Երեխաները «ժառանգություն են Եհովայից»
Ի՞ՆՉ է գալիս միտքդ, երբ լսում ես «ժառանգություն» բառը։ Գուցե մտածում ես փողի, գույքի կամ ընտանիքիդ սիրելի անդամի փոխանցած թանկարժեք մի իրի մասին։ Ինչ էլ այդ ժառանգությունը լինի, այն թանկ է, և դու անկասկած ցանկանում ես խնամքով վերաբերվել դրան։
Աստվածաշունչն ասում է, որ երեխաները «ժառանգություն են Եհովայից» (Սաղ. 127։3, ծնթ.)։ Ինչ խոսք, քրիստոնյա ծնողները երեխաներին իրենց երկնային Հորից ստացած թանկարժեք նվեր են համարում և ուզում են ամեն ինչ անել, որ նրանք լինեն ապահով, ինչպես նաև ֆիզիկապես, զգացապես ու հոգևորապես առողջ։
Ցավոք, սակայն, որոշ ծնողներ իրենց երեխաներին Աստծուց ստացած պարգև չեն համարում (Ես. 49։15; 2 Տիմոթ. 3։1-3)։ Ոմանք էլ գուցե սրտանց ցանկանում են հոգ տանել իրենց երեխաների համար, բայց տարբեր խնդիրների պատճառով դժվարանում են դա անել։ Ի՞նչ խոչընդոտների են նրանք բախվում։ Ի՞նչ է Եհովան ակնկալում ծնողներից։ Եվ ինչպե՞ս կարող են քրիստոնյա ծնողները դաստիարակել իրենց երեխաներին, որ նրանք երջանիկ լինեն։
ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ
Շրջապատի և ընտանիքի կողմից ճնշում։ Աշխարհի որոշ մասերում բազմազավակ ծնողները ավելի շատ են հարգանքի արժանանում շրջապատի կողմից։ Ուստի ամուսնական զույգերը հնարավոր է՝ ենթարկվեն իրենց ընտանիքի կամ հարևանների ճնշմանը և պարտավորված զգան շատ երեխաներ ունենալ։ Նրանք գուցե այնքան շատ երեխաներ ունենան, որ չկարողանան անձամբ հոգ տանել նրանց համար։
Ապագայի հետ կապված մտահոգություն։ Այն երկրներում, որտեղ թերսնման, հիվանդությունների և բժշկական ծառայությունների սահմանափակ լինելու պատճառով մանկական մահացությունը բարձր է, որոշ զույգեր շատ երեխաներ են ունենում՝ հույս ունենալով, որ նրանցից գոնե մի քանիսը կենդանի կմնան և կհասնեն չափահասության։ Որոշ զույգեր էլ շատ երեխաներ են ունենում, որպեսզի համոզված լինեն, որ ծերության ժամանակ իրենց մասին հոգ տանող կլինի։ Դա այդպես է հատկապես այն երկրներում, որտեղ կառավարությունը տարեցներին աջակցելու ծրագրեր չունի։
Ընտանիքի պլանավորում։ Կան երկրներ, որտեղ հակաբեղմնավորիչ միջոցները դժվարհասանելի են։ Որոշ զույգեր վախենում են մատչելի, բայց ցածրորակ հակաբեղմնավորիչների կողմնակի ազդեցությունից։ Ուրիշներն էլ հնարավորություն չունեն ձեռք բերելու այդ միջոցները, քանի որ դրանք թանկ են։a
Ի՞ՆՉ Է ԵՀՈՎԱՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԾՆՈՂՆԵՐԻՑ
Ժամանակ անցկացրու յուրաքանչյուր երեխայիդ հետ
Բավարարել երեխաների կարիքները։ Եհովան ծնողներին է վստահել իրենց անչափահաս երեխաներին նյութապես ապահովելու պատասխանատվությունը։ Նա ակնկալում է, որ ծնողները պատրաստ կլինեն ծանր աշխատելու, որպեսզի յուրաքանչյուր երեխային ապահովեն սննդով, հագուստով և կացարանով։ Եհովան ակնկալում է նաև, որ ծնողները կկրթեն իրենց երեխային։ Ուստի քրիստոնյա ծնողները իրենց անչափահաս երեխաներին ոչ թե պարզապես ուղարկում են գիշերօթիկ դպրոց, այլ հոգ են տանում, որ նրանք ապրեն տանը, որպեսզի պատշաճ կրթություն ստանան և ծնողական ուշադրության տակ լինեն, ինչի շնորհիվ իրենց ապահով, անվտանգ և սիրված կզգան։ Բայց քանի որ Եհովան ողջամիտ է, չի ակնկալում, որ ծնողները հարուստ կլինեն։ Հիշենք, որ Եհովան իր սիրելի Որդուն մեծացնելու համար ընտրեց աշխատասեր ծնողների, թեև նրանք նյութապես ապահովված չէին (Մատթ. 13։55, 56; Ղուկ. 2։24)։
Աստվածաշնչյան սկզբունք. «Անկասկած, եթե որևէ մեկը հոգ չի տանում նրանց, ում հանդեպ պարտավորություն ունի, հատկապես՝ իր ընտանիքի անդամներին, նա հավատն ուրացել է և անհավատից էլ վատն է» (1 Տիմոթ. 5։8)։
Եհովան գիտի, որ ծնողները տարիքն առնելուն զուգընթաց օգնության կարիք են ունենում։ Երեխաները կարող են պատվել իրենց ծնողներին, եթե նրանց ծերության ժամանակ հոգ տանեն նրանց համար (Ելք 20։12; 1 Տիմոթ. 5։4)։ Սակայն Եհովային հաճելի է, երբ ծնողները գլխավորապես մտածում են ոչ թե այն մասին, թե ինչպես են երեխաները հոգ տանելու իրենց, այլ ընդհակառակը, թե իրենք ինչպես են հոգ տանելու երեխաներին (2 Կորնթ. 12։14)։
Կրթել հոգևորապես։ Քրիստոնյա ծնողները նաև պատասխանատվություն ունեն կրթելու իրենց երեխաներին, որ նրանք սիրեն ու պաշտեն Եհովային։ Աստված ծնողների տված հոգևոր կրթությունը համարում է երեխաների դաստիարակության անբաժանելի մասը (2 Օրենք 6։6, 7)։
Աստվածաշնչյան սկզբունք. «Դաստիարակեք [ձեր երեխաներին]՝ խրատելով ու կրթելով այնպես, ինչպես Եհովան է ուզում» (Եփես. 6։4)։
ԵՀՈՎԱՆ ՈՒԶՈՒՄ Է ՕԳՆԵԼ ՁԵԶ
Նախապես քննարկեք, թե քանի երեխա եք ուզում ունենալ
Նախապես պլանավորել։ Եթե ուզում եք երեխաներ ունենալ, մանրամասնորեն քննեք ձեր հանգամանքները։ Մտածեք, թե արդյոք բավարար միջոցներ կունենաք այդքան երեխաների կերակրելու, հագուստով ապահովելու և կրթելու համար։ Եթե՝ ոչ, կողակիցներով քննարկեք, թե քանի երեխա ճիշտ կլինի ունենալ, որպեսզի կարողանաք Եհովայի ակնկալած ձևով հոգ տանել յուրաքանչյուրի մասին։ Ինչ խոսք, Եհովան գիտի, որ կյանքում ամեն ինչ չէ, որ ծրագրածի համաձայն է ընթանում (Ժող. 9։11)։ Բայց նա կօրհնի ձեր ջանքերը, որ ներդնում եք լավ ծնող լինելու համար։
Աստվածաշնչյան սկզբունքներ. «Ջանասեր մարդու ծրագրերը հաջողությամբ են պսակվում, բայց բոլոր շտապողներին աղքատություն է սպասում» (Առակ. 21։5)։
«Չէ՞ որ եթե ձեզանից որևէ մեկը ցանկանա աշտարակ կառուցել, նախ կնստի ու կհաշվի ծախսը, որ տեսնի՝ բավականաչափ միջոցներ ունի՞ ավարտին հասցնելու համար» (Ղուկ. 14։28)։
Թող Եհովան ձեր ընտանիքում առաջին տեղում լինի։ Եհովային պաշտելը ձեր կյանքում առաջնահերթ համարեք։ Եթե արդեն երեխաներ ունեք, վճռեք նրանցից յուրաքանչյուրին սովորեցնել սիրել Եհովային։ Օգնեք նրանց ժողովների ժամանակ ուշադիր լինել և սովորել։ Ամեն շաբաթ ընտանեկան երկրպագություն անցկացրեք։ Սովորեցրեք ձեր երեխաներին, թե ինչպես քարոզել։ Ձեր ծնողական պարտականությունները ձեր ավագ երեխաների կամ այլ հարազատների ուսերին մի՛ դրեք։ Եհովային սիրող երեխաներ մեծացնելը ժամանակ և ջանքեր է պահանջում, բայց վարձատրությունը մեծ կլինի։
Աստվածաշնչյան սկզբունք. «Ուրախանալու ավելի մեծ պատճառ չունեմ, քան այն, որ լսում եմ՝ զավակներս շարունակում են քայլել ճշմարտության ուղով» (3 Հովհ. 4)։b
Վստահել Եհովային։ Անկախ նրանից՝ պլանավորում եք երեխաներ ունենալ, թե արդեն ունեք, մի՛ մոռացեք, որ ծնող լինելու վերաբերյալ Եհովայի չափանիշները տեղի մշակույթից ու սովորույթներից ավելի կարևոր են։
Երեխաների հոգևոր կարիքների մասին հոգալը ժամանակ և ջանքեր է պահանջում
Եթե որոշեք շատ երեխաներ չունենալ, վստահ եղեք, որ Եհովան հոգ կտանի ձեր մասին, երբ ծերանաք։ Մի՛ որդեգրեք այն տեսակետը, թե երեխաները «ապահով ծերության երաշխիք» են։ Մի՛ վախեցեք լքված լինելուց. չէ՞ որ Եհովան խոստացել է հոգ տանել ձեր մասին, իսկ նա միշտ պահում է իր խոստումները (Հեսու 23։14)։
Աստվածաշնչյան սկզբունքներ. «Ամբողջ սրտովդ Եհովային վստահիր և քո հասկացողության վրա մի՛ հիմնվիր։ Ինչ էլ որ անես, հաշվի առ նրան, և նա կառաջնորդի քեզ ճիշտ ճանապարհով» (Առակ. 3։5, 6)։
«Երիտասարդությունիցս մինչև ծերություն ես երբևէ չեմ տեսել արդարին լքված, ոչ էլ նրա զավակներին՝ հաց մուրալիս» (Սաղ. 37։25)։
«Ձեր կյանքում միշտ առաջին տեղում դրեք Աստծու թագավորությունը և նրա արդար չափանիշները, և այդ բոլոր բաները կտրվեն ձեզ» (Մատթ. 6։33)։
Երեխաները Եհովայի կողմից ծնողներին վստահված թանկ պարգևներ են։ Եհովան շատ է ուրախանում՝ տեսնելով, որ զույգերը արդարացնում են իր վստահությունը։ Նրանք պլանավորում են, թե քանի երեխա են ունենալու, Աստծու պահանջները հավատարմորեն վեր են դասում տեղի մշակույթից կամ սովորույթներից և սիրով հոգ են տանում իրենց երեխաների ֆիզիկական, զգացական ու հոգևոր կարիքների մասին։ Այդպես վարվելով՝ նրանք ցույց են տալիս, որ երեխաները անգին պարգև՝ «ժառանգություն են Եհովայից»։
a Յուրաքանչյուր զույգ ինքն է որոշում, թե քանի երեխա ունենա, երբ ունենա և օգտագործի վիժում չառաջացնող հակաբեղմնավորիչներ, թե ոչ։ Ոչ ոք չպետք է քննադատի նրանց կայացրած անձնական որոշումները (Հռոմ. 14։4, 10-13)։ Ամուսնացած քրիստոնյաները միևնույն ժամանակ չպետք է մոռանան 1 Կորնթացիներ 7։3-5-ում գրված խորհուրդը։
b Թեև աստվածաշնչյան այս համարում «երեխաներ» բառը վերաբերում է քրիստոնյա աշակերտներին, սակայն ծնողները ունեն այն նույն զգացումները, որոնք արտահայտեց Հովհաննեսը։