ԴԱՍ 12
Ի՞նչը կօգնի, որ շարունակես ուսումնասիրել Աստվածաշունչը
Ճիշտ է, Աստվածաշունչ ուսումնասիրելը վարձահատույց գործ է, բայց երբեմն դժվար է։ Ժամանակ առ ժամանակ գուցե մտածես, թե արդյոք կկարողանաս շարունակել ուսումնասիրությունդ։ Սակայն ինչո՞ւ արժե ջանքեր գործադրել։ Ի՞նչը կօգնի, որ չնայած դժվարություններին՝ չհանձնվես։
1. Ինչո՞վ է օգտակար Աստվածաշնչի ուսումնասիրությունը
«Աստծու խոսքը կենդանի է ու գործում է զորեղ կերպով» (Եբրայեցիներ 4։12)։ Աստվածաշունչը շատ արժեքավոր գիրք է։ Այն հայտնում է Աստծու մտքերը և հավաստիացնում, որ նա սիրում է քեզ։ Այդ գիրքը ոչ միայն գիտելիքներ, այլև իսկական իմաստություն ու հույս է տալիս։ Եվ, որ ամենակարևորն է, այն օգնում է դառնալ Եհովայի ընկերը։ Աստվածաշունչ ուսումնասիրելը ուժ է տալիս, որ բարելավենք մեր կյանքը։
2. Ինչո՞ւ է հարկավոր գիտակցել աստվածաշնչյան ճշմարտությունների արժեքը
Աստվածաշնչյան ճշմարտությունները նման են թանկարժեք գանձերի։ Ահա թե ինչու է Աստվածաշունչը հորդորում. «Ճշմարտությունը գնիր և երբեք մի՛ վաճառիր» (Առակներ 23։23)։ Եթե միշտ հիշենք, թե որքան թանկ են աստվածաշնչյան ճշմարտությունները, ջանք չենք խնայի, որ շարունակենք մեր ուսումնասիրությունը նույնիսկ դժվարությունների բախվելիս (կարդա Առակներ 2։4, 5)։
3. Եհովան ինչպե՞ս կարող է օգնել քեզ, որ շարունակես ուսումնասիրությունդ
Եհովան ամենակարող Ստեղծիչն է և քո Ընկերը, ուստի ուզում է օգնել, որ ճանաչես իրեն։ Նա կարող է քեզ «տալ գործելու թե՛ ցանկություն, թե՛ ուժ» (կարդա Փիլիպպեցիներ 2։13)։ Ուստի եթե ուսումնասիրելու և սովորածդ կիրառելու մեծ ցանկություն չունես, Եհովան կարող է օգնության հասնել քեզ։ Եթե խոչընդոտներն ու հակառակությունը դիմագրավելու համար աջակցության կարիք ունենաս, նա քո կողքին կլինի։ Միշտ աղոթիր Եհովային, որ օգնի քեզ շարունակել Աստվածաշնչի ուսումնասիրությունը (1 Թեսաղոնիկեցիներ 5։17)։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Իմացիր, թե ինչպես կարող ես շարունակել Աստվածաշնչի ուսումնասիրությունդ՝ չնայած զբաղված գրաֆիկին կամ հակառակությանը։ Տես, թե Եհովան ինչպես կօգնի քեզ այս հարցում։
4. Աստվածաշնչի ուսումնասիրությունը առաջնահերթ դարձրու
Երբեմն կյանքի արագ ռիթմի պատճառով գուցե թվա, որ Աստվածաշունչ ուսումնասիրելու ժամանակ չունենք։ Ի՞նչը կարող է օգնել մեզ այդ հարցում։ Կարդացեք Փիլիպպեցիներ 1։10-ը և քննարկեք հետևյալ հարցերը.
Ըստ քեզ՝ որո՞նք են կյանքում «ավելի կարևոր» բաները։
Ինչպե՞ս կարող ես Աստվածաշնչի ուսումնասիրությունն առաջնահերթ դարձնել։
Ա) Եթե դույլի մեջ սկզբում լցնես ավազը, հետո՝ քարերը, ապա որոշ քարեր չեն տեղավորվի
Բ) Եթե սկզբում քարերը դնես, ապա ավազի մեծ մասը կտեղավորվի։ Նմանապես՝ եթե «ավելի կարևոր» բաներին առաջնահերթություն տաս, ապա ավարտին կհասցնես դրանք և այլ բաներ անելու ժամանակ կունենաս
Աստվածաշունչն ուսումնասիրելով՝ մենք բավարարում ենք Աստծուն ճանաչելու և նրան պաշտելու մեր հոգևոր կարիքը։ Կարդացեք Մատթեոս 5։3-ը, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը.
Աստվածաշնչի ուսումնասիրությունն առաջնահերթ դարձնելը ինչո՞վ է օգտակար մեզ համար։
5. Վճռականորեն դիմադրիր հակառակությանը
Ոմանք գուցե փորձեն համոզել քեզ, որ դադարեցնես Աստվածաշնչի ուսումնասիրությունդ։ Տես, թե ինչ դժվարությունների բախվեց Ֆրանչեսկոն։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը.
Ինչպե՞ս արձագանքեցին Ֆրանչեսկոյի ընկերները և մայրը, երբ նա պատմեց նրանց իր սովորածի մասին։
Նրա վճռականությունն ի՞նչ արդյունքներ բերեց։
Կարդացեք 2 Տիմոթեոս 2։24, 25-ը, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը.
Ինչպե՞ս են ընտանիքիդ անդամներն ու ընկերներդ վերաբերվում այն բանին, որ Աստվածաշունչ ես ուսումնասիրում։
Ըստ այս համարների՝ ինչպե՞ս պետք է արձագանքես, երբ ինչ-որ մեկին դուր չի գալիս, որ Աստվածաշունչ ես ուսումնասիրում։ Ինչո՞ւ։
6. Եհովայի օգնությամբ դու կարո՛ղ ես հաճեցնել նրան
Որքան շատ ենք մտերմանում Եհովայի հետ, այնքան ավելի շատ ենք ցանկանում հաճեցնել նրան։ Սակայն գուցե դժվարանանք փոփոխություններ անել, որ ապրենք նրա չափանիշների համաձայն։ Եթե քեզ համար էլ է դժվար, մի՛ հանձնվիր. Եհովան կօգնի։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը.
Ի՞նչ փոփոխություններ արեց Ջիմը՝ Եհովային հաճեցնելու համար։
Ջիմի օրինակն ինչո՞վ է տպավորիչ քեզ համար։
Կարդացեք Եբրայեցիներ 11։6-ը և քննարկեք հետևյալ հարցերը.
Ի՞նչ կանի Եհովան նրանց համար, ովքեր «ջանադրաբար ձգտում են կատարել իր կամքը», այսինքն՝ ճանաչել և հաճեցնել իրեն։
Ըստ այս համարի՝ Եհովան ի՞նչ է զգում, երբ տեսնում է, որ ջանքեր ես գործադրում Աստվածաշնչի ուսումնասիրությունդ շարունակելու համար։
ՈՄԱՆՔ ԳՈՒՑԵ ՀԱՐՑՆԵՆ. «Ինչո՞ւ ես Եհովայի վկաների օգնությամբ Աստվածաշունչ ուսումնասիրում»։
Ի՞նչ կպատասխանես։
ԱՄՓՈՓՈՒՄ
Թեև Աստվածաշունչ ուսումնասիրելը երբեմն դժվար է, բայց դրա շնորհիվ կվայելես կյանքը հավիտյան։ Շարունակիր ընդունել Եհովայի օգնությունը, և նա կվարձատրի քեզ։
Վերհիշենք
Ինչո՞ւ ես թանկ համարում աստվածաշնչյան ճշմարտությունները։
Ինչպե՞ս կարող ես «միշտ ընտրել այն, ինչն ավելի կարևոր է»։
Ինչո՞ւ պետք է խնդրես Եհովային, որ օգնի քեզ շարունակել Աստվածաշնչի ուսումնասիրությունդ։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Տես, թե ժամանակը խելամտորեն տնօրինելու հարցում ինչ չորս մեթոդներ են օգնել շատերին։
«Ինչպես իմաստնորեն օգտագործել ժամանակը» («Արթնացե՛ք», 2014, փետրվար)
Տես, թե Եհովան ինչպես օգնեց մի կնոջ, ում ամուսինը չէր հասկանում, թե նա ինչու է ջանում հաճեցնել Աստծուն։
Իմացիր, թե մի կնոջ հաստատակամությունն ինչպես փոխեց իր ամուսնու տրամադրվածությունը։
Եհովայի վկաներին երբեմն մեղադրում են ընտանիքներ քանդելու մեջ։ Արդյո՞ք այս մեղադրանքն արդարացի է։
«Եհովայի վկաները քայքայո՞ւմ են ընտանիքը, թե՞ ամրապնդում են այն» (վեբ հոդված)