ԴԱՍ 24
Ո՞րն է ճշմարտությունը հրեշտակների մասին
Եհովան ուզում է, որ ծանոթանանք իր երկնային ընտանիքի հետ։ Այդ ընտանիքի մաս են կազմում հրեշտակները, որոնք կոչվում են «Աստծու որդիներ» (Հոբ 1։6)։ Ի՞նչ է Աստվածաշնչում գրված հրեշտակների մասին։ Ի՞նչ դեր ունեն նրանք մարդկանց կյանքում։ Արդյո՞ք բոլոր հրեշտակներն են Աստծու ընտանիքի մաս կազմում։
1. Ովքե՞ր են հրեշտակները
Եհովան հրեշտակներին ստեղծել է նախքան երկիրն արարելը։ Իր նման նրանք էլ են անտեսանելի ոգիներ, որոնք ապրում են երկնքում (Եբրայեցիներ 1։14)։ Գոյություն ունեն միլիոնավոր հրեշտակներ, և նրանցից յուրաքանչյուրը առանձին անհատականություն է (Հայտնություն 5։11)։ Նրանք «հնազանդվում են [Եհովայի] ձայնին» ու կատարում են նրա խոսքը (Սաղմոս 103։20)։ Հնում Եհովան երբեմն ուղարկում էր իր հրեշտակներին, որ նրանց միջոցով տեղեկություններ փոխանցեր իր ծառաներին, աջակցեր ու փրկեր նրանց։ Այսօր հրեշտակները ուղղորդում են քրիստոնյաներին այն մարդկանց մոտ, ովքեր ուզում են սովորել Աստծու մասին։
2. Ովքե՞ր են Սատանան և նրա դևերը
Որոշ հրեշտակներ հավատարիմ չմնացին Եհովային։ Նրանցից առաջինը, ով ըմբոստացավ, «Բանսարկու և Սատանա է կոչվում, որ մոլորեցնում է ողջ աշխարհը» (Հայտնություն 12։9)։ Սատանան ուզում էր իշխել ուրիշների վրա, ուստի առաջին մարդկային զույգին և հետագայում նաև որոշ հրեշտակների դրդեց միանալ իր բարձրացրած ըմբոստությանը։ Այդ ըմբոստ հրեշտակները կոչվում են դևեր։ Եհովան նրանց վռնդեց երկնքից ու գցեց երկիր։ Նա պատրաստվում է ոչնչացնել նրանց (կարդա Հայտնություն 12։9, 12)։
3. Սատանան և նրա դևերը ինչպե՞ս են փորձում մոլորեցնել մեզ
Սատանան և դևերը մոլորեցնում են մարդկանց ոգեհարցության միջոցով, ինչը դևերի հետ ուղղակի կամ անուղղակի հաղորդակցություն է։ Օրինակ՝ ոմանք դիմում են աստղագուշակների, բախտագուշակների, էքստրասենսների, երազահանների և հեքիմների օգնությանը։ Ուրիշները դիմում են բուժման այնպիսի ձևերի, որոնք կապ ունեն ոգեհարցության հետ։ Կան մարդիկ էլ, ովքեր հավատում են, թե կարող են խոսել մահացածների հետ։ Շատերը չեն էլ գիտակցում, որ նման բաներով զբաղվելը չար ոգիների հետ հաղորդակցվելու միջոց է։ Սակայն Եհովան զգուշացնում է. «Ոգեհարցների և բախտագուշակների չդիմեք» (Ղևտական 19։31)։ Այս նախազգուշացման նպատակն է՝ պաշտպանել մեզ Սատանայից ու դևերից։ Նրանք Աստծու թշնամիներն են և ուզում են վնասել մեզ։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Իմացիր, թե հրեշտակները ինչ լավ բաներ են անում, ինչով է վտանգավոր ոգեհարցությունը, և ինչպես կարող ենք պաշտպանվել Սատանայից ու դևերից։
4. Հրեշտակներն օգնում են մարդկանց ճանաչել Եհովային
Թեև հրեշտակները անմիջականորեն չեն քարոզում, սակայն օգնում են Աստծու ծառաներին գտնել այն մարդկանց, ովքեր ցանկանում են ճանաչել նրան։ Կարդացեք Հայտնություն 14։6, 7-ը և քննարկեք հետևյալ հարցերը.
Քարոզչական գործում ինչո՞ւ հրեշտակների օգնության կարիքն ունենք։
Ի՞նչ ես զգում՝ իմանալով, որ հրեշտակները կարող են օգնել քեզ գտնելու այնպիսի մարդու, ով ցանկանում է աստվածաշնչյան գիտելիքներ ձեռք բերել։
5. Մերժիր ոգեհարցությունը
Սատանան և դևերը Եհովայի թշնամիներն են։ Նրանք նաև մեր թշնամիներն են։ Կարդացեք Ղուկաս 9։38-42-ը և քննարկեք հետևյալ հարցը.
Ինչպե՞ս են դևերը վերաբերվում մարդկանց։
Մենք չենք ուզում առիթ տալ դևերին, որ ներխուժեն մեր կյանք և ազդեցություն բանեցնեն մեզ վրա։ Կարդացեք 2 Օրենք 18։10-12-ը և քննարկեք հետևյալ հարցերը.
Դևերը ի՞նչ կերպերով են փորձում ազդել մեզ վրա և հաղորդակցվել մեզ հետ։ Ոգեհարցության ո՞ր ձևերն են տարածված ձեր տարածքում։
Քո կարծիքով՝ տեղի՞ն է, որ Եհովան արգելում է զբաղվել ոգեհարցությամբ։ Ինչո՞ւ ես այդպես կարծում։
Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հաջորդող հարցերը.
Քո կարծիքով՝ Պալեսայի դստեր թալիսմանը վտանգավո՞ր էր։ Ինչո՞ւ։
Պալեսան ի՞նչ պետք է աներ դևերից պաշտպանվելու համար։
Ճշմարիտ քրիստոնյաները միշտ հակառակվել են դևերին։ Կարդացեք Գործեր 19։19-ը և 1 Կորնթացիներ 10։21-ը ու քննարկեք հետևյալ հարցը.
Ինչո՞ւ է կարևոր ոչնչացնել այն ամենը, ինչ կապված է ոգեհարցության հետ։
6. Հաղթիր Սատանային և նրա դևերին
Դևերի իշխանը Սատանան է, իսկ հավատարիմ հրեշտակների առաջնորդը հրեշտակապետ Միքայելն է (սա Հիսուսի մյուս անունն է)։ Որքա՞ն հզոր է Միքայելը։ Կարդացեք Հայտնություն 12։7-9-ը և քննարկեք հետևյալ հարցերը.
Ո՞վ է ավելի զորեղ՝ Միքայելն ու իր հրեշտակնե՞րը, թե՞ Սատանան ու իր դևերը։
Հիսուսի հետևորդները Սատանայից կամ դևերից վախենալու պատճառ ունե՞ն։
Դու կարո՛ղ ես հաղթել Սատանային ու նրա դևերին։ Կարդացեք Հակոբոս 4։7-ը և քննարկեք հետևյալ հարցը.
Ինչպե՞ս կարող ես պաշտպանվել Սատանայից ու դևերից։
ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Ոչ մի վատ բան չկա ոգեհարցական խաղեր խաղալու կամ ֆիլմեր դիտելու մեջ։ Դա ընդամենը զբաղմունք է»։
Ինչո՞ւ է այս մտածելակերպը վտանգավոր։
ԱՄՓՈՓՈՒՄ
Եհովայի հավատարիմ հրեշտակները օգնում են մեզ, իսկ Սատանան ու իր դևերը նրա թշնամիներն են և ոգեհարցության միջոցով մոլորեցնում են մարդկանց։
Վերհիշենք
Հրեշտակներն ինչպե՞ս են օգնում մարդկանց ճանաչել Եհովային։
Ովքե՞ր են Սատանան և նրա դևերը։
Ինչո՞ւ ես ուզում հեռու մնալ ոգեհարցությունից։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Տես, թե ինչ փաստեր կան, որ Հիսուսը Միքայել հրեշտակապետն է։
Ի՞նչն է փաստում, որ Սատանան պարզապես մարդու ներսի չարությունը չէ։
Տես, թե մի կին ինչպես ազատվեց դևերի ազդեցությունից։
Սատանան ինչպե՞ս է ոգեհարցության միջոցով մոլորեցնում մարդկանց։