Նամակ Ավստրալիայից
«Երեկոյան խարույկի մոտ կնստեմ ու կկարդամ այն»
ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ սակավաբնակ շրջանները մեզ հիշեցնում են ընդարձակ դատարկ տարածքներ և չոր անապատներ, որտեղ շատ բարձր ջերմաստիճան է լինում։ Սակայն այս կղզում բնակվում է մոտ 180 000 մարդ՝ երկրի բնակչության մոտ մեկ տոկոսը։
Երբ ես փոքր էի, ծնողներս, որ Եհովայի վկա են, ինձ տարել էին Ավստրալիայի սակավաբնակ տարածքներ՝ քարոզելու։ Այնտեղի ընդարձակ և քարքարոտ վայրերի գեղեցկությունը հիացրել էր ինձ։ Ինձ դուր էին եկել նաև այնտեղ ապրող ամրակազմ և կենսուրախ մարդիկ։ Իսկ այսօր, երբ արդեն իմ ընտանիքն ունեմ, ցանկացա այնտեղ լինել կնոջս և երկու երեխաներիս հետ, որոնցից մեկը 10 տարեկան է, իսկ մյուսը՝ 12։
Ծրագրում ենք ճանապարհորդել
Նախ նստեցինք ու հաշվեցինք մեր ծախսը։ Որքա՞ն հեռու կկարողանայինք ճանապարհորդել։ Որքա՞ն ժամանակ կարող էինք մնալ այնտեղ։ Մեր ժողովից մի ամուսնական զույգ և երկու լիաժամ ծառայողներ ցանկացան միանալ մեզ։ Որոշեցինք մեկնել ամառային արձակուրդներին։ Այնուհետև նամակ գրեցինք Ավստրալիայի Եհովայի վկաների մասնաճյուղ, որը գտնվում է Սիդնեյում, քարոզչական տարածք ստանալու համար։ Մեզ խնդրեցին քարոզել Գունդիվինդիի մոտակայքում գտնվող մի հեռավոր տարածքում, որը փոքրիկ գյուղական քաղաք էր և գտնվում էր Բրիսբենից 400 կիլոմետր դեպի արևմուտք, որտեղ մենք պետք է ապրեինք։
Իմացանք, որ Գունդիվինդիում Եհովայի վկաների մի փոքր ժողով կա։ Սա էլ մեկ ուրիշ օրհնություն էր։ Մեր հավատակիցներին հանդիպելը ճանապարհորդության կարևոր մասերից էր։ Մենք կապ հաստատեցինք ժողովի հետ և տեղյակ պահեցինք մեր այցելության մասին։ Նրանց ուրախ արձագանքից հասկացանք, որ նրանք սպասում են մեզ։
Մեկնելուց առաջ հանդիպեցինք և քննարկեցինք, թե ինչպես պետք է սակավաբնակ տարածքներում մատուցենք Աստծու Թագավորության մասին բարի լուրը։ Մենք ցանկանում էինք հարգանք դրսևորել հատկապես աբորիգենների մշակույթի և սովորույթների հանդեպ։ Օրինակ՝ որոշ ցեղեր իրենց երկիրը համարում են իրենց ընդհանուր տունը։ Ուստի առանց հրավերի նրանց համայնք մտնելը անքաղաքավարության նշան կլիներ։
Քարոզում ենք սակավաբնակ տարածքներում
Վերջապես եկավ շատ սպասված օրը։ Մեր երկու մեքենաները լցրեցինք մթերքով, նստեցինք մեքենաները և ճանապարհ ընկանք։ Սկզբում միայն մշակված դաշտեր էինք տեսնում, բայց որքան մոտենում էինք Գունդիվինդիին, այնքան տեսարանը փոխվում էր, ամենուրեք կանաչ հարթավայրեր էին ու տեղ–տեղ էվկալիպտի ծառեր։ Ձմեռային տաք արևը փայլում էր անամպ երկնքում։ Մի քանի ժամից հասանք Գունդիվինդի և գիշերը մնացինք վարձու շարժատնակներում։
Հաջորդ օրը կիրակի էր. արևը շողում էր, և օդը թարմ էր՝ հրաշալի եղանակ քարոզելու համար։ Այստեղ ամռանը ջերմաստիճանը միշտ 40°C աստիճանից բարձր է լինում։ Առաջին վայրը, որ կանգ առանք, աբորիգենների համայնքն էր, որը գտնվում էր մոտ 30 կիլոմետր հեռու։ Մենք մոտեցանք Ջենիին՝ մի տարեց ալեխառն մազերով կնոջ, որն այդ համայնքի առաջնորդն էր։ Երբ Աստվածաշնչի վրա հիմնված մատուցում կատարեցինք, նա ուշադրությամբ լսեց մեզ և ուրախությամբ վերցրեց «Սովորիր Մեծ Ուսուցչից» գիրքըa։ Ապա թույլ տվեց մեզ մտնել համայնք և քարոզել բնիկներին։
Երեխաները վազեցին, որ հայտնեն մեր այցելության մասին։ Յուրաքանչյուր տանտիրոջ, որ հանդիպում էինք, հարգանքով լսում էր մեր պատգամը և աստվածաշնչային գրականություն վերցնում։ Շուտով մեր գրականությունը վերջացավ, բացի այդ, ժամանակն էր քաղաք վերադառնալու ժողովի հանդիպմանը ներկա գտնվելու համար։ Մեկնելուց առաջ խոստացանք նորից գալ և այցելել նրանց, ում հետ չէինք կարողացել խոսել։
Այդ օրը Թագավորության սրահը լի էր ուրախ մարդկանցով, որոնք զրուցում էին միմյանց հետ, ծանոթանում և մտերմանում։ Տեղի 25 Վկաները հավատարմորեն քարոզել են Թագավորության պատգամը մոտավորապես 11 000 հոգու, որոնք ապրում են շրջակա գյուղերում 30 000 քառակուսի կիլոմետր տարածության վրա։ «Շնորհակալ ենք ձեզ, որ ջանք եք թափել ու եկել եք մեզ օգնելու»,— ասաց մի երախտապարտ Վկա։ Աշխույժ հանդիպումից հետո բոլորս հավաքվեցինք թեթև ընթրիքի։ Այդ գիշեր քնելուց առաջ մենք կերակրեցինք տեղի օպոսումներին, որոնք թափառում էին կայանատեղում։
«Երեկոյան խարույկի մոտ»
Հաջորդ երկու օրերին մեր մեքենաներով այցելեցինք Քվինսլենդի և Նոր Հարավային Ուելսի սահմանի մոտ գտնվող տներից մի քանիսը։ Այդտեղ չոր էվկալիպտի թփեր և կանաչ հարթավայրեր կային, որտեղ ոչխարներ և այլ կենդանիներ էին արածում։ Ճանապարհին մի քանի կենգուրու տեսանք, որոնց ականջների շարժումներից երևում էր, որ նրանք լսում են մեզ։ Հեռվում տեսանք խրոխտ էմուների, որ քայլում էին ցանկապատված մի փոշոտ տարածքում։
Երեքշաբթի կեսօրին տեսանք անասունների մի մեծ հոտ, որ դանդաղ իջնում էր ճանապարհով։ Այս տարածքով վարձու հովիվները հոտերին տանում են հատկապես երաշտի ժամանակ։ Շուտով մենք մոտեցանք մի հովվի, որ իր ձիու վրա էր նստած։ Ես կանգնեցրի մեր մեքենան ճանապարհի եզրին, իջա մեքենայից և ողջունեցի նրան։ «Բարի օր»,— պատասխանեց նա։ Այս տարեց մարդը, որի կողքով քայլում էր իր շունը, այլևս ոչինչ չասաց։
Երաշտի մասին մի քանի խոսք ասելուց հետո սկսեցի խոսել բարի լուրից։ «Մանկուց ես ոչ մի բան չեմ լսել Աստվածաշնչից»,— ասաց նա։ Այդ մարդը մտածում էր, որ կրոնական առաջնորդներն են պատասխանատու բարոյական անկման համար։ Այդուհանդերձ, նա խոր հարգանք ուներ Աստվածաշնչի հանդեպ։ Սուրբ Գրությունների շուրջ հիանալի քննարկումից հետո ես նրան առաջարկեցի «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքըb։ Նա վերցրեց այն, դրեց վերնաշապիկի գրպանում և ասաց. «Եթե գրքում իրոք ասվում է, թե ինչ է Աստվածաշունչը սովորեցնում, երեկոյան խարույկի մոտ կնստեմ ու կկարդամ այն»։
Վերադառնում ենք տուն
Այդ երեկո Թագավորության սրահում մեր հոգևոր եղբայրներին ու քույրերին պատմեցինք մեզ հետ տեղի ունեցած դեպքերի մասին։ Նրանք խոստացան վերայցելել այն հետաքրքրվող անհատներին, որոնց հետ զրուցել էինք։ Ժողովի հանդիպումից հետո մեզ համար դժվար էր հրաժեշտ տալ նրանց։ Կապվածության ջերմ զգացում էր առաջացել մեր մեջ։ Բոլորս թարմություն էինք զգում հոգևոր փոխադարձ քաջալերությունից (Հռոմեացիներ 1։12)։
Հաջորդ օրը ճանապարհ ընկանք դեպի տուն։ Խորհելով մեր ճանապարհորդության մասին՝ հասկացանք, որ Եհովան առատապես օրհնել է մեր ջանքերը։ Մենք հոգևորապես թարմացած էինք։ Երբ տուն հասանք, ես հարցրի երեխաներին. «Ո՞ւր կցանկանաք գնալ հաջորդ արձակուրդին։ Լեռնե՞ր»։ «Ո՛չ, հայրիկ,— պատասխանեցին նրանք,— եկեք նորից գնանք Ավստրալիայի հեռավոր տարածքները քարոզելու»։ Իսկ կինս ավելացրեց. «Այո՛, եկեք գնանք։ Դա մեր ամենալավ արձակուրդն էր»։
[ծանոթագրություններ]
a Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
b Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։