ԴԱՍ 56
Նպաստիր ժողովի միասնությանը
Երբ մեր հավատակիցների հետ ենք լինում, նույն զգացումներն ենք ունենում, ինչ Դավիթ թագավորը, ով ասաց. «Ի՜նչ լավ է և ի՜նչ հաճելի է, երբ եղբայրներն ապրում են միասնության մեջ» (Սաղմոս 133։1)։ Մեր միասնությունը պատահականության արդյունք չէ։ Յուրաքանչյուրս մեր դերն ունենք այն պահպանելու հարցում։
1. Ի՞նչն է Աստծու ժողովրդին առանձնահատուկ դարձնում
Եթե մեկ այլ երկրում ժողով գնաս, քեզ օտար չես զգա, անգամ եթե չհասկանաս լեզուն։ Ինչո՞ւ։ Քանի որ ամենուր մենք Աստվածաշունչն ուսումնասիրում ենք միևնույն հրատարակությունների միջոցով և ձգտում ենք սեր դրսևորել միմյանց նկատմամբ։ Անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում՝ բոլորս «կանչում ենք Եհովայի անունը և միասնաբար երկրպագում նրան» (Սոփոնիա 3։9, ծանոթագրություն)։
2. Ի՞նչ կարող ես անել միասնությանը նպաստելու համար
«Սրտա՛նց ու ջերմորե՛ն սիրեք իրար» (1 Պետրոս 1։22)։ Ինչպե՞ս կարող ես կիրառել այս խորհուրդը։ Ուրիշների թերությունների վրա կենտրոնանալու փոխարեն նկատիր նրանց դրական հատկանիշները։ Մի՛ սահմանափակիր շփումդ՝ ժամանակ անցկացնելով միայն այն մարդկանց հետ, ովքեր նույն հետաքրքրություններն ունեն, ինչ դու։ Փորձիր ճանաչել այն եղբայրներին և քույրերին, ովքեր տարբերվում են քեզնից։ Մենք կարող ենք նաև ջանքեր գործադրել, որ արմատախիլ անենք մեր մեջ եղած ցանկացած նախապաշարում (կարդա 1 Պետրոս 2։17)։a
3. Ի՞նչ կանես, եթե տարաձայնություն ունենաս հավատակցիդ հետ
Թեև մենք միասնական ենք, սակայն անկատար ենք։ Ուստի երբեմն հիասթափեցնում և նույնիսկ ցավ ենք պատճառում իրար։ Ահա թե ինչու է Աստծու Խոսքում ասվում. «Շարունակեք.... ներել [իրար].... Ինչպես Եհովան մեծահոգաբար ներեց ձեզ, այդպես էլ դուք վարվեք» (կարդա Կողոսացիներ 3։13)։ Անհնար է հաշվել, թե քանի անգամ ենք վիրավորել Եհովային, բայց նա ներել է և շարունակում է ներել մեզ։ Հետևաբար Աստված մեզնից ակնկալում է, որ ներենք մեր հավատակիցներին։ Եթե ցավ ես պատճառել ինչ-որ մեկին, նախաձեռնություն վերցրու, որ հարթես խնդիրը (կարդա Մատթեոս 5։23, 24)։b
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Քննիր, թե ինչպես կարող ես նպաստել ժողովի միասնությանն ու խաղաղությանը։
Ի՞նչ կանես, որ հարցը խաղաղ ձևով լուծես
4. Ձերբազատվիր նախապաշարումներից
Մենք ցանկանում ենք սիրել մեր բոլոր եղբայրներին, սակայն հնարավոր է՝ դժվարանանք շփվել մեզնից տարբերվող մարդկանց հետ։ Ի՞նչ կարելի է անել այդ դեպքում։ Կարդացեք Գործեր 10։34, 35-ը, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը.
Եհովան ամեն տեսակ մարդկանց ընդունում է որպես իր Վկաների։ Այդ բանի գիտակցումը ինչպե՞ս պետք է անդրադառնա այլ ծագում կամ սոցիալական դիրք ունեցող մարդկանց հանդեպ քո վերաբերմունքի վրա։
Ձեր տարածքում տարածված ո՞ր նախապաշարումներից ես ցանկանում խուսափել։
Կարդացեք 2 Կորնթացիներ 6։11-13-ը, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը.
Քո կարծիքով՝ ինչպե՞ս կարող ես ավելի մտերիմ լինել այն մարդկանց հետ, ովքեր այլ ծագում կամ սոցիալական դիրք ունեն։
5. Մեծահոգաբար ներիր և հաշտվիր
Եհովան մեծահոգաբար ներում է մեզ՝ չնայած այն բանին, որ երբեք մեր հանդեպ սխալ չի գործում և չունի մեր ներողամտության կարիքը։ Կարդացեք Սաղմոս 86։5-ը և քննարկեք հետևյալ հարցերը.
Այս համարից ի՞նչ ես սովորում Եհովայի մասին։
Ինչո՞ւ ես երախտապարտ նրա ներողամտության համար։
Ո՞ր իրավիճակներում գուցե դժվար լինի լեզու գտնել ուրիշների հետ։
Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Եհովային, և դա ինչպե՞ս կնպաստի, որ միասնական լինենք մեր հավատակիցների հետ։ Կարդացեք Առակներ 19։11-ը և քննարկեք հետևյալ հարցը.
Երբ ինչ-որ մեկը նյարդայնացնում կամ վիրավորում է քեզ, ինչպե՞ս կարող ես հարթել խնդիրը։
Երբեմն մենք ենք նեղացնում ուրիշներին։ Այդպիսի դեպքերում ի՞նչ պետք է անենք։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հաջորդող հարցը.
Քույրն ի՞նչ արեց տարաձայնությունը հարթելու համար։
6. Հավատակիցներիդ մեջ դրականը տես
Երբ ավելի լավ ենք ճանաչում մեր հավատակիցներին, իմանում ենք նրանց թե՛ ուժեղ, թե՛ թույլ կողմերը։ Ի՞նչ կարող ենք անել, որ կենտրոնանանք նրանց ուժեղ կողմերի վրա։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք հաջորդող հարցը.
Ի՞նչը կօգնի, որ նկատես եղբայրներիդ ու քույրերիդ գեղեցիկ հատկանիշները։
Եհովան կենտրոնանում է մեր դրական կողմերի վրա։ Կարդացեք 2 Տարեգրություն 16։9 համարի առաջին մասը, այնուհետև քննարկեք այս հարցը.
Ի՞նչ ես զգում՝ իմանալով, որ Եհովան կենտրոնանում է քո լավ հատկանիշների վրա։
Նույնիսկ գեղեցիկ ադամանդը թերություններ ունի, բայց, միևնույն է, այն թանկ է։ Նմանապես մեր հավատակիցները թեև անկատար են, բայց թանկ են Եհովայի համար
ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Պիտի արժանի լինի, որ ներեմ»։
Ինչո՞ւ պետք է պատրաստակամորեն ներենք։
ԱՄՓՈՓՈՒՄ
Դու կարող ես նպաստել ժողովի միասնությանը՝ սիրելով բոլոր հավատակիցներիդ և նրանց հանդեպ ներողամիտ լինելով։
Վերհիշենք
Ինչպե՞ս կարող ես հաղթահարել նախապաշարումները։
Ի՞նչ կանես, եթե տարաձայնություն առաջանա քո և հավատակցիդ միջև։
Ինչո՞ւ ես ցանկանում ընդօրինակել Եհովայի ներողամտությունը։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Տես, թե Հիսուսի բերած օրինակներից մեկն ինչպես կարող է օգնել, որ չդատենք ուրիշներին։
Կարիք կա՞ ներողություն խնդրելու, եթե մտածում ենք, որ ոչ մի սխալ բան չենք արել։
«Ներողություն խնդրելը նպաստում է համերաշխությանը» («Դիտարան», 2002, նոյեմբերի 1)
Տես, թե ոմանք ինչպես են սովորել անկողմնակալ լինել։
Տես, թե ինչպես կարող ես հարթել տարաձայնությունները, որպեսզի դրանք չխաթարեն ժողովի խաղաղությունը։
«Հարթիր տարաձայնությունները սիրո ոգով» («Դիտարան», 2016, մայիս)
a Տես «Հավելյալ տեղեկություն 6»՝ իմանալու համար, թե սերն ինչպես է մղում քրիստոնյաներին կանխարգելելու վարակիչ հիվանդությունների տարածումը։
b Տես «Հավելյալ տեղեկություն 7»՝ իմանալու համար, թե ինչպես կարելի է լուծել գործարքային և դատաիրավական հարցերի հետ կապված տարաձայնությունները։