ԴԱՍ 15
Ո՞վ է Հիսուսը
Հիսուսը պատմության մեջ ամենահայտնի մարդկանցից մեկն է։ Սակայն շատերը, բացի անունից, ուրիշ ոչինչ չգիտեն նրա մասին։ Եվ ընդհանուր առմամբ մարդիկ տարբեր կարծիքներ ունեն, թե ով է նա իրականում։ Իսկ ի՞նչ է Աստվածաշունչն ասում Հիսուսի մասին։
1. Ո՞վ է Հիսուսը
Հիսուսը հզոր ոգեղեն էակ է, ով ապրում է երկնքում։ Եհովան առաջինը նրան է արարել։ Այդ իսկ պատճառով նա կոչվում է «բոլոր ստեղծվածների մեջ առաջնեկը» (Կողոսացիներ 1։15)։ Աստվածաշնչում Հիսուսը նաև կոչվում է Աստծու «միածին Որդի», քանի որ միայն նա է ստեղծվել անմիջականորեն Եհովայի կողմից (Հովհաննես 3։16)։ Հիսուսը սերտորեն համագործակցել է իր Հոր՝ Եհովայի հետ՝ օգնելով նրան ստեղծել մնացած բոլոր բաները (կարդա Առակներ 8։30)։ Հիսուսը շարունակում է մտերիմ հարաբերություններ ունենալ Եհովայի հետ։ Նա հավատարմորեն ծառայում է որպես Աստծու խոսնակ։ Լինելով «Խոսքը»՝ նա հայտնում է Եհովայի պատգամները և հրահանգները (Հովհաննես 1։14)։
2. Հիսուսն ինչո՞ւ եկավ երկիր
Մոտ 2 000 տարի առաջ Եհովան իր սուրբ ոգու միջոցով Հիսուսի կյանքը երկնքից հրաշքով փոխադրեց մի երիտասարդ կույսի արգանդ։ Այդ օրիորդի անունը Մարիամ էր։ Այդպես Հիսուսը ծնվեց որպես մարդ (կարդա Ղուկաս 1։34, 35)։ Հիսուսը եկավ երկիր, որ լինի խոստացված Մեսիան, կամ՝ Քրիստոսը և փրկի մարդկությանը։a Հիսուսի առնչությամբ կատարվեցին Մեսիայի վերաբերյալ Աստվածաշնչում գրված բոլոր մարգարեությունները, ինչի շնորհիվ մարդիկ կարող էին հասկանալ, որ նա է «Քրիստոսը՝ կենդանի Աստծու Որդին» (Մատթեոս 16։16)։
3. Որտե՞ղ է Հիսուսը հիմա
Իր երկրային կյանքի ավարտից հետո Հիսուսը հարություն առավ որպես հրեշտակ և վերադարձավ երկինք։ Այնտեղ «Աստված առավել բարձր դիրքի արժանացրեց նրան» (Փիլիպպեցիներ 2։9)։ Այժմ Հիսուսը մեծ իշխանություն ունի, և դիրքով միայն Եհովան է նրանից բարձր։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Իմացիր, թե իրականում ով է Հիսուսը, և ինչու է նրա մասին սովորելը անչափ կարևոր։
4. Հիսուսը Ամենակարող Աստվածը չէ
Աստվածաշունչը սովորեցնում է, որ թեև Հիսուսը հզոր ոգեղեն էակ է, սակայն հպատակվում է իր Հորը և Աստծուն՝ Եհովային։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ իմանալու համար, թե Աստծու դիրքը ինչով է տարբերվում Հիսուսի դիրքից։
Հետևյալ աստվածաշնչյան համարներն օգնում են հասկանալ Հիսուսի և Եհովայի դիրքերի միջև եղած տարբերությունը։ Կարդացեք աստվածաշնչյան համարները և քննարկեք հաջորդող հարցերը։
Կարդացեք Ղուկաս 1։30-32-ը։
Հրեշտակի խոսքերն ինչպե՞ս են ցույց տալիս, որ Հիսուսն ու Եհովան՝ «Բարձրյալը», նույն անձը չեն։
Կարդացեք Մատթեոս 3։16, 17-ը։
Հիսուսի մկրտության ժամանակ երկնքից հնչած ձայնը ի՞նչ ասաց։
Քո կարծիքով՝ դա ո՞ւմ ձայնն էր։
Կարդացեք Հովհաննես 14։28-ը։
Ո՞վ է ավելի մեծ, և ո՞վ ունի ավելի շատ իշխանություն՝ հա՞յրը, թե՞ որդին։
Ի՞նչ ես սովորում նրանից, որ Հիսուսը Եհովային Հայր կոչեց։
Կարդացեք Հովհաննես 12։49-ը։
Արդյո՞ք Հիսուսը կարծում էր, որ ինքը և իր Հայրը նույն անձն են։ Իսկ դու ի՞նչ եզրահանգման եկար։
5. Ինչն է փաստում, որ Հիսուսը Մեսիան էր
Աստվածաշնչում բազմաթիվ մարգարեություններ կան, որոնք օգնեցին մարդկանց ճանաչել Մեսիային՝ նրան, ում Աստված ընտրել էր որպես մարդկության Փրկիչ։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, որպեսզի ծանոթանաք Հիսուսի վերաբերյալ մարգարեություններից մի քանիսին, որոնք կատարվեցին, երբ նա երկրի վրա էր։
Կարդացեք հետևյալ աստվածաշնչյան մարգարեությունները, ապա քննարկեք հաջորդող հարցերը։
Կարդացեք Միքիա 5։2-ը և իմացեք, թե որտեղ պետք է ծնվեր Մեսիան։b
Այս մարգարեությունը կատարվե՞ց Հիսուսի առնչությամբ (Մատթեոս 2։1)։
Կարդացեք Սաղմոս 34։20-ը և Զաքարիա 12։10-ը ու տեսեք, թե այս մարգարեությունների մեջ Մեսիայի մահվան վերաբերյալ ինչ մանրամասներ կան։
Այս մարգարեությունները կատարվեցի՞ն (Հովհաննես 19։33-37)։
Քո կարծիքով՝ Հիսուսը կարո՞ղ էր ինչ-որ կերպ նպաստել այս մարգարեությունների կատարմանը։
Սրանից ի՞նչ հետևություն կարող ես անել։
6. Ինչու է կարևոր ճանաչել Հիսուսին
Աստվածաշունչը ընդգծում է Հիսուսի և նրա դերի մասին սովորելու կարևորությունը։ Կարդացեք Հովհաննես 14։6 և 17։3 համարները, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը.
Հիսուսի մասին սովորելը ինչո՞ւ է շատ կարևոր։
Հիսուսը ճանապարհ բացեց, որ դառնանք Աստծու ընկերը։ Նա ճշմարտությունը սովորեցրեց Եհովայի մասին, և նրա միջոցով մենք կարող ենք հավիտենական կյանք ստանալ
ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Եհովայի վկաները չեն ընդունում Հիսուսին»։
Ի պատասխան այս պնդմանը՝ ի՞նչ կասես։
ԱՄՓՈՓՈՒՄ
Հիսուսը հզոր ոգեղեն էակ է։ Նա Աստծու Որդին է և Մեսիան։
Վերհիշենք
Ինչո՞ւ է Հիսուսը կոչվում «բոլոր ստեղծվածների մեջ առաջնեկը»։
Նախքան երկիր գալը ի՞նչ էր անում Հիսուսը։
Որտեղի՞ց գիտենք, որ Հիսուսն է Մեսիան։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Ավելին իմացիր այն մասին, թե ինչու կարող ենք վստահ լինել, որ Հիսուսն էր Մեսիան։
«Մեսիական մարգարեությունները փաստո՞ւմ են, որ Հիսուսն էր Մեսիան» (վեբ հոդված)
Տես, թե Աստված ինչ առումով է Հիսուսի Հայրը։
Ինչո՞ւ Երրորդությունը աստվածաշնչյան ուսմունք չէ։
Այս հոդվածում կտեսնես, թե ինչպես փոխվեց մի կնոջ կյանքը, երբ նա, ուսումնասիրելով Աստվածաշունչը, իմացավ Հիսուսի մասին ճշմարտությունը։
«Հրեա կինը բացատրում է, թե ինչու է վերանայել իր համոզմունքները» («Արթնացե՛ք», 2013, մայիս)
a 26-27-րդ դասերում կքննարկենք, թե ինչու մարդկությունը փրկության կարիք ունի, և ինչպես է Հիսուսը փրկում մեզ։
b Իմանալու համար, թե համաձայն մարգարեության՝ Մեսիան երբ պետք է հայտնվեր, տես «Հավելյալ տեղեկություն 2»։