, երբ պետք է կարևոր որոշումներ կայացնենք, Եհովայից առաջնորդություն ենք խնդրում՝ վստահ լինելով, որ նա գիտի, թե ինչը մեզ համար հաստատ լավ կլինի։ Որքա՜ն շնորհակալ ենք Եհովային, որ նա մեզ ստեղծել է իր հատկություններն արտացոլելու ունակությամբ (Ծննդ. 1։26)։ Սակայն մենք չենք կարող կատարելապես ընդօրինակել Եհովային (Ես. 55։9)։ w25.03, էջ 11, պրբ. 13; էջ 13, պրբ. 17-18

30 հունվարի, ուրբաթ

[Սերը] ամեն իրավիճակում հույս ունի, ամեն ինչի դիմանում է (1 Կորնթ. 13։7)։

Մղումներ մի՛ վերագրիր։ Երբ մարդիկ գնահատանք չեն արտահայտում մեր արածի համար, կարող ենք մտածել. «Իրո՞ք նրանք անշնորհակալ են, թե պարզապես մոռացել են շնորհակալություն հայտնել»։ Գուցե լինեն նաև այլ պատճառներ, թե ինչու նրանք չեն արձագանքում այնպես, ինչպես ակնկալում ենք։ Ոմանք գուցե ի սրտե շնորհակալ են մեզ, բայց դժվարանում են արտահայտել դա։ Հնարավոր է՝ նրանք վատ են զգում, որ իրենց օգնել են, հատկապես եթե անցյալում միշտ իրենք են եղել օգնողի դերում։ Որն էլ լինի պատճառը, քրիստոնեական սերը կմղի մեզ արդարացնել մեր հավատակիցների պահվածքը և շարունակել ուրախություն ստանալ տալուց (Եփես. 4։2)։ Համբերատար եղիր։ Առատաձեռն լինելու վերաբերյալ իմաստուն Սողոմոն թագավորը գրել է. «Հացդ ջրի երեսին բաց թող, որովհետև շատ օրեր անց կրկին կգտնես այն» (Ժող. 11։1)։ Ինչպես երևում է այս խոսքերից, ոմանք գուցե մեր արածին արձագանքեն երկար ժամանակ հետո՝ «շատ օրեր անց»։ w24.09, էջ 30, պրբ. 18-19

31 հունվարի, շաբաթ

Նրանց, ովքեր մեղք են գործում, նկատողություն արա բոլորի առաջ, որպեսզի դա նախազգուշացում լինի վերջիններիս համար (1 Տիմոթ. 5։20)։

Երբեմն ժողովում հայտարարվում է, որ անհատը նկատողություն է ստացել։ Այդ դեպքում մենք շարունակում ենք շփվել նրա հետ՝ իմանալով, որ վերջինս զղջացել է և թողել է իր սխալ ընթացքը։ Նա շարունակում է մնալ ժողովի մի մասը և հավատակիցների քաջալերության կարիքն ունի (Եբր. 10։24, 25)։ Սակայն պարագան լիովին այլ է ժողովից հեռացված անհատի դեպքում։ Մենք «այլևս որևէ շփում չենք ունենում.... նույնիսկ հաց չենք ուտում» նման մարդու հետ (1 Կորնթ. 5։11)։ Արդյո՞ք դա նշանակում է, որ մենք պետք է լիովին անտեսենք նրան։ Ո՛չ։ Անկասկած, մենք չենք շփվի նրա հետ։ Բայց քրիստոնյաները կարող են Աստվածաշնչով մարզված իրենց խղճի հիման վրա որոշել ժողովի հանդիպման հրավիրել նրան։ Ժողովից հեռացվածը կարող է լինել նրանց ազգականը կամ մեկը, ում հետ նրանք մտերիմ են եղել։ w24.08, էջ 30, պրբ. 13-14

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը