Աստվածաշնչի գիրք համար 64. 3 Հովհաննես
Գրողը՝ Հովհաննես առաքյալ
Գրվելու վայրը՝ Եփեսոս կամ մերձակայք
Գրության ավարտը՝ մ.թ. մոտ 98թ.
1. Ո՞ւմ է ուղղված «3 Հովհաննես» նամակը, և ի՞նչ է հայտնի մեզ այդ մարդու մասին։
ԱՅՍ նամակը ուղղված է Գայոսին՝ մի հավատարիմ քրիստոնյայի, որին Հովհաննեսը ջերմորեն սիրում էր։ «Գայոս» անունը տարածված էր առաջին դարի քրիստոնեական ժողովում։ Այն հանդիպում է Քրիստոնեական Հունարեն Գրություններում չորս անգամ և վերաբերում է առնվազն երեք, գուցե նաև չորս տարբեր տղամարդկանց (Գործ. 19։29; 20։4; Հռոմ. 16։23; 1 Կորնթ. 1։14)։ Ոչ մի կոնկրետ տեղեկություն չկա, որի հիման վրա կարելի է հստակ ասել, թե ո՛ր Գայոսին է գրել Հովհաննեսը։ Միայն գիտենք, որ այս Գայոսը քրիստոնեական ժողովի անդամ էր, Հովհաննեսի մտերիմ ընկերը, և նամակն ուղղված էր անձամբ նրան, այդ պատճառով օգտագործվում է «դու» դերանունը։
2. Ո՞վ, ե՞րբ և որտե՞ղ է գրել «3 Հովհաննես» նամակը։
2 Քանի որ սկզբում և վերջում ողջույնի խոսքերը նույն ոճով են գրված, ինչպես որ «2 Հովհաննես»-ում, և գրողը կրկին իր մասին խոսում է որպես «երեցի», ոչ մի կասկած չի կարող լինել, որ այս նամակը նույնպես գրել է Հովհաննես առաքյալը (2 Հովհ. 1)։ Բովանդակությունից և լեզվի նմանությունից նույնպես կարելի է ենթադրել, որ այս, ինչպեսև նախորդ երկու նամակները գրվել են Եփեսոսում կամ մերձակայքում մ.թ. մոտ 98-ին։ Քանի որ նամակը կարճ է, հազվադեպ է մեջբերվել վաղ գրողների կողմից, սակայն, ինչպես որ «2 Հովհաննես»-ը, այն գտնվում է ներշնչված Սուրբ Գրքի վաղ ցուցակներումa։
3. Ի՞նչ է Հովհաննեսը հայտնում երրորդ նամակի միջոցով, և ի՞նչ ենք իմանում վաղ քրիստոնեական եղբայրության մասին։
3 Նամակում Հովհաննեսը իր երախտագիտությունն է հայտնում Գայոսին այն բանի համար, որ նա հյուրընկալում էր շրջագայող եղբայրներին, և հիշատակում է ինչ-որ դժվարության մասին՝ կապված Դիոտրեֆես անունով մի փառասեր եղբոր հետ։ Առաքյալը նշում է նաև Դեմետրիոսի մասին։ Ըստ ամենայնի, նա այն անձնավորությունն է, որը նամակը բերեց Գայոսին։ Հնարավոր է՝ այս եղբայրը ճանապարհ ընկավ Հովհաննեսի խնդրանքով և ճանապարհին օգտվեց Գայոսի հյուրասիրությունից, ինչին նպաստեց առաքյալի նամակը։ Ինչպես Գայոսի, այնպես էլ Դիոտրեֆեսի և Դեմետրիոսի մասին ոչինչ չգիտենք, բացի այս հիշատակումներից։ Այնուամենայնիվ, այս նամակն օգնում է մեզ պատկերացում կազմելու, թե որքան ամուր է եղել վաղ քրիստոնյաների միջազգային եղբայրությունը։ Նրանք սովորություն ունեին հյուրասիրությամբ ընդունելու եղբայրներին, որոնք ճանապարհորդում էին Աստծու «անվան համար», նույնիսկ եթե անձամբ չէին ճանաչում նրանց (3 Հովհ. 7)։
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
4. Ինչո՞ւ է Հովհաննեսը գովում Գայոսին, ո՞ր վարքագիծն է նա դատապարտում և ի՞նչ խորհուրդ է տալիս։
4 Առաքյալը հորդորում է լինել հյուրասեր և բարի գործեր անել (1–14)։ Հովհաննեսը ուրախ է լսելու, որ Գայոսը շարունակում է «ճշմարտության մեջ քայլել»։ Նա գովում է նրան, որ հավատարիմ է ամեն ինչում և հոգատար է այցելող եղբայրների հանդեպ։ Հովհաննեսը ասում է. «Մենք պարտավոր ենք այսպիսիներին հյուրասիրությամբ ընդունել, որպեսզի համագործակիցներ լինենք ճշմարտության մեջ»։ Հովհաննեսը նախկինում գրել էր ժողովին, բայց փառասեր Դիոտրեֆեսը ոչ մի բան հարգանքով չի ընդունում առաքյալից կամ այլ պատասխանատու եղբայրներից։ Ուստի Հովհաննեսը ասում է, որ եթե գա, հաշիվ կպահանջի նրանից այն բանի համար, որ «չար խոսքերով շատախոսում է» եղբայրների հասցեին։ Սիրելի Գայոսին խորհուրդ է տալիս «ընդօրինակել ոչ թե չարը, այլ բարին»։ Նա ասում է, որ Դեմետրիոսը գովասանքի արժանի օրինակ է։ Թեև Հովհաննեսը շատ բաներ ունի գրելու, բայց հուսով է, որ շուտով կտեսնի Գայոսին ու երես առ երես կխոսի նրա հետ (3 Հովհ. 4, 8, 10, 11)։
ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ
5. ա) Ինչպե՞ս Հովհաննեսը ցույց տվեց, որ օրինակելի վերակացու է, և ինչպիսի՞ ոգի պետք է քրիստոնյաները պահպանեն։ բ) Ինչո՞ւ է Հովհաննեսը բացեիբաց խոսում Դիոտրեֆեսի դեմ։ գ) Ո՞ր հարցերում պետք է նախանձախնդիր լինենք և Հովհաննեսի նշած ո՞ր սկզբունքի համաձայն։
5 Հովհաննես առաքյալի խոսքերից երևում է, որ նա օրինակելի վերակացու էր և նախանձախնդրորեն պաշտպանում էր ժողովը ապականող ազդեցություններից։ Սիրո և հյուրընկալության ոգին, որը լիարժեքորեն դրսևորվում էր ժողովում, գովելի էր, և ժողովի անդամների պարտականությունն էր պահպանել այդ ոգին, որպեսզի տեղի եղբայրներն ու «անծանոթները» (այն անհատները, ովքեր ծանոթ չէին իրենց հյուրընկալներին), որոնք կային նրանց մեջ, միասին ծառայեին որպես «համագործակիցներ ճշմարտության մեջ» (3 Հովհ. 5, 8)։ Սակայն Դիոտրեֆեսը «գոռոզ աչքեր» ուներ, ինչը ատելի է Եհովային, չէր հարգում աստվածապետական իշխանությունը ու նույնիսկ չարախոսում էր Հովհաննես առաքյալի մասին (Առակ. 6։16, 17)։ Նա խանգարում էր, որ ժողովը քրիստոնեական հյուրընկալություն դրսևորեր։ Ուստի զարմանալի չէ, որ Հովհաննեսը բացեիբաց արտահայտվեց նրա չար վարքի մասին ու գովեց ժողովին անկեղծ քրիստոնեական սեր դրսևորելու համար։ Մենք էլ այսօր պետք է նախանձախնդիր լինենք խոնարհություն պահպանելու, ճշմարտության մեջ քայլելու, սեր և առատաձեռնություն դրսևորելու մեջ՝ համաձայն այն սկզբունքի, որ տվեց Հովհաննես առաքյալը. «Ով բարիք է գործում, Աստծուց է, իսկ ով չարիք է գործում, Աստծուն չի տեսել» (3 Հովհ. 11)։
[ծանոթագրություն]
a Տե՛ս 331-րդ էջի աղյուսակը։