ԴԱՍ 20
Ժողովի կազմակերպչական կառուցվածքը
Եհովան կարգուկանոն սիրող Աստված է (1 Կորնթացիներ 14։33, 40)։ Հետևաբար տրամաբանական է ակնկալել, որ իր ժողովուրդը պետք է կազմակերպված լինի։ Ինչպե՞ս է գործում քրիստոնեական ժողովը։ Մենք ինչպե՞ս կարող ենք նպաստել, որ ժողովում կարգուկանոն տիրի։
1. Ո՞վ է ժողովի գլուխը
«Քրիստոսը.... ժողովի գլուխն է» (Եփեսացիներ 5։23)։ Հիսուսը երկնքից ուղղորդում է Եհովայի ժողովրդի գործունեությունը, որ իրականացվում է ողջ աշխարհում։ Նա դա անում է «հավատարիմ և իմաստուն ծառայի» միջոցով, որը հասուն երեցներից բաղկացած փոքր խումբ է և կոչվում է նաև Կառավարիչ մարմին (կարդա Մատթեոս 24։45-47)։ Առաջին դարում քրիստոնյաների գործունեությունն ուղղորդում էին Երուսաղեմում գտնվող առաքյալներն ու երեցները։ Նմանապես այսօր Կառավարիչ մարմինը ուղղորդում է ողջ աշխարհի ժողովներին (Գործեր 15։2)։ Սակայն Կառավարիչ մարմնի անդամները մեր կազմակերպության առաջնորդները չեն։ Նրանք ուշադիր քննում են Աստծու Խոսքը, որ հասկանան տարբեր հարցերի վերաբերյալ նրա կամքը, և հնազանդվում են Հիսուսի գլխավորությանը։
2. Ովքե՞ր են երեցները, և ո՞րն է նրանց դերը
Երեցները հասուն քրիստոնյա տղամարդիկ են, ովքեր ուսուցանում են Աստծու Խոսքը և հովվում, կամ՝ հոգ են տանում Եհովայի ժողովրդին՝ օգնելով ու քաջալերելով նրանց։ Այս ամենի դիմաց նրանք վարձատրություն չեն ստանում։ Երեցները ծառայում են «Աստծուն հաճելի պատրաստակամությամբ, ոչ թե շահասիրությունից դրդված, այլ ջանասիրությամբ» (1 Պետրոս 5։1, 2)։ Նրանց աջակցում են ծառայող օգնականները, որոնք ժամանակի ընթացքում նույնպես կարող են համապատասխանել երեց դառնալու չափանիշներին և ստանձնել այդ պատասխանատվությունը։
Կառավարիչ մարմինը որոշ երեցների նշանակում է որպես շրջանային վերակացուներ։ Նրանք այցելում են տարբեր ժողովներ, որ ցուցումներ տան ու քաջալերեն նրանց։ Շրջանային վերակացուները երեցներ և ծառայող օգնականներ են նշանակում այն տղամարդկանց, ովքեր համապատասխանում են աստվածաշնչյան պահանջներին (1 Տիմոթեոս 3։1-10, 12; Տիտոս 1։5-9)։
3. Ի՞նչ պարտականություն ունի յուրաքանչյուր Եհովայի վկա
Ժողովում բոլորը «գովաբանում են» Եհովայի անունը՝ ներկա լինելով հանդիպումներին և իրենց հնարավորության սահմաններում մասնակցելով քարոզչական ծառայությանը (կարդա Սաղմոս 148։12, 13)։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Իմացիր, թե ինչպիսի առաջնորդ է Հիսուսը, ինչպես են երեցները ձգտում ընդօրինակել նրան, և թե ինչպես կարող ենք համագործակցել Հիսուսի ու երեցների հետ։
4. Հիսուսը լավ առաջնորդ է
Հիսուսը առանձնահատուկ հրավեր է տալիս յուրաքանչյուրիս։ Կարդացեք Մատթեոս 11։28-30-ը, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը.
Ինչպիսի՞ առաջնորդ է Հիսուսը։ Ինչո՞ւ կարող ենք ասել, որ նա ուզում է՝ մենք լավ զգանք իր գլխավորության ներքո։
Ինչպե՞ս են երեցները ընդօրինակում Հիսուսին։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ։
Աստվածաշունչը հստակ ցույց է տալիս, թե երեցներն ինչպես պետք է անեն իրենց գործը։
Կարդացեք Եսայիա 32։2-ը և 1 Պետրոս 5։1-3-ը, ապա քննարկեք հետևյալ հարցերը.
Ի՞նչ ես զգում՝ իմանալով, որ երեցները Հիսուսի պես ձգտում են թարմացնել մյուսներին։
Ուրիշ ի՞նչ կերպերով են երեցները ընդօրինակում Հիսուսին։
5. Երեցները սովորեցնում են իրենց օրինակով
Հիսուսն ի՞նչ է ակնկալում երեցներից։ Նրանք ինչպե՞ս պետք է վերաբերվեն իրենց պարտականություններին։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ։
Հիսուսը հստակ պահանջներ սահմանեց ժողովը առաջնորդող եղբայրների համար։ Կարդացեք Մատթեոս 23։8-12-ը և քննարկեք հետևյալ հարցերը.
Ըստ Հիսուսի խոսքերի՝ ինչպիսի՞ն պետք է լինեն երեցները։ Ի՞նչն է տպավորում քեզ, երբ տեսնում ես երեցների և կրոնական առաջնորդների միջև տարբերությունը։
Ա) Երեցները հոգ են տանում, որ թե՛ իրենք, թե՛ իրենց ընտանիքները հոգևորապես ամուր լինեն
Բ) Երեցները հոգ են տանում ողջ ժողովի մասին
Գ) Երեցները կանոնավոր քարոզում են
Դ) Երեցները ուսուցանում են։ Նրանք նաև օգնում են մաքրության և այլ գործերում
6. Համագործակցենք երեցների հետ
Աստվածաշունչը երեցների հետ համագործակցելու ծանրակշիռ հիմք է տալիս։ Կարդացեք Եբրայեցիներ 13։17-ը և քննարկեք այս հարցերը.
Ըստ քեզ՝ առաջնորդող եղբայրներին հնազանդվելու և հպատակվելու վերաբերյալ աստվածաշնչյան պատվերը խելամի՞տ է։ Ինչո՞ւ։
Կարդացեք Ղուկաս 16։10-ը և քննարկեք հետևյալ հարցը.
Ինչո՞ւ է կարևոր համագործակցել երեցների հետ նույնիսկ փոքր թվացող հարցերում։
ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Աստծուն պաշտելու համար պարտադիր չէ, որ ինչ-որ կրոնի անդամ լինես»։
Ի՞նչ առավելություններ կան, երբ Աստծուն պաշտում ես ժողովի հետ, ոչ թե մենակ։
ԱՄՓՈՓՈՒՄ
Հիսուսը ժողովի գլուխն է։ Մենք ուրախությամբ համագործակցում ենք երեցների հետ, ովքեր ծառայում են Հիսուսի գլխավորության ներքո, քանի որ նրանք թարմության աղբյուր և լավ օրինակ են մեզ համար։
Վերհիշենք
Ո՞վ է ժողովի գլուխը։
Ինչպե՞ս են երեցներն օգնում ժողովին։
Ի՞նչ է ակնկալվում Եհովային պաշտող յուրաքանչյուր մարդուց։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Տես, թե Կառավարիչ մարմինն ու մյուս երեցները ինչպես են հոգ տանում իրենց հավատակիցների մասին։
«Ամրացնում են եղբայրների հավատարիմ մնալու վճռականությունը» (4։22)
Իմացիր, թե ինչ գործ են անում շրջանային վերակացուները։
«Հեռավոր վայրերում ծառայող շրջանային վերակացուի կյանքը» (4։51)
Ժողովում ի՞նչ դեր ունեն կանայք։
«Եհովայի վկա կանայք սովորեցնո՞ւմ են» («Դիտարան», 2012, սեպտեմբերի 1)
Այս հոդվածից կիմանաս, թե երեցներն ինչ ջանքեր են գործադրում, որ քաջալերեն իրենց հավատակիցներին։
«Երեցները «համագործակիցներ են և նպաստում են մեր ուրախությանը»» («Դիտարան», 2013, հունվարի 15)