Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w26 մայիս էջ 26–31
  • Հարգենք ուրիշների որոշումները

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հարգենք ուրիշների որոշումները
  • 2026 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ՈՒՐԻՇՆԵՐԻ Ո՞Ր ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԳՈՒՑԵ ՍԿՍԵՆՔ ՔՆՆԱԴԱՏԵԼ
  • ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ՀԱՐԳԵՆՔ ՈՒՐԻՇՆԵՐԻ ԿԱՅԱՑՐԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
  • ԻՆՉՊԵՍ ՀԱՐԳԵԼ ՈՒՐԻՇՆԵՐԻ ՏԵՍԱԿԵՏԸ
  • Եհովային հաճելի որոշումներ կայացրու
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Որոշումներիցդ երևո՞ւմ է, որ ապավինում ես Եհովային
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2023)
  • Հավատ դրսևորիր. իմաստուն որոշումներ կայացրու
    2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Թող քո որոշումները փառք բերեն Աստծուն
    2011 Դիտարան
Ավելին
2026 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w26 մայիս էջ 26–31

ՕԳՈՍՏՈՍԻ 3-9, 2026

ԵՐԳ 113 Խաղաղությունը մեր ժառանգությունն է

Հարգենք ուրիշների որոշումները

«Մի՛ քննադատեք նրանց, ում կարծիքը տարբերվում է ձեր կարծիքից» (ՀՌՈՄ. 14։1)։

ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ

Հարգանք դրսևորենք հավատակիցների հանդեպ, երբ նրանք այնպիսի որոշումներ են կայացնում, որոնց համաձայն չենք։

1-2. Անձնական հարցերի վերաբերյալ մեր որոշումները ինչո՞ւ գուցե տարբերվեն մեր հավատակիցների կայացրած որոշումներից։

ԵՐԲԵՎԷ քո կայացրած որոշման համար անարդարացի քննադատության ենթարկվե՞լ ես։ Իսկ եղե՞լ է, որ դատես հավատակցիդ նրա որոշման համար։ Անկասկած, այս երկու իրավիճակներում էլ հայտնվել ես։

2 Մենք չպետք է զարմանանք, որ երբեմն մեր որոշումները տարբերվում են մյուս հավատարիմ քրիստոնյաների որոշումներից, քանի որ բոլորս էլ տարբեր ենք։ Յուրաքանչյուրս ունի իր հայացքները։ Մեր մտածելակերպի ձևավորման վրա մեծ ազդեցություն ունեն մշակույթը, ընտանիքը և կյանքի անցած ուղին։ Բայց մենք չպետք է թույլ տանք, որ մեր տեսակետների տարբերությունը վտանգի ժողովի խաղաղությունն ու միասնությունը (Եփես. 4։3)։

3. Ի՞նչը գուցե պատճառ լինի, որ դատենք հավատակցին իր որոշման համար։

3 Երբ մեր հավատակիցը կայացնում է որոշում, որին համաձայն չենք, գուցե մտածենք, թե պետք է համոզել նրան, որ փոխի իր միտքը, կամ ուրիշների մոտ բարձրաձայնենք դրա հետ կապված մեր մտահոգությունը։ Ակներևաբար մենք վատ մղումներ չունենք։ Մենք սիրում ենք մեր եղբայրներին ու քույրերին և նրանց լավն ենք ուզում (Առակ. 17։17)։ Ուստի չենք ցանկանում, որ նրանք այնպիսի որոշում կայացնեն, որի համար հետո կափսոսան, կամ որը նրանց հոգևոր վնաս կհասցնի։

4-5. Ինչպե՞ս պետք է վարվենք, եթե մեր հավատակիցը անի մի բան, ինչը մենք չէինք անի։

4 Եթե համաձայն չենք մեր հավատակցի կայացրած որոշմանը, արժե՞ նրան հայտնել դրա վերաբերյալ մեր մտահոգությունը։ Հարկավոր է հաշվի առնել մի շարք գործոններ։ Ենթադրենք՝ իմանում ենք, որ նա մտադրվել է անել մի բան, ինչով ոտնահարելու է աստվածաշնչյան որևէ պատվեր։ Իհարկե սիրուց մղված՝ մենք կփորձենք օգնել նրան, որ շտկի իր մտածելակերպը (Առակ. 27։5, 6)։ Սակայն ինչպե՞ս վարվենք, եթե մեր հավատակիցը այնպիսի որոշում է կայացրել, որը չի հակասում Աստծու տված օրենքներին, բայց որին մենք համամիտ չենք։ Այս հարցի պատասխանը տրվում է բնաբանում, որտեղ ասվում է. «Մի՛ քննադատեք նրանց, ում կարծիքը տարբերվում է ձեր կարծիքից» (Հռոմ. 14։1)։

5 Այնուամենայնիվ, նրա որոշումը հարգելը գուցե հեշտ չլինի։ Այս հոդվածից կիմանանք, թե ինչու պետք է հարգենք ուրիշների կայացրած որոշումները և ինչպես կարող ենք դա անել։ Բայց նախ տեսնենք, թե ինչ իրավիճակներ կարող են լինել, երբ գուցե սկսենք քննադատել մեր եղբայրների ու քույրերի՝ անձնական հարցերի հետ կապված որոշումները։

ՈՒՐԻՇՆԵՐԻ Ո՞Ր ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԳՈՒՑԵ ՍԿՍԵՆՔ ՔՆՆԱԴԱՏԵԼ

6-7. Նկարագրիր, թե ինչ իրավիճակներ կարող են լինել, երբ գուցե քննադատենք ուրիշների որոշումները։

6 Ինչպես նշեցինք, բոլորս տարբեր հարցերի հետ կապված ունենք հստակ հայացքներ, որոնք ձևավորվել են մեր անցյալի և փորձառությունների արդյունքում։ Հնարավոր է՝ ենթադրենք, որ ուրիշները մեզ պես են մտածում։ Սակայն գուցե դա այդպես չլինի։ Քննենք մի քանի իրավիճակ։ Իրավիճակ 1։ Մի եղբայր, ում հայրը հարբեցող է եղել, ընկերական հավաքույթի ժամանակ տեսնում է, որ իր հավատակիցները ալկոհոլ են օգտագործում։ Նա վրդովվում է և ասում, որ նրանց արածը սխալ է։ Իրավիճակ 2։ Մի քույր բուժվել է լուրջ հիվանդությունից։ Ավելի ուշ նա իմանում է, որ մեկ ուրիշ քրոջ նույն հիվանդությունն են ախտորոշել։ Ցանկանալով օգնել այդ քրոջը՝ նա սկսում է ճնշում գործադրել նրա վրա, որ նույն բուժումը ստանա, ինչ ինքը. հետևի որոշակի սննդակարգի, բուժվի ավանդական բժշկության մեթոդներով կամ բնական միջոցներով։ Իրավիճակ 3։ Մի եղբայր ժամանակին կեղծ կրոնի հետևորդ է եղել։ Նա ոչ մի առնչություն չի ուզում ունենալ իր նախկին կրոնի հետ և երբ իմանում է, որ իր հավատակիցը եկեղեցում ներկա է եղել հուղարկավորության, վրդովվում է։a

7 Մի քանի այլ իրավիճակներ էլ տեսնենք։ Իրավիճակ 4։ Մի եղբայր մեծացել է այնպիսի ժամանակահատվածում, երբ մարդկանց մեծ մասի կարծիքով պաշտոնական հանդիպումներին անպատշաճ էր, որ տղամարդիկ մորուք կրեին, իսկ կանայք տաբատ հագնեին։ Թեև եղբայրը տեղյակ է այս թեմայի հետ կապված վերջին փոփոխություններին, սակայն համառորեն պնդում է, որ քրիստոնյա տղամարդիկ չպետք է մորուք կրեն, և քույրերը աստվածապետական գործերով զբաղվելիս պետք է շրջազգեստ հագնեն։ Իրավիճակ 5։ Մի երեց ճանաչում է մի անհատի, ով ժամանակին որոշել էր լրացուցիչ կրթություն ստանալ և հեռացել էր ճշմարտությունից։ Այժմ այդ երեցի հետ նույն ժողովում ծառայող մեկ այլ երիտասարդ եղբայր նույնպես որոշել է լրացուցիչ կրթություն ստանալ։ Մտահոգված լինելով՝ երեցը փորձում է տարհամոզել երիտասարդ եղբորն ու նրա ծնողներին։

8. ա) Ի՞նչը գուցե դրդի ծնողին քննադատել ուրիշ ծնողների։ բ) Մեր քննադատական վերաբերմունքը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ժողովի վրա։

8 Դիտարկենք մի իրավիճակ, որը կարող է ներազդել ծնողների վրա։ Իրավիճակ 6։ Որպես ծնող՝ դու ջանում ես մեծացնել երեխաներիդ՝ «խրատելով ու կրթելով այնպես, ինչպես Եհովան է ուզում» (Եփես. 6։4)։ Բայց այլ քրիստոնյա ծնողներ ավելի շատ բաներ են թույլ տալիս իրենց երեխաներին, օրինակ՝ ավելի ուշ վերադառնալ տուն, խաղալ բռնություն չպարունակող տեսախաղեր կամ փոքր տարիքում հեռախոս ունենալ։ Արդյունքում երեխադ կարծում է, որ դու չափազանց խիստ ես և ասում է. «Ինչո՞ւ ընկերներիս ծնողների պես չես»։ Նման իրավիճակը կարող է դրդել քեզ ուրիշ ծնողներին քննադատաբար վերաբերվել։ Իրականում ցանկացած քրիստոնյայի որոշում, որը տարբերվում է մերինից, կարող է անհամաձայնության պատճառ դառնալ։ Գուցե մեզ համար անընդունելի է այն, թե մեր հավատակիցը ինչպես է ծախսում փողը, որքան հաճախ է արձակուրդ գնում կամ ժամանցի ինչ ձևեր է ընտրում։ Սակայն չպետք է թույլ տանք, որ մեր տեսակետը ավելի կարևոր դառնա, քան ժողովի միասնությունը։

9. Ի՞նչ պետք է հիշենք (տես նաև նկարը)։

9 Թեև քրիստոնյաների՝ միևնույն հարցի հետ կապված որոշումները կարող են տարբերվել, սակայն պարտադիր չէ, որ նրանցից մեկը ճիշտ լինի, մյուսը՝ սխալ (Հռոմ. 14։5)։ Այն, որ մեզ պատվեր է տրված Եհովայի չափանիշներին հետևելու հարցում «միաբան լինել», չի նշանակում, որ անձնական ընտրությանը թողնված հարցերում պետք է նույն տեսակետը ունենանք (2 Կորնթ. 13։11)։ Որոշում կայացնելը կարելի է համեմատել այն բանի հետ, թե որևէ վայր գնալիս ինչ ճանապարհ և տրանսպորտային միջոց ենք ընտրում։ Հաճախ դրա համար մի քանի տարբերակներ են լինում։ Մենք ընտրում ենք այն տարբերակը, որին նախապատվություն ենք տալիս, և որը հարմար է մեզ։ Նմանապես՝ մենք՝ քրիստոնյաներս, անձնական հարցերի վերաբերյալ գուցե տարբեր որոշումներ կայացնենք, սակայն մեր նպատակը նույնն է՝ հաճեցնել Եհովային։ Ուստի մենք ուրիշներին չենք քննադատում նրանց որոշման համար (Մատթ. 7։1; 1 Թեսաղ. 4։11)։

Հեռախոսի էկրանին GPS ծրագիր է, որը ցույց է տալիս նշված վայրը հասնելու համար մի քանի ուղիներ և տրանսպորտային միջոցներ։

Ճամփորդները միևնույն վայր հասնելու համար գուցե տարբեր ուղիներ ընտրեն։ Նմանապես՝ քրիստոնյաները անձնական հարցերի վերաբերյալ գուցե տարբեր որոշումներ կայացնեն (տես պարբերություն 9)


ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ՀԱՐԳԵՆՔ ՈՒՐԻՇՆԵՐԻ ԿԱՅԱՑՐԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

10. Հակոբոս 4։12-ի համաձայն՝ ի՞նչ անելու իրավունք չունենք և ինչո՞ւ։

10 Աստվածաշնչում նշվում է մի քանի պատճառ, թե ինչու պետք է հարգենք անձնական հարցերի վերաբերյալ ուրիշների կայացրած որոշումները։ Քննենք դրանցից մի քանիսը։ Մենք իրավունք չունենք քննադատելու ուրիշներին իրենց որոշումների համար (կարդա Հակոբոս 4։12)։ Եհովան է արդար Օրենսդիրը և Դատավորը։ Միայն նա իրավունք ունի չափանիշներ և կանոններ սահմանելու։ Ուստի մեր եղբայրներն ու քույրերը նրա՛ն պետք է հաշիվ տան, ոչ թե մեզ (Հռոմ. 14։10)։ Մենք իրավունք չունենք մեր կարծիքի հիման վրա և մեր չափանիշներով դատելու կամ քննադատելու ուրիշների որոշումները։b

11. Ինչպե՞ս կարող ենք նպաստել ժողովի միասնությանը (տես նաև նկարը)։

11 Եհովան իր ծառաներից պահանջում է միաբան լինել, ոչ թե միանման։ Մեր Աստված սիրում է բազմազանությունը։ Դա երևում է իր ստեղծածներից։ Օրինակ՝ ձյան երկու միանման փաթիլներ գոյություն չունեն։ Մտածենք մարդ էակի մասին։ Երկրի վրա ապրող ութ միլիարդ մարդկանց մեջ չկա թե՛ արտաքինով, թե՛ բնավորությամբ լիովին իրար նման երկու անձնավորություն։ Եհովան մեզ այնպես է ստեղծել, որ տարբերվենք իրարից։ Նա չի ուզում, որ մեկս մյուսի պատճենը լինենք, բայց ուզում է, որ միասնական լինենք։ Ուստի եկեք թույլ չտանք, որ մեր տարբերությունները պառակտեն մեզ։ Փոխարենը եկեք նպաստենք խաղաղությանը։ Ժողովի միասնությունը մեր տեսակետից ու նախընտրություններից շատ ավելի կարևոր պետք է լինի մեզ համար (Հռոմ. 14։19)։

Տարբեր ռասայի ու տարիքի մի խումբ Վկաներ հաճույքով միասին ճաշում են։ Նրանցից ոմանք ալկոհոլ են օգտագործում, ոմանք՝ ոչ։ Նաև որոշ եղբայրներ մորուքով են, ոմանք՝ ոչ։

Եհովան մեզ միանման չի ստեղծել, սակայն նա ցանկանում է, որ միասնական լինենք (տես պարբերություն 11)


ԻՆՉՊԵՍ ՀԱՐԳԵԼ ՈՒՐԻՇՆԵՐԻ ՏԵՍԱԿԵՏԸ

12-13. Ի՞նչ պետք է ի մտի ունենանք, եթե հասկանում ենք, որ ինչ-որ մեկը «սխալ քայլ» է անում (Գաղատացիներ 6։1; տես նաև «Երբ համաձայն չես» շրջանակը)։

12 Երբ ուրիշները անձնական հարցերի վերաբերյալ որոշում են կայացնում։ Մտածիր. «Այդ անձնավորությունը «սխա՞լ քայլ» է անում, թե՞ նրա արածը պարզապես տարբերվում է նրանից, ինչ ես կանեի»։ Եթե նա սխալ քայլ է անում, որով խախտում է Աստծու պատվերը, հարցրու ինքդ քեզ. «Ըստ Աստվածաշնչի՝ համապատասխան որակներ ունե՞մ նրան ուղղելու, թե՞ նրա հետ ուրիշը պետք է խոսի»։ Եթե դու համապատասխան որակներ ունես այդ անհատին ուղղելու, ձգտիր մեղմությամբ տրամաբանել նրա հետ (կարդա Գաղատացիներ 6։1)։ Սակայն հնարավոր է՝ հասկանաս, որ նրա որոշումը պարզապես տարբերվում է քո որոշումից։ Եթե այդպես է, հարցականի տակ մի՛ դիր նրա արածը և բացասաբար մի՛ խոսիր նրա որոշման մասին։ Հարգիր որոշում կայացնելու նրա իրավունքը և մի՛ քննադատիր նրան (Հռոմ. 14։2-4)։

13 Բերենք մի օրինակ. ընկերոջդ հետ գնացել ես ռեստորան։ Կստիպե՞ս նրան, որ նույն կերակրատեսակը պատվիրի, ինչ դու։ Իհարկե ո՛չ։ Դու կհարգես կերակուր ընտրելու նրա իրավունքը։ Ի վերջո նրա ընտրությունը էական ազդեցություն չի ունենա քեզ վրա։ Իսկ եթե դու նրա փոխարեն լինես, ըստ ամենայնի չես ցանկանա, որ նա իր նախընտրությամբ քեզ համար կերակուր պատվիրի։ Նմանապես՝ մենք հարգանք դրսևորած կլինենք ուրիշների նկատմամբ, եթե թույլ տանք, որ նրանք որոշում կայացնեն և մեր տեսակետը չպարտադրենք նրանց։

Երբ համաձայն չես

Եթե համաձայն չես հավատակցիդ կայացրած որոշմանը, մտածիր ներքոնշյալ հարցերի շուրջ։ Դրա շնորհիվ կկարողանաս խուսափել անհարկի մտահոգվելուց (Գաղ. 6։5)։

  • Անհատը իր որոշմամբ խախտո՞ւմ է Աստծու սահմանած չափանիշները։

  • Արդյոք նրա ծագո՞ւմն է պատճառը, որ նա այդպիսի որոշում է կայացրել։

  • Նրա որոշումը իրո՞ք կվնասի նրան, թե՞ պարզապես իմ պատկերացմամբ է այդպես։

  • Ի՞նչ լավ արդյունքներ կարող է բերել նրա որոշումը։

  • Նա սխա՞լ քայլ է անում, թե՞ նրա որոշումը պարզապես տարբերվում է իմ որոշումից։

  • Եթե նա սխալ քայլ է անում, ըստ Աստվածաշնչի՝ համապատասխան որակներ ունե՞մ նրան ուղղելու։

14. Անձնական հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնելիս ինչպե՞ս կարող ենք նպաստել միասնությանը (1 Կորնթացիներ 8։12, 13)։

14 Երբ մենք ենք անձնական հարցերի վերաբերյալ որոշում կայացնում։ Դու կարող ես նպաստել միասնությանը՝ ամեն ինչ անելով, որ չվիրավորես ուրիշներին (կարդա 1 Կորնթացիներ 8։12, 13)։ Երբեմն դու գիտես, որ այն որոշումը, որն ուզում ես կայացնել, «թույլատրելի է»։ Բայց եթե դրանով վիրավորելու ես քո հավատակցին, հարց է առաջանում, թե արդյոք այն «օգտակար է»c (1 Կորնթ. 10։23, 24)։ Նման դեպքերում մի՛ պնդիր քո իրավունքները, մտածիր, թե ինչ են զգում ուրիշները (Հռոմ. 15։1)։ Բայց չէ՞ որ ուրիշները պետք է հարգեն անձնական հարցերի վերաբերյալ մեր կայացրած որոշումները։ Նրանք պետք է հարգեն մեր ընտրությունը, ինչպես և մենք՝ նրանցը։ Բայց հարկավոր է նաև հիշել Հռոմեացիներ 12։18-ում գրված հետևյալ հորդորը. «Բոլորի հետ խաղաղություն պահպանեք, որքանով որ ձեզանից է կախված»։ Ուստի մենք մեր ձեռքից եկածն անում ենք, որպեսզի ուրիշների հետ խաղաղություն պահպանենք և չվիրավորենք նրանց։

15. Երեցներն ինչպե՞ս կարող են նպաստել ժողովի միասնությանը (1 Կորնթացիներ 4։6)։

15 Երեցները հարգում են ուրիշների կայացրած որոշումները։ Երեցները նպաստում են ժողովի միասնությանը՝ «գրվածից այն կողմ» չանցնելով (կարդա 1 Կորնթացիներ 4։6)։ Ավելին՝ նրանք մեր հրատարակություններում գրված աստվածաշնչյան հիմք ունեցող խորհուրդներից էլ այն կողմ չեն անցնում։ Սա նշանակում է, որ նրանք կանոններ չեն սահմանում անձնական ընտրությանը թողնված հարցերում։ Բացի այդ՝ երբ հավատակիցներից մեկը նրանց օգնությանն է դիմում, նրանք զգույշ են լինում, որ խորհուրդ տալիս չհիմնվեն իրենց փորձի վրա։ Փոխարենը իրենց խորհուրդը հիմնում են Աստծու Խոսքի վրա (Ես. 48։17, 18)։

16. Ինչպե՞ս կարող է երեցը հարգել երեցների խորհրդի կայացրած որոշումները։

16 Երեցը նաև հարգում է երեցների խորհրդի կայացրած որոշումները։ Երբ երեցների խորհուրդը Եհովայից աղոթքով նրա սուրբ ոգին է խնդրում, աչքի է անցկացնում սուրբգրային ցուցումները և դրանց հիման վրա որոշում կայացնում, յուրաքանչյուր երեց պետք է թիկունք կանգնի մեծամասնության կայացրած այդ որոշմանը, նույնիսկ եթե այլ կարծիք ունի տվյալ հարցի հետ կապված (Եփես. 5։17)։ Բացի այդ՝ երեցները Աստվածաշնչում և մեր հրատարակություններում գրված ցուցումները չեն հարմարեցնում իրենց տեսակետին։ Օրինակ՝ երեցը համատեքստից դուրս չի մեջբերի մի նախադասություն՝ իր ասածը առաջ տանելու համար։

17. Ի՞նչ օգուտ ենք ստանում՝ հարգելով ուրիշների կայացրած որոշումները։

17 Ինչպես իմացանք, բոլորս տարբեր ենք՝ յուրահատուկ։ Մենք ունենք մեր հայացքներն ու նախընտրությունները, և դա շատ լավ է։ Մեր ծագումը և բնավորության գծերը ժողովը դարձնում են հաճելի վայր։ Ուստի թող որ մեր տարբերությունները ոչ թե պառակտեն մեզ, այլ նպաստեն խաղաղությանը։ Եկեք զգույշ լինենք, որ չվիրավորենք ուրիշներին։ Նաև հարգենք անձնական հարցերի վերաբերյալ նրանց կայացրած որոշումները։ Եթե այդպես վարվենք, մեր ջանքերը անվարձահատույց չեն մնա. կծառայենք երջանիկ ու միասնական ժողովում (Սաղ. 133։1; Մատթ. 5։9)։

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՄԱՐՆԵՐԸ ՕԳՆԵԼ ՄԵԶ ՀԱՐԳԵԼ ՈՒՐԻՇՆԵՐԻ ՏԵՍԱԿԵՏՆ ՈՒ ՆՐԱՆՑ ԿԱՅԱՑՐԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ։

  • Հակոբոս 4։12։

  • Գաղատացիներ 6։1։

  • 1 Կորնթացիներ 4։6; 8։12, 13։

ԵՐԳ 89 Լսիր, հնազանդվիր և օրհնվիր

a Քրիստոնյան պետք է մի շարք գործոններ հաշվի առնի, երբ որոշում է ներկա լինել եկեղեցում կատարվող հուղարկավորությանը կամ հարսանիքին։ Տես «Դիտարանի» 2002 թ. մայիսի 15-ի թողարկման «Ընթերցողների հարցերը» հոդվածը։

b Երբեմն երեցները պետք է որոշում կայացնեն այն մարդու վերաբերյալ, ով խախտել է Աստծու սահմանած չափանիշները։ Սակայն նրանք պետք է հիշեն, որ Եհովան իրենց պատասխանատվություն է տվել դատելու իր սահմանած արդար չափանիշների հիման վրա, ոչ թե իրենց սեփական տեսակետների (համեմատիր 2 Տարեգրություն 19։6)։

c Օրինակ՝ տես «Վայելիր կյանքը հավիտյան» գրքի 35-րդ դասի 5-րդ կետը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը