Պիցցայի սիրահարներին
ՄԵՐ ԹՂԹԱԿԻՑԸ՝ ԻՏԱԼԻԱՅԻՑ
ԸՍՏ ավանդության՝ Ֆերդինանդ I թագավորը (1751–1825 թթ.) հաճախ էր հասարակ մարդու շորեր հագնում ու գաղտնի գնում Նեապոլի աղքատ թաղամասերից մեկը։ Գիտե՞ք, թե ինչու։ Նա ուզում էր ուտել մի բան, որը թագուհու հրամանով արգելված էր արքունիքում։ Այդ ուտեստը պիցցան էր։
Մեր օրերում, սակայն, պիցցա կարելի է պատվիրել ամենուրեք։ Եվ եթե Ֆերդինանդը կենդանի լիներ այսօր, նա առանց որևէ դժվարության կվայելեր իր սիրած պիցցան։ Ներկայումս Իտալիայում գործում է մոտավորապես 30 000 պիցերիա, որտեղ այնքան պիցցա է պատրաստվում, որ մեկ տարվա մեջ յուրաքանչյուր բնակիչ կարող է 45 պիցցա համտեսել։
Ծագումը
Ենթադրվում է, որ պիցցան ծնունդ է առել 1720–ին Նեապոլում։ Այն աղքատների կերակուր էր։ Պատրաստվում էր շատ արագ։ Վաճառողը պիցցան դնում էր սկուդոյի՝ պղնձե տարայի մեջ, որպեսզի այն տաք մնար, և գլխին դրած շրջում էր փողոցով ու բարձրաձայն գովազդում այդ համեղ ուտեստը։
Մի օր, սակայն, արքունիքում Ֆերդինանդի գաղտնիքը իմացան բոլորը։ Պիցերիաներից սկսեցին օգտվել նաև բարձր խավի մարդիկ։ Շուտով փողոցում վաճառվող պիցցան դարձավ մարդկանց սիրած ուտելիքը։ Իսկ 1832–ին Ֆերդինանդի թոռը՝ Ֆերդինանդ II թագավորը, պատվիրեց փռեր սարքել Կապոդիմոնտե պալատի պարտեզներում։ Նրա հարգարժան հյուրերը մեծ բավականություն էին ստանում, երբ վայելում էին տաք պիցցան։
Սննդարա՞ր է
Այսօր պիցցան սիրված է բոլորի կողմից։ Բայց պետք է մի քանի բան հաշվի առնել։ Որպեսզի պիցցան սննդարար լինի, պետք է պատրաստված լինի առողջարար բաղադրամասերից, որոնց մեջ կան անհրաժեշտ քանակությամբ ածխաջրեր, ճարպեր, սպիտակուցներ, ինչպես նաև շատ վիտամիններ, հանքային նյութեր և ամինաթթուներ։ Խորհուրդ է տրվում պատրաստելիս օգտագործել ձիթապտղի յուղ։ Այն առաջացնում է խոլեստերինի այնպիսի տեսակ, որը մաքրում է արտերիաները։
Եթե պիցցան լավ է պատրաստված, այն հազվադեպ է մարսողության հետ կապված խնդիրներ ստեղծում։ Մասամբ այդպիսի խնդիրներ չեն ծագում, որովհետև ալյուրի մեջ եղող ածխաջրերը մեծ քանակությամբ ջուր են ստանում հունցելու և խմորման ընթացքում։ Դա է պատճառը, որ մարդիկ արագ են հագենում, և անգամ պիցցայի խենթ սիրահարները չեն կարողանում շատ ուտել։
Ինչ խոսք, շնորհակալ ենք Ֆերդինանդ I թագավորին, ում շնորհիվ պիցցան սիրված ուտեստ դարձավ։ Հաջորդ անգամ պիցցա պատվիրելիս թերևս հաճույքով հիշեք այս պատմությունը։
[Շրջանակ 25–րդ էջի վրա]
◼ Պիցցան ավելի համեղ է, երբ պատրաստվում է փռի մեջ։ Փայտի ծուխը նուրբ բույր է հաղորդում, իսկ մոխիրն իր հերթին յուրահատուկ համ է տալիս պիցցային։
◼ Աշխարհի ամենամեծ պիցցան պատրաստվել է 1990–ին։ Այն կշռել է 12 տոննա, իսկ տրամագիծը եղել է ավելի քան 37 մետր։
◼ Պիցցայի խմորը օդում պտտելու հին սովորությունը պարզապես գեղեցիկ ցուցադրում չէ։ Պտտելու ընթացքում բացված խմորը բարակում է, իսկ եզրերը թեթևակիորեն հաստանում են։ Այդպիսով կատարյալ «հիմք» է դրվում պիցցայի համար։