ՄԱՅԻՍԻ 25-31, 2026
ԵՐԳ 135 Եհովայի ջերմ կոչը. «Որդի՛ս, իմաստուն եղիր»
Խորաթափանց եղիր և «հաջողություն կունենաս»
«Ով որևէ հարցում խորաթափանցություն է դրսևորում, հաջողություն կունենա» (ԱՌԱԿ. 16։20)։
ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ
Խորաթափանցությունը օգնում է ճիշտ վարվել դժվար իրավիճակներում։
1-2. Ի՞նչ է խորաթափանցությունը, և այն ինչպե՞ս կարող է օգնել մեզ։
ԵՂԵ՞Լ է այնպես, որ քեզ հարգանքով չեն վերաբերվել, սակայն քո կարծիքով՝ դու արժանի էիր հարգանքի։ Քո մասին սխալ դատողություն արե՞լ են կամ քեզ հետ անարդարացիորեն վարվե՞լ են։ Հայտնվե՞լ ես այնպիսի իրավիճակում, որը վախեցրել է քեզ։ Եթե՝ այո, ապա հավանաբար գիտես, թե այդպիսի իրավիճակներում ճիշտ արձագանքելը որքան դժվար կարող է լինել։ Աստվածաշնչում նշվում է մի հատկության մասին, որը այս և այլ իրավիճակներում կարող է օգտակար լինել։ Դա խորաթափանցությունն է։
2 Խորաթափանցությունը իրավիճակը խորությամբ հասկանալու՝ երևացող բաներից ավելին տեսնելու ունակությունն է։ Այն օգնում է հասկանալ, թե ինչու է տվյալ բանը տեղի ունեցել, և թե ինչու է անհատը այս կամ այն կերպ վարվել։ Խորաթափանցության շնորհիվ իմաստնորեն ու խելամտորեն կվարվենք, օրինակ՝ կհսկենք մեր լեզուն և կիմանանք, թե երբ պետք է «լուռ մնալ» (Առակ. 10։19; Սաղ. 4։4)։ Բացի այդ՝ կընդունենք խորհուրդը և ճիշտ կարձագանքենք, երբ մեզ ուղղում են (Առակ. 19։20)։ Եթե խորաթափանց լինենք, դա ոչ միայն հաճելի կլինի Եհովային, այլև օգուտներ կբերի թե՛ մեզ, թե՛ նրանց, ովքեր վիրավորվել են մեր խոսքերից կամ արարքներից։ Սա հատկապես կարևոր է, երբ այնքան բարկացած ենք, որ ուզում ենք անմիջապես արձագանքել կամ թափել մեր ողջ զայրույթը։ Այժմ քննենք աստվածաշնչյան երեք պատմություն, որոնք ցույց են տալիս, թե խորաթափանցությունը ինչպես կարող է օգնել մեզ մնալ խոնարհ, հանդարտ և լիովին վստահել Եհովային։
ՕԳՆՈՒՄ Է ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆ ԴՐՍԵՎՈՐԵԼ
3. Ո՞վ էր Նեեմանը։
3 Ճիշտ վարվելու համար մենք պետք է խոնարհ լինենք (1 Պետ. 5։5)։ Այդ հարցում մեզ կօգնի խորաթափանցությունը։ Ուշադրություն դարձնենք Նեեմանի օրինակին։ Նա ապրում էր Ասորիքում, որը գտնվում էր Իսրայելից դեպի հյուսիս ընկած տարածքում։ Նեեմանը ճանաչված մարդ էր. նա ասորական բանակի զորագլուխն էր։ Այս մարդը տառապում էր մաշկային սարսափելի հիվանդությամբ՝ բորոտությամբ (2 Թագ. 5։1)։
4. Նեեմանը ինչպե՞ս ըմբռնողականություն դրսևորեց։
4 Նեեմանի կինը մի աղախին ուներ, որը իսրայելացի փոքրիկ աղջիկ էր։ Մի անգամ նա իր տիրուհուն ասաց, որ Իսրայելում մի մարգարե կա, որը կարող է բուժել նրա ամուսնուն (2 Թագ. 5։2, 3)։ Նեեմանը գուցե մտածեր. «Ինչպե՞ս կարող է թշնամի ազգից մի աղջիկ, որը ծառա է, օգտակար մի բան ասել»։ Բայց Նեեմանը ըմբռնողականություն դրսևորեց, և այդ աղջկա ասածը հպարտորեն մերժելու փոխարեն խոնարհություն ցուցաբերեց և լուրջ վերաբերվեց նրա խոսքերին։ Նա Ասորիքի թագավորից թույլտվություն խնդրեց, որ գնա Իսրայել՝ բուժվելու (2 Թագ. 5։4, 5)։
5. Ի՞նչ եղավ Նեեմանի հետ, երբ նա գնաց Իսրայել։
5 Նեեմանը հասավ Իսրայելի թագավոր Հովրամի պալատ՝ հույս ունենալով, որ կբուժվի բորոտությունից։ Հովրամը, սակայն, մտածեց, թե Ասորիքի թագավորը Նեեմանին ուղարկել է իր մոտ, որովհետև կռվելու պատճառ է փնտրում։ Երբ Եղիսե մարգարեն լսեց այդ մասին, Հովրամին խնդրեց, որ Նեեմանին իր մոտ ուղարկի (2 Թագ. 5։6-9)։ Դեպքերը Նեեմանի ակնկալած ձևով չզարգացան։ Եղիսեն անգամ դուրս չեկավ իր տնից, որ դիմավորի Նեեմանին կամ խոսի նրա հետ։ Փոխարենը նա պատգամաբեր ուղարկեց Նեեմանի մոտ, որ նրան ասի, թե ինչ պետք է անի բուժվելու համար (2 Թագ. 5։10)։
6. ա) Ինչո՞ւ գուցե Նեեմանը չցանկացավ ականջ դնել պատգամաբերի խոսքերին։ բ) Ինչպե՞ս Նեեմանի ծառաները խորաթափանցություն ցուցաբերեցին, և ի՞նչ եղավ արդյունքում (2 Թագավորներ 5։13, 14)։
6 Սկզբում Նեեմանը լավ չարձագանքեց պատգամաբերի ասածներին։ Նա «վրդովվեց» և «զայրացած շրջվեց ու գնաց» (2 Թագ. 5։11, 12)։ Նա գուցե մտածեց, որ իր հանդեպ զորագլխին արժանի հարգանք չի դրսևորվել։ Գուցե մտածեց նաև, որ Եղիսեի ցուցումները անհարգալից են Ասորիքի նկատմամբ։ Ինչն էլ լիներ պատճառը, Նեեմանը որոշեց առանց բուժում ստանալու վերադառնալ տուն։ Սակայն նրա ծառաները խորաթափանց եղան և աղաչեցին, որ նա վերանայի իր որոշումը։ Իմաստնորեն վարվելով՝ նա մի կողմ դրեց հպարտությունը և խոնարհաբար հետևեց Եղիսեի հրահանգներին, ինչի արդյունքում բուժվեց (կարդա 2 Թագավորներ 5։13, 14)։
7. Ի՞նչ ենք սովորում Նեեմանի պատմությունից (Առակներ 22։4; տես նաև նկարները)։
7 Ի՞նչ ենք սովորում այս պատմությունից։ Մենք խորաթափանցություն ենք ցուցաբերում, երբ երևացող բաներից ավելին ենք տեսնում և թույլ չենք տալիս, որ մեր զգացմունքները ղեկավարեն մեզ։ Խորաթափանցությունը կարող է մղել մեզ խոնարհ լինել։ Խոնարհ մարդը ընդունում է, որ չգիտի բոլոր հարցերի պատասխանները, ուստի ուրիշների օգնության կարիքն ունի, հատկապես Եհովայի։ Թեև Նեեմանը դեռ Եհովայի երկրպագու չէր, բայց խորաթափանցություն դրսևորեց՝ լսելով իր կնոջ իսրայելացի աղախնին, իր ծառաներին և, որ ավելի կարևոր է, Եհովայի ներկայացուցչին՝ Եղիսեին։ Նեեմանը կարողացավ անտեսել իր խոցված հպարտությունը։ Ի վերջո նա իմաստուն որոշում կայացրեց և բուժվեց։ Մեր կյանքում տարբեր իրավիճակներ կլինեն։ Գուցե ստանանք սուրբգրային խորհուրդ, որին համաձայն չենք, կամ Եհովայի կազմակերպության կողմից հրահանգ, որը չենք հասկանում։ Նման դեպքերում արձագանքելուց առաջ պետք է մտածենք. «Այն, ինչ պատրաստվում եմ անել կամ ասել, բխում է հպարտությունի՞ց, թե՞ խոնարհությունից» (կարդա Առակներ 22։4)։
Ճիշտ ինչպես Նեեմանը խոնարհաբար լսեց ուրիշներին, այնպես էլ մենք պետք է լսենք, երբ խորհուրդ ենք ստանում, երբ ուրիշները խոսում են ինչ-որ խնդրի մասին, կամ երբ ցուցումներ ենք ստանում Եհովայի կազմակերպությունից (տես պարբերություն 7)
ՕԳՆՈՒՄ Է ՄՆԱԼ ՀԱՆԴԱՐՏ
8. Ո՞ր իրավիճակներում գուցե դժվարանանք հանդարտ մնալ։
8 Խորաթափանցությունը կօգնի մեզ հանդարտ մնալ և նյարդայնացնող իրավիճակներում չզայրանալ։ Հասկանալի է, որ այդպես վարվելը միշտ չէ, որ հեշտ է, քանի որ գուցե ուրիշների անբարյացակամ խոսքերն ու գործերը իսկապես վիրավորական են եղել մեզ համար (Եփես. 4։26)։ Տեսնենք, թե Դավիթն ու Աբիգեան ինչպես խորաթափանց եղան լարված իրավիճակում։
9. Նաբաղն ինչպե՞ս վերաբերվեց Դավթին։
9 Պատկերացնենք հետևյալ տեսարանը։ Դավիթն ու իր մարդիկ Փառան անապատում ապրում են փախստականի կյանքով (1 Սամ. 25։1)։ Այնտեղ նրանք, բարություն դրսևորելով, պաշտպանում են Նաբաղ անունով մի հարուստ մարդու հովիվներին և նրա հոտերը (1 Սամ. 25։15, 16)։ Ոչխարները խուզելու ժամանակ, երբ մարդիկ սովորաբար ավելի առատաձեռն էին և խնջույքներ էին կազմակերպում, Դավիթը մարդիկ է ուղարկում Նաբաղի մոտ և խոնարհաբար խնդրում, որ իրենց ուտելիք տա, որքան կարող է (1 Սամ. 25։6-8)։ Երբ նրանք հարգանքով ու մեղմությամբ դիմում են Նաբաղին, վերջինս շատ կոպիտ է արձագանքում։ Նա բացարձակապես գնահատանք չի հայտնում այն ամենի համար, ինչ Դավիթն ու իր մարդիկ արել են, և նույնիսկ վիրավորում է նրանց (1 Սամ. 25։10, 11)։
10. Դավիթն ու Աբիգեան ինչպե՞ս խորաթափանցություն դրսևորեցին (1 Սամուել 25։32, 33; տես նաև նկարը)։
10 Ի՞նչ կզգայիր, եթե դու լինեիր Դավթի փոխարեն։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչու էր նա խիստ զայրացած։ Դավիթը զգացմունքային մարդ էր և այդ իրավիճակում այնքան էր բարկացել, որ ցանկանում էր սպանել Նաբաղին (1 Սամ. 25։13, 21, 22)։ Ըստ էության՝ նա այդ քայլն անելու ճանապարհին էր, երբ հանդիպեց Նաբաղի խելամիտ կնոջը՝ Աբիգեային։ Ինչպե՞ս Աբիգեան խորաթափանցություն դրսևորեց։ Չնայած Դավիթը զայրացած էր, բայց Աբիգեան հասկացավ, որ նա լավ մարդ է, ուստի իր ձեռքից եկածն արեց, որպեսզի հանդարտեցնի նրա բարկությունը։ Նա նրան առատ նվերներ բերեց և խոնարհաբար իմաստուն խորհուրդներ տվեց (1 Սամ. 25։18, 23-31)։ Դավիթն էլ խորաթափանցություն դրսևորեց՝ ուշադրություն դարձնելով Աբիգեայի խոսքերին, և հասկացավ, որ դրանք արտացոլում են այդ իրավիճակի հետ կապված Եհովայի տեսակետը։ Ի՞նչ եղավ արդյունքը. Դավիթը հանդարտվեց և լուրջ սխալ չգործեց (կարդա 1 Սամուել 25։32, 33)։
Խորաթափանցություն դրսևորելով՝ Դավիթն ու Աբիգեան կանխեցին ողբերգությունը (տես պարբերություն 10)
11. Խորաթափանցությունն ինչպե՞ս կարող է օգնել, երբ մեզ սադրում են (Առակներ 19։11)։
11 Ի՞նչ ենք սովորում այս պատմությունից։ Խորաթափանցությունը կարող է օգնել մեզ հանդարտորեն արձագանքել, նույնիսկ երբ բարկանալու հիմնավոր պատճառ ունենք։ Այն կօգնի մտածել մեր խոսքերի ու արարքների հետևանքների մասին (կարդա Առակներ 19։11)։ Երբ Դավթին հիշեցրին, թե Եհովան ինչ է մտածում, նա կարողացավ զսպել իր զայրույթը։ Եթե ինչ-որ բան մեզ զայրացնում կամ նյարդայնացնում է, չպետք է արագ ու անմտածված արձագանքենք (Հակ. 1։19)։ Փոխարենը պետք է աղոթենք Եհովային ու ժամանակ հատկացնենք այդ հարցի վերաբերյալ նրա մտածելակերպը իմանալու համար, ինչը ըստ ամենայնի կօգնի հանդարտ մնալ։
12. Ուրիշներն ինչպե՞ս կարող են օգնել մեզ խորաթափանց լինել ու հանդարտ մնալ։
12 Ճիշտ ինչպես Եհովան Աբիգեայի միջոցով օգնեց Դավթին այդ իրավիճակում երևացող բաներից ավելին տեսնել, այնպես էլ ուրիշների միջոցով կարող է օգնել մեզ այս կամ այն հարցին խորությամբ նայել։ Ուստի նյարդայնացնող իրավիճակում արձագանքելուց առաջ նախ արժե խոսել հասուն քրիստոնյայի հետ՝ մեկի, ով կարող է օգնել մեզ ավելի օբյեկտիվորեն նայել հարցին (Առակ. 12։15; 20։18)։ Իսկ եթե մեր ընկերն է հայտնվել այդպիսի իրավիճակում, Աբիգեային ընդօրինակելով՝ հնարավորության դեպքում կարող ենք օգնել նրան հարցին նայել Եհովայի տեսանկյունից։ Եթե ուրիշներին օգնենք խորաթափանց լինել ու հանդարտ մնալ, անկասկած, Եհովան կօրհնի մեր գործադրած ջանքերը։
ՕԳՆՈՒՄ Է ՎՍՏԱՀԵԼ ԵՀՈՎԱՅԻՆ
13. Ինչպե՞ս կարող է խորաթափանցությունն օգնել մեզ, երբ վախենում ենք։
13 Մեր կյանքում երբեմն կբախվենք իրավիճակների, որոնք կվախեցնեն մեզ։ Խորաթափանցությունը կարող է օգնել մեզ վախի մռայլ ամպերից վեր նայել և հիշել, որ այս աշխարհում վախ ներշնչող ցանկացած իրավիճակ Եհովայի ակնածալից զորության դեմ ոչինչ է (Սաղ. 27։1)։ Եհովան կարող է օգնել մեզ ցանկացած իրավիճակում, նույնիսկ անելանելի թվացող։ Սա ակնհայտ երևաց Հովնան մարգարեի կյանքում։ Նա հոգևոր մարդ էր, բայց մի դժվար հանձնարարություն կատարելու համար ավելի շատ խորաթափանցության կարիք ունեցավ։
14. Թերևս ինչո՞ւ էր Հովնանի համար Եհովայի տված հանձնարարությունը վախեցնող։
14 Եհովան Հովնանին մի հանձնարարություն տվեց, որը վախեցնող էր։ Նա պետք է գնար Նինվե և դրա բնակիչներին դատաստանական լուր հայտներ (Հովն. 1։1, 2)։ Հովնանից մոտ մեկ ամիս կպահանջվեր դժվարանցանելի ճանապարհով Իսրայելից Ասորեստանի Նինվե քաղաք ոտքով հասնելու համար։ Ասորեստանցիները հայտնի էին իրենց ագրեսիվ և դաժան խառնվածքով։ Նինվեն նույնիսկ կոչվում էր «արյունահեղ քաղաք» (Նաում 3։1, 7)։ Ահա թե ինչու Հովնանը վախեցավ և Եհովայի հանձնարարությունը կատարելու փոխարեն որոշեց փախչել (Հովն. 1։3)։ Իսկ դո՞ւ ինչ կզգայիր, եթե քեզ տային այդ հանձնարարությունը։
15. Ի՞նչն օգնեց Հովնանին լիովին վստահել Եհովային (Հովնան 2։6-9)։
15 Հովնանը փախուստի մեջ էր, երբ Եհովան, նրան հրաշքով փրկելով, հիշեցրեց իր զորության մասին (Հովն. 1։15, 17)։ Հովնանը դաս քաղեց իր հետ պատահածից։ Նա սկսեց իր հանձնարարության վախեցնող հանգամանքներից ավելին տեսնել և կենտրոնացավ այն բանի վրա, որ Եհովան կարող է պաշտպանել իրեն ցանկացած վտանգից (կարդա Հովնան 2։6-9)։ Երբ Աստված նրան երկրորդ հնարավորությունը տվեց, նա առանց հապաղելու հնազանդվեց ու գնաց Նինվե, և նրա ծառայությունը շատ արդյունավետ եղավ (Հովն. 3։5)։
16. Խորաթափանցությունն ինչպե՞ս կարող է օգնել մեզ վախեցնող իրավիճակներում (Առակներ 29։25; տես նաև նկարները)։
16 Ի՞նչ ենք սովորում այս պատմությունից։ Մենք չենք ուզում թույլ տալ, որ որևէ բան, հատկապես մարդավախությունը, խանգարի մեզ պաշտել Եհովային (կարդա Առակներ 29։25)։ Խորաթափանցությունը օգնեց Հովնանին իր հանձնարարության դժվար կողմերից ավելին տեսնել և վստահ լինել, որ Եհովան կաջակցի։ Նմանապես՝ մենք էլ կարող ենք դադարել վախենալուց, եթե մտածենք, թե ինչպես է Եհովան միշտ օգնել ու պաշտպանել մեզ։ Կարող ենք նաև խորհել մեր այն հավատակիցների օրինակների շուրջ, ովքեր, Եհովային ապավինելով, հաջողությամբ հաղթահարել են վախեցնող իրավիճակները կամ կատարել են դժվար հանձնարարություններ (Եբր. 13։6)։a Թող որ խորաթափանց լինենք՝ լիովին վստահելով Եհովային, և ուրիշներին էլ օգնենք այդպես վարվել։
Հովնանի օրինակը սովորեցնում է, որ խորաթափանցությունը կարող է օգնել մեզ հետևել Եհովայի պատվերներին և ճիշտ վարվել դժվար իրավիճակում (տես պարբերություն 16)
ԽՈՐԱԹԱՓԱՆՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵՆՔ ՈՒ ՉԿՈՐՑՆԵՆՔ ԱՅՆ
17. Ինչպե՞ս կարող ենք ավելի խորաթափանց դառնալ։
17 Ինչպես տեսանք, խորաթափանցությունը կարող է օգնել մեզ, որ ճիշտ վարվենք դժվար իրավիճակներում։ Իսկ ինչպե՞ս կարող ենք ավելի խորաթափանց դառնալ։ Եհովան է խորաթափանցության ամենակարևոր Աղբյուրը, և նա իր ծառաներին խորաթափանց է դարձնում իր Խոսքի և սուրբ ոգու միջոցով (Նեեմ. 9։20; Սաղ. 32։8)։ Նա մեզ խորհուրդներ է տալիս, որոնք ուղղորդում են մեր քայլերը և օգնում զսպել մեր զգացմունքները (Սաղ. 119։97-101)։ Երբ խորությամբ քննում ենք Աստվածաշունչը և Եհովայից խնդրում նրա զորեղ սուրբ ոգին, ձեռք ենք բերում խորաթափանցություն։ Դա հնարավորություն է տալիս մեզ ավելի հստակ պատկերացում կազմել խնդրի մասին և հասկանալ, թե ինչ կարելի է անել, որպեսզի հարցին լուծում տանք այնպես, որ մեր խոսքերում ու գործերում արտացոլվի Եհովայի մտածելակերպը (Առակ. 21։11)։
18. Ի՞նչ ես վճռել։
18 Թող որ շարունակենք խորաթափանց դառնալ և բարձր գնահատենք Եհովայի տված այդ հատկությունը (Սաղ. 14։2)։ Եթե այդպես վարվենք, երբեք չենք շեղվի «խոհեմության ճանապարհից» (Առակ. 21։16)։ Մենք վճռական կլինենք խորաթափանցություն դրսևորել ամեն ժամանակ և յուրաքանչյուր իրավիճակում, ինչի արդյունքում «հաջողություն կունենանք»։
ԵՐԳ 42 Աստծու ծառայի աղոթքը
a Տես, օրինակ, Գեորգի Փորչուլյանի կենսագրությունը JW Library հավելվածի կամ jw.org կայքի «Եհովայի վկաների կենսագրությունները» հոդվածաշարում։