ԴԱՍ 43
Ինչպե՞ս են քրիստոնյաները վերաբերվում ալկոհոլին
Մարդիկ տարբեր տեսակետներ ունեն ալկոհոլի վերաբերյալ։ Ոմանք սիրում են երբեմն խմել ընկերների հետ։ Ուրիշները ընդհանրապես չեն խմում։ Որոշ մարդիկ էլ այնքան են խմում, որ հարբում են։ Իսկ ո՞րն է Աստվածաշնչի տեսակետը այս առնչությամբ։
1. Արդյո՞ք սխալ է ալկոհոլային խմիչք օգտագործելը
Աստվածաշունչը չի արգելում ալկոհոլ օգտագործելը։ Ընդհակառակը, այնտեղ ասվում է, որ Աստծու տված պարգևների մեջ է նաև «գինին, որ ուրախացնում է մարդու սիրտը» (Սաղմոս 104։14, 15)։ Աստվածաշնչում խոսվում է Աստծուն հավատարիմ որոշ տղամարդկանց և կանանց մասին, ովքեր օգտագործել են ալկոհոլային խմիչքներ (1 Տիմոթեոս 5։23)։
2. Աստվածաշունչը ի՞նչ խորհուրդ է տալիս այն մարդկանց, ովքեր ալկոհոլ են օգտագործում
Եհովան դատապարտում է շատ խմելն ու հարբեցողությունը (Գաղատացիներ 5։21)։ Աստծու Խոսքում ասվում է. «Մի՛ եղիր չափից շատ գինի խմողների.... մեջ» (Առակներ 23։20)։ Ուստի եթե որոշում ենք խմել, նույնիսկ մենակ լինելու դեպքում չպետք է խմենք այնքան, որ կորցնենք մեր սթափ դատողությունը, խոսքերն ու գործերը կառավարելու ունակությունը կամ վնասենք մեր առողջությունը։ Եթե չենք կարողանում վերահսկել, թե որքան ենք խմում, լավ կլինի՝ առհասարակ հրաժարվենք խմիչքից։
3. Ինչպե՞ս կարող ենք հարգել ալկոհոլի վերաբերյալ ուրիշների կայացրած որոշումները
Ամեն մարդ ինքը պետք է որոշի՝ խմել ալկոհոլ, թե ոչ։ Եթե մեկը որոշում է չափավոր քանակով ալկոհոլ օգտագործել, մենք չպետք է դատենք նրան, ոչ էլ պետք է ճնշում բանեցնենք այն մարդու վրա, ով չի ցանկանում խմել (Հռոմեացիներ 14։10)։ Մենք նախընտրում ենք չխմել, եթե դա կարող է բացասաբար անդրադառնալ ուրիշների վրա (կարդա Հռոմեացիներ 14։21)։ Յուրաքանչյուր քրիստոնյա պետք է «ոչ թե իր օգտի մասին մտածի, այլ դիմացինի օգտի» (կարդա 1 Կորնթացիներ 10։23, 24)։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Քննիր աստվածաշնչյան խորհուրդներ, որոնք կօգնեն քեզ որոշել՝ որքան խմիչք օգտագործել կամ առհասարակ խմել, թե ոչ։ Նաև իմացիր, թե ինչ կարող ես անել, եթե խմիչքը չարաշահելու սովորություն ունես։
4. Որոշիր՝ օգտագործել խմիչք, թե ոչ
Ինչպե՞ս էր Հիսուսը վերաբերվում ալկոհոլ օգտագործելուն։ Այս հարցի պատասխանը գտնելու համար ուշադրություն դարձրու նրա գործած առաջին հրաշքին։ Կարդացեք Հովհաննես 2։1-11-ը, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը.
Ըստ այս արձանագրության՝ Հիսուսը ի՞նչ տեսակետ ուներ ալկոհոլի և այն օգտագործողների վերաբերյալ։
Քանի որ Հիսուսը չէր արգելում խմիչք օգտագործելը, քրիստոնյաները ինչպե՞ս պետք է վերաբերվեն այն մարդուն, ով ալկոհոլ է օգտագործում։
Չնայած քրիստոնյաներին թույլ է տրվում խմել, դա դեռ չի նշանակում, որ խմելը ճիշտ է բոլոր դեպքերում։ Կարդացեք Առակներ 22։3-ը և քննարկեք, թե հետևյալ հանգամանքներն ինչպես գուցե ազդեն քո որոշման վրա.
դու պատրաստվում ես մեքենա վարել կամ որևէ սարք գործարկել,
դու հղի ես,
բժիշկը խորհուրդ է տվել ալկոհոլ չօգտագործել,
ալկոհոլ օգտագործելիս դժվարանում ես վերահսկել չափը,
քեզ օրենքով արգելված է ալկոհոլ օգտագործել,
մի մարդու հետ ես, ով խմիչք չի օգտագործում, քանի որ նախկինում սովորություն է ունեցել չարաշահելու ալկոհոլը։
Արժե՞ արդյոք ալկոհոլ հյուրասիրել հարսանիքի կամ այլ հավաքույթների ժամանակ։ Տեսնելու համար, թե ինչը կարող է քեզ օգնել կողմնորոշվել, դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ։
Կարդացեք Հռոմեացիներ 13։13-ը և 1 Կորնթացիներ 10։31, 32-ը։ Յուրաքանչյուր համարն ընթերցելուց հետո քննարկեք հետևյալ հարցը.
Այս սկզբունքը կիրառելը ինչպե՞ս կօգնի քեզ Եհովային հաճելի որոշում կայացնել։
Յուրաքանչյուր քրիստոնյա ինքն է որոշում՝ օգտագործել ալկոհոլ, թե ոչ։ Եթե անգամ օգտագործում է, որոշ դեպքերում գուցե որոշի չխմել
5. Որոշիր՝ որքան ես խմելու
Ալկոհոլ օգտագործելիս հիշիր, որ թեև Եհովան չի դատապարտում ալկոհոլ օգտագործելը, սակայն դատապարտում է չափից շատ խմելը։ Ինչո՞ւ։ Կարդացեք Օսեե 4։11, 18 համարները և քննարկեք հետևյալ հարցը.
Ի՞նչ կարող է լինել խմիչքը չարաշահելու դեպքում։
Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի չչարաշահենք խմիչքը։ Հարկավոր է համեստ լինել և հստակ իմանալ, թե երբ է կանգ առնելու ժամանակը։ Կարդացեք Առակներ 11։2-ը, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը.
Ինչո՞ւ արժե խմելու հարցում կոնկրետ չափ սահմանել։
6. Հաղթահարիր խմիչքը չարաշահելու սովորությունը
Տես, թե ինչը օգնեց մի տղամարդու հաղթահարել ալկոհոլային կախվածությունը։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք հետևյալ հարցերը.
Ինչպե՞ս էր ալկոհոլը ազդում Դմիտրիի վարքագծի վրա։
Նա կարողացա՞վ միանգամից թողնել խմելը։
Ի՞նչը օգնեց նրան ազատվել այդ կախվածությունից։
Կարդացեք 1 Կորնթացիներ 6։10, 11-ը և քննարկեք հետևյալ հարցերը.
Որքա՞ն լուրջ մեղք է հարբեցողությունը։
Ի՞նչն է ցույց տալիս, որ հարբեցող մարդը կարող է փոխվել։
Կարդացեք Մատթեոս 5։30-ը, այնուհետև քննարկեք այս հարցը.
«Ձեռքը կտրել» արտահայտությունը ցույց է տալիս, որ Եհովային հաճեցնելու համար գուցե կարիք լինի զոհողություններ անել։ Ի՞նչ կարող ես անել, եթե քեզ չի հաջողվում ազատվել ալկոհոլային կախվածությունից։a
Կարդացեք 1 Կորնթացիներ 15։33-ը և քննարկեք հետևյալ հարցը.
Եթե ընկերներդ չափից շատ են խմում, դա ինչպե՞ս կարող է ազդել քեզ վրա։
ՈՄԱՆՔ ԳՈՒՑԵ ՀԱՐՑՆԵՆ. «Եհովայի վկաները խմո՞ւմ են»։
Ի՞նչ կպատասխանես։
ԱՄՓՈՓՈՒՄ
Ալկոհոլը մարդկանց հաճույք պատճառող պարգև է Եհովայից, սակայն նա դատապարտում է դրա չարաշահումն ու հարբեցողությունը։
Վերհիշենք
Ո՞րն է Աստվածաշնչի տեսակետը ալկոհոլի վերաբերյալ։
Չափից շատ խմելն ինչո՞վ է վտանգավոր։
Ինչպե՞ս կարող ենք հարգել ալկոհոլի վերաբերյալ մյուսների կայացրած որոշումները։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Պատանիներն ինչպե՞ս կարող են ճիշտ որոշում կայացնել ալկոհոլի վերաբերյալ։
Տես, թե ինչ քայլեր կարող ես ձեռնարկել ալկոհոլային կախվածությունը հաղթահարելու համար։
«Ալկոհոլի հանդեպ հավասարակշռված վերաբերմունք» («Դիտարան», 2010, հունվարի 1)
Ծնողները ե՞րբ և ինչպե՞ս պետք է երեխաների հետ խոսեն ալկոհոլի մասին։
Կարդա «Ես անտակ տակառ էի» վերնագրով պատմությունը և տես, թե մի մարդ ինչպես հաղթահարեց ալկոհոլային կախվածությունը։
«Աստվածաշունչը փոխում է կյանքերը» («Դիտարան», 2012, մայիսի 1)
a Ալկոհոլից կախվածություն ունեցող մարդիկ գուցե մասնագիտական օգնության կարիք ունենան։ Շատ բժիշկներ նման մարդկանց առաջարկում են ընդհանրապես հրաժարվել ալկոհոլից։