Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w26 փետրվար էջ 20–25
  • Պատրա՞ստ ես մկրտությունից հետո դժվարություններ դիմագրավել

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Պատրա՞ստ ես մկրտությունից հետո դժվարություններ դիմագրավել
  • 2026 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԵՐԲ ՀԱՎԱՏԱԿԻՑԸ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ Է ՔԵԶ
  • ԵՐԲ ՍԿՍՈՒՄ ԵՍ ԿԱՐՈՏԵԼ ԱՅՆ, ԻՆՉ ԹՈՂԵԼ ԵՍ ՀԵՏԵՎՈՒՄ
  • ԵՐԲ ՈՒՐԻՇՆԵՐԸ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ ԵՀՈՎԱՅԻՑ
  • Եհովան «բուժում է նրանց, ում սիրտը կոտրված է»
    2024 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Համեստորեն ընդունենք, որ ամեն ինչ չէ, որ գիտենք
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Հիշի՛ր. Եհովան «կենդանի Աստված է»
    2024 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Միմյանց հետ մտերմանալը օգուտներ է բերում մեզ
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2026 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w26 փետրվար էջ 20–25

ԱՊՐԻԼԻ 27-ՄԱՅԻՍԻ 3, 2026

ԵՐԳ 99 Հազարավոր եղբայրներ

Պատրա՞ստ ես մկրտությունից հետո դժվարություններ դիմագրավել

«Օգնիր՝ քո ճանապարհին մնամ, որ հանկարծ չսայթաքեմ» (ՍԱՂ. 17։5)։

ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ

Ինչպես կարող են նոր մկրտված քրիստոնյաները պատրաստվել հավանական դժվարություններին։

1-2. Ի՞նչ քայլեր կարող ենք ձեռնարկել, որպեսզի պատրաստ լինենք այն դժվարություններին, որ գուցե ունենանք մկրտվելուց հետո։ Բացատրիր օրինակով։

ՄԵՆՔ գիտակցում ենք, որ Սատանայի աշխարհում դժվարություններ կունենանք։ Հիսուսը իրատեսորեն զգուշացրեց իր հետևորդներին. «Անշուշտ.... գայթակղության քարեր կլինեն» (Մատթ. 18։7)։ Այս նախազգուշացումը ի մտի ունենալով՝ մենք պետք է պատրաստ լինենք հաղթահարելու դժվարությունները, այդ թվում՝ հավատակիցների հետ ունեցած խնդիրները։

2 Պատկերացնենք օրինակով։ Եհովայի ժողովրդին հորդոր է տրվում պատրաստվել բնական աղետներին։ Իսկ ինչպե՞ս դա անել։ Նախ պետք է հասկանանք, թե ինչ հավանական աղետներ կարող են լինել մեր տարածքում։ Սա հատկապես կարևոր է նրանց համար, ովքեր լավ ծանոթ չեն այն տեղանքին, որտեղ ապրում են։ Հավանական աղետների մասին իմանալուց հետո պետք է ծրագրենք, թե ինչ է հարկավոր անել յուրաքանչյուր աղետին պատրաստ լինելու համար (Առակ. 21։5)։ Նմանապես՝ մենք կարող ենք մտածել, թե ինչ հավանական խնդիրներ կլինեն մկրտությունից հետո, և թե ինչ կարող ենք անել, որպեսզի, երբ դրանք անսպասելի ի հայտ գան, պատրաստ լինենք դիմագրավելու։ Արդյունքում այդ դժվարությունները լուրջ վնաս չեն հասցնի մեզ և չեն խաթարի Եհովայի հետ մեր հարաբերությունները (Սաղ. 17։5)։ Ուստի եկեք քննենք երեք հավանական խնդիր և տեսնենք, թե ինչպես կարող ենք պատրաստվել դրանց։a

ԵՐԲ ՀԱՎԱՏԱԿԻՑԸ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ Է ՔԵԶ

3. Ի՞նչ խնդրի գուցե բախվենք ժողովում։

3 Հիշո՞ւմ ես, երբ առաջին անգամ եկար ժողով ու տեսար Եհովայի ժողովրդի մեջ տիրող սերը։ Մի՞թե չհամոզվեցիր, որ գտել ես ճշմարտությունը (Հովհ. 13։35; Կող. 3։12)։ Այդպիսի զգացում ունեցավ Բլանկան։b Սակայն մկրտվելուց հետո նա մի անսպասելի բանի բախվեց։ Բլանկան պատմում է. «Մի քույր ինձ հետ կոպիտ վարվեց։ Նաև նկատեցի, որ նա ուրիշների մասին բացասաբար է արտահայտվում։ Նման բան չէի սպասում։ Ես սովորել էի, որ Եհովայի վկաները ձգտում են լինել խաղաղարար և սեր ցուցաբերել միմյանց հանդեպ»։ Ինչ խոսք, մեր եղբայրներն ու քույրերը ջանում են քրիստոնյային բնորոշ հատկություններ զարգացնել, բայց նրանք կատարյալ չեն (Եփես. 4։23, 24; 1 Հովհ. 1։8)։ Ուստի կլինեն դեպքեր, երբ նրանցից մեկը խոսքով կամ արարքով կցավեցնի քեզ (Հակ. 3։8)։ Ցավոք, այսպիսի խնդիրների պատճառով ոմանք դադարել են ծառայել Եհովային։

4. Ի՞նչ կարող ենք անել հիմա, որ եթե հավատակիցը վիրավորի մեզ, ճիշտ արձագանքենք (Եփեսացիներ 4։32)։

4 Ի՞նչ կարող ես անել հիմա, որ եթե հավատակիցդ վիրավորի քեզ, ճիշտ արձագանքես։ Սովորություն դարձրու կիրառել Եփեսացիներ 4։32-ում գրված խորհուրդը (կարդա)։ Եթե ձգտես լինել բարի ու կարեկից, անկասկած կխուսափես ուրիշների հետ անհարկի բախումներից։ Նպատակ դիր մեծահոգաբար ներել ուրիշների սխալները։ Ի՞նչը կօգնի քեզ։ Մտածիր, թե որքան հաճախ ես Եհովային խնդրում, որ ների քո սխալները, և թե նա ինչպիսի մեծահոգությամբ է դա անում (Մատթ. 6։12)։ Եթե կենտրոնանաս այն բանի վրա, թե որքան առատաձեռնորեն է Եհովան ներում քեզ, ավելի հեշտությամբ կներես ուրիշներին։

5. Աստվածաշնչյան ո՞ր սկզբունքը կօգնի, երբ ինչ-որ մեկը վիրավորի մեզ (Առակներ 19։11; տես նաև նկարները)։

5 Կարդա Առակներ 19։11։ Աստվածաշունչն ասում է, որ երբ մեզ վիրավորում են, խորաթափանցությունըc կարող է օգնել, որ զսպենք մեր բարկությունը։ Այս սկզբունքը օգնել է Ռիմային, ով մի քանի տարի է, ինչ մկրտված է։ Նա ասում է. «Երբ եղբայրներս ու քույրերս այնպիսի բան են անում, որն ինձ ցավ է պատճառում կամ վիրավորում է, նախ մտաբերում եմ Առակներ 19։11-ը։ Հետո մտածում եմ նրանց հանգամանքների և անցյալի մասին ու փորձում հասկանալ, թե ինչու են այդպես վարվել։ Նաև նրանց հետ գնում եմ ծառայության։ Դա ինձ օգնում է խորությամբ ճանաչել նրանց»։ Ճիշտ կլինի՝ հիմա սկսես լավ ճանաչել եղբայրներիդ ու քույրերիդ։ Այդպիսով ավելի լավ կհասկանաս նրանց և հեշտությամբ կներես, եթե նրանք ցավ պատճառեն քեզ։

Համակցված նկարներ։ 1. Եղբայրը վիրավորվում է մեկ ուրիշ եղբոր խոսելաձևից, երբ իրենք Թագավորության սրահի բակում գործ են անում։ 2. Ավելի ուշ վիրավորված եղբայրը մյուս եղբոր հետ հաճույքով ծառայում է տնից տուն։

Եթե տարաձայնություն ունես հավատակցիդ հետ, նրան հրավիրիր ծառայության (տես պարբերություն 5)


6. Ի՞նչը կօգնի մեզ լավ հարաբերություններ ունենալ հավատակիցների հետ։

6 Ի՞նչ կարող ես անել, որ լավ հարաբերություններ ունենաս հավատակիցներիդ հետ։ Եղբայրներիդ ու քույրերիդ հետ շփվելիս կենտրոնացիր նրանց լավ կողմերի վրա (համեմատիր Առակներ 10։12; Հռոմ. 12։10; Փիլիպ. 2։2, 3)։ Տեսնենք, թե այդպես վարվելը ինչպես է օգնել Մարկ անունով նոր մկրտված մի եղբոր։ Ավելի շատ շփվելով հավատակիցների հետ՝ նա սկսել էր նկատել նրանց թերությունները։ Ի՞նչ արեց Մարկը, որ իր հավատը չթուլանա։ Նա ասում է. «Հասկացա, որ կենտրոնանում եմ նրանց մանր թերացումների վրա, իսկ դրանք Եհովային չծառայող մարդկանց լուրջ մեղքերի համեմատ ոչինչ են։ Որոշեցի չկենտրոնանալ հավատակիցներիս թերությունների վրա, փոխարենը սկսեցի ավելի շատ մտածել նրանց լավ հատկանիշների մասին»։ Եթե դու էլ նման կերպ վարվես, լավ հարաբերություններ կունենաս հավատակիցներիդ հետ։

ԵՐԲ ՍԿՍՈՒՄ ԵՍ ԿԱՐՈՏԵԼ ԱՅՆ, ԻՆՉ ԹՈՂԵԼ ԵՍ ՀԵՏԵՎՈՒՄ

7. Ինչո՞ւ գուցե սկսենք կարոտով հիշել այն, ինչ թողել ենք անցյալում։

7 Երբ մկրտվեցիր, անկասկած ուրախ էիր, որ Սատանայի աշխարհը հետևում ես թողել։ Ուստի գուցե մտածես. «Մարդ ինչպե՞ս կարող է աշխարհ վերադառնալու ցանկություն ունենալ»։ Սակայն դժվարությունների բախվելիս հնարավոր է՝ կարոտով հիշես, անգամ փափագես որոշ բաներ, որոնցից հրաժարվել ես Եհովային ծառայելու համար (համեմատիր Թվեր 11։4-6)։ Օրինակ՝ որոշ հավատակիցներ հրաժարվել են հաջողակ, բայց շատ ժամանակ պահանջող կարիերայից։ Ոմանց մտերիմ ընկերները հեռացել են նրանցից, երբ նրանք սկսել են Աստվածաշունչ ուսումնասիրել։ Իսկ ուրիշները հաղթահարել են այնպիսի արմատացած սովորություններ, որոնք թեև անմաքուր էին, բայց հաճույք էին պատճառում իրենց։ Որքա՜ն ցավալի կլինի, եթե քրիստոնյան թույլ տա, որ անցյալում թողած որևէ բան հեռացնի իրեն Եհովայից։ Ի՞նչ կարող ես անել, որ ապագայում ինչի էլ բախվես, երբեք չվերադառնաս անցյալում թողած բաներին։

8. Ի՞նչ ենք սովորում Աբրահամի ու Սառայի օրինակից։

8 Աստվածաշնչում կան բազմաթիվ հավատարիմ ծառաների օրինակներ, ովքեր կարող էին կարոտով հիշել հետևում թողած բաները։ Նրանցից էին Աբրահամն ու Սառան։ Եհովայի հրահանգին հնազանդվելով՝ նրանք հեռացան Ուր կոչվող ամրացված քաղաքից, որ ապրեն վրաններում (Եբր. 11։8, 9)։ Նրանք գուցե երբեմն հիշում էին Ուր քաղաքի հարմարավետ պայմանները, բայց եթե «շարունակ հիշեին» կամ կարոտեին անցյալը, հնարավոր է՝ գայթակղություն առաջանար վերադառնալու այդ հարմարավետ կյանքին։ Սակայն Աբրահամն ու Սառան կենտրոնացած մնացին ապագայի վրա (Եբր. 11։15, 16)։

9. Ինչպե՞ս էր Պողոս առաքյալը վերաբերվում հետևում թողած բաներին (Փիլիպպեցիներ 3։7, 8, 13)։

9 Պողոս առաքյալը հրաժարվեց որոշ բաներից, որ ծառայի Եհովային։ Նախքան քրիստոնյա դառնալը նա կրթություն էր ստացել Օրենքի անվանի ուսուցիչ Գամաղիելի մոտ (Գործ. 22։3)։ Պողոսը հնարավորություն ուներ հուդայականության մեջ ազդեցիկ մարդ դառնալու (Գաղ. 1։13, 14)։ Սակայն երբ իմացավ Քրիստոսի մասին բարի լուրը, այդ ամենը հետևում թողեց։ Արդյոք քրիստոնյա դառնալուց հետո Պողոսի կյանքը զե՞րծ էր խնդիրներից։ Ո՛չ։ Նա ծեծի էր ենթարկվում, բանտարկվում էր և ատված էր իր իսկ ժողովրդի կողմից (2 Կորնթ. 11։23-26)։ Եթե նա կենտրոնանար միայն փորձությունների վրա և իր ներկան համեմատեր անցյալի հետ, գուցե գար այն եզրահանգման, որ նախքան քրիստոնյա դառնալը շատ ավելի լավ կյանքով էր ապրել։ Բայց նա կենտրոնացավ Հիսուս Քրիստոսին ծառայելու մեծ պատվի և փառահեղ ապագայի վրա։ Պողոսը համոզված էր, որ նման օրհնությունները գերազանցում էին իր արած ցանկացած զոհողություն (կարդա Փիլիպպեցիներ 3։7, 8, 13)։

10. Ինչի՞ մասին պետք է հաճախ խորհենք (Մարկոս 10։29, 30; տես նաև նկարները)։

10 Ի՞նչ են սովորեցնում վերոնշյալ օրինակները։ Եթե սկսես մտածել այն ամենի մասին, ինչից հրաժարվել ես քրիստոնյա դառնալու համար, հիշիր նաև, թե հանուն ինչի ես դա արել (Ժող. 7։10)։ Հետևում թողած բաները համեմատիր այն օրհնությունների հետ, որ ստացել ես՝ ընդունելով ճշմարտությունը։ Դու մտերմացել ես տիեզերքի Գերիշխանի հետ (Առակ. 3։32)։ Սիրով լի հոգևոր ընտանիքի մաս ես կազմում (կարդա Մարկոս 10։29, 30)։ Քեզ հրաշալի ապագա է սպասում (Ես. 65։21-23)։ Եթե հաճախ խորհես այն օրհնությունների մասին, որ ստանում ես՝ ծառայելով Եհովային, քիչ հավանական է, որ կարոտով կնայես հետևում թողած բաներին։

Հետևում թողած բաներին կարոտով նայելու փոխարեն վայելիր այն թանկ ծառայությունը, որ Աստված վստահել է քեզ (տես պարբերություն 10)e


11. Ի՞նչ ենք սովորում Ռոզմարիի օրինակից։

11 Ռոզմարի անունով մի քույր մկրտվեց մոտ 50 տարեկանում։ Տեսնենք, թե ինչ արեց նա, որ կարոտով չհիշի հետևում թողած բաները։ Ռոզմարին պատմում է. «Սկզբում կարոտում էի Սուրբ Ծննդյան տոները, քանի որ ընտանիքով միշտ լավ ժամանակ էինք անցկացնում այդ օրերին։ Սիրում էի նվերներ տալ հարազատներիս։ Ուրախանում էի, երբ երեխաները հավաքվում էին տոնածառի շուրջը, և երբ տեսնում էի, թե ինչպես են նրանց աչքերը փայլում նվերների տուփերը բացելիս»։ Ի՞նչ արեց քույրը։ Նա շարունակում է. «Ես հասկացա, թե ինչով կարելի է փոխարինել Սուրբ Ծնունդը։ Ամեն տարի՝ մեկ այլ օր, հավաքում եմ ընտանիքիս, նրանց նվերներ տալիս և ասում, թե ինչն եմ գնահատում նրանց մեջ»։ Ռոզմարին ևս մեկ դժվարության բախվեց։ Նա ասում է. «Երբ ընդունեցի ճշմարտությունը, ընկերներս լքեցին ինձ։ Երբեմն կարոտում էի նրանց և ինձ միայնակ էի զգում»։d Իսկ ի՞նչն օգնեց քրոջը հետ չնայել։ Նա սկսեց ծառայել տարբեր քույրերի հետ։ Ռոզմարին պատմում է. «Այդպես նոր ընկերներ ձեռք բերեցի, որոնց սիրում ու գնահատում եմ»։ Ինչո՞վ է քրոջ օրինակը ուսանելի։ Գուցե կարոտով ես հիշում որոշ բաներ, որոնք սիրել ես նախքան ճշմարտությունն իմանալը, բայց դու կարող ես դրանք փոխարինել այնպիսի բաներով, որոնք քեզ իսկապես երջանիկ կդարձնեն (Փիլիպ. 4։8, 9)։ Հիշիր. Եհովայի հետ դու միշտ ձեռք ես բերում շատ ավելին, քան կորցնում ես։

ԵՐԲ ՈՒՐԻՇՆԵՐԸ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ ԵՀՈՎԱՅԻՑ

12. Ժողովում ո՞ր խնդրին բախվելը կարող է հատկապես ծանր լինել։

12 Երբ Վկա դարձար, ըստ ամենայնի, թեթևություն զգացիր՝ հետևում թողնելով այս ապականված աշխարհը և ոտք դնելով հոգևորապես ու բարոյապես մաքուր օազիս (Ես. 65։14)։ Այնուամենայնիվ, երբեմն գուցե լսես, որ հավատակիցդ լուրջ մեղք է գործել, հնարավոր է՝ նույնիսկ հեռացվել է ժողովից (1 Կորնթ. 5։13)։ Տեսնենք, թե նման իրավիճակը ինչպես ազդեց Սամար անունով մի քրոջ վրա։ Նա ասում է. «Իմ մկրտությունից շատ չանցած՝ մի երեց լուրջ մեղք գործեց և հեռացվեց ժողովից։ Դա ինձ համար գայթակղության քար էր։ Չէի հասկանում, թե ինչպես կարող է երեցը Եհովայի ու ժողովի դեմ մեղք գործել»։ Ինչ խոսք, մենք երբեք չպետք է կասկածենք, որ մեր հավատակիցները սիրում են Եհովային և ցանկանում են հավատարիմ մնալ նրան (1 Կորնթ. 13։4, 7)։ Բայցևայնպես, պետք է իրատես լինենք. ամեն տարի որոշ մարդիկ հեռացվում են ժողովից։ Դա հատկապես կարող է ծանր լինել, երբ սխալ ուղի է բռնում մեկը, ով քո մտերիմն է կամ քեզ համար լավ օրինակ է եղել։

13. Ի՞նչ կարող ենք անել հիմա, որ եթե մեր մտերիմը հեռանա Եհովայից, մեր հավատը չթուլանա։

13 Ի՞նչ կարող ես անել հիմա, որ եթե մտերիմդ հեռանա Եհովայից, հավատդ չթուլանա։ Շարունակիր ամրացնել Եհովայի հետ քո հարաբերությունները (Հակ. 4։8)։ Թույլ մի՛ տուր, որ Աստծու հետ մտերմությունդ կախված լինի ուրիշի հավատարմությունից։ Օրինակ՝ թեպետ մենք հաճախ Աստծուն պաշտում ենք մեր ընտանիքի կամ ժողովի հետ, բայց պետք է անձամբ կանոնավորաբար աղոթենք և կարդանք Աստվածաշունչը (Սաղ. 1։2; 62։8)։

14. Ի՞նչ ենք սովորում Պետրոս առաքյալի օրինակից (Հովհաննես 6։66-68)։

14 Մենք կարող ենք նաև դաս քաղել այն բանից, թե Պետրոս առաքյալն ինչպես արձագանքեց, երբ շատ աշակերտներ դադարեցին Հիսուսին հետևելուց։ Պետրոսն ինքը հնարավոր է՝ ինչ-որ չափով շփոթվեց այդ ժամանակ։ Բայց Հովհաննես 6։66-68-ում կարդում ենք, թե նա ինչպես արձագանքեց (կարդա)։ Պետրոսը ուշադրություն չդարձրեց ուրիշների արածին, այլ կենտրոնացավ Հիսուսի ասած ճշմարտության վրա։ Արդյունքում նրա հավատը չխարխլվեց։ Նմանապես այսօր՝ ուրիշների արարքները չեն փոխում այն արժեքավոր ճշմարտությունը, որն իմացել ես Աստծու կազմակերպության օգնությամբ։ Կառչած մնա այդ ճշմարտությանը։ Սամարը, որի մասին խոսեցինք, ասում է. «Ես միշտ ինձ հիշեցնում եմ, որ մեկի սխալ արարքը չի բնորոշում ողջ ժողովին կամ կազմակերպությանը։ Անկախ նրանից, թե մարդիկ ինչ վատ բաներ են անում, Եհովան դրանում մեղավոր չէ. նա մեզ միշտ սովորեցնում է ճիշտ վարվել»։

15. Ի՞նչ ենք սովորում Էմիլիի հետ պատահածից։

15 Քննենք Էմիլիի օրինակը։ Նա ընդամենը մեկ շաբաթ էր, ինչ մկրտվել էր, երբ նրա մայրը թողեց ընտանիքն ու հեռացվեց ժողովից։ Էմիլին ասում է. «Երբեք չէի պատկերացնի, որ նման բան կլինի։ Դա իմ կյանքի ամենածանր փորձությունն է։ Շատ եմ կարոտում մորս»։ Ի՞նչն է օգնում Էմիլիին։ Քույրը պատմում է. «Ես մենակ չեմ։ Ինձ աջակցում է ոչ միայն հայրս, այլև ողջ ժողովը, որն ինձ համար ասես ընտանիք լինի։ Բոլորն էլ փորձություններ են կրում։ Ուստի անչափ կարևոր է մտերիմ լինել միմյանց հետ և քաջալերել իրար» (1 Պետ. 5։9)։ Պետք չէ սպասել, որ փորձություն լինի, և հետո միայն ամրացնել հարաբերությունները հավատակիցների հետ։ Հիմա՛ է դա անելու ժամանակը։ Եթե այդպես վարվես, քիչ հավանական է, որ միայնակ կզգաս քեզ։

16. Ի՞նչ պետք է հիշենք (տես նաև նկարը)։

16 Հիշենք նաև, որ Եհովան խրատում է նրանց, ում սիրում է (Եբր. 12։6)։ Նա ցանկանում է, որ ժողովից հեռացված բոլոր մարդիկ վերադառնան (2 Պետ. 3։9)։ Ուստի եթե քո մտերիմներից մեկը հեռացվի ժողովից, համոզված եղիր, որ երեցները հնարավոր ամեն բան կանեն, որ նա վերադառնա Եհովայի մոտ (2 Տիմոթ. 2։24, 25)։

Երկու երեց այցելել են ժողովից հեռացված մի տղամարդու։ Նրանցից մեկը բացել է Աստվածաշունչը, իսկ մյուսը «Վերադարձիր Եհովայի մոտ» գրքույկից մի նյութ է ցույց տալիս տղամարդուն։

Եթե քո մտերիմը հեռացվել է ժողովից, հիշիր, որ երեցները ուզում են օգնել նրան վերադառնալ Եհովայի մոտ (տես պարբերություն 16)f


17. Ինչո՞ւմ կարող ենք համոզված լինել։

17 Մենք քննարկեցինք ընդամենը մի քանի խնդիր, որոնց հնարավոր է՝ բախվես մկրտությունից հետո։ Ճիշտ է, որոշ խնդիրներ գուցե վախեցնող լինեն, բայց վախենալու կարիք չկա։ Դու կարող ես այսօր իսկ շատ բան անել պատրաստված լինելու համար։ Երբեք մի՛ մոռացիր, որ քո թիկունքին է Եհովան, ով ամենամեծ օգնության Աղբյուրն է։ Նա արդեն օգնել է քեզ, և ցանկանում է դա անել հավիտյան (1 Պետ. 5։10)։ Նա միշտ կզորացնի քեզ և կաջակցի, որ դիմանաս ցանկացած փորձության։ Եթե շարունակես ընդունել Եհովայի օգնությունը, ոչ մի դժվարություն չի հեռացնի քեզ նրանից (Սաղ. 119։165; Հռոմ. 8։38, 39)։

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆՔ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՎԱՆԱԿԱՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ.

  • Հավատակիցը վիրավորում է մեզ։

  • Կարոտում ենք հետևում թողած բաները։

  • Հավատակիցը հեռացվում է ժողովից։

ԵՐԳ 154 Խոր սեր անմար

a Թեև այս հոդվածը ուղղված է նոր մկրտված Վկաներին, սակայն բոլորս կարող ենք օգուտ քաղել դրանից։

b Անունները փոխված են։

c Խորաթափանց մարդը երևացող բանից այն կողմ է տեսնում։ Խորաթափանցություն հատկությունը կարող է օգնել մեզ հասկանալու, թե ինչու է դիմացինը այս կամ այն բանը ասում կամ անում։

d Ոչ միայն նրանք, ովքեր Աստվածաշնչի ուսումնասիրություն են անցկացնում, այլև բոլորս պետք է օգնենք ուսումնասիրողներին և նոր մկրտվածներին, որ իրենց սիրված զգան ժողովում։ Տես «Դիտարանի» 2021 թ. մարտի թողարկման «Միասին օգնենք ուսումնասիրողին հասնել մկրտության» հոդվածի 15-րդ և 16-րդ պարբերությունները։

e ՆԿԱՐ։ Ծառայության գնալիս քույրը տեսնում է, թե ինչպես է մի սպորտային թիմ խաղում, և հիշում է այն օրերը, երբ ինքն էլ էր այդ սպորտով զբաղվում։ Ավելի ուշ այդ քույրը քարոզում է մի սպորտսմենուհու, որը հավանաբար նրա նախկին թիմակիցն է եղել։

f ՆԿԱՐ։ Երկու երեցներ այցելում են մի մարդու, ով հեռացվել է ժողովից, և քաջալերում են, որ նա վերադառնա Եհովայի մոտ։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը