ԴԱՍ 38
Թանկ գնահատիր Աստծու նվերը՝ կյանքը
Կյանքը լի է հրաշալի ակնթարթներով։ Նույնիսկ խնդիրների բախվելիս հնարավո՛ր է ուրախանալու պատճառներ գտնել։ Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ գնահատում ենք Աստծու տված նվերը՝ կյանքը, և ո՞րն է դա անելու գլխավոր պատճառը։
1. Ինչո՞ւ պետք է գնահատենք կյանքը
Մենք պետք է թանկ գնահատենք կյանքը, որովհետև այն մեր սիրառատ Հոր՝ Եհովայի պարգևն է։ Եհովան է ստեղծել ամեն ինչ. նա է «կյանքի աղբյուրը» (Սաղմոս 36։9)։ «Նա ինքն է բոլոր մարդկանց տալիս կյանք, շունչ և ամեն բան» (Գործեր 17։25, 28)։ Եհովան մեզ տալիս է ապրելու համար անհրաժեշտ բոլոր բաները։ Ավելին՝ նա մեզ տվել է բարիքներ, որոնց շնորհիվ բավականություն ենք ստանում կյանքից (կարդա Գործեր 14։17)։
2. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ Եհովային, որ գնահատում ենք կյանքը
Քո ստեղծման առաջին իսկ օրից Եհովան հոգ է տանում քեզ համար։ Եհովայի ծառաներից մեկը՝ Դավիթը, նրան աղոթելիս ասաց. «Քո աչքերը տեսնում էին ինձ, անգամ երբ դեռ սաղմ էի» (Սաղմոս 139։16)։ Քո կյանքը շատ թանկ է Եհովայի համար (կարդա Մատթեոս 10։29-31)։ Նրան մեծ ցավ է պատճառում, երբ ինչ-որ մեկը գիտակցաբար վերջ է դնում իր կամ ուրիշի կյանքին (Ելք 20։13)։a Նա նաև ցավ կզգա, եթե անհարկի վտանգենք մեր կյանքը կամ կանխարգելիչ միջոցներ չձեռնարկենք դիմացինի կյանքը պահպանելու համար։ Եթե զգույշ լինենք և վտանգի չենթարկենք ո՛չ մեր, ո՛չ ուրիշների կյանքը, ցույց կտանք, որ գնահատում ենք մեզ տրված հրաշալի պարգևը։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Տես, թե ինչ կերպերով կարող ես ցույց տալ, որ թանկ ես գնահատում կյանքը։
3. Հոգ տար առողջությանդ մասին
Նվիրվելով Աստծուն՝ մենք խոստանում ենք մեր կյանքի բոլոր ոլորտներում կատարել նրա կամքը։ Ինչպես ասում է Աստվածաշունչը, մենք ասես մեր մարմինը տալիս ենք Աստծուն որպես նրան ընդունելի զոհ, ուստի պետք է հոգ տանենք մեր առողջության մասին։ Կարդացեք Հռոմեացիներ 12։1, 2-ը և քննարկեք հետևյալ հարցերը.
Ինչո՞ւ պետք է հոգ տանես քո առողջության մասին։
Ի՞նչ կերպերով կարող ես դա անել։
4. Կարևորիր քո և ուրիշների անվտանգությունը
Աստվածաշունչը հորդորում է խուսափել վտանգավոր սովորություններից ու արարքներից, որոնք կարող են վնասվածքների կամ նույնիսկ մահվան պատճառ դառնալ։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ իմանալու համար, թե ինչու է կարևոր հետևել անվտանգության կանոններին։
Կարդացեք Առակներ 22։3-ը, որից հետո քննարկեք, թե ինչպես կարելի է պահպանել անվտանգությունը՝
տանը,
աշխատավայրում,
սպորտով զբաղվելիս,
որևէ փոխադրամիջոց վարելիս կամ դրանից օգտվելիս։
5. Թանկ համարիր չծնված երեխայի կյանքը
Դավիթը բանաստեղծական ոճով ցույց տվեց, թե Եհովան որքան շատ է հետաքրքրված մոր արգանդում գտնվող երեխայի կյանքով։ Կարդացեք Սաղմոս 139։13-17-ը, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը.
Եհովայի համար մարդու կյանքը ե՞րբ է սկսվում՝ բեղմնավորման ժամանա՞կ, թե՞ նրա ծննդյան պահին։
Եհովան հին Իսրայելին օրենքներ էր տվել, որոնք պաշտպանում էին մայրերին և նրանց չծնված երեխաներին։ Կարդացեք Ելք 21։22, 23-ը և քննարկեք հետևյալ հարցերը.
Ինչպե՞ս էր Եհովան վերաբերվում այն մարդուն, ով պատահաբար դառնում էր չծնված երեխայի մահվան պատճառ։
Ի՞նչ կզգար նա, եթե ինչ-որ մեկը դիտավորյալ վերջ դներ չծնված երեխայի կյանքին։b
Համաձա՞յն ես Աստծու տեսակետին։
Նույնիսկ եթե կինը թանկ է համարում կյանքը, նա գուցե մտածի, թե իր պարագայում հղիության արհեստական ընդհատումը միակ լուծումն է։ Կարդացեք Եսայիա 41։10-ը, որից հետո քննարկեք հետևյալ հարցերը.
Եթե կնոջ վրա ճնշում են գործադրում, որ ընդհատի հղիությունը, նա ո՞ւմ պետք է դիմի օգնության համար։ Ինչո՞ւ։
ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Կինը իրավունք ունի որոշելու՝ ընդհատել հղիությունը, թե ոչ։ Դա իր մարմինն է»։
Ի՞նչն է համոզում քեզ, որ Եհովայի համար թանկ է թե՛ մոր, թե՛ չծնված երեխայի կյանքը։
ԱՄՓՈՓՈՒՄ
Աստվածաշնչից սովորում ենք, որ պետք է գնահատենք Եհովայի տված պարգևը՝ կյանքը, սիրենք ու պահպանենք այն։ Սա վերաբերում է թե՛ մեր, թե՛ ուրիշների կյանքին։
Վերհիշենք
Ինչո՞ւ է մարդու կյանքը թանկ Եհովայի համար։
Ի՞նչ է զգում Եհովան, երբ ինչ-որ մեկը դիտավորյալ վերջ է դնում իր կամ ուրիշի կյանքին։
Գնահատո՞ւմ ես քեզ տրված պարգևը՝ կյանքը։ Ինչո՞ւ։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Ինչպե՞ս կարող ես շնորհակալ լինել Եհովային կյանքի համար։
Աստված կների՞ այն կնոջը, ով հղիության արհեստական ընդհատում է արել։
«Ի՞նչ է Աստվածաշունչն ասում հղիության արհեստական ընդհատման մասին» (վեբ հոդված)
Տես, թե կյանքի վերաբերյալ Եհովայի տեսակետը ինչպես պետք է ազդի ժամանցի մեր ընտրության վրա։
««Էքստրեմալ սպորտաձևեր». արժե՞ ռիսկի դիմել» (հոդված՝ «Արթնացե՛ք»-ից)
Աստվածաշունչն ինչպե՞ս կարող է օգնել նրան, ով մտածում է ինքնասպանություն գործելու մասին։
a Եհովան խորապես հետաքրքրված է ընկճված մարդկանց բարօրությամբ (Սաղմոս 34։18)։ Նա հասկանում է նրանց զգացմունքները, ովքեր հուսալքության կամ ծանր ապրումների պատճառով ուզում են վերջ դնել իրենց կյանքին, և ցանկանում է օգնել։ Իմացիր, թե նա ինչպես է աջակցում այդպիսի մարդկանց՝ կարդալով «Բացահայտիր ավելին» բաժնում նշված «Էլ չեմ ուզում ապրել. կարո՞ղ է Աստվածաշունչը օգնել ինձ, եթե մտածում եմ ինքնասպանության մասին» վերնագրով հոդվածը։
b Կարիք չկա, որ այն կանայք, ովքեր նախկինում դիմել են հղիության արհեստական ընդհատման, չափից շատ մեղավորության զգացում ունենան։ Եհովան կարող է ներել նրանց։ Հավելյալ տեղեկությունների համար կարդա «Բացահայտիր ավելին» բաժնում նշված «Ի՞նչ է Աստվածաշունչն ասում հղիության արհեստական ընդհատման մասին» հոդվածը։