Ճիշտ օգտագործեք ձեր հետաքրքրասիրությունը
«Մարդը մի այնպիսի էակ է, որը հակված է հարցեր տալու։ Մեր ծննդյան օրվանից՝ մենք սկսում ենք հարցեր տալ.... Կարելի է նույնիսկ ասել, որ մարդկային պատմությունը պատմություն է հարցերի և պատասխանների, որոնք մենք՝ մարդիկս, ձևակերպում ենք» (Օկտավիո Պասան, մեքսիկացի բանաստեղծ)։
ԽՈՀԱՐԱՐԻՆ ի՞նչն է մղում նոր բաղադրատոմս ստեղծել։ Ի՞նչն է մղում հետախույզին հեռավոր և վտանգավոր վայրեր ճանապարհորդել։ Ի՞նչն է մղում երեխային այդքան շատ հարցեր տալ։ Հաճախ դա հետաքրքրասիրությունն է։
Իսկ ի՞նչ կարելի է ասել ձեր մասին։ Արդյոք նոր գաղափարները կամ հրապուրիչ հարցերի պատասխաններ գտնելը շարժո՞ւմ է ձեր հետաքրքրասիրությունը։ Օրինակ՝ որտեղի՞ց է առաջացել կյանքը։ Ինչո՞ւ ենք մենք այստեղ։ Գոյություն ունի՞ արդյոք Աստված։ Մանկուց մեզնից շատերը, հետաքրքրասիրությունից մղված, այսպիսի հարցեր են տալիս և գտնում են դրանց պատասխանները։ Երբ ինչ–որ գաղափար հետաքրքիր է մեզ համար, մենք ձգտում ենք իմանալ դրա մասին այն ամենը, ինչ կարող ենք։ Այսպիսով հետաքրքրասիրությունը կարող է լավ արդյունքներ բերել։ Սակայն այն կարող է նաև խնդիրներ ստեղծել և նույնիսկ աղետալի հետևանքներ առաջացնել։
Անհրաժեշտ է լինել զգույշ և հավասարակշռված
Շատերն են հավանաբար լսել հետևյալ արտահայտությունը՝ «հետաքրքրասիրությունից այրվել»։ Անտեղի հետաքրքրասիրությունը կարող է վտանգավոր լինել։ Օրինակ՝ հետաքրքրասիրությունից մղված՝ երեխան կարող է դիպչել տաք վառարանին, ինչը կարող է աղետալի հետևանքներ ունենալ։ Սակայն մյուս կողմից հետաքրքրասեր լինելը կարող է մղել մեզ ավելի խոր գիտելիքներ ձեռք բերել և մեր հարցերի պատասխանները գտնել։ Իսկ խելամի՞տ է արդյոք իմանալ ցանկացած բան, որ հետաքրքրում է մեզ։
Իրականում կան բաներ, որոնք ցանկալի չէ իմանալ, քանի որ դրանք կարող են վտանգավոր լինել։ Պոռնկագրությամբ, ոգեհարցությամբ, աղանդներով և մոլեռանդ խմբերի ուսմունքներով հետաքրքրվելը կարող է հեշտությամբ վտանգել մեր բարօրությունը։ Այս ամենից հեռու մնալու համար լավ կլինի ընդօրինակել սաղմոսերգուին, որն իր աղոթքում ասաց. «Ետ դարձրու իմ աչքերը որ ունայն բան չ’տեսնեն» (Սաղմոս 119։37)։
Հետևաբար կարելի է ասել, որ կան բաներ, որոնք գուցե ինքնին վնասակար չեն, սակայն իրականում ունայն են և անօգուտ։ Ի՞նչ օգուտ կա, որ ամեն բան իմանանք կինոաստղերի, հռչակավոր մարդկանց անձնական կյանքի, յուրաքանչյուր սպորտային թիմի, սպորտսմենի կամ ամենավերջին սարքավորումների և նորագույն մակնիշի ավտոմեքենաների մասին։ Այս բնագավառներում «մասնագետ» լինելը շատերին որևէ օգուտ չի տալիս։
Մղիչ օրինակ
Անշուշտ, հետաքրքրասեր լինելը նաև դրական կողմեր ունի։ Քննենք 19–րդ դարի գերմանացի բնագետ և հետախույզ Ալեքսանդր Հումբոլդտի օրինակը, որի անունով Հարավային Ամերիկայի արևմտյան ափը կոչվեց «Հումբոլդտի հոսանք»։
Նա ասել է. «Վաղ պատանեկությունից ես ուժգին ցանկություն եմ ունեցել ճանապարհորդել այնպիսի հեռավոր վայրեր, որտեղ եվրոպացիները հազվադեպ են եղել»։ Ինչպես նա է ասել, այս ցանկությունն իր մեջ մեծացավ, երբ նա «հրապուրվեց այդ մտքով, որի դեմ անհնար էր պայքարել»։ 29 տարեկանում նա ճանապարհորդություն կատարեց դեպի Կենտրոնական և Հարավային Ամերիկա, որը տևեց հինգ տարի։ Իր ճանապարհորդությունների ընթացքում հավաքած տեղեկությունները նա ամբողջացրել է 30 հատորանոց մի տարեգրության մեջ։
Ամեն ինչ գրավում էր Հումբոլդտի ուշադրությունը. օվկիանոսի ջերմաստիճանը, նրանում ապրող ձկները, ճանապարհին հանդիպած բույսերը։ Նա սարեր էր բարձրանում, գետերն էր ուսումնասիրում և նավարկում էր օվկիանոսներում։ Հումբոլդտի հետազոտությունները ժամանակակից գիտության որոշ բնագավառների հիմքն են հանդիսացել։ Այս ամենը սկսեց նրա հետաքրքրասիրությունից, իսկ գիտելիքի հանդեպ անհագ ցանկությունը ուղեկցեց նրան իր ողջ կյանքում։ Ամերիկացի ակնարկագիր Ռալֆ Ուոլդո Էմերսոնը ասում է. «Հումբոլդտը այն հրաշալիքներից մեկն էր.... ով հայտնվում է ժամանակ առ ժամանակ, ասես ուզում է ցույց տալ մեզ մարդկային մտքի հնարավորությունները, ուժը և ընդունակությունները»։
Մի բնագավառ, որն արժե ուսումնասիրել
Իհարկե, մեզնից քչերը հնարավորություն ունեն դառնալ հետախույզ կամ գիտական հետազոտություններ անել։ Սակայն գոյություն ունի մի բնագավառ, որտեղ մենք կարող ենք օգտագործել մեր մտավոր ունակությունները և ունենալ ավելի մեծ վարձատրություն, քան կարող էինք ունենալ մեկ ուրիշ բնագավառում։ Հիսուս Քրիստոսը իր երկնային Հորը ուղղած աղոթքում ասաց. «Սա՛ է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուն, և Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր» (Հովհաննես 17։3)։
Ճշմարիտ Աստծու՝ Եհովայի և նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի մասին գիտելիքներ ստանալը կարող է բավարարել մեր հետաքրքրասիրությունը, ինչը չի լինի այլ տեղեկություններ ստանալու դեպքում։ Վերհիշեք կյանքի վերաբերյալ այն հարցերը, որոնք նշված են հոդվածի սկզբում։ Այլ կարևոր հարցերից են՝ ինչո՞ւ այսքան շատ տառապանք կա աշխարհում, կարո՞ղ են մարդիկ ավերել, նույնիսկ կործանել երկիրը կամ ի՞նչ կանի Աստված, որպեսզի մարդկությունը այս ձևով չկործանվի։ Այս հարցերի պատասխանները գտնելը կարող է ոչ միայն բավարարել մեր հետաքրքրասիրությունը, այլև մեծ օրհնություններ բերել։ Ինչպես Հիսուսը նշեց, «սա՛ է հավիտենական կյանքը»։ Ինչո՞ւ կարող ենք դրանում վստահ լինել։
Աստվածաշունչը Աստծու ներշնչյալ Խոսքն է։ Այդ մասին Պողոս առաքյալը գրեց. «Ամբողջ Գրությունը ներշնչված է Աստծուց և օգտակար է սովորեցնելու, հանդիմանելու, ուղղելու, արդարության մեջ խրատելու համար, որպեսզի Աստծու մարդը լիովին իրազեկ լինի, ամբողջովին պատրաստված՝ ցանկացած բարի գործի համար» (2 Տիմոթեոս 3։16, 17)։
Մի պահ մտածեք՝ առաքյալն ասաց, որ Աստվածաշունչը պարունակում է գիտելիքներ, որոնք կարող են հնարավորություն տալ մեզ անելու ցանկացած բան, որ բարի է։ Այդ գիտելիքները կարող են օգնել մեզ իրերին նայել Աստծու տեսանկյունից։ Իրականում մենք գիտենք, որ Աստծու գիտությունը և իմաստությունը գերազանցում է ցանկացած միտք։ Եսայիա մարգարեն Աստծու կողմից ներշնչված գրի է առել այս խորիմաստ միտքը. «Իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, եւ ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն, ասում է Տէրը. Այլ ինչպէս որ բարձր է երկինքը երկրից, նոյնպէս էլ բարձր են իմ ճանապարհները ձեր ճանապարհներիցը եւ իմ խորհուրդները ձեր խորհուրդներիցը» (Եսայիա 55։8, 9)։
Կցանկանայի՞ք իմանալ Աստծու բարձր ճանապարհների և մտքերի մասին։ Արդյո՞ք հետաքրքրասիրությունը մղում է ձեզ իմանալու, թե ինչ է Աստծու Խոսքը՝ Աստվածաշունչը, ասում Եհովայի ճանապարհների և մտքերի մասին։ Ցանկանո՞ւմ եք իմանալ, թե ինչ է Աստված անելու, որպեսզի վերջ դնի տառապանքին, և թե ինչ օրհնություններ է տալու հավատարիմ մարդկանց։ Աստվածաշունչը հորդորում է ձեզ. «Ճաշակեցէք եւ տեսէք, որ Տէրը քաղցր է. երանելի՜ է այն մարդը՝ որ յուսացած է նորան» (Սաղմոս 34։8)։
Աստծու Խոսքի զորեղ ճշմարտությունները կարող են այնպիսի ազդեցություն թողնել անկեղծ սիրտ ունեցող մարդկանց վրա, ինչպիսին որ լույսն է թողնում նրա վրա, ով առաջին անգամ տեսնում է այն։ Պողոս առաքյալն ասաց. «Օ՜, Աստծու հարստության, իմաստության և գիտության խորություն։ Որքա՜ն անըմբռնելի են նրա դատաստանները, և անզննելի՝ նրա ճանապարհները» (Հռոմեացիներ 11։33)։ Ճշմարտությունն այն է, որ հավիտենությունն էլ բավական չի լինի Աստծու գիտության և իմաստության խորությունը հասկանալու համար։ Մեր առջև բացված է ցնցող մի հեռանկար, երբ մենք այլևս չենք ձանձրանա և շարունակ նորանոր հայտնագործություններ կանենք։
Ձեր հետաքրքրասիրությունը կենդանի՛ պահեք
Ճիշտ է, մեզնից շատերը երբեք չեն դառնա նշանավոր հետախույզ կամ գյուտարար։ Եվ հավանաբար մեր կյանքի ընթացքում երբեք չենք հասկանա ամեն բան, որ կցանկանայինք հասկանալ։ Այդուհանդերձ, թույլ մի տվեք, որ ձեր հետաքրքրասիրությունը մարի։ Կենդանի պահեք գիտելիքներ ստանալու այդ հակումը, որ Աստված դրել է ձեր մեջ։
Ճիշտ օգտագործեք Աստծուց ստացած այս հրաշալի պարգևը և ճշգրիտ հասկացողություն ձեռք բերեք Աստծու ներշնչյալ Խոսքի՝ Աստվածաշնչի մասին։ Այդպես վարվելով՝ դուք ուրախություն կստանաք ու կյանքի իմաստը կգտնեք հիմա և հավիտյան։ Աստվածաշունչն ասում է. «Նա ամեն բան արել է վայելուչ իր ժամանակին, նաեւ յաւիտենականութիւնը դրել է նորանց սրտումը. բայց այնպէս որ մարդս չէ կարող ըմբռնել Աստուծոյ արած գործքը գլխիցը մինչեւ ծայրը» (Ժողովող 3։11)։
[Շրջանակ/նկարներ 21–րդ էջի վրա]
Գիտեի՞ք արդյոք
• որ նախքան Կոլումբուսը և Մագելանը կհայտնաբերեին, թե ինչպիսի ձև ունի երկրագունդը, Աստվածաշնչում դարեր առաջ արդեն գրվել էր, որ այն ոչ թե հարթ է, այլ գնդաձև (Եսայիա 40։22)։
• որ նախքան տիեզերագնացները կկարողանային տեսնել՝ երկիրը դատարկ տարածության մեջ կախված, շատ վաղուց Աստվածաշնչում գրի էր առնվել, որ այն կախված է ոչնչից (Յոբ 26։7)։
• որ նախքան անգլիացի բժիշկ Ուիլյամ Հարվեյը կհայտնաբերեր մարդու մարմնի շրջանառության համակարգը, առնվազն 2500 տարի առաջ Աստվածաշնչում սիրտը նկարագրվել է որպես կյանքի աղբյուր (Առակաց 4։23)։
• որ մոտավորապես 3000 տարի առաջ Աստվածաշնչում պարզ բառերով նկարագրված է եղել երկրագնդի ջրի շրջանառությունը որպես էկոհամակարգի մի մաս, որի շնորհիվ երկրի վրա կյանք գոյություն ունի (Ժողովող 1։7)։
Մի՞թե զարմանալի չէ, որ գիտական այս փաստերը նշված են եղել Աստվածաշնչում նախքան մարդկանց կողմից դրանք հայտնաբերելը։ Իրականում այս գիրքը կենսական տեղեկությունների մի անգին հավաքածու է, որը դուք կարող եք բացահայտել ձեզ համար։
[նկար 19–րդ էջի վրա]
Ալեքսանդր Հումբոլդտ