Գլուխ 43
Սովորեցնում է առակներով
ՀԻՍՈՒՍԸ հավանաբար գտնվում է Կափառնայումում, երբ հանդիմանում է փարիսեցիներին։ Նույն օրը՝ ավելի ուշ, նա դուրս է գալիս տնից և գնում դեպի Գալիլեայի ծովը, որտեղ մարդկանց բազմություն է հավաքվում։ Նա մի նավակ է նստում և ափից մի փոքր հեռանալով՝ ցամաքի վրա գտնվողներին սկսում է ուսուցանել երկնային Թագավորության մասին։ Նա ուսուցանում է մի շարք առակների կամ օրինակների միջոցով, որոնք վերցված են մարդկանց ծանոթ իրավիճակներից։
Սկզբում Հիսուսը պատմում է մի սերմնացանի մասին, որը դուրս է գալիս սերմ ցանելու։ Սերմերի մի մասն ընկնում է ճանապարհի եզրին, և թռչունները ուտում են դրանք։ Մյուս մասն ընկնում է ժայռոտ տեղեր, որտեղ շատ հող չկա, և խոր արմատներ չունենալու պատճառով ծիլերը կիզիչ արևի տակ չորանում են։ Ուրիշ սերմեր էլ ընկնում են փշերի մեջ, և երբ ծիլերը դուրս են գալիս, փշերը խեղդում են նրանց։ Ի վերջո որոշ սերմեր ընկնում են լավ հողի մեջ և պտուղ են տալիս, մեկը՝ հարյուրապատիկ, մեկը՝ վաթսունապատիկ, մյուսն էլ՝ երեսնապատիկ։
Մեկ այլ առակում Հիսուսն Աստծու Թագավորությունը համեմատում է մի մարդու հետ, որը սերմ է ցանում։ Օրերն անցնում են, մարդը քնում ու արթնանում է, իսկ այդ ընթացքում սերմերն աճում են, բայց նա չի իմանում, թե ինչպես են դրանք աճում։ Սերմերն իրենք իրենց աճում են և պտուղ տալիս։ Երբ հունձը հասնում է, այդ մարդը հավաքում է այն։
Հիսուսը պատմում է երրորդ առակը մի մարդու մասին, որը լավ սերմեր է ցանում, բայց «մինչ մարդիկ քնած են», թշնամին գալիս է և ցորենի մեջ որոմներ ցանում։ Այդ մարդու ծառաները հարցնում են՝ քաղհանե՞ն որոմները, թե՝ ոչ։ «Ո՛չ,— պատասխանում է տերը,— որ չլինի թե որոմները հավաքելիս ցորենն էլ արմատախիլ անեք նրանց հետ։ Թողեք՝ երկուսն էլ միասին աճեն մինչև հնձի ժամանակը, և հնձի ժամանակ ես հնձվորներին կասեմ. նախ որոմները հավաքեք և խուրձ–խուրձ կապեք այրելու համար, իսկ հետո գնացեք և ցորենը հավաքեք իմ ամբարի մեջ»։
Շարունակելով իր խոսքը՝ Հիսուսը ծովափին գտնվող մարդկանց երկու առակ էլ է պատմում։ Նա բացատրում է, որ «երկնքի թագավորությունը» նման է մանանեխի հատիկի, որը մի մարդ ցանում է իր արտում։ Եվ թեպետ բոլոր սերմերից այն ամենափոքրն է, բայց երբ աճում է, ամենամեծն է լինում բանջարների մեջ և ծառ է դառնում։ Թռչունները գալիս և նրա ճյուղերի մեջ բույն են դնում։
Այսօր որոշ մարդիկ առարկում են, թե մանանեխի սերմից ավելի փոքր սերմեր էլ կան։ Սակայն Հիսուսը բուսաբանության դաս չի սովորեցնում։ Այն օրերում գալիլեացիներին ծանոթ սերմերի մեջ մանանեխի սերմն իրոք ամենափոքրն էր։ Ուստի նրանք հասկանում են, թե ինչ արտասովոր աճի մասին է խոսում Հիսուսը։
Վերջապես, Հիսուսը «երկնքի թագավորությունը» նմանեցնում է նաև թթխմորի, որը մի կին խառնում է երեք մեծ չափ ալյուրի մեջ։ Որոշ ժամանակ անց այն խմորում է ամբողջ զանգվածը։
Այս հինգ առակները պատմելուց հետո Հիսուսը, թողնելով ժողովրդին, վերադառնում է այն տունը, որտեղ մնում է։ Շուտով նրա 12 առաքյալները և ուրիշ աշակերտներ գալիս են նրա մոտ։
Ինչ ենք սովորում Հիսուսի առակներից
Այն բանից հետո, երբ ծովի ափին Հիսուսը ուսուցանեց մարդկանց, նրա մոտ են գալիս իր աշակերտները։ Նրանք հետաքըրքըրված են Հիսուսի ուսուցանելու նոր մեթոդով։ Ճիշտ է, նախկինում նույնպես նա իր խոսքում առակներ էր օգտագործում, բայց ոչ այսքան շատ։ Ուստի նրանք հարցնում են. «Ինչո՞ւ ես առակներով խոսում նրանց հետ»։
Առակներով խոսելու պատճառներից մեկն այն է, որ կատարվեն մարգարեի խոսքերը. «Ես առակներով բաց կանեմ իմ բերանը և կծանուցանեմ այն բաները, որոնք պահված են աշխարհը հիմնվելուց ի վեր»։ Կա ևս մեկ պատճառ. առակներն օգնում են բացահայտել մարդկանց սրտում եղածը։
Իրականում մարդկանց մեծ մասը Հիսուսի մեջ տեսնում է միայն հիանալի բանասացի և հրաշագործի, բայց ոչ՝ Տիրոջ, որին հարկավոր է ծառայել և անշահախնդրորեն հետևել։ Նրանք չեն ուզում փոխել իրենց ապրելակերպն ու հայացքները, չեն ցանկանում, որ Հիսուսի բերած պատգամը իրենց կյանքի վրա այդքան մեծ ազդեցություն թողնի։
Ուստի Հիսուսն ասում է. «Դա է պատճառը, որ ես նրանց հետ առակներով եմ խոսում, քանի որ նայելով զուր տեղն են նայում, և լսելով զուր տեղն են լսում և ոչ էլ իմաստն են ըմբռնում։ Եվ նրանց վրա կատարվում է Եսայիայի մարգարեությունը, որ ասում է. «Որովհետև այս ժողովրդի սիրտը կարծրացավ»»։
«Սակայն,— շարունակում է Հիսուսը,— երանելի են ձեր աչքերը, քանի որ տեսնում են, և երանելի են ձեր ականջները, քանի որ լսում են։ Որովհետև ճշմարիտ ասում եմ ձեզ, որ շատ մարգարեներ և արդար մարդիկ ցանկացան տեսնել այն բաները, որ դուք եք տեսնում, բայց չտեսան, և լսել այն բաները, որ դուք եք լսում, բայց չլսեցին»։
Այո, 12 առաքյալները և նրանց հետ եղող աշակերտները ընկալունակ սիրտ ունեն։ Դրա համար էլ Հիսուսն ասում է նրանց. «Ձեզ տրված է հասկանալ երկնքի թագավորության սրբազան գաղտնիքները, բայց նրանց տրված չէ»։ Քանի որ աշակերտները ցանկանում են հասկանալ նրա ասածները, Հիսուսը բացատրում է սերմնացանի առակը։
«Սերմը Աստծու խոսքն է»,— ասում է Հիսուսը։ Իսկ հողը խորհրդանշում է մարդու սիրտը։ Ճանապարհի եզրի կոշտ հողին ընկած սերմի մասին Հիսուսն ասում է. «Բանսարկուն գալիս է և նրանց սրտերից խոսքը տանում է, որպեսզի նրանք չհավատան ու չփրկվեն»։
Ժայռոտ տեղը, որտեղ ընկնում է սերմերի մի մասը, վերաբերում է այն մարդկանց սրտերին, ովքեր ուրախությամբ ընդունում են խոսքը։ Սակայն քանի որ խոսքը չի կարող խորը արմատներ գցել այդպիսի սրտերում, երբ սկսվում են փորձություններն ու հալածանքները, այս մարդիկ ետ են կանգնում։
Հիսուսը շարունակում է իր խոսքը՝ բացատրելով, որ փշերը, որոնց մեջ ընկնում է սերմերի մյուս մասը, վերաբերում են այն մարդկանց, ովքեր լսում են խոսքը։ Բայց սրանք հոգսերից, հարըստությունից և այս կյանքի հաճույքներից տարվելով՝ ամբողջությամբ խեղդվում են և ոչ մի բան կատարելության չեն հասցնում։
Իսկ լավ հողի մեջ ընկած սերմերը ներկայացնում են այն անհատներին, որոնք խոսքը լավ և բարի սրտով լսելուց հետո պահում են այն և տոկունությամբ պտուղ բերում։
Որքա՜ն օրհնված են այս աշակերտները, որոնք Հիսուսի մոտ են եկել՝ իմանալու նրա առակների բացատրությունը։ Հիսուսը ցանկանում է, որ նրանք հասկանան իր առակները, որպեսզի ուրիշներին էլ ճշմարտությունը հաղորդեն։ «Մի՞թե ճրագը բերում են, որ գրվանի կամ մահճակալի տակ դնեն,— հարցնում է նա։— Չէ՞ որ ճրագակալի վրա դնելու համար են բերում»։ Ապա ավելացնում է. «Ուստի ուշադրություն դարձրեք, թե ինչպես եք լսում»։
Օրհնվում են՝ հավելյալ ուսուցում ստանալով
Սերմնացանի առակի բացատրությունը լսելուց հետո աշակերտներն ավելին են ուզում իմանալ։ «Բացատրի՛ր մեզ արտում եղող որոմների առակը»,— խնդրում են նրանք։
Որքա՜ն է տարբերվում աշակերտների վերաբերմունքը ծովափին եղող մյուս մարդկանց վերաբերմունքից։ Այդ մարդիկ անկեղծ ցանկություն չունեն իմանալու, թե ինչ իմաստ ունեն Հիսուսի առակները։ Նրանք բավարարվում են միայն մակերեսորեն լսելով։ Նրանց հակադրելով իր հետաքրքրասեր աշակերտներին, որոնք եկել են իր մոտ՝ Հիսուսն ասում է.
«Ինչ չափով որ չափում եք, նույն չափով էլ ձեզ կչափեն, և ավելին կտրվի ձեզ»։ Աշակերտները «չափում» են այն իմաստով, որ Հիսուսի հանդեպ անկեղծ հետաքրքրություն և ուշադրություն են ցուցաբերում, և դրա դիմաց օրհնվում են՝ հավելյալ ուսուցում ստանալով նրանից։ Հետևաբար, ի պատասխան իր աշակերտների խնդրանքին՝ Հիսուսը բացատրում է.
«Լավ սերմ ցանողը մարդու Որդին է, արտը աշխարհն է, իսկ լավ սերմը թագավորության որդիներն են, բայց որոմները Չարի որդիներն են, իսկ թշնամին, որ ցանեց դրանք, Բանսարկուն է։ Հունձը իրերի համակարգի վախճանն է, իսկ հնձվորները հրեշտակներն են»։
Բնորոշելով իր առակի յուրաքանչյուր կերպարին՝ Հիսուսը նկարագրում է, թե ինչպիսի վերջնական կատարում է ունենալու այդ առակը։ Նա ասում է, որ «իրերի համակարգի վախճանին» հնձվորները, այսինքն՝ հրեշտակները, որոմանման քրիստոնյաներին զատելու են Թագավորության իսկական որդիներից։ Ապա «Չարի որդիները» կկործանվեն, իսկ Աստծու Թագավորության որդիները՝ «արդարները», արևի նման պայծառ կշողան իրենց Հոր Թագավորության մեջ։
Հիսուսը իր հետաքրքրասեր աշակերտներին վարձատրում է նրանով, որ պատմում է ևս երեք առակ։ Ահա առաջինը. «Երկընքի թագավորությունը նման է արտում թաքցրած գանձի, որը մի մարդ գտնում է ու թաքցնում. և ուրախությունից գնում ու վաճառում է իր ողջ ունեցվածքը և առնում է այդ արտը»։
«Դարձյալ,— շարունակում է նա,— երկնքի թագավորությունը նման է մի ճամփորդող վաճառականի, որը գեղեցիկ մարգարիտներ է փնտրում։ Գտնելով մի թանկարժեք մարգարիտ՝ նա գնում և իսկույն վաճառում է իր ողջ ունեցվածքը և առնում է այն»։
Հիսուսն ինքը նման է այն մարդուն, որը թաքցրած գանձ է հայտնաբերում, և նման է այն վաճառականին, որը թանկարժեք մարգարիտ է գտնում։ Որոշ առումով նա ամեն ինչ վաճառել է. թողել է երկնքում ունեցած իր պատվավոր դիրքը, որպեսզի դառնա հասարակ մարդ։ Իսկ այժմ գտնվելով երկրի վրա՝ Հիսուսը նախատինքի և ատելությամբ լի հալածանքի է ենթարկվում՝ փաստելով, որ արժանի է Աստծու Թագավորության Իշխանը լինելու։
Հիսուսի հետևորդներից նույնպես պահանջվում է ամեն ինչ վաճառել, որպեսզի ստանան մեծագույն վարձատրությունը՝ լինեն Քրիստոսի իշխանակիցները կամ էլ դառնան Թագավորության երկրային հպատակները։ Աստծու Թագավորության գործին մասնակցելը կհամարե՞նք արդյոք կյանքում ամենաարժեքավոր բանը, ինչպես անգին գանձ կամ թանկարժեք մարգարիտ։
Վերջում Հիսուսը «երկնքի թագավորությունը» նմանեցնում է ուռկանի, որն ամեն տեսակ ձկներ է հավաքում։ Եվ երբ դրանք առանձնացնում են իրարից, անպետքները գցում են, իսկ լավերը՝ պահում։ Հիսուսի խոսքերով՝ այդպես կլինի նաև իրերի համակարգի վախճանին, երբ հրեշտակները արդարներին կառանձնացնեն չարերից՝ վերջիններիս բնաջինջ անելու համար։
Հիսուսն ինքը սկսեց «ձկնորսության» այս գործը, երբ հըրավիրեց իր առաջին աշակերտներին՝ լինելու «մարդկանց որսորդներ»։ Դարեր շարունակ հրեշտակների հսկողության ներքո ընթանում է «ձկնորսության» այս գործը։ Վերջապես մոտենում է ժամանակը դուրս քաշելու «ուռկանը», որը ներկայացնում է երկրի վրա քրիստոնեական համարվող բոլոր կազմակերպությունները, այդ թվում նաև սուրբ ոգով օծված քրիստոնյաների ժողովը։
Ճիշտ է, անպետք ձուկը վերացնում են, բայց լավ ձուկը պահում են։ Եթե Հիսուսի աշակերտների նման մենք էլ անկեղծորեն ցանկանանք ավելին իմանալ և հասկանալ, ապա կվարձատրվենք ոչ միայն հավելյալ ուսուցումով, այլ նաև Աստծու կողմից կօրհնվենք հավիտենական կյանքով։ Մատթեոս 13։1–52; Մարկոս 4։1–34; Ղուկաս 8։4–18; Սաղմոս 78։2; Եսայիա 6։9, 10։
▪ Որտե՞ղ և ե՞րբ է Հիսուսը ժողովրդի հետ առակներով խոսում։
▪ Ի՞նչ հինգ առակ է պատմում Հիսուսը ժողովրդին։
▪ Ինչո՞ւ է Հիսուսն ասում, որ մանանեխի հատիկը բոլոր սերմերից ամենափոքրն է։
▪ Ինչո՞ւ է Հիսուսը առակներով խոսում։
▪ Ինչպե՞ս են Հիսուսի աշակերտները ցույց տալիս, որ իրենք տարբերվում են մյուս մարդկանցից։
▪ Հիսուսն ինչպե՞ս է բացատրում սերմնացանի առակը։
▪ Ինչո՞վ են աշակերտները տարբերվում ծովափին գտնվող մարդկանցից։
▪ Ո՞ւմ կամ ի՞նչ են ներկայացնում սերմ ցանողը, արտը, լավ սերմը, թշնամին, հունձը և հնձվորները։
▪ Ուրիշ ի՞նչ երեք առակ է պատմում Հիսուսը, և ի՞նչ ենք սովորում դրանցից։