ԴԱՍ 11
Ինչպե՞ս կարող ես լավագույնս օգուտ քաղել Աստվածաշնչից
Պատկերացրու՝ ուզում ես մեծ գործ ձեռնարկել, բայց չգիտես՝ որտեղից սկսել։ Գործդ հեշտացնելու համար գուցե որոշես այն բաժանել ավելի փոքր մասերի։ Նույնն է պարագան Աստվածաշնչի ընթերցանության դեպքում։ Թերևս մտածում ես՝ որտեղից սկսես։ Այս դասում կքննարկենք մի քանի առաջարկներ, որոնք կօգնեն քեզ հաճույք ստանալ Աստվածաշնչի ընթերցանությունից և ուսումնասիրությունից։
1. Ինչո՞ւ պետք է կանոնավոր կարդանք Աստվածաշունչը
Այն մարդը, ով կանոնավոր կարդում է Աստվածաշունչը՝ «Եհովայի օրենքը», երջանիկ կլինի և հաջողության կհասնի (կարդա Սաղմոս 1։1-3)։ Սկսիր օրական մի քանի րոպե կարդալուց։ Որքան շատ ծանոթանաս Աստծու Խոսքին, այնքան ավելի մեծ հաճույքով կկարդաս այն։
2. Ի՞նչ կարող ես անել, որ ընթերցանությունդ արդյունավետ լինի
Աստվածաշնչից լավագույնս օգուտ քաղելու համար ընթերցանության ժամանակ հարկավոր է դադարներ տալ և մտածել կարդացածի շուրջ։ Մենք պետք է և՛ կարդանք, և՛ «խորհենք» (Հեսու 1։8)։ Ընթերցելիս այսպիսի հարցեր տուր ինքդ քեզ. «Այս հատվածից ի՞նչ եմ սովորում Եհովա Աստծու մասին։ Ինչպե՞ս կարող եմ կիրառել սա իմ կյանքում։ Ինչպե՞ս կարող եմ այս համարներն օգտագործել ուրիշներին օգնելու համար»։
3. Ինչպե՞ս կարող ես ժամանակ գտնել ընթերցանության համար
Դժվարանո՞ւմ ես ժամանակ գտնել Աստվածաշունչ կարդալու համար։ Իրականում շատերիս համար է դա խնդիր։ Պարզապես պետք է փորձես «ժամանակը ճիշտ օգտագործել» (Եփեսացիներ 5։16)։ Դա կարող ես անել՝ գրաֆիկիդ մեջ կոնկրետ ժամանակ հատկացնելով, որ ամեն օր ընթերցես Աստվածաշունչը։ Ոմանք իրենց ընթերցանությունն անում են վաղ առավոտյան, ուրիշները՝ ավելի ուշ, օրինակ՝ իրենց ընդմիջման ժամին։ Կան մարդիկ էլ, ովքեր Աստվածաշունչը երեկոյան են կարդում՝ քնելուց առաջ։ Իսկ ո՞րն է լավագույն ժամը քեզ համար։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Իմացիր, թե ինչպես կարող ես Աստվածաշնչի ընթերցանությունն ավելի հետաքրքիր դարձնել։ Տես, թե ինչպես կարող ես լավ նախապատրաստվել, որ Աստվածաշնչի ուսումնասիրությունը արդյունավետ լինի։
Որպեսզի նոր ուտեստը հաճելի դառնա քիմքիդ, պետք է մի քանի անգամ փորձես այն։ Նույնն է պարագան Աստվածաշունչ կարդալու դեպքում
4. Հաճույք ստացիր Աստվածաշնչի ընթերցանությունից
Գուցե դժվար լինի սկսել Աստվածաշնչի ընթերցանությունը, սակայն կարող ես այն կարդալու «փափագ զարգացնել»։ Դա նման է նոր կերակրատեսակ ճաշակելուն, որը ժամանակի ընթացքում սկսում ես սիրել։ Կարդացեք 1 Պետրոս 2։2-ը, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը.
Քո կարծիքով՝ եթե ամեն օր կարդաս Աստվածաշունչը, կսկսե՞ս հաճույք ստանալ դրանից և ուրախությամբ սպասել հաջորդ ընթերցանությանը։
Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և տեսեք, թե ոմանք ինչպես են սկսել բավականություն ստանալ Աստվածաշունչ կարդալուց։ Ապա քննարկեք հաջորդող հարցերը.
Պատանիներն ի՞նչ խոչընդոտներ են հաղթահարել։
Ի՞նչն է նրանց օգնել, որ հետևեն Աստվածաշնչի ընթերցանության իրենց գրաֆիկին։
Նրանք ինչպե՞ս են Աստվածաշնչի ընթերցանությունը հետաքրքիր դարձրել։
Օգտակար խորհուրդներ
Ընտրիր ճշգրիտ և ժամանակակից լեզվով թարգմանություն։ Ընթերցիր «Նոր աշխարհ» թարգմանությունը, եթե այն առկա է քո լեզվով։
Սկսիր այն մասերից, որոնք քեզ ամենաշատն են հետաքրքրում։ Տարբեր առաջարկներ կգտնես «Սկսիր կարդալ Աստվածաշունչը» շրջանակում։
Նշիր, թե որ մասերն ես կարդացել։ Օգտագործիր այս ձեռնարկի՝ «Աստվածաշնչի ընթերցանության քո առաջընթացը» աղյուսակը։
Օգտվիր JW Library® հավելվածից։ Դրա միջոցով կարող ես ցանկացած վայրում կարդալ Աստվածաշունչը սմարթֆոնով ու լսել դրա ձայնագրությունը։
Օգտվիր «Նոր աշխարհ» թարգմանության հավելվածներից։ Դրանք ընդգրկում են քարտեզներ, աղյուսակներ և բառարան, որոնց շնորհիվ ընթերցանությունդ ավելի հետաքրքիր կդառնա։
5. Նախապատրաստվիր Աստվածաշնչի ուսումնասիրության դասընթացին
Կարդացեք Սաղմոս 119։34-ը, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը.
Ինչո՞ւ լավ կլինի, որ աղոթես նախքան Աստվածաշունչ կարդալը և դասընթացին նախապատրաստվելը։
Ինչպե՞ս կարող ես լավագույնս օգուտ քաղել յուրաքանչյուր դասից։ Ամեն անգամ դասին պատրաստվելիս օգտվիր հետևյալ մեթոդից.
Ա) Կարդա դասի սկզբի պարբերությունները։
Բ) Բացիր և կարդա աստվածաշնչյան համարներն ու փորձիր հասկանալ, թե ինչ կապ ունեն նյութի հետ։
Գ) Ընդգծիր այն գլխավոր բառերն ու արտահայտությունները, որոնք պատասխանում են հարցին։ Այդպես կկարողանաս քեզ ուսուցանողի հետ քննարկել դասը։
Գիտեի՞ր
Եհովայի վկաներն օգտվել են Աստվածաշնչի տարբեր թարգմանություններից։ Սակայն նրանք նախընտրում են Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանությունը, քանի որ այն ճշգրիտ է, պարզ, և դրանում գործածվում է Աստծու անունը։ Տես «Եհովայի վկաները իրենց Աստվածաշո՞ւնչն ունեն» վեբ հոդվածը։
ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Աստվածաշունչ ուսումնասիրելը բարդ գործ է։ Ես ո՛չ այդքան ժամանակ ունեմ, ո՛չ էլ էներգիա»։
Իսկ դու ի՞նչ ես կարծում։
ԱՄՓՈՓՈՒՄ
Աստծու Խոսքից առավելագույն օգուտներ քաղելու համար ժամանակ հատկացրու, որ կարդաս այն, աղոթես ընթերցածդ հասկանալու համար և պատրաստվես Աստվածաշնչի դասընթացին։
Վերհիշենք
Ի՞նչը կօգնի, որ Աստվածաշնչի ընթերցանությունդ արդյունավետ լինի։
Ե՞րբ կարող ես ժամանակ հատկացնել Աստվածաշնչի ընթերցանությանը և ուսումնասիրությանը։
Ինչո՞ւ լավ կլինի, որ նախօրոք պատրաստվես Աստվածաշնչի դասընթացին։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Քննիր մի քանի առաջարկ, որոնք կօգնեն քեզ ավելի արդյունավետ դարձնել Աստվածաշնչի ընթերցանությունդ։
«Ինչպես օգուտ քաղել Աստվածաշնչի ընթերցանությունից» («Դիտարան», 2017, № 1)
Նկատի առ երեք կերպ, թե ինչպես կարդալ Աստվածաշունչը։
«Ինչպե՞ս կարող է Աստվածաշունչը օգնել ինձ։ Մաս 1. ուսումնասիրիր Աստվածաշունչը» (վեբ հոդված)
Տես, թե ինչպես կարող ես բավականություն ստանալ Աստվածաշունչ կարդալուց։
Նկատի առ մի քանի խորհուրդ Աստվածաշունչը երկար տարիներ ընթերցողներից։