ԴԱՍ 18
Ինչպե՞ս ճանաչել ճշմարիտ քրիստոնյաներին
Միլիարդավոր մարդիկ իրենց քրիստոնյա են համարում, սակայն ո՛չ նրանց հավատալիքներն են նույնը, ո՛չ էլ չափանիշները։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող ենք ճանաչել ճշմարիտ քրիստոնյաներին։
1. Ի՞նչ է նշանակում լինել քրիստոնյա
Քրիստոնյաները Հիսուս Քրիստոսի աշակերտներն են, կամ՝ հետևորդները (կարդա Գործեր 11։26)։ Ինչպե՞ս են նրանք փաստում, որ Հիսուսի աշակերտներն են։ Հիսուսն ասաց. «Եթե միշտ հնազանդվեք իմ խոսքին, ուրեմն իսկապես իմ աշակերտներն եք» (Հովհաննես 8։31)։ Սա նշանակում է, որ ճշմարիտ քրիստոնյաները հնազանդվում են Հիսուսի պատվիրաններին։ Հիսուսն իր ասածները միշտ հիմնում էր Սուրբ Գրքի վրա։ Նմանապես ճշմարիտ քրիստոնյաները իրենց հավատալիքները հիմնում են Աստվածաշնչի վրա (կարդա Ղուկաս 24։27)։
2. Ինչպե՞ս են ճշմարիտ քրիստոնյաները սեր դրսևորում
Հիսուսն ասաց իր հետևորդներին. «Սիրեք իրար այնպես, ինչպես ես ձեզ սիրեցի» (Հովհաննես 15։12)։ Հիսուսն ինչպե՞ս էր ցույց տալիս, որ սիրում է իր աշակերտներին։ Նա ժամանակ էր տրամադրում նրանց, քաջալերում էր և օգնում։ Հիսուսը նույնիսկ իր կյանքը տվեց նրանց համար (1 Հովհաննես 3։16)։ Նմանապես՝ ճշմարիտ քրիստոնյաները ոչ միայն ասում են, որ պետք է սիրել, այլև իրենց ջերմ խոսքերով ու գործերով սեր են դրսևորում միմյանց հանդեպ։
3. Ճշմարիտ քրիստոնյաներն ի՞նչ գործունեությամբ են զբաղված
Հիսուսն իր աշակերտներին գործ հանձնարարեց. նա նրանց «ուղարկեց քարոզելու Աստծու թագավորության մասին» (Ղուկաս 9։2)։ Առաջին դարի քրիստոնյաները քարոզում էին ոչ միայն իրենց ժողովարաններում, այլև հասարակական ուրիշ վայրերում և տնից տուն (կարդա Գործեր 5։42; 17։17)։ Նմանապես այսօր ճշմարիտ քրիստոնյաները աստվածաշնչյան բարի լուրը քարոզում են ամենուր, որտեղ մարդիկ կան։ Նրանք սիրում են մարդկանց, այդ պատճառով ուրախությամբ տրամադրում են իրենց ուժերն ու ժամանակը, որ հայտնեն Աստվածաշնչի հուսադրող լուրը ու մխիթարեն նրանց (Մարկոս 12։31)։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Իմացիր, թե ինչպես կարող ես տարբերել ճշմարիտ քրիստոնյաներին այն մարդկանցից, ովքեր չեն հետևում Հիսուսի պատվիրաններին և օրինակին։
4. Նրանք փնտրում են աստվածաշնչյան ճշմարտությունը
Առաջին դարի քրիստոնյաները թանկ էին համարում Աստծու Խոսքը, քարոզում էին և սեր էին դրսևորում
Իրենց քրիստոնյա համարող ոչ բոլոր մարդիկ են գնահատում աստվածաշնչյան ճշմարտությունները։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հաջորդող հարցը.
Քրիստոնեական համարվող եկեղեցիներն ինչպե՞ս են շեղվել Հիսուսի սովորեցրածներից։
Հիսուսը սովորեցնում էր Աստծու Խոսքում տեղ գտած ճշմարտությունը։ Կարդացեք Հովհաննես 18։37-ը և քննարկեք հետևյալ հարցը.
Հիսուսի խոսքերի համաձայն՝ ինչպե՞ս կարող ենք ճանաչել այն քրիստոնյաներին, ովքեր «ճշմարտության կողմն են»։
5. Նրանք քարոզում են աստվածաշնչյան ճշմարտությունը
Առաջին դարի քրիստոնյաները քարոզում էին
Նախքան երկինք համբարձվելը Հիսուսն իր աշակերտներին մի հանձնարարություն տվեց, որը կատարում են նաև իր ներկայիս հետևորդները։ Կարդացեք Մատթեոս 28։19, 20-ը և Գործեր 1։8-ը, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը.
Ի՞նչ մասշտաբների պետք է հասներ քարոզչական գործը։
6. Նրանք կիրառում են այն, ինչ քարոզում են
Ինչպե՞ս Թոմ անունով մի մարդ համոզվեց, որ գտել է ճշմարիտ կրոնը։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հաջորդող հարցերը.
Ինչո՞ւ էր Թոմը հույսը կտրել կրոնից։
Ինչո՞ւ է նա համոզված, որ գտել է ճշմարտությունը։
Գործերը խոսքերից ավելի ազդեցիկ են։ Կարդացեք Մատթեոս 7։21-ը, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը.
Ի՞նչն է Հիսուսի համար ավելի կարևոր՝ պարզապես ասե՞լը, որ հավատում ենք իրեն, թե՞ մեր հավատը գործերով փաստելը։
7. Նրանք սիրում են միմյանց
Առաջին դարի քրիստոնյաները սեր էին դրսևորում
Ճշմարիտ քրիստոնյաները պատրաստ են վտանգել իրենց կյանքը հանուն հավատակիցների։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հաջորդող հարցերը.
Ի՞նչը մղեց Լլոյդին, որ իր կյանքը վտանգի եղբայր Յոհանսոնի համար։
Քո կարծիքով՝ նա իսկական քրիստոնյայի նմա՞ն վարվեց։
Կարդացեք Հովհաննես 13։34, 35-ը, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը.
Հիսուսի աշակերտները՝ ճշմարիտ քրիստոնյաները, ինչպե՞ս պետք է վերաբերվեն այլ ռասայի կամ ազգության պատկանող մարդկանց։
Հիսուսի այս պատվերը կորցնո՞ւմ է իր ուժը պատերազմների ժամանակ։ Բացատրիր։
ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Տարբերություն չկա՝ ինչ հավատքի ես գնում, կարևորը՝ հավատաս Հիսուս Քրիստոսին»։
Ո՞ր համարով ցույց կտաս, որ ճշմարիտ քրիստոնյաները պետք է համապատասխանեն որոշակի պահանջների։
ԱՄՓՈՓՈՒՄ
Ճշմարիտ քրիստոնյաները իրենց կյանքում ուղղորդվում են Աստվածաշնչով, անձնազոհ սեր են դրսևորում և քարոզում են աստվածաշնչյան ճշմարտությունները։
Վերհիշենք
Ճշմարիտ քրիստոնյաներն ինչի՞ վրա են հիմնում իրենց հավատալիքները։
Ո՞ր հատկանիշն է բնորոշում ճշմարիտ քրիստոնյաներին։
Ի՞նչ գործ են անում ճշմարիտ քրիստոնյաները։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Ավելին իմացիր այն մարդկանց մասին, ովքեր ձգտում են հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին և սովորեցրածներին։
Տես, թե նախկին միանձնուհին ինչպես իսկական հոգևոր ընտանիք գտավ։
«Նրանք բոլոր հարցերիս պատասխանում էին Աստվածաշնչով» («Դիտարան», 2014, ապրիլի 1)
Իմացիր, թե ճշմարիտ քրիստոնյաներն ինչպես են սեր ցուցաբերում նեղության մեջ գտնվող իրենց հավատակիցների հանդեպ։
«Օգնություն հավատակիցներին, երբ աղետ է հարվածում» (հատված) (3։57)
Հիսուսի խոսքերը օգնում են բնորոշել ճշմարիտ քրիստոնյաներին։ Տես, թե նրանք ինչպես են առաջին դարի քրիստոնյաների պես համապատասխանում այդ նկարագրությանը։
«Ո՞րն է ճշմարիտ քրիստոնեությունը» («Դիտարան», 2012, մարտի 1)