Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • si էջ 286–288
  • Աստվածաշնչի գիրք համար 65. Հուդա

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աստվածաշնչի գիրք համար 65. Հուդա
  • «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
  • ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ
  • «Պայքարէ՛ք հաւատի համար»
    1998 Դիտարան
  • Ճշմարտության մեջ մնալու համար պետք է պայքար մղենք
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2019)
  • Ուշագրավ մտքեր «Հովհաննես» և «Հուդա» նամակներից
    2008 Դիտարան
  • Նրանք գրել են Հիսուսի մասին
    Սովորեցրեք ձեր երեխաներին
«Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
si էջ 286–288

Աստվածաշնչի գիրք համար 65. Հուդա

Գրողը՝ Հուդա

Գրվելու վայրը՝ Պաղեստին (?)

Գրության ավարտը՝ մ.թ. մոտ 65թ.

1. Ժողովում ի՞նչ իրավիճակ էր ստեղծվել, որի պատճառով Հուդան անհրաժեշտ համարեց զորեղ նամակ գրել իր եղբայրներին։

ՀՈՒԴԱՅԻ քրիստոնյա եղբայրները վտանգի մեջ էին։ Հիսուսի մահից և հարությունից հետո ընկած ժամանակահատվածում օտար տարրեր էին թափանցել քրիստոնեական ժողով։ Թշնամին ներխուժել էր ժողով քրիստոնյաների հավատը թուլացնելու նպատակով, ինչպեսև նախազգուշացրել էր Պողոսը մոտ 14 տարի առաջ (2 Թեսաղ. 2։3)։ Ինչպե՞ս պետք է եղբայրները զգոն լինեին և զգուշանային վտանգից։ Այդ հարցին պատասխանում է Հուդայի նամակը, որը զորեղ և ուղիղ խոսքեր է պարունակում։ 3-րդ և 4-րդ համարներում Հուդան բացատրում է, թե ինչու է անհրաժեշտ համարել նրանց նամակ գրել. «Հարկ համարեցի գրել ձեզ.... որովհետև մեր մեջ որոշ մարդիկ են սողոսկել.... անաստված մարդիկ, որոնք իրենց անառակ վարքը արդարացնում են մեր Աստծու անզուգական բարությամբ»։ Առողջ ուսմունքը և բարոյականության հիմքը խարխլվելու սպառնալիքի տակ էին։ Հուդան պարտավորված զգաց պաշտպանելու իր եղբայրների շահերը, որպեսզի նրանք էլ իրենց հերթին կարողանային ուժգին պայքար մղել հավատի համար։

2. ա) Ո՞վ էր Հուդան։ բ) Հիսուսի հետ ունեցած ինչպիսի՞ հարաբերությունն էր Հուդան ամենից շատ գնահատում։

2 Իսկ ո՞վ էր Հուդան։ Նախաբանում կարդում ենք, որ նամակը գրել է «Հուդան, Հիսուս Քրիստոսի ծառան և Հակոբոսի եղբայրը», և այն ուղղված է «կանչվածներին»։ Արդյո՞ք Հուդան առաքյալ էր։ Ճիշտ է, Հիսուսի 12 առաքյալներից երկուսի անունը Հուդա է եղել (Ղուկ. 6։16), սակայն Հուդան իր մասին չի ասում, որ առաքյալ է, այլ խոսում է առաքյալների մասին երրորդ դեմքով՝ ասելով «նրանք»՝ թերևս իրեն բացառելով (Հուդա 17, 18)։ Դեռ ավելին, նա իրեն անվանում է «Հակոբոսի եղբայր»՝ ըստ ամենայնի, նկատի ունենալով «Հակոբոս» նամակը գրողին, որը նաև Հիսուսի արյունակից եղբայրն էր (Հուդա 1)։ Լինելով Երուսաղեմի ժողովի «սյուներից» մեկը՝ Հակոբոսը ճանաչված անձնավորություն էր, այդ պատճառով իր մասին խոսելիս Հուդան հղում է նրան։ Փաստորեն, Հուդան նույնպես Հիսուսի արյունակից եղբայրն էր, և Հիսուսն իսկապես Հուդա անունով եղբայր է ունեցել (Գաղ. 1։19; 2։9; Մատթ. 13։55; Մարկ. 6։3)։ Սակայն Հուդան չի հիշատակում Հիսուսի հետ ունեցած իր ազգակցական կապը, այլ խոնարհաբար շեշտը դնում է իրենց հոգևոր հարաբերությունների վրա՝ ասելով, որ ինքը «Հիսուս Քրիստոսի ծառան» է (1 Կորնթ. 7։22; 2 Կորնթ. 5։16; Մատթ. 20։27)։

3. Ինչպե՞ս է փաստվում Հուդայի նամակի վավերականությունը։

3 Աստվածաշնչյան այս գրքի վավերականությանը թիկունք է կանգնում այն, որ գիրքը հիշատակվում է մ.թ. երկրորդ դարին պատկանող Մուրատորիի ֆրագմենտում։ Բացի այդ, այն կանոնական է համարվել Կղեմես Ալեքսանդրացու կողմից (մ.թ. երկրորդ դար)։ Օրիգենեսը հիշատակել է այն որպես աշխատություն, որը «թեև բաղկացած է մի քանի տողից, սակայն լի է երկնային շնորհի բուժիչ խոսքերով»a։ Տերտուլիանոսը նույնպես այս նամակը համարել է վավերական։ Ոչ մի կասկած չկա, որ այն պատկանում է ներշնչված Սուրբ Գրքին։

4. Ո՞ւմ էր ուղղված «Հուդա» նամակը, և ե՞րբ ու որտե՞ղ է հավանաբար այն գրվել։

4 Հուդան գրում է «կանչվածներին» և չի դիմում որևէ կոնկրետ ժողովի կամ անհատի։ Հետևաբար, նրա ուղերձը ընդհանուր բնույթ է կրում և հասցեագրված է բոլոր քրիստոնյաներին։ Հավանաբար նամակը գրվել է Պաղեստինում, թեև կոնկրետ չի նշվում այդ մասին։ Նաև դժվար է հաստատ որոշել գրվելու ժամանակը։ Բայց դա պետք է որ եղած լիներ, երբ քրիստոնեական ժողովը արդեն զարգացել էր, քանի որ Հուդան ուշադրությունը դարձնում է «այն խոսքերին, որ նախապես հայտնել են մեր Տեր Հիսուս Քրիստոսի առաքյալները» ու ակներևաբար մեջբերում է 2 Պետրոս 3։3-ը (Հուդա 17, 18)։ Ուշագրավ են «Հուդա» նամակի և «2 Պետրոս» նամակի երկրորդ գլխի միջև եղած զարմանալի նմանությունները։ Դա ցույց է տալիս, որ Հուդան գրել է նամակը գրեթե այն նույն ժամանակ, երբ Պետրոսը գրել է իր երկրորդ նամակը, քանի որ երկուսն էլ խորապես մտահոգված էին ժողովին սպառնացող վտանգներով։ Ուստի ենթադրվում է, որ նամակը գրվելու մոտավոր տարեթիվը մ.թ. 65թ.-ն է։ Այս տարեթիվը հաստատվում է նաև նրանով, որ Հուդան չի հիշատակում Կեստիոս Գալլոսի արշավանքը, որը արվեց հրեաների ապստամբությունը ճնշելու նպատակով (մ.թ. 66թ.), ոչ էլ հիշատակում է Երուսաղեմի կործանումը (մ.թ. 70թ.)։ Իր ուղերձում Հուդան նշում է Աստծու մի քանի դատաստանների մասին, որոնք նա գործադրել էր մեղավորների դեմ։ Ուստի տրամաբանական է ենթադրել, որ եթե Երուսաղեմն արդեն կործանված լիներ, Հուդան կհիշատակեր նաև այս դատաստանի մասին և այդպիսով ավելի մեծ ուժ կհաղորդեր իր փաստարկներին, հատկապես որ Հիսուսը կանխագուշակել էր այդ իրադարձությունը (Հուդա 5–7; Ղուկ. 19։41–44)։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

5. ա) Ինչո՞ւ Հուդան անհրաժեշտ համարեց գրել կանչվածներին ու հորդորել «համառորեն պայքարել հավատի համար»։ բ) Ի՞նչ նախազգուշական օրինակներ է բերում Հուդան։

5 Նախազգուշացումներ պոռնկության և իշխանությունը չհարգելու վերաբերյալ (1–16)։ «Կանչվածներին» ջերմ ողջույններ ուղղելուց հետո Հուդան նշում է, որ մտադիր է գրել «մեր բոլորի փրկության մասին», բայց այժմ հարկ է համարում հորդորել, որ «համառորեն պայքարեն հավատի համար»։ Ինչո՞ւ։ Քանի որ անաստված մարդիկ էին սողոսկել ժողով, որոնք իրենց անառակ վարքը արդարացնում են մեր Աստծու անզուգական բարությամբ։ Այդ մարդիկ, ինչպես ասում է Հուդան, «ուրանում են մեր միակ Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին» (Հուդա 1, 3, 4)։ Նա հիշեցնում է, որ թեև Եհովան Եգիպտոսից փրկեց մի ժողովրդի, բայց հետագայում «կործանեց նրանց, ովքեր հավատ չցուցաբերեցին»։ Ավելին, այն հրեշտակներին, ովքեր թողեցին իրենց համար նախատեսված բնակության վայրը, Եհովան «պահում է մեծ օրվա դատաստանի համար»։ Սոդոմի ու Գոմորի և դրանց շրջակա քաղաքների հավիտենական պատիժը նույնպես նախազգուշական օրինակ է, որը ցույց է տալիս, թե ինչ է սպասում նրանց, ովքեր «մխրճվում են պոռնկության մեջ և անձնատուր լինում անբնական մարմնական ցանկություններին» (5–7)։

6. Ի՞նչ են անում անաստված մարդիկ, ինչպե՞ս է Հուդան ցույց տալիս, որ նրանց վարքը սխալ է, և թե ինչպիսին կլինեն նման վարքի հետևանքները։

6 Նույն ձևով անաստված մարդիկ «պղծում են մարմինը, արհամարհում տերությունը և անարգանքով խոսում փառավորների մասին»։ Բայց նույնիսկ Միքայել հրեշտակապետը, երբ վիճում էր Բանսարկուի հետ Մովսեսի մարմնի համար, չհանդգնեց անարգական խոսքերով դատապարտել նրան, այլ ասաց. «Թող Եհո՛վան քեզ սաստի»։ Մինչդեռ այդ մարդիկ անարգանքով են խոսում և բանականությունից զուրկ կենդանիների նման ապականում են իրենց։ Նրանք գնում են Կայենի, Բաղաամի և ըմբոստ Կորխի ճանապարհով։ Նրանք ստորջրյա թաքնված խութեր են, անջուր ամպերի պես են, անպտուղ ծառեր՝ ամբողջովին չորացած ու արմատախիլ եղած, ծովի կատաղի ալիքների պես են, որ իրենց ամոթալի գործերն են փրփրեցնում, և թափառող աստղերի պես են։ Այսպիսիների համար «հավիտյան պահված է անթափանց խավարը» (Հուդա 8, 9, 13)։ Ենոքը մարգարեացել էր, որ Եհովան դատաստան է տեսնելու այս անաստված մարդկանց հետ։ Նրանք տրտնջացողներ են, դժգոհողներ ու քծնողներ են։

7. ա) Ի՞նչ նախազգուշացում են տվել առաքյալները ծաղրողների վերաբերյալ։ բ) Ի՞նչ պետք է «սիրելիները» անեն իրենց և ուրիշների համար, մինչ սպասում են Քրիստոսի ողորմությանը, որը «հավիտենական կյանքի է առաջնորդում»։

7 Խորհուրդ՝ մնալու Աստծու սիրո մեջ (17–25)։ Հուդան հիշեցնում է եղբայրներին, թե ինչպես էին Տեր Հիսուս Քրիստոսի առաքյալները զգուշացնում, որ «վերջին ժամանակներում ծաղրողներ կլինեն, որ կվարվեն իրենց ամբարիշտ ցանկությունների համեմատ»։ Այս խնդրահարույց անհատները «անասնացած մարդիկ են, որ զուրկ են հոգևորից»։ Հետևաբար, «սիրելիները» պետք է զորանան հավատով և մնան Աստծու սիրո մեջ, մինչ սպասում են Քրիստոսի ողորմությանը, որը «հավիտենական կյանքի է առաջնորդում»։ Նաև հարկավոր է ողորմություն ցուցաբերել նրանց հանդեպ, ովքեր կասկածամիտ են դարձել։ Հուդան նամակի վերջում Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով փառքը վերագրում է «Աստծուն՝ Փրկչին», Նրան, ով կարող է օգնել նրանց, որ չգայթակղվեն (18–21, 25)։

ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ

8. Ինչպե՞ս էր Հուդան օգտագործում ներշնչված Սուրբ Գիրքը և «բնության գիրքը»՝ եղբայրներին հորդորելու համար։

8 Հուդան համարում էր, որ ներշնչված Սուրբ Գիրքը օգտակար է «սիրելիներին» նախազգուշացնելու, հորդորելու, քաջալերելու, սովորեցնելու և ուղղելու համար։ Քողազերծելով ժողով սողոսկած անաստվածների ծանր մեղքերը՝ նա Եբրայերեն Գրություններից մեջբերեց հավատուրաց իսրայելացիների, մեղք գործած հրեշտակների, Սոդոմի ու Գոմորի բնակիչների մասին տպավորիչ օրինակները՝ ցույց տալու համար, որ այդպիսի բաներ անող բոլոր մարդիկ նման պատիժ են ստանալու։ Ապականված մարդկանց Հուդան նմանեցրեց բանականությունից զուրկ կենդանիների և ասաց, որ նրանք գնում են Կայենի ճանապարհով, բռնել են Բաղաամի սխալ ընթացքը և կործանվելու են Կորխի պես ըմբոստությամբ խոսելու պատճառով։ Նա նաև վառ օրինակներ է բերում «բնության գրքից»։ Հուդայի ուղիղ նամակը, որը հորդորում է լավ վարք դրսևորել «վերջին ժամանակներում», դարձավ «ամբողջ Գրքի» մի մասը, ուստի այն հարկավոր է ուսումնասիրել Աստվածաշնչի գրքերի հետ (Հուդա 17, 18, 5–7, 11–13; Թվեր 14։35–37; Ծննդ. 6։4; 18։20, 21; 19։4, 5, 24, 25; 4։4, 5, 8; Թվեր 22։2–7, 21; 31։8; 16։1–7, 31–35)։

9. Ինչո՞ւ են Հուդայի զգուշացումները դեռ ժամանակահարմար, և ո՞ր բնագավառներում քրիստոնյաները պետք է շարունակեն զորացնել իրենց անձերը։

9 Դրսից եկող հակառակություններն ու փորձությունները չէին կարողացել կանգնեցնել քրիստոնեության աճը, սակայն այժմ ժողովի ներսում էր վտանգ առաջացել. եղբայրներին սպառնում էր բարոյական քայքայումը։ «Ստորջրյա խութերը» սպառնում էին խորտակել ամբողջ ժողովը։ Գիտակցելով, որ այս վտանգը շատ ավելի կործանարար կարող է լինել՝ Հուդան զորեղ հորդոր է տալիս «համառորեն պայքարել հավատի համար»։ Նրա նամակն այսօր նույնքան ժամանակահարմար է, որքան անցյալում։ Նույն նախազգուշացման կարիքը կա նաև այսօր։ Հավատը պետք է պահպանել, դրա համար հարկավոր է պայքարել, անբարոյությունը պետք է արմատախիլ անել, կասկածամիտներին օգնել ողորմածությամբ և, եթե հնարավոր է, «հափշտակել կրակի միջից»։ Բարոյական մաքրություն պահպանելու, հոգևորապես ակտիվ լինելու համար, ինչպես նաև հանուն ճշմարիտ երկրպագության քրիստոնյաներն այսօր պետք է շարունակեն զորացնել իրենց անձերը սրբագույն հավատով։ Նրանք պետք է շարունակեն առաջնորդվել ճիշտ սկզբունքներով և մոտենալ Եհովային աղոթքով։ Նաև պետք է պատշաճ վերաբերմունք ունենան «տերության» հանդեպ՝ հարգանք դրսևորելով քրիստոնեական ժողովում Աստծու նշանակած իշխանության հանդեպ (Հուդա 3, 23, 8)։

10. ա) Ինչպե՞ս պետք է ժողովը վերաբերվի անասնացած մարդկանց, և ի՞նչ օրհնություններ կլինեն արդյունքում։ բ) Ի՞նչ վարձատրություն կունենան Թագավորության ժառանգները, և Հուդայի ո՞ր խոսքերին են նրանք միանում։

10 «Անասնացած մարդիկ, որ զուրկ են հոգևորից», երբեք չեն մտնի Աստծու Թագավորություն, նրանք միայն վտանգի կենթարկեն նրանց, ովքեր քայլում են հավիտենական կյանքի ճանապարհով (Հուդա 19; Գաղ. 5։19–21)։ Ժողովին հարկավոր է զգուշացնել նրանց մասին և այն պետք է մաքրել այդպիսի անհատներից։ Այդպես անելով՝ սիրելիների հանդեպ «ողորմությունը, խաղաղությունը և սերը» կշատանան, և նրանք «կմնան Աստծու սիրո մեջ, մինչ սպասում են մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողորմությանը, որը հավիտենական կյանքի է առաջնորդում»։ Աստված՝ Փրկիչը, Թագավորության ժառանգներին «մեծ ցնծությամբ անարատ կկանգնեցնի իր փառքի առջև»։ Անշուշտ, այս ժառանգները միանում են Հուդայի խոսքերին, որ Հիսուս Քրիստոսի միջոցով Եհովային վերագրեն «փառքը, մեծությունը, հզորությունը և իշխանությունը» (Հուդա 2, 21, 24, 25)։

[ծանոթագրություն]

a «The Canon of the New Testament», 1987, Բ. Մ. Մեցգեր, էջ 138։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը