Փորձո՞ւմ ես ուսումնասիրություններ սկսել քեզ ծանոթ մարդկանց միջոցով
Եթե ներկայումս Աստվածաշնչի ուսումնասիրություն ես անցկացնում, կարող ես հարցնել ուսումնասիրողին, թե արդյոք նրա ընկերները, բարեկամները կամ ծանոթները կցանկանային իմանալ՝ ինչ է սովորեցնում Աստվածաշունչը։ Հաճախ ուսումնասիրողները որոշ հասցեներ են տալիս։ Ուսումնասիրողի թույլտվությամբ՝ դու կարող ես հիշատակել նրա անունը, երբ այցելում ես այդ անհատներին՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկելու համար։ Դու կարող ես ասել. «[Ուսումնասիրողի անունը] հաճույքով ուսումնասիրում է Աստվածաշունչը և կարծում է, որ դուք նույնպես կցանկանաք անվճար ուսումնասիրել Աստվածաշունչը»։ Այնուհետև համառոտ ցուցադրիր, թե ինչպես է անցկացվում ուսումնասիրությունը՝ օգտվելով «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքից։
Եթե Աստվածաշունչ ուսումնասիրողը առաջադիմություն է կատարում, կարող ես հորդորել նրան, որ պատմի իր ընկերներին և ընտանիքի անդամներին (նրանց, ում դա գուցե հետաքրքրի), թե ինչպես է անցկացվում ուսումնասիրությունը։ Նա կարող է հրավիրել նրանց ներկա լինելու ուսումնասիրությանը։ Կամ եթե հարմար չէ, նա կարող է այնպես անել, որ դուք հանդիպեք, և դու ցույց տաս, թե ինչպես է անցկացվում ուսումնասիրությունը։ Դա կքաջալերի ուսումնասիրողին, որ նա սկսի աստվածաշնչյան իր գիտելիքների մասին պատմել ուրիշներին։
Այն անհատները, որոնց կանոնավորաբար վերայցելում ես, գուցե նույնպես հասցեներ տան, նույնիսկ եթե իրենք դեռ կանոնավորաբար չեն ուսումնասիրում Աստվածաշունչը։ Երբ առաջարկես նրանց «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը, կարող ես պարզապես հարցնել. «Գիտե՞ք ինչ–որ մեկին, որը նույնպես կցանկանա ունենալ այս հրատարակությունից»։
Քանի որ հրատապ ժամանակներում ենք ապրում, ցանկանում ենք օգտագործել ամեն հնարավորություն, որ մարդկանց օգնենք լսելու և ընդունելու բարի լուրը։ Փորձո՞ւմ ես ուսումնասիրություն սկսել քեզ ծանոթ մարդկանց միջոցով։