Եղիր ջանասեր՝ ‘հիմնովին վկայություն տալով’
1, 2. Պողոսի՝ բարի լուրի քարոզչության նկատմամբ վերաբերմունքի մեջ ի՞նչն է քեզ տպավորում, և ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան ‘հիմնովին վկայություն տալու’ հարցում։
1 Հիսուսի և հնում ապրած ուրիշ հավատարիմ ծառաների պես, Պողոս առաքյալը բարի լուրի եռանդուն քարոզիչ էր, որը, անկախ հանգամանքներից, ‘հիմնովին վկայություն էր տալիս’ (ՆԱ)։ Նույնիսկ տնային կալանքի տակ գտնվելիս նա «ամեն իրան մօտ եկողներին ընդունում էր Աստուծոյ արքայութիւնը քարոզելով, եւ Տէր Յիսուս Քրիստոսի համար սովորեցնելով, անխափան ամեն համարձակութեամբ» (Գործք 28։16–31)։
2 Մենք նույնպես կարող ենք ջանասեր լինել՝ ամեն ժամանակ ‘հիմնովին վկայություն տալով’։ Վերջինիս մեջ մտնում է վկայելը այն մարդկանց, ում կհանդիպենք «Փառք տվեք Աստծուն» անվանումը կրող մարզային համաժողով գնալու և ետ վերադառնալու ճանապարհին կամ էլ երբ գտնվենք հյուրընկալող քաղաքում (Գործք 28։23; Սաղ. 145։10–13)։
3. Ինչպե՞ս կարող ենք խուսափել այն բանից, որ մեր ոչ պաշտոնական վկայությունը պարզապես պատահականորեն գործադրած ջանքերի արդյունք չլինի։
3 Ի՞նչ է ոչ պաշտոնական վկայությունը։ Ոչ պաշտոնական վկայությունը ինչ–որ մի բան չէ, որ տեղի է ունենում ուղղակի պատահականորեն կամ առանց մտադրության, ասես՝ այն նախօրոք պլանավորված չի եղել կամ սակավ կարևորություն ունի։ Այդպիսի նկարագրությունը իհարկե չի համապատասխանում մեր ծառայությանը։ Ինչպես Պողոս առաքյալի, այնպես էլ մեզ համար վկայություն տալով Աստծուն փառք բերելը կարևոր է, և մեր ցանկությունը պետք է լինի այս ամառ ճանապարհ գնալիս ամեն հարմար առիթի դեպքում վկայություն տալ։ Այնուամենայնիվ, մարդկանց մոտենալու մեր կերպը իրավամբ կարելի է նկարագրել ոչ պաշտոնական արտահայտությամբ, այն է՝ անկաշկանդ, ընկերական և անպաշտոն ձևով։ Այս մեթոդը լավ արդյունքներ կարող է բերել։
4. Ի՞նչը հնարավորություն տվեց Պողոսին իր բնակության վայրում վկայություն տալ։
4 Նախապատրաստվիր՝ վկայություն տալու։ Մինչ Պողոսը Հռոմում տնային կալանքի տակ էր գտնվում, նա աշխատում էր վկայություն տալու հնարավորություններ ստեղծել։ Նա նախաձեռնությունն իր վրա վերցրեց և իր տուն հրավիրեց տեղի հրեական առաջնորդներին (Գործք 28։17)։ Թեև Հռոմում քրիստոնեական ժողով կար, Պողոսը տեղեկացավ, որ այդ քաղաքի հրեական համայնքը քրիստոնեական հավատի մասին անձամբ քրիստոնյաներից տեղեկություններ չէր ստացել (Գործք 28։22; Հռովմ. 1։7)։ Նա չվարանեց Հիսուս Քրիստոսի և Աստծո Թագավորության մասին ‘հիմնովին վկայություն տալ’։
5, 6. Ոչ պաշտոնական վկայություն տալու ի՞նչ առիթներ թերևս ունենանք, և ինչպե՞ս կարող ենք նախապատրաստվել այն արդյունավետորեն կատարելու համար։
5 Խորհիր այն բոլոր մարդկանց մասին, ում հետ գուցե առիթ ունենաս զրուցելու ճանապարհորդության ընթացքում, և որոնք ընդամենը կցկտուր տեղեկություններ ունեն Եհովայի վկաների մասին։ Թերևս նրանք նույնիսկ չիմանան, որ մենք Աստվածաշնչի անվճար տնային ուսումնասիրություն ենք առաջարկում։ Բաց մի թողնիր վկայություն տալու հնարավորությունները, երբ հանդիպում ես մարդկանց համաժողով գնալու և վերադառնալու ճանապարհին, հանգստի նպատակով կանգ առնելիս, լցակայաններում գտնվելիս, գնումներ կատարելիս, հյուրանոցներում, ռեստորաններում հաց ուտելու ժամանակ, հասարակական տրանսպորտով երթևեկելիս և այլն։ Նախապես որոշիր, թե ինչ կարող ես ասել զրույց սկսելու և կարճ վկայություն տալու համար։ Թերևս մինչև համաժողով եղած ժամանակը կարող ես փորձ ձեռք բերել՝ ոչ պաշտոնական վկայություն տալով հարևաններիդ, բարեկամներիդ, աշխատակիցներիդ և մյուս ծանոթներիդ։
6 Անհրաժեշտ կլինի, որ քեզ մոտ որոշակի քանակությամբ հրատարակություններ ունենաս ոչ պաշտոնական վկայություն տալիս։ Իսկ որո՞նք։ Կարող ես օգտագործել «Կցանկանայի՞ք ավելին իմանալ Աստվածաշնչի մասին» թերթիկը։ Ուշադրություն հրավիրիր առաջին հինգ պարբերությունների վրա, որտեղ բերվում են զանազան պատճառներ, թե ինչու է հարկավոր կարդալ Աստվածաշունչը։ Ցույց տուր ետևի մասում գտնվող կտրոնը, որի միջոցով անհատը կարող է խնդրել, որ իր հետ Աստվածաշնչի անվճար տնային ուսումնասիրություն անցկացնեն։ Երբ անհատը արձագանքում է, առաջարկիր «Աստված պահանջում է» գրքույկը։ Եթե ակնկալում ես, որ կհանդիպես օտարախոս մարդկանց, քեզ հետ վերցրու «Բարի լուր բոլոր ազգերի համար» գրքույկը։ Այդ գրքույկի 2–րդ էջում բացատրվում է, թե ինչպես կարելի է այն կիրառել վկայություն տալու համար։ Ավտոմեքենայով ճանապարհորդելիս կարող ես վերցնել մի քանի այլ հրատարակություններ, որոնք հաճախակի են օգտագործվում՝ առաջարկելու այն անձանց, ովքեր իսկական հետաքրքրություն ցույց կտան Թագավորության պատգամի հանդեպ։
7, 8. Մեր արտաքին տեսքին ու վարքին վերաբերող ո՞ր նախազգուշացմանը պետք է ուշադրություն դարձնենք ճանապարհորդելիս և ազատ ժամանակ անցկացնելիս։
7 Ուշադրություն դարձրու արտաքին տեսքիդ և վարքիդ։ Մենք պետք է համոզվենք, որ մեր վարքը, ինչպես նաև հագուկապն ու արտաքին տեսքը առիթ չեն տա, որ մարդիկ սխալ տպավորություն կազմեն մեր մասին կամ Եհովայի կազմակերպության ‘դեմ խոսեն’ (Գործք 28։22)։ Այս ամենը վերաբերում է ոչ միայն համաժողով այցելելուն, այլ նաև ճանապարհորդելուն և ազատ ժամանակ անցկացնելուն։ «Դիտարանի» 2002 թ. օգոստոսի 1–ի համարում, 18–րդ էջի 14–րդ պարբերության մեջ նախազգուշացում էր տրվում. «Մեր հագուստը չպետք է լինի աչք ծակող, արտառոց ոճի կամ ցանկահարույց։ Մեր հագուստը պետք է արտացոլի մեր «աստուածապաշտութիւնը»։ Այո՛, խորհելու շատ բան կա։ Այստեղ հարցն այն չէ, որ միայն ժողովի հանդիպումներին [կամ համաժողովի մասերին ներկա լինելիս] պետք է պատշաճ տեսք ունենանք, իսկ ժողովից դուրս՝ ինչպես ուզենք։ Մեր արտաքինից պետք է միշտ երևա, որ մենք աստվածապաշտ մարդիկ ենք և ունենք պատվի զգացում, քանզի մենք քրիստոնյաներ և ծառայողներ ենք օրվա բոլոր 24 ժամերին» (Ա Տիմոթ. 2։9, 10)։
8 Մեր հագուստը պետք է լինի համեստ և արժանավայել։ Եթե մեր արտաքին տեսքն ու վարքը միշտ արտացոլում են Աստծո հանդեպ մեր հավատը, ապա երբեք չենք խուսափի ոչ պաշտոնական վկայություն տալուց լոկ այն պատճառով, որ մեր արտաքինը ծառայություն կատարողին վայել չէ (Ա Պետ. 3։15)։
9. Վկայություն տալու գործում ի՞նչ հաջողություններ ունեցավ Պողոսը Հռոմում։
9 Ոչ պաշտոնական վկայությունը պտղաբեր է։ Հռոմում տնային կալանքի տակ անցկացրած երկու տարիների ընթացքում Պողոսը տեսավ վկայություն տալու համար ներդրած իր ջանքերի լավ արդյունքները։ Ղուկասը տեղեկացնում է, որ «ոմանք հաւատացին ըսածներուն» (Գործք 28։24, Արևմտ. Աստ.)։ Պողոսն ինքը գնահատեց իր՝ ‘հիմնովին վկայություն տալու’ արդյունավետ լինելը, երբ գրեց. «Ինչ բան որ իմ մասին եղաւ, աւելի աւետարանի յառաջադիմութեան համար յաջողուեցաւ։ Մինչեւ որ իմ կապանքները Քրիստոսումը յայտնի եղան բոլոր պալատին եւ ուրիշ ամենին էլ. Եւ Տէրումը եղբայրներից շատերը իմ կապանքներովը քաջալերուած աւելի համարձակ եղան Աստուծոյ խօսքը առանց վախի խօսելու» (Փիլիպ. 1։12–14)։
10. Վկայություն տալու մեջ ի՞նչ հաջողության հասավ մի ամուսնական զույգ անցած ամառ։
10 Անցած ամառ մարզային համաժողովի օրերից մեկի վերջում ոչ պաշտոնական վկայություն տալիս մի ամուսնական զույգի հետ տեղի ունեցավ մի դեպք, որը լավ պտուղներ բերեց։ Նրանք զրուցեցին մի մատուցողուհու հետ, որին հետաքրքրել էր համաժողովի իրենց պլակետկաները։ Նրանք պատմեցին համաժողովի մասին, նաև թե ինչ հույս է տալիս Աստվածաշունչը մարդկության ապագայի վերաբերյալ։ Տվեցին «Կցանկանայի՞ք ավելին իմանալ Աստվածաշնչի մասին» թերթիկը և բացատրեցին, թե ինչ է իրենից ներկայացնում Աստվածաշնչի անվճար տնային ուսումնասիրությունը։ Այդ կինն ասաց, որ կցանկանար՝ որևէ մեկը այցելեր իրեն. նա թերթիկի ետևի մասում գրեց իր անունն ու հասցեն և խնդրեց զույգին պետք եղած միջոցները ձեռնարկել։ Ի՞նչ հաջողություններ կունենաս այս տարի, եթե ջանասիրաբար ‘հիմնովին վկայություն տաս’։
11. Ի՞նչ հատկություններ պետք է զարգացնենք մեր մեջ, որպեսզի տարածենք բարի լուրը այս ամառ՝ ‘հիմնովին վկայություն տալով’։
11 Հիմնովին տարածիր բարի լուրը։ Պատկերացրու, թե որքա՜ն էր ուրախացել Պողոսը, երբ իմացել էր, որ իր քրիստոնյա հավատակիցները հետևում են եռանդուն լինելու իր օրինակին։ Թող որ մեր կարողությունների սահմաններում անենք ամեն ինչ՝ բարի լուրը տարածելու համար՝ ոչ պաշտոնական վկայություն տալով Աստվածաշնչի վրա հիմնված մեր համոզմունքների մասին այս ամառվա մարզային համաժողովի օրերին։
[Շրջանակ 3–րդ էջի վրա]
Ոչ պաշտոնական վկայության համար անհրաժեշտ հրատարակություններ
■ «Կցանկանայի՞ք ավելին իմանալ Աստվածաշնչի մասին» (թերթիկ)
■ «Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից» (գրքույկ)
■ «Բարի լուր բոլոր ազգերի համար» (գրքույկ)
■ Ուրիշ հաճախակի գործածվող հրատարակություններ
[Շրջանակ 4–րդ էջի վրա]
Մի՛ մոռացիր նրանց
Ո՞ւմ։ Բոլոր հետաքրքրվող անձանց, ովքեր ներկա են եղել Քրիստոսի մահվան Հիշատակի երեկոյին կամ հատուկ հանրային ելույթին։ Հրավիրե՞լ ենք արդյոք նրանց՝ այցելելու այս տարվա մարզային համաժողովին։ Եթե բարեհամբույր կերպով քաջալերենք, հավանաբար նրանցից շատերը կայցելեն։ Երբ նրանք վայելեն այնտեղի կերտիչ ընկերակցությունը և քաջալերական հոգևոր ծրագիրը, ավելի կմոտենան Եհովային և նրա կազմակերպությանը։ Ինչո՞ւ չհրավիրել նրանց և տեսնել՝ կգա՞ն, թե՝ ոչ։ Նրանց տվեք բոլոր անհրաժեշտ մանրամասները՝ ներառյալ տեղեկություններ համաժողովի ամսաթվերի, անցկացման վայր հասնելու, համաժողովի յուրաքանչյուր մասը սկսվելու և ավարտվելու ժամերի վերաբերյալ, ինչպես նաև ծրագրի ընդհանուր ամփոփումը՝ զետեղված 2003 թ. հունիսի 8–ի «Արթնացե՛ք»–ի (ռուս.) վերջին էջում։