Թոշակի անցնելը ավելի մեծ գործունեության դո՞ւռ է բաց անում
1 Տքնաջան աշխատող շատ մարդիկ անհամբեր սպասում են այն ժամանակին, երբ թոշակի կանցնեն և կազատվեն աշխատանքի ծանրությունից ու ճնշումներից։ Սակայն շատ հաճախ թոշակի անցնելու արդյունքում մարդկանց պատում է ձանձրույթը, անտարբերությունը և տարիքի հետ ավելի ու ավելի են տկարանում մտային և ֆիզիկական առումով։ Իմաստալից զբաղմունքների բացակայության պատճառով նրանք գուցե իրենց միտքը ծանրաբեռնեն սեփական անձին վերաբերող մտահոգություններով։ Բրազիլական մի օրաթերթ ասում է, որ թոշակի անցած հասարակական ծառայողները գանգատվել են իրենց ունեցած խնդիրներից՝ սկսած ‘անբավարարվածության, զայրույթի, անապահովության և թերարժեքության զգացումներից, վերջացրած դեպրեսիայով և այնպիսի զգացումով, ասես իրենց աշխարհը փուլ է եկել’։
2 Դրան հակառակ՝ բազում քրիստոնյաներ իրենց կյանքի այս փուլը դիտում են որպես հոգևոր ավելի մեծ գործունեության համար բացված դուռ։ Մի եղբայր, որը 65 տարեկան դառնալուց անմիջապես երկու շաբաթ անց ռահվիրայություն էր սկսել, ասում է. «Իմ կյանքի ոչ մի ժամանակահատված երբեք լեցուն չի եղել այսքան առատ օրհնություններով, որքան ես զգացել եմ ռահվիրայության վերջին տասը տարիներին»։ Իսկ մի ամուսնական զույգ գրում է. «Մեր իսկական ոսկե տարիները սկսվեցին այն ժամանակ, երբ մենք ռահվիրայություն սկսեցինք»։ Ինչ խոսք, շատերի համար թոշակի անցնելը ծառայությունն ընդարձակելու և Եհովայից առատ օրհնություններ ստանալու ոսկե հնարավորությունների դուռ է բաց անում։
3 Շարունակիր մնալ զբաղված և պտուղներ բերել։ Թոշակի անցած մարդկանցից շատերը մեծացել են՝ չունենալով այն հարմարությունները, որ սովորական են մեր օրերում, և իրենց կյանքի վաղ տարիներից սովորել են տքնաջան աշխատել։ Թեև հնարավոր է արդեն չունեն երիտասարդության կորովը, այնուհանդերձ նրանք դեռևս արդյունավետ աշխատողներ են։ Մի մասնաճյուղի տարածքում ռահվիրաների 22 տոկոսը, այսինքն՝ մոտ 20 000 եղբայրներ և քույրեր, ամենաքիչը 60 տարեկան են։ Այս տարեցները մեծ ավանդ են ներդնում քարոզչական գործի մեջ։ Իրենց փորձն ու աստվածահաճո հատկությունները զարդարում են այն ժողովները, որոնց հետ նրանք համագործակցում են (Յակ. 3։17, 18)։
4 Քրիստոնեական ծառայության մեջ շարունակ զբաղված լինելը նպաստում է լավ առողջությանը և բարելավում կյանքը։ Ութսունչորսամյա մի քույր, որը թոշակի անցնելուց հետո ռահվիրայություն է սկսել, ասում է. «Հետաքրքրվող անձանց հետ Աստվածաշնչի շատ ուսումնասիրություններ անցկացնելը օգնել է ինձ մտային ակտիվ վիճակում մնալ։ Ես ավտոմեքենա չունեմ, ուստի շատ եմ քայլում, և դա ինձ օգնում է պահպանել առողջությունս»։ Ռահվիրա ծառայող մի տարեց ամուսնական զույգ էլ այսպես է արտահայտվել. «Ծառայության շնորհիվ մենք առողջ ենք թե՛ ֆիզիկական, թե՛ մտային առումներով։ Միշտ իրար հետ ենք. շատ ենք ծիծաղում և վայելում ենք կյանքը»։
5 Ծառայել այնտեղ, որտեղ քարոզիչների կարիք կա։ Որոշ թոշակի անցած քրիստոնյաներ, որոնք գտնվում են ֆինանսապես ապահովված վիճակում, տեղափոխվել են ծառայելու այն վայրերում, որտեղ Թագավորության քարոզիչների ավելի մեծ կարիք է զգացվում։ Մյուսները ընդլայնել են իրենց ծառայությունը՝ քարոզելով օտարախոս մարդկանց։ Պողոս առաքյալի պես, այս եռանդուն քարոզիչները ‘այս ամենը անում են ավետարանի համար, որ նրան կցորդ լինեն’ (Ա Կորնթ. 9։23)։
6 Իրենց երկու տղաներին մեծացնելուց հետո մի ամուսնական զույգ ռահվիրայություն էր սկսել։ Մի քանի տարի որպես ռահվիրա ծառայելուց հետո նրանք սկսել էին չինարեն սովորել։ Այժմ նրանք 70–ն անց են և վերջերս ուրախություն ապրեցին՝ տեսնելով, թե ինչպես այն չինական խումբը, որի հետ համագործակցել էին, դարձավ ժողով։ Ի՜նչ պարգևներ են նման ամուսնական զույգերը։
7 Ծառայությունից թոշակի չեն անցնում։ Մինչ շատ մարդիկ ի վերջո թոշակի են անցնում իրենց աշխատանքից, Աստծո ծառայությունից թոշակի չի անցնում ոչ մի քրիստոնյա։ Բոլորը ‘մինչև վերջ’ պետք է հավատարմորեն շարունակեն իրենց ծառայությունը (Մատթ. 24։13, 14)։ Իհարկե, տարիքն առնելու հետ մեկտեղ՝ ոմանք ի վիճակի չեն լինում Եհովայի ծառայության մեջ անելու այնքան, որքան նախկինում էին անում։ Սակայն որքա՜ն քաջալերական է տեսնել, որ նրանք ամբողջ սրտով անում են ամեն բան, ինչ կարող են։ Աստծո Խոսքը հավաստիացնում է նրանց, որ Եհովան չի մոռանա իրենց աշխատանքն ու սերը, որ ցուցաբերում են իր անվան համար (Ղուկ. 21։1–4; Եբր. 6։10)։
8 Եթե մոտենում է քո թոշակի անցնելու ժամանակը, ինչո՞ւ չաղոթես և չմտածես, թե ինչպես կարելի է լիարժեք կերպով օգտվել փոխված հանգամանքներից։ Աստծո օգնությամբ գուցե տեսնես, որ թոշակի անցնելը քեզ համար ավելի մեծ գործունեության դուռ է բաց անում, ինչը փառաբանում է Եհովային և իր հետ բերում շատ օրհնություններ (Սաղ. 148։12, 13)։