ԴԱՍ 17
Ինչպիսի՞ անձնավորություն է Հիսուսը
Հիսուսի խոսքերն ու գործերը քննելով՝ մենք հիանում ենք նրա անհատականությամբ և մտերմանում թե՛ նրա, թե՛ Եհովայի՝ նրա Հոր հետ։ Ի՞նչ հատկանիշներով էր աչքի ընկնում Հիսուսը։ Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան։
1. Հիսուսն ինչո՞վ է նման իր Հորը
Իր երկնային կյանքի ընթացքում Հիսուսը հնարավորություն է ունեցել միլիարդավոր տարիներ սովորել Հորից և դիտել, թե նա ինչպես է սեր դրսևորում։ Արդյունքում նա շատ է նմանվել իր Հորը՝ որդեգրել է նրա մտածելակերպը, ուստի զգում ու գործում է նրա պես (կարդա Հովհաննես 5։19)։ Հիսուսն այնքան լավ է արտացոլում իր Հոր հատկանիշները, որ մի առիթով նույնիսկ ասաց. «Ով ինձ տեսավ, Հորը տեսավ» (Հովհաննես 14։9)։ Որքան շատ բան սովորես Հիսուսի մասին, այնքան ավելի լավ կճանաչես Եհովային։ Օրինակ՝ կարդալով մարդկանց հանդեպ Հիսուսի դրսևորած կարեկցանքի մասին, կիմանաս, թե Եհովան որքան շատ է սիրում քեզ։
2. Հիսուսն ինչպե՞ս ցույց տվեց, որ սիրում է Եհովային
Հիսուսն ասաց. «Որպեսզի աշխարհն իմանա, որ ես սիրում եմ Հորը, անում եմ այն, ինչ Հայրը պատվիրել է ինձ» (Հովհաննես 14։31)։ Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը անվերապահորեն հնազանդվում էր իր Հորը, նույնիսկ երբ դա անելը դժվար էր։ Այդպես նա ցույց էր տալիս իր մեծ սերը նրա հանդեպ։ Նա սիրում էր խոսել իր Հոր մասին և օգնում էր ուրիշներին մտերմանալ նրա հետ (Հովհաննես 14։23)։
3. Հիսուսն ինչպե՞ս ցույց տվեց, որ սիրում է մարդկանց
Աստվածաշնչից իմանում ենք, որ Հիսուսը «հատկապես ուրախանում էր մարդկանցով» (Առակներ 8։31)։ Նա ցույց էր տալիս իր սերը մարդկանց հանդեպ, երբ քաջալերում ու անձնազոհաբար օգնում էր նրանց։ Նրա հրաշքներն արտացոլում էին ոչ միայն իր զորությունը, այլև կարեկցանքը (Մարկոս 1։40-42)։ Հիսուսը բարությամբ էր վերաբերվում մարդկանց և անկողմնակալ էր։ Նրա խոսքերը մխիթարում և հույս էին տալիս ազնվասիրտ մարդկանց։ Հիսուսն այնքան է սիրում մարդկանց, որ պատրաստ եղավ տառապել ու մահանալ հանուն նրանց։ Սակայն Հիսուսի համար հատկապես թանկ են նրանք, ովքեր կատարում են իր պատվիրանները (կարդա Հովհաննես 15։13, 14)։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Ավելին իմացիր Հիսուսի մասին։ Տես նաև, թե ինչպես կարող ես նրա պես սեր և առատաձեռնություն դրսևորել։
4. Հիսուսը սիրում է իր Հորը
Հիսուսի օրինակից սովորում ենք, թե ինչպես կարող ենք դրսևորել Աստծու հանդեպ մեր սերը։ Կարդացեք Ղուկաս 6։12 և Հովհաննես 15։10; 17։26 համարները։ Յուրաքանչյուր համար ընթերցելուց հետո քննարկեք հետևյալ հարցը.
Եհովայի հանդեպ մեր սերը դրսևորելու հարցում ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսին։
Հիսուսը սիրում էր իր երկնային Հորը ու հաճախ աղոթում էր նրան
5. Հիսուսը կարեկից է
Հիսուսը ուրիշների շահերը իր շահերից բարձր էր դասում։ Նա պատրաստակամորեն օգնում էր մարդկանց, նույնիսկ երբ զբաղված էր ու հոգնած։ Կարդացեք Մարկոս 6։30-44-ը և քննարկեք հետևյալ հարցերը.
Ինչի՞ց է երևում, որ Հիսուսը մտածում էր ուրիշների մասին (տես 31, 34, 41 և 42 համարները)։
Ի՞նչն էր մղում Հիսուսին օգնելու մարդկանց (տես 34 համարը)։
Հաշվի առնելով, որ Հիսուսը արտացոլում է իր Հոր հատկանիշները՝ ի՞նչ ես սովորում Եհովայի մասին։
Ինչպե՞ս կարող ես Հիսուսի նման կարեկից լինել։
6. Հիսուսը առատաձեռն է
Թեև Հիսուսը նյութական շատ միջոցներ չուներ, սակայն առատաձեռն էր։ Նա խրախուսում է մեզ, որ մենք էլ առատաձեռն լինենք։ Կարդացեք Գործեր 20։35-ը և քննարկեք հետևյալ հարցը.
Ըստ Հիսուսի՝ ի՞նչ պետք է անենք, որ երջանիկ լինենք։
Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հաջորդող հարցը.
Ինչպե՞ս կարող ենք առատաձեռնություն դրսևորել, նույնիսկ եթե շատ միջոցներ չունենք։
Գիտեի՞ր
Աստվածաշունչը սովորեցնում է, որ Եհովային պետք է աղոթել Հիսուսի անունով (կարդա Հովհաննես 16։23, 24)։ Դա անելով՝ ընդունում ենք, որ առանց Հիսուսի երբեք չէինք կարողանա դառնալ Եհովայի ընկերը։
ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Աստված հետաքրքրված չէ մեզանով»։
Մարդկանց հանդեպ Հիսուսի վերաբերմունքը ինչպե՞ս է ցույց տալիս, որ Եհովան անտարբեր չէ մեր հանդեպ։
ԱՄՓՈՓՈՒՄ
Հիսուսը սիրում է Եհովային և մարդկանց։ Քանի որ Հիսուսը նման է իր Հորը, որքան լավ ճանաչես նրան, այնքան ավելի լավ կճանաչես Եհովային։
Վերհիշենք
Ընդօրինակելով Հիսուսին՝ ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ սիրում ենք Եհովային։
Ընդօրինակելով Հիսուսին՝ ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ սիրում ենք մարդկանց։
Հիսուսի հատկանիշներից ո՞րն է ամենաշատը քեզ դուր գալիս։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Տես, թե ինչպես կարող ենք ընդօրինակել Հիսուսին։
«Հիսուսին ընդօրինակելու համար եղիր...» («Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը», էջ 317)
Ինչո՞ւ է կարևոր աղոթել Հիսուսի անունով։
«Ինչո՞ւ աղոթել Հիսուսի անունով» («Դիտարան», 2008, փետրվարի 1)
Աստվածաշնչում խոսվո՞ւմ է Հիսուսի արտաքինի մասին։
Ի՞նչ կարող ենք սովորել կանանց հանդեպ Հիսուսի վերաբերմունքից։
«Աստված հարգում ու պատվում է կանանց» («Դիտարան», 2012, սեպտեմբերի 1)