ԴԱՍ 46
Ինչո՞ւ է պետք նվիրվել և մկրտվել
Եհովային նվիրվել նշանակում է հատուկ աղոթք անել՝ խոստանալով, որ միայն նրան ես պաշտելու և նրա կամքը կատարելը կյանքումդ առաջին տեղում ես դնելու (Սաղմոս 40։8)։ Հաջորդ քայլը մկրտությունն է։ Մկրտվելով ուրիշներին ցույց ես տալիս, որ նվիրվել ես Եհովային։ Նրան նվիրվելն ամենակարևոր որոշումն է, որ երբևէ կայացնելու ես կյանքում։ Ի՞նչը կարող է մղել քեզ անելու այդ լուրջ քայլը։
1. Ի՞նչն է մղում մարդուն նվիրվել Աստծուն
Սերը պետք է մղի մեզ նվիրվել Եհովային (1 Հովհաննես 4։10, 19)։ Աստվածաշունչը հորդորում է. «Սիրեք ձեր Աստված Եհովային ձեր ամբողջ սրտով, ձեր ամբողջ հոգով, ձեր ամբողջ մտքով և ձեր ամբողջ ուժով» (Մարկոս 12։30)։ Մենք Եհովայի հանդեպ մեր սերը ցույց ենք տալիս ոչ միայն խոսքով, այլև գործով։ Ճիշտ ինչպես սերը մղում է տղամարդուն ու կնոջը ամուսնանալ, այնպես էլ Եհովայի հանդեպ սերը մղում է մեզ նվիրվել իրեն ու մկրտվել։
2. Ինչպե՞ս է Եհովան օրհնում իր մկրտված ծառաներին
Մկրտվելով կդառնաս Եհովայի երջանիկ ընտանիքի մի մասնիկը, տարբեր կերպերով կզգաս նրա սերը և է՛լ ավելի կմտերմանաս նրա հետ (կարդա Մաղաքիա 3։16-18)։ Եհովան կդառնա քո Հայրը, և դու ձեռք կբերես համաշխարհային հոգևոր ընտանիք՝ եղբայրներ ու քույրեր, ովքեր սիրում են քեզ ու Եհովային (կարդա Մարկոս 10։29, 30)։ Ինչ խոսք, նախքան մկրտվելը դու պետք է որոշ քայլեր անես. պետք է ավելին սովորես Եհովայի մասին, սիրես նրան և հավատաս նրա Որդուն։ Միայն դրանից հետո դու կարող ես նվիրել քո կյանքը Եհովային։ Եթե անես այս քայլերը և մկրտվես, հնարավորություն կունենաս վայելել կյանքը հավիտյան։ Աստվածաշնչում ասվում է. «Մկրտությունը.... ձեզ է փրկում» (1 Պետրոս 3։21)։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Տես, թե ինչու է կարևոր նվիրվել Եհովային ու մկրտվել։
3. Յուրաքանչյուր մարդ պետք է ընտրի, թե ում է ծառայելու
Հին Իսրայելում ոմանք մտածում էին, թե կարող են միաժամանակ պաշտել և՛ Եհովային, և՛ կեղծ աստված Բահաղին։ Բայց Եհովան ուղարկեց Եղիա մարգարեին, որպեսզի ուղղի նրանց սխալ մտածելակերպը։ Կարդացեք 1 Թագավորներ 18։21-ը և քննարկեք հետևյալ հարցը.
Իսրայելացիները ի՞նչ ընտրություն պետք է անեին։
Իսրայելացիների պես մենք էլ պետք է ընտրենք, թե ում ենք ծառայելու։ Կարդացեք Ղուկաս 16։13-ը, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը.
Ինչո՞ւ չենք կարող միաժամանակ պաշտել և՛ Եհովային, և՛ մեկ ուրիշի կամ մեկ այլ բանի։
Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ Եհովային, որ որոշել ենք իրեն պաշտել։
4. Խորհրդածիր քո հանդեպ Եհովայի ունեցած սիրո մասին
Եհովան մեզ բազմաթիվ արժեքավոր նվերներ է տվել։ Իսկ մենք ի՞նչ կարող ենք նվիրել նրան։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ։
Ի՞նչ կերպերով է Եհովան սեր դրսևորել քո հանդեպ։ Կարդացեք Սաղմոս 104։14, 15 և 1 Հովհաննես 4։9, 10 համարները, այնուհետև քննարկեք այս հարցերը.
Եհովայի ո՞ր պարգևների համար ես հատկապես երախտապարտ։
Ի՞նչ ես զգում Եհովայի հանդեպ, երբ մտածում ես նրա տված այդ պարգևների մասին։
Երբ հաճելի նվեր ենք ստանում, ուզում ենք նվիրողին ցույց տալ մեր երախտագիտությունը։ Կարդացեք 2 Օրենք 16։17-ը և քննարկեք հետևյալ հարցը.
Երբ մտածում ես այն ամենի մասին, ինչ Եհովան արել է քեզ համար, ի՞նչ ես մղվում տալ նրան ի պատասխան։
5. Նվիրումը բազմաթիվ օրհնություններ է բերում
Շատերը կարծում են, որ փառքը, լավ կարիերան և փողը իրենց երջանիկ կդարձնեն։ Արդյո՞ք դա այդպես է։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք հետևյալ հարցերը.
Թեև Անդրեյը սիրում էր ֆուտբոլը, սակայն ինչո՞ւ հրաժարվեց իր կարիերայից։
Նա որոշեց թողնել ֆուտբոլը և իր կյանքը Եհովային նվիրել։ Քո կարծիքով՝ դա ճի՞շտ որոշում էր։ Ինչո՞ւ։
Նախքան քրիստոնյա դառնալը Պողոս առաքյալը լավ կարիերա ուներ։ Նա կրթվել էր հրեական օրենքի հայտնի ուսուցիչներից մեկի մոտ։ Սակայն քրիստոնյա դառնալու համար նա հրաժարվեց այդ ամենից։ Հետագայում Պողոսը ափսոսա՞ց իր որոշման համար։ Կարդացեք Փիլիպպեցիներ 3։8-ը և քննարկեք այս հարցերը.
Պողոսն ինչո՞ւ էր իր նախկին կյանքը «աղբ» համարում։
Դրա փոխարեն նա ի՞նչ ձեռք բերեց։
Ի՞նչը քեզ ավելի երջանիկ կդարձնի՝ Եհովային ծառայե՞լը, թե՞ այլ նպատակների ձգտելը։ Ինչո՞ւ ես այդպես կարծում։
Դառնալով քրիստոնյա՝ Պողոսը ձեռք բերեց շատ ավելին, քան թողել էր
ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Ի՞նչ կարիք կա Աստծուն նվիրվել։ Կյա՛նքդ վայելիր»։
Քո կարծիքով՝ ինչո՞ւ արժե նվիրվել Եհովային։
ԱՄՓՈՓՈՒՄ
Սերը մղում է մեզ նվիրվել Եհովային և մկրտվել։
Վերհիշենք
Ինչո՞ւ է Եհովան արժանի, որ ամբողջ սրտով սիրենք ու պաշտենք իրեն։
Ինչպե՞ս է Եհովան օրհնում իր մկրտված ծառաներին։
Ցանկանո՞ւմ ես նվիրվել Եհովային։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Տես, թե մի երգչուհի ու մի մարզիկ ինչու որոշեցին իրենց կյանքը Եհովային նվիրել։
«Երիտասարդները հարցնում են — Ի՞նչ ուղի ընտրեմ կյանքում — Հետադարձ հայացք» (6։54)
Եհովային նվիրվելու ուրիշ ի՞նչ պատճառներ կան։
«Ինչո՞ւ պետք է նվիրվենք Եհովային» («Դիտարան», 2010, հունվարի 15)
Տես, թե ինչ ուրախություն են ապրում այն մարդիկ, ովքեր իրենց կյանքը Եհովային են նվիրել։
Կարդա «Տարիներ շարունակ մտածում էի՝ որն է իմ կյանքի իմաստը» վերնագրով պատմությունը և իմացիր, թե ինչը մղեց մի կնոջ վերանայել իր առաջնահերթությունները։
«Աստվածաշունչը փոխում է կյանքերը» («Դիտարան», 2012, նոյեմբերի 1)