Կարո՞ղ է ձեր երեխան հասուն որոշում կայացնել
1. Արյան գործածության առնչությամբ ի՞նչ հաստատուն դիրք են բռնել Վկա պատանիները։ Բերեք օրինակ։
1 Ո՞ր հարցում է անհրաժեշտ հասուն որոշում կայացնել։ Արյան փոխներարկման։ «Դիտարանի» 1991 թ. հունիսի 15–ի համարում տեղ գտած «Քայլեք ինչպես Եհովայից կրթվածներ» հոդվածում (անգլ., ռուս.) խոսվում է այն մասին, թե ինչպես են Եհովայի վկաների երեխաները հաստատուն դիրք բռնել՝ փաստելով, որ արյան վերաբերյալ Աստծու օրենքին հնազանդվելը կարևոր է ինչպես իրենց ծնողների, այնպես էլ իրենց համար։ Իսկ կկարողանա՞ ձեր երեխան նման դիրք բռնել։
2. Ո՞րն է օրենքը երեխաների բուժման վերաբերյալ, և ինչպե՞ս կարող են քրիստոնյա ծնողներն ու իրենց երեխաները հնազանդվել այդ օրենքին։
2 Ի՞նչ է ասում օրենքը։ Համաձայն որոշ երկրների օրենքների՝ չափահաս տարիքի քաղաքացին իրավունք ունի իր բուժման վերաբերյալ ինքնուրույն որոշում կայացնելու։ Մինչև նրա չափահաս դառնալը ծնողներն են այդպիսի որոշում կայացնում։ Պատանին պետք է հստակ պատկերացում ունենա իր առողջական վիճակի մասին և գիտակցի բուժման հետ կապված իր ընտրության հետևանքները։ Նա պետք է կարողանա պարզ և հաստատակամորեն արտահայտել իր կրոնական համոզմունքները՝ կապված արյան վերաբերյալ Աստծու տված օրենքի հետ։
3. Ո՞ր հարցերի շուրջ պետք է ծնողները լրջորեն խորհեն, և ինչո՞ւ։
3 Իսկ ի՞նչ կասի ձեր երեխան։ Կարողանո՞ւմ են ձեր երեխաներն արտահայտել իրենց տեսակետը այս հարցի վերաբերյալ։ Իրենց ողջ սրտով հավատո՞ւմ են, որ ‘արյունից հեռու կենալը’ Աստծու պատվերն է (Գործք 15։29; 21։25)։ Կարո՞ղ են իրենց համոզմունքները հիմնավորել Աստվածաշնչով։ Նույնիսկ եթե իրենց կողքին չլինեք, կկարողանա՞ն արդյոք խիզախորեն պաշտպանել արյան վերաբերյալ իրենց հաստատուն դիրքորոշումը, անգամ եթե բժիշկները հավաստիացնեն, որ նրանց կյանքը վտանգի տակ է։ Քանի որ «ժամանակ եւ դիպուած է պատահում ամենքին», ինչպե՞ս կարող եք օգնել ձեր երեխաներին, որ պատրաստ լինեն հաղթահարելու իրենց անարատությանն առնչվող ցանկացած անսպասելի փորձություն (Ժող. 9։11; Եփես. 6։4)։
4, 5. ա) Ի՞նչ պատասխանատվություն ունեն ծնողները և ինչպե՞ս կարող են այն կատարել։ բ) Ի՞նչ միջոցներ են նախատեսվել ծնողներին օգնելու համար։
4 Ծնողնե՛ր, ի՞նչ կարող եք անել։ Ձեր պատասխանատվությունն է՝ ձեր երեխաների մեջ արմատավորել Աստծու տեսակետը արյան վերաբերյալ (Բ Տիմոթ. 3։14, 15)։ Կարող եք օգտվել «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 1996 թ. փետրվարի համարից (էջ 6, պարբ. 29-36, ռուս.)։ Ձեր երեխաների հետ տարբեր իրադրություններ բեմականացրեք՝ օգնելով նրանց հմտանալ իրենց համոզմունքները հիմնավորելու հարցում (Ա Պետ. 3։15)։ Արյան հետ կապված տարբեր հարցեր քննարկվում են «Ինչպե՞ս կարող է արյունը փրկել ձեր կյանքը» գրքույկում և «Դիտարանի» 2004 թ. հունիսի 15–ի համարում (էջ 14–24)։ Բացի այդ, «Բուժում՝ առանց արյան փոխներարկման. հաշվի են առնվում հիվանդի կարիքներն ու իրավունքները» և «Արյուն՝ ոչ մի դեպքում. բժշկությունն ընդառաջում է» տեսաֆիլմերը, որոնք այժմ առկա են «Բուժման մեթոդներ՝ առանց արյան փոխներարկման. վավերագրական նյութեր» վերնագրով թվային տեսասկավառակի վրա, տալիս են համոզիչ տեղեկություններ այն մասին, թե որոնք են անարյուն բժշկության ու վիրաբուժության առավելությունները։ Արդյո՞ք ձեր ընտանիքը վերջերս դիտել և քննարկել է այս տեսաֆիլմերը։
5 Օգնեք ձեր երեխաներին, որ արյան առնչությամբ ‘քննեն, թե ինչ է Աստծու կամքը՝ բարին, հաճելին և կատարյալը’։ Այդ ժամանակ նրանք կկարողանան հասուն որոշում կայացնել, որն էլ կօրհնվի Եհովայի կողմից (Հռովմ. 12։2)։