Կարո՞ղ են մարդիկ երջանիկ ապագա երաշխավորել
Հենց նոր եք տեղափոխվել մի նոր և գեղեցիկ տուն, որը կառուցված է աղյուսից։ Այն ամուր է երևում։ Դա հենց այն տունն է, որ միշտ ցանկացել եք ունենալ։ Ապագան պայծառ է թվում։ Բայց ընդամենը մի քանի տարի անց ի հայտ են գալիս կառուցվածքային լուրջ թերություններ. ոչինչ հնարավոր չէ անել. տունը պետք է քանդել։ Ձեր սիրտը կոտրված է։ Բայց միայն ձեր տունը չէ այդ վիճակում։ Թաղամասի մյուս տները ևս սկսել են քանդվել։ Հետազոտությունը պարզում է, որ պատճառը ճարտարապետական խախտումներն ու անորակ աղյուսներն են։
ԱՅԴ տան պես՝ այսօր աշխարհը շատ վատ վիճակում է։ Թեև մարդիկ փորձում են անթիվ հասարակական և քաղաքական գաղափարներ, ու թեև գրեթե հրաշքներ են տեղի ունենում գիտության և տեխնիկայի բնագավառում, թվում է՝ հասարակության հիմքերը խարխլվում են։ Մի շարք երկրներում հանցագործությունն ու անարխիան արդեն սովորական բան են դարձել։ Արդյոք այս իրավիճակները կմղե՞ն մարդկանց լուծելու իրենց խնդիրները և վերջապես ստեղծելու լավ կառավարություն։ Տեսնենք, թե հայտնի մարդիկ ինչ են ասել՝ նայելով մարդկության պատմությանը։
«Մենք փորձել ենք ամեն ինչ»
Ջանալով աշխարհն ավելի լավը դարձնել՝ մտածողները, սկսած հույն փիլիսոփա Պլատոնից, վերջացրած գերմանացի քաղաքական փիլիսոփա և սոցիալիստ Կարլ Մարքսով, առաջարկել են բազմաթիվ քաղաքական գաղափարախոսություններ։ Արդյունքնե՞րը։ «Նյու սթեյթսմեն» հանդեսի հոդվածներից մեկում գրվեց. «Մենք վերջ չենք տվել աղքատությանը, ոչ էլ խաղաղություն ենք հաստատել աշխարհում։ Ավելին, թվում է՝ հակառակ արդյունքների ենք հասել։ Ինչ խոսք, չի կարելի ասել, որ մենք ուղիներ չենք փնտրել։ Մենք փորձել ենք ամեն ինչ՝ սկսած կոմունիզմից մինչև կապիտալիզմ, Ազգերի լիգայից՝ մինչև պատերազմը կանխելու նպատակով միջուկային զենք կուտակելը։ Մենք չափազանց շատ պատերազմներ ենք մղել պատերազմին վերջ տալու համար՝ ցանկանալով ապացուցել, որ գիտենք, թե ինչպես վերջ տալ պատերազմներին։ Եվ երբ նայում ենք մեր քաղաքների աղքատ շրջաններին, կարծես այնտեղ մշտական կայծակնային պատերազմ է տեղի ունենում»։ Այնուհետև հոդվածում ասվում է. «[20–րդ] դարը սկսեցինք մեծ խանդավառությամբ՝ հավատալով, որ գիտնականները կփրկեն մեզ, բայց դարավերջին մենք նրանց ոչ մի խոսքին չենք հավատում»։
2001 թ.–ին Լոնդոնի համալսարանի տնտեսագիտության և հասարակագիտության պաշտոնաթող վաստակավոր պրոֆեսոր Էրիկ Հոբսմոնը գրեց, որ քաղաքական համակարգերը «հայտնվել են մի ժամանակաշրջանում, որտեղ մարդու գործունեությունը անչափ մեծ հետք է թողնում բնության և երկրագնդի վրա»։ Այս խնդիրների լուծումը կամ գոնե թեթևացումը «կպահանջեն այնպիսի միջոցներ, որոնք անհնար է գտնել (սա կարելի է գրեթե հաստատ ասել) քվեներ հաշվելով կամ սպառողի նախասիրությունները հետազոտելով։ Այս ամենը լավ բան չի խոստանում ժողովրդավարությանը և աշխարհին»։
Մարդկության գլխին կախված աղետը տեսնելով՝ աշխարհահռչակ աստղաֆիզիկոս և հեղինակավոր գրող Ստիվեն Հոքինգն ասաց. «Մի աշխարհում, որտեղ տիրում է քաղաքական, տնտեսական և էկոլոգիական քաոս, ինչպե՞ս կարող է մարդկությունը գոյատևել ևս 100 տարի»։
Ինչո՞ւ է պատկերն այսքան մռայլ
Միայն Աստվածաշունչն է սպառիչ պատասխան տալիս այն հարցին, թե ինչու են մարդիկ լիովին ձախողվում իրենք իրենց կառավարելու փորձերում։ Աստվածաշունչն օգնում է մեզ տեսնելու մարդու իրական վիճակը։ Քննենք, օրինակ, հետևյալ չորս հիմնարար ճշմարտությունները։
Մենք բոլորս անկատար ենք։ «Բոլորը մեղք գործեցին ու չհասան Աստծու փառքին» (Հռոմեացիներ 3։23)։ Ճիշտ ինչպես աղյուսի մեջ եղող ճաքերի պատճառով շենքը կարող է խարխլվել և քանդվել, այդպես էլ մարդկանց ժառանգած անկատարությունը դրսևորվում է այնպիսի ձևերով, որոնք կարող են խարխլել հասարակությունը։ Այդ դրսևորումներից են՝ կաշառակերությունը, անազնվությունը, ագահությունը և իշխանության չարաշահումը։ Այս ամենը նոր չէ։ Մոտ երեք հազար տարի առաջ Աստվածաշնչի իմաստուն գրողներից մեկը նկատել էր. «Մարդ մարդի վերայ իշխում է իր վնասի համար» (Ժողովող 8։9)։
Պետական և դատական իշխանություններն ընդունում են, որ մարդիկ անկատար են և ունեն թերություններ, ու փորձում են լրացնել այդ բացը հաստափոր օրենսգրքերի միջոցով։ Սակայն նրանք շատ լավ գիտեն, որ հնարավոր չէ օրենքներ ընդունելով մարդկանց մեջ առաջացնել սեր միմյանց հանդեպ կամ ցանկություն՝ լինելու օրինապահ քաղաքացիներ։
Մահվան առջև անզոր ենք։ «Մի յուսաք իշխաններին՝ մարդի որդիին, որի մօտ փրկութիւն չ’կայ։ Նորա հոգին [կամ՝ կյանքի ուժը] դուրս կ’գայ, նա դէպի իր հողը կ’դառնայ, նոյն օրը կը կորչեն նորա խորհուրդները» (Սաղմոս 146։3, 4)։ Բոլոր ժամանակների ամենաիմաստուն կառավարիչներից մեկը՝ հին Իսրայելի Սողոմոն թագավորը, համոզվեց, որ իր ծանր աշխատանքը, ի վերջո, իզուր կարող է լինել։ Նա գրեց. «Ես ատեցի արեգակի տակին աշխատած աշխատանքս, որ թողելու եմ ինձանից յետոյ եկող մարդի համար։ Եւ ո՞վ գիտէ, թէ նա իմաստուն կ’լինի թէ յիմար. սակայն նա տիրելու է իմ բոլոր աշխատանքին.... Սա էլ է ունայն» (Ժողովող 2։18, 19)։
Մեր ուժերից վեր է ինքներս մեզ լավ ղեկավարելը։ «Մարդինը չէ իր ճանապարհը, որ գնացող մարդի բանը չէ, որ ուղղէ իր գնացքը» (Երեմիա 10։23)։ Նույնիսկ եթե մարդը կատարյալ լինի, Աստվածաշունչն ասում է, որ նա Աստծուց ո՛չ իրավունք, ո՛չ էլ կարողություն է ստացել ինքն իրեն ղեկավարելու, որովհետև Աստծու սկզբնական նպատակը դա չի եղել։ Օրինակ՝ ինչո՞ւ է մարդուն նյարդայնացնում այն միտքը, որ մեկ ուրիշը կամ մարդկանց ինչ–որ խումբ իրեն կարող է ասել, թե ինչպես պետք է վարվի կամ ինչ բարոյական չափանիշների հետևի։ Պատասխանը հետևյալն է. մենք ստեղծված ենք այնպես, որ առաջնորդվելու համար դիմենք մարդուց ավելի բարձր էակի, այն է՝ Աստծուն (Եսայիա 33։22; Գործեր 4։19; 5։29)։
Մարդիկ մի թաքնված կառավարչի ազդեցության տակ են։ «Ամբողջ աշխարհը Չարի [Բանսարկու Սատանայի] իշխանության տակ է» (1 Հովհաննես 5։19)։ Եթե մի ընկերության ղեկավարները չափազանց բարոյազուրկ և անձեռնմխելի են, ապա ի՞նչ կարող է անել սովորական աշխատողը իրավիճակը կարգավորելու համար։ Շատ քիչ բան, եթե ընդհանրապես կարողանա որևէ բան անել։ Նույնը կարելի է ասել այն խնդիրները լուծելու մասին, որոնց պատճառը, վերջին հաշվով, այս աշխարհի թաքնված կառավարիչներն են՝ անտեսանելի, չար ոգեղեն արարածները, որոնք գործում են Սատանայի իշխանության ներքո։ Ըստ Աստվածաշնչի՝ նրանք «կառավարություններ», «իշխանություններ», «այս աշխարհի խավարի տիրակալներ» և «երկնային ոլորտում եղող ոգեղեն չար ուժեր» են (Եփեսացիներ 6։12)։
Այդուհանդերձ, Աստվածաշունչը միայն չի բացահայտում մարդկության ձախողումները և աշխարհի անտեսանելի կառավարիչներին։ Սուրբ Գիրքը նաև պարունակում է բարի լուր։ Աստվածաշունչն ասում է, որ մեր բոլոր խնդիրները շուտով կլուծվեն, ուստի մենք կարող ենք լավ ապագայի հիմնավոր հույս ունենալ։
Մեր Արարի՛չը մեզ կփրկի
Եթե մնայինք մեր հույսին, երբեք չէինք կարողանա լուծել այս խնդիրները։ Նույնիսկ ամենախելացի, ամենազորեղ և ամենահարուստ մարդը չի կարող փոխել այս հոդվածում նշված չորս իրողություններից գոնե մեկըa։ Սակայն, ինչպես բացատրվում է հաջորդ հոդվածում, մեր Արարիչը մեզ ո՛չ մոռացել, ո՛չ էլ լքել է։ Որպես երկրի լիիրավ Գերիշխան՝ նա կհեռացնի մեր երջանկությանը խոչընդոտող ամեն բան (1 Հովհաննես 4։8)։ Եվ դեռ ավելին, նա դա կանի շատ շուտով։ Որտեղի՞ց գիտենք։
Ինչպես բացատրվեց այս պարբերագրի ապրիլ ամսվա համարում (ռուս.), ամբողջ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները և մարդկանց սոցիալական պայմանները միանգամայն հստակ ցույց են տալիս, որ մենք ապրում ենք այս աշխարհի «վերջին օրերի» վերջում (2 Տիմոթեոս 3։1; Մատթեոս 24։3–7)։ Վախճանը չի գա միջուկային ռումբի պայթյունի, Երկիր մոլորակի՝ երկնաքարի հետ բախման կամ մեկ այլ բանի հետևանքով, որի արդյունքում անխտիր կոչնչանան և՛ բարիները, և՛ չարերը։ Ընդհակառակը՝ այն կլինի Աստծու միջամտությամբ, որի նպատակն է ոչնչացնել միայն չարերին՝ ներառյալ նրանց, ովքեր ուզում են հավերժացնել մարդու իշխանությունը (Սաղմոս 37։10; 2 Պետրոս 3։7)։ Աստված երկրի վրայից կվերացնի նաև տառապանքը, որի պատճառը իր հակառակորդներն ենb (2 Թեսաղոնիկեցիներ 1։6–9)։
Դրանից հետո Արարիչը կլուծի կառավարելու հետ կապված մեր բոլոր խնդիրները՝ ամբողջ երկրի ղեկավարումը հանձնելով մի իշխանության, որը կոչվում «Աստծու թագավորություն» (Ղուկաս 4։43)։ Այժմ կտեսնենք, որ այս համաշխարհային կառավարությունը վաղվա օրը բոլորովին նոր լույսի ներքո է ներկայացնում։
[Ծանոթագրություններ]
a Տե՛ս «Արթնացե՛ք», 2008, մայիս, էջ 19–21, ռուս.։
b «Ինչո՞ւ է Աստված թույլատրում տառապանքը» հարցի պատասխանը կարող եք գտնել «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 106–րդ էջում։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
[Շրջանակ/նկար 5–րդ էջի վրա]
ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԱՆՈՐԱԿ «ԱՂՅՈՒՍՆԵՐԸ»
◼ Մենք բոլորս անկատար ենք
◼ Մահվան առջև անզոր ենք
◼ Մեր ուժերից վեր է ինքներս մեզ լավ ղեկավարելը
◼ Մարդիկ մի թաքնված կառավարչի ազդեցության տակ են
[Շրջանակ 6–րդ էջի վրա]
ՄԱՐԴԻԿ ՉԵՆ ԿՈՐԾԱՆԻ ԵՐԿԻՐԸ
Աստվածաշունչը բազմիցս փաստում է, որ Արարչի նպատակն է երկիրը դարձնել ապահով, խաղաղ տուն աստվածավախ մարդկանց համար։ Ուշադրություն դարձրեք հետևյալ սուրբգրային համարներին։
«Նա հաստատեց երկիրն իր հիմունքի վերայ, որ տեղիցը չ’շարժուի բնաւ եւ յաւիտեան» (Սաղմոս 104։5)։
«Դու երկիրը հաստատեցիր եւ նա կենում է» (Սաղմոս 119։90)։
«Մի ազգ գնում է, եւ մի ազգ գալիս է, բայց երկիրը յաւիտեան կանգնած կայ» (Ժողովող 1։4)։
«Երկիրը լիքն է լինելու Տիրոջ գիտութիւնովը, ինչպէս որ ջուրերը ծածկում են ծովը» (Եսայիա 11։9)։
«[Եհովան] կազմեց երկիրը, եւ արաւ նորան՝ հաստատեց նորան. նորան չ’ստեղծեց դարտակ, այլ բնակուելու համար ստեղծեց նորան» (Եսայիա 45։18)։