ԱՊՐԻԼԻ 20-26, 2026
ԵՐԳ 49 Ուրախացնենք Եհովայի սիրտը
Փոփոխություններ արա, որ մկրտվես
«Հիմա՛ է այդ բարեհաճության ժամանակը» (2 ԿՈՐՆԹ. 6։2)։
ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ
Հիմա՛ է Եհովայի մտերիմ ընկերը դառնալու և մկրտվելու ժամանակը։
1. ա) Որո՞նք են օգուտներից մի քանիսը, որ ստանում ենք մկրտվելուց հետո։ բ) Ի՞նչ ենք ուսումնասիրելու այս հոդվածում։
ՆՎԻՐՎԵ՞Լ ԵՍ Եհովային և քո նվիրումը ցո՞ւյց ես տվել՝ ջրում մկրտվելով։ Եթե՝ այո, այդպիսով խնդրել ես նրան, որ ների մեղքերդ և մաքուր խիղճ տա քեզ (1 Պետ. 3։21)։ Այդ քայլն անելով՝ լավ օրինակ ես եղել երիտասարդների ու նրանց համար, ովքեր դեռ մկրտված չեն։ Դու հրաշալի որոշում ես կայացրել։ Իսկ եթե դեռ մկրտված չես, անկասկած սիրում ես Եհովային և ուզում ես նրա կամքը կատարել։ Դու գիտես, որ մեղքերի ներում ստանալու և Եհովայի հավանությանը արժանանալու համար մկրտվելը կարևոր պայման է (Գործ. 2։38-40)։ Սակայն գուցե քեզ համար դեռևս դժվար է այդ քայլն անել։ Ի՞նչը կօգնի քեզ։ Այս հոդվածից կտեսնենք, թե 1) ինչու են ոմանք վարանում մկրտվել, 2) ինչու է խելամիտ միշտ հիշել, որ վերջը մոտ է, և 3) ինչ օգուտ կստանաս, եթե առանց հապաղելու քայլեր անես մկրտվելու համար։
ԻՆՉՈՒ ԵՆ ՈՄԱՆՔ ՎԱՐԱՆՈՒՄ ՄԿՐՏՎԵԼ
2. Ինչո՞ւ են ոմանք վարանում մկրտվել։
2 Ոմանք վարանում են մկրտվել, քանի որ վախեր ունեն։ Թեև նրանք ուզում են ծառայել Եհովային, բայց վախենում են, որ երբեք չեն կարողանա նրան հաճելի մարդ դառնալ։ Եթե դու էլ նման զգացում ունես, կարդա աստվածաշնչյան այն համարները, որոնցում ընդգծվում է, որ Եհովան կատարելություն չի պահանջում իր ծառաներից, և երբ քո լավագույնն ես անում, նա ուրախանում է (Սաղ. 103։13, 14; Կող. 3։23)։ Իսկ եթե վախենում ես հակառակությունից, խնդրիր Եհովային քեզ լցնել այն նույն համոզվածությամբ, որ սաղմոսերգուն ուներ։ Նա գրեց. «Եհովան իմ կողքին է, ես չեմ վախենա։ Մարդն ի՞նչ կարող է ինձ անել» (Սաղ. 118։6)։
3. Է՞լ ինչը գուցե ոմանց հետ պահի մկրտվելուց (տես նաև նկարը)։
3 Եհովային սիրող որոշ անհատներ հապաղում են մկրտվել, քանի որ մտածում են, թե բավարար գիտելիքներ չունեն։ Բայց իրականում որքա՞ն գիտելիք է անհրաժեշտ մկրտվելու համար։ Քննենք աստվածաշնչյան մի օրինակ։ Մի գիշեր Եհովան երկրաշարժի միջոցով ցնցեց այն բանտը, որտեղ բանտարկված էին Պողոս առաքյալն ու Շիղան։ Դրանից հետո նրանք քարոզեցին բանտապահին ու նրա տնեցիներին։ Բանտապահն ու նրա տնեցիները ըստ ամենայնի հասկացան, թե ով էր կանգնած այդ հրաշքի հետևում։ Բացի այդ՝ նրանք կարևոր բաներ սովորեցին այդ գիշեր, ինչի արդյունքում «առանց հապաղելու մկրտվեցին» (Գործ. 16։25-33)։ Եթե գիտելիքներ ունես Եհովայի մասին, ողջ սրտով սիրում ես նրան, հասկանում ես աստվածաշնչյան հիմնական ուսմունքները, զղջացել ես մեղքերիդ համար և վճռել ես ապրել նրա սահմանած չափանիշներով, ուրեմն պատրաստ ես մկրտվելու (Մարկ. 12։30)։
Պողոսն ու Շիղան քարոզեցին բանտապահին ու նրա տնեցիներին, ինչի արդյունքում նրանք «առանց հապաղելու մկրտվեցին» (տես պարբերություն 3)
4. Ինչի՞ վրա կենտրոնանալն է ոմանց խանգարում մկրտվել (տես նաև նկարը)։
4 Աստծուն հաճեցնել ցանկացող որոշ մարդիկ ավելի շատ կենտրոնանում են այն բանի վրա, թե ինչ գնով դա պետք է անեն։ Ինչ խոսք, ցանկացած որոշում կայացնելիս կարևոր է հաշվի առնել, թե այն ինչպես կազդի մեր կյանքի վրա (Ղուկ. 14։27-30)։ Ոմանք, սակայն, անհանգստանում են այն մասին, թե ինչ զոհողություններ պիտի անեն Աստծուն ծառայելու համար։ Քենդես անունով մի քույր, ով մեծացել է Վկաների ընտանիքում, նույն զգացումներն ունեցավ, երբ չափահաս տարիքում Աստվածաշունչ ուսումնասիրելու առաջարկ ստացավ։ Նա պատմում է. «Ես գիտեի, թե ինչ պետք է անեի Եհովայի համար, բայց իմ մեջ մի բան ինձ հետ էր պահում, որովհետև ինձ դուր էր գալիս իմ ապրելակերպը, թեև հասկանում էի, որ այն հաճելի չէր Եհովային։ Գիտեի, որ դժվար կլինի հրաժարվել այդ ամենից»։ Որոշ անհատներ մտահոգվում են՝ մտածելով, որ երբեք չեն կարողանա համապատասխանել Եհովայի սահմանած բարձր չափանիշներին, ինչը նա ակնկալում է իր մկրտված ծառաներից։ Նրանք վախենում են, որ մկրտվելուց հետո լուրջ մեղք կգործեն և կհեռացվեն ժողովից։ Ի՞նչ կարող ես անել, եթե նման մտահոգությունները քեզ էլ են խանգարում մկրտվել։
Աստծուն հաճեցնել ցանկացող որոշ մարդիկ անհանգստանում են այն մասին, թե ինչ զոհողություններ պիտի անեն նրան ծառայելու համար (տես պարբերություն 4)
5. Եթե վարանում ենք մկրտվել, ինչի՞ վրա պիտի կենտրոնանանք (Մատթեոս 13։44-46)։
5 Երբ ուզում ենք ինչ-որ բան գնել, հաշվի ենք առնում ոչ միայն դրա գինը, այլև, թե որքան կարևոր է այն մեզ համար։ Եթե ապրանքի կարևորությունն ավելի մեծ է, քան դրա գինը, ըստ ամենայնի առանց վարանելու կգնենք այն։ Նմանապես՝ երբ մտածում ենք մկրտվելու մասին, պետք է կենտրոնանանք ոչ միայն գնի վրա, որը վճարելու ենք, այսինքն՝ այն փոփոխությունների, որ պետք է անենք, այլև այն բանի, թե որքան կարևոր է Եհովայի հետ լավ հարաբերություններ ունենալը։ Հիսուսը երկու առակի միջոցով ընդգծեց այս միտքը (կարդա Մատթեոս 13։44-46)։ Երկուսում էլ մի մարդ ուրախությամբ վաճառում է ողջ ունեցվածքը, որպեսզի գնի իր գտած արժեքավոր իրը։ Դու էլ ես արժեքավոր բան գտել՝ Աստծու թագավորության մասին ճշմարտությունը։ Եթե մտածում ես, թե արդյոք արժե ջանք անել այդ ճշմարտության համաձայն ապրելու համար, խորհիր Հիսուսի պատմած առակների շուրջ։ Հարցրու ինքդ քեզ. «Համոզվա՞ծ եմ, որ իմ գտածը շատ արժեքավոր է։ Բա՞րձր եմ գնահատում Եհովայի հետ ունեցած իմ հարաբերությունները, նրա տված հույսը և սիրառատ հավատակիցներիս»։ Այս հարցերին պատասխանելը կօգնի քեզ երախտագիտություն զարգացնել ճշմարտության հանդեպ և հասկանալ, թե ինչն է քեզ հետ պահում մկրտվելուց։
6. Ի՞նչը կօգնի սրտի ճիշտ տրամադրվածություն ունենալ։
6 Սերմնացանի առակում Հիսուսը խոսեց սրտի մի քանի վիճակների մասին, որոնք կարող են խանգարել մարդկանց հոգևորապես առաջադիմել։ Հիսուսը նաև ցույց տվեց, որ ոմանք Թագավորության մասին լուրը լսելու էին «լավ ու անկեղծ սրտով» և դրական էին արձագանքելու դրան (Ղուկ. 8։5-15)։ Եթե անհանգստանում ես, որ սիրտդ երկատված է, մի հանձնվիր. Աստծու օգնությամբ կարող ես «նոր սիրտ.... ձեռք բերել», սիրտ, որը կմղի քեզ հնազանդվել նրան։ Աղոթքով խնդրիր Եհովային, որ օգնի քեզ սիրտդ «փափուկ հող» դարձնել, որում ճշմարտությունը կփթթի (Եզեկ. 18։31; 36։26)։
7-8. Ի՞նչն է որոշ երիտասարդների հետ պահում առաջադիմելուց ու մկրտվելուց (տես նաև նկարը)։
7 Եհովային սիրող որոշ երիտասարդներ մկրտվելու համար անհրաժեշտ փոփոխություններ չեն անում ուրիշների ազդեցության պատճառով։ Օրինակ՝ որոշ ուսուցիչներ գուցե աշակերտներին խորհուրդ տան ազատամտորեն վերաբերվել բարոյական չափանիշներին, նույնիսկ եթե դրանք ոտնահարում են Աստծու սահմանած սկզբունքները։ Բայց նման խորհրդի հետևելը կարող է աղետալի լինել (Սաղ. 1։1, 2; Առակ. 7։1-5)։ Այդպիսի վտանգից խուսափելու համար հետևիր սաղմոսերգուի օրինակին, ով Եհովային ասաց. «Բոլոր ուսուցիչներիցս ավելի խորաթափանց եմ, որովհետև քո հիշեցումների մասին եմ խորհում» (Սաղ. 119։99)։
8 Ըստ տեղեկությունների՝ որոշ Վկա ծնողներ հետ են պահում իրենց երեխաներին մկրտվելուց։ Նրանք ցանկանում են, որ երեխաները կենտրոնանան կրթություն ստանալու և կարիերա ստեղծելու վրա, կամ էլ պարզապես չեն օգնում նրանց հոգևոր նպատակներ դնել։ Ի՞նչ կարող ես անել, եթե դու էլ ես զգում, որ ծնողներդ բավականաչափ չեն աջակցում քեզ, որ հոգևոր առաջընթաց ունենաս։ Ազատ խոսիր նրանց հետ այդ մասին։ Վստահ եղիր, որ տարիքը չի կարող խոչընդոտ լինել Եհովայի հետ մտերիմ հարաբերություններ հաստատելու համար (Առակ. 20։11)։
Մկրտության մասին անկաշկանդ խոսիր ծնողներիդ հետ (տես պարբերություն 8)
9. Ոմանք թերևս ինչո՞ւ են հետաձգում մկրտվելը։
9 Ոմանք արդեն համապատասխանում են մկրտության համար սահմանված պահանջներին, սակայն չեն անում այդ քայլը, քանի որ ընկերը կամ մեկ այլ մտերիմ անհատ խնդրել է սպասել, որպեսզի նույն օրը մկրտվեն։ Իհարկե, դու կարող ես քեզ համար թանկ մարդկանց հետ նույն օրը մկրտվել։ Սակայն դրա պատճառով չպետք է հետաձգես մկրտվելը։ Հիշիր. Աստծուն նվիրվելը անձնական խոստում է։ Քո մկրտությունը չպետք է կախված լինի ուրիշներից (Հռոմ. 14։12)։
ԻՆՉՈՒ Է ԽԵԼԱՄԻՏ ՄԻՇՏ ՀԻՇԵԼ, ՈՐ ՎԵՐՋԸ ՄՈՏ Է
10. Ինչո՞ւ գուցե ոմանք հոգևորապես առաջադիմելու համար անհրաժեշտ փոփոխություններ չանեն։
10 Վերոնշյալ պատճառներից բացի՝ ոմանք գուցե չանեն հոգևորապես առաջադիմելու համար անհրաժեշտ բոլոր փոփոխությունները՝ մտածելով, թե վերջին դեռ շատ ժամանակ կա։ Բայց արդյոք խելամի՞տ է այդպես մտածել։ Հիսուսը իր աշակերտներին նախազգուշացրեց. «Պատրաստ եղեք, որովհետև մարդու Որդին կգա այն ժամանակ, երբ ձեր կարծիքով՝ հավանական չէ» (Ղուկ. 12։40)։
11. Համաձայն Սաղմոս 119։60-ի՝ ինչպե՞ս ենք սկսում վերաբերվել Եհովայի պատվիրաններին, երբ ճանաչում ենք նրան։
11 Եհովայի հանդեպ մեր նվիրվածությունը պետք է սիրուց բխի։ Որքան լավ ենք ճանաչում մեր սիրառատ Աստծուն, այնքան ավելի շատ ենք սիրում նրա պատվիրաններն ու անմիջապես մղվում պահելու դրանք (կարդա Սաղմոս 119։60)։ Հակոբոս աշակերտը Եհովայի պատվիրաններին անհետաձգելիորեն հնազանդվելու ևս մեկ կարևոր պատճառ նշեց։ Մեզնից ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի վաղը։ Հիմա է ժամանակը ճիշտն անելու և վարվելու մեր իմացածի համաձայն, քանի որ վաղը գուցե ուշ լինի (Հակ. 4։13-17)։
12. Ի՞նչ կարող ենք սովորել խաղողի այգու մասին Հիսուսի պատմած առակից։
12 Խորհիր խաղողի այգու մասին Հիսուսի պատմած առակի շուրջ։ Նա ասաց, որ ոմանք ընդամենը մեկ ժամ աշխատելով՝ ստացան նույն աշխատավարձը, ինչ ամբողջ օրը աշխատածները։ Սակայն ուշադրություն դարձնենք, թե ինչու մեկ ժամ աշխատածները ավելի շուտ չէին սկսել գործը։ Նրանք ասացին. «Որովհետև ոչ ոք չի վարձել մեզ»։ Այդ աշխատողները չէին խուսափել ողջ օրը աշխատելուց, նրանց պարզապես չէին վարձել։ Երբ նրանց կանչեցին աշխատելու, նրանք անմիջապես գործի անցան (Մատթ. 20։1-16)։ Այսօր Հիսուսը հրավիրում է մեզ լինելու իր աշակերտը և մասնակցելու քարոզչական գործին։ Այդ հրավերը լսելուն պես մենք պետք է ընդունենք այն։
13. Ի՞նչ դաս կարող ենք քաղել՝ քննելով Ղովտի կնոջ օրինակը։
13 Ովքեր հապաղում են փոփոխություններ անել հոգևորապես առաջադիմելու համար, գուցե հասկանան, որ Աստծուն հաճեցնելու համար վերջին րոպեին քայլեր անելը շատ դժվար է։ Հիսուսը գիտեր դա, ուստի իր աշակերտներին հետևյալ նախազգուշացումը տվեց. «Հիշեք Ղովտի կնոջը» (Ղուկ. 17։31-35)։ Ղովտի կինը լավ հասկանում էր, որ Սոդոմի ու Գոմորի նկատմամբ Աստծու դատաստանն անխուսափելի է, այնուամենայնիվ, թվում է՝ նա պատրաստ չէր հրաժարվել հետևում թողած բաների հանդեպ իր կապվածությունից (Ծննդ. 19։23-26)։ Նրա օրինակը հիշեցնում է մեզ, որ փրկության դուռը հավերժ բաց չի մնալու։ Աստծու նշանակած ժամանակ այդ դուռը կփակվի և առհավետ կկողպվի (Ղուկ. 13։24, 25)։
14. Ինչո՞ւ պետք է ուշադրություն դարձնենք վերջի վերաբերյալ աստվածաշնչյան մարգարեությունների կատարմանը։
14 Ամեն օր աշխարհում կատարվող իրադարձությունները փաստում են, որ աշխարհի վերջի վերաբերյալ աստվածաշնչյան մարգարեությունները իրականանում են։ Նույնիսկ եթե այդ իրադարձությունները ուղղակիորեն քեզ չեն առնչվում, տեսնելով, թե տարբեր վայրերում ինչ է կատարվում՝ թերևս հրատապության զգացումով լցվես և ձգտես մկրտվել։ Տեսնենք, թե առաջին դարում Պետրոսն ինչ ասաց որոշ քրիստոնյաների։ Նա նախազգուշացրեց, որ լինեն «ողջամիտ», կամ՝ «զգոն», քանի որ «ամեն ինչի վերջը մոտեցել էր» (1 Պետ. 4։7; ծնթ.)։ «Վերջը» ակներևաբար վերաբերում էր հրեական համակարգի կործանմանը։ Ում որ Պետրոսը ուղղեց այս խոսքերը, Երուսաղեմից հեռու էին ապրում, ուստի այդ քաղաքի կործանումը անմիջականորեն նրանց չէր առնչվելու (1 Պետ. 1։1)։ Սակայն երբ նրանք տեսան այդ մարգարեության կատարումը, Եհովայի մյուս խոստումների հանդեպ նրանց վստահությունն ըստ ամենայնի էլ ավելի մեծացավ։ Նմանապես՝ երբ տեսնես, թե ինչպես են կատարվում մոտալուտ վերջի վերաբերյալ մարգարեությունները, դա կմղի քեզ անհրաժեշտ փոփոխություններ անել մկրտվելու համար։
15. Ինչպե՞ս կարող ենք պատրաստ լինել Եհովայի օրվան (2 Պետրոս 3։10-13)։
15 Աստծու ներշնչմամբ գրված իր երկրորդ նամակում Պետրոսը բացատրեց, թե ինչպես կարող ենք պատրաստ լինել Եհովայի դատաստանի օրվան։ Առաջին դարում ապրող քրիստոնյաների համար այդ օրը հեռավոր ապագայում էր լինելու, սակայն Պետրոսը նրանց հորդորեց «մտքում վառ պահել», կամ՝ «փափագել» այն (կարդա 2 Պետրոս 3։10-13; ծնթ.)։ Այդ օրը մտքում վառ կպահենք, եթե պատրաստ լինենք դրան և փափագենք, որ այն գա։ Մեր փափագը կերևա, եթե «սուրբ վարք ունենանք և աստվածանվեր գործեր անենք»։ Մտածիր, թե Եհովայի համար որքան հաճելի կլինի տեսնել քո «աստվածանվեր գործերը»։ Նա անկասկած կուրախանա, երբ քո կյանքը նվիրես նրան ու մկրտվես։
ՀԻՄԱ ԳՈՐԾԵԼՈՒ ՕԳՈՒՏՆԵՐԸ
16. Ե՞րբ է մկրտվելու համար փոփոխություններ անելու լավագույն ժամանակը (2 Կորնթացիներ 6։1, 2; տես նաև նկարները)։
16 Մկրտվելու համար փոփոխություններ անելու լավագույն ժամանակը հիմա է (կարդա 2 Կորնթացիներ 6։1, 2)։ Փիլիպոսին հանդիպած եթովպացի պալատականը գիտակցում էր անհապաղ գործելու կարևորությունը։ Երբ նա լսեց բարի լուրը և հնարավորություն ունեցավ մկրտվելու, չմտածեց. «Նախ կուզեի ավելին իմանալ բարի լուրի մասին։ Հաստատ ճանապարհին էլի ջրի կհանդիպենք»։ Փոխարենը նա Փիլիպոսին ասաց. «Ահա և ջուր, ի՞նչն է ինձ խանգարում մկրտվել» (Գործ. 8։26, 27, 35-39)։ Մկրտվելուց հետո պալատականը «ուրախ շարունակեց իր ճանապարհը»։ Ի՜նչ հրաշալի օրինակ է նա մեզ համար։
Եթովպացի պալատականից կարևոր դասեր ենք սովորում. մկրտվելու համար փոփոխություններ անելու լավագույն ժամանակը հիմա է (տես պարբերություն 16)a
17. Ինչո՞ւմ կարող ենք համոզված լինել։
17 Եթե հապաղում ես մկրտվել, համոզված եղիր, որ Եհովան պատրաստ է օգնելու քեզ, որ իր հետ լավ հարաբերություններ ունենաս (Հռոմ. 2։4)։ Նա կարող է օգնել, որ հաղթահարես ցանկացած վախ և մտահոգություն, ինչպես նաև մկրտությանդ ճանապարհին ծառացած յուրաքանչյուր խոչընդոտ։ Երբ մկրտվելով մաքուր խիղճ ձեռք բերես Աստծու առաջ, ըստ ամենայնի կհասկանաս, որ «հետևում եղած բաները» այլևս կարևոր չեն քեզ համար (Փիլիպ. 3։8, 13)։ Այդ ժամանակ անձկությամբ կսպասես «առջևում եղածներին»՝ Եհովայի խոստումների կատարմանը, որոնք նա տվել է նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրել են իրեն ու մկրտվել (Գործ. 3։19)։
ԵՐԳ 38 Աստված քեզ կզորացնի
a ՆԿԱՐ։ Ինչպես որ եթովպացի պալատականը Փիլիպոսին ասաց, որ ուզում է մկրտվել, այնպես էլ Աստվածաշունչ ուսումնասիրողն է մոտենում երեցներին, որ հայտնի մկրտվելու իր ցանկության մասին։