ԴԱՍ 57
Ի՞նչ է հարկավոր անել լուրջ մեղք գործելու դեպքում
Ճիշտ է, մենք շատ ենք սիրում Եհովային և ամեն ինչ անում ենք, որ նրան ցավ չպատճառենք, բայց, միևնույն է, ժամանակ առ ժամանակ սխալներ ենք գործում։ Հնարավոր է նաև, որ մեզնից ոմանք լուրջ մեղքեր գործեն (1 Կորնթացիներ 6։9, 10)։ Եթե քեզ հետ նման բան լինի, հիշիր, որ Եհովան սիրում է քեզ և ուզում է ներել ու օգնել։
1. Ի՞նչ պետք է անենք, որ Եհովան ների մեզ
Եհովային սիրող մարդիկ խոր ցավ են զգում, երբ հասկանում են, որ լուրջ մեղք են գործել։ Սակայն նրանց մխիթարում է Եհովայի այն խոստումը, որ նա տվել է իր ժողովրդին. «Նույնիսկ եթե ձեր մեղքերը ալ կարմիր լինեն, ձյան պես սպիտակ կդառնան» (Եսայիա 1։18)։ Եթե անկեղծորեն զղջանք, Եհովան լիովին կների մեզ։ Իսկ ինչի՞ց կերևա, որ անկեղծորեն զղջում ենք։ Խոր ափսոսանք զգալով՝ մենք պետք է դադարեցնենք մեր սխալ ընթացքը և աղաչենք Եհովային, որ ների մեզ։ Հետո պետք է ջանանք ազատվել այն մտածելակերպից կամ սովորություններից, որոնք դրդել են մեզ գործել այդ մեղքը, և ձգտենք հետևել Եհովայի բարձր բարոյական չափանիշներին (կարդա Եսայիա 55։6, 7)։
2. Ինչպե՞ս է Եհովան երեցների միջոցով օգնում, երբ մեղք ենք գործում
Եհովան հորդորում է, որ լուրջ մեղք գործելու դեպքում «կանչենք ժողովի երեցներին» (կարդա Հակոբոս 5։14, 15)։ Նրանք սիրում են և՛ Եհովային, և՛ նրա գառներին։ Երեցները հատուկ գիտելիքներ են ստացել, որ օգնեն մեզ վերականգնել Եհովայի հետ մեր հարաբերությունները (Գաղատացիներ 6։1)։
Երեցներն ինչպե՞ս են օգնում մեզ, երբ լուրջ մեղք ենք գործում։ Երկու կամ երեք երեց Աստվածաշնչի օգնությամբ բացատրում են, թե ինչու է մեր արարքը սխալ Եհովայի աչքում։ Նրանք նաև գործնական խորհուրդներ են տալիս, որ օգնեն՝ այլևս լուրջ մեղք չգործենք, և հավաստիացնում են, որ մեզ կհաջողվի ճիշտն անել։ Սակայն եթե լուրջ մեղք գործած մարդը չի զղջում, երեցները հեռացնում են նրան ժողովից՝ մյուսներին վնասակար ազդեցությունից պաշտպանելու համար (1 Կորնթացիներ 5։13)։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Քննիր, թե Եհովան ինչ կերպերով է օգնում մեզ, երբ լուրջ մեղք ենք գործում, և խորացրու գնահատանքդ նրա տրամադրած օգնության հանդեպ։
3. Մեղքը խոստովանելը օգնում է հոգևորապես վերականգնվել
Ցանկացած մեղք, որ գործում ենք, ազդում է Եհովայի հետ մեր հարաբերությունների վրա։ Ուստի ճիշտ կլինի, որ խոստովանենք մեր մեղքը Եհովային։ Կարդացեք Սաղմոս 32։1-5-ը և քննարկեք հետևյալ հարցը.
Ինչո՞ւ լավ կլինի, որ ոչ թե թաքցնենք մեր մեղքերը, այլ խոստովանենք դրանք Եհովային։
Մենք թեթևացում կզգանք, եթե մեր մեղքերը Եհովային խոստովանելուց հետո օգնության համար դիմենք երեցներին։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հաջորդող հարցը.
Երեցներն ինչպե՞ս օգնեցին Քենոնին վերադառնալ Եհովայի մոտ։
Մենք պետք է անկեղծ ու ազնիվ լինենք երեցների հետ. նրանց նպատակը մեզ օգնելն է։ Կարդացեք Հակոբոս 5։16-ը, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը.
Ինչո՞ւ երեցների համար ավելի հեշտ կլինի օգնել մեզ, եթե ազնիվ լինենք նրանց հետ։
Խոստովանիր մեղքդ, ազնվորեն ամեն ինչ պատմիր երեցներին և ընդունիր Եհովայի սիրառատ օգնությունը
4. Եհովան գթասիրտ է մեղք գործած մարդկանց հանդեպ
Եթե լուրջ մեղք գործած մարդը հրաժարվում է հետևել Եհովայի չափանիշներին, նա հեռացվում է ժողովից, և մենք չենք շփվում նրա հետ։ Կարդացեք 1 Կորնթացիներ 5։6, 11 համարները, հետո քննարկեք հետևյալ հարցը.
Ինչպե՞ս կարող է չզղջացող մեղավորի հետ շփումը թթխմորի պես ազդել ողջ ժողովի վրա։
Ընդօրինակելով Եհովայի գթասրտությունը, որը նա դրսևորում է մեղք գործած անկատար մարդկանց հանդեպ՝ երեցները նախաձեռնում են, որ օգնեն ժողովից հեռացվածներին։ Նրանցից շատերը վերադարձել են ժողով, որովհետև թեև խրատը ցավոտ է եղել, բայց օգնել է սթափվել և գիտակցել գործած մեղքի լրջությունը (Սաղմոս 141։5)։
Մեղք գործած մարդկանց հանդեպ Եհովայի վերաբերմունքն ինչպե՞ս է ցույց տալիս, որ նա ողջամիտ է, գթասիրտ և սիրառատ։
5. Եհովան ներում է մեզ, երբ զղջում ենք
Հիսուսը մի օրինակի միջոցով ցույց տվեց, թե Եհովան ինչ է զգում, երբ մարդը զղջում է։ Կարդացեք Ղուկաս 15։1-7-ը, հետո քննարկեք հետևյալ հարցը.
Այս օրինակից ի՞նչ ես սովորում Եհովայի մասին։
Կարդացեք Եզեկիել 33։11-ը և քննարկեք հետևյալ հարցը.
Ի՞նչ կարևոր քայլ պետք է անի անհատը՝ ցույց տալու համար, որ անկեղծորեն զղջում է։
Հովվի նման՝ Եհովան հոգ է տանում իր գառների մասին
ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Վախենում եմ, որ եթե երեցներին պատմեմ իմ գործած մեղքի մասին, ժողովից կհեռացվեմ»։
Ի՞նչ կասես այն մարդուն, ով այսպես է մտածում։
ԱՄՓՈՓՈՒՄ
Եթե լուրջ մեղք գործենք, բայց անկեղծորեն զղջանք և վճռենք ուղղվել, Եհովան կների մեզ։
Վերհիշենք
Ինչո՞ւ լավ կլինի, որ խոստովանենք մեր մեղքերը Եհովային։
Ի՞նչ պետք է անենք, որ մեր մեղքերը ներվեն։
Եթե լուրջ մեղք գործենք, ինչո՞ւ պետք է երեցներից օգնություն խնդրենք։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Տես, թե ինչպես մի մարդ անձամբ զգաց Եհովայի գթասրտությունը, որի մասին խոսվում է Եսայիա 1։18-ում։
Երեցներն ինչպե՞ս են փորձում օգնել լուրջ մեղք գործած մարդկանց։
Տես, թե ինչպես է սեր ու գթասրտություն դրսևորվում չզղջացող մեղավորների հանդեպ։
«Օգնություն ժողովից հեռացվածներին» («Դիտարան», 2024, օգոստոս)
Ընթերցիր «Պիտի վերադառնայի Եհովայի մոտ» վերնագրով պատմությունը և տես, թե մի մարդ, ով հեռացել էր ճշմարտությունից, ինչպես վերադարձավ Եհովայի մոտ։
«Աստվածաշունչը փոխում է կյանքերը» («Դիտարան», 2012, ապրիլի 1)