Աստվածաշնչի գիրք համար 63. 2 Հովհաննես
Գրողը՝ Հովհաննես առաքյալ
Գրվելու վայրը՝ Եփեսոս կամ մերձակայք
Գրության ավարտը՝ մ.թ. մոտ 98թ.
1. Հավանաբար ո՞ւմ է ուղղված եղել «2 Հովհաննես» նամակը։
ՀՈՎՀԱՆՆԵՍԻ երկրորդ նամակը կարճ է։ Հնարավոր է՝ այն գրված է եղել պապիրուսի ընդամենը մեկ էջի վրա։ Սակայն այս նամակը մեծ նշանակություն ունի։ Այն ուղղված է «ընտրյալ տիկնոջը և նրա զավակներին»։ Քանի որ այդ օրերում կար «Կիրիա» անունը («տիկին» բառի հունարեն համարժեքը), որոշ աստվածաշնչագետներ կարծում են, որ նամակն ուղղված է այդ անունը կրող կոնկրետ մի անհատի։ Կարծիք կա նաև, որ Հովհաննեսը նամակը գրել է մի քրիստոնեական ժողովի և այն կոչել «ընտրյալ տիկին»։ Հնարավոր է՝ դա արվել է հակառակորդներին մոլորեցնելու նպատակով։ Այդ դեպքում կարելի է եզրակացնել, որ վերջին համարում «իրենց բարևներն են ուղարկում քո ընտրյալ քրոջ զավակները» ասելով՝ առաքյալը նկատի է ունեցել մեկ ուրիշ ժողովի անդամների։ Փաստորեն, երկրորդ նամակը, ի տարբերություն առաջինի, ընդհանուր բնույթ չունի, քանի որ ակներևաբար ուղղված է եղել կա՛մ կոնկրետ որևէ անհատի, կա՛մ կոնկրետ մեկ ժողովի, ոչ թե բոլոր քրիստոնյաներին (2 Հովհ. 1)։
2. ա) Ի՞նչն է ցույց տալիս, որ Հովհաննես առաքյալն է «2 Հովհաննես»-ի գրողը։ բ) Ինչի՞ց ենք ենթադրում, որ նամակը գրվել է Եփեսոսում կամ մերձակայքում մ.թ. մոտ 98-ին, և ի՞նչն է փաստում, որ այն վավերական է։
2 Ոչ մի հիմք չկա կասկածելու, որ Հովհաննեսն է այս նամակը գրողը։ Գրողն ինքն իրեն կոչում է «երեց [«տարեց», ծնթ.]»։ Սա, անշուշտ, համապատասխանում է Հովհաննեսի նկարագրին ոչ միայն այն պատճառով, որ նա տարեց էր, այլ նաև, որ ժողովի «սյուներից» էր (Գաղ. 2։9), կենդանի մնացած վերջին առաքյալն էր, ուստիև իսկապես «երեց» էր քրիստոնեական ժողովում։ Նա լավ ճանաչված էր, և ընթերցողները ուրիշ փաստերի կարիք չունեին հասկանալու համար, որ Հովհաննեսն էր գրողը։ Այն, որ Հովհաննեսն է գրողը, երևում է այս նամակի և առաջին նամակի ու Հովհաննեսի Ավետարանի ոճական նմանություններից։ Ինչպեսև առաջին նամակը, երկրորդ նամակը նույնպես, ամենայն հավանականությամբ, գրվել է Եփեսոսում կամ մերձակայքում մ.թ. մոտ 98-ին։ Երկրորդ և երրորդ նամակների առնչությամբ «Մըքքլինթոքի և Սթրոնգի հանրագիտարանում» ասվում է. «Այդ ուղերձների նմանություններից կարելի է ենթադրել, որ դրանք գրվել են Եփեսոսում առաջին Ուղերձից կարճ ժամանակ անց։ Երկուսում էլ կոնկրետ իրավիճակներում կիրառվում են սկզբունքներ, որոնք մանրամասնորեն քննարկվել են 1-ին Ուղերձում»a։ Վավերականությունը երևում է այն բանից, որ նամակը մեջբերվել է երկրորդ դարում ապրած Իրենեոսի կողմից, ինչպես նաև ընդունվել է նույն ժամանակներում ապրած Կղեմես Ալեքսանդրացու կողմիցb։ Դեռ ավելին, Հովհաննեսի նամակները թվարկվում են Մուրատորիի ֆրագմենտում։
3. Ի՞նչ նպատակով է Հովհաննեսը գրել այս նամակը։
3 Ինչպեսև առաջին նամակը, Հովհաննեսը այս նամակը նույնպես գրեց այն պատճառով, որ կեղծ ուսուցիչները կատաղի հարձակումներ էին գործում քրիստոնեական հավատի վրա։ Հովհաննեսը ուզում է իր ընթերցողներին զգուշացնել այդ անհատների մասին, որ կարողանան ճանաչել նրանց, հեռու մնան նրանցից, շարունակեն քայլել ճշմարտության մեջ և փոխադարձ սեր դրսևորեն։
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
4. Ինչո՞ւ է Հովհաննեսը կոչ անում սիրել իրար, և ինչպե՞ս է հարկավոր վարվել նրանց հետ, ովքեր Քրիստոսի ուսմունքից այն կողմ են անցնում։
4 Սիրել իրար, մերժել հավատուրացներին (1–13)։ Ճշմարտության մեջ եղող «ընտրյալ տիկնոջ և նրա զավակների» հանդեպ իր սերը արտահայտելուց հետո Հովհաննեսը ցնծում է, երբ իմանում է, որ նրանցից ոմանք ճշմարտության մեջ են քայլում, ինչպես որ պատվիրան են ստացել Հորից։ Նա խնդրում է, որ նրանք սիրեն միմյանց՝ շարունակելով Աստծու պատվիրանների համաձայն քայլել։ Շատ խաբեբաներ ու նեռեր դուրս են եկել աշխարհ, որոնք չեն դավանում, որ Հիսուս Քրիստոսը եկել է մարմնով։ Նա, ով Քրիստոսի ուսմունքից այն կողմ է անցնում, Աստծու հավանությունը չունի, բայց նա, ով մնում է այդ ուսմունքի մեջ, «թե՛ Հոր և թե՛ Որդու հավանությունը» ունի։ Եթե մեկը չի բերում այս ուսմունքը, նրանք չպետք է նրան ընդունեն իրենց տուն և նույնիսկ ողջույնի խոսք չպետք է ասեն։ Հովհաննեսը շատ բան ունի գրելու, սակայն հույս ունի գնալ նրանց մոտ ու երես առ երես խոսել, որպեսզի նրանց ուրախությունը «լիակատար» լինի (2 Հովհ. 9, 12)։
ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ
5. ա) Ի՞նչ իրավիճակ էր առաջացել ժողովում Հովհաննեսի օրերում, որը առաջանում է նաև մեր օրերում։ բ) Հովհաննեսի նման՝ ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ գնահատում ենք ժողովի միասնությունը։
5 Մեր օրերում ոմանց չեն բավարարում Հիսուսի պարզ, հասարակ ուսմունքները։ Ակներևաբար, Հովհաննեսի օրերում նույնպես այդպիսի մարդիկ կային։ Նրանք ավելի շատ բան էին ուզում, մի բան, որը հաճելի կլիներ իրենց ես-ին, կբարձրացներ իրենց և աշխարհի փիլիսոփաների շարքում կդասեր։ Նրանք պատրաստ էին ապականելու և պառակտելու քրիստոնեական ժողովը՝ իրենց եսասիրական նպատակներին հասնելու համար։ Հովհաննեսը կարևոր էր համարում ժողովի խաղաղությունը, որը հիմնված էր սիրո ու ճշմարիտ ուսմունքի վրա և միասնական էր Հոր ու Որդու հետ։ Մենք նույնպես պետք է բարձր գնահատենք ժողովի միասնությունը, չընկերակցենք նրանց հետ, ովքեր ներշնչված Գրքի ուսմունքներից այն կողմ են անցնում, և նույնիսկ չողջունենք նրանց։ Շարունակելով քայլել Աստծու պատվիրանների համաձայն և լիակատար ուրախություն ստանալով ճշմարիտ քրիստոնյաների հետ ընկերակցելուց՝ կարող ենք համոզված լինել, որ «ճշմարտության և սիրո հետ մեկտեղ մենք կվայելենք անզուգական բարություն, ողորմություն և խաղաղություն Աստծուց՝ Հորից, և Հիսուս Քրիստոսից՝ Հոր Որդուց» (2 Հովհ. 3)։ Այո՛, Հովհաննեսի երկրորդ նամակը ցույց է տալիս, թե ինչ մեծ օրհնություն է քրիստոնեական միասնությունը։
[ծանոթագրություններ]
a 1981թ. վերահրատարակություն, հատ. IV, էջ 955 (անգլ.)։
b «New Bible Dictionary», երկրորդ հրատարակություն, 1986, Ջ. Դ. Դուգլասի խմբագրությամբ, էջ 605։