Ես չհանձնվեցի
ՊԱՏՄՈՒՄ Է ՄԱՅՔԼ ՀԵՆԲՈՈՒՆ
Ես դժվարությամբ եմ ընթերցում։ Պատճառն այն է, որ ունեմ մի հիվանդություն, որը կոչվում է ընթերցախանգարում։ Հայրս, մայրս ու երեք կրտսեր եղբայրներս նույն խնդիրն ունեն։ Պետք է նշեմ, որ ինձ համար դպրոցում սովորելու ամեն մի օրը մեծ պայքար է եղել։ Այդուհանդերձ, թե՛ընտանիքիս անդամները, թե՛ ուրիշները միշտ աջակցել ու քաջալերել են ինձ։
ՄԵՐ ընտանիքը չորրորդ սերունդն է, որ Եհովայի վկա է։ Մենք միշտ ընթերցում էինք Աստծու Խոսքը և ուսումնասիրում աստվածաշնչյան հրատարակությունները։ Ես ու կրտսեր եղբայրս՝ Ֆլեմինգը, հայրիկի հետ կանոնավորաբար մասնակցում էինք ծառայությանը և ամեն անգամ համոզվում, որ շատ կարևոր է վարժ գրել ու կարդալ իմանալ։
Վաղ տարիքից ընթերցում էի «Դիտարանի» և «Արթնացե՛ք»–ի բոլոր համարները։ Քանի որ դժվարությամբ էի կարդում, մի պարբերագիրն ընթերցում էի 15 ժամում։ Ու չնայած դրան՝ նպատակ էի դրել կարդալ ամբողջ Աստվածաշունչը։ Ցուցակագրվել էի Աստվածապետական ծառայության դպրոցին (այս Դպրոցը անցկացվում է Եհովայի վկաների ժողովներում)։ Դպրոցում սովորում են վարժ կարդալ ու խոսել, ելույթներ ներկայացնել։ Այս ամենն օգնում էր ինձ հաղթահարելու իմ խնդիրը։
Սովորում եմ անգլերեն
1988 թ.–ին, երբ 24 տարեկան էի, սկսեցի ծառայել որպես ռահվիրա՝ բարի լուրի լիաժամ քարոզիչ։ Մեծ ցանկություն ունեի բարի լուրը քարոզել նաև Դանիայում ապրող օտարերկրացիներին։ Ուստի որոշեցի անգլերեն սովորել՝ հաճախելով մասնավոր պարապմունքների։ Թեև ինձ համար դժվար էր օտար լեզու սովորել, բայց շատ ջանքեր էի թափում։ Ժամանակի ընթացքում սկսեցի բարի լուրը քարոզել Կոպենհագենում ապրող անգլիախոս մարդկանց։ Ճիշտ է, թեև այդքան էլ լավ չէի խոսում անգլերեն, բայց դա ինձ չէր վհատեցնում։
Բացի այդ, հնարավորություն ունեցա տարբեր երկրներում մասնակցելու Եհովայի վկաների շինարարական նախագծերին, քանի որ քիչ թե շատ անգլերեն խոսում էի։ Սկզբում ինձ ուղարկեցին Հունաստան, իսկ ավելի ուշ մասնակցեցի Մադրիդի մասնաճյուղի շինարարությանը։
Հետագայում նպատակ դրեցի սովորել Ծառայության կատարելագործման դպրոցում, որտեղ կարող են սովորել ամուրի եղբայրները։ Նրանք հատուկ կրթություն են ստանում ութ շաբաթվա ընթացքում։ Այնուհետև նշանակվում են ծառայելու այնտեղ, որտեղ բարի լուրի քարոզիչների ավելի մեծ կարիք կա (Մարկոս 13։10)։ Ուստի ութ ամիս ամեն օր չորս ժամ անգլերեն էի պարապում և հաճախում էի անգլիախոս ժողով։ 1994 թ.–ին հրավիրվեցի Շվեդիա՝ մասնակցելու այդ դպրոցին, որն անցկացվելու էր անգլերեն լեզվով։
Դասերը սկսվեցին սեպտեմբերի 1–ին։ Քանի որ նպատակ էի դրել ակտիվորեն մասնակցել քննարկումներին, երբ ուսուցիչները հարցեր էին տալիս, հաճախ էի ձեռք բարձրացնում, թեև միշտ չէ, որ կարողանում էի ճիշտ բառեր ընտրել։ Դպրոցն ավարտելուց հետո նշանակում ստացա որպես ռահվիրա ծառայելու Կոպենհագենում։ Սակայն այս ամենը դեռ վերջը չէր։
Սովորում եմ թամիլերեն
1995 թ. դեկտեմբերին ինձ նշանակեցին Դանիայի Հեռնինգ քաղաքի թամիլախոս ժողով։ Իմ կարծիքով՝ թամիլերենը աշխարհի ամենաբարդ լեզուներից է։ Այբուբենը վանկագիր է. կազմված է 31 տառից և ձայնավորական ու բաղաձայնական տարրերից, որոնք, ընդհանուր հաշվով, մոտ 250 նշանագրեր են։
Սկզբնական շրջանում ելույթներս թարգմանում էին։ Իսկ որոշ ժամանակ անց ելույթներս սկսեցի ներկայացնել թամիլերենով։ Կարծում էի, թե ոչ ոք չի հասկանում ինձ։ Ամեն դեպքում, ներկաները հարգանքով էին լսում իմ ելույթը, թեև երբեմն էլ ոմանք ծիծաղում էին։ Բայց որպեսզի ավելի արագ սովորեմ այս լեզուն, որոշեցի մեկնել այնտեղ, ուր մարդիկ թամիլերեն են խոսում։
1996 թ. հոկտեմբերին ժամանեցի Շրի Լանկա։ Երկրում քաղաքացիական պատերազմ էր բռնկվել։ Մի որոշ ժամանակ ապրեցի Վավունիա քաղաքում, որը գտնվում էր հակամարտող կողմերի կենտրոնում։ Ես ջերմ ընդունելության արժանացա տեղի Վկաների կողմից։ Թեև նրանք նյութապես ապահովված չէին, բայց հյուրասեր էին և աչքի էին ընկնում իրենց ջերմ սիրով։ Այդ եղբայրները պատրաստակամորեն օգնում էին ինձ թամիլերեն սովորել։ Արևմուտքից եկած միակ մարդը ես էի, այդ պատճառով տեղացիները շատ էին զարմանում, երբ տեսնում էին, որ փորձում եմ իրենց լեզվով խոսել։ Նրանք խոնարհ մարդիկ էին։ Դրա համար էլ հեշտ էր զրուցել Աստվածաշնչից նրանց հետ։
1997 թ.–ին վերադարձա Դանիա։ Մեկ տարի անց ամուսնացա Կամիլա անունով մի ռահվիրա քրոջ հետ։ 1999 թ. դեկտեմբերին կնոջս հետ նորից մեկնեցի Շրի Լանկա։ Կարճ ժամանակ անց սկսեցինք Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնել, ինչպես նաև համագործակցել տեղի Վկաների հետ։ Ես ու Կամիլան մեծ բավականություն էինք ստանում մեր ծառայությունից։
2000 թ. մարտին հետ եկանք Դանիա։ Մեզ համար անչափ դժվար էր բաժանվել հավատակիցներից և այն մարդկանցից, ում հետ Աստվածաշունչ էինք ուսումնասիրել, քանի որ շատ էինք մտերմացել նրանց հետ։ Բայց նոր անակնկալներ էին սպասվում մեզ։
Սովորում եմ լատվերեն
2002 թ. մայիսին ես ու Կամիլան հրավիրվեցինք Լատվիա՝ ծառայելու որպես միսիոներ։ Ընդամենը վեց շաբաթ հետո Կամիլան արդեն խոսում էր լատվերեն, սակայն ես առ այսօր լավ չեմ խոսում այդ լեզվով, թեպետ ջանքեր եմ գործադրումa։
Ես ու Կամիլան մեծ ուրախություն ենք ստանում մեր միսիոներական ծառայությունից։ Աստվածաշնչի ուսումնասիրություններ ենք անցկացնում ազնվասիրտ շատ մարդկանց հետ։ Երբեմն մոռանում եմ բառերը կամ սխալ եմ ձևակերպում նախադասությունները, սակայն մարդիկ փորձում են հասկանալ ինձ, նույնիսկ հուշում են, թե ինչ բառ պիտի ասեմ։ Դա է պատճառը, որ ծառայության ժամանակ կամ ժողովում ելույթներ ներկայացնելիս անկաշկանդ եմ խոսում։
Ի՞նչը մղեց ինձ նոր լեզուներ սովորելու։ Եթե մի բառով ասեմ՝ սերը, բայց ոչ թե լեզուների հանդեպ, այլ մարդկանց։ Ես հաճույքով եմ օգնում մարդկանց ճանաչելու ճշմարիտ Աստծուն՝ Եհովային, և մտերիմ փոխհարաբերություններ զարգացնելու նրա հետ։ Շատ միսիոներների նման ես էլ եմ համոզվել, որ երբ անհատը բարի լուրը իր մայրենի լեզվով է լսում, ճշմարտությունը հասնում է սրտին։
Տարիների ընթացքում ես ու կինս շատերին ենք օգնել ընդունելու ճշմարտությունը։ Սակայն այդ հաջողությունների համար Եհովային ենք պարտական։ Մենք պարզապես տնկում ենք ու ջրում, բայց Աստված է, որ աճեցնում է (1 Կորնթացիներ 3։6)։
Խոչընդո՞տ, թե՞ աստիճան
Ինչ–որ իմաստով հիվանդությունս օգնել է ինձ զարգացնելու ուսուցանելու իմ հմտությունները։ Այժմ ժողովում ելույթ ունենալիս իմ գրառումներից քիչ եմ օգտվում ու ինձ հաջողվում է տեսողական կապ պահել ունկնդիրների հետ։ Ելույթների ժամանակ հաճախ եմ օրինակներ օգտագործում, քանի որ դրանք ավելի հեշտ է մտապահել։
Ես հասկացա, թե որքան ճշմարիտ են Պողոս առաքյալի խոսքերը. «Աստված աշխարհի թույլերին ընտրեց, որ ուժեղներին ամաչեցնի» (1 Կորնթացիներ 1։27)։ Կարելի է ասել, որ ես իմ հիվանդության պատճառով «թույլ» եմ, սակայն Եհովան զորացնում է։ Ինձ մնում է միայն հասանելի նպատակներ դնել, իրատես լինել և աղոթել Աստծուն սուրբ ոգու համար։
[Ծանոթագրություն]
a Լատվիայում վեց տարի ծառայելուց հետո Մայքլն ու Կամիլան նշանակվեցին Գանա։
[Շրջանակ 22–րդ էջի վրա]
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԹԵՐՑԱԽԱՆԳԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի՞նչ է ընթերցախանգարումը։ Այս հիվանդության անվանումը առաջացել է հունարեն «դիսլեքսիա» բառից, որը նշանակում է «աղքատիկ խոսք»։ Այս անբուժելի հիվանդությունը կապված է լեզվական սահմանափակումների հետ։ Ընթերցախանգարում ունեցողները դժվարանում են հասկանալ, թե որ հնչյունը որ տառին է համապատասխանում։ Սակայն հիվանդության ախտանշանները տարբեր մարդկանց մոտ կարող են տարբեր լինել։
Ընթերցախանգարման պատճառները։ Հիմնական պատճառները դեռևս բացահայտված չեն, սակայն կարծիք կա, որ ժառանգական գործոնը մեծ դեր է խաղում։ Թեև հետազոտությունների ժամանակ ուղեղի գործունեության և զարգացման հետ կապված որոշ շեղումներ են նկատվել, սակայն ընդհանուր առմամբ ընթերցախանգարումը կապ չունի մտային կարողությունների կամ սովորելու ցանկության հետ։ Իրականում ընթերցախանգարում ունեցողները հաջողությունների են հասնում այլ բնագավառներում, որտեղ չի պահանջվում լեզվի լավ իմացություն։
Ինչպե՞ս օգնել ընթերցախանգարում ունեցողներին։ Հարկավոր է վաղ շրջանում հայտնաբերել հիվանդությունը։ Սովորելու ընթացքում օգնեք, որ երեխան գործի դնի լսողության, տեսողության և շոշափելիքի զգայարանները։ Հիշեք, որ երեխաները տարբեր արագությամբ են առաջադիմում, ուստի յուրաքանչյուրի հանդեպ անհրաժեշտ է ցուցաբերել անհատական մոտեցում։ Օգտակար կարող են լինել նաև մասնավոր պարապմունքները։ Էմոցիոնալ առումով աջակցեք նրան, երբ դպրոցում դժվարություններ է ունենում։ Մեծ ջանքերի շնորհիվ ընթերցախանգարում ունեցողները կարող են սովորել լավ գրել ու կարդալb։
[Ծանոթագրություն]
b Աղբյուրը՝ «Ընթերցախանգարման միջազգային կազմակերպություն»։ Տե՛ս նաև այս պարբերագրում տպագրված «Ինչպե՞ս օգնել սահմանափակ ընդունակություններ ունեցող երեխաներին» հոդվածը։
[Նկար 23–րդ էջի վրա]
Շրի Լանկայում՝ մեր եղբայրներից մեկի հետ
[Նկար 23–րդ էջի վրա]
Կամիլայի հետ՝ Լատվիայում