Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • kl գլ. 4 էջ 32–42
  • Հիսուս Քրիստոս՝ Աստծո գիտության բանալի

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հիսուս Քրիստոս՝ Աստծո գիտության բանալի
  • Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Խոստացյալ Մեսիան
  • Ապացույցներ Հիսուսի՝ Մեսիա լինելու վերաբերյալ
  • Հիսուսի մինչմարդկային գոյությունը
  • Հիսուսը՝ երկրի վրա եղած ժամանակ
  • Հիսուսն այսօր
  • Կյանքի սկզբնական շրջանը
  • Ծառայությունը
  • Մատնությունն ու մահը
  • Ո՞վ է Հիսուս Քրիստոսը
    Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ
  • Ո՞վ է Հիսուս Քրիստոսը
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • Նրանք սպասում էին Մեսիային
    2011 Դիտարան
  • Մեսիա՝ փրկության միջոց
    2009 Դիտարան
Ավելին
Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն
kl գլ. 4 էջ 32–42

Գլուխ 4

Հիսուս Քրիստոս՝ Աստծո գիտության բանալի

1, 2. Ինչպե՞ս են աշխարհի կրոնները վնասել Աստծո գիտության բանալին։

ՊԱՏԿԵՐԱՑՐԵՔ, թե ձեր տան մոտ կանգնած՝ մի խուրձ բանալիների միջից փորձում եք գտնել այն մեկը, որը կբացեր դուռը։ Ցուրտ է և մութ, ու դուք շատ եք ցանկանում հնարավորին չափ շուտ ներս մտնել, սակայն դուռը չի բացվում։ Բանալին, կարծես, ճիշտ եք գտել, բայց արի ու տես, որ այն չի բացում դուռը։ Տհաճ զգացողություն կունենաք, այնպես չէ՞։ Կրկին նայում եք բանալիների խրձին։ Ի՞նչ է պատահել. պետք եղած բանալի՞ն չեք ընտրել, ինչ–​որ մեկը վնասե՞լ է այն...

2 Այս օրինակը վառ կերպով ցույց է տալիս, թե ինչ խառնաշփոթություն գոյություն ունի աշխարհի կրոններում Աստծո գիտության առնչությամբ։ Շատ կրոններ վնասել են Աստծո գիտությունը հասկանալու բանալին՝ աղավաղելով Հիսուս Քրիստոսի դերը։ Կրոնական որոշ ուղղություններ մի կողմ են գցել այն՝ ընդհանրապես անտեսելով Հիսուսին։ Որոշ ուղղություններ էլ պաշտում են Քրիստոսին՝ որպես Ամենակարող Աստծո։ Ինչպիսին էլ լինի պարագան, Աստծո գիտությունը փակ կլինի մեզ համար, եթե ճշգրիտ կերպով չհասկանանք այդ կարևոր անձնավորության՝ Հիսուս Քրիստոսի դերը։

3. Ինչո՞ւ կարելի է Հիսուսին անվանել Աստծո գիտության բանալի։

3 Հավանաբար հիշում եք Հիսուսի հետևյալ խոսքերը. «Սա է յաւիտենական կեանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած. եւ նորան, որ ուղարկեցիր՝ Յիսուսին Քրիստոսին» (Յովհաննէս 17։3)։ Հիսուսն ամենևին էլ չէր պարծենում, երբ ասում էր այս խոսքերը։ Քրիստոսի մասին ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերելու անհրաժեշտությունը անընդհատ շեշտվում է Գրություններում (Եփեսացիս 4։13; Կողոսացիս 2։2; Բ Պետրոս 1։8; 2։20)։ Պետրոս առաքյալն, օրինակ, ասում է. «Բոլոր մարգարէները վկայութիւն են տալիս [Հիսուս Քրիստոսի] մասին» (Գործք 10։43)։ Իսկ Պողոս առաքյալը գրում է, որ «[Հիսուսի] մէջ ծածկուած կան իմաստութեան եւ գիտութեան ամեն գանձերը» (Կողոսացիս 2։3)։ Նա նաև նշում է, որ Եհովայի բոլոր խոստումները իրականանալու են Հիսուսի միջոցով (Բ Կորնթացիս 1։20)։ Քրիստոսն իրոք Աստծո գիտության բանալին է։ Ուստի՝ Աստծո մտադրություններում նրա ունեցած դերի, ինչպես նաև նրա էության մասին մեր գիտելիքները պետք է զերծ լինեն ցանկացած աղավաղումից։ Իսկ ինչո՞ւ են Հիսուսի հետևորդները գտնում, որ Աստծո նպատակների իրականացման գործում գլխավոր դերը նրան է հատկացված։

Խոստացյալ Մեսիան

4, 5. Ի՞նչ սպասելիքներ կային՝ Մեսիայի հետ կապված, և Հիսուսի աշակերտները որպես ո՞ւմ էին նրան ընդունում։

4 Սկսած հավատարիմ Աբելից՝ Աստծո ծառաները անհամբերությամբ սպասել են Եհովայի խոստացած ‘սերնդին’ (Ծննդոց 3։15; 4։1–8; Եբրայեցիս 11։4)։ Աստված տեղեկացրել էր, որ իր նպատակների իրականացման գործում ‘սերունդը’ հանդես է գալու որպես Մեսիա (Օծյալ) և ‘կնքելու է մեղքերը’։ Իսկ Սաղմոսներում տրվել էր նրա Թագավորության փառքի նկարագիրը (Դանիէլ 9։24–26; Սաղմոս 72։1–20)։ Ո՞վ էր լինելու այդ Մեսիան։

5 Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ուրախություն ապրեց Անդրեաս անունով մի երիտասարդ հրեա՝ լսելով Նազովրեցի Հիսուսի խոսքերը։ Նա վազեց իր եղբայր Սիմոն Պետրոսի մոտ և ասաց. «Մեսիան գտել ենք» (Յովհաննէս 1։41)։ Հիսուսի աշակերտները վստահ էին, որ նա է խոստացյալ Մեսիան (Մատթէոս 16։16)։ Ճշմարիտ քրիստոնյաները պատրաստ էին իրենց կյանքը տալ հանուն այն համոզմունքի, որ Հիսուսն իսկապես կանխագուշակված Մեսիան էր՝ Քրիստոսը։ Ի՞նչ փաստեր ունեին նրանք։ Եկեք քննենք երեք տեսակի ապացույցներ։

Ապացույցներ Հիսուսի՝ Մեսիա լինելու վերաբերյալ

6. ա) Ո՞ր տոհմից պետք է առաջ գար խոստացյալ ‘սերունդը’, և որտեղի՞ց գիտենք, որ Հիսուսը հենց այդ տոհմից էր։ բ) Ինչո՞ւ մ.թ. 70 թ.–ից ի վեր ոչ ոք չի կարող ապացուցել, որ ինքն է Մեսիան։

6 Հիսուսի տոհմածառը առաջին ապացույցն է այն բանի, որ նա է խոստացյալ Մեսիան։ Իր ծառա Աբրահամին Եհովան ասել էր, որ ‘սերունդը’ գալու է նրա տոհմից։ Նույն խոստումն էին ստացել նաև Աբրահամի որդի Իսահակը, Իսահակի որդի Հակոբը և Հակոբի որդի Հուդան (Ծննդոց 22։18; 26։2–5; 28։12–15; 49։10)։ Դարեր անց Մեսիայի տոհմաբանական ճյուղը ավելի որոշակի դարձավ, երբ Դավիթ թագավորին ասվեց, որ ‘սերունդը’ առաջ է գալու իր տոհմից (Սաղմոս 132։11; Եսայիա 11։1, 10)։ Մատթէոսի ու Ղուկասի ավետարանները հաստատում են, որ Հիսուսը հենց այդ տոհմից էր (Մատթէոս 1։1–16; Ղուկաս 3։23–38)։ Թեև Հիսուսը ոխերիմ թշնամիներ շատ ուներ, սակայն նրանցից և ոչ մեկը կասկածի չենթարկեց նրա տոհմաբանությունը (Մատթէոս 21։9, 15)։ Պարզ է, ուրեմն, որ նրա տոհմաբանությունը հնարավոր չէ հերքել։ Պետք է նշել, սակայն, որ երբ մ.թ. 70 թ.–ին հռոմեացիները գրավեցին Երուսաղեմը, հրեաների տոհմաբանական արձանագրությունները ոչնչացվեցին։ Այդ ժամանակվանից ի վեր ոչ ոք չի կարող ապացուցել, որ ինքն է խոստացյալ Մեսիան։

7. ա) Ո՞րն է երկրորդ ապացույցն այն բանի, որ Հիսուսն էր Մեսիան։ բ) Հիսուսի առնչությամբ ինչպե՞ս իրականացավ Միքիա 5։2–ը։

7 Մարգարեությունների կատարումը երկրորդ ապացույցն է։ Եբրայերեն Գրություններում կան բազում մարգարեություններ, որոնք վերաբերում են Մեսիայի կյանքի տարբեր բնագավառներին։ Օրինակ՝ մ.թ.ա. 8–րդ դարում Միքիա մարգարեն կանխագուշակել էր, որ այդ մեծ իշխանը ծնվելու է աննշան մի քաղաքում՝ Բեթլեհեմում։ Իսրայելում «Բեթլեհեմ» անվանումով երկու քաղաք կար։ Մարգարեության մեջ, սակայն, կոնկրետ նշվում էր, թե որ մեկի մասին է խոսքը։ Դա Բեթլեհեմ Եփրաթան էր՝ Դավիթ թագավորի ծննդավայրը (Միքիա 5։2)։ Հիսուսի ծնողները՝ Հովսեփն ու Մարիամը, ապրում էին Նազարեթ քաղաքում, որն ընկած էր Բեթլեհեմից հյուսիս՝ մոտ 150 կմ հեռավորության վրա։ Սակայն երբ Մարիամը հղի էր, Հռոմի Օգոստոս կայսրը մարդահամար անցկացնելու հրաման արձակեց, ըստ որի՝ բոլոր մարդիկ պետք է գնային իրենց ծննդավայրերը՝ գրանցվելու։a Ուստի Հովսեփը ստիպված էր իր հղի կնոջը տանել Բեթլեհեմ, ինչի շնորհիվ էլ Հիսուսը ծնվեց այնտեղ (Ղուկաս 2։1 ԷԹ, 2–7)։

8. ա) Ե՞րբ սկսվեցին 69 յոթնյակները և ո՞ր իրադարձությամբ։ բ) Որքա՞ն տևեցին 69 յոթնյակները, և ի՞նչ տեղի ունեցավ դրանց վերջում։

8 Մ.թ.ա. 6–րդ դարում Դանիել մարգարեն կանխագուշակել էր, որ «Մեսիա իշխանը» հայտնվելու է Երուսաղեմի վերաշինման հրամանը արձակելուց 69 «եօթնեակ» (շաբաթ) անց (Դանիէլ 9։24, 25)։ Այդ յոթնյակներից յուրաքանչյուրը տևել է յոթ տարի։b Աստվածաշնչից, ինչպես նաև պատմությունից հայտնի է, որ Երուսաղեմի վերականգնման հրամանը արձակվել է մ.թ.ա. 455 թ.–ին (Նէեմիա 2։1–8)։ Ուստի՝ Մեսիան պետք է հայտնվեր մ.թ.ա. 455 թ.–ից 483 (69 անգամ 7) տարի անց։ Իսկ դա մ.թ. 29 թ.–նն էր՝ այն նույն տարին, երբ Եհովան սուրբ ոգով օծեց Հիսուսին, ու նա դարձավ Քրիստոս (այսինքն՝ Օծյալ), կամ Մեսիա (Ղուկաս 3։15, 16, 21, 22)։

9. ա) Ինչպե՞ս իրականացավ Սաղմոս 2։2–ում արձանագրված մարգարեությունը։ բ)Հիսուսի հետ կապված՝ ուրիշ ի՞նչ մարգարեություններ են կատարվել (տե՛ս շրջանակը)։

9 Ինչ խոսք, բոլորը չէ, որ Հիսուսին ընդունեցին որպես խոստացյալ Մեսիա, և Գրություններում դա կանխագուշակված է եղել։ Ահա թե Աստծո ներշնչմամբ ինչ էր գրել Դավիթ թագավորը Սաղմոս 2։2–ում. «Երկրի թագաւորները վեր են կենում, եւ իշխաններն իրար հետ խորհուրդ են անում Տիրոջ դէմ եւ նորա Օծեալի դէմ»։ Այս մարգարեությունը ցույց էր տալիս, որ մեկից ավելի երկրների ղեկավարներ պետք է միավորվեին ընդդեմ Եհովայի Օծյալի՝ Մեսիայի։ Այդպես էլ եղավ. հրեա կրոնական առաջնորդները, Հերովդես թագավորն ու հռոմեական կառավարիչ Պոնտացի Պիղատոսը՝ բոլորն էլ իրենց մասնակցությունն ունեցան Հիսուսի սպանության գործում։ Հերովդեսն ու Պիղատոսը, որ մինչ այդ թշնամիներ էին, դրանից հետո բարեկամացան (Մատթէոս 27։1, 2; Ղուկաս 23։10–12; Գործք 4։25–28)։ Հիսուսի Մեսիա լինելը հաստատող լրացուցիչ ապացույցներին ծանոթանալու համար տե՛ս «Ուշագրավ մարգարեություններ Մեսիայի վերաբերյալ» շրջանակը։

10. Ինչպե՞ս է Եհովան վկայություն տվել այն մասին, որ Հիսուսն է իր խոստացած Օծյալը։

10 Եհովա Աստծո վկայությունը երրորդ ապացույցն է այն բանի, որ Հիսուսն է Մեսիան։ Եհովան հրեշտակներ ուղարկեց՝ մարդկանց տեղեկացնելու, որ Հիսուսն է խոստացյալ Մեսիան (Ղուկաս 2։10–14)։ Հետաքրքիր է, որ Հիսուսի՝ երկրի վրա եղած ժամանակ Աստված անձամբ խոսեց երկնքից՝ արտահայտելով իր հավանությունը նրա հանդեպ (Մատթէոս 3։16, 17; 17։1–5)։ Բացի այդ, Եհովան Հիսուսին օժտել էր հրաշքներ գործելու զորությամբ։ Յուրաքանչյուր հրաշք ապացույցն էր այն բանի, որ Հիսուսն էր Մեսիան, քանի որ Աստված երբեք նման զորություն չէր տա որևէ խաբեբայի։ Նաև Եհովան իր սուրբ ոգու միջոցով գրել է տվել Ավետարանները, ինչի շնորհիվ Հիսուսի Մեսիա լինելու փաստը տեղ է գտել պատմության մեջ ամենաշատ լեզուներով թարգմանված և ամենատարածված գրքում՝ Աստվածաշնչում (Յովհաննէս 4։25, 26)։

11. Որքա՞ն ապացույցներ կան, որ Հիսուսն էր Մեսիան։

11 Այս երեք տեսակի ապացույցները իրենց մեջ հարյուրավոր փաստեր են ընդգրկում, որ հաստատում են Հիսուսի Մեսիա լինելը։ Պարզ է, ուրեմն, որ ճշմարիտ քրիստոնյաները լիովին արդարացի են վարվում՝ նրան համարելով որպես մեկը, որի մասին «բոլոր մարգարէները վկայութիւն են տալիս», և որը հանդիսանում է Աստծո գիտության բանալին (Գործք 10։43)։ Սակայն Հիսուսի վերաբերյալ շատ ավելին կարելի է սովորել, քան պարզապես այն, որ նա էր Մեսիան։ Ի՞նչ գիտենք, օրինակ, նրա ծագման մասին։ Ինչպիսի՞ն է եղել նա։

Հիսուսի մինչմարդկային գոյությունը

12, 13. ա) Որտեղի՞ց գիտենք, որ նախքան երկիր գալը Հիսուսն արդեն գոյություն է ունեցել երկնքում։ բ) Ո՞վ է «Բանը», և ի՞նչ է նա արել՝ որպես մարդ գոյություն ունենալուց առաջ։

12 Հիսուսի կյանքը կարելի է բաժանել երեք փուլերի։ Առաջին փուլը սկսվել էր նրա՝ երկիր գալուց երկար ժամանակ առաջ։ Միքիա 5։2–ում ասվում է, որ Մեսիան կյանքի էր կոչվել «վաղուց՝ յաւիտենական օրերից» (Միքիա 5։2)։ Հիսուսն ինքը պարզ ասել էր, որ եկել է ‘վերևից’, այսինքն՝ երկնքից (Յովհաննէս 8։23; 16։28)։ Իսկ որքա՞ն ժամանակ է նա եղել երկնքում նախքան երկիր գալը։

13 Հիսուսը կոչվել է Աստծո ‘միածին Որդի’. նա ստեղծվել է անձամբ Եհովայի կողմից՝ առանց որևիցե մեկի աջակցության (Յովհաննէս 3։16)։ «Ամեն ստեղծուածներից առաջ ծնուած» լինելով՝ Հիսուսը հետագայում Աստծո հետ միասին մասնակցել է մյուս բոլոր բաների արարմանը (Կողոսացիս 1։15; Յայտնութիւն 3։14)։ Համաձայն Յովհաննէս 1։1–ի՝ Հիսուսը, որ իբրև մարդ գոյություն ունենալուց առաջ կոչվել է նաև ‘Բան’ (Խոսք), սկզբում եղել է Աստծո հետ։ Ուստի այն ժամանակ, երբ Եհովան ստեղծել է «երկինքը եւ երկիրը», Բանը նրա հետ է եղել։ Աստված նրան է դիմել, երբ ասել է. «Մեր պատկերովը եւ մեր նմանութեան պէս մարդ շինենք» (Ծննդոց 1։1, 26)։ Նմանապես՝ Բանն էր Աստծո կողմից սիրված այն «ճարտարապետ[ը]», որը Առակաց 8։22–31-ում ներկայացվում է որպես անձնավորված իմաստություն, և որը Եհովայի հետ միասին ստեղծել է ամեն ինչ։ Կյանքի կոչվելուց հետո Բանը նախքան երկիր գալը, միլիարդավոր տարիներ է անցկացրել Աստծո հետ երկնքում։

14. Ինչո՞ւ է Հիսուսը կոչվել «աներեւոյթ Աստուծոյ» պատկեր։

14 Հետևաբար զարմանալի չէ, որ Կողոսացիս 1։15–ում Հիսուսը կոչվում է «աներեւոյթ Աստուծոյ» պատկեր։ Անթիվ–​անհամար տարիներ Աստծո հետ մոտիկից շփվելով՝ հնազանդ Որդին անչափ նմանվել է իր Հորը՝ Եհովային։ Սրանով նույնպես կարելի է բացատրել, թե ինչու է Հիսուսը հանդիսանում Աստծո կենսատու գիտության «բանալին»։ Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսն ամեն ինչ արել է ճիշտ այնպես, ինչպես կաներ Եհովան։ Ուստի՝ որքան ավելի լավ ճանաչենք Հիսուսին, այնքան ավելի լավ կճանաչենք Եհովային (Յովհաննէս 8։28; 14։8–10)։ Պարզ է, ուրեմն, որ շատ կարևոր է ավելացնել մեր գիտելիքները Հիսուս Քրիստոսի մասին։

Հիսուսը՝ երկրի վրա եղած ժամանակ

15. Ինչպե՞ս պատահեց, որ Հիսուսը ծնվեց որպես կատարյալ երեխա։

15 Հիսուսի կյանքի երկրորդ փուլն անցել է այստեղ՝ երկրի վրա։ Նա պատրաստակամորեն համաձայնվեց, որ Աստված իր կյանքը երկնքից փոխադրի մի կույսի արգանդը. ազգությամբ հրեա այդ հավատարիմ կույսի անունը Մարիամ էր։ Եհովան իր զորեղ սուրբ ոգով, կամ գործուն ուժով ‘հովանի եղավ’ Մարիամին, և վերջինս հղիացավ։ Ի վերջո Մարիամը լույս աշխարհ բերեց կատարյալ երեխա (Ղուկաս 1։34, 35 ԱԱ)։ Հիսուսը անկատարություն չժառանգեց, քանի որ կյանք էր ստացել կատարյալ Աղբյուրից։ Նա մեծացավ համեստ ընտանիքում՝ որպես ատաղձագործ Հովսեփի որդեգրած զավակ։ Բացի Հիսուսից, որ առաջնեկն էր, ընտանիքում ուրիշ երեխաներ էլ կային (Եսայիա 7։14; Մատթէոս 1։22, 23; Մարկոս 6։3)։

16, 17. ա) Որտեղի՞ց է Հիսուսը հրաշքներ գործելու զորություն ստացել, և ինչպիսի՞ հրաշքներ է նա կատարել։ բ) Ի՞նչ հատկություններ է ցուցաբերել Հիսուսը։

16 Հիսուսի նվիրվածությունը Եհովա Աստծուն ակնհայտ դարձավ արդեն այն ժամանակ, երբ նա դեռ 12 տարեկան էր (Ղուկաս 2։41–49)։ Մեծանալով և 30 տարեկան հասակում իր ծառայությունը սկսելով՝ Հիսուսը ցույց տվեց, որ խորապես սիրում է մարդկանց։ Երբ Աստված իր սուրբ ոգով օժտեց նրան հրաշքներ գործելու զորությամբ, Հիսուսը, կարեկցանք ցուցաբերելով, սկսեց բուժել հիվանդներին, կաղերին, հաշմանդամներին, կույրերին, խուլերին և բորոտներին (Մատթէոս 8։2–4; 15։30)։ Նա կերակրեց հազարավոր քաղցած մարդկանց (Մատթէոս 15։35–38)։ Հիսուսը կարողացավ դադարեցնել փոթորիկը, որ սպառնում էր իր ընկերների կյանքին (Մարկոս 4։37–39)։ Նա նույնիսկ հարություն տվեց մահացածներին (Յովհաննէս 11։43, 44)։ Այս բոլոր հրաշքները պատմականորեն հաստատված փաստեր են։ Անգամ Հիսուսի թշնամիներն էին ընդունում, որ նա «շատ նշաններ է անում» (Յովհաննէս 11։47, 48)։

17 Հիսուսը ճանապարհորդում էր իր երկրով և սովորեցնում էր մարդկանց Աստծո Թագավորության մասին (Մատթէոս 4։17)։ Նա նաև համբերության ու խոհեմության գերազանց օրինակ թողեց։ Մի անգամ, երբ Հիսուսի աշակերտները չարդարացրին իր սպասելիքները, նա կարեկցաբար ասաց. «Հոգին յօժար է, բայց մարմինը տկար» (Մարկոս 14։37, 38)։ Միևնույն ժամանակ, Հիսուսը անվեհեր ու վճռական էր այն անհատների հանդեպ, ովքեր աղավաղում էին ճշմարտությունը և կեղեքում անօգնական մարդկանց (Մատթէոս 23։27–33)։ Իսկ ամենակարևորը՝ նա կատարելապես ընդօրինակում էր իր Հոր սերը։ Հիսուսը նույնիսկ հոժարակամորեն մահացավ հանուն անկատար մարդկանց, որպեսզի նրանք ապագայի հույս ունենան։ Կասկած չկա, ուրեմն, որ մենք բոլոր հիմքերն ունենք Հիսուսին համարելու Աստծո գիտության բանալին։ Այո՛, նա կենդանի բանալի է։ Սակայն ինչո՞ւ ենք ասում կենդանի բանալի։ Քննենք նրա կյանքի երրորդ փուլը։

Հիսուսն այսօր

18. Ինչպե՞ս պետք է պատկերացնենք Հիսուսին այսօր։

18 Չնայած Աստվածաշնչում կարդում ենք Հիսուսի մահվան մասին, նա կենդանի է։ Նրա հարության ականատեսն են եղել առաջին դարում ապրած հարյուրավոր մարդիկ (Ա Կորնթացիս 15։3–8)։ Մարգարեությունների համաձայն՝ հարություն առնելուց հետո Հիսուսը նստեց իր Հոր աջ կողմում՝ սպասելով այն ժամանակվան, երբ պիտի իշխանություն ստանար գործելու որպես երկնային Թագավոր (Սաղմոս 110։1; Եբրայեցիս 10։12, 13)։ Ուստի ինչպե՞ս պետք է պատկերացնենք Հիսուսին այսօր։ Որպես մսուրում պառկած անօգնական մանկիկի՞, թե՞ մահվան դատապարտված տառապյալի։ Ոչ մեկը, ոչ էլ մյուսը։ Նա իշխանության անցած հզոր Թագավոր է և շուտով կհաստատի իր իշխանությունը հոգսերով ու անհանգստություններով լի այս երկրի վրա։

19. Ի՞նչ քայլեր է ձեռնարկելու Հիսուսը մոտ ապագայում։

19 Յայտնութիւն 19։11–15-ում Հիսուս Քրիստոսը վառ կերպով նկարագրվում է որպես մի հզոր Թագավոր, որ գալիս է չարերին ոչնչացնելու։ Երկնային այս սիրառատ Իշխանը փափագում է վերջ դնել միլիոնավոր մարդկանց տառապանքին։ Նա նաև անչափ ցանկանում է օգնել այն անհատներին, ովքեր ձգտում են հետևել երկրի վրա նրա թողած կատարյալ օրինակին (Ա Պետրոս 2։21)։ Հիսուսն ուզում է փրկել նրանց արագորեն մոտեցող ‘Աստծո մեծ օրվա պատերազմից’, որ հաճախ կոչվում է Արմագեդոն, որպեսզի այդ մարդիկ՝ իբրև Աստծո երկնային Թագավորության հպատակներ, հավիտենական կյանք ժառանգեն երկրի վրա (Յայտնութիւն 7։9, 14; 16։14, 16)։

20. Իր հազարամյա իշխանության ընթացքում ի՞նչ է անելու Հիսուսը մարդկության համար։

20 Իր խոստացած հազարամյա խաղաղ իշխանության ընթացքում Հիսուսը հրաշքներ կգործի հօգուտ ողջ մարդկության (Եսայիա 9։6, 7; 11։1–10; Յայտնութիւն 20։6)։ Նա կբուժի բոլոր հիվանդներին ու վերջ կդնի մահվանը։ Հիսուսը նաև հարություն կտա միլիարդավոր մարդկանց, որոնք նույնպես հնարավորություն կստանան հավիտյան ապրել երկրի վրա (Յովհաննէս 5։28, 29)։ Այս գրքի հաջորդ գլուխներից մեկում ավելի շատ տեղեկություններ են տրվում նրա Մեսիական Թագավորության մասին։ Ծանոթանալով դրանց՝ մեծապես կտպավորվեք։ Պատկերացնել անգամ հնարավոր չէ, թե ինչ հրաշալի կյանք է սպասում այն ժամանակ, երբ Թագավորությունը սկսի իշխել։ Որքա՜ն կարևոր է, ուրեմն, ավելի լավ ծանոթանալ Հիսուս Քրիստոսի հետ։ Այո՛, չափազանց կարևոր է երբեք չմոռանալ, որ Հիսուսը Աստծո գիտության կենդանի բանալին է. մի գիտության, որ առաջնորդում է հավիտենական կյանքի։

[Ծանոթագրություններ]

a Այդ մարդահամարը հարկ հավաքելու ավելի լավ հնարավորություն էր ընձեռում Հռոմեական կայսրությանը։ Փաստորեն՝ իր հրամանով Օգոստոս կայսրը, առանց գիտակցելու, նպաստել է այն մարգարեության իրականացմանը, համաձայն որի՝ մի կառավարիչ պետք է ‘ուղարկեր հարկապահանջին’՝ իր թագավորության միջով անցնելու։ Նույն մարգարեության մեջ նաև կանխագուշակվել էր, որ ‘Ուխտի իշխանը’՝ Մեսիան, ‘ջարդվելու’ էր հաջորդ կառավարչի օրերում։ Հիսուսը սպանվեց Օգոստոսին հաջորդած Տիբերիոս կայսեր օրոք (Դանիէլ 11։20–22)։

b Հնում իսրայելացիների մեջ տարածված է եղել շաբաթ–​տարվա գաղափարը։ Ինչպես յուրաքանչյուր յոթերորդ օրն էր համարվում շաբաթ, այնպես էլ յուրաքանչյուր յոթերորդ տարին էր համարվում շաբաթ–​տարի (Ելից 20։8–11; 23։10, 11)։

ՍՏՈՒԳԵՔ ՁԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ

• Ինչպե՞ս է Հիսուսի տոհմածառը ապացուցում, որ նա էր Մեսիան։

• Ի՞նչ մարգարեություններ են իրականացել՝ Հիսուսի հետ կապված։

• Ինչպե՞ս է Աստված ուղղակիորեն ցույց տվել, որ Հիսուսն է իր Օծյալը։

• Ինչո՞ւ կարելի է ասել, որ Հիսուսը Աստծո գիտության կենդանի բանալին է։

[37–րդ էջի վրայի շրջանակը]

ՈՒՇԱԳՐԱՎ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՄԵՍԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐՈՒՄ

Կյանքի սկզբնական շրջանը

Եսայիա 7։14 Կույսից ծնվելը Մատթէոս 1։18–23

Երեմիա 31։15 Նրա ծնվելուց հետո Մատթէոս 2։16–18

մանուկների կոտորվելը

Ծառայությունը

Եսայիա 61։1, 2 Աստծու կողմից նրա լիազորված Ղուկաս 4։18–21

լինելը

Եսայիա 9։1, 2 Նրա ծառայության շնորհիվ Մատթէոս 4։13–16

մարդիկ մեծ լույս են տեսնում

Սաղմոս 69։9 Նախանձախնդրություն՝ Յովհաննէս 2։13–17

Եհովայի տան նկատմամբ

Եսայիա 53։1 Նրան չեն հավատում Յովհաննէս 12։37, 38

Զաքարիա 9։9; Երուսաղեմ է մտնում՝ Մատթէոս 21։1–9

Սաղմոս 118։26 ավանակի վրա նստած.

նրան ողջունում են՝ որպես

թագավորի ու Եհովայի անունով եկողի

Մատնությունն ու մահը

Սաղմոս 41։9; 109։8 Առաքյալներից մեկը Գործք 1։15–20

անհավատարիմ է գտնվում

և մատնում է Հիսուսին.

հետագայում նրա տեղը

զբաղեցնում է մեկ ուրիշը

Զաքարիա 11։12 Նրան մատնում են Մատթէոս 26։14, 15

30 կտոր արծաթով

Սաղմոս 27։12 Նրա դեմ կեղծ Մատթէոս 26։59–61

վկաներ են ներկայացնում

Սաղմոս 22։18 Նրա հագուստի Յովհաննէս 19։23, 24

համար վիճակ են գցում

Եսայիա 53։12 Դասվում է հանցավորների Մատթէոս 27։38

շարքը

Սաղմոս 22։7, 8 Մահամերձ վիճակում Մարկոս 15։29–32

ենթարկվում է անարգանքի

Սաղմոս 69։21 Քացախ են տալիս Մարկոս 15։23, 36

Եսայիա 53։5; Խոցում են Յովհաննէս 19։34, 37

Զաքարիա 12։10

Եսայիա 53։9 Թաղում են Մատթէոս 27։57–60

հարուստի գերեզմանում

Սաղմոս 16։8–11 Հարություն է առնում՝ Գործք 2։25–32;

նախքան մարմնի փտելը 13։34–37

[Նկար 35–րդ էջի վրա]

Աստված Հիսուսին օժտել էր հիվանդներին բուժելու զորությամբ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը