ԴԱՍ 44
Բոլո՞ր տոնակատարություններն են հաճելի Աստծուն
Եհովան ուզում է, որ վայելենք կյանքը ու երբեմն նույնիսկ որոշ առիթներ մեզ համար տոն դարձնենք։ Բայց արդյո՞ք բոլոր տոներն ու տոնակատարություններն են հաճելի Աստծուն։ Ինչպե՞ս կարող ենք այս հարցում ցույց տալ Աստծու հանդեպ մեր սերը։
1. Ինչո՞ւ են շատ տոներ տհաճ Եհովային
Գուցե զարմանաս՝ իմանալով, թե որքան շատ տոներ ունեն ոչ սուրբգրային կամ հեթանոսական ծագում։ Դրանք կապված են կեղծ կրոնի, ոգեհարցության կամ անմահ հոգու գաղափարի հետ։ Որոշ տոներ էլ կապ ունեն սնահավատության կամ ճակատագրին հավատալու հետ (Եսայիա 65։11)։ Եհովան պատվիրում է իր ծառաներին. «Այլևս անմաքուր բանի մի՛ դիպեք» (2 Կորնթացիներ 6։17)։a
2. Եհովան ինչպե՞ս է վերաբերվում այն տոներին, որոնց ժամանակ մեծարում են մարդկանց
Եհովան մեզ զգուշացնում է, որ մեր «հույսը մարդու վրա» չդնենք (կարդա Երեմիա 17։5)։ Որոշ տոներ փառաբանում են ղեկավարների, զինվորների և ազգային հերոսների։ Կան տոներ, որոնք նվիրված են պետությանը և ուղեկցվում են դրոշին պատիվ տալով ու ազգային օրհներգը երգելով (1 Հովհաննես 5։21)։ Որոշ տոներ էլ նվիրված են քաղաքական և սոցիալական շարժումներին։ Ի՞նչ կզգա Եհովան, եթե մեծարենք մարդկանց կամ պատիվ տանք կազմակերպությունների, առավել ևս այնպիսիների, որոնք պրոպագանդում են նրա կամքին հակառակ գաղափարներ։
3. Ինչպիսի՞ վարքի պատճառով տոնակատարությունը կարող է անընդունելի դառնալ
Աստվածաշունչը դատապարտում է «չափից շատ խմելը.... անզուսպ խրախճանքները [և] խմելու մրցումները» (1 Պետրոս 4։3)։ Որոշ տոնակատարությունների ժամանակ մարդիկ սանձարձակ ու անբարո վարք են դրսևորում։ Եթե ուզում ենք՝ Եհովան մեր ընկերը լինի, պետք է հեռու մնանք այդպիսի բաներից։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Իմացիր, թե ինչպես կարող ես գոհացնել Եհովային՝ տոների ու տոնակատարությունների առնչությամբ իմաստուն որոշումներ կայացնելով։
4. Մի՛ մասնակցիր Եհովային տհաճ տոներին
Կարդացեք Եփեսացիներ 5։10-ը և քննարկեք հետևյալ հարցերը.
Նախքան որևէ տոն նշելը ինչո՞ւմ պետք է հավաստիանանք։
Մարդիկ ի՞նչ տոներ են նշում ձեր տարածքում։
Քո կարծիքով՝ այդ տոները հաճելի՞ են Եհովային։
Օրինակ՝ երբևէ մտածե՞լ ես, թե Աստված ինչ կարծիք ունի ծննդյան տոնակատարությունների վերաբերյալ։ Աստվածաշնչում ոչ մի տեղ չի ասվում, որ Եհովայի ծառաները նշել են իրենց ծննդյան օրը կամ մասնակցել են ծննդյան տոնակատարության։ Սակայն այնտեղ խոսվում է երկու ծննդյան տոնակատարության մասին, որոնք նշել են Եհովային չծառայող մարդիկ։ Կարդացեք Ծննդոց 40։20-22-ը և Մատթեոս 14։6-10-ը, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը.
Ի՞նչ ընդհանրություններ ունեն այս երկու տոնակատարությունները։
Ըստ վերոնշյալ աստվածաշնչյան արձանագրությունների՝ Եհովան ինչպե՞ս է վերաբերվում ծննդյան տոնակատարություններին։
Սակայն գուցե հարցնես. «Մի՞թե Եհովայի համար այդքան կարևոր է՝ կմասնակցեմ ծննդյան կամ Աստվածաշնչին հակասող այլ տոնակատարության, թե ոչ»։ Կարդացեք Ելք 32։1-8-ը, այնուհետև դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք հետևյալ հարցերը.
Ինչո՞ւ պետք է հավաստիանանք, թե ինչն է ընդունելի Եհովային։
Ինչպե՞ս կարող ենք դա անել։
Ինչպես իմանալ՝ տոնը հաճելի է Եհովային, թե ոչ
Արդյո՞ք այն հիմնված է ոչ սուրբգրային ուսմունքների վրա։ Պատասխանն իմանալու համար ուսումնասիրիր, թե ինչ ծագում ունի այդ տոնը։
Արդյո՞ք այդ տոնակատարության ժամանակ մեծարվում են մարդիկ, կազմակերպություններ կամ ազգային խորհրդանիշներ։ Մենք պատիվ ենք տալիս միայն Եհովային և վստահ ենք, որ նա է լուծելու աշխարհի խնդիրները։
Արդյո՞ք այն, ինչ ընդունված է անել այդ տոնի ժամանակ, չի հակասում աստվածաշնչյան սկզբունքներին։ Մենք պետք է բարոյապես մաքուր մնանք։
5. Օգնիր ուրիշներին հարգել քո հավատալիքները
Գուցե դժվար լինի զիջումների չգնալ, երբ մարդիկ ճնշում բանեցնեն քեզ վրա, որ մասնակցես Եհովային տհաճ տոնակատարության։ Համբերատարությամբ և նրբանկատորեն բացատրիր որոշմանդ պատճառը։ Տեսնելու համար, թե ինչպես կարող ես դա անել, դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ։
Կարդացեք Մատթեոս 7։12-ը և քննարկեք հետևյալ հարցերը.
Ըստ այս համարի՝ տեղի՞ն է, որ ընտանիքիդ անդամներին ասես՝ չնշեն որևէ տոն։
Ինչպե՞ս կարող ես հավաստիացնել ընտանիքիդ անդամներին, որ սիրում ու գնահատում ես նրանց, թեև չես մասնակցում տոնակատարությանը։
6. Եհովան ուզում է, որ երջանիկ լինենք
Եհովան ուզում է, որ լավ ժամանակ անցկացնենք մեր ընտանիքի անդամների և ընկերների հետ։ Կարդացեք Ժողովող 8։15-ը, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը.
Ինչպե՞ս է այս համարը ցույց տալիս, որ Եհովան ցանկանում է՝ երջանիկ լինենք։
Եհովան ուզում է, որ իր ծառաները զվարճանան ու միասին լավ ժամանակ անցկացնեն։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և տեսեք, թե ինչպես է դա ակնհայտ երևում մեր միջազգային համաժողովների ժամանակ։
Կարդացեք Գաղատացիներ 6։10-ը և քննարկեք հետևյալ հարցերը.
Արդյո՞ք տոներ նշելով է, որ «բարին ենք անում» մյուսներին։
Ե՞րբ ես ավելի երջանիկ լինում՝ երբ նվեր ես տալիս, քանի որ այդպես է պե՞տք, թե՞ երբ սրտանց ուզում ես դա անել՝ անկախ նրանից՝ առիթ կա, թե ոչ։
Շատ Վկաներ ժամանակ առ ժամանակ հատուկ հավաքույթներ են կազմակերպում իրենց երեխաների համար կամ անակնկալ նվերներ են տալիս նրանց։ Եթե երեխաներ ունես, ի՞նչ կարող ես կազմակերպել նրանց համար։
ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Ի՞նչ կապ ունի տոնի ծագումը։ Կարևորը՝ լավ ժամանակ անցկացնես ընտանիքիդ ու ընկերներիդ հետ»։
Դու ի՞նչ կասես։
ԱՄՓՈՓՈՒՄ
Եհովան ուզում է, որ լավ ժամանակ անցկացնենք մեր ընտանիքի և ընկերների հետ։ Բայց նա նաև ուզում է, որ խուսափենք այնպիսի տոնակատարություններից, որոնք տհաճ են իրեն։
Վերհիշենք
Ո՞ր հարցերը կօգնեն հասկանալ՝ տվյալ տոնակատարությունը տհաճ է Եհովային, թե ոչ։
Ինչպե՞ս կարող ենք բացատրել մեր մտերիմներին տոների վերաբերյալ մեր դիրքորոշումը։
Որտեղի՞ց գիտենք, որ Եհովան ուզում է՝ երջանիկ լինենք ու լավ ժամանակ անցկացնենք։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Իմացիր, թե ինչ տոներ չեն նշում ճշմարիտ քրիստոնյաները։
Տես չորս պատճառ, թե ինչու ենք համարում, որ ծննդյան տարեդարձները տհաճ են Եհովային։
«Ինչո՞ւ Եհովայի վկաները ծննդյան տարեդարձ չեն նշում» (վեբ հոդված)
Եհովային սիրող երեխաներն ինչպե՞ս կարող են հաճեցնել նրան, երբ մյուսները տոներ են նշում։
Ինչո՞ւ միլիոնավոր քրիստոնյաներ չեն տոնում Սուրբ Ծնունդը։
«Նրանք ավելի լավ բան են գտել» («Դիտարան», 2012, դեկտեմբերի 1)
a Տես «Հավելյալ տեղեկություն 5», որպեսզի իմանաս, թե ինչպես վարվել տոներին առնչվող որոշ իրավիճակներում։