Գլուխ 44
Հանդարտեցնում է սարսափելի փոթորիկը
ՀԻՍՈՒՍԻ օրը լի էր գործունեությամբ. նա ուսուցանել էր ծովափին գտնվող մարդկանց և հետո աշակերտներին բացատրել առակների նշանակությունը։ Երբ երեկոն իջնում է, նա իր աշակերտներին ասում է. «Եկեք մյուս ափը անցնենք»։
Գալիլեայի ծովի արևելյան կողմում գտնվում է մի տարածք, որը կոչվում է Դեկապոլիս։ Այս անվանումը ծագել է հունարեն դեկա, որ նշանակում է «տասը», և պոլիս՝ «քաղաք», բառերից։ Դեկապոլիսի քաղաքները հունական մշակույթի կենտրոնն են հանդիսանում, որտեղ, անշուշտ, բնակվում են նաև շատ հրեաներ։ Սակայն Հիսուսի գործունեությունն այս տեղանքում շատ սահմանափակ է։ Ինչպես դեռ կտեսնենք, նույնիսկ այս այցելության ժամանակ նրան չի հաջողվում երկար մնալ։
Երբ Հիսուսը խնդրում է ծովի մյուս կողմն անցնել, աշակերտները նրան իրենց հետ նավակի մեջ են վերցնում։ Սակայն նրանց մեկնումը մարդկանց աչքից աննկատ չի մնում։ Շատ չանցած՝ նրանք իրենց նավակներով գնում են Հիսուսի ու նրա աշակերտների հետևից։ Ծովի մյուս ափը շատ հեռու չէ։ Իրականում, Գալիլեայի ծովը պարզապես մեծ լիճ է, որն ունի մոտավորապես 21 կիլոմետր երկարություն և ամենաշատը 12 կիլոմետր լայնություն։
Հիսուսն, ինչ խոսք, հոգնած է և ափից հեռանալուն պես պառկում է նավի հետևի մասում, գլուխը դնում է բարձին ու խորը քուն մտնում։ Առաքյալներից մի քանիսը փորձառու նավավարներ են, որոնք բազմիցս ձկնորսություն են արել Գալիլեայի ծովում։ Այդ պատճառով նրանք են ղեկավարում նավակը։
Բայց այս անգամ ճանապարհորդությունը հեշտ չի ընթանում։ Այս լճի մակարդակը ծովի մակարդակից 210 մետր ցածր է, ուստի նրա մակերևույթի վրա տաք ջերմաստիճանի և շրջակա լեռներից եկող սառը օդի պատճառով երբեմն ուժեղ քամիներ են առաջանում, և լճի վրա հանկարծակի սաստիկ փոթորիկներ են սկսվում։ Այդպիսի մի փոթորիկ էլ հիմա է սկսվում։ Նավակին խփվելով՝ ալիքները ներս են լցվում, այն աստիճան, որ քիչ է մնում՝ նավակը սուզվի։ Իսկ Հիսուսը դեռ քնած է։
Փորձառու նավավարներն ամբողջ ուժով փորձում են ղեկավարել նավակը։ Անշուշտ, սա առաջին դեպքը չէ, որ նրանք փոթորկի դեմ են պայքարում։ Բայց այս անգամ աշակերտների ուժերը սպառվում են։ Վախենալով, որ կկորցնեն իրենց կյանքը՝ նրանք արթնացնում են Հիսուսին։ «Տե՛ր, հոգդ չէ՞, որ մենք կործանվում ենք,— բացականչում են նրանք։— Փրկի՛ր մեզ, կործանվո՛ւմ ենք»։
Հիսուսն արթնանում է և սաստում քամուն ու ծովին՝ ասելով. «Լռի՛ր։ Հանդարտվի՛ր»։ Կատաղի քամին դադարում է, և ծովը հանդարտվում է։ Դառնալով դեպի իր աշակերտները՝ Հիսուսը հարցնում է. «Ինչո՞ւ եք երկյուղած։ Դեռևս հավատ չունե՞ք»։
Աշակերտները մեծ վախով են լցվում։ «Արդյոք սա ո՞վ է,— հարցնում են իրար,— որ նույնիսկ քամիներին ու ջրին է հրամայում, և նրանք հնազանդվում են նրան»։
Ինչպիսի՜ զորության տեր է Հիսուսը։ Որքա՜ն մխիթարական է իմանալ, որ մեր Թագավորը զորություն ունի բնության ուժերի վրա։ Եվ երբ նա իր Թագավորության ընթացքում ողջ ուշադրությունը դարձնի երկրի վրա, մարդկանց այլևս չեն սպառնա բնական աղետները։
Փոթորկի հանդարտվելուց շատ չանցած՝ Հիսուսն իր աշակերտների հետ ապահով հասնում է արևելյան ափ։ Հավանաբար, մյուս նավակները նույնպես անվնաս ու ապահով վերադառնում են տուն։ Մարկոս 4։35–5։1; Մատթեոս 8։18, 23–27; Ղուկաս 8։22–26։
▪ Ի՞նչ է Դեկապոլիսը, և որտե՞ղ է այն գտնվում։
▪ Ի՞նչն է պատճառը, որ Գալիլեայի ծովի վրա ուժգին փոթորիկներ են լինում։
▪ Ի՞նչ են անում աշակերտները, երբ նավավարության մեջ իրենց ունեցած փորձն ու հմտություններն այլևս չեն օգնում։