ԴԱՍ 42
Ի՞նչ է ասում Աստվածաշունչը ամուրիության և ամուսնության մասին
Որոշ մշակույթներում տարածված կարծիք կա, որ չամուսնացած մարդիկ չեն կարող երջանիկ լինել։ Սակայն իրողությունն այն է, որ ոչ բոլոր ամուսնական զույգերն են երջանիկ, և ոչ բոլոր ամուրիներն են դժբախտ։ Աստվածաշնչի համաձայն՝ թե՛ ամուրիությունը, թե՛ ամուսնությունը Աստծուց տրված պարգևներ են։
1. Որո՞նք են ամուրիության առավելությունները
Աստվածաշնչում ասվում է. «Ով ամուսնանում է, լավ է անում, բայց ով չի ամուսնանում, ավելի լավ է անում» (կարդա 1 Կորնթացիներ 7։32, 33, 38)։ Ի՞նչ իմաստով է ամուրի անհատը «ավելի լավ անում»։ Ամուրիները կողակցի մասին հոգ տանելու պարտականություն չունեն, ուստի կարելի է ասել, որ նրանք ավելի ազատ են։ Դա ոմանց թույլ է տալիս ծառայության մեջ ավելին անել, օրինակ՝ քարոզելու նպատակով տեղափոխվել այլ երկիր։ Բայց ամենակարևորը՝ նրանք ավելի շատ ժամանակ են ունենում Եհովայի հետ իրենց մտերմությունն ամրացնելու համար։
2. Որո՞նք են օրինական ամուսնության առավելությունները
Ամուրիության պես՝ ամուսնությունն էլ ունի իր առավելությունները։ Աստվածաշնչում ասվում է, որ «երկուսով ավելի լավ է, քան մենակ» (Ժողովող 4։9)։ Սա հատկապես վերաբերում է այն քրիստոնյաներին, ովքեր ապրում են աստվածաշնչյան սկզբունքներով։ Օրինականորեն գրանցելով իրենց ամուսնությունը՝ զույգերը խոստանում են սիրել, փայփայել և հարգել միմյանց։ Այսպիսի զույգերը հաճախ ավելի ապահով են իրենց զգում, քան նրանք, ովքեր պարզապես իրար հետ են ապրում։ Օրինական ամուսնությունը նաև ապահով միջավայր է ստեղծում երեխաներ մեծացնելու համար։
3. Ինչպե՞ս է Եհովան վերաբերվում ամուսնությանը
Երբ Եհովան հիմնեց առաջին ամուսնությունը, ասաց. «Տղամարդը կթողնի իր հորն ու մորը և կմիանա իր կնոջը» (Ծննդոց 2։24)։ Եհովան ուզում է, որ ամուսինն ու կինը սիրեն իրար և ապրեն միասին, քանի դեռ մահը չի բաժանել նրանց։ Նա թույլ է տվել ամուսնալուծվել միայն կողակիցներից մեկի դավաճանության դեպքում։ Նման իրավիճակում Եհովան անմեղ կողմին իրավունք է տվել որոշելու՝ ամուսնալուծվել, թե ոչ (Մատթեոս 19։9)։a Ըստ Աստվածաշնչի՝ բազմամուսնությունը անընդունելի է քրիստոնյաների համար (1 Տիմոթեոս 3։2)։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Իմացիր, թե ինչպես կարող ես երջանիկ լինել և ուրախացնել Եհովային՝ անկախ նրանից՝ ամուրի ես, թե ամուսնացած։
4. Ճիշտ օգտագործիր ամուրիության պարգևը
Հիսուսը ամուրիությունը պարգև էր համարում (Մատթեոս 19։11, 12)։ Կարդացեք Մատթեոս 4։23-ը, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը.
Ամուրի լինելու շնորհիվ Հիսուսը իր Հորը ծառայելու և ուրիշներին օգնելու ի՞նչ հնարավորություններ ուներ։
Հիսուսի պես՝ քրիստոնյաները կարող են ճիշտ օգտագործել իրենց ամուրիության պարգևը և ուրախություն ստանալ։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք հաջորդող հարցը.
Ի՞նչ հրաշալի հնարավորություններ են բացվում ամուրի քրիստոնյաների առաջ։
Գիտեի՞ր
Աստվածաշունչը ամուսնության համար նվազագույն տարիք չի սահմանում։ Բայց այն խրախուսում է սպասել, մինչև որ անցնի «երիտասարդության ծաղկունքի շրջանը», քանի որ այդ ժամանակ ուժգին սեռական ցանկությունները կարող են մթագնել սթափ դատողությունը (1 Կորնթացիներ 7։36)։
5. Կողակցի ընտրության հարցում իմաստուն եղիր
Կողակցի ընտրությունը կյանքի ամենակարևոր որոշումներից մեկն է։ Կարդացեք Մատթեոս 19։4-6, 9 համարները և քննարկեք հետևյալ հարցը.
Քրիստոնյան ինչո՞ւ չպետք է շտապի ամուսնանալ։
Աստվածաշունչը կօգնի քեզ հասկանալ, թե որ հատկանիշներին ուշադրություն դարձնես կողակից ընտրելիս։ Ամենակարևորը՝ փնտրիր այնպիսի կողակից, ով սիրում է Եհովային։b Կարդացեք 1 Կորնթացիներ 7։39-ը և 2 Կորնթացիներ 6։14-ը, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը.
Ինչո՞ւ պետք է միայն մեր հավատակիցներից կողակից ընտրենք։
Եհովան ի՞նչ կզգա, եթե ամուսնանանք այնպիսի մարդու հետ, ով չի սիրում իրեն։
Եթե երկու իրարից շատ տարբեր կենդանիների միևնույն լծի տակ դնեն, երկուսն էլ կտանջվեն։ Նմանապես՝ եթե քրիստոնյան ամուսնանա այնպիսի մեկի հետ, ով չի պաշտում Եհովային, շատ խնդիրների կբախվի
6. Ամուսնության վերաբերյալ ունեցիր Եհովայի տեսակետը
Հին Իսրայելում ոմանք, շարժվելով իրենց քմահաճույքներով, ամուսնալուծվում էին իրենց կանանցից։ Կարդացեք Մաղաքիա 2։13, 14, 16 համարները և քննարկեք այս հարցը.
Ինչո՞ւ է Եհովան ատում աստվածաշնչյան հիմք չունեցող ամուսնալուծությունը։
Դավաճանությունը և ամուսնալուծությունը մեծ ցավ են պատճառում թե՛ անմեղ կողակցին, թե՛ երեխաներին
Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հաջորդող հարցը.
Եթե ամուսնացած ես Եհովային չպաշտող մարդու հետ, ի՞նչ կարող ես անել, որ ձեր միությունը երջանիկ լինի։
7. Հետևիր ամուսնության վերաբերյալ Եհովայի չափանիշներին
Ամուսնության մեջ Եհովայի սկզբունքները կիրառելու համար գուցե կարիք լինի մեծ ջանքեր գործադրել։c Սակայն Եհովան օրհնում է նրանց, ովքեր այդպես են վարվում։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ։
Կարդացեք Եբրայեցիներ 13։4-ը և քննարկեք հետևյալ հարցերը.
Ամուսնության վերաբերյալ Եհովայի չափանիշները խելամի՞տ ես համարում։ Ինչո՞ւ։
Եհովան ուզում է, որ քրիստոնյաները, տեղի իշխանությունների սահմանած կարգի համաձայն, գրանցեն թե՛ ամուսնությունը, թե՛ ամուսնալուծությունը։ Կարդացեք Տիտոս 3։1-ը, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը.
Եթե ամուսնացած ես, ձեր միությունը գրանցվա՞ծ է պետական օրենքների համաձայն։
ՈՄԱՆՔ ԳՈՒՑԵ ՀԱՐՑՆԵՆ. «Ի՞նչ պարտադիր է գրանցել ամուսնությունը։ Առանց դրա էլ կարելի է ընտանիք կազմել»։
Ի՞նչ կպատասխանես։
ԱՄՓՈՓՈՒՄ
Թե՛ ամուրիությունը, թե՛ ամուսնությունը պարգև են Եհովայից։ Երկուսն էլ կարող են ուրախություն բերել, եթե մարդն ապրի Եհովայի կամքին ներդաշնակ։
Վերհիշենք
Անհատն ինչպե՞ս կարող է ճիշտ օգտագործել իր ամուրիության պարգևը։
Աստվածաշնչում ինչո՞ւ է ասվում, որ պետք է ամուսնանալ միայն Եհովայի ծառայի հետ։
Ո՞րն է ամուսնալուծության միակ աստվածաշնչյան հիմքը։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Ի՞նչ է նշանակում ամուսնանալ «միայն Տիրոջ հետևորդի հետ»։
Տես, թե ինչը կօգնի քեզ ճիշտ որոշումներ կայացնել մտերմություն անելու և ամուսնության հետ կապված։
Իմացիր, թե մի եղբայր ինչու է կարծում, որ Եհովայի տված օրհնությունները ավելի արժեքավոր են, քան այն, ինչ նա թողել է հետևում։
Ի՞նչ հարցեր պետք է հաշվի առնել նախքան ամուսնալուծության կամ անջատ ապրելու մասին մտածելը։
«Պատվական համարիր այն, ինչ «Աստված միավորեց մեկ լծի տակ»» («Դիտարան», 2018, դեկտեմբեր)
a Տես «Հավելյալ տեղեկություն 4», որտեղ խոսվում է այն մասին, թե որ դեպքերում կարելի է անջատ ապրել, եթե դավաճանություն տեղի չի ունեցել։
b Որոշ մշակույթներում ծնողներն են կողակից ընտրում իրենց երեխաների համար։ Այդ պարագայում ծնողները նախևառաջ ոչ թե պետք է ուշադրություն դարձնեն անհատի նյութական կամ սոցիալական վիճակին, այլ այն բանին, թե արդյոք նա սիրում է Եհովային։
c Եթե ապրում ես մեկի հետ, ով քո օրինական կողակիցը չէ, ինքդ պետք է որոշես՝ հեռանալ նրանից, թե օրինականացնել ձեր հարաբերությունները։