ԱՊՐԻԼԻ 13-19, 2026
ԵՐԳ 52 Քրիստոնեական նվիրում
Մկրտության նշանակությունը
«Մարդկանց օգնեք աշակերտներ դառնալ՝ նրանց մկրտելով» (ՄԱՏԹ. 28։19)։
ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ
Մկրտության նշանակությունը, կարևորությունը, և թե ինչ է այն ներառում։
1. Ի՞նչն է ցույց տալիս, որ մկրտությունը աստվածաշնչյան հիմնարար ուսմունք է։
ՈՐՔԱ՜Ն ԵՆՔ ուրախանում, երբ նոր մարդիկ են մկրտվում։ Այդպիսի ուրախություն տիրել է քրիստոնեական ժողովի առաջին իսկ հանդիպման ժամանակ։ Այդ հանդիպմանը տեղի ունեցավ մկրտություն և հնչեց ելույթ, որում բացատրվում էր մկրտության մասին հիմնարար ուսմունքը (Գործ. 2։38, 40, 41)։ Պողոս առաքյալը գրեց, որ «Քրիստոսի մասին տարրական ուսմունքները» ներառում են «մկրտությունները» (Եբր. 6։1, 2)։ Թեև մկրտությունը գուցե տարրական ուսմունք թվա, բայց այն հարկավոր է խորությամբ հասկանալ։ Տեսնենք, թե ինչու։
2. Ինչո՞ւ պետք է խորությամբ հասկանանք մկրտության իմաստը։
2 Ճիշտ ինչպես ամուր տուն ունենալու համար հարկավոր է լավ հիմք գցել, այնպես էլ ամուր հավատ ունենալու համար հարկավոր է խորությամբ հասկանալ մկրտության ուսմունքը։ Սա կարևոր է թե՛ նրանց համար, ովքեր մկրտության ճանապարհին են, թե՛ նրանց, ովքեր երկար տարիներ է, ինչ մկրտված են։ Ուստի այս հոդվածից կիմանանք հետևյալ երեք հարցերի պատասխանները. «Ո՞րն է մկրտության նշանակությունը, ի՞նչ է ներառում մկրտությունը, և ինչո՞ւ ենք մկրտվում Հոր, Որդու և սուրբ ոգու անունով»։
ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
3. Ի՞նչ է մկրտությունը խորհրդանշում։
3 Մկրտվելով՝ հանրորեն ցույց ենք տալիս, որ ընդունել ենք Եհովա Աստծու և Հիսուս Քրիստոսի մասին ճշմարտությունը, զղջացել ենք մեր մեղքերի համար, փոփոխություններ ենք արել կյանքում, ընդունել ենք Հիսուսին որպես Եհովայի կողմից տրված փրկության միջոցի և մեր աղոթքում Աստծուն հայտնել ենք մեր անկեղծ ցանկությունը կատարելու նրա կամքը՝ համագործակցելով նրա կազմակերպության հետ։ Խոստում տալով, այսինքն՝ նվիրվելով, և ապա մկրտվելով՝ ոտք ենք դնում հավիտենական կյանք տանող ճանապարհի վրա։
4. Ամբողջությամբ ջրում ընկղմվելը ի՞նչ է խորհրդանշում (տես նաև նկարը)։
4 Մկրտվելիս ամբողջությամբ ընկղմվում ենք ջրում և հետո դուրս գալիս դրանից,a ասես թաղվում ենք և ապա հարություն առնում (համեմատիր Կողոսացիներ 2։12)։ Ինչո՞ւ է սա լավ համեմատություն. երբ ընկղմվում ենք ջրի մեջ, ցույց ենք տալիս որ վերջ ենք դրել մեր նախկին ապրելակերպին, իսկ երբ ջրից դուրս ենք գալիս, ցույց ենք տալիս, որ նոր կյանք ենք սկսել, որը պտտվում է Եհովայի կամքը կատարելու շուրջը։ Այսպիսով՝ մկրտությունը վկայում է, որ զգալի փոփոխություններ ենք արել մեր կյանքում։
Երբ մկրտվում ենք, վերջ ենք դնում մեր հին ապրելակերպին և նոր կյանք ենք սկսում՝ այդուհետ կատարելով Աստծու կամքը (տես պարբերություն 4)
5. Մկրտությանը պատրաստվելու համար ներդրած ջանքերդ ինչո՞ւ կարելի է համեմատել Նոյի տապանի կառուցման աշխատանքների հետ (1 Պետրոս 3։18-21)։
5 Կարդա 1 Պետրոս 3։18-21։ Ինչ-որ առումով մկրտությանը պատրաստվելու համար գործադրած ջանքերը կարելի է համեմատել Նոյի տապանի կառուցման աշխատանքների հետ։ Եթե նոր ես սկսել սովորել Եհովայի մասին, գուցե այն, ինչ պետք է անես, դժվար թվա, թերևս նույնիսկ Նոյի տապանի կառուցման աշխատանքների չափ ծանր։ Իսկ կարևո՞ր է այդքան ջանք անել։ Նոյի համար դա անշուշտ կարևոր էր։ Աստված ինքն էր նախագծել տապանը, և Նոյը պետք է ճիշտ այդ նախագծով կառուցեր այն, որպեսզի Ջրհեղեղի ժամանակ չկորցներ կյանքը։ Իր հավատի, հնազանդության և Աստծու աջակցության շնորհիվ Նոյը կարողացավ ավարտին հասցնել նախագիծը։ Նոյի նման դու էլ կարող ես «ամեն ինչ անել այնպես, ինչպես Աստված պատվիրել է» (Ծննդ. 6։22)։
6. Մկրտությունը ի՞նչ իմաստով կարող է փրկել մեզ։
6 21-րդ համարում կարդում ենք Պետրոս առաքյալի խոսքերը, ով ասաց, որ մկրտությունը «փրկում» է։ Ինչ խոսք, ջրի մեջ ընկղմվելու այդ պարզ գործողությունը չէ, որ փրկում է մեզ կամ լվանում-մաքրում մեզ մեղքերից։ Միայն Հիսուսի արյունը կարող է մաքրել մեզ մեղքերից (1 Հովհ. 1։7)։ Սակայն մկրտվելը անչափ կարևոր է, քանի որ դա Եհովայի պատվերներից մեկն է և «մաքուր խիղճ ունենալու համար Աստծուն ուղղված խնդրանք է»։ Եհովան հաճույքով կկատարի այդ խնդրանքը։ Ահա թե ինչ իմաստով է մկրտությունը «փրկում» մեզ, կամ՝ տանում փրկության։
ԻՆՉ Է ՆԵՐԱՌՈՒՄ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆԸ
7. Ի՞նչ է տեղի ունենում մկրտության ժամանակ։
7 Ամբողջությամբ ընկղմվելու պահանջից բացի՝ Աստվածաշունչը շատ մանրամասներ չի ասում մկրտության մասին։ Այնուամենայնիվ, Աստծու Խոսքից իմանում ենք, թե ինչն է տեղին մկրտության ժամանակ։ Աստվածաշնչյան սկզբունքները մկրտության թեկնածուներին օգնում են հասկանալու, թե ինչ հագնեն, իսկ ներկաներին՝ ինչպես դրսևորեն իրենց (1 Կորնթ. 14։40; 1 Տիմոթ. 2։9)։ Այսօր սովորաբար երեցներն են մկրտում, և մենք հատուկ ուշադրության չենք արժանացնում նրանց, ովքեր կատարում են այդ հանձնարարությունը (1 Կորնթ. 1։14, 15)։ Մկրտությունը վավեր է համարվում՝ անկախ նրանից՝ ներկաների թիվը մեծ է, թե ոչ (Գործ. 8։36)։
8. Ի՞նչ հարցեր են տրվում մկրտության թեկնածուներին և ինչո՞ւ (Գործեր 2։38-42; տես նաև նկարը)։
8 Աստվածաշնչից իմանում ենք, որ պետք է «հրապարակորեն հռչակենք»՝ արտահայտենք մեր հավատը՝ «փրկվելու համար» (Հռոմ. 10։9, 10)։ Որքա՜ն տեղին է, որ մկրտվելիս անում ենք փրկության համար այս կենսական բանը։ Դա է պատճառը, որ մկրտության թեկնածուներին երկու հարց է տրվում։ Առաջին՝ «Զղջացե՞լ ես մեղքերիդ համար, նվիրվե՞լ ես Եհովային և ընդունո՞ւմ ես, որ նա Հիսուս Քրիստոսի միջոցով է փրկություն շնորհում»։ Այս հարցը կենտրոնանում է այն բանի վրա, թե մարդը որքանով է պատրաստ մկրտության, և նման է Պենտեկոստեի օրը Պետրոսի տված հորդորին։ Երկրորդ՝ «Գիտակցո՞ւմ ես արդյոք, որ մկրտվելով՝ դառնում ես Եհովայի վկա և միանում ես Եհովայի կազմակերպությանը»։ Այս հարցը հիշեցնում է մեզ, որ պետք է ապրենք մեր նվիրման համաձայն՝ հետևելով Եհովայի կազմակերպության տրամադրած ցուցումներին և ուս-ուսի ծառայելով Նրան մեր հավատակիցների հետ, ճիշտ ինչպես առաջին դարի աշակերտներն էին անում (կարդա Գործեր 2։38-42)։ Նրանք, ովքեր սրտանց դրական պատասխան են տալիս այս երկու հարցերին, պատրաստ են մկրտության։
Մկրտության ժամանակ դու «հրապարակորեն հռչակում» ես՝ արտահայտում ես քո հավատը՝ «փրկվելու համար» (տես պարբերություն 8)d
9. Ի՞նչ քայլեր է հարկավոր ձեռնարկել Աստծու հավանությունը ստանալու համար։
9 Հնարավոր է՝ նախքան ճշմարտությունը իմանալը ձգտել ես ճիշտ ապրել և երբեք լուրջ մեղքեր չես գործել։ Կամ էլ մեծացել ես Վկաների ընտանիքում, ովքեր օգնել են քեզ սիրել Եհովային։ Կարիք կա՞, որ Աստծու հավանությունն ունենալու համար զղջաս և մկրտվես։ Այո՛, կա։ Անկախ նրանից, թե ինչ անցյալ ենք ունեցել, բոլորս պետք է ընդունենք, որ ի ծնե մեղավոր ենք, ինչի պատճառով օտարացել ենք Աստծուց (Սաղ. 51։5)։ Սակայն երբ սկսում ենք ճանաչել Եհովային, վճռում ենք ամեն բան անել նրա կամքի համաձայն։ Դա մղում է մեզ զղջալ մեր նախկին ապրելակերպի համար և դարձի գալ՝ այնպիսի կյանքով ապրել, որը հաճելի է մեր երկնային Հորը։ Դրանից հետո նոր մկրտվում ենք (Գործ. 3։19)։
10. Ի՞նչ պետք է անես, եթե նախքան ճշմարտությունը իմանալը եղել ես այլ կրոնի հետևորդ և մկրտվել։
10 Եթե նախկինում եղել ես այլ կրոնի հետևորդ և մկրտվել ես, միևնույն է, Եհովայի վկա դառնալու համար դու պետք է մկրտվես, քանի որ այն ժամանակ չգիտեիր ճշմարտությունը Եհովա Աստծու և Հիսուսի մասին։ Անգամ եթե աղոթել ես Աստծուն և ասել, որ նվիրվում ես նրան, դու խոստում ես տվել՝ լիովին չըմբռնելով նրա կամքը։ Նման բան էր եղել Եփեսոսում։ Որոշ աշակերտներ նախկինում մկրտվել էին առանց Քրիստոսի մասին ճշմարտությունը հասկանալու, ուստի նրանք նորից մկրտվեցին (Գործ. 19։1-5)։b Նմանապես այսօր՝ մկրտությունը վավեր է միայն այն դեպքում, եթե անհատը ճշգրիտ գիտելիքներ ունի Աստծու պահանջների մասին։
«ՀՈՐ, ՈՐԴՈՒ, ՍՈՒՐԲ ՈԳՈՒ ԱՆՈՒՆՈՎ»
11. Ի՞նչ է նշանակում մկրտվել «Հոր, Որդու, սուրբ ոգու անունով» (Մատթեոս 28։18-20)։
11 Հիսուսը պատվիրեց, որ նոր աշակերտները մկրտվեն «Հոր, Որդու, սուրբ ոգու անունով» (կարդա Մատթեոս 28։18-20)։ Ի՞նչ նկատի ուներ նա։ Աստվածաշնչում «անուն» բառը հաճախ մատնանշում է ինչ-որ մեկի համբավը։ Այն նաև կարող է վերաբերել այդ անունը կրողի դիրքին և իշխանությանը։ Ուստի երբ որևէ բան ենք անում ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի անունով, այդպիսով ընդունում ենք այդ անունը կրողի հեղինակությունը կամ տվյալ բանի դերը։ Տեսնենք, թե ինչպես կարող ենք ընդունել Հոր և Որդու դիրքն ու իշխանությունը, ինչպես նաև սուրբ ոգու դերը։
12. Ի՞նչ է ներառում Հոր անունով մկրտվելը (Հայտնություն 4։11; տես նաև նկարը)։
12 Հոր անունով։ Մենք ընդունում ենք, որ Եհովան մեր Երկնային Հայրն է՝ մեզ կյանք Տվողը։ Նա ամենակարող Աստվածն է, ամեն բանի Արարիչը (կարդա Հայտնություն 4։11)։ Մենք նաև ընդունում ենք, որ նա աղոթքներ Լսող է, և աղոթելիս կամ նրա մասին ուրիշների հետ խոսելիս նրա անունը գործածում ենք անկաշկանդ և հարգանքով (Սաղ. 65։2)։ Սակայն Հոր անունով մկրտվելը ավելին է ներառում։ Պենտեկոստեին Պետրոսի ունկնդիրները արդեն գիտեին Եհովայի մասին, սակայն այժմ նրանք պետք է ընդունեին, որ Եհովան հավիտենական փրկություն է տալիս միայն Հիսուս Քրիստոսի միջոցով (Հռոմ. 5։8)։
Մկրտությունից հետո շարունակիր ցույց տալ, որ ընդունում ես Հոր դիրքն ու իշխանությունը, ինչպես նաև Որդու դիրքն ու իշխանությունը և սուրբ ոգու դերը (տես պարբերություն 12)
13. Ի՞նչ է ներառում Որդու անունով մկրտվելը (տես նաև նկարը)։
13 Որդու անունով։ Մենք ընդունում ենք, որ Հիսուսը Աստծու միածին Որդին է։ Հիսուսն է «ճանապարհը». միայն նրա միջոցով կարող ենք լավ հարաբերություններ ունենալ Եհովայի հետ (Հովհ. 14։6)։ Հիսուսը նաև մեզ Փրկագնողն է, ով մահացավ, որ մենք կյանք ունենանք։ Ահա թե ինչու ենք մղվում ընդօրինակել նրան ոչ միայն մեր մկրտության օրը, այլև ամեն օր (1 Հովհ. 2։6)։ Ուստի Հիսուսի պես եռանդորեն քարոզում ենք և թույլ չենք տալիս, որ ինչ-որ բան հետ պահի մեզ դա անելուց (Ղուկ. 4։43)։ Աստծուն հավատարմորեն ծառայելու համար մենք անգամ պատրաստ ենք հալածանքներ կրել (2 Տիմոթ. 3։12)։ Մենք հարգում ենք Հիսուսի դերը՝ որպես «ժողովի գլխի», հետևաբար ուրախությամբ հնազանդվում ենք նրանց, ում նա հանձնարարել է ուղղորդել և հոգ տանել իր հետևորդներին (Եփես. 4։8, 11, 12; 5։23)։
Մկրտվելուց հետո շարունակիր ընդունել Որդու դիրքն ու իշխանությունը (տես պարբերություն 13)
14. ա) Ի՞նչ է ներառում սուրբ ոգու անունով մկրտվելը (տես նաև նկարը)։ բ) Ուրիշ ի՞նչ մկրտություններ կան օծյալ քրիստոնյաների պարագայում (տես «Ինչ մկրտություններ կան օծյալ քրիստոնյաների պարագայում» շրջանակը)։
14 Սուրբ ոգու անունով։ Մենք ընդունում ենք սուրբ ոգու մասին ճշմարտությունը. այն ո՛չ անձ է, ո՛չ էլ երրորդության մաս, այլ Աստծու գործուն ուժն է։ Մենք ընդունում ենք նաև, որ սուրբ ոգին ուղղորդել է մարգարեներին և Աստվածաշունչը գրողներին, ուստի կանոնավորաբար կարդում ենք այն և հետևում այնտեղ գրվածներին (2 Պետ. 1։20, 21)։ Մենք ձգտում ենք լուրջ մեղքեր չգործել, քանի որ նման վարքը խոչընդոտ կլինի, որ սուրբ ոգին գործի ոչ միայն մեր կյանքում, այլև ժողովում (Եփես. 4։30)։
Մկրտվելուց հետո շարունակիր ընդունել սուրբ ոգու դերը (տես պարբերություն 14)
15. Ի՞նչ պետք է վճռենք։
15 Եթե արդեն մկրտված ես, վճռիր լիովին հասկանալ «մկրտությունների»c մասին ուսմունքը և ապրել այն խոստման համաձայն, որ տվել ես Եհովային, երբ նվիրվել ես նրան և մկրտվել։ Իսկ եթե դեռ չես մկրտվել, ի՞նչն է քեզ հետ պահում։ Հաջորդ հոդվածից կիմանանք, թե ինչ փոփոխություններ է հարկավոր անել մկրտվելու համար։
ԵՐԳ 161 Կամքդ կատարելը իմ ուրախությունն է
a «Մկրտություն» թարգմանված հունարեն բապտիզմա բառը նշանակում է «ընկղմվել» կամ «սուզվել»։ Ուստի մկրտությունը վերաբերում է ջրի մեջ ամբողջությամբ ընկղմվելուն, ոչ թե պարզապես ջուրը ցողելուն, ինչը սովորեցնում են որոշ կրոններ։
b Եփեսոսում աշակերտներից ոմանք մկրտվել էին «Հովհաննեսի սովորեցրածի համաձայն» (Գործ. 19։3)։ Հովհաննես Մկրտիչը հորդորում էր հրեաներին զղջալ Մովսիսական օրենքի դեմ գործած մեղքերի համար, և ովքեր զղջում էին, նրանց մկրտում էր (Մարկ. 1։4, 5)։ Սակայն երբ Օրենքն իր ուժը կորցրեց, Հովհաննեսի քարոզած մկրտությունը անվավեր դարձավ։ Այդուհետ Աստված միայն «մեկ մկրտության» է հավանություն տալիս, որը տանում է փրկության (Եփես. 4։5)։
c jw.org կայքի և JW Library® հավելվածի «Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ» հոդվածաշարում տես «Ի՞նչ է մկրտությունը» հոդվածը։
d ՆԿԱՐ։ Համաժողովի ժամանակ մկրտության թեկնածուները հանրորեն արտահայտում են իրենց հավատը։