Գլուխ 42
Հիսուսը հանդիմանում է փարիսեցիներին
ԵԹԵ իրոք Հիսուսը Սատանայի զորությամբ է հանում դևերին, ուրեմն, ինչպես ինքն է մեկնաբանում, Սատանան ինքն իր դեմ բաժանված է։ «Կամ ծառը լավը դարձրեք և նրա պտուղը՝ լավ,— շարունակում է նա,— կամ էլ ծառը փտած դարձրեք և նրա պտուղն էլ՝ փտած. որովհետև ծառը իր պտղից է ճանաչվում»։
Հիմարություն կլիներ պնդել, թե դևեր հանելու «լավ պտուղը» արդյունքն է այն բանի, որ Հիսուսը Սատանային է ծառայում։ Եթե պտուղը լավն է, ապա ծառը չի կարող վատը լինել։ Մյուս կողմից՝ փարիսեցիների «փտած պտուղը»՝ Հիսուսին ուղղված անհեթեթ մեղադրանքներն ու նրան անհիմն կերպով հակառակվելը, ապացույցն է այն բանի, որ իրենք են «փտած»։ «Իժերի՛ ծնունդներ,— բացականչում է Հիսուսը,— ինչպե՞ս կարող եք բարի բաներ խոսել, երբ դուք ինքներդ չար եք։ Որովհետև սրտի լիությունից է բերանը խոսում»։
Քանի որ մեր խոսքերն արտացոլում են մեր սրտի վիճակը, դրանք կարող են դատապարտության հիմք լինել։ «Ասում եմ ձեզ,— բացատրում է Հիսուսը,— ամեն անպետք խոսքի համար, որ մարդիկ խոսում են, հաշիվ պիտի տան Դատաստանի օրը, որովհետև քո խոսքերով ես արդար հայտարարվելու և քո խոսքերով ես դատապարտվելու»։
Չնայած Հիսուսի կատարած բոլոր հրաշքներին՝ փարիսեցիներն ու դպիրներն ասում են. «Ուսուցի՛չ, ուզում ենք նշան տեսնել քեզանից»։ Թեև Երուսաղեմից եկած այս մարդիկ գուցե անձամբ չեն տեսել Հիսուսի հրաշքները, սակայն նրանք ականատեսների անհերքելի փաստերն ունեն։ Դրա համար Հիսուսն ասում է հրեա առաջնորդներին. «Չար և շնացող սերունդը շարունակ նշան է փնտրում, սակայն ուրիշ ոչ մի նշան չի տրվի նրան, բացի Հովնան մարգարեի նշանից»։
Բացատրելով իր խոսքերի իմաստը՝ Հիսուսը շարունակում է. «Ինչպես որ Հովնանը երեք օր ու երեք գիշեր մնաց մեծ ձկան փորում, այնպես էլ մարդու Որդին երեք օր ու երեք գիշեր կլինի երկրի սրտում»։ Հովնանին մի մեծ ձուկ էր կուլ տվել, և երբ նա դուրս էր եկել ձկան որովայնից, ասես հարություն էր առել։ Ուստի Հիսուսը մարգարեանում է, որ ինքը պետք է մահանա և երրորդ օրը հարություն առնի։ Սակայն հրեա առաջնորդները նույնիսկ Հիսուսի հարությունից հետո մերժում են «Հովնանի նշանը»։
Հիսուսը բացատրում է, որ Նինվեի բնակիչները, որոնք Հովնանի քարոզչությամբ զղջացին, դատաստանի ժամանակ հարություն կառնեն, որպեսզի դատապարտեն հրեաներին, որոնք մերժում են Հիսուսին։ Նա ևս մեկ զուգահեռ է բերում։ Սաբայի թագուհին երկրի ծայրերից եկել էր Սողոմոնի իմաստությունը լսելու, և հիացել էր այն ամենով, ինչ որ տեսել ու լսել էր։ «Բայց ահա,— նկատում է Հիսուսը,— Սողոմոնից էլ մեծն է այստեղ»։
Այնուհետև Հիսուսը առակ է պատմում մի մարդու մասին, որի միջից անմաքուր ոգի է դուրս գալիս։ Այդ մարդը, սակայն, դատարկ մնացած տեղը բարի բաներով չի լցնում, ուստի ոգին վերադառնում է յոթ ավելի չար ոգիների հետ և մտնում նրա մեջ։ «Այդպես կլինի նաև այս չար սերնդի հետ»,— ասում է Հիսուսը։ Իսրայել ազգը մաքրվել և բարեփոխվել էր, ինչը կարելի է համեմատել անմաքուր ոգու ժամանակավորապես հեռանալու հետ։ Բայց այն, որ այդ ազգը Աստծու մարգարեներին մերժեց և խիստ հակառակվեց հենց Քրիստոսին, ցույց է տալիս, որ հիմա ավելի վատ վիճակում է, քան նախկինում էր։
Մինչ Հիսուսը խոսում է, նրա մայրն ու եղբայրները գալիս են և կանգնում մարդկանց բազմության մոտ։ Ինչ–որ մեկն ասում է նրան. «Ահա մայրդ ու եղբայրներդ դրսում կանգնած ուզում են քեզ հետ խոսել»։
«Ո՞վ է իմ մայրը, և ովքե՞ր են իմ եղբայրները»,— հարցնում է Հիսուսը։ Ապա ձեռքը մեկնելով դեպի իր աշակերտները՝ ասում է. «Ահա՛ իմ մայրը և իմ եղբայրները։ Որովհետև ով կատարում է իմ Հոր կամքը, որ երկնքում է, նա՛ է իմ եղբայրը, քույրը և մայրը»։ Դրանով Հիսուսը ցույց է տալիս, որ ինչքան էլ թանկ լինեն ազգակցական կապերը, իր աշակերտների հետ ունեցած փոխհարաբերությունները իր համար ավելի թանկ են։ Մատթեոս 12։33–50; Մարկոս 3։31–35; Ղուկաս 8։19–21։
▪ Ի՞նչ առումով փարիսեցիները չեն կարողանում և՛ «ծառը», և՛ «պտուղը» լավը դարձնել։
▪ Ո՞րն է «Հովնանի նշանը», և ինչպե՞ս է հետագայում այն մերժվում։
▪ Ի՞նչ առումով է առաջին դարի Իսրայել ազգը նման այն մարդուն, որի միջից անմաքուր ոգի է դուրս գալիս։
▪ Ինչպե՞ս է Հիսուսն ընդգծում, որ մտերիմ փոխհարաբերություններ ունի իր աշակերտների հետ։