Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w26 մարտ էջ 26–31
  • Ատված ենք, բայց՝ երջանիկ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ատված ենք, բայց՝ երջանիկ
  • 2026 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ԱՏՎԱԾ
  • ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ԵՐՋԱՆԻԿ, ԹԵԵՎ ՄԵԶ ԱՏՈՒՄ ԵՆ
  • Սերը կօգնի դիմանալ ատելությանը
    2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Նամակ, որը կօգնի հավատարմորեն դիմանալ մինչև վերջ
    2024 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Եհովան օգնում է մեզ դիմանալ
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • «Ընտրեք.... թե ում եք ծառայելու»
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2026 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w26 մարտ էջ 26–31

ՀՈՒՆԻՍԻ 1-7, 2026

ԵՐԳ 111 Մեր ուրախության պատճառները

Ատված ենք, բայց՝ երջանիկ

«Երջանիկ եք, երբ մարդիկ ատեն ձեզ» (ՂՈՒԿ. 6։22)։

ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ

Մենք կարող ենք երջանիկ լինել, չնայած մեզ ատում են Աստծուն ծառայելու համար։

1. Ի՞նչ զարմանալի միտք նշեց Հիսուսը ատված լինելու վերաբերյալ։

ԼԵՌԱՆ ՔԱՐՈԶՈՒՄ Հիսուսն ասաց. «Երջանիկ եք, երբ մարդիկ ատեն ձեզ» (Ղուկ. 6։22)։ Այս խոսքերը հնարավոր է՝ զարմացրին նրա ունկնդիրներին. չէ՞ որ ատված լինելը ոչ ոքի հաճելի չէ։ Այդ դեպքում Հիսուսն ինչո՞ւ ասաց այս խոսքերը։ Սա շատ տեղին հարց է, քանի որ մեր օրերում էլ մարդիկ ատում են Հիսուսի հետևորդներին։ Այս հոդվածում կխոսենք այն մասին, թե ինչու են մեզ ատում, և ինչու կարող ենք երջանիկ լինել՝ չնայած ատելությանը։

ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ԱՏՎԱԾ

2-3. Ո՞րն է պատճառներից մեկը, որ ճշմարիտ քրիստոնյաներին հալածում են, և դա ինչպե՞ս կարող է ազդել մեզ հակառակվողների վերաբերյալ մեր տեսակետի վրա (Հովհաննես 16։2, 3)։

2 Ատված ենք, քանի որ պաշտում ենք Եհովային։ Հիսուսը իր հետևորդներին հալածող և նույնիսկ սպանող մարդկանց մասին հետևյալն ասաց. «[Նրանք] ո՛չ Հորն են ճանաչում, ո՛չ էլ ինձ» (կարդա Հովհաննես 16։2, 3)։ Իսկ ո՞վ է իրականում դրդում նրանց հալածել Աստծու ժողովրդին. Սատանան՝ «այս աշխարհի աստվածը» (2 Կորնթ. 4։3, 4)։ Նա կուրացնում է մարդկանց միտքը, որպեսզի նրանք չընկալեն Եհովայի մասին ճշմարտությունը, և դրդում է հակառակվել նրանց, ովքեր ճանաչում ու սիրում են Աստծուն (Հովհ. 8։42-44)։ Սա իմանալը ինչպե՞ս է ազդում հակառակվողների վերաբերյալ մեր տեսակետի վրա։ Քանի որ գիտակցում ենք, որ նրանք Սատանայի դրդմամբ են անում դա, ի պատասխան՝ չենք ատում նրանց։

3 Պավելa անունով մի եղբայր, ով ապրում է այնպիսի երկրում, որտեղ մեր գործունեությունն արգելված է, Եհովային հավատարմորեն ծառայելու համար ձերբակալվեց, դաժան ծեծի ենթարկվեց և ամիսներ շարունակ մնաց մենախցում։ Պավելն ասում է. «Ինձ համար հստակ է, որ հալածանքը մաքուր երկրպագությունը խոչընդոտելու դիվային փորձ է։ Կալանավայրի աշխատակիցների մեծ մասը թշնամաբար չէ տրամադրված մեր նկատմամբ։ Նրանք պարզապես իրենց գործն են անում»։ Իսկ Խորվաթիայից մի եղբայր, ով ոչ Վկա ծնողների կողմից դաժանաբար հալածվել է, ասում է. «Ես հասկացել եմ, որ իրականում Սատանան է իմ թշնամին, ոչ թե ծնողներս» (Եփես. 6։12)։

4. Ի՞նչ կարող ենք սովորել Հիսուսի և Ստեփանոսի օրինակներից (տես նաև նկարը)։

4 Մենք չենք ատում մեզ հակառակվողներին։ Դեռ ավելին՝ մղվում ենք աղոթել նրանց համար (Մատթ. 5։44)։ Այս առումով ուսանելի են Հիսուսի և Ստեփանոսի օրինակները։ Երբ հռոմեացի զինվորները Հիսուսին գամում էին տանջանքի սյանը, նա աղոթեց. «Հա՛յր, ներիր նրանց» (Ղուկ. 23։34)։ Հիսուսը խնդրեց Եհովային, որ նա ների այն զինվորներին, ովքեր իրականացնում էին իր մահապատիժը։ Նա հնարավոր է՝ նաև մտածում էր ամբոխի մեջ գտնվող այն մարդկանց մասին, ովքեր կրոնական առաջնորդների դրդմամբ իր մահն էին պահանջում։ Հիսուսը գիտեր, որ նրանք իրականում չէին հասկանում, թե ինչ են անում։ Նույն ձևով էլ Հիսուսի աշակերտ Ստեփանոսը խնդրեց Աստծուն, որ ների իրեն քարկոծողներին (Գործ. 7։58-60)։ Եհովան պատասխանե՞ց Հիսուսի ու Ստեփանոսի աղոթքներին։ Այո՛։ Հիսուսի դատավարությանն ու մահապատժին մասնակցած մարդկանցից շատերը հետագայում զղջացին, հավատ դրսևորեցին նրա հանդեպ ու մկրտվեցին (Գործ. 2։36-41)։ Եվ առնվազն մեկ մարդ՝ տարսոնացի Սողոսը, ով հավանություն էր տվել Ստեփանոսի սպանությանը, դարձավ քրիստոնյա և խորապես զղջաց իր այն սարսափելի արարքների համար, որ արել էր անգիտությամբ (1 Տիմոթ. 1։13)։

Մի եղբայր, ում դեմքին կապտուկներ կան, բանտախցում աղոթում է, իսկ խցի մոտ հսկիչ է կանգնած։

Ինչպես Հիսուսն ու Ստեփանոսը աղոթեցին իրենց հալածողների համար, այնպես էլ մենք կարող ենք աղոթել մեզ հալածողների համար (տես պարբերություն 4)


5. Ի՞նչ ենք սովորում Սեզարի օրինակից։

5 Եհովան այսօր էլ շարունակում է պատասխանել հակառակվողների համար արված մեր աղոթքներին։ Տեսնենք, թե ինչ է պատմում Վենեսուելայում ապրող Սեզար անունով մի եղբայր։ Նրա հայրը դաժանորեն հակառակվում էր ճշմարտությանը։ Սեզարն ասում է. «Մայրս հիանալի կին էր և մայր։ Թեև նրա համար Թագավորության շահերը միշտ առաջնային տեղում էին, բայց նա երբեք չէր անտեսում հորս։ Նա ինձ, եղբայրներիս ու քույրերիս սովորեցրեց հարգել հորս, նաև հնազանդվել նրան, քանի դեռ Աստծու կամքին հակառակ բան չէր պահանջում»։ Տարիների ընթացքում Սեզարի հոր վերաբերմունքը փոխվեց։ Եղբայրը պատմում է. «Մի օր սրտանց աղոթք անելուց հետո հորս հարցրի, թե արդյոք կուզի, որ իր հետ Աստվածաշունչ ուսումնասիրեմ։ Դժվար է նկարագրել, թե ինչ զգացի, երբ նա համաձայնվեց»։ Որոշ ժամանակ հետո Սեզարի հայրը մկրտվեց։ Ինչ խոսք, ճշմարտությանը հակառակվողներից ոչ բոլորն են այսպիսի փոփոխություններ անում, բայց ոմանք փոխում են իրենց վերաբերմունքը՝ տեսնելով, որ հարգալից ենք խոսում և լավ վարք ունենք, ինչն անշուշտ շատ է ուրախացնում մեզ։ Մենք սրտանց ուզում ենք տեսնել, թե ինչպես է մեր գթասիրտ Աստվածը՝ «ողջ երկրի Դատավորը», նման մարդկանց ձգում դեպի իրեն (Ծննդ. 18։25)։

6. Մարկոս 13։13-ի համաձայն՝ է՞լ ինչ պատճառ կա, որ մեզ ատում են։

6 Ատված ենք, քանի որ հարգանք ենք դրսևորում Հիսուսի հանդեպ։ Հիսուսն ասաց, որ ճշմարիտ քրիստոնյաները մարդկանց կողմից ատված են լինելու իր «անվան համար» (կարդա Մարկոս 13։13)։ Նրա անունը մատնանշում է նրա հեղինակությունը և որպես Աստծու թագավորության Թագավոր նրա իշխանությունը։ Մարդիկ մեզ ատում են, քանի որ վստահում են մարդկային ղեկավարներին, ոչ թե նրան, ում Եհովան է ընտրել որպես ղեկավար՝ Հիսուս Քրիստոսին։ Հիսուսը 1914 թ-ից սկսել է ղեկավարել որպես Թագավոր։ Շուտով նա կվերացնի բոլոր կառավարությունները, քանի որ նրանք չեն ընդունում իր իշխանությունը։

7-8. Ինչո՞ւ են Եհովայի ծառաներից ոմանց ծաղրում (Հովհաննես 15։18-20; տես նաև նկարները)։

7 Ատված ենք, քանի որ չենք նմանվում Սատանայի աշխարհին։ Հիսուսն ասաց, որ իր հետևորդները ատված են լինելու, քանի որ «աշխարհի մաս չեն կազմում» (կարդա Հովհաննես 15։18-20)։ Առաջին դարի քրիստոնյաների նման մենք էլ ենք մերժում աշխարհում ընդունված սխալ տեսակետները, վարքը և խոսելաձևը։ Այդ պատճառով մեր բազմաթիվ հավատակիցներ ծաղրի են ենթարկվում աշխատավայրում ու դպրոցում (1 Պետ. 4։3, 4)։ Մենք ուրախ ենք, սակայն, որ հակառակվողներից ոմանք փոխում են իրենց վերաբերմունքը և սկսում հարգել մեր դիրքորոշումը։

8 Կենտրոնական Ամերիկայում ապրող Իգնասիո անունով մի եղբոր ուսուցիչներից մեկը տարիներ շարունակ ծաղրում էր նրան, քանի որ նա ապրում էր բարոյական բարձր չափանիշներով։ Սակայն նախքան Իգնասիոն կավարտեր դպրոցը, ուսուցիչը նրան հարցրեց, թե ինչպես է կարողանում աստվածաշնչյան սկզբունքներով ապրել թշնամաբար տրամադրված մարդկանց մեջ։ Իգնասիոն բացատրեց, որ Աստծու օրենքները իր համար պաշտպանություն են, հետո նրան հրավիրեց ժողով։ Ի զարմանս նրա՝ ուսուցիչը եկավ հանդիպմանը։ Նա այնքան էր տպավորվել ժողովի ջերմությամբ, որ շարունակեց հաճախել հանդիպումներին։ Հետո նա սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել և ինքն էլ բախվեց հակառակության, բայց չնայած դրան՝ շարունակեց հոգևորապես առաջադիմել և մկրտվեց։

Համակցված նկարներ. բեմականացված նկարում Իգնասիոն դպրոցում է։ 1. Նա հանդարտ ու հարգալից կեցվածքով նստել է դասարանում, իսկ նրա ուսուցիչը մյուս աշակերտների առաջ ծաղրում է նրան։ 2. Հետագայում այդ ուսուցիչը ուշադրությամբ լսում է Իգնասիոյին։

Անկախ մեր տարիքից՝ մենք կարող ենք քաջաբար պաշտպանել մեր հավատը և լավ արդյունքների հասնել (տես պարբերություն 8)b


9-10. ա) Քրիստոնյաները է՞լ ինչով են տարբերվում Սատանայի աշխարհի մարդկանցից։ բ) Ի՞նչ ենք սովորում Պողոս առաքյալի օրինակից։

9 Մենք տարբերվում ենք Սատանայի աշխարհի մարդկանցից նաև նրանով, որ չեզոք ենք մնում քաղաքական հարցերում և չեն մասնակցում պատերազմներին (Հովհ. 18։36)։ Հռոմեացիներ 13։1-ում գրված խորհրդին հետևելով՝ մենք ձգտում ենք օրինապահ քաղաքացիներ լինել։ Սակայն որպես քրիստոնյաներ՝ քաղաքական որևէ ուժի կողմը չենք բռնում, ուստի և մեր թեկնածությունը չենք առաջադրում քաղաքական պաշտոն զբաղեցնելու համար և չենք քվեարկում որևէ քաղաքական գործչի օգտին։ Մենք նվիրված ենք Եհովային և նրա թագավորությանը, որի Թագավորը Քրիստոսն է։ Շատ Եհովայի վկաներ ազատազրկված են իրենց հավատի համար, սակայն չեն դադարում քարոզել։ Այդպես նրանք ընդօրինակում են Պողոս առաքյալին, ով տարիներ շարունակ տնային կալանքի տակ կամ բանտարկված է եղել (Գործեր 24։27; 28։16, 30)։ Նա շարունակում էր քարոզել բարի լուրը նրանց, ովքեր ցանկանում էին լսել, այդ թվում՝ բանտապահներին, դատարանի պաշտոնյաներին, կառավարիչներին, թագավորներին և հնարավոր է՝ անգամ Հռոմի կայսր Ներոնին ծառայող պաշտոնյաներին (Գործ. 9։15)։

10 Նմանապես՝ ազատազրկված մեր եղբայրները քարոզում են նրանց, ովքեր ցանկանում են լսել բարի լուրը, այդ թվում՝ դատավորներին, պետական պաշտոնյաներին և բանտի հսկիչներին։ Մի եղբայր, ով ավելի քան վեց տարի չեզոքության համար ազատազրկված է եղել, ասել է, որ կալանավայրում անցկացրած ժամանակը համարել է ոչ թե պատիժ, այլ Եհովայից ստացած հանձնարարություն՝ գտնելու անկեղծ սիրտ ունեցող մարդկանց։ Որքա՜ն ուրախ պետք է լինենք, որ Եհովան մեր միջոցով բարի լուրը հասցնում է այդպիսի անհատների (Կող. 4։3)։ Այժմ տեսնենք, թե երջանիկ լինելու էլ ինչ պատճառներ ունենք, նույնիսկ երբ մեզ ատում են Եհովային ծառայելու համար։

ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ԵՐՋԱՆԻԿ, ԹԵԵՎ ՄԵԶ ԱՏՈՒՄ ԵՆ

11. Հալածանքին դիմակայելը ինչպե՞ս է ամրացնում մեր հավատը։ Բեր օրինակ։

11 Աշխարհի կողմից ատված լինելը մարգարեության կատարում է։ Աստվածաշնչում արձանագրված առաջին մարգարեության մեջ Եհովան ասել էր, որ Սատանան և իր խորհրդանշական սերունդը, այսինքն՝ նրանք, ովքեր հետևում են իրեն, կատեն բոլոր նրանց, ովքեր սիրում ու ծառայում են Եհովային (Ծննդ. 3։15)։ Չորս ավետարանագիրների գրվածքներից երևում է, որ Հիսուսը հաճախ հաստատել է այդ մարգարեական խոսքերի ճշմարտացիությունը (Մատթ. 10։22; Մարկ. 13։9-12; Ղուկ. 6։22, 23; Հովհ. 15։20)։ Հունարեն Գրվածքների մյուս գրողներն էլ են նշել, որ քրիստոնյաները պետք է ատված լինեն (2 Տիմոթ. 3։12; Հակ. 1։2; 1 Պետ. 4։12-14; Հուդա 3, 17-19)։ Ուստի երբ հալածանքի ալիք է բարձրանում, մենք անակնկալի չենք գալիս։ Մենք ուրախ ենք, որ այդպիսով աստվածաշնչյան մարգարեություն է իրականանում։ Դա մեզ հավաստիացնում է, որ ծառայում ենք ճշմարիտ Աստծուն։ Մի քույր, ով ապրում է այնպիսի երկրում, որտեղ մեր գործունեությունը արգելքի տակ է, ասում է. «Երբ նվիրվեցի Եհովային, գիտեի, որ վաղ թե ուշ հալածանքի կբախվեմ։ Ուստի փորձությունները ո՛չ վախեցրին ինձ, ո՛չ էլ զարմացրին»։ Շատերն էին հակառակվում քրոջը, այդ թվում՝ նրա ամուսինը, ով վատ էր վերաբերվում նրան, այրում էր նրա Աստվածաշունչն ու դրա վրա հիմնված գրականությունը։ Բայց վախով համակվելու և նահանջելու փոխարեն մեր քույրը ամրացրեց իր հավատը (Եբր. 10։39)։ Նա ասում է. «Հալածանքի մասին մարգարեացվել էր, ուստի գիտեի, որ դա մի օր լինելու է։ Երբ բախվեցի դրան, համոզվեցի, որ սա ճշմարիտ կրոնն է»։

12. Ի՞նչն օգնեց մի եղբոր դիմակայել հալածանքին։

12 Թեև մենք գիտենք, որ հալածվելու ենք, այնուամենայնիվ գուցե դժվարանանք դիմանալ հալածանքին։ Մի եղբայր բանտում անցկացրած օրերի վերաբերյալ գրել է. «Երբեմն ընկճվում էի, անհանգստանում և ուղղակի լաց լինում»։ Ի՞նչն օգնեց եղբորն այդ իրավիճակում։ Նա ասում է. «Ես միշտ աղոթում էի։ Օրս սկսում էի աղոթքով։ Օրվա ընթացքում, երբ դժվար իրավիճակներում էի հայտնվում, աղոթում էի։ Իսկ երբ անարդարության պատճառով վրդովվում էի, փակվում էի զուգարանում ու նորից աղոթում»։ Բացի այդ՝ եղբայրը խորհում էր Եհովայի վաղեմի և մերօրյա ծառաների անարատության մասին, ինչն օգնում էր իրեն դիմանալ հալածանքին և ունենալ այն խաղաղությունը, որ Հիսուսը խոստացել է իր հետևորդներին (Հովհ. 14։27; 16։33)։

13. Ի՞նչը կօգնի հաղթահարել ատելությունը։

13 Մեր սերը ավելի զորեղ է, քան մարդկանց ատելությունը։ Հիսուսը երբեք չդադարեց ողջ սրտով սիրել իր Հորը, անգամ իր երկրային կյանքի վերջին րոպեներին։ Նա սիրում էր նաև իր ընկերներին (Հովհ. 13։1; 15։13)։ Եթե մենք էլ նման սեր զարգացնենք Եհովայի և մեր հավատակիցների հանդեպ, կկարողանանք հաղթահարել ատելությունը։ Տեսնենք, թե դա ինչպես հաջողվեց Պողոս առաքյալին։

14. Ինչի՞ շնորհիվ Պողոսը անսասան մնաց՝ մահվան աչքերին նայելով։

14 Իր մահապատժից կարճ ժամանակ առաջ Պողոսը իր սիրելի ընկերոջը՝ Տիմոթեոսին, գրեց. «Աստծու տված ոգին մեր մեջ ոչ թե վախկոտություն է առաջացնում, այլ լցնում է զորությամբ, սիրով» (2 Տիմոթ. 1։7)։ Պողոսը նկատի ուներ, որ Եհովայի հանդեպ խոր սերը կարող է մղել քրիստոնյային պատրաստ լինել դիմանալու ծանր փորձություններին (2 Տիմոթ. 1։8)։ Անկասկած, Եհովայի հանդեպ սերը օգնեց Պողոսին քաջաբար նայել մահվան աչքերին և մինչև վերջ կառչած մնալ ճշմարիտ երկրպագությանը (Գործ. 20։22-24)։

15. Մեր օրերում ինչպե՞ս են մեր եղբայրներն ու քույրերը անձնազոհաբար սեր դրսևորում միմյանց հանդեպ (տես նաև նկարը)։

15 Մենք անկասկած սիրում ենք մեր հավատակիցներին, ովքեր անսասան են մնում հալածանքի ներքո։ Այսօր ոմանք հանուն իրենց եղբայրների ու քույրերի վտանգի են ենթարկում իրենց կյանքը, ինչպես Ակյուղասն ու Պրիսկիղան արեցին հանուն Պողոսի (Հռոմ. 16։3, 4)։ Օրինակ՝ Ռուսաստանում շատերը գնում են դատարաններ, որպեսզի քաջալերեն իրենց ձերբակալված հավատակիցներին։ Երբ ձերբակալված քույրերից մեկը դատարանում տեսավ տասնյակ եղբայրների ու քույրերի, այնքան հուզվեց, որ մի որոշ ժամանակ չէր կարողանում խոսել։ Անձնազոհ հավատակիցների սերը զորացրեց նրան այն պահին, երբ դրա կարիքը շատ ուներ։ Որքա՜ն ուրախ ենք, որ մեր մեջ այնպիսի սեր է տիրում, որն ավելի զորեղ է, քան մարդկանց ատելությունը։

Երկու կին ոստիկան մեր քրոջը մտցնում են ոստիկանության մեքենան, իսկ եղբայրներն ու քույրերը ծափահարում են նրան։

Նույնիսկ եթե մեր գործունեությունը արգելված է կամ սահմանափակված, մեր անձնազոհ եղբայրներն ու քույրերը սեր են ցուցաբերում հավատակիցների հանդեպ (տես պարբերություն 15)c


16. Ինչո՞ւ Պետրոս առաքյալն ասաց, որ Աստծուն ծառայելու համար վատ վերաբերմունքի արժանացողները կարող են երջանիկ լինել (1 Պետրոս 4։14)։

16 Մենք գիտենք, որ ատելությունը հաղթահարելով՝ արժանանում ենք Աստծու հավանությանը (կարդա 1 Պետրոս 4։14)։ Պետրոս առաքյալն ասաց, որ Աստծուն ծառայելու համար վատ վերաբերմունքի արժանացողները կարող են երջանիկ լինել, քանի որ նման վերաբերմունքը փաստում է, որ նրանք «ունեն.... Աստծու ոգին»։ Նա գիտեր, թե ինչ է նշանակում դիմանալ հալածանքին և ունենալ Աստծու հավանությունը։ 33 թ. Պենտեկոստեից կարճ ժամանակ անց տաճարի վերահսկիչն ու պահապանները քարոզչության համար ձերբակալեցին Պետրոսին և մյուս առաքյալներին (Գործ. 5։24-29)։ Անգամ ծեծի ենթարկվելուց հետո նրանք չդադարեցին քարոզել։ Ավելին՝ նրանք ուրախացան, քանի որ «արժանի եղան Հիսուսի անվան համար անարգվելու»։ Փորձություններին դիմակայելիս մենք էլ կարող ենք ուրախ լինել (Գործ. 5։40-42)։

17. Հիսուսն ի՞նչ ասաց աշակերտներին իր մահվանը նախորդող գիշերը։

17 Իր մահվանը նախորդող գիշերը Հիսուսն աշակերտներին ասաց. «Ով սիրում է ինձ, սիրված կլինի իմ Հոր կողմից, և ես կսիրեմ նրան» (Հովհ. 14։21)։ Մենք անհամբերությամբ սպասում ենք այն ժամանակվան, երբ Եհովային ծառայելու համար սիրված կլինենք, ոչ թե ատված (2 Թեսաղ. 1։6-8)։ Բայց մինչ այդ եկեք մխիթարվենք ու զորանանք, քանի որ բազմաթիվ պատճառներ ունենք երջանիկ լինելու՝ չնայած ատելությանը։

Ի՞ՆՉ ԿՊԱՏԱՍԽԱՆԵՍ

  • Ինչո՞ւ են Հիսուսի հետևորդներին ատում։

  • Ի՞նչ առումով է մեր սերը ավելի զորեղ, քան մարդկանց ատելությունը։

  • Ինչո՞ւ կարող ենք երջանիկ լինել, թեև մեզ ատում են։

ԵՐԳ 149 Հաղթական երգ

a Որոշ անուններ փոխված են։

b ՆԿԱՐ։ Բեմականացված նկարում Իգնասիոն քարոզում է իր ուսուցչին։

c ՆԿԱՐ։ Բեմականացված նկարում եղբայրներն ու քույրերը աջակցում են իրենց հավատակցին, ում բանտարկում են իր հավատի համար։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը